Որքա՞ն կարող է ապրել մարդը
ՀԱԶԱՐ ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՍՆԵՐԵՔ թվականի մարտի երեքին իսպանացի ճանապարհորդ Խուան Պոնսե դե Լեոնը մի նշանավոր ուղևորության դուրս եկավ։ Նավ նստելով Պուերտո Ռիկոյում՝ նա ճանապարհ ընկավ Բիմինի կղզի հասնելու ակնկալիքով։ Ըստ ավանդության՝ Պոնսե դե Լեոնը ցանկանում էր գտնել գերբնական մի ակունք՝ երիտասարդության աղբյուրը։ Բայց նա հասավ ժամանակակից Ֆլորիդայի ափերին (ԱՄՆ) և, իհարկե, այդպես էլ չգտավ իրականում գոյություն չունեցող այդ աղբյուրը։
Մեր օրերում մարդը սովորաբար չի ապրում 70 կամ 80 տարուց ավելի։ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի 2002 թ. տվյալներով՝ ամենաերկարակյաց անհատի կյանքի տևողությունը կազմել է 122 տարի և 164 օր, թեպետ Աստվածաշնչում թվարկվում են մի շարք մարդիկ, որոնք անհամեմատ ավելի երկար են ապրել (Ծննդոց 5։3–32)։ Այնուամենայնիվ, բիոէթիկայի բնագավառի մասնագետ Ջոն Հարիսը ասում է. «Նոր հետազոտությունները արդեն հնարավորություն են տալիս պատկերացնել աշխարհը՝ առանց ծերության ու մահվան»։ 21–րդ դարում ապրող մի շարք գիտնականներ խոսում են «փաստացի անմահության» մասին։ Նրանք ասում են, որ «մոտ 2099 թ.–ից մարդու կյանքի տևողությունը սահման չի ունենա», որ «բջիջների վերարտադրման պրոցեսը կարող է լինել անվերջ» և նման այլ բաներ։
Մի գրքում, որտեղ խոսվում է հավիտենական կյանքի հասնելու մարդկանց երազանքի մասին, Մարկ Բենեկեն գրում է. «Մարդու մարմինը մի քանի անգամ գրեթե ամբողջությամբ նորոգվում է նրա կյանքի ընթացքում։ .... Մոտավորապես յոթ տարվա մեջ մենք բառի բուն իմաստով բոլորովին նոր մարդ ենք դառնում» («The Dream of Eternal Life»)։ Սակայն այս պրոցեսը անվերջ չի տևում, քանզի բջիջները որոշակի, նախասահմանված անգամներ բաժանվելուց հետո դադարում են վերարտադրվել։ Եթե այդպես չլիներ, ապա, ինչպես նշում է Բենեկեն, «մարդու մարմինը կարող էր նորոգել ինքն իրեն շատ երկար ժամանակ, նույնիսկ հավիտյան»։
Խորհենք նաև մարդու ուղեղի զարմանալի հնարավորությունների մասին, որ անսահմանորեն ավելի մեծ են, քան օգտագործում ենք մեր համեմատաբար կարճ կյանքի ընթացքում։ Ըստ «Բրիտանական հանրագիտարանի»՝ մարդու ուղեղը «անհամեմատ ավելի մեծ ունակություններ ունի, քան պետք է գալիս նրա կյանքի ընթացքում» (1976 թ. հրատ., հ. 12, էջ 998, անգլ.)։ Ուղեղի հնարավորությունների մասին իր գրքում Դավիթ Սուզան գրում է. «Ըստ էության, ինֆորմացիա պահպանելու կարողությունը, որ ունի ուղեղը, անսահմանափակ է» («How the Brain Learns», 2001 թ., երկրորդ հրատ., էջ 78)։
Ինչո՞ւ գիտնականները չեն կարողանում որևէ ֆիզիոլոգիական բացատրություն տալ այն բանին, թե որն է կյանքի ընդհատման պատճառը։ Ինչո՞ւ մարդու ուղեղը այդքան հսկայական կարողություն ունի։ Կարո՞ղ է պատահել, որ մենք ստեղծված ենք եղել հավիտյան սովորելու հեռանկարով։ Եվ ընդհանրապես, ինչո՞ւ ենք մենք կարողանում ընկալել հավիտենական կյանքի գաղափարը։
Աստվածաշնչում ասվում է. «[Արարիչը].... յաւիտենականութիւնը դրել է նորանց սրտումը. բայց այնպէս որ մարդս չէ կարող ըմբռնել Աստուծոյ արած գործքը գլխիցը մինչեւ ծայրը» (Ժողովող 3։11)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Աստված մեր մեջ հավիտյան ապրելու գաղափար է դրել։ Իրականում, Աստծո և նրա գործերի մասին միշտ էլ սովորելու բան կլինի։ Եթե մենք ապրեինք անթիվ–անհամար տարիներ, այսինքն՝ հավիտյան, միշտ էլ կկարողանայինք ավելացնել մեր գիտելիքները Աստծո զարմանահրաշ արարչագործությունների մասին։
Այն, որ մարդու կյանքը կարող է տևել հավիտյան, երևում է նաև Հիսուս Քրիստոսի խոսքերից։ Նա ասել է. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։ Իսկ դո՞ւք։ Ցանկանո՞ւմ եք ապրել հավիտյան։
[նկարներ 3–րդ էջի վրա]
Խուան Պոնսե դե Լեոնը ցանկանում էր գտնել երիտասարդության աղբյուրը
[թույլտվությամբ]
Ponce de León: Harper’s Encyclopædia of United States History