«Կիտացիների նավերը» սլանում են ծովերով
ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ծովի արևելյան հատվածում տեղի են ունեցել բազմաթիվ ծովամարտեր։ Փորձենք պատկերացնել դրանցից մեկը, որ տեղի է ունեցել մ.թ.ա. հինգերորդ դարում։ Մեծ մանևրայնությամբ մի նավ, որը կոչվում է «տրիրեմ», ընթանում է ամբողջ արագությամբ։ Մոտ 170 մկանուտ թիավարներ, որոնք երեք շարքերով նստել են նավի երկու կողմերում, հետ ու առաջ են սահում իրենց նստատեղին ամրացված կաշվե բարձիկների վրա։
Նավը յոթից ինը հանգույց (ժամում 13–17 կիլոմետր) արագությամբ, ալիքները ճեղքելով, սլանում է դեպի թշնամու մարտանավը։ Թիրախը փորձում է խույս տալ։ Վճռորոշ պահին նա սխալ է թույլ տալիս, և նրա կողային մասը խոցելի է դառնում։ Տրիրեմի բրոնզապատ նավախոյը՝ սուր քիթը, խրվում է հակառակորդի բարակ նավակողի մեջ։ Ջարդվող կմախքի ճռնչյունը և բացված ճեղքից ներս հորդող ջրի ձայնը ահ ու սարսափի մեջ են գցում հակառակորդի թիավարներին։ Իսկ լավ սպառազինված ռազմիկները արագորեն անցնում են կամրջակով և գրոհում վնասված նավը։ Այո, հին ժամանակներում որոշ նավեր լուրջ վտանգ էին ներկայացնում։
Աստվածաշունչ ուսումնասիրող մարդկանց շատ են հետաքրքրում «կիտացիների նավեր» և «Կիտիմ» արտահայտությունները, որոնք առանձին դեպքերում կապ ունեն մարգարեությունների հետ (Թուոց 24։24; Դանիէլ 11։30; Եսայիա 23։1, 12)։ Իսկ որտե՞ղ էր գտնվում Կիտիմը։ Ի՞նչ գիտենք կիտացիների նավերի մասին։ Ինչո՞ւ պետք է այս հարցերի պատասխանները հետաքրքրեն մեզ։
Հրեա պատմաբան Հովսեպոսը Կիտիմն անվանում է «Հեթիմոս»՝ նկատի ունենալով Կիպրոս կղզին։ Կիտիոն (կամ Սիշիում) քաղաքը, որը գտնվում էր կղզու հարավարևելյան մասում, նույնպես փաստում է, որ «Կիտիմը» կապ ունի Կիպրոսի հետ։ Կիպրոսի աշխարհագրական դիրքը անչափ նպաստավոր էր կղզու բնակիչների համար։ Այն գտնվում էր առևտրական ճանապարհների խաչմերուկում և, բացի այդ, մոտ էր Միջերկրական ծովի արևելյան նավահանգիստներին։ Իր աշխարհաքաղաքական դիրքի պատճառով նա ստիպված էր բռնել իրար հետ կռվող երկրներից մեկի կողմը. կա՛մ դառնում էր դաշնակից, կա՛մ էլ խոչընդոտ ինչ–որ երկրի ճանապարհին։
Կիպրացիները և ծովը
Հնագիտական պեղումները ծովում, ինչպես նաև դամբարանների, հին գրությունների ու կավի վրա արված պատկերների ուսումնասիրությունները օգնում են մեզ հասկանալ, թե ինչպիսին են եղել կիպրական նավերը։ Հին կիպրացիները հմուտ նավաշինարարներ էին։ Նրանց կղզին պատված էր խիտ անտառներով, իսկ բնականորեն պաշտպանված ծովածոցերը հարմար էին նավերի կայանման համար։ Ծառերի հատումը միայն նավեր կառուցելու նպատակով չէր կատարվում։ Փայտը՝ որպես վառելանյութ, օգտագործվում էր նաև պղնձի մշակման մեջ։ Իր պղինձով Կիպրոսը հին աշխարհում հայտնի է եղել։
Կիպրացիները աշխույժ առևտուր էին անում այլ երկրների հետ։ Դա չվրիպեց փյունիկեցիների ուշադրությունից, որոնք գաղութներ էին հաստատում իրենց առևտրական երթուղիների մեջ մտնող վայրերում։ Կիպրոսում այդպիսի մի գաղութ էր Կիտիոնը (Եսայիա 23։10–12)։
Տյուրոսի անկումից հետո նրա բնակիչների մի մասը, ըստ ամենայնի, ապաստան գտավ Կիտիմում։ Հավանաբար, փյունիկեցի գաղութարարները, որոնք փորձառու ծովագնացներ էին, մեծապես նպաստեցին նավաշինության զարգացմանը Կիպրոսում։ Կիտիոնի ռազմավարական դիրքի շնորհիվ փյունիկյան նավերը կարող էին լավ պաշտպանված լինել։
Աշխույժ միջազգային առևտուր
Այդ ժամանակներում Միջերկրական ծովի արևելքում առևտուրը բավական աշխույժ էր։ Կիպրական նավերը թանկարժեք ապրանքներ էին տեղափոխում Կրետե, Սարդինիա, Սիցիլիա, ինչպես նաև Էգեյան ծովի կղզիներ։ Այդ վայրերում կիպրական սափորներ ու սկահակներ են հայտնաբերվել, իսկ Կիպրոսում հայտնաբերվել են մեծ քանակությամբ միկենյան (հելլենական) կավեղեն առարկաներ։ Գիտնականները, ուսումնասիրելով Սարդինիայում գտնված պղնձի ձուլակտորները, ենթադրում են, որ դրանք պատրաստվել են Կիպրոսում։
1982 թ.–ին Թուրքիայի հարավային ափամերձ ջրերում հայտնաբերվեց մ.թ.ա. 14–րդ դարի վերջում նավաբեկության ենթարկված մի նավ։ Ստորջրյա պեղումների արդյունքում գտնվեցին տարբեր տեսակի թանկարժեք առարկաներ՝ պղնձի ձուլակտորներ, որոնք, գիտնականների կարծիքով, Կիպրոսից էին, սաթ, քանանական սափորներ, էբենոսափայտ, փղի ժանիքներ, քանանական ոսկե և արծաթե զարդերի հավաքածու, Եգիպտոսից բերված կոյաբզեզներ՝ բզեզի տեսքով զարդեր, և այլ առարկաներ։ Ուսումնասիրելով նավում գտնված կավը՝ որոշ մասնագետներ եզրակացրել են, որ նավը կիպրական ծագում ունի։
Հետաքրքիր է, որ Բաղաամն իր «պատգամում» խոսել է «կիտացիների նավերի» մասին մոտավորապես այն ժամանակ, երբ վերոհիշյալ նավը կործանվել է (Թուոց 24։15, 24)։ Ակներևաբար այդ ժամանակ Մերձավոր Արևելքում կիպրական նավերն արդեն բավական հայտնի են եղել։ Ի՞նչ տեսք ունեին այդ նավերը։
Առևտրական նավերը
Կիպրական հին Ամատոս քաղաքի գերեզմաններում հայտնաբերվել են նավերի և մակույկների բազմաթիվ կավե արձանիկներ։ Դրանք արժեքավոր տեղեկություններ են տալիս, թե ինչպիսին են եղել կիպրական նավերը։ Այդ արձանիկներից մի քանիսը դրված են թանգարաններում։
Կավե արձանիկներից երևում է, որ վաղ շրջանում նավերը խաղաղ՝ առևտրական նպատակներով էին օգտագործվում։ Փոքր նավերը շարժման մեջ էին դրվում սովորաբար 20 թիավարների կողմից։ Լայն և խոր կմախք ունեցող նավերը նախատեսված էին ապրանքներ և ուղևորներ տեղափոխելու համար։ Այդ ճանապարհորդությունները կատարվում էին Կիպրոսի ափերի երկայնքով և սովորաբար կարճատև էին լինում։ Պլինիոս Ավագը նշում է, որ կիպրացիները պատրաստում էին փոքր ու թեթև թիանավեր, որոնք ունեին մինչև 90 տոննա բեռնատարողություն։
Հետագայում կառուցվեցին ավելի մեծ առևտրական նավեր։ Այդպիսի օրինակ է Թուրքիայի ափերին հայտնագործված նավը։ Դրանցից մի քանիսը կարող էին բաց ծովում տանել մինչև 450 տոննա բեռ։ Մեծ նավերը թիավարում էին մոտ 50 հոգի՝ նավի յուրաքանչյուր կողմում՝ 25 մարդ։ Նրանց երկարությունը հասնում էր 30 մետրի, իսկ կայմի բարձրությունը՝ 10 մետրի։
Կիտիմի ռազմանավերը Աստվածաշնչի մարգարեություններում
Եհովայի սուրբ ոգու ազդեցությամբ այսպիսի խոսքեր ասվեցին. «Նաւեր կ’գան Կիտացիների եզերքներիցը եւ կ’չարչարեն Ասուրին» (Թուոց 24։2, 24)։ Իրականացա՞վ այս կանխագուշակությունը։ Ի՞նչ կապ ունեին կիպրական նավերը մարգարեության կատարման հետ։ «Կիտացիների եզերքներից եկած նավերը» խաղաղ առևտրական նավեր չէին, որոնք լողում էին Միջերկրական ծովում։ Դրանք կործանարար ռազմանավեր էին։
Ռազմական պահանջները ժամանակի ընթացքում փոխվեցին։ Անհրաժեշտություն առաջացավ ունենալու ավելի արագ և հզոր նավեր։ Ամատոսում հայտնաբերվել է մի նկար, որտեղ, ըստ երևույթին, պատկերված է կիպրական հնագույն ռազմանավ։ Այն երկար ու նեղ է՝ նավախելի ծայրը դեպի վեր ու ներս թեքված, և նման է փյունիկյան ռազմանավերին։ Ուներ նավախոյ, իսկ նավախելի և նավաքթի մոտ՝ կողամասերում, կլորավուն պաշտպանական շերտ։ Հին կիպրական ռազմանավերը թերևս նման էին այդ նկարի նավին։
Մ.թ.ա. ութերորդ դարում Հունաստանում ստեղծվեցին առաջին բիրեմները (յուրաքանչյուր կողմում թիակների երկու շարք ունեցող նավեր)։ Դրանց երկարությունը մոտ 24 մետր էր, լայնությունը՝ 3 մետր։ Սկզբում նավերն օգտագործվում էին զինվորներ տեղափոխելու համար, իսկ բուն մարտը տեղի էր ունենում ցամաքում։ Շուտով հասկացան, որ թիակների երրորդ շարք ավելացնելն ավելի մարտունակ է դարձնում նավը, իսկ նավաքթին ամրացրին բրոնզապատ սուր ծայր՝ նավախոյ։ Այդպիսի նավը ստացավ «տրիրեմ» անունը, ինչպես որ նշվեց հոդվածի սկզբում։ Նավի այս տեսակը հայտնի դարձավ Սալամինի ծովամարտից (մ.թ.ա. 480), երբ հույները հաղթեցին պարսիկներին։
Ավելի ուշ Ալեքսանդր Մակեդոնացին, մեծ նվաճումների ձգտելով, տրիրեմներից բաղկացած իր նավատորմն ուղղեց արևելք։ Այդ նավերում բավականաչափ տեղ չկար պաշարներ վերցնելու համար, ուստի դրանք նախատեսված էին միայն մարտերի և ոչ թե բաց ծովով երկարատև նավարկելու համար։ Այդ իսկ պատճառով նրանք կանգառներ էին անում Էգեյան ծովի կղզիներում՝ սննդի պաշարը լրացնելու և նավերը նորոգելու նպատակով։ Ալեքսանդրը ցանկանում էր ջախջախել պարսկական նավատորմը։ Նախևառաջ, սակայն, նա պետք է գրավեր Տյուրոսի՝ կղզու վրա գտնվող անառիկ ամրոցը։ Ճանապարհին Ալեքսանդր Մակեդոնացին կանգ առավ Կիպրոսում։
Կիպրացիներն աջակցեցին Մակեդոնացուն Տյուրոսի պաշարման ժամանակ (մ.թ.ա. 332)՝ նրան տալով 120 նավ։ Բացի այդ, կիպրացի երեք թագավորներ իրենց նավատորմերով միացան Ալեքսանդրին։ Նրանք մասնակցեցին Տյուրոսի յոթնամսյա պաշարմանը։ Քաղաքն ընկավ, և դրանով կատարվեց աստվածաշնչային մարգարեությունը (Եզեկիէլ 26։3, 4; Զաքարիա 9։3, 4)։ Հայտնելով իր երախտագիտությունը՝ Ալեքսանդրը հատուկ իշխանություն տվեց կիպրացի թագավորներին։
Ուշագրավ կատարում
Առաջին դարի պատմաբան Ստրաբոնն ասում է, որ Ալեքսանդր Մակեդոնացին, մտադրվելով ներխուժել Արաբիա, Կիպրոսից և Փյունիկիայից նավեր բերել տվեց։ Դրանք թեթև էին, կարող էին հեշտությամբ քանդվել ու հավաքվել, ուստի ընդամենը յոթ օրում հասան Թափսակոս (Թափսա), որը գտնվում էր Ասորիքի հյուսիսում (Գ Թագաւորաց 4։24)։ Այնտեղից հնարավոր էր գետով իջնել Բաբելոն։
Աստվածաշնչում կա մի մարգարեություն, որն առաջին հայացքից անհասկանալի է թվում։ Այդուհանդերձ, այն ուշագրավ կերպով կատարվեց գրվելուց մոտ տասը դար անց։ Թուոց 24։24–ում գրվածը համահունչ է այն բանին, որ Ալեքսանդր Մակեդոնացու զորքը, սկսելով Մակեդոնիայից, անխափան ընթացավ դեպի արևելք և նվաճեց Ասուրի՝ Ասորեստանի երկիրը՝ ջախջախելով հզոր Մարա–Պարսկական կայսրությունը։
Թեև «կիտացիների նավերի» մասին տեղեկությունները սակավ են, բայց եղածը բավական է համոզվելու համար, որ այդ աստվածաշնչյան մարգարեությունն իսկապես հիասքանչ կատարում է ունեցել։ Այդպիսի պատմական փաստերը է՛լ ավելի են մեզ լցնում համոզվածությամբ, որ Աստվածաշնչի մարգարեությունները վստահելի են։ Դրանցից շատերը վերաբերում են հենց մեր ապագային։ Ուստի ճիշտ կվարվենք, եթե լրջորեն վերաբերվենք այդ մարգարեություններին։
[Քարտեզ 16–րդ, 17–րդ էջերի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
ԻՏԱԼԻԱ
Սարդինիա
Սիցիլիա
Էգեյան ծով
ՀՈՒՆԱՍՏԱՆ
Կրետե
ԼԻԲԻԱ
ԹՈՒՐՔԻԱ
ԿԻՊՐՈՍ
Կիտիոն
Տյուրոս
ԵԳԻՊՏՈՍ
[նկար 16–րդ էջի վրա]
Հունական ռազմանավի՝ տրիրեմի մոդել
[թույլտվությամբ]
Pictorial Archive (Near Eastern History) Est.
[նկար 17–րդ էջի վրա]
Հին փյունիկյան ռազմանավի՝ բիրեմի մոդել
[թույլտվությամբ]
Pictorial Archive (Near Eastern History) Est.
[նկար 17–րդ էջի վրա]
Սկահակ՝ կիպրական նավի պատկերով
[թույլտվությամբ]
Published by permission of the Director of Antiquities and the Cyprus Museum
[նկար 18–րդ էջի վրա]
Հին բեռնանավեր, որոնց մասին հիշատակվում է, օրինակ, Եսայիա 60։9–ում