666. սոսկ առեղծված չէ
«[Գազանը] ստիպում է ամենին.... որ նորանց դրոշմ տայ նորանց աջ ձեռքումը կամ նորանց ճակատումը։ Եւ որ ոչ ով չ’կարողանայ գնել կամ ծախել բացի նորանից, որ գազանի դրոշմը կամ նորա անունն ունի կամ նորա անունի համարը։ Այստեղ է իմաստութիւնը. ով որ միտք ունի թող գազանի թիւը համարէ. որ մարդի թիւ է, եւ նորա թիւը վեց հարիւր վաթսունեւվեց է» (Յայտնութիւն 13։16–18)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ քիչ թեմաներ են այնքան հետաքրքրություն ու միևնույն ժամանակ մտահոգություն առաջ բերել, որքան «գազանի» խորհրդավոր դրոշմի, կամ՝ անվան մասին մարգարեությունը։ Այդ դրոշմը 666 թիվն է։ Հեռուստատեսությամբ, Ինտերնետում, ֆիլմերում, գրքերում, պարբերագրերում գազանի այդ դրոշմը դարձել է անվերջ ենթադրությունների ու հիպոթեզների առարկա։
Ոմանք հավատում են, թե 666–ը աստվածաշնչյան նեռի (հակաքրիստոսի) դրոշմն է։ Ոմանք էլ ասում են, թե դա ինչ–որ պարտադիր տարբերակիչ նշան է, ինչպես օրինակ՝ դաջվածք կամ մարդու մարմնում տեղադրված թվային կոդ ունեցող միկրոծրագիր, որը բնորոշում է նրան որպես գազանի ծառա։ Բայց կան նաև մարդիկ, ովքեր 666–ը համարում են կաթոլիկ պապականության նշան։ Այդ անհատները Պապի պաշտոնական տիտղոսի («Vicarius Filii Dei»՝ Հիսուս Քրիստոսի տեղապահ) տառերը փոխարինում են հռոմեական թվերով և դրանք մի փոքր փոփոխելով՝ ստանում 666–ը։ Ասում են նաև, թե նույն թիվը կարելի է ստանալ Հռոմի կայսր Դիոկղետիանոսի լատիներեն անունից և Ներոն կայսրի անվան եբրայերեն տարբերակից։a
Սակայն վերոհիշյալ երևակայական ու հնարովի մեկնաբանությունները շատ են տարբերվում այն բանից, թե ինչ է Աստվածաշունչը հայտնում գազանի դրոշմի վերաբերյալ (կքննարկենք հաջորդ հոդվածում)։ Աստվածաշնչում ասվում է, որ այդ դրոշմն ունեցողները Աստծո զայրույթը կհարուցեն իրենց նկատմամբ, երբ նա վերջ դնի ներկայիս համակարգին (Յայտնութիւն 14։9–11; 19։20)։ Ուստի 666–ի իմաստն ըմբռնելը սոսկ առեղծված բացահայտել չէ, այլ շատ ավելի կարևոր մի բան։ Բարեբախտաբար, Եհովա Աստված, որ սիրո մարմնացումն է և հոգևոր լույսի Աղբյուրը, այս կարևոր հարցում խավարի մեջ չի թողել իր ծառաներին (Բ Տիմոթէոս 3։16; Ա Յովհաննէս 1։5; 4։8)։
[ծանոթագրություն]
a Թվերի միջոցով գուշակություններ անելու վերաբերյալ կարդացեք «Արթնացե՛ք»–ի 2002 թ. սեպտեմբերի 8–ի համարը, ռուս.։