‘Ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարիր’
«Ջանք արա որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստուծոյ առաջին իբր մի մշակ առանց ամօթի, որ ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարես» (Բ ՏԻՄՈԹԷՈՍ 2։15)։
1, 2. ա) Ինչո՞ւ արհեստավորը կարիք ունի գործիքների։ բ) Ի՞նչ աշխատանք են անում քրիստոնյաները, և ինչպե՞ս են նրանք ցույց տալիս, որ նախևառաջ փնտրում են Թագավորությունը։
ԱՐՀԵՍՏԱՎՈՐՆ իր գործն անելու համար գործիքների կարիք ունի։ Սակայն պարզապես ինչ–որ գործիք ունենալը բավական չէ։ Նա պետք է ունենա անհրաժեշտ գործիքը, ընդ որում այն պետք է օգտագործի ճիշտ ձևով։ Ենթադրենք՝ տնակ ես կառուցում և ուզում ես երկու տախտակներ իրար ամրացնել։ Միայն մուրճ և մեխ ունենալը բավական չէ։ Դու պետք է իմանաս, թե ինչպես մեխին հարվածել, որ առանց ծռվելու խրվի փայտի մեջ։ Եթե չգիտես, թե ինչպես մուրճը գործածել, դա անելը շատ դժվար կլինի, և նույնիսկ հնարավոր է հուսահատության մեջ ընկնես։ Բայց եթե գիտես, թե ինչպես օգտվել գործիքից, ապա կկարողանաս քո ուզած գործը հաջողությամբ անել։
2 Մենք քրիստոնյաներ ենք և անելու գործ ունենք։ Այդ գործը հսկայական կարևորություն ունի։ Հիսուս Քրիստոսն իր հետևորդներին հորդորեց «առաջ Աստուծոյ արքայությիւնը» փնտրել (Մատթէոս 6։33)։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Եղանակներից մեկը Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործում եռանդուն լինելն է։ Մյուսը Աստծո Խոսքը մեր ծառայության հիմքում դնելն է։ Երրորդը լավ վարքն է (Մատթէոս 24։14; 28։19, 20; Գործք 8։25; Ա Պետրոս 2։12)։ Քրիստոնեական աշխատանքն արդյունավետ կերպով անելու և այդ գործից ուրախություն ստանալու համար մենք կարիք ունենք համապատասխան գործիքների, ինչպես նաև գիտելիքների, որոնք կօգնեն մեզ դրանք գործածել ճիշտ ձևով։ Այս առումով Պողոս առաքյալը քրիստոնյա մշակի ուշագրավ օրինակ թողեց և քաջալերեց իր հավատակիցներին ընդօրինակել իրեն (Ա Կորնթացիս 11։1; 15։10)։ Ուրեմն ի՞նչ կարող ենք սովորել Պողոսից՝ մեր գործակցից։
Պողոսը՝ Թագավորության եռանդուն քարոզիչ
3. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Պողոս առաքյալը Թագավորության եռանդուն մշակ էր։
3 Ինչպիսի՞ մշակ էր Պողոսը։ Անկասկած, նա եռանդուն էր։ Պողոսը ջանք չէր խնայում՝ բարի լուրը տարածելու Միջերկրական ծովի լայնարձակ տարածքներում։ Բացատրելով, թե ինչու է այդպես խանդավառ ձևով քարոզում Աստծո Թագավորությունը՝ այս անխոնջ առաքյալն ասաց. «Եթէ աւետարանը քարոզեմ, դա ինձ պարծանք չէ. որովհետեւ դա հարկ է դրուած ինձ վերայ. եւ վայ է ինձ, եթէ աւետարանը չ’քարոզեմ» (Ա Կորնթացիս 9։16)։ Արդյո՞ք Պողոսին հետաքրքրում էր միայն իր փրկությունը։ Ոչ։ Նա եսասեր չէր։ Ընդհակառակը՝ նա ուզում էր, որ ուրիշներն էլ օգուտ քաղեին բարի լուրից։ Պողոսը գրեց. «Ամենին ամեն բան եղայ, որ ինչ եւ իցէ մի քանիսին ապրեցնեմ» (Ա Կորնթացիս 9։22)։
4. Ո՞ր «գործիքն» են քրիստոնյա մշակները ամենից շատ գնահատում։
4 Պողոս առաքյալը համեստ մշակ էր։ Նա գիտակցում էր, որ չէր կարող հույսը դնել միայն իր հմտության վրա։ Ինչպես ատաղձագործին մուրճ է հարկավոր, այնպես էլ Պողոսին հարկավոր էր համապատասխան «գործիք»՝ Աստծո ճշմարտությունն իր ունկնդիրների սրտում դրոշմելու համար։ Գլխավորապես ի՞նչ էր նա օգտագործում։ Աստծո Խոսքը՝ Սուրբ Գրությունները։ Մեզ համար նույնպես Աստվածաշունչն այն հիմնական «գործիքն» է, որի միջոցով կարող ենք աշակերտներ պատրաստել։
5. Արդյունավետ ծառայողներ լինելու համար, բացի սուրբգրային մեջբերումներ կատարելուց, ուրիշ ի՞նչ պետք է անենք։
5 Պողոսը գիտեր, որ Աստծո Խոսքը ճիշտ ‘մատակարարելու’ համար բավական չէ միայն սուրբգրային մեջբերումներ անելը։ Նա նաև «համոզում էր» (Գործք 28։23)։ Ինչպե՞ս։ Պողոսը, հաջողությամբ կիրառելով Աստծո գրավոր Խոսքը, շատերին համոզեց, որ ընդունեն ճշմարտությունը Թագավորության մասին։ Նա տրամաբանում էր նրանց հետ։ Երեք ամիս Պողոսը Եփեսոսի ժողովարանում «խօսում էր, եւ Աստուծոյ արքայութեան մասին համոզում»։ Թեև «մի քանիսը յամառում էին եւ ընդդիմանում», ուրիշները լսում էին նրան։ Եփեսոսում Պողոսի ծառայության արդյունքն այն էր, որ «Տիրոջ խօսքը աճում էր եւ զօրանում» (Գործք 19։8, 9, 20)։
6, 7. Ինչպե՞ս Պողոսը փառավորեց իր ծառայությունը, և ինչպե՞ս կարող ենք նույնը մենք անել։
6 Որպես Թագավորության եռանդուն քարոզիչ՝ Պողոսն իր ծառայությունը փառավորում էր (Հռովմայեցիս 11։13)։ Ինչպե՞ս։ Նա չէր ձգտում բարձր դիրքի, ոչ էլ ամաչում էր, որ հայտնի է որպես Աստծո գործակիցներից մեկը։ Ո՛չ, նա իր ծառայությունը մեծագույն պատիվ էր համարում։ Պողոսն Աստծո Խոսքը ‘մատակարարում’ էր հմտորեն ու արդյունավետությամբ։ Իր բեղմնավոր գործունեությամբ նա խթանեց ուրիշներին, որ իրենց ծառայությունը լիարժեքորեն կատարեն։ Այս ձևով նույնպես նա փառավորեց իր ծառայությունը։
7 Մենք էլ Պողոսի պես կարող ենք փառավորել մեր ծառայությունը՝ հաճախակի և արդյունավետորեն օգտագործելով Աստծո Խոսքը։ Քարոզչության բոլոր ձևերում մեր նպատակը պետք է լինի որևէ սուրբգրային միտք հաղորդելը հնարավորին չափ շատ մարդկանց։ Ինչպե՞ս կարող ենք սա անել համոզիչ կերպով։ Ահա երեք կարևոր միջոց. 1) անհատի ուշադրությունը հրավիրենք Աստծո Խոսքի վրա այնպես, որ նրա մեջ հարգանք առաջանա դեպի Աստվածաշունչը, 2) նրբանկատորեն բացատրենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը, և ցույց տանք, թե ինչպես կիրառել նրա խորհուրդը, 3) Գրություններից տրամաբանենք համոզիչ կերպով։
8. Թագավորության քարոզչության գործը կատարելու համար ի՞նչ «գործիքներ» ունենք ներկայումս, և ինչպե՞ս ես դու այն օգտագործում։
8 Թագավորության ներկայիս քարոզիչներն իրենց ձեռքի տակ ունեն «գործիքներ», որոնք չուներ Պողոսն իր օրերում։ Դրանք են՝ գրքեր, պարբերագրեր, գրքույկներ, տեղեկատու թերթիկներ, թերթիկներ, ձայներիզներ ու տեսաերիզներ։ Անցած հարյուրամյակում օգտագործվում էին նաև վկայության քարտեր, ձայնափողով ավտոմեքենաներ և ռադիոհաղորդումներ։ Անշուշտ, մեր գլխավոր «գործիքը» Աստվածաշունչն է, և մենք պետք է լավ ու ճիշտ ձևով օգտագործենք այս անփոխարինելի միջոցը։
Մեր քարոզչությունը պետք է հիմնված լինի Աստծո Խոսքի վրա
9, 10. Աստծո Խոսքն օգտագործելու վերաբերյալ ի՞նչ կարող ենք սովորել Պողոսի՝ Տիմոթեոսին տված խորհրդից։
9 Ինչպե՞ս կարող ենք Աստծո Խոսքն արդյունավետ ձևով օգտագործել։ Մենք կարող ենք դա անել, եթե հետևենք Պողոսի խոսքերին, որոնք նա ասաց իր գործընկեր Տիմոթեոսին. «Ջանք արա որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստուծոյ առաջին իբր մի մշակ առանց ամօթի, որ ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարես» (Բ Տիմոթէոս 2։15)։ Ի՞նչ է պահանջվում «ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարե[լու]» համար։
10 ‘Ուղիղ մատակարարել’ թարգմանված հունարեն բառը բառացի նշանակում է «ուղիղ կտրել», «ճիշտ ուղղությամբ ճանապարհ բացել»։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում այս արտահայտությունն օգտագործված է միայն այս համարում, որտեղ Պողոսը հորդոր էր տալիս Տիմոթեոսին։ Նույն բառը կարելի էր օգտագործել նաև հողը ուղիղ ակոսելու հետ կապված։ Հմուտ հողագործին անշուշտ դուր չէր գա, եթե իր արած ակոսը ծուռ լիներ։ Որպեսզի Տիմոթեոսը լիներ «մի մշակ առանց ամօթի [«մի մշակ, որ.... ամաչելու բան չունի», ԱՆԹ]», նրան հիշեցում տրվեց, որ թույլ չտա որևէ շեղում Աստծո Խոսքի ճշմարիտ ուսուցումներից։ Տիմոթեոսը չպետք է թույլ տար, որ իր սեփական կարծիքը ազդեցություն գործեր իր ուսուցման վրա։ Նա պետք է իր քարոզչությունն ու ուսուցումը լիովին կենտրոնացներ Գրությունների վրա (Բ Տիմոթէոս 4։2–4)։ Այս ամենը կնպաստեր, որ ազնվասիրտ մարդիկ որդեգրեին Եհովայի հայացքները և ոչ թե աշխարհիկ փիլիսոփայությունը (Կողոսացիս 2։4, 8)։ Նույնը կարելի է ասել մեր օրերի համար։
Մենք պետք է լավ վարք ունենանք
11, 12. Ի՞նչ ազդեցություն է թողնում մեր վարքը այն բանի վրա, թե ինչպես ‘կմատակարարենք’ Աստծո Խոսքը։
11 Մենք պետք է ավելին անենք, քան Աստծո Խոսքի ճշմարտությունները ուղիղ մատակարարելն է։ Մեր վարքը պետք է համապատասխանի Աստծո Խոսքին։ «Մենք Աստուծոյ գործակիցներ ենք», ուստի չպետք է լինենք կեղծավոր մշակներ (Ա Կորնթացիս 3։9)։ Աստվածաշունչն ասում է. «Արդ դու՝ որ ուրիշին սովորեցնում ես, քո անձին չե՞ս սովորեցնում. դու որ քարոզում ես չ’գողանալ, գողանո՞ւմ ես։ Որ ասում ես շնութիւն չ’գործել՝ շնութիւ՞ն ես գործում. դու՝ որ կուռքերիցը գարշում ես՝ սրբապղծութի՞ւն ես անում» (Հռովմայեցիս 2։21, 22)։ Քանի որ մենք Աստծո ժամանակակից մշակներ ենք, հետևաբար պետք է ականջ դնենք հետևյալ հորդորին, որը նրա Խոսքն ուղիղ մատակարարելու մի ձև է. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3։5, 6)։
12 Ի՞նչ արդյունքներ կարող ենք ակնկալել, եթե Աստծո Խոսքն ուղիղ մատակարարենք։ Քննարկենք, թե ինչ ազդեցություն կարող է թողնել Աստծո գրավոր Խոսքը ազնվասիրտ անհատների վրա։
Աստծո Խոսքը զորություն ունի փոխելու մարդուն
13. Ի՞նչ արդյունքներ կարող են լինել, եթե անհատը Աստծո Խոսքը կիրառի կյանքում։
13 Երբ մարդիկ լրջորեն են վերաբերվում Աստծո Խոսքին, նրա պատգամը զորություն է ստանում՝ օգնելով նրանց նշանակալից փոփոխություններ անելու կյանքում։ Պողոսը տեսել էր դա և հաստատել էր, որ հին Թեսաղոնիկեում որոշ մարդիկ Աստծո Խոսքի բարերար ներգործությամբ դարձել էին քրիստոնյաներ։ Ուստի նա ասաց նրանց. «Մենք անպակաս գոհանում ենք Աստուածանից, որ դուք Աստուծոյ քարոզութեան խօսքը մեզանից առած ընդունեցիք, ոչ թէ իբր մարդկանց խօսք, այլ ինչպէս որ ճշմարիտ է՝ Աստուծոյ խօսք. որ եւ ներգործում է ձեզ հաւատացեալներումդ» (Ա Թեսաղոնիկեցիս 2։13)։ Այդ քրիստոնյաների և, ինչ խոսք, Քրիստոսի բոլոր ճշմարիտ հետևորդների համար մարդկային չնչին տրամաբանությունը չէր կարող համեմատվել Աստծո գերազանց իմաստության հետ (Եսայիա 55։9)։ Թեսաղոնիկեցիները, «խօսքն ընդունելով շատ նեղութեան մէջ Սուրբ Հոգու ուրախութիւնովը», օրինակ եղան մյուս հավատացյալներին (Ա Թեսաղոնիկեցիս 1։5–7)։
14, 15. Որքանո՞վ է զորավոր Աստծո Խոսքից բխող պատգամը և ինչո՞ւ։
14 Աստծո Խոսքը զորավոր է, ճիշտ ինչպես և նրա Աղբյուրը՝ Եհովան։ Այն ծագում է «կենդանի Աստուածանից». մեկից, որի խոսքով «երկինքն ստեղծուեցաւ», և այդ խոսքը միշտ ‘հաջողվում է նրանում, ինչի համար որ ուղարկվել է’ (Եբրայեցիս 3։12; Սաղմոս 33։6; Եսայիա 55։11)։ Մի աստվածաշնչագետ մեկնաբանում է. «Աստված իրեն չի մեկուսացրել իր Խոսքից։ Նա չի հրաժարվում նրանից, կարծես թե այն մի օտար բան է իր համար։ ....Ուստի այն երբեք մեռած չէ, անզգա՝ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է իր հետ, քանզի անխզելիորեն կապված է կենդանի Աստծո հետ»։
15 Որքանո՞վ է զորավոր Աստծո Խոսքից բխող պատգամը։ Այն վիթխարի զորություն ունի։ Պատահական չէ, որ Պողոսը գրեց. «Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները» (Եբրայեցիս 4։12)։
16. Ի՞նչ աստիճանի կարող է Աստծո Խոսքը փոխել անհատին։
16 Աստծո գրավոր Խոսքի պատգամը «ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է»։ Հետևաբար նրա թափանցող զորությունն այնքան մեծ է, որ նրա հետ չի կարող համեմատվել մարդու ստեղծած և ոչ մի սարք կամ գործիք։ Աստծո Խոսքը թափանցում է անհատի սրտի ամենախոր անկյունները և կարող է ներքուստ փոխել նրան՝ ազդելով նրա մտածելակերպի, ինչպես նաև այն բանի վրա, թե ինչ է նա սիրում, ու կարող է դարձնել նրան Աստծուն հաճելի մշակ։ Ի՜նչ զորավոր գործիք։
17. Բացատրեք, թե ինչ զորություն ունի Աստծո Խոսքը ներքնապես փոխելու մարդուն։
17 Անկախ այն բանից, թե անհատն ինչ է մտածում իր մասին կամ ինչ է թույլ տալիս, որ ուրիշները տեսնեն իր մեջ՝ Աստծո Խոսքը պարզ ցույց է տալիս, թե տվյալ անհատն իրականում ինչ անձնավորություն է (Ա Թագաւորաց 16։7)։ Նույնիսկ ամբարիշտ մարդը երբեմն կարող է իր ներքին էությունը թաքցնել բարյացակամության ու բարեպաշտության քողի տակ։ Չարերն իրենց ստոր նպատակներն իրագործելու համար անկեղծության դիմակն են հագնում։ Գոռոզ անձինք հագնում են խոնարհության դիմակը՝ ցանկանալով հիացական խոսքեր լսել իրենց հասցեին։ Սակայն Աստծո Խոսքը կարող է բացահայտել անհատի իրական մղումները։ Այն զորություն ունի խոնարհ անհատին մղելու հանել իր վրայից հին անձնավորությունը և «նոր մարդին հագնէ[լ]՝ որ Աստուծոյ պատկերին պէս ստեղծուած է՝ ճշմարտութեան արդարութիւնովը եւ սրբութիւնովը» (Եփեսացիս 4։22–24)։ Սուրբգրային ուսուցումները նաև կարող են ամաչկոտ անհատին դարձնել համարձակ Եհովայի վկա ու Թագավորության եռանդուն քարոզիչ (Երեմիա 1։6–9)։
18, 19. Հիմնվելով այս պարբերությունների կամ քարոզչական ծառայության ժամանակ պատահած դեպքերի վրա՝ ցույց տվեք, թե ինչպես սուրբգրային ճշմարտությունը կարող է փոխել անհատի մտայնությունը։
18 Աստծո Խոսքի զորությունը ամենուրեք բարերար ազդեցություն է թողնում մարդկանց վրա։ Ահա մի օրինակ։ Պնոմպեն քաղաքում (Կամբոջա) ապրող Թագավորության քարոզիչները ամիսը երկու անգամ գնում էին Կամպոնգտյամ նահանգ՝ քարոզելու։ Տեղի կին քահանան, լսելով, թե մյուս հոգևորականներն ինչպես են խոսում Եհովայի վկաների դեմ, վճռեց հանդիպել Վկաների հետ, երբ նրանք նահանգ գային հաջորդ անգամ։ Նա իրար ետևից հարցեր էր տալիս տոներ նշելու վերաբերյալ և ուշադիր լսում էր, երբ նրանք Գրությունների հիման վրա պատասխաններ էին տալիս։ Հետո նա բացականչեց. «Հիմա գիտեմ, որ ձեր մասին մեր քահանաների ասածները ճիշտ չեն։ Նրանք պնդում էին, թե դուք Աստվածաշունչ չեք օգտագործում, բայց այս ամբողջ առավոտ դուք միայն դա եք անում»։
19 Այս կինը շարունակեց իր սուրբգրային քննարկումները Վկաների հետ և չվախեցավ, երբ իրեն սպառնացին հեռացնել քահանայի պաշտոնից։ Նա այդ քննարկումների մասին պատմեց իր ընկերուհուն, որը հետագայում սկսեց Վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այդ ընկերուհին այնքան էր տպավորված իր նոր գիտելիքներով, որ իր հաճախած եկեղեցու արարողություններից մեկի ժամանակ ասաց. «Մի՛ հապաղեք։ Սկսե՛ք Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ»։ Շուտով նախկին քահանան և ուրիշներ նույնպես սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։
20. Գանացի կնոջ դեպքն ինչպե՞ս է ցույց տալիս Աստծո Խոսքի զորությունը։
20 Աստծո Խոսքի զորությունը երևում է նաև Պաուլինա անունով մի կնոջ դեպքից (Գանա)։ Թագավորության մի լիաժամ քարոզչուհի Աստվածաշնչի ուսումնասիրություն էր անցկացնում նրա հետ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքով։a Պաուլինայի ամուսինը բազմակին էր։ Պաուլինան հասկացավ, որ պետք է փոփոխություններ անի իր կյանքում, սակայն ամուսինն ու բոլոր հարազատները կտրականապես դեմ էին։ Նրա պապը, որ բարձրագույն ատյանի դատավոր էր և եկեղեցու երեց, փորձեց նրան տարհամոզել՝ Մատթէոս 19։4–6-ը սխալ մեկնաբանելով։ Դատավորի խոսքերը հիմնավոր էին հնչում, սակայն Պաուլինան արագորեն հասկացավ, որ նրա ասածները նման են այն բանին, թե ինչպես Սատանան աղավաղեց սուրբգրային խոսքերի իմաստը, երբ Հիսուսին փորձում էր (Մատթէոս 4։5–7)։ Նա հիշեց Հիսուսի հստակ խոսքերը ամուսնության վերաբերյալ, այն, որ Աստված առաջին մարդկանց որպես տղամարդ և կին ստեղծեց ու ոչ թե տղամարդ և կանայք, և որ երկուսն են մեկ մարմին դառնում ու ոչ թե երեքը։ Պաուլինան կառչած մնաց իր որոշմանը և ի վերջո հասավ իր նպատակին՝ իր բազմակին ամուսնուց ամուսնալուծվեց՝ համաձայն տեղի սովորություններով ընդունված կարգի։ Շուտով նա ուրախություն ապրեց. մկրտվեց ու դարձավ Թագավորության քարոզիչ։
Շարունակիր ուղիղ մատակարարել Աստծո Խոսքը
21, 22. ա) Որպես Թագավորության քարոզիչներ՝ ո՞ր հարցում ենք ուզում վճռականություն հանդես բերել։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
21 Աստծո գրավոր Խոսքն իսկապես զորավոր գործիք է, որն օգտագործելով՝ կարող ենք օգնել մարդկանց փոփոխություններ մտցնել իրենց կյանքում ու այդպիսով մոտենալ Եհովային (Յակոբոս 4։8)։ Ճիշտ ինչպես հմուտ արհեստավորն է օգտվում գործիքներից՝ գոհացուցիչ արդյունքների հասնելու համար, այնպես էլ մենք՝ որպես Թագավորության քարոզիչներ, եկեք վճռենք անխոնջ ջանքեր գործադրել, որ Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, հմտորեն օգտագործենք մեր աստվածատուր գործում։
22 Ինչպե՞ս կարող ենք Աստծո Խոսքը ավելի արդյունավետ ‘մատակարարել’ աշակերտներ պատրաստելու գործում։ Ձևերից մեկն այն է, որ զարգացնենք մեր ունակությունները՝ լինելու ուսուցիչներ, որոնց խոսքը համոզիչ է։ Հաճեցեք կարդալ հաջորդ հոդվածը, քանի որ այնտեղ բացատրվում է, թե ինչպես ուսուցանել և մարդկանց օգնել ընդունելու Թագավորության պատգամը։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ «գործիքներ» են մատչելի Թագավորության քարոզիչներին։
• Ո՞ր հարցերում էր Պողոսը Թագավորության եռանդուն քարոզչի օրինակ հանդիսանում։
• Ի՞նչ է մտնում Աստծո Խոսքը ճիշտ ձևով մատակարարելու մեջ։
• Որքանո՞վ է զորավոր Եհովայի գրավոր Խոսքը։
[նկարներ 10–րդ էջի վրա]
«Գործիքներից» մի քանիսը, որոնք քրիստոնյաներն օգտագործում են Թագավորության քարոզչության գործում