Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w22 դեկտեմբեր էջ 2–7
  • Հավիտենական կյանքը պատրանք չէ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հավիտենական կյանքը պատրանք չէ
  • 2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԵՀՈՎԱՆ ԱՊՐՈՒՄ Է ՀԱՎԻՏՅԱՆ
  • ՍՏԵՂԾՎԱԾ ԵՆՔ ՀԱՎԻՏՅԱՆ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
  • ԵՀՈՎԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
  • ՀՐԱՇԱԼԻ ԱՊԱԳԱ
  • Ինչպե՞ս կարող եք հավիտյան ապրել
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Հավիտենական կյանքն իսկապես հնարավո՞ր է
    1999 Դիտարան
  • Կարո՞ղ ես ապրել հավիտյան
    2012 Դիտարան
  • Ցանկանո՞ւմ եք ապրել հավիտյան
    2004 Դիտարան
Ավելին
2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w22 դեկտեմբեր էջ 2–7

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 49

Հավիտենական կյանքը պատրանք չէ

«Սա է հավիտենական կյանքը» (ՀՈՎՀ. 17։3)։

ԵՐԳ 147 Խոստացված հավիտենական կյանքը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa

1. Ի՞նչ զգացումներ են արթնանում մեր մեջ, երբ խորհրդածում ենք Եհովայի տված խոստման շուրջ։

ԵՀՈՎԱՆ խոստանում է, որ իրեն հնազանդվող մարդիկ «հավիտենական կյանք» կունենան (Հռոմ. 6։23)։ Երբ խորհրդածում ենք այս խոստման շուրջ, ավելի շատ ենք սկսում սիրել Եհովային։ Պատկերացնո՞ւմ ես՝ մեր երկնային Հայրը այնքան շատ է սիրում մեզ, որ հնարավորություն է ընձեռում հավիտյան իր հետ լինելու։

2. Հավիտյան ապրելու հեռանկարը ինչպե՞ս է օգնում մեզ։

2 Հավիտյան ապրելու հեռանկարը օգնում է մեզ դիմանալ դժվարություններին։ Նույնիսկ եթե մեր թշնամիները սպառնան խլել մեր կյանքը, միևնույն է, մենք փոխզիջումների չենք գնա և հավատարիմ կմնանք Եհովային։ Ինչո՞ւ։ Որովհետև եթե անգամ մահանանք էլ, գիտենք, որ Եհովան կարող է մեզ հարություն տալ, և մենք հնարավորություն կունենանք ապրելու հավիտյան (Հովհ. 5։28, 29; 1 Կորնթ. 15։55-58; Եբր. 2։15)։ Բայց ինչո՞ւ ենք համոզված, որ կարող ենք ապրել հավիտյան։ Քննենք մի քանի պատճառ։

ԵՀՈՎԱՆ ԱՊՐՈՒՄ Է ՀԱՎԻՏՅԱՆ

3. Ինչո՞ւ ենք համոզված, որ Եհովան կարող է մեզ հավիտենական կյանք տալ (Սաղմոս 102։12, 24, 27)։

3 Եհովան կյանքի Աղբյուրն է, և քանի որ նա հավիտյան է ապրում, կարո՛ղ է հավիտենական կյանք տալ մեզ (Սաղ. 36։9)։ Ուշադրություն դարձնենք աստվածաշնչյան մի քանի համարների, որոնք փաստում են, որ Եհովան միշտ եղել է ու կլինի։ Սաղմոս 90։2-ում ասվում է, որ Եհովան «հավիտենից մինչև հավիտյան» է։ Նմանատիպ միտք է նշվում նաև 102-րդ սաղմոսում (կարդա Սաղմոս 102։12, 24, 27)։ Իսկ Ամբակում մարգարեն մեր երկնային Հոր մասին հետևյալն է ասում. «Մի՞թե դու հնուց ի վեր գոյություն չունես, ո՛վ Եհովա։ Ո՛վ իմ Աստված, իմ Սո՛ւրբ, դու չես մահանում» (Ամբ. 1։12)։

4. Ինչո՞ւ չպետք է անհանգստանանք, եթե չենք կարողանում լիովին ըմբռնել այն միտքը, որ Եհովան միշտ գոյություն ունի։ Բացատրիր։

4 Դժվարանո՞ւմ ես ըմբռնել այն միտքը, որ Եհովան գոյություն ունի հավիտյան (Ես. 40։28)։ Դա նորմալ է։ Նմանատիպ միտք արտահայտեց նաև Եղիուսը, ով Աստծու մասին հետևյալն ասաց. «Նրա տարիների թիվը անըմբռնելի է» (Հոբ 36։26)։ Թերևս կհամաձայնվես, որ եթե մի բանի մասին լիարժեք պատկերացում չունենք, դա դեռ չի նշանակում, որ այն չկա։ Օրինակ՝ գուցե լիովին չըմբռնենք և չկարողանանք բացատրել, թե ինչ երևույթ է լույսը, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ այն գոյություն չունի։ Իհարկե ո՛չ։ Նմանապես մարդ արարածը գուցե երբեք էլ լիովին չհասկանա, թե Եհովան ինչպես կարող է միշտ գոյություն ունենալ։ Բայց դա չի նշանակում, որ Աստծու գոյությունը հավիտենական չէ։ Ստեղծչի մասին ճշմարտությունը կախված չէ այն բանից, թե մեզ համար ինչն է հասկանալի, և ինչը՝ ոչ (Հռոմ. 11։33-36)։ Նա գոյություն է ունեցել նախքան տիեզերքի, այդ թվում՝ լուսատուների, օրինակ՝ արևի ի հայտ գալը։ Մենք համոզված ենք, որ Եհովան է «իր զորությամբ ստեղծել երկիրը», և որ նա գոյություն է ունեցել նախքան «կտարածեր երկինքը» (Երեմ. 51։15; Գործ. 17։24)։ Բայց սա միակ պատճառը չէ, թե ինչու ենք ասում, որ հավիտենական կյանքը հնարավոր է։ Քննենք ևս մեկը։

ՍՏԵՂԾՎԱԾ ԵՆՔ ՀԱՎԻՏՅԱՆ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

5. Ի՞նչ հեռանկար ուներ առաջին մարդկային զույգը։

5 Եհովան երկրի վրա գոյություն ունեցող բոլոր կենդանի արարածներին, բացառությամբ մարդու, ստեղծել է կյանքի սահմանափակ տևողությամբ։ Նա միայն մարդկանց է հավիտյան ապրելու բացառիկ հեռանկար տվել։ Բայց նաև առաջին մարդուն՝ Ադամին, մի նախազգուշացում էր տվել՝ ասելով. «Ինչ վերաբերում է բարին ու չարը գիտենալու ծառին, դրանից չուտես, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ, պիտի մեռնես» (Ծննդ. 2։17)։ Եթե Ադամն ու Եվան հնազանդվեին Եհովային, երբեք չէին մահանա։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ մի օր Եհովան թույլ կտար նրանց ուտել «կյանքի ծառից», ինչը «հավիտյան» ապրելու երաշխիք կլիներ նրանց համար (Ծննդ. 3։22)։b

«Հավիտյան» բառը Աստվածաշնչում

«Հավիտյան» թարգմանված եբրայերեն ամենատարածված բառը «օհլամ» բառն է։ Աստվածաշնչում այն կարող է վերաբերել մի բանի, ինչը երկար ժամանակ գոյություն է ունեցել անցյալում կամ երկար ժամանակ գոյություն է ունենալու ապագայում, և դրա սկիզբն ու վերջը անհայտ են (Հեսու 24։2; Սաղ. 24։7, 9)։ Այն կարող է նաև վերաբերել մի բանի, ինչը ընդհանրապես վերջ չունի։ Այս իմաստով է ասվում, որ Եհովան հավիտյան կա (Սաղ. 102։12, 24, 27)։ Կախված համատեքստից՝ եբրայերեն այս բառը «Նոր աշխարհ թարգմանությունում» տարբեր կերպերով է թարգմանվել, օրինակ՝ «հավիտյան», «դարեդար», «ընդմիշտ» կամ «վաղուց ի վեր»։

6-7. ա) Է՞լ ինչն է փաստում, որ մարդիկ ստեղծված չեն մահանալու համար։ բ) Ինչո՞վ կուզեիր զբաղվել նոր աշխարհում (տես նկարները)։

6 Հետաքրքիր է իմանալ, որ որոշ գիտնականներ հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ մեր ուղեղը ի վիճակի է ավելի մեծ քանակությամբ տեղեկություն կուտակելու, քան դա հնարավոր է անել կյանքի ներկայիս տևողության ընթացքում։ 2010 թ.-ին գիտական մի հանդեսում նշվեց, որ մեր ուղեղը կարող է տեղավորել մոտավորապես 2,5 միլիոն գիգաբայթ ծավալի ինֆորմացիա, ինչը հավասար է 3 միլիոն ժամ կամ ավելի քան 300 տարվա տևողություն ունեցող տեսագրության (Scientific American Mind)։ Թերևս այս հաշվարկը թերագնահատում է մեր ուղեղի իրական կարողությունները։ Այնուամենայնիվ, սա փաստում է, որ Եհովան մեր ուղեղը ստեղծել է ավելի մեծ քանակությամբ տեղեկություն պահելու ունակությամբ, քան այն անում է ընդամենը 70 կամ 80 տարվա ընթացքում (Սաղ. 90։10)։

