Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 12/15 էջ 9–13
  • Նրանք որոնում էին նեղ ճանապարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նրանք որոնում էին նեղ ճանապարհը
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ոչ՝ բռնությանը, ոչ՝ փոխզիջումներին
  • Պատուհան դեպի անցյալ
  • Միասնությունից՝ պառակտում
  • Բացահայտորեն արտահայտվում են ու... հալածվում
  • Հագուստն ու հարդարանքը գայթակղության քար էին ինձ համար
    2003 Արթնացե՛ք
  • Բոլո՞ր խնջույքներն են Աստծուն հաճելի
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Վալդենսներ. հերետիկոսությունից՝ բողոքականություն
    2002 Դիտարան
2003 Դիտարան
w03 12/15 էջ 9–13

Նրանք որոնում էին նեղ ճանապարհը

ՄՈՏ 550 տարի առաջ քրիստոնեություն դավանողների փոքրաթիվ խմբեր, որոնց անդամները Չեխիայի Պրահա, Հելչիցե, Վիլեմով, Կլատովի և այլ քաղաքների բնակիչներ էին, թողեցին իրենց տները։ Նրանք բնակություն հաստատեցին Կունվալդ գյուղի մոտակայքում՝ հյուսիսարևելյան Բոհեմիայի հովիտներից մեկում, որտեղ կառուցեցին փոքրիկ տներ, սկսեցին հողագործությամբ զբաղվել, կարդում էին իրենց Աստվածաշնչերը։ Նրանք իրենց անվանեցին «Եղբայրության միություն», լատիներեն՝ «Unitas Fratrum»։

Նորաբնակները տարբեր ծագում ունեին։ Այդ մարդկանց մեջ կային գյուղացիներ, ազնվականներ, համալսարանի ուսանողներ, հարուստներ ու աղքատներ, տղամարդիկ ու կանայք, այրիներ ու որբեր։ Սակայն բոլորին մեկ ցանկություն էր միավորում։ «Մենք աղոթքով դիմեցինք հենց Իրեն՝ Աստծուն,— գրում են նրանք,— ու աղերսեցինք Նրան, որ բացահայտի Իր ողորմած կամքը ամեն ինչի առնչությամբ։ Մենք ցանկացանք գնալ Նրա ճանապարհներով»։ Իսկապես, «Եղբայրության միությունը», կամ, ինչպես հավատացյալների այս համայնքն ավելի ուշ անվանվեց, «Չեխ եղբայրությունը» որոնում էր ‘նեղ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք’ (Մատթէոս 7։13, 14)։ Ի՞նչ սուրբգրային ճշմարտություններ հայտնաբերվեցին այդ որոնումների արդյունքում։ Ինչպե՞ս էին նրանց հավատալիքները տարբերվում այն հավատալիքներից, որոնք ընդունված էին այդ ժամանակ, և ի՞նչ կարող ենք սովորել նրանցից։

Ոչ՝ բռնությանը, ոչ՝ փոխզիջումներին

15–րդ դարի կեսերին ի հայտ եկած մի քանի կրոնական շարժումներ նպաստեցին «Եղբայրության միության» ձևավորմանը։ Դրանցից մեկը վալդենսներն էին՝ մի շարժում, որը ծագել էր 12–րդ դարում։ Սկզբնական շրջանում վալդենսները հեռացան հռոմեական կաթոլիկությունից, որը կենտրոնական Եվրոպայի երկրներում պետական կրոն էր։ Սակայն ավելի ուշ նրանք որոշ չափով վերադարձան կաթոլիկական ուսմունքներին։ Մեկ այլ ազդեցիկ խումբ էին հուսյանները՝ Յան Հուսի հետևորդները։ Նրանք ներկայացնում էին չեխ ազգաբնակչության մեծամասնության կողմից դավանվող կրոնը, սակայն շատ հեռու էին միաբանությունից։ Հուսյանների մի թևը պայքարում էր հանուն սոցիալական խնդիրների լուծման, մյուսը փորձում էր կրոնի միջոցով քաղաքական նպատակների հասնել։ «Եղբայրության» վրա ազդեցություն էին թողել նաև քիլիաստական խմբերը, ինչպես նաև տեղի ու արտասահմանյան աստվածաշնչագետները։

Չեխ աստվածաշնչագետ ու բարեփոխիչ Պյոտր Հելչիցկին (մոտ 1390–մոտ 1460) ծանոթ էր վալդենսների ու հուսյանների ուսմունքներին։ Նա մերժեց հուսյաններին այն բանի համար, որ նրանք սկսել էին բռնության դիմել, իսկ վալդենսներին մերժեց, քանի որ նրանք ընտրել էին փոխզիջումների ճանապարհը։ Նա պատերազմը դատապարտեց որպես ոչ քրիստոնեական երևույթ։ Հելչիցկին խորհում էր, որ «Քրիստոսի օրէնքը» պետք է ղեկավարի քրիստոնյային՝ անկախ այն բանից, թե դա ինչ հետևանքներ կունենա (Գաղատացիս 6։2; Մատթէոս 22։37–39)։ 1440 թ.–ին նա իր գաղափարները թղթին հանձնեց՝ գրելով «Հավատի ցանց» գիրքը («Sít Víry»)։

Երիտասարդ Գրեգոր Պրահացին՝ գիտնական Հելչիցկու ժամանակակիցը, այնպես էր տպավորվել նրա ուսմունքներով, որ հեռացավ հուսյաններից։ 1458 թ.–ին Գրեգորը նախկին հուսյանների փոքրաթիվ խմբերի համոզեց թողնել իրենց տները, որոնք գտնվում էին Չեխիայի տարբեր մասերում։ Այս մարդիկ նրանց թվում էին, ովքեր, հետևելով նրան, գնացել էին Կունվալդ գյուղ և այնտեղ հաստատել նոր կրոնական համայնք։ Հետագայում նրանց չեխ ու գերմանացի վալդենսների խմբեր միացան։

Պատուհան դեպի անցյալ

1464–1467 թթ.-ին այս նորահայտ, բայց օրեցօր աճող խումբը մի քանի սինոդներ անցկացրեց Կունվալդի շրջանում ու մի քանի բանաձևեր ընդունեց, որոնցում սահմանում էր նոր կրոնական շարժման էությունը։ Բոլոր բանաձևերը ամենայն մանրամասնությամբ գրի էին առնվել գրքերի մի շարքում, որը մինչև այժմ գոյություն ունի ու կոչվում է «Acta Unitatis Fratrum» («Եղբայրության միության գործերը»)։ «Acta»–ն ծառայում է որպես պատուհան դեպի անցյալ՝ վառ կերպով պատկերելով «Եղբայրության» հավատալիքները։ Գրքերը պարունակում են նամակներ, ելույթներ և նույնիսկ քննարկումների մանրամասնություններ։

«Եղբայրության» հավատալիքների մասին «Acta»–ում ասվում է. «Մենք լի ենք վճռականությամբ առաջնորդվելու բացառապես Աստվածաշնչով ու հետևելու մեր Տիրոջ ու սուրբ առաքյալների թողած օրինակին՝ լռության, խոնարհության, երկայնամտության մեջ, սիրելով մեր թշնամիներին, բարին գործելով նրանց հանդեպ և բարին ցանկանալով նրանց, նրանց համար աղոթելով»։ Գրվածքները նաև ցույց են տալիս, որ «Եղբայրությունը» սկզբնական շրջանում քարոզչությամբ էր զբաղվում։ Նրանք զույգերով էին ճամփորդում, իսկ կանայք հաջողությամբ միսիոներություն էին անում տեղում։ «Եղբայրության» անդամները չէին զբաղեցնում պետական պաշտոններ, երդում չէին տալիս, միջամուխ չէին լինում ռազմական գործերի և զենք չէին կրում։

Միասնությունից՝ պառակտում

Սակայն մի քանի տասնամյակ անց «Եղբայրության միությունը» սկսեց չհամապատասխանել իր անվանը։ Բանավեճերն այն մասին, թե որքան ճշգրտորեն պետք է իրենց համոզմունքները գործադրվեին, հանգեցրին պառակտումների։ 1494 թ.–ին «Եղբայրությունը» բաժանվեց երկու խմբի՝ մեծամասնականներ ու փոքրամասնականներ։ Մեծամասնականները մեղմացրել էին իրենց մոտեցումը հավատալիքների հարցում, այնինչ փոքրամասնականները քարոզում էին, որ «Եղբայրությունը» պետք է հաստատակամ մնա քաղաքականությամբ չզբաղվելու և աշխարհից չլինելու հարցում (տե՛ս «Ի՞նչ եղան մեծամասնականները» շրջանակը)։

Օրինակ՝ մի փոքրամասնական գրել է. «Մարդիկ, ովքեր քայլում են երկու ճանապարհով, քիչ երաշխիք ունեն, որ Աստծո հետ կմնան, եթե միայն հազվադեպ կամ փոքր բաներում են պատրաստ առաջարկելու իրենց անձը ու ենթարկվել Նրան, մինչդեռ մեծ բաներում նրանք իրենց ուզածով են շարժվում։ ....Մեր իղձն է՝ դասվել նրանց շարքը, ովքեր անաղարտ են մտքով ու խղճով և ամեն օր, իրենց խաչը վերցրած, հետևում են Տեր Քրիստոսին նեղ ճանապարհում»։

Փոքրամասնականները սուրբ ոգին համարում էին Աստծո գործուն ուժ՝ նրա «մատը»։ Հիսուսի տված փրկանքը նրանք հասկանում էին այսպես. կատարյալ մարդ Հիսուսը իր մարդկային կյանքով վճարեց այն բանի դիմաց, ինչը կորցրեց մեղավոր Ադամը։ Նրանք Հիսուսի մորը՝ Մարիամին չէին երկրպագում։ Նրանք վերականգնեցին այն ուսմունքը, ըստ որի՝ բոլոր հավատացյալները կարող են լինել քահանաներ, ընդ որում դրա համար ամուրիության ուխտ չէր պահանջվում։ Փոքրամասնականները կոչ էին անում, որ ժողովի բոլոր անդամները հանրային քարոզչություն անեն, և անզեղջ մեղավորներին վտարում էին։ Նրանք վճռականորեն հեռու էին մնում ռազմական ու քաղաքական գործերից (տե՛ս «Ինչ համոզմունքներ ունեին փոքրամասնականները» շրջանակը)։ Քանի որ փոքրամասնականները ամուր կառչած էին մնում «Acta»–ի բանաձևերին, նրանք իրենց էին համարում որպես սկզբնական «Եղբայրության միության» իսկական ժառանգորդներ։

Բացահայտորեն արտահայտվում են ու... հալածվում

Փոքրամասնականները բացահայտորեն քննադատում էին մյուս կրոններին, այդ թվում մեծամասնականներին։ «Դուք սովորեցնում եք մկրտել երեխաների, որոնք դեռևս չունեն իրենց սեփական հավատը,— գրում էին նրանք այդ կրոնների մասին,— և այս բանում դուք հետևում եք Դիոնիսիոս եպիսկոպոսին, որը մի քանի անխոհեմ մարդկանց թելադրանքով քաջալերում է մանուկների մկրտությունը։ ....Նույնը անում են գրեթե բոլոր ուսուցիչներն ու դոկտորները՝ Լյութերը, Մելանքտոնը, Բուցերոսը, Կորվինը, Յիլեշը, Բուլինգերը, ....մեծամասնականները՝ բոլորն էլ ձգտելով մի բանի»։

Զարմանալի չէ, որ փոքրամասնականներին հալածում էին։ 1524 թ.–ին նրա առաջնորդներից մեկին՝ Յան Կալենեցին, մտրակեցին ու այրեցին։ Հետագայում երեք փոքրամասնականների էլ այրեցին ցցի վրա։ Այնպես է երևում, որ փոքրամասնականները սկսեցին անհետանալ պատմության թատերաբեմից մոտավորապես 1550 թ.–ից հետո, երբ մահացավ նրանց վերջին առաջնորդը։

Այդուհանդերձ, փոքրամասնականները իրենց հետքն են թողել միջնադարյան Եվրոպայի կրոնական պատկերի վրա։ Ճիշտ է, քանի որ ճշմարիտ «գիտութիւնը» նրանց ժամանակներում դեռ չէր ‘շատացել’, նրանց չհաջողվեց ցրել հոգևոր խավարը, որ դարեր շարունակ թագավորում էր (Դանիէլ 12։4)։ Սակայն մերօրյա քրիստոնյաների ուշադրությանն է արժանի այն, որ նրանք փութաջանորեն որոնում էին նեղ ճանապարհը ու, չնայած հալածանքին, ցանկանում էին գնալ այդ ուղով։

[մեջբերում 13–րդ էջի վրա]

Ասում են, որ 1500–1510 թթ.-ին տպագրված բոհեմական (չեխական) 60 գրքերից 50–ը հրատարակվել է «Եղբայրության միության» կողմից

[շրջանակ 11–րդ էջի վրա]

Ի՞նչ եղան մեծամասնականները

Ի՞նչ եղան, ի վերջո, մեծամասնականները։ Փոքրամասնական թևի՝ կրոնական թատերաբեմից հեռանալուց հետո մեծամասնական թևը շարունակեց իր կրոնական գործունեությունը՝ շարունակելով կրել «Եղբայրության միություն» անունը։ Ժամանակի ընթացքում այդ խումբն իր սկզբնական համոզմունքները վերանայեց։ 16–րդ դարի վերջերին «Եղբայրության միությունը» համադաշնություն կազմեց չեխ ուտրաքվիստներիa հետ, որոնք, ըստ էության, լյութերականներ էին։ Սակայն «Եղբայրությունը» շարունակում էր ակտիվ մնալ Աստվածաշունչ, ինչպես նաև այլ կրոնական գրքեր թարգմանելու ու հրատարակելու գործում։ Հետաքրքիր է, որ նրանց վաղ հրատարակությունների տիտղոսաթերթի վրա պատկերված էր քառագիրը՝ Աստծո անվան եբրայերեն չորս տառերը։

1620 թ.–ին Չեխական թագավորությունը ուժով բերվեց Հռոմի կաթոլիկ եկեղեցու ազդեցության տակ։ Այդ պատճառով շատ մեծամասնականներ հեռացան երկրից ու շարունակեցին իրենց գործունեությունը արտասահմանում։ Այնտեղ նրանք հետագայում սկսեցին կոչվել Մորավական եկեղեցի (Մորավիան չեխական տարածքներից է), որը մինչև այժմ գոյություն ունի։

[ծանոթագրություն]

a Լատիներեն «ուտրաքվե» բառից, որը նշանակում է «երկուսից յուրաքանչյուրը»։ Ի տարբերություն Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանաների, որոնք իրենց ծխականներին գինի չէին տալիս Սուրբ ընթրիքի ժամանակ՝ ուտրաքվիստները (հուսյանների տարբեր թևեր) մարդկանց հաց ու գինի էին տալիս հաղորդության համար։

[շրջանակ 12–րդ էջի վրա]

Ինչ համոզմունքներ ունեին փոքրամասնականները

Հետևյալ մեջբերումները արված են 15–րդ և 16–րդ դարերում հրատարակված «Acta Unitatis Fratrum»–ից։ Դրանք ցույց են տալիս փոքրամասնական թևի համոզմունքներից մի քանիսը։ Փոքրամասնական առաջնորդների խոսքերը գլխավորապես ուղղված են մեծամասնականներին։

Երրորդություն։ «Եթե ամբողջ Աստվածաշնչում փնտրեք էլ, չեք գտնի որևէ միտք այն մասին, թե Աստված բաժանված է ինչ–​որ Երրորդության՝ երեք անձերի իրենց անուններով, ինչպես մարդիկ են հնարում իրենց երևակայությամբ»։

Սուրբ ոգի։ «Սուրբ ոգին Աստծո մատն է և նրա պարգևը՝ մխիթարիչը, Աստծո Զորությունը, որը Հայրը տալիս է հավատացյալներին Քրիստոսի վաստակի հիման վրա։ Մենք Սուրբ Գրություններում չենք կարդում, թե սուրբ ոգին պետք է կոչվի Աստված կամ լինի Անձ, ոչ էլ առաքելական ուսուցումներն են խոսում դրա մասին»։

Քահանայություն։ «Նրանք անհիմն ձևով ձեզ տվել են «քահանա» տիտղոսը. եթե դուք չունենաք ձեր ածիլված գագաթը ու մատի քսուքը, ապա ոչ մի բանով առավել չեք լինի ամենահասարակ աշխարհականից։ Սուրբ Պետրոսը բոլոր քրիստոնյաներին կոչ է անում լինել քահանաներ՝ ասելով. «Դուք սուրբ քահանայություն եք, որը հոգևոր զոհաբերություններ է մատուցում» (Ա Պետրոս 2)»։

Մկրտություն։ «Տեր Քրիստոսը պատվիրեց իր առաքյալներին. «Գնացեք բոլոր աշխարհը, քարոզեցեք Ավետարանը բոլոր արարչությանը, նրանց, ովքեր կհավատան» (Մարկոս 16)։ Եվ միայն այս խոսքերից հետո՝ «ու մկրտվելով՝ նրանք կփրկվեն»։ Իսկ դուք սովորեցնում եք մկրտել մանուկների, որոնք իրենց սեփական հավատը չունեն»։

Չեզոքություն։ «Ինչ որ ձեր վաղ եղբայրները համարում էին չար ու անմաքուր՝ միանալ բանակին ու սպանել կամ զենքը ձեռքին գնալ ճանապարհներով, դուք համարում եք բարի.... Ուստի մենք տեսնում ենք, որ դուք, մյուս ուսուցիչների պես, միայն ձեր ձախ աչքով եք նայում այն մարգարեական խոսքերին, որ ասում են. «Այսպես նա ջարդեց աղեղի զորությունը, վահանը, սուրը ու պատերազմը» (Սաղմոս 75 [ԱԹ–ում՝ Սաղմոս 76])։ Եվ դարձյալ. «Նրանք չեն վնասի կամ ավերի իմ բոլոր սուրբ սարի վրա, որովհետև Տիրոջ երկիրը լիքն է լինելու Աստծո գիտությամբ» և այլն (Եսայիա 11)»։

Քարոզչություն։ «Մենք շատ լավ գիտենք, որ սկզբում կանայք ավելի շատ մարդկանց բերեցին դեպի զղջում, քան բոլոր քահանաները եպիսկոպոսի հետ միասին։ Իսկ հիմա քահանաները հարմար տեղավորված են իրենց տեղերում ու ծխական տներում։ Ինչպիսի՜ սխալ։ Շրջե՛ք ամբողջ աշխարհը։ Քարոզե՛ք.... ողջ արարչությանը»։

[քարտեզներ 10–րդ էջի վրա]

(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)

Գերմանիա

Լեհաստան

Չեխիա

Մորավիա

Կունվալդ

Վիլեմով

Կլատովի

Հելչիցե

Պրահա

Բոհեմիա

Էլբա գետ

Վլտավա գետ

Դանուբ գետ

[նկարներ 10–րդ և 11–րդ էջերի վրա]

Ձախից՝ Պյոտր Հելչիցկի, ներքևում՝ էջ «Հավատի ցանցը» գրքից

[նկար 11–րդ էջի վրա]

Գրեգոր Պրահացի

[նկար 13–րդ էջի վրա. թույլտվությամբ]

All images: S laskavým svolením knihovny Národního muzea v Praze, C̆esko

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը