Ընթերցողների հարցերը
Ինչո՞ւ են Եհովայի վկաները «Յայտնութիւն» գրքում նշված 144 000 թիվը բառացի հասկանում և ոչ թե այլաբանորեն։
Հովհաննես առաքյալը գրեց. «Կնքուածների համարը [«թիւը», ԷԹ] լսեցի հարիւր քառասունեւչորս հազար» (Յայտնութիւն 7։4)։ Աստվածաշնչում «կնքվածներ» բառը վերաբերում է ընտրյալ մարդկանց մի խմբի, որը Քրիստոսի հետ երկնքից կիշխի գալիք դրախտ–երկրի վրա (Բ Կորնթացիս 1։21, 22; Յայտնութիւն 5։9, 10; 20։6)։ Նրանց թիվը՝ 144 000, բառացի է հասկացվում մի քանի պատճառներով։ Դրանցից մեկը կարելի է տեսնել անմիջապես Յայտնութիւն 7։4–ի համատեքստում։
Հովհաննես առաքյալը տեսավ մեկ այլ խումբ այն բանից հետո, երբ տեսիլքում իրեն տեղեկացվեց այդ 144 000 անհատներից բաղկացած խմբի մասին։ Նա նշում է, որ այդ խմբի անդամները «մի շատ ժողովուրդ [էին,] որ ոչ ով չէր կարող համարել, ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից»։ Այս «շատ» ժողովուրդը, կամ՝ մեծ բազմությունը, բաղկացած է այն անհատներից, ովքեր կվերապրեն գալիք «մեծ նեղութիւնիցը», որը վերջ կդնի ներկա ամբարիշտ աշխարհին (Յայտնութիւն 7։9, 14)։
Ուշադրություն դարձրեք, սակայն, թե ինչ հակադրություն է Հովհաննեսը ստեղծում «Յայտնութիւն» գրքի 7–րդ գլխի 4–րդ և 9–րդ համարների միջև։ Համաձայն նրա գրածի՝ առաջին խմբի՝ «կնքուածների» թիվը որոշակի է, այնինչ երկրորդ խմբի՝ ‘շատ ժողովրդի’ թիվն անորոշ է։ Ելնելով սրանից՝ տրամաբանական է գալ այն եզրակացության, որ 144 000 թիվը պետք է բառացիորեն հասկանալ։ Եթե 144 000 թիվը խորհրդանշական լիներ ու վերաբերեր մի խմբի, որի անդամները անթիվ են, ապա այս երկու համարների միջև եղած հակադրությունը անիմաստ կլինի։ Այսպիսով՝ համատեքստը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ 144 000 թիվը պետք է հասկանալ բառացիորեն։
Անցյալի ու ներկայի տարբեր աստվածաշնչագետներ եկել են միևնույն եզրակացության, որ այդ թիվը բառացի է։ Օրինակ՝ մեկնաբանելով Յայտնութիւն 7։4, 9 համարները՝ բրիտանացի բառարանագիր դոկտոր Էթելբերտ Բուլինգերը մոտ հարյուր տարի առաջ նշել է. «Սա մի պարզ իրականության ձևակերպում է. որոշակի մի թիվ հակադրվում է նույն գլխում նշված անորոշ մի թվի հետ» («The Apocalypse or “The Day of the Lord», էջ 282)։ Իսկ վերջերս Ռոբերտ Թոմասը, որը ամերիկյան մի սեմինարիայի (New Testament at The Master’s Seminary) պրոֆեսոր է, գրեց. «Հիմք չկա ենթադրելու, թե այդ թիվը խորհրդանշական է»։ Նա ավելացնում է. «Դա [7։4–ում նշված] մի որոշակի թիվ է՝ ի տարբերություն 7։9–ում նշված անորոշ թվին։ Եթե այդ թիվը խորհրդանշական է, ապա գրքում նշված ոչ մի թիվ չի կարելի ընդունել բառացիորեն» («Revelation։ An Exegetical Commentary», հատոր 1, էջ 474)։
Ոմանք պնդում են, թե քանի որ «Յայտնութիւն» գիրքը հագեցած է այլաբանական լեզվով, ուրեմն այնտեղ նշված բոլոր թվերը, ներառյալ 144 000 թիվը պետք է խորհրդանշական իմաստով հասկանալ (Յայտնութիւն 1։1, 4; 2։10)։ Սակայն ակնհայտ է, որ նման հետևությունը հիմնավոր չէ։ Ճիշտ է, որ «Յայտնութիւն» գիրքը պարունակում է բազմաթիվ խորհրդանշական թվեր, բայց այն պարունակում է նաև բառացի թվեր։ Օրինակ՝ Հովհաննեսը խոսում է «Գառի տասնեւերկու առաքեալների տասնեւերկու անուններ[ի]» մասին (Յայտնութիւն 21։14)։ Միանգամայն պարզ է, որ այս համարում նշված 12 թիվը բառացի է ու ոչ թե խորհրդանշական։ Այլ օրինակ։ Հովհաննեսը գրում է Քրիստոսի իշխանության ‘հազար տարիների’ մասին։ Այս թիվը նույնպես պետք է բառացի հասկանալ, ինչպես Աստվածաշնչի մանրազնին քննությունն է բացահայտումa (Յայտնութիւն 20։3, 5–7)։ Ուստի այն, թե «Յայտնութիւն» գրքի ինչ–որ մի թիվ բառացի պետք է հասկանալ, թե այլաբանորեն, կախված է համատեքստից։
Աստվածաշնչի ուրիշ հատվածներ նույնպես հաստատում են, որ 144 000 թիվը պետք է բառացի հասկանալ, և որ այն վերաբերում է սահմանափակ թվով անհատների, որոնք հարաբերականորեն ավելի փոքր խումբ են կազմում, քան ‘մեծ բազմության’ (ԱԱ) անդամները։ Օրինակ՝ Հովհաննեսի ստացած տեսիլքում ավելի ուշ 144 000–ի մասին նշվում է, որ նրանք «փրկուեցան [«գնուեցան», ԱԱ] մարդկանցից.... իբրեւ երախայրի» (Յայտնութիւն 14։1, 4)։ «Երախայրի» բառը մատնանշում է փոքրաթիվ ընտրյալ անհատների։ Բացի այդ, Հիսուսը, գտնվելով երկրի վրա, խոսեց նրանց մասին, ովքեր իր հետ իր երկնային Թագավորության կառավարիչներ էին լինելու, ու նրանց անվանեց «փոքր հօտ» (Ղուկաս 12։32; 22։29)։ Իսկապես, մարդկանցից ընտրված այն անձինք, ովքեր երկնային կառավարիչներ կլինեն, սակավաթիվ են նրանց համեմատությամբ, ովքեր գալիք դրախտ–երկրի բնակիչներ կլինեն։
Եվ այսպես, Յայտնութիւն 7։4–ի համատեքստը, ինչպես նաև այս համարի հետ կապված այլ բացատրություններ, որ կան Աստվածաշնչի այլ հատվածներում, հաստատում են, որ 144 000 թիվը պետք է բառացիորեն հասկանալ։ Այդ թիվը վերաբերում է նրանց, ովքեր Քրիստոսի հետ երկնքից կկառավարեն դրախտային երկիրը, որը կլցվի Եհովա Աստծուն երկրպագող երջանիկ մարդկանցով, որոնց թիվը մեծ ու անորոշ կլինի (Սաղմոս 37։29)։
[ծանոթագրություն]
a Քրիստոսի Հազարամյա իշխանության մասին ավելի շատ տեղեկություն կարելի է ձեռք բերել «Յայտնութիւն. Անոր Հոյակապ Յանգումը Մօտ Է» գրքից (էջ 289, 290)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[մեջբերում 31–րդ էջի վրա]
Երկնային կառավարիչների թիվը սահմանափակ է՝ միայն 144 000
[նկար 31–րդ էջի վրա]
Մեծ բազմության թիվը սահմանափակ չէ
[նկար 31–րդ էջի վրա՞ թույլտվությամբ]
Stars: Courtesy of Anglo-Australian Observatory, photograph by David Malin