7 Բացի այդ՝ Եհովան մեզ ստեղծել է ապրելու ուժգին ցանկությամբ։ Աստվածաշնչում ասվում է, որ Աստված «հավիտենությունն է դրել մարդկանց սրտերում» (Ժող. 3։11)։ Սա է պատճառներից մեկը, թե ինչու ենք մահը թշնամի համարում (1 Կորնթ. 15։26)։ Երբ լուրջ առողջական խնդիր ենք ունենում, մենք պարզապես չենք հարմարվում իրավիճակին, այլ դիմում ենք բժշկի և դեղամիջոցներ ընդունում, որպեսզի պայքարենք հիվանդության դեմ։ Ողջամտության սահմաններում մենք ամեն ինչ անում ենք, որ խուսափենք մահից։ Իսկ երբ մեր սիրելի հարազատներից մեկն է մահանում, անկախ նրանից՝ նա երիտասարդ էր, թե տարեց, մենք երկար ժամանակ խոր էմոցիոնալ ցավ ենք ապրում (Հովհ. 11։32, 33)։ Անկասկած, մեր սիրառատ Ստեղծիչը չէր նպատակադրել, որ մենք մահանայինք։ Նա նպատակ ուներ, որ մարդիկ ապրեին հավիտյան, հակառակ դեպքում նա մեզ այդպիսի ցանկություն և կարողություն չէր տա։ Կան նաև այլ պատճառներ, թե ինչու ենք համոզված, որ կարող ենք ապրել անվերջ կյանքով։ Տեսնենք, թե Եհովան ինչեր է արել անցյալում և ինչեր է անում հիմա, որպեսզի փաստի, որ իր սկզբնական նպատակը չի փոխվել։

Տարեց եղբայրը նստած է սեղանի մոտ, որի վրա տարբեր դեղեր կան։ Նա կարդում է Աստվածաշունչը և խորհում այն բաների շուրջ, որոնք նոր ուժով կկարողանա անել նոր աշխարհում։ Դրվագ 1. Նա նավարկում է։ Դրվագ 2. Նա նկարում է կտավի վրա։ Դրվագ 3. Նա արշավի է գնացել դեպի ջրվեժ։

Հավիտենական կյանքի հեռանկարն ունենալով՝ մենք սիրում ենք պատկերացնել, թե ինչով ենք զբաղվելու ապագայում (տես պարբերություն 7)c

ԵՀՈՎԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ

8. Եհովայի նպատակի վերաբերյալ ի՞նչ հավաստիացում է տրվում Եսայիա 55։11-ում։

8 Ինչպես գիտենք, Ադամի ու Եվայի մեղքի պատճառով նրանց երեխաները մահ ժառանգեցին։ Արդյո՞ք Եհովան փոխեց մարդկանց հետ կապված իր սկզբնական նպատակը։ Ո՛չ, նրա նպատակը դեռևս ուժի մեջ է (կարդա Եսայիա 55։11)։ Նա ուզում է, որ իրեն հավատարիմ մարդիկ ապրեն հավիտյան։ Դա հստակ երևում է այն բանից, թե Եհովան ինչեր է ասել ու արել իր նպատակն իրագործելու համար։

9. Ի՞նչ է խոստացել Աստված (Դանիել 12։2, 13)։

9 Եհովան խոստացել է, որ կյանքի է վերադարձնելու մահացածներին և նրանց հավիտյան ապրելու հնարավորություն է տալու (Գործ. 24։15; Տիտոս 1։1, 2)։ Աստծու հավատարիմ ծառա Հոբը համոզված էր, որ Եհովան փափագում է հարություն տալ մահացածներին (Հոբ 14։14, 15)։ Իսկ Դանիել մարգարեն գիտեր, որ մարդիկ հարություն են առնելու հավիտյան ապրելու հեռանկարով (Սաղ. 37։29; կարդա Դանիել 12։2, 13)։ Հիսուսի օրերում ապրող հրեաները նույնպես գիտեին, որ Եհովան կարող է իր հավատարիմ ծառաներին «հավիտենական կյանք» շնորհել (Ղուկ. 10։25; 18։18)։ Հիսուսը բազմիցս խոսել է այդ խոստման մասին։ Բացի այդ՝ Աստված նրան հարություն է տվել (Մատթ. 19։29; 22։31, 32; Ղուկ. 18։30; Հովհ. 11։25)։

Սարեփթացի այրին ուրախությամբ դիմավորում է իր որդուն, ում Եղիա մարգարեն հարություն է տվել։

Ինչո՞ւմ է մեզ հավաստիացնում այն, որ Եղիան հարություն տվեց սարեփթացի այրու որդուն (տես պարբերություն 10)

10. Անցյալում տեղի ունեցած հարության դեպքերը ի՞նչ են փաստում (տես նկարը)։

10 Եհովան է կյանք Պարգևողը, և նա զորություն ունի մարդկանց կյանքի վերադարձնելու։ Նրա զորությամբ Եղիա մարգարեն կյանքի վերադարձրեց սարեփթացի այրու որդուն (1 Թագ. 17։21-23)։ Հետագայում Աստծու օգնությամբ Եղիսե մարգարեն հարություն տվեց սունամացի կնոջ որդուն (2 Թագ. 4։18-20, 34-37)։ Հարության այս և մյուս դեպքերը փաստում են, որ Եհովան կարո՛ղ է կյանքի վերադարձնել մարդկանց։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, փաստեց, որ իր Հորից հարություն տալու զորություն է ստացել (Հովհ. 11։23-25, 43, 44)։ Այժմ Հիսուսը երկնքում է, իսկ «երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը» նրան է տրվել։ Դա նշանակում է, որ նա իշխանություն ունի կատարելու այն խոստումը, ըստ որի՝ «բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են», հարություն կառնեն և հավիտենական կյանքի հեռանկար կունենան (Մատթ. 28։18; Հովհ. 5։25-29)։

11. Ինչո՞ւ ենք ասում, որ փրկագնի շնորհիվ կարող ենք հավիտյան ապրել։

11 Ինչո՞ւ Եհովան թույլ տվեց, որ իր Որդին մահանա տանջալից մահով։ Հիսուսը նշեց պատճառը, երբ ասաց. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3։16)։ Իր Որդուն որպես փրկագին տալով՝ Աստված հավիտյան ապրելու հնարավորություն տվեց մեզ (Մատթ. 20։28)։ Պողոս առաքյալը ամփոփեց Աստծու նպատակի այս կարևոր մասը՝ գրելով. «Ինչպես որ մահն է մարդու միջոցով, այնպես էլ մահացածների հարությունն է մարդու միջոցով, որովհետև ինչպես Ադամով բոլորը մահանում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան» (1 Կորնթ. 15։21, 22)։

12. Ինչպե՞ս է Թագավորությունը նպաստելու, որ մեզ հետ կապված Եհովայի նպատակը իրականանա։

12 Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց աղոթել, որ գա Աստծու Թագավորությունը, և որ Աստծու կամքը կատարվի երկրի վրա (Մատթ. 6։9, 10)։ Իսկ Աստծու կամքի մեջ մտնում է այն, որ մարդիկ հավիտյան ապրեն երկրի վրա։ Այդ նպատակն իրագործելու համար Եհովան իր Որդուն նշանակել է Մեսիական Թագավորության Թագավոր։ Բացի այդ՝ նա երկրի վրայից հավաքում է 144 000 հոգու, որպեսզի նրանք Հիսուսի հետ իրականացնեն իր կամքը (Հայտն. 5։9, 10)։

13. Ի՞նչ է այսօր անում Եհովան, և ի՞նչ է պահանջվում քեզանից։

13 Այսօր Եհովան հավաքում է մարդկանց մի «մեծ բազմություն» և կրթում է նրանց, որպեսզի ապրեն իր Թագավորության իշխանության ներքո (Հայտն. 7։9, 10; Հակ. 2։8)։ Թեև այս մարդիկ ապրում են մի աշխարհում, որը պառակտված է ատելության և պատերազմների պատճառով, սակայն նրանք ձգտում են իրենց միջից արմատախիլ անել ատելության ցանկացած դրսևորում։ Փոխաբերական իմաստով՝ նրանք արդեն իսկ իրենց սրերը դարձնում են խոփեր (Միք. 4։3)։ Նրանք չեն մասնակցում պատերազմների, որոնք բազմաթիվ կյանքեր են խլում, այլ օգնում են մարդկանց գտնել «իսկական կյանքը»՝ սովորեցնելով նրանց Աստծու և նրա նպատակների մասին (1 Տիմոթ. 6։19)։ Աստծու Թագավորությանը թիկունք կանգնելու պատճառով նրանք երբեմն ֆինանսապես տուժում են կամ էլ բախվում են իրենց ընտանիքի անդամների հակառակությանը։ Սակայն Եհովան միշտ հոգ է տանում նրանց մասին՝ տալով այն, ինչի կարիքն ունեն (Մատթ. 6։25, 30-33; Ղուկ. 18։29, 30)։ Այս ամենը փաստում է, որ Աստծու Թագավորությունն իրական է, և այն կշարունակի իրագործել Եհովայի նպատակները։

ՀՐԱՇԱԼԻ ԱՊԱԳԱ

14-15. Մահը վերացնելու մասին Եհովայի խոստումը ինչպե՞ս է կատարվելու։

14 Այժմ Հիսուսն իշխում է երկնքում և շուտով կիրականացնի Եհովայի տված բոլոր խոստումները (2 Կորնթ. 1։20)։ 1914 թ.-ից սկսած՝ նա իշխում է «իր թշնամիների մեջ» (Սաղ. 110։1, 2)։ Մոտ ապագայում Հիսուսը և նրա թագավորակիցները վերջնական հաղթանակ կտանեն ու կոչնչացնեն բոլոր չար մարդկանց (Հայտն. 6։2)։

15 Հիսուսի Հազարամյա իշխանության ընթացքում մահացածները հարություն կառնեն և հնազանդ մարդկությունը ի վերջո կատարյալ կդառնա։ Վերջնական փորձությունից հետո նրանք, ում Եհովան արդար կհամարի, «կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղ. 37։10, 11, 29)։ Այդ ժամանակ «վերջին թշնամին՝ մահը», «կոչնչացվի» (1 Կորնթ. 15։26)։

16. Ո՞րը պետք է լինի Եհովային ծառայելու մեր հիմնական դրդապատճառը։

16 Ինչպես տեսանք, հավիտյան ապրելու մեր հույսը ամուր հիմքեր ունի. այն հիմնված է Աստծու Խոսքի վրա։ Այդ հույսը կարող է օգնել մեզ, որ այս վերջին դժվար օրերում հավատարիմ մնանք Եհովային։ Բայց Աստծուն հաճեցնելու համար բավական չէ միայն ապրելու ցանկություն ունենալ։ Եհովային և Հիսուսին հավատարիմ մնալու մեր հիմնական դրդապատճառը պետք է լինի նրանց հանդեպ խոր սերը (2 Կորնթ. 5։14, 15)։ Ուստի մենք պետք է սովորենք լինել անեսասեր ու առատաձեռն (Հռոմ. 10։13-15)։ Այդ դեպքում կդառնանք այնպիսի մարդիկ, ում հետ Եհովան ցանկանում է մտերիմ լինել հավիտյան (Եբր. 13։16)։

17. Ի՞նչ պետք է անենք հավիտյան ապրելու համար (Մատթեոս 7։13, 14)։

17 Կլինե՞նք արդյոք նրանց թվում, ովքեր կապրեն հավիտյան։ Եհովան ընձեռել է մեզ այդ հնարավորությունը։ Բայց մեզանից է կախված՝ կօգտվենք դրանից և կքայլենք կյանքի տանող ճանապարհով, թե ոչ (կարդա Մատթեոս 7։13, 14)։ Իսկ ինչպիսի՞ն է լինելու հավիտենական կյանքը։ Այդ մասին կխոսենք հաջորդ հոդվածում։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ի՞նչն է փաստում, որ մարդիկ ստեղծված են հավիտյան ապրելու համար։

  • Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան չի փոխել մարդկանց հետ կապված իր սկզբնական նպատակը։

  • Ո՞րը պետք է լինի հավիտյան ապրելու մեր հիմնական դրդապատճառը։

ԵՐԳ 141 Կյանքը հրաշք է

a Եհովան խոստացել է, որ գալու է մի օր, երբ մարդիկ այլևս չեն վախենալու մահից և հավիտենական կյանք են վայելելու։ Իսկ դու ցանկանո՞ւմ ես ապրել հավիտյան։ Հոդվածում կքննենք, թե ինչ հիմքեր ունենք համոզված լինելու, որ Եհովան կկատարի իր այդ խոստումը։

b Տես ««Հավիտյան» բառը Աստվածաշնչում» շրջանակը։

c ՆԿԱՐ։ Տարեց եղբայրը պատկերացնում է, թե ինչեր է անելու նոր աշխարհում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը