«Նորանք.... նաւով գնացին Կիպրոս»
«ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ» գիրքը այս խոսքերով է սկսում նկարագրել քրիստոնյա միսիոներներ Պողոսի, Բառնաբասի և Հովհաննես Մարկոսի հետ տեղի ունեցած դեպքերը, երբ նրանք այցելել են Կիպրոս մ.թ. մոտ 47 թ.–ին (Գործք 13։4)։ Այն ժամանակ, ինչպես և այսօր, Կիպրոսը ռազմավարական տեսանկյունից մեծ նշանակություն ունեցող դիրք էր զբաղեցնում Միջերկրական ծովի արևելյան մասում։
Հռոմեացիները շատ էին ցանկանում տիրանալ այդ կղզուն, և մ.թ.ա. 58 թ.–ին այն անցավ նրանց տիրապետության տակ։ Նախքան դա Կիպրոսը իրադարձություններով հարուստ պատմություն է ունեցել։ Կղզին նվաճվել է փյունիկեցիների, այնուհետև հույների, ասորեստանցիների, պարսիկների և եգիպտացիների կողմից։ Միջին դարերում այն զավթել են խաչակիրները, ֆրանկները, վենետիկցիները, իսկ հետագայում թուրքերը։ 1914 թ.–ին անգլիացիները բռնակցել են կղզին ու իշխել նրա վրա մինչև 1960 թ., երբ կղզին անկախություն ձեռք բերեց։
Այժմ Կիպրոսի եկամտի հիմնական աղբյուրը զբոսաշրջիկությունն է, բայց Պողոսի օրերում Կիպրոսը հարուստ էր օգտակար հանածոներով, որոնք հռոմեացիներն օգտագործում էին Հռոմի գանձարանը լցնելու համար։ Կղզում պղինձը վաղ է հայտնաբերվել, և ըստ հաշվարկների՝ հռոմեացիների տիրապետության ավարտին արդեն 250 000 տոննա պղինձ էր արդյունահանվել։ Արդյունաբերությունը, սակայն, մետաղ զտելու նպատակով սպառել էր խիտ անտառների մեծ մասը։ Այն ժամանակ, երբ Պողոսը այցելեց Կիպրոս, կղզու շատ անտառներ արդեն անհետացել էին։
Կիպրոսը հռոմեացիների տիրապետության տակ
«Բրիտանական հանրագիտարանի» համաձայն՝ Կիպրոսը տրվել է Եգիպտոսին Հուլիոս Կեսարի, այնուհետև Մարկոս Անտոնիոսի կողմից։ Սակայն Օգոստոսի կառավարման ժամանակ այն կրկին անցել է Հռոմի տիրապետության տակ և, ինչպես ճշգրտորեն արձանագրել է Ղուկասը՝ «Գործք Առաքելոց» գիրքը գրողը, կղզին ղեկավարվել է փոխանորդ բդեշխի կողմից, որը պատասխանատու էր անմիջապես Հռոմին։ Երբ Պողոսը Կիպրոսում քարոզում էր, այնտեղի փոխանորդ բդեշխը Սերգիոս Պողոսն էր (Գործք 13։7)։
«Պաքս ռոմանան»՝ Հռոմի կողմից սահմանված միջազգային խաղաղությունը, քաջալերում էր Կիպրոսի հանքերի ու արդյունաբերության ընդարձակումը և խթանում առևտուրը։ Կիպրոսը լրացուցիչ եկամուտ էր ստանում այն բանի համար, որ կղզում հռոմեական լեգեոններ էին պահվում։ Նա եկամուտ էր ստանում նաև ուխտագնացներից, որոնք գալիս էին պատվելու Աֆրոդիտեին՝ կղզու հովանավոր աստվածուհուն։ Արդյունքում կառուցվեցին նոր ճանապարհներ, նավահանգիստներ, ինչպես նաև շքեղ հասարակական շենքեր։ Պաշտոնական լեզուն մնացել էր հունարենը, լայնորեն տարածված էր կայսրի, ինչպես նաև Աֆրոդիտեի, Ապոլոնի և Զևսի պաշտամունքը։ Մարդիկ շքեղության մեջ էին ապրում և հասարակական ու մշակութային հարուստ կյանք էին վայելում։
Ահա թե ինչպիսին էր միջավայրը, որում հայտնվել էր Պողոսը, երբ գնացել էր Կիպրոս ու մարդկանց սովորեցնում էր Քրիստոսի մասին։ Բայց քրիստոնեությունը Կիպրոս էր հասել նախքան Պողոսի այցելությունը։ «Գործք Առաքելոց» գրքից տեղեկանում ենք, որ քրիստոնյա նահատակ Ստեփանոսի մահից հետո առաջին քրիստոնյաներից ոմանք փախան Կիպրոս (Գործք 11։19)։ Պողոսի ընկերակից Բառնաբասը ծննդով Կիպրոսից էր և քանի որ քաջատեղյակ էր կղզուն, անկասկած, նրա քարոզչական շրջագայության ժամանակ լավ ուղեկից էր (Գործք 4։36; 13։2)։
Քննենք Պողոսի անցած ճանապարհը
Հեշտ չէ վերականգնել Կիպրոսում Պողոսի անցած ճանապարհի բոլոր մանրամասնությունները։ Սակայն հնագետները բավական հստակ պատկերացում ունեն Հռոմի տիրապետության ժամանակ եղած ճանապարհների հիանալի համակարգի մասին։ Կղզու աշխարհագրական դիրքից ելնելով՝ նույնիսկ ժամանակակից մայրուղիները հիմնականում պետք է կառուցվեն այն նույն ուղեգծերով, որոնցով ամենայն հավանականությամբ ճամփորդել են առաջին միսիոներները։
Պողոսը, Բառնաբասը և Հովհաննես Մարկոսը Սելևկիայից նավարկեցին դեպի Սաղամինայի նավահանգիստը։ Բայց ինչո՞ւ Սաղամինա, եթե մայրաքաղաքը ու գլխավոր նավահանգիստը Պափոսն էր։ Պատճառներից մեկն այն էր, որ Սաղամինան գտնվում էր Կիպրոսի արևելյան ափին՝ մայրցամաքի վրա գտնվող Սելևկիայից ընդամենը 200 կիլոմետր հեռու։ Թեև հռոմեացիների տիրապետության ժամանակ Սաղամինայի փոխարեն մայրաքաղաք էր դարձել Պափոսը, բայց Սաղամինան շարունակում էր մնալ կղզու մշակութային, կրթական և առևտրական կենտրոնը։ Սաղամինայում հրեական մեծ համայնք կար, և միսիոներները սկսեցին ‘Աստծո Խոսքը պատմել հրեաների ժողովարաններում’ (Գործք 13։5)։
Այսօր Սաղամինայից միայն ավերակներ են մնացել։ Բայց հնագիտական հայտնաբերումները վկայում են քաղաքի նախկին փառքի և հարստության մասին։ Առևտրահրապարակը՝ քաղաքական և կրոնական կյանքի կենտրոնը, համարվում է միջերկրածովյան շրջանում երբևէ հայտնաբերված հռոմեական ամենամեծ ագորան։ Այդ կենտրոնը կառուցված է եղել Օգոստոս կայսրի ժամանակներում։ Նրա ավերակները ցույց են տալիս, որ այն ունեցել է բարդ խճանկարներով ձևավորված հատակներ, գիմնասիոններ, տպավորիչ բաղնիքներ, մարզադաշտ և ամֆիթատրոն, շքեղ դամբարաններ և 15 000 տեղանոց մի մեծ թատրոն։ Այդ կենտրոնի մոտակայքում գտնվում են Զևսի փառահեղ տաճարի ավերակները։
Զևսն, ինչ խոսք, չկարողացավ պաշտպանել քաղաքը ավերիչ երկրաշարժերից։ Մ.թ.ա. 15 թ.–ին մի հզոր երկրաշարժ մեծ ավերածություններ գործեց Սաղամինայում, թեև հետո Օգոստոս կայսրը այն վերակառուցեց։ Մ.թ. 77 թ.–ին Սաղամինան կրկին ավերվեց մեկ ուրիշ երկրաշարժից ու նորից վերակառուցվեց։ Չորրորդ դարում քաղաքը ավերվեց մի շարք երկրաշարժերից ու այլևս երբեք չհասավ իր նախկին փառքին։ Միջին դարերում նրա նավահանգիստը տիղմով լցվեց և այլևս չօգտագործվեց։
Տեղեկություններ չկան, թե Սաղամինայի բնակիչներն ինչպես են արձագանքել Պողոսի քարոզչությանը։ Բայց Պողոսը պետք է քարոզեր նաև այլ համայնքների։ Միսիոներները պետք է որոշեին, թե Սաղամինայից հեռանալով՝ ո՛ր ուղղությամբ գնան։ Կային երեք հիմնական ճանապարհներ. մեկը դեպի հյուսիսային ափը, որ անցնում էր Կիրենիայի լեռներով, մյուսը դեպի արևմուտք, որ անցնում էր կղզու կենտրոնական մասում գտնվող Մեսաորիայի հարթավայրի միջով, և երրորդը դեպի հարավային ափը։
Ընդունված է համարել, որ Պողոսը անցել է երրորդ ճանապարհով։ Այն ձգվում է բերրի հողատարածքներով, որոնք յուրահատուկ կարմիր գույն ունեն։ Նախքան դեպի հյուսիս՝ կղզու խորքերը թեքվելը ճանապարհն անցնում է Լառնակա քաղաքի միջով, որը գտնվում է Սաղամինայից հարավ–արևմուտք, մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա։
«Շրջելով ամբողջ կղզին»
Այնուհետև ճանապարհը հասնում է Լեդրա քաղաքը։ Այսօր Լեդրայի տեղում կառուցված է Նիկոսիան՝ Կիպրոսի ներկայիս մայրաքաղաքը։ Լեդրա հնագույն քաղաք–պետության մասին ոչ մի տեղեկություն չի պահպանվել։ Բայց Նիկոսիայի կենտրոնում, որը շրջապատված է 16–րդ դարում վենետիկյան ոճով կառուցված պատերով, կա մի աշխույժ, նեղ փողոց, որը կրում է Լեդրա անունը։ Մենք չգիտենք Պողոսը գնա՞ց Լեդրա, թե՝ ոչ։ Աստվածաշունչը պարզապես հայտնում է, որ նրանք «շրջե[ցին] ամբողջ կղզին» (Գործք 13։6, ԷԹ)։ Մի աշխատության մեջ ասվում է, որ «սա հավանաբար նշանակում է, որ նրանք այցելեցին Կիպրոսի համարյա բոլոր հրեական համայնքները» («The Wycliffe Historical Geography of Bible Lands»)։
Կիպրոսում Պողոսը ցանկանում էր որքան հնարավոր է շատ մարդկանց հետ զրուցել։ Ուստի հավանական է, որ նա Լեդրայից ուղղվել է դեպի հարավ՝ Ամատոս և Կուրիոն՝ բազմազգ քաղաքներ, որտեղ հասարակությունը ծաղկում ու բարգավաճում էր։
Կուրիոնը գտնվում էր ծովի մակերևույթից բավական բարձր՝ ժայռերի վրա, որոնք գրեթե ուղղահայաց դիրքով կախված էին ներքևում գտնվող լողափերի վրա։ Այս հրաշալի հունա–հռոմեական քաղաքը քանդվել է մ.թ. 77 թ. այն նույն երկրաշարժից, որից ավերվեց Սաղամինան։ Այժմ կան Ապոլոնին նվիրված տաճարի ավերակներ։ Այդ տաճարը կառուցված է եղել մ.թ. 100 թ.–ին։ Կուրիոնի մարզադաշտում կարող էր տեղավորվել 6 000 հանդիսատես։ Քաղաքի շատ բնակիչներ շռայլ կյանք են վարել, և դա կարելի է տեսնել այն գեղեցիկ խճանկարներից, որոնք զարդարել են նույնիսկ անձնական վիլլաների հատակները։
Դեպի Պափոս
Գեղատեսիլ ճանապարհը գինու արտադրությամբ զբաղվող մի շրջանի միջով Կուրիոնից շարունակվում է դեպի արևմուտք, աննկատելիորեն վեր է բարձրանում ու բոլորովին անսպասելիորեն ոլոր–մոլոր ցած սլանում ժայռերի միջով մինչև գլաքարերով պատված ծովափը։ Հունական դիցաբանության համաձայն՝ հենց այստեղ է ծովը ծնել Աֆրոդիտե աստվածուհուն։
Կիպրոսում հունական աստվածներից ամենամեծ ճանաչումը վայելում էր Աֆրոդիտեն, և մարդիկ մինչև մ.թ. երկրորդ դարը ջերմեռանդորեն երկրպագում էին նրան։ Աֆրոդիտեի երկրպագության կենտրոնը Պափոսում էր։ Ամեն տարի գարնանը նրա պատվին մեծ տոն էր նշվում։ Տոնակատարություններին ներկա գտնվելու համար ուխտագնացներ էին գալիս Փոքր Ասիայից, Եգիպտոսից, Հունաստանից, նույնիսկ հեռավոր Պարսկաստանից։ Երբ Կիպրոսը Պտղոմեյանների դինաստիայի տիրապետության տակ էր, կղզու բնակիչները ծանոթացան փարավոնների պաշտամունքին։
Պափոսը Կիպրոսի հռոմեական մայրաքաղաքն էր և փոխանորդ բդեշխի նստավայրը։ Այնտեղ պղնձե դրամներ էին հատում։ Պափոսը նույնպես ավերվեց երկրաշարժից մ.թ.ա. 15 թ.–ին, և ինչպես որ Սաղամինայի դեպքում, Օգոստոս կայսրը դրամական միջոցներ տրամադրեց քաղաքի վերակառուցման համար։ Պեղումները վկայում են առաջին դարում Պափոսի բնակիչների շքեղ ապրելակերպի մասին՝ լայն փողոցներ, ճոխ զարդարված վիլլաներ, երաժշտական դպրոցներ, գիմնասիոններ և ամֆիթատրոն։
Պողոսը, Բառնաբասը և Հովհաննես Մարկոսը այցելեցին հենց այս Պափոս քաղաքը և այստեղ էր, որ փոխանորդ բդեշխ Սերգիոս Պողոսը՝ ‘մի իմաստուն մարդ’, ‘ուզում էր լսել Աստծո խոսքը’, թեև Եղիմաս մոգը ուժգին հակառակություն էր ցույց տալիս։ Փոխանորդ բդեշխը ‘զարմացել էր Տիրոջ վարդապետության վրա’ (Գործք 13։6–12)։
Կիպրոսում իրենց քարոզչական գործունեությունը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո միսիոներները շարունակեցին իրենց քարոզչությունը Փոքր Ասիայում։ Պողոսի միսիոներական առաջին ճանապարհորդությունը շատ կարևոր իրադարձություն էր ճշմարիտ քրիստոնեության տարածման համար։ Մի գրքում ասվում է, որ դա «իսկապես քրիստոնեական առաքելության և.... Պողոսի միսիոներական կյանքի սկիզբն էր»։ Այնտեղ նաև նշվում է. «Քանի որ Կիպրոսը գտնվում էր դեպի Սիրիա, Փոքր Ասիա և Հունաստան տանող ծովային ճանապարհների խաչմերուկում, թվում է, որ հենց այն պետք է լիներ միսիոներների ծրագրած առաջին վայրը» («St. Paul’s Journeys in the Greek Orient»)։ Բայց դա միսիոներական ծառայության միայն սկիզբն էր։ Անցել է մոտ 2 000 տարի, բայց քրիստոնյա միսիոներները շարունակում են իրենց գործունեությունը և իսկապես կարելի է ասել, որ Եհովայի Թագավորության բարի լուրը բառի բուն իմաստով հասել է «մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։8)։
[քարտեզներ 20–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Կիպրոս
ՆԻԿՈՍԻԱ (Լեդրա)
Պափոս
Կուրիոն
Ամատոս
Լառնակա
Սաղամինա
ԿԻՐԵՆԵԻԱՅԻ ԼՇ.
ՄԵՍԱՈՐԻԱՅԻ ՀԱՐԹԱՎԱՅՐ
ՏՐՈՈԴՈՍ ԼՇ.
[նկար 21–րդ էջի վրա]
Սուրբ ոգով լցված՝ Պողոսը Պափոսում կուրացրեց Եղիմաս մոգին