Կյանքին ի՞նչն է իրական իմաստ տալիս
ԵՐԲ Ջեսիին՝ դպրոցում սովորող 17–ամյա մի պատանու հարցրեցին, թե որն է կյանքի իմաստը, նա պատասխանեց. «Զվարճացիր ինչքան կարող ես և այնքան ժամանակ, քանի դեռ կենդանի ես»։ Սյուզին այլ կարծիք ուներ։ Նա ասաց. «Ես իրոք համոզված եմ, որ կյանքին դու ինքդ ես իմաստ տալիս»։
Մտածե՞լ ես կյանքի իմաստի մասին։ Արդյո՞ք մարդկության համար կա մեկ ընդհանուր նպատակ։ Թե՞ ճշմարիտ են Սյուզիի խոսքերը. կյանքը ընդհանուր առմամբ այնպիսին է, ինչպիսին մենք ենք այն կառուցում։ Անկախ նրանից, թե մարդկությունը տեխնիկայի բնագավառում ինչ առաջընթաց է ապրում՝ մենք ներքին ձգտում ունենք կյանքում իմաստ գտնելու։ Գալիս է մի պահ, երբ մեզանից շատերն իրենց հարց են տալիս. «Ինչո՞ւ ենք ապրում»։
Ժամանակակից գիտությունը ամեն բան արել է այս հարցին պատասխանելու համար։ Ի՞նչ արդյունքով։ Հոգեբանության և կենդանաբանության պրոֆեսոր Դեյվիդ Բարաշը ասում է. «Կենդանի լինելն ինքնին իմաստ չի կրում էվոլյուցիայի մեջ»։ Էվոլյուցիային հավատացող կենսաբանների տեսանկյունից՝ կենդանի արարածները միայն մեկ նպատակ ունեն՝ գոյատևել ու սերունդ առաջ բերել։ Ուստի պրոֆեսոր Բարաշը եզրակացնում է. «Հսկայական տիեզերքում, որը զուրկ է նպատակից և անտարբեր է մարդկանց հանդեպ, մենք ինքներս ենք պատասխանատու կյանքին իմաստ տալու համար և դա անում ենք ազատորեն, խղճի թելադրանքով և մտածված ընտրություններ կատարելու միջոցով»։
Իմաստի և նպատակի Աղբյուրը
Բայց արդյո՞ք կյանքի միակ նպատակն այն է, որ ամեն մեկս անի իր ուզածը։ Աստվածաշունչը վաղուց ի վեր հայտնել է, որ մենք երկրի վրա ապրում ենք ինչ–որ նպատակով, ուստի մենք հենց այնպես չենք թափառում իմաստից ու նպատակից զուրկ մի տիեզերքում։ Մենք չենք առաջացել տիեզերքում տեղի ունեցած ինչ–որ պատահարի արդյունքում։ Գիտենք, որ Արարիչը երկար տարիների ընթացքում է պատրաստել երկիրը մարդու գոյության համար։ Ոչ մի բան չի թողնվել պատահականությանը։ Աստված հոգ է տարել, որ ամեն բան «շատ բարի» լինի (Ծննդոց 1։31; Եսայիա 45։18)։ Ինչո՞ւ։ Որովհետև Աստված մարդու առնչությամբ նպատակ ուներ։
Բայց հետաքրքիր է, որ Աստված չի կանխորոշել յուրաքանչյուր անհատի ապագան՝ անձամբ միջամտելով կամ կենսաբանական ինչ–որ գործընթացի միջոցով։ Թեև մեր ժառանգած գեներն ազդում են մեզ վրա, սակայն մեծ մասամբ մենք կարող ենք վերահսկել մեր արարքները։ Բոլորս ազատ ենք կյանքի ուղի ընտրելու մեջ։
Թեպետ մենք ինքներս ենք որոշում, թե ինչպես տնօրինել մեր կյանքը, սակայն սխալ կլինի ինչ–որ բան ծրագրելիս չհիշել Արարչին։ Իրականում շատերն են համոզվել, որ կյանքի իսկական իմաստը և նպատակը կապված է Աստծո հետ փոխհարաբերություններ ունենալու հետ։ Աստծո և մեր կյանքի նպատակի միջև եղած կենսական կապը հստակ երևում է Աստծո անձնանվան մեջ՝ Եհովա, որ բառացիորեն նշանակում է «նա դարձնում է» (Ելից 6։3; Սաղմոս 83։18)։ Այսինքն՝ նա աստիճանաբար կատարում է ամեն բան, որ խոստանում է, և միշտ ավարտին է հասցնում այն, ինչ նպատակադրել է (Ելից 3։14; Եսայիա 55։10, 11)։ Մտածիր այդ մասին։ Եհովա անունը բոլորիս համար երաշխիք է այն բանի, որ նա իմաստալից նպատակի սկզբնական և հավիտենական Աղբյուրն է։
Արարչի գոյությունն ընդունելը խոր ազդեցություն է թողնում կյանքի մասին անհատի տեսակետի վրա։ 19–ամյա Լինեթը ասում է. «Երբ տեսնում եմ, թե Եհովան ինչ հրաշալի բաներ է ստեղծել, և թե որն է դրանց նպատակը, հասկանում եմ, որ ես էլ եմ որոշակի նպատակով ստեղծվել»։ Ամբերը նշում է. «Երբ մարդիկ խոսում են «անհայտի» մասին, դա միշտ ինձ հիշեցնում է, որ ես գիտեմ նրան։ Եհովայի գոյության ապացույցը պարզապես իր ստեղծած բաներում է» (Հռովմայեցիս 1։20)։ Բայց, իհարկե, գիտակցել, որ Արարիչ կա, մի բան է, իսկ նրա հետ իմաստալից փոխհարաբերություններ զարգացնելը՝ մեկ այլ բան։
Ընկերություն Աստծո հետ
Աստվածաշունչն այս հարցում ևս օգնում է մեզ։ Առաջին գլուխները հստակ ցույց են տալիս, որ Եհովա Աստված սիրող Հայր է։ Օրինակ՝ ստեղծելով Ադամին ու Եվային, Աստված նրանց անտեղյակ չթողեց, թե ով է ինքը։ Ընդհակառակը՝ նա կանոնավորաբար հաղորդակցվում էր նրանց հետ։ Նա չզբաղվեց այլ գործերով ու չլքեց մարդկանց Եդեմում՝ թողնելով, որ իրենք գտնեն իրենց կյանքի ուղին։ Փոխարենը՝ նա նրանց առանձնահատուկ առաջնորդություն տվեց, թե ինչպես լավագույն ձևով ապրեն։ Նա Ադամին ու Եվային բավականություն պատճառող գործ տվեց և հոգ տարավ նրանց շարունակական կրթության մասին (Ծննդոց 1։26–30; 2։7–9)։ Մի՞թե հենց այդ չէիր ակնկալի բանիմաց, սիրող ծնողից։ Այժմ մտածիր, թե ինչ է դա նշանակում։ Դանիելան ասում է. «Իմանալով, որ Եհովան ստեղծել է երկիրը և մեզ օժտել իր արարչագործությունը վայելելու ունակությամբ, ես համոզվում եմ, որ նա ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք»։
Ավելին, ցանկացած սիրող հոր նման, Եհովան ուզում է, որ իր բոլոր զավակները անձնական փոխհարաբերություններ ունենան իր հետ։ Այդ առնչությամբ Գործք 17։27 համարը մեզ հավաստիացնում է. «Ինքը հեռու չէ մեր ամեն մէկիցը»։ Ի՞նչ է դա մեզ տալիս։ Ամբերն ասում է. «Եհովային ճանաչելն ինձ վստահեցնում է այն բանում, որ ես երբեք ամբողջովին մենակ չեմ։ Ցանկացած իրավիճակում կա մեկը, որին կարող եմ դիմել»։ Բացի այդ, երբ ճանաչես Եհովային, կտեսնես, որ նա բարի է, արդար և սիրալիր։ Դու կարող ես հույս դնել նրա վրա։ «Երբ Եհովան դարձավ իմ մտերիմ ընկերը,— ասում է Ջեֆը,— ես հասկացա, որ նրանից բացի, ուրիշ ոչ ոք այդչափ պատրաստ չէ լինել իմ կողքին»։
Ցավոք, Եհովայի մասին շատ բացասական բաներ են ասվել։ Նրան մեղադրել են մարդկանց ծանր տառապանքի և կրոնականների սխալ վարքի մեջ։ Մարդկային պատմության ամենադաժան արարքներից մի քանիսը վերագրվել են Աստծուն։ Բայց Բ Օրինաց 32։4, 5 համարներում ասվում է. «Նորա ամեն ճանապարհները իրաւունք են.... Ապականուեցան նորա դէմ. նորա որդիքը չեն. իրանցն է արատը»։ Ուստի մենք պարտավոր ենք քննել փաստերը (Բ Օրինաց 30։19, 20)։
Աստծո նպատակը՝ իրականացած
Անկախ մեր բռնած դիրքից՝ ոչինչ ետ չի պահի Աստծուն երկրի և մարդկության առնչությամբ իր նպատակը լիովին իրականացնելուց։ Հիշենք, որ նա է Արարիչը։ Իսկ ո՞րն է նրա նպատակը։ Հիսուս Քրիստոսը նշեց այդ մասին իր Լեռան քարոզում, երբ ասաց. «Երանի հեզերին, որ նորանք կ’ժառանգեն երկիրը»։ Հետագայում իր առաքյալ Հովհաննեսին նա ասաց, որ Աստված վճռել է «երկիրն ապականողներին ապականե[լ]» (Մատթէոս 5։5; Յայտնութիւն 11։18)։ Քանի որ արարչագործության ընթացքում Հիսուսն Աստծո հետ է եղել, նա գիտի, որ հենց սկզբից Աստծո նպատակն էր, որ մարդկային կատարյալ ընտանիքը հավիտյան բնակվեր դրախտ–երկրի վրա (Ծննդոց 1։26, 27; Յովհաննէս 1։1–3)։ Իսկ Աստված չի փոփոխվում (Մաղաքիա 3։6)։ «Անշուշտ ինչպէս որ խորհել եմ,— խոստանում է Աստված,— այնպէս կ’լինի, եւ ինչպէս որ որոշել եմ՝ նա կ’կատարուի» (Եսայիա 14։24)։
Մեր ժամանակներում Եհովան արդեն իսկ սկսել է հիմք դնել միասնական մի հասարակության, որն առաջնորդվում է ոչ թե ագահությամբ և անձնական շահերով, ինչպես որ մարդկանց մեծամասնությունը, այլ Աստծո և դրացու հանդեպ սիրով (Յովհաննէս 13։35; Եփեսացիս 4։15, 16; Փիլիպպեցիս 2։1–4)։ Դա մի հասարակություն է, որը բաղկացած է առաջադեմ և ակտիվ անհատներից, որոնք ցանկանում են լինել այդ հասարակության մի մասը, որի առաքելությունն է՝ քարոզել Աստծո գալիք Թագավորության բարի լուրը նախքան այս համակարգի կործանումը (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Ավելի քան 230 երկրներում վեց միլիոնից ավելի քրիստոնյաներ, որոնք միավորված են սիրող միջազգային եղբայրության մեջ, արդեն այսօր միասին երկրպագում են Աստծուն։
Կյանքիդ իմաստ տուր
Եթե կյանքում ավելի մեծ իմաստ ես փնտրում, իմացիր, որ Եհովա Աստված այժմ հրավիրում է քեզ ընկերակցել իր ժողովրդի՝ իր ‘արդար ժողովրդի’ հետ (Եսայիա 26։2)։ Բայց գուցե մտածես. «Ինչպիսի՞ն է կյանքը այդ քրիստոնեական հասարակության մեջ։ Իսկապե՞ս ուզում եմ լինել այդ մարդկանց թվում»։ Տես, թե ինչ են ասում որոշ երիտասարդներ.
Քուենթին. «Ժողովը այն տեղն է, որտեղ կարող եմ աշխարհից պատսպարվել։ Ես գիտակցում եմ, որ Եհովան կարևոր տեղ ունի իմ կյանքում, և դա ինձ օգնում է տեսնել, որ նա գոյություն ունի և ցանկանում է, որ ես երջանիկ լինեմ»։
Ջեֆ. «Ժողովը լավագույն տեղն է, ուր կարող եմ գնալ քաջալերություն ստանալու համար։ Այնտեղ են եղբայրներս ու քույրերս, որոնք պատրաստ են ինձ օգնել ու գովել։ Նրանք իմ մեծ ընտանիքն են»։
Լինեթ. «Երբ տեսնում ես, թե ինչպես է մեկն ընդունում աստվածաշնչյան ճշմարտությունը և որոշում ծառայել Եհովային, այնպիսի ուրախություն ես ստանում, որը ոչ մի բանի հետ չի կարող համեմատվել։ Կյանքում դա ինձ մեծ բավականություն է պատճառում»։
Կոդի. «Առանց Եհովայի՝ կյանքս անարժեք կլիներ։ Ինչպես շատ ուրիշներ, այնպես էլ ես տարբեր բաներ կփորձեի անել, որպեսզի երջանկություն գտնեի, բայց այդպես էլ չէի գտնի։ Իսկ Եհովան ինձ տվել է աննկարագրելի առանձնաշնորհում՝ իր հետ ունենալ լավ փոխհարաբերություններ, և դա իմ կյանքին իմաստ է տալիս»։
Դու էլ կարող ես փորձել նույնը անել։ Դու կտեսնես, որ քո Արարչին՝ Եհովա Աստծուն մոտենալու շնորհիվ կյանքիդ իրական իմաստ կտաս։
[նկարներ 31–րդ էջի վրա]
Աստծո հետ փոխհարաբերությունը մեր կյանքին իմաստ է տալիս
[նկար 29–րդ էջի վրա. թույլտվությամբ]
NASA photo