Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 11/15 էջ 4–7
  • Ցանկանո՞ւմ եք ապրել հավիտյան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ցանկանո՞ւմ եք ապրել հավիտյան
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հավիտենական կյանք. ձանձրալի՞
  • Կյանք՝ վաղանցիկ ու թանկ
  • Իսկ ձեր հարազատնե՞րը
  • Հավիտենական կյանք՝ ուրախալի հեռանկար
  • Ինչպե՞ս կարող եք հավիտյան ապրել
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Հավիտենական կյանքը պատրանք չէ
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հավիտենական կյանքն իսկապես հնարավո՞ր է
    1999 Դիտարան
  • Հավիտենական կյանքին հասնելու միակ ճանապարհը
    1999 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 11/15 էջ 4–7

Ցանկանո՞ւմ եք ապրել հավիտյան

«ԵՍ ՄԱՀԻՑ չեմ վախենում,— ասաց Ճապոնիայում ապրող մի կին։— Պարզապես ինձ տխրեցնում է այն միտքը, որ այլևս չեմ տեսնի այս ծաղիկները»։ Նրան այցելած քրիստոնյան լավ հասկացավ այդ խոսքերը, քանի որ կինը գեղեցիկ այգի ուներ։ Հաճախ այն անհատները, ովքեր ասում են, թե մահից չեն վախենում, բարձր են գնահատում Աստծո հրաշալի արարչագործությունները և հավանաբար փափագում են ապրել հավիտյան։

Ապրել հավիտյա՞ն։ Շատերն անմիջապես մի կողմ կնետեն այդ միտքը։ Ոմանք գուցե ասեն, թե հավիտյան ապրելու մեջ ոչ մի հետաքրքրություն չկա։ Ինչո՞ւ են նրանք այդպես մտածում։

Հավիտենական կյանք. ձանձրալի՞

Կան մարդիկ, ովքեր ասում են, թե հավիտենական կյանքը ձանձրալի կլինի։ Նրանք հիշատակում են թոշակի անցած անհատներին, որոնցից շատերի կյանքը միապաղաղ է, քանի որ հեռուստացույցի առջև նստելուց բացի, ուրիշ ոչինչ գրեթե չունեն անելու։ Եթե դուք էլ եք այդպես մտածում, խորհեք այն խոսքերի շուրջ, որ ասաց աստղագետ Ռոբերտ Յաստրովը, երբ նրան տվեցին հետևյալ հարցը. «Հավիտենական կյանքը օրհնությո՞ւն կլինի, թե՞ անեծք»։ «Դա օրհնություն կլինի նրանց համար, ովքեր պրպտուն միտք և սովորելու անհագ ցանկություն ունեն,— պատասխանեց նա։— Այն, որ նորանոր բաներ սերտելու համար իրենց տրամադրության տակ է ողջ հավիտենությունը, մեծապես կմխիթարի նրանց։ Բայց այն անհատների համար, ովքեր կարծում են, թե ամեն բան գիտեն, և սահմանափակ դատողություն ունեն, դա սարսափելի անեծք կլինի։ Նրանք չեն իմանա՝ ինչով լցնել իրենց ժամանակը»։

Հավիտենական կյանքի առնչությամբ ձեր տեսակետը մեծապես կախված է ձեր վերաբերմունքից։ Եթե դուք «պրպտուն միտք և սովորելու անհագ ցանկություն» ունեք, խորհեք այն մասին, թե ինչ հաջողությունների կարող եք հասնել արվեստի, երաժշտության, ճարտարապետության, այգեգործության և ձեզ հետաքրքրող այլ արժեքավոր ոլորտներում։ Երկրի վրա հավիտյան ապրելով՝ դուք հրաշալի հնարավորություն կունենաք զարգացնելու ձեր ընդունակությունները տարբեր բնագավառներում։

Քանի որ մենք անվերջ կարող ենք սիրել և անվերջ ընդունել ուրիշների սերը, հավիտենական կյանքը իրոք հաճելի կլինի։ Մենք ստեղծված ենք սիրելու ունակությամբ և ծաղկում ենք, երբ սիրված ենք զգում մեզ։ Իսկական սերը մեծ բավականություն է պատճառում, և այդ զգացումը ժամանակի ընթացքում չի անհետանում։ Հավիտենական կյանքը անսահման հնարավորություն կտա սեր զարգացնելու ոչ միայն մերձավորի հանդեպ, այլև Աստծո։ «Եթէ մէկը Աստուծուն սիրէ,— գրում է Պողոս առաքյալը,— նա ճանաչուած է նորանից» (Ա Կորնթացիս 8։3)։ Ինչպիսի՜ հիանալի հեռանկար. ճանաչել տիեզերքի Գերիշխանին և ճանաչվել նրա կողմից։ Վերջ չկա այն ամենին, ինչ կարելի է սովորել մեր սիրառատ Արարչի մասին։ Ուստի ինչպե՞ս կարող է հավիտենական կյանքը ձանձրալի և անվարձահատույց լինել։

Կյանք՝ վաղանցիկ ու թանկ

Ոմանք այն կարծիքին են, թե վաղանցիկությունն է պատճառը, որ կյանքն այդքան թանկ է գնահատվում։ Նրանք կյանքը համեմատում են ոսկու հետ, որը երկրի վրա գոյություն ունի սահմանափակ քանակությամբ։ Եթե ոսկին լիներ ամենուր, ապա, ինչպես նրանք են ասում, կարժեզրկվեր։ Նույնիսկ այդ դեպքում, սակայն, ոսկին չէր կորցնի իր գեղեցկությունը։ Անշուշտ, նույնը կարելի է ասել նաև կյանքի մասին։

Հավիտենական կյանքը կարելի է համեմատել օդի առատության հետ։ Վթարի ենթարկված սուզանավում գտնվող մարդիկ շատ թանկ կգնահատեին այն։ Իսկ փրկվելուց հետո արհամարհանքով չէին սկսի բողոքել, թե նորից լիաթոք օդ են շնչում, այնպես չէ՞։ Իհա՛րկե։

Այդ մարդկանց նման՝ մենք նույնպես կարող ենք փրկություն ստանալ, բայց շատ ավելի մեծ հեռանկարով՝ հավիտենական կյանքի։ Պողոս առաքյալը գրում է. «Մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռովմայեցիս 6։23)։ Հիսուսի քավիչ զոհաբերության միջոցով Աստված կհեռացնի անկատարությունն ու մահը և հնազանդ մարդկանց կշնորհի հավիտենական կյանքի պարգևը։ Որքա՜ն երախտապարտ պետք է լինենք այս սիրառատ քայլի համար։

Իսկ ձեր հարազատնե՞րը

Ոմանք գուցե մտածեն. «Իսկ իմ հարազատնե՞րը։ Եթե նրանք ինձ հետ չլինեն, ինչի՞ս է պետք հավիտենական կյանքը երկրի վրա»։ Միգուցե, Աստվածաշունչը ուսումնասիրելով, տեղեկացել եք երկրային դրախտում հավիտյան ապրելու հնարավորության մասին (Սաղմոս 37։29; Յովհաննէս 3։16; 17։3)։ Դուք բնականաբար ցանկանում եք, որ ձեր ընտանիքի անդամները, հարազատները և մտերիմ ընկերները լինեն այնտեղ ու ձեզ հետ միասին վայելեն այն ուրախությունները, որ ակնկալում եք ունենալ Աստծո արդար նոր աշխարհում (Բ Պետրոս 3։13)։

Իսկ եթե ձեր ընկերներին ու հարազատներին չի հետաքրքրում երկրային դրախտում հավիտյան ապրելու հեռանկա՞րը։ Թույլ մի տվեք, որ դա ձեզ վհատեցնի։ Շարունակեք ձեռք բերել սուրբգրային ճշգրիտ գիտությունը և գործել դրան համապատասխան։ Պողոս առաքյալը գրում է. «Բայց ո՞վ գիտե, գուցե այդ ձևով քո ամուսնու փրկության պատճառ կլինես, ո՛վ կին. կամ դու, ո՛վ մարդ, գուցե այդ ձևով քո կնոջ փրկության պատճառ կլինես» (Ա Կորնթացիս 7։16, ԱՆԹ)։ Մարդիկ կարող են փոխվել։ Օրինակ՝ մի տղամարդ, որը ժամանակին հակառակվում էր ճշմարիտ քրիստոնեությանը, հետագայում ժողովներից մեկում սկսեց ծառայել որպես երեց։ Նա ասում է. «Այնքան շնորհակալ եմ իմ թանկագին ընտանիքի անդամներից, որ նրանք իմ ցուցաբերած հակառակությունների ընթացքում հավատարիմ մնացին Աստվածաշնչի սկզբունքներին»։

Աստված խորապես մտահոգված է ձեր և ձեր հարազատների կյանքի մասին։ Եհովան «չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն» (Բ Պետրոս 3։9)։ Եհովա Աստված ցանկանում է, որ դուք և ձեր հարազատները ապրեք հավիտյան։ Նա շատ ավելի մեծ սեր ունի, քան անկատար մարդիկ (Եսայիա 49։15)։ Ուրեմն ինչո՞ւ լավ փոխհարաբերություններ չհաստատեք Աստծո հետ։ Այդ դեպքում դուք կկարողանաք օգնել ձեր հարազատներին նույնը անել։ Անգամ եթե նրանք դեռևս չունեն հավիտյան ապրելու հույսը, նրանց վերաբերմունքը կարող է փոխվել, երբ տեսնեն, որ դուք ապրում եք Աստվածաշնչի ճշգրիտ գիտությանը ներդաշնակ։

Իսկ ի՞նչ կարելի է ասել ձեր այն հարազատների մասին, որոնք մահացել են։ Միլիոնավոր մահացածների համար Աստվածաշնչում տրվում է հարության՝ նորից կենդանանալու և Դրախտում ապրելու հրաշալի հույսը։ Հիսուս Քրիստոսը խոստացել է. «Ժամանակ կ’գայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են.... դուրս կ’գան» (Յովհաննէս 5։28, 29)։ Կյանքի կկոչվեն նույնիսկ այն մարդիկ, ովքեր մահանալուց առաջ չեն ճանաչել Աստծուն։ Գրություններում ասվում է. «Արդարների եւ մեղաւորների յարութիւն պիտի լինի» (Գործք 24։15)։ Որքա՜ն ուրախալի կլինի ողջունել կյանքի վերադարձած այդ անհատներին։

Հավիտենական կյանք՝ ուրախալի հեռանկար

Եթե դուք կարող եք ուրախություն և բավականություն ստանալ կյանքից նույնիսկ հիմա, երբ աշխարհը լի է այսքան խնդիրներով, վստահաբար կկարողանաք վայելել նաև հավիտենական կյանքը դրախտ–երկրի վրա։ Երբ Եհովայի վկաներից մեկը նկարագրում էր հավիտենական կյանքի օրհնությունները, մի կին ասաց. «Ես չեմ ուզում ապրել հավիտյան։ 70–80 տարին ինձ լիովին բավական է»։ Խոսակցությանը ներկա մի քրիստոնյա երեց հարցրեց. «Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչ կզգան ձեր երեխաները, երբ մահանաք»։ Կինը սկսեց խորհել այն մասին, թե ինչ ցավ կզգան նրանք՝ կորցնելով իրենց մորը։ Արցունքները հոսեցին նրա այտերի վրայով։ «Առաջին անգամ հասկացա, թե որքան եսամոլ էի,— ասում է նա։— Փաստորեն, հավիտենական կյանքը եսասիրական հույս չէ։ Այն նշանակում է՝ ապրել ոչ միայն քեզ համար, այլ նաև ուրիշների»։

Ոմանք գուցե այնպիսի զգացում ունեն, թե ոչ ոքի չի հուզում ո՛չ նրանց ապրելը և ո՛չ էլ մեռնելը։ Սակայն դա հուզում է մեր կյանքի Աղբյուրին, որն ասում է. «Կենդանի եմ ես.... ամբարշտի մեռնելը չեմ ուզում, այլ որ ամբարիշտը դարձի գայ իր ճանապարհիցը եւ ապրէ» (Եզեկիէլ 33։11)։ Եթե Աստված այդքան հետաքրքրված է անգամ չար մարդու կյանքով, անշուշտ խորապես հետաքրքրված կլինի այն անհատներով, ովքեր սիրում են իրեն։

Հին Իսրայելի թագավոր Դավիթը վստահ էր, որ Եհովան սիրող է և հոգատար։ Մի առիթով նա ասաց. «Թէեւ հայրս ու մայրս թողեն ինձ, բայց Տէրն ընդունում է ինձ» (Սաղմոս 27։10)։ Ամենայն հավանականությամբ, Դավիթը համոզված էր, որ իր ծնողները սիրում են իրեն։ Բայց նույնիսկ եթե ծնողները՝ նրա ամենամոտ հարազատները, լքեին նրան, Դավիթը գիտեր, որ Աստված երբեք դա չի անի։ Սիրուց և հոգատարությունից մղված՝ Եհովան մեզ առաջարկում է հավիտենական կյանք և անխզելի ընկերական հարաբերություններ իր հետ (Յակոբոս 2։23)։ Չպե՞տք է, ուրեմն, երախտագիտությամբ ընդունենք այդ հրաշալի առաջարկը։

[նկար 7–րդ էջի վրա]

Աստծո և մերձավորի հանդեպ սերը իմաստ կհաղորդի հավիտենական կյանքին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը