Ընթերցողների հարցերը
Ջրհեղեղից հետո Նոյը տապանից աղավնի ուղարկեց, որը վերադարձավ՝ իր հետ բերելով ‘մի ձիթենու տերև’։ Որտեղի՞ց աղավնին գտավ տերևը։
Աստվածաշունչն ասում է մեզ, որ «ջրերը երկրի վերայ շատ շատ զօրացան, եւ բոլոր երկնքի տակ լինող բոլոր բարձր սարերը ծածկուեցան» (Ծննդոց 7։19)։ Երբ ջրերը սկսեցին պակասել, Նոյը երեք անգամ՝ շաբաթը մեկ, աղավնի էր ուղարկում։ Երբ աղավնին վերադարձավ երկրորդ անգամ, նրա «բերանումը մի ձիթենու նոր կտրուած տերեւ կար. եւ Նոյը գիտաց որ ջրերը երկրի վերայից քիչացել են» (Ծննդոց 8։8–11)։
Ինչ խոսք, մեզ հայտնի չէ, թե երկրագնդի ինչ–որ մի հատված որքան երկար է մնացել ջրի տակ, քանի որ Ջրհեղեղի պատճառով երկրի մակերևույթը, անկասկած, փոփոխությունների է ենթարկվել։ Այնուամենայնիվ, երևում է, որ ջրերը գրեթե բոլոր տարածքները ծածկել էին բավական երկար ժամանակով, այնպես որ շատ ծառեր մեռան։ Բայց որոշ ծառեր ակներևաբար պահպանեցին իրենց կենսունակությունը ու կարողացան նոր ընձյուղներ արձակել, երբ ջրերը պակասեցին։
Մի աստվածաշնչային բառարանում ձիթենու վերաբերյալ ասվում է. «Եթե ծառը կտրվում է, ապա արմատից նոր շիվեր են սկսում աճել, այնպես որ նրա տեղը հինգ նոր ծառ կարող է աճել։ Սովորաբար մահացող ձիթենիները նույնպես այս ձևով նոր ընձյուղներ են տալիս» («The New Bible Dictionary»)։ «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այս ծառի կենսունակությունը անխորտակելի է»,— ասվում է «The New Schaff-Herzog Encyclopedia of Religious Knowledge» հանրագիտարանում։ Ներկայումս ոչ ոք չգիտի, թե Ջրհեղեղի ջրերի աղիությունն ու ջերմաստիճանն ինչպիսին են եղել։ Հետևաբար մենք չենք կարող վստահ լինել, թե Ջրհեղեղը ինչ ազդեցություն կարող էր գործած լինել ձիթենիների ու այլ բուսականության վրա։
Սակայն վայրի ձիթենին չի կարող ցուրտ պայմաններում ապրել, ինչպիսիք լինում են բարձր լեռներում։ Այդ ծառը սովորաբար աճում է այնպիսի վայրերում, որոնց բարձրությունը ծովի մակարդակից չի անցնում 1 000 մետրից, և որտեղ միջին ջերմաստիճանը 10°C–ից պակաս չէ։ «Ուստի,— ասվում է «The Flood Reconsidered» գրքում,— Նոյը թարմ պոկված տերևից կարող էր եզրակացնել, որ ցածրադիր հովիտները սկսում են ազատվել ջրից»։ Երբ Նոյը մեկ շաբաթ անց արձակեց աղավնուն, թռչունը չվերադարձավ, ինչը մատնացույց էր անում, որ բուսականությունն ավելի էր շատացել ու աղավնու համար հանգստանալու տեղ կար (Ծննդոց 8։12)։