Քարոզիր աշակերտներ պատրաստելու նպատակով
«Երբոր Ակիւղասն ու Պրիսկիղան.... լսեցին [Ապողոսին], նորան իրանց մօտ առան, եւ էլ աւելի ստոյգ Աստուծոյ ճանապարհը բացատրեցին նորան» (ԳՈՐԾՔ 18։26)։
1. Թեև Ապողոսը ‘հոգով վառվում’ էր, ինչի՞ կարիք նա ուներ։
ՊՐԻՍԿԻՂԱՆ և Ակյուղասը՝ առաջին դարում ապրած քրիստոնյա ամուսիններ, տեսան, թե ինչպես է Ապողոսը ելույթ ունենում Եփեսոս քաղաքի ժողովարանում։ Իր պերճախոսության ու համոզչականության շնորհիվ Ապողոսը գրավել էր ունկնդիրների ուշադրությունը։ Նա «հոգով վառուած՝ [Հիսուսի] համար խօսում էր՝ եւ ստոյգ սովորեցնում էր»։ Սակայն ակնհայտ էր, որ Ապողոսը «միայն Յովհաննէսի մկրտութիւնը գիտէր»։ Այն, ինչ նա քարոզում էր Քրիստոսի մասին, ճիշտ էր։ Բայց խնդիրն այն էր, որ նա սահմանափակ գիտելիքներ ուներ։ Ապողոսը կարիք ուներ ավելացնելու իր գիտելիքները Եհովայի նպատակի մեջ Հիսուսի ունեցած դերի մասին (Գործք 18։24–26)։
2. Ի՞նչ դժվար գործ ստանձնեցին Պրիսկիղան և Ակյուղասը։
2 Պրիսկիղան և Ակյուղասը առանց տատանվելու շտապեցին օգնել Ապողոսին դառնալու մեկը, որը կարող էր կատարել «ամեն ինչ», որ Քրիստոսը պատվիրել էր (Մատթէոս 28։19, 20)։ Աստվածաշնչում ասվում է, որ նրանք Ապողոսին «իրանց մօտ առան, եւ էլ աւելի ստոյգ Աստուծոյ ճանապարհը բացատրեցին նորան»։ Այնուամենայնիվ, որոշ քրիստոնյաներ թերևս դժվարությամբ համաձայնվեին ուսուցանել Ապողոսին՝ ելնելով նրա մասին եղած տեղեկություններից։ Իսկ ի՞նչ տեղեկություններ։ Եվ ի՞նչ կարող ենք սովորել Պրիսկիղայից և Ակյուղասից, որոնք ջանքեր գործադրեցին քննարկելու համար Գրությունները Ապողոսի հետ։ Այս պատմական դեպքի մասին արձանագրությունը ինչպե՞ս կարող է օգնել մեզ մեր ուշադրությունը կենտրոնացնելու Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ սկսելու վրա։
Ուշադրություն դարձրու մարդկանց կարիքներին
3. Այն, թե ինչ ծագում ուներ Ապողոսը, ինչո՞ւ ետ չպահեց Պրիսկիղային և Ակյուղասին նրան ուսուցանելուց։
3 Ապողոսը հրեական ծագում ուներ և ամենայն հավանականությամբ մեծացել էր Ալեքսանդրիա քաղաքում։ Այն ժամանակ Ալեքսանդրիան Եգիպտոսի մայրաքաղաքն էր և բարձրագույն կրթության կենտրոն էր։ Այն հայտնի էր իր հարուստ գրադարանով։ Քաղաքում մեծ թվով հրեաներ էին ապրում, և նրանց մեջ կային գիտնականներ։ Այստեղ է արվել Եբրայերեն Գրությունների հունարեն թարգմանությունը, որը հայտնի է «Յոթանասնից» անվանումով։ Զարմանալի չէ, որ Ապողոսը «զօրաւոր էր Գրքերովը»։ Ակյուղասն ու Պրիսկիղան վրանագործներ էին։ Արդյո՞ք Ապողոսի պերճախոսությունը ընկճեց նրանց։ Ո՛չ։ Նրանք մտածեցին այդ մարդու, նրա կարիքների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարող էին օգնել նրան։
4. Որտե՞ղ և ինչպե՞ս Ապողոսը ստացավ անհրաժեշտ օգնությունը։
4 Անկախ նրանից, թե որքան պերճախոս էր Ապողոսը, նա ուսուցանվելու կարիք ուներ։ Անհրաժեշտ օգնությունը նա ստացավ ոչ թե որևէ համալսարանում, այլ քրիստոնեական ժողովի անդամների մոտ։ Ապողոսը շուտով օգուտներ էր քաղելու այդ գիտելիքներից, որոնց շնորհիվ ավելի ճշգրիտ հասկացողություն էր ձեռք բերելու Աստծո տված փրկության միջոցի մասին։ Պրիսկիղան և Ակյուղասը «նորան իրանց մօտ առան, եւ էլ աւելի ստոյգ Աստուծոյ ճանապարհը բացատրեցին նորան»։
5. Ի՞նչ կարող ես ասել Պրիսկիղայի և Ակյուղասի հոգևոր վիճակի մասին։
5 Պրիսկիղան և Ակյուղասը հոգևորապես ամուր անհատներ էին և հավատի մեջ արմատավորված։ Շատ հավանական է, որ նրանք ‘միշտ պատրաստ էին պատասխան տալու ամենին, ով իրենց մեջ եղած հույսի համար պատճառ հարցներ’՝ լիներ այդ մարդը հարուստ, աղքատ, գիտնական թե ստրուկ (Ա Պետրոս 3։15)։ Ակյուղասն ու իր կինը կարողանում էին «ճշմարտութեան խօսքը ուղիղ մատակարարե[լ]» (Բ Տիմոթէոս 2։15)։ Ակնհայտ է, որ նրանք լրջորեն ուսումնասիրում էին Գրությունները։ Ապողոսի վրա մեծ տպավորություն էր թողել նրանց տված ուսուցումը, որ հիմնված էր ‘Աստծո խոսքի վրա, որը կենդանի է ու զորավոր’ և սրտին հասնող (Եբրայեցիս 4։12)։
6. Որտեղի՞ց գիտենք, որ Ապողոսը գնահատեց իր ստացած օգնությունը։
6 Ապողոսը բարձր գնահատեց իր ուսուցիչների օրինակը և էլ ավելի հմտացավ աշակերտ պատրաստելու գործում։ Նա իր գիտելիքներն արդյունավետորեն օգտագործեց բարի լուրը հռչակելու մեջ, հատկապես հրեաների շրջանում։ Ապողոսը շատ օգտակար եղավ Քրիստոսի մասին հրեաներին համոզելու հարցում։ ‘Գրքերով զորավոր’ լինելով՝ նա կարողացավ ապացուցել նրանց, որ անցյալում ապրած բոլոր մարգարեները անձկագին սպասել էին Քրիստոսի գալստյանը (Գործք 18։24)։ Աստվածաշունչն ավելացնում է, որ այնուհետև Ապողոսը գնաց Աքայիա, որտեղ «հաւատացեալներին շատ օգնութիւն էր տալիս շնորհքի ձեռովը։ Որովհետեւ խիստ սաստիկ յանդիմանում էր Հրէաներին հրապարակաւ Գրքերիցը ցոյց տալով, թէ Քրիստոսը Յիսուսն է» (Գործք 18։27, 28)։
Սովորիր մյուս ուսուցիչների օրինակից
7. Ակյուղասն ու Պրիսկիղան ինչպե՞ս դարձան հմուտ ուսուցիչներ։
7 Ակյուղասն ու Պրիսկիղան ինչպե՞ս դարձան Աստծո Խոսքի հմուտ ուսուցիչներ։ Բացի այն, որ ջանադրաբար անձնական ուսումնասիրություն էին կատարում և ժողովի հանդիպումներին հաճախում, նրանք նաև սերտորեն ընկերակցում էին Պողոս առաքյալի հետ, և դա, ըստ ամենայնի, մեծ դեր էր խաղացել այդ հարցում։ Կորնթոսում Պողոսը 18 ամիս ապրեց Պրիսկիղայի և Ակյուղասի տանը։ Նրանք միասին էին աշխատում. վրաններ էին պատրաստում ու վերանորոգում (Գործք 18։2, 3)։ Պատկերացրու, թե աստվածաշնչային թեմաներով ի՜նչ բովանդակալից զրույցներ էին նրանք ունենում։ Հոգևոր ինչպիսի՜ աջակցություն ստացան նրանք՝ Պողոսի հետ ընկերակցելով։ Առակաց 13։20–ում ասվում է. «Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ»։ Լավ ընկերակցությունը դրական ազդեցություն էր թողել նրանց հոգևոր սովորությունների վրա (Ա Կորնթացիս 15։33)։
8. Ի՞նչ սովորեցին Պրիսկիղան ու Ակյուղասը այն բանից, թե ինչպես էր ծառայում Պողոսը։
8 Պրիսկիղան ու Ակյուղասը տեսնում էին, որ Պողոսը՝ որպես Թագավորության քարոզիչ, լավ ուսուցչի օրինակ էր թողնում։ «Գործք Առաքելոց» գրքում ասվում է, որ Պողոսը «խօսում էր [Կորնթոսի] ժողովարանումն ամեն շաբաթ օր եւ Հրէաներին եւ Յոյներին համոզում էր»։ Հետագայում երբ Շիղան ու Տիմոթեոսը միացան Պողոսին, նա «հոգովը վառվում էր վկայելով Հրէաներին թէ Յիսուսն է Քրիստոսը»։ Պրիսկիղան ու Ակյուղասը տեսան, որ երբ ժողովարանի անդամները առանձնապես հետաքրքրություն չցուցաբերեցին, Պողոսն իր քարոզչական գործունեության կենտրոնը տեղափոխեց ավելի արգասաբեր վայր՝ ժողովարանին կից տունը։ Այնտեղ Պողոսը կարողացավ օգնել Կրիսպոսին՝ ‘ժողովրդապետին’, դառնալու աշակերտ։ Ամենայն հավանականությամբ, Պրիսկիղան ու Ակյուղասը նկատեցին՝ այն, որ այդ մարդը աշակերտ դարձավ, խոր ազդեցություն թողեց այդ տարածքում ապրող մարդկանց վրա և պտուղներ բերեց։ Կարդում ենք. «Կրիսպոս[ը].... հաւատաց Տիրոջն իր բոլոր տնովը. եւ Կորնթացիներից շատերը երբոր լսեցին՝ հաւատացին եւ մկրտուեցին» (Գործք 18։4–8)։
9. Ի՞նչ ազդեցություն թողեց Պողոսի օրինակը Պրիսկիղայի և Ակյուղասի վրա։
9 Ինչպես որ Պրիսկիղան ու Ակյուղասը, այնպես էլ Թագավորության ուրիշ քարոզիչներ ծառայության մեջ ընդօրինակեցին Պողոսին։ Առաքյալը հորդորեց քրիստոնյաներին. «Ինձ նմանող եղէք, ինչպէս ես էլ Քրիստոսի» (Ա Կորնթացիս 11։1)։ Պողոսի թողած օրինակին հետևելով՝ Պրիսկիղան ու Ակյուղասը օգնեցին Ապողոսին ավելի ճիշտ հասկանալու քրիստոնեական ուսուցումները։ Ապողոսն իր հերթին օգնեց ուրիշներին։ Պրիսկիղան ու Ակյուղասը, անկասկած, մասնակցեցին աշակերտներ պատրաստելու գործին Հռոմում, Կորնթոսում և Եփեսոսում (Գործք 18։1, 2, 18, 19; Հռովմայեցիս 16։3–5)։
10. «Գործք Առաքելոց» գրքի 18–րդ գլխից ի՞նչ սովորեցիր, որը կօգնի քեզ աշակերտ պատրաստելու գործում։
10 Ի՞նչ կարող ենք սովորել «Գործք Առաքելոց» գրքի 18–րդ գլխի քննարկումից։ Ինչպես որ Ակյուղասն ու Պրիսկիղան սովորեցին Պողոսից, մենք էլ կարող ենք բարելավել աշակերտ պատրաստելու մեր կարողությունը՝ հետևելով Աստծո Խոսքի հմուտ ուսուցիչների օրինակին։ Կարող ենք համագործակցել նրանց հետ, ովքեր ‘հոգով վառվում’ են և հիմնովին վկայություն են տալիս ուրիշներին (Գործք 18։5)։ Կարող ենք ուշադրություն դարձնել, թե ինչպես են նրանք հասնում մարդկանց սրտին՝ գործադրելով համոզելու և ուսուցանելու հմտությունները։ Այդ հմտությունները կարող են օգնել մեզ աշակերտներ պատրաստել։ Երբ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում որևէ մեկի հետ, կարող ենք առաջարկել, որ նա հրավիրի իր ընտանիքի մյուս անդամներին կամ հարևաններին միանալու ուսումնասիրությանը։ Կամ կարող ենք խնդրել նրան, որպեսզի մեզ տեղեկացնի ուրիշ մարդկանց մասին, որոնց կարող ենք Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել (Գործք 18։6–8)։
Աշակերտ պատրաստելու հնարավորություններ ստեղծիր
11. Որտե՞ղ կարող ենք գտնել նոր աշակերտներ։
11 Պողոսն ու նրա հավատակից քրիստոնյաները աշակերտ պատրաստելու հնարավորություններ էին փնտրում՝ քարոզելով տնետուն, շուկաներում, ճանապարհորդելիս, իսկապես ամենուր։ Լինելով Թագավորության եռանդուն քարոզիչ, որն աշակերտներ պատրաստելու հնարավորություններ է փնտրում՝ կարո՞ղ ես ընդարձակել ծառայությունդ։ Կարո՞ղ ես արդյունավետորեն օգտվել ընձեռված հնարավորություններից՝ փնտրելով արժանավորներին և քարոզելով նրանց։ Ի՞նչ ձևեր կան, որոնցով բարի լուրի մեր քարոզիչները աշակերտներ են գտել։ Նախևառաջ եկեք ուշադրություն դարձնենք հեռախոսով տրվող վկայությանը։
12–14. Ցույց տալու համար, թե ինչ օգուտներ ենք քաղում հեռախոսով վկայություն տալով, պատմիր քո անձնական փորձից կամ այս պարբերություններում նկարագրված դեպքերից։
12 Տնետուն քարոզելիս (Բրազիլիա) մի քրիստոնյա, որին կանվանենք Մարիա, թերթիկ առաջարկեց մի երիտասարդ կնոջ, որը դուրս էր գալիս շենքից։ Թերթիկի վերնագիրը օգտագործելով որպես առաջաբան՝ Մարիան հարցրեց. «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին»։ Կինը պատասխանեց. «Սիրով։ Սակայն բանն այն է, որ ես ուսուցչուհի եմ, և դասավանդելը խլում է իմ ամբողջ ժամանակը»։ Մարիան ասաց, որ նրանք աստվածաշնչյան թեմաներ կարող են քննարկել հեռախոսով։ Կինը տվեց իր հեռախոսահամարը, և հենց այդ երեկո Մարիան ուսումնասիրություն սկսեց հեռախոսով՝ օգտվելով «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկից։a
13 Մի լիաժամ քարոզչուհի (Եթովպիա) հեռախոսով վկայություն էր տալիս։ Լսափողը վերցրեց մի տղամարդ։ Քույրը վախեցավ՝ աղմուկ լսելով։ Տղամարդը խնդրեց ավելի ուշ զանգահարել։ Երբ քույրը զանգահարեց, այդ մարդը ներողություն խնդրեց և ասաց, որ երբ քույրը զանգահարել էր, այդ ժամանակ նա և իր կինը բորբոքված վիճում էին։ Օգտվելով ստեղծված հնարավորությունից՝ քույրը նշեց այն իմաստուն առաջնորդության մասին, որ տալիս է Աստվածաշունչը՝ ընտանեկան խնդիրները լուծելու համար։ Նա ասաց այդ մարդուն, որ «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը, որը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից, շատ ընտանիքների է օգնել։ Գիրքը տալուց մի քանի օր անց քույրը կրկին զանգահարեց այդ մարդուն։ Վերջինս բացականչեց. «Այս գիրքը փրկե՜ց իմ ամուսնությունը»։ Նա ընտանեկան հանդիպում էր կազմակերպել, որպեսզի պատմեր այն լավ մտքերի մասին, որ կարդացել էր գրքում։ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց, և շուտով այդ մարդը սկսեց կանոնավորապես հաճախել քրիստոնեական հանդիպումներին։
14 Թագավորության մի քարոզիչ (Դանիա) Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց հեռախոսով վկայություն տալիս։ Նա պատմում է. «Ծառայողական վերակացուն քաջալերեց ինձ մասնակցել հեռախոսով վկայություն տալու գործին։ Սկզբում տատանվում էի ու մտածում. «Դա իմ բանը չէ»։ Սակայն մի օր ես զինվեցի քաջությամբ ու սկսեցի հավաքել առաջին հեռախոսահամարը։ Լսափողը վերցրեց Սոնյա անունով մի կին և կարճ զրույցից հետո համաձայնվեց Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն ստանալ։ Մի երեկո մենք քննարկում էինք արարչագործության թեման, և նա ցանկացավ կարդալ «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով» գիրքը։b Ես ասացի, որ լավ կլինի, եթե մենք հանդիպենք ու քննարկենք այդ թեման։ Նա համաձայնվեց։ Երբ ես այցելեցի Սոնյային, նա պատրաստ էր ուսումնասիրությանը, և այդ ժամանակից սկսած՝ մենք ամեն շաբաթ ուսումնասիրում ենք։ Մեր քրիստոնյա քույրը եզրակացնում է. «Տարիներ շարունակ աղոթել եմ Աստվածաշնչի ուսումնասիրություն ունենալու համար, բայց չէի սպասում, որ ինձ կհաջողվեր գտնել այդպիսի անհատի հեռախոսով վկայություն տալու միջոցով»։
15, 16. Ի՞նչ դեպքեր կարող ես պատմել, որոնք ցույց են տալիս, թե որքան օգտավետ է միշտ պատրաստ լինել Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու։
15 Շատերը հաջողության են հասնում, քանի որ մարդկանց ամենուր վկայություն տալու խորհուրդը կիրառում են։ Մի քրիստոնյա կին (ԱՄՆ) ավտոկանգառում իր ավտոմեքենան կանգնեցրեց մի ապրանքատար ավտոմեքենայի մոտ։ Երբ ավտոմեքենայի մեջ նստած կինը տեսավ նրան, քույրը սկսեց պատմել Աստվածաշնչի մեր կրթական աշխատանքի մասին։ Կինը լսեց, դուրս եկավ իր մեքենայից և նստեց քրոջ մեքենան։ Նա ասաց. «Ես այնքա՜ն ուրախ եմ, որ դուք կանգ առաք ինձ հետ զրուցելու։ Արդեն երկար ժամանակ է, որ ձեր աստվածաշնչյան հրատարակություններից չունեմ։ Բացի դրանից, ես ցանկանում եմ նորից Աստվածաշունչ ուսումնասիրել։ Կուսումնասիրե՞ք ինձ հետ»։ Այդպիսով՝ մեր քույրը բարի լուրը քարոզելու բարենպաստ իրադրություն ստեղծեց։
16 Միացյալ Նահանգներում ապրող մի քույր այցելեց ծերանոց։ Նա մոտեցավ այդ հաստատության մի պատասխանատու անձնավորության և ասաց նրան, որ ցանկանում է իր օգնությունն առաջարկել ծերանոցի բնակիչների հոգևոր կարիքները բավարարելու հարցում։ Մեր քույրը բացատրեց, որ նա հաճույքով կարող է ամեն շաբաթ անվճար ուսումնասիրություն անցկացնել բոլոր նրանց հետ, ովքեր կցանկանան։ Այդ անձնավորությունը նրան թույլ տվեց այցելել տարբեր բնակիչների սենյակներ։ Շուտով նա շաբաթական երեք անգամ Աստվածաշնչի ուսումնասիրություն էր անցկացնում այնտեղի բնակիչներից 26–ի հետ, որոնցից մեկն ի վիճակի է կանոնավորաբար հաճախել մեր հանդիպումներին։
17. Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելու համար ո՞ր մոտեցումն է հաճախ արդյունավետ։
17 Թագավորության որոշ քարոզիչներ լավ արդյունքների են հասել ուղղակիորեն Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելու միջոցով։ Մի առավոտ 105 քարոզիչներից բաղկացած մի ժողով հատուկ ջանքեր գործադրեց Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելու իրենց հանդիպած յուրաքանչյուր մարդու։ Ծառայությանը մասնակցեց ութսունվեց քարոզիչ, և երկու ժամ քարոզելուց հետո նրանք տեսան, որ առնվազն 15 նոր ուսումնասիրություն են սկսել։
Շարունակիր փնտրել արժանավորներին
18, 19. Հիսուսի ո՞ր կարևոր հրահանգը պետք է մեր մտքում պահենք, և այդ նպատակով ի՞նչ պետք է վճռենք անել։
18 Որպես Թագավորության քարոզիչ՝ միգուցե ցանկանաս փորձել կիրառել այս հոդվածում տրված խորհուրդները։ Իհարկե, իմաստուն կլինի հաշվի առնել տեղի սովորությունները, երբ խորհում ես, թե վկայություն տալու ինչ մեթոդ ընտրես։ Իսկ ամենակարևորն այն է, որ հիշենք Հիսուսի հրահանգը. փնտրել արժանավորներին ու օգնել նրանց դառնալու աշակերտներ (Մատթէոս 10։11; 28։19)։
19 Ուստի եկեք «ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարե[նք]»։ Մենք կարող ենք դա անել՝ խոսելով համոզվածությամբ, որը ամուր ձևով հիմնված է Գրությունների վրա։ Սա մեզ կօգնի, որ մեր խոսքը հասցնենք ընկալունակ սիրտ ունեցող անհատներին ու մղենք նրանց գործերի։ Աղոթքով ապավինելով Եհովային՝ մենք կարող ենք օգնել ոմանց դառնալու Հիսուս Քրիստոսի աշակերտները։ Որքա՜ն վարձահատույց է այս աշխատանքը։ Ուրեմն եկեք ‘ջանք անենք, որ մեր անձն ընտիր կանգնեցնենք Աստծո առաջին’՝ միշտ պատվելով Եհովային որպես Թագավորության եռանդուն քարոզիչներ, որոնք քարոզում են՝ աշակերտներ պատրաստելու նպատակով (Բ Տիմոթէոս 2։15)։
[ծանոթագրություններ]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ Ապողոսը կարիք ուներ, որ Աստծո ճանապարհը ավելի ամբողջական կերպով բացատրվեր իրեն։
• Պրիսկիղան և Ակյուղասը ինչպե՞ս սովորեցին Պողոս առաքյալից։
• «Գործք Առաքելոց» 18–րդ գլխից ի՞նչ սովորեցիր աշակերտներ պատրաստելու գործի մասին։
• Ինչպե՞ս կարող ես աշակերտներ պատրաստելու հնարավորություններ ստեղծել։
[նկար 18–րդ էջի վրա]
Պրիսկիղան և Ակյուղասը «էլ աւելի ստոյգ Աստուծոյ ճանապարհը բացատրեցին» Ապողոսին
[նկար 20–րդ էջի վրա]
Ապողոսը հմտացավ աշակերտներ պատրաստելու գործում
[նկար 21–րդ էջի վրա]
Պողոսը քարոզում էր ամեն տեղ, ուր գնում էր
[նկարներ 23–րդ էջի վրա]
Քարոզելու հնարավորություններ ստեղծիր