Եհովան միշտ արդար է վարվում
«Տէրն արդար է իր բոլոր ճանապարհներումը» (ՍԱՂՄՈՍ 145։17)։
1. Ի՞նչ ես զգում, երբ որևէ մեկը սխալ ենթադրություններ է անում քո մասին, և ի՞նչ դաս կարող ենք քաղել այդ օրինակից։
ՊԱՏԱՀԵ՞Լ է, որ ինչ–որ մեկը սխալ եզրահանգումների գա քո մասին, ասենք՝ անհիմն կասկածի ենթարկի քայլերդ ու շարժառիթներդ։ Եթե այո, ապա հավանաբար քեզ վիրավորված ես զգացել, և դա հասկանալի է։ Այս օրինակից կարող ենք մի կարևոր դաս քաղել. եթե մեզ հայտնի չեն բոլոր հանգամանքները, խելամիտ կլինի հապճեպորեն եզրակացություններ չանել։
2, 3. Ինչպե՞ս են ոմանք վերաբերվում Աստվածաշնչի այն արձանագրություններին, որոնցում ներկայացված չեն իրենց հարցերին պատասխանող մանրամասները, սակայն ի՞նչ է Աստվածաշունչը հայտնում Եհովայի մասին։
2 Այս դասը հարկավոր է հիշել հատկապես այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է Եհովա Աստծու առնչությամբ եզրահանգումներ անելուն։ Ինչո՞ւ է նման խնդիր առաջանում։ Բանն այն է, որ աստվածաշնչյան որոշ դրվագներ առաջին հայացքից կարող են շփոթության մեջ գցել։ Այդ դրվագներում (օրինակ՝ Աստծու երկրպագուներից մի քանիսի արարքների կամ անցյալում նրա կայացրած դատավճիռների մասին) գուցե ներկայացված չլինեն այն մանրամասները, որոնք պատասխան կտան մեր բոլոր հարցերին։ Ցավոք, ոմանք քննադատորեն են մոտենում նման արձանագրություններին, նույնիսկ կասկածի են ենթարկում Աստծու արդար և իրավացի լինելը։ Սակայն Աստվածաշունչը հայտնում է, որ «Տէրն արդար է իր բոլոր ճանապարհներումը» (Սաղմոս 145։17)։ Աստծու Խոսքը նաև վստահեցնում է, որ Եհովան «անօրէնութիւն չի անիլ» (Յոբ 34։12; Սաղմոս 37։28)։ Պատկերացրու, ուրեմն, թե ինչ է նա զգում, երբ ուրիշներն իր մասին սխալ եզրահանգումներ են անում։
3 Տեսնենք, թե ինչ հինգ պատճառներ ունենք՝ Եհովայի դատավճիռներն ընդունելու։ Ապա այդ պատճառները մտքում պահելով՝ կքննարկենք աստվածաշնչյան երկու պատմություն, որ դժվարհասկանալի են թվում ոմանց։
Ինչո՞ւ ընդունել Եհովայի դատավճիռները
4. Ինչո՞ւ պետք է համեստություն ցուցաբերենք Աստծու ձեռնարկած քայլերն ուսումնասիրելիս։ Պարզաբանիր։
4 Առաջին՝ քանի որ ի տարբերություն մեզ՝ Եհովային հայտնի են տվյալ դեպքին վերաբերող բոլոր հանգամանքները, Աստծու ձեռնարկած քայլերն ուսումնասիրելիս մենք պետք է համեստություն ցուցաբերենք։ Պատկերացրու, որ իր գերազանց արդարադատությամբ հայտնի մի դատավոր ընթերցում է իր կայացրած հերթական դատավճիռը։ Ի՞նչ կմտածեիր այն անհատի մասին, որը ծանոթ չլինելով բոլոր փաստերին կամ չհասկանալով տվյալ գործին առնչվող օրենքները՝ քննադատեր դատավորի որոշումը։ Բոլոր հանգամանքներին տեղյակ չլինելով՝ հարցին քննադատաբար մոտենալը անխոհեմություն կլինի (Առակաց 18։13)։ Առավել ևս անխոհեմ կլինի, եթե չնչին մարդ–արարածը քննադատի «բոլոր երկրի դատաւոր[ին]» (Ծննդոց 18։25)։
5. Առանձին անհատների նկատմամբ Աստծու կայացրած դատավճիռների մասին ընթերցելիս ի՞նչ չպետք է մոռանանք։
5 Աստծու դատավճիռներն ընդունելու երկրորդ պատճառն այն է, որ ի տարբերություն մարդկանց՝ Եհովան կարող է կարդալ սրտերը (Ա Թագաւորաց 16։7)։ Նրա Խոսքում ասվում է. «Ես Տէրս քննում եմ սիրտը՝ փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհների համեմատ եւ իր գործերի պտուղին համեմատ» (Երեմիա 17։10)։ Ուստի առանձին անհատների նկատմամբ Աստծու կայացրած դատավճիռների մասին ընթերցելիս եկեք չմոռանանք, որ Եհովայի ամենատես աչքերը հաշվի են առել տվյալ մարդու ծածուկ մտքերը, շարժառիթներն ու ձգտումները, որոնք չեն արձանագրվել իր Խոսքում (Ա Մնացորդաց 28։9)։
6, 7. ա) Եհովան ինչպե՞ս ցույց տվեց, որ պահում է իր արդար չափանիշները, նույնիսկ երբ ստիպված է լինում գնալ մեծ զոհողությունների։ բ) Ի՞նչ պետք է հիշենք, եթե Աստվածաշնչում հանդիպում ենք այնպիսի դրվագներ, որոնք մեր մեջ կասկածներ են առաջ բերում Աստծու գործողությունների ճիշտ կամ արդարացի լինելու վերաբերյալ։
6 Այժմ տեսնենք, թե որն է Եհովայի դատավճիռներն ընդունելու երրորդ պատճառը։ Նա հավատարիմ է մնում իր արդար սկզբունքներին, նույնիսկ երբ ստիպված է գնալ մեծ զոհողությունների։ Ահա մի օրինակ. Եհովա Աստված պահեց իր արդար սկզբունքները, երբ իր Որդուն զոհաբերեց հնազանդ մարդկանց մեղքից ու մահից փրկելու նպատակով (Հռովմայեցիս 5։18, 19)։ Մինչդեռ տանջանքի ցցի վրա իր սիրելի Որդու տառապանքն ու մահը տեսնելով՝ ամենայն հավանականությամբ նա անպատմելի ցավ ապրեց։ Ի՞նչ է սա հայտնում Աստծու մասին։ Հիսուս Քրիստոսի զոհաբերության առնչությամբ Գրություններում ասվում է, որ «այս եղաւ ապացուցանելու համար Աստուծոյ արդարութիւնը» (Հռովմայեցիս 3։24, 25 ԱԱ, 26)։ Մեկ ուրիշ թարգմանության մեջ Հռովմայեցիս 3։25 խոսքը ձևակերպված է այսպես. «Սա ցույց տվեց, որ Աստված միշտ արդարացի և ճիշտ է վարվում» («New Century Version»)։ Այո, այն, թե ինչ գին պատրաստ եղավ վճարել Եհովան՝ փրկանքը տալու համար, փաստում է, որ նա անչափ կարևոր է համարում «արդարացի և ճիշտ» վարվելը։
7 Ուստի երբ Գրություններից ընթերցում ենք այնպիսի դրվագներ, որոնք կասկածներ են առաջացնում Աստծու գործողությունների ճիշտ կամ արդարացի լինելու վերաբերյալ, հիշենք հետևյալը. հավատարիմ լինելով արդարության իր չափանիշներին՝ Եհովան տանջանքից ու մահից չազատեց իր հարազատ Որդուն։ Մի՞թե նա կխախտեր այդ չափանիշները մյուս դեպքերում։ Ճշմարտությունն այն է, որ Եհովան երբեք չի շրջանցում իր արդար սկզբունքները։ Հետևաբար մենք մեծ հիմքեր ունենք վստահելու այն բանին, որ նա միշտ արդարացի և ճիշտ է վարվում (Յոբ 37։23)։
8. Ինչո՞ւ տրամաբանական չի լինի մտածել, թե Եհովան ինչ–որ տեղ արդարության պակաս է դրսևորում։
8 Քննարկենք չորրորդ պատճառը, թե ինչու պետք է ընդունենք Եհովայի դատավճիռները։ Եհովան մարդուն արարել է իր պատկերով (Ծննդոց 1։27)։ Այսինքն՝ մարդիկ օժտված են այնպիսի հատկություններով, որոնք բնորոշ են Աստծուն, այդ թվում նաև արդարության զգացումով։ Ուստի տրամաբանական չի լինի, որ արդարության մեր զգացումը դրդի մեզ մտածելու, թե Եհովային չի հերիքում այդ նույն հատկությունը։ Եթե աստվածաշնչյան որևէ դրվագ շփոթության մեջ է գցում մեզ, ապա պետք է հիշենք, որ ժառանգված մեղքի հետևանքով արդարության մեր զգացումն անկատար է։ Մինչդեռ Եհովա Աստված, ում պատկերով ստեղծված ենք, կատարյալ կերպով է ցուցաբերում արդարությունն ու իրավունքը (Բ Օրինաց 32։4)։ Անհեթեթ կլիներ մտքով անգամ անցկացնել, թե մարդիկ կարող են ավելի արդար լինել, քան Աստված (Հռովմայեցիս 3։4, 5; 9։14)։
9, 10. Եհովան ինչո՞ւ պարտավոր չէ բացատրել մարդկանց իր գործողությունները կամ արդարացնել դրանք։
9 Հինգերորդ պատճառը, թե ինչու պետք է ընդունենք Եհովայի դատավճիռները, այն է, որ նա ‘միակ Բարձրյալն է բոլոր երկրի վրա’ (Սաղմոս 83։18)։ Ուստի Աստված պարտավոր չէ բացատրել մարդկանց իր քայլերը կամ արդարացնել դրանք։ Նա Մեծ Բրուտն է, իսկ մենք նման ենք կավից պատրաստված անոթների, որոնց հետ նա անում է, ինչ կամենա (Հռովմայեցիս 9։19–21)։ Ո՞վ ենք մենք՝ Եհովայի ձեռքով ստեղծված կավե անոթներս, որ կասկածի ենթարկենք նրա որոշումներն ու գործերը։ Երբ նահապետ Հոբը սխալ պատկերացում կազմեց այն բանի վերաբերյալ, թե ինչպես է Աստված վարվում մարդկանց հետ, Եհովան շտկեց նրա մտածելակերպը՝ ասելով. «Յիրաւի պիտի խափանե՞ս իմ դատաստանը, ինձ յանցաւո՞ր անես, որպէս զի դու արդարանաս»։ Հոբը զղջաց՝ գիտակցելով, որ անմտածված է խոսել (Յոբ 40։8; 42։6)։ Թող որ երբեք թերություններ չփնտրենք Աստծու մեջ, քանզի դա սխալ կլինի։
10 Ինչպես տեսանք, մենք մեծ հիմքեր ունենք հավատալու, որ Եհովան միշտ արդարացի է վարվում։ Աստծու ճանապարհները հասկանալու համար այս հիմնավոր պատճառները հաշվի առնելով՝ եկեք քննարկենք աստվածաշնչյան երկու պատմություններ, որոնք հնարավոր է շփոթության մեջ գցեն ոմանց։ Առաջինը վերաբերում է Աստծու երկրպագուներից մեկի գործողություններին, իսկ երկրորդը՝ հենց Աստծու կայացրած դատավճռին։
Ինչո՞ւ Ղովտն առաջարկեց գազազած ամբոխին հանձնել իր դուստրերին
11, 12. ա) Պատմիր, թե ինչ տեղի ունեցավ, երբ Աստված Սոդոմ ուղարկեց նյութական մարմիններ առած երկու հրեշտակների։ բ) Ոմանց մեջ ի՞նչ հարցեր է առաջ բերում այս արձանագրությունը։
11 «Ծննդոց» գրքի 19–րդ գլխում կարդում ենք, թե ինչ պատահեց, երբ Աստված Սոդոմ ուղարկեց նյութական մարմիններ առած իր երկու հրեշտակներին։ Ղովտը թախանձեց այցելուներին մնալ իր տանը։ Սակայն այդ գիշեր քաղաքի բնակիչները շրջապատեցին նրա տունը և պահանջեցին, որ Ղովտն իր հյուրերին դուրս բերի նրանց մոտ, որպեսզի վերջիններս անբարո սեռական հարաբերության մեջ մտնեն նրանց հետ։ Ղովտը փորձեց խոսել ամբոխի հետ՝ դիմելով նրանց բանականությանը, սակայն ապարդյուն։ Ձգտելով պաշտպանել իր հյուրերին՝ նա ասաց. «Եղբայրներս, աղաչում եմ ձեզ, չարութիւն մի անիք։ Ահա ես երկու աղջիկ ունիմ, որ այր չ’գիտեն. թող նորանց ձեզ մօտ դուրս բերեմ, եւ ձեր աչքին հաճոյ եղածն արէք նորանց. միայն այս մարդկանցը բան մի անիք, որովհետեւ նորա համար իմ յարկի շուքի տակը մտան»։ Հավաքվածները չլսեցին Ղովտին և պատրաստվեցին կոտրել նրա դուռը։ Ի վերջո, հրեշտակները կուրացրին այդ խելագար ամբոխին (Ծննդոց 19։1–11)։
12 Հասկանալի է, որ այս արձանագրությունը ոմանց մեջ հարցեր է առաջ բերում։ Նրանք ասում են. «Ինչպե՞ս կարող էր Ղովտը հյուրերին պաշտպանելու նպատակով վավաշոտ ամբոխին առաջարկել իր աղջիկներին։ Մի՞թե նա վատ չվարվեց, չգործեց վախկոտի պես»։ Այս պատմության լույսի ներքո ծագում են նաև հետևյալ հարցերը. «Ինչպե՞ս կարող էր Աստված Պետրոսին ներշնչել, որ նա «արդար» անվանի Ղովտին։ Մի՞թե Եհովան հավանություն տվեց Ղովտի այդ քայլին» (Բ Պետրոս 2։7, 8)։ Սխալ եզրահանգումներ չանելու համար եկեք խորհենք այս միջադեպի շուրջ։
13, 14. ա) Ի՞նչ պետք է հաշվի առնենք Ղովտի մասին պատմող աստվածաշնչյան արձանագրությունն ընթերցելիս։ բ) Ինչի՞ց է երևում, որ Ղովտի քայլերը թելադրված չէին վախով։
13 Նախևառաջ հարկավոր է հաշվի առնել, որ Աստվածաշունչը ոչ թե դատապարտում կամ արդարացնում է Ղովտի քայլերը, այլ պարզապես պատմում է տեղի ունեցածը։ Աստծու Խոսքը մեզ չի հայտնում նաև, թե ինչպես էր Ղովտը մտածում, կամ ինչ շարժառիթներով էր գործում։ Երբ նա կյանքի վերադառնա ‘արդարների հարության’ ժամանակ, ամենայն հավանականությամբ կհայտնի մեզ այդ մանրամասնությունները (Գործք 24։15)։
14 Տեղին չէ Ղովտին վախկոտ անվանել։ Նա շատ բարդ իրավիճակում էր։ Ասելով, որ այցելուները ‘մտել են իր հարկի շուքի տակ’՝ Ղովտը ցույց տվեց, որ իր պարտքն է համարում պաշտպանել և ապաստան տալ նրանց։ Մինչդեռ դա հեշտ չէր։ Ինչպես գրում է հրեա պատմաբան Հովսեպոսը, սոդոմացիները «անիրավորեն էին վարվում տղամարդկանց հետ և չէին հարգում Աստծուն.... Նրանք ատում էին օտարականներին ու իրենք իրենց պղծում համասեռամոլությամբ»։ Չնայած դրան՝ Ղովտը չսասանվեց ատելությամբ լի այդ ամբոխի առջև։ Ընդհակառակը՝ նա դուրս եկավ և խոսեց այդ զայրացած մարդկանց հետ, անգամ «դուռը փակեց իր ետեւիցը» (Ծննդոց 19։6)։
15. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Ղովտն ըստ երևույթին հավատով գործեց։
15 Այնուամենայնիվ, ոմանք կարող են ասել. «Ինչո՞ւ Ղովտն իր դուստրերին առաջարկեց ամբոխին»։ Փոխանակ նրան վատ շարժառիթներ վերագրելու՝ ինչո՞ւ չխորհենք այդ քայլին մղած որոշ հավանական պատճառների շուրջ։ Նախ՝ հնարավոր է, որ Ղովտը հավատով գործեց։ Ինչպե՞ս։ Անկասկած, նա գիտեր, թե ինչպես էր Եհովան պաշտպանել Սարրային՝ իր հորեղբայր Աբրահամի կնոջը։ Հիշենք, որ Սարրան շատ գեղեցիկ կին էր։ Ուստի Աբրահամը, վախենալով, որ մարդիկ իր կնոջը տիրանալու համար կսպանեն իրեն, խնդրեց Սարրային ասել, թե նա իր եղբայրն է։a Հետևանքը եղավ այն, որ Սարրային տարան փարավոնի մոտ։ Սակայն Եհովան միջամտեց և թույլ չտվեց փարավոնին պղծել նրան (Ծննդոց 12։11–20)։ Ըստ երևույթին, Ղովտը հավատում էր, որ Աստված նույն կերպով կպաշտպանի նաև իր դուստրերին։ Ուշագրավ է, որ Եհովան իր հրեշտակների միջոցով իրոք միջամտեց, և այդ երիտասարդ կանանց ոչինչ չպատահեց։
16, 17. ա) Հավանաբար ինչպե՞ս էր Ղովտը փորձում ցնցել Սոդոմի տղամարդկանց կամ շփոթ գցել նրանց մեջ։ բ) Ինչպիսին էլ որ եղած լինեն Ղովտի շարժառիթները, ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։
16 Քննարկենք մեկ ուրիշ հավանական պատճառ։ Հնարավոր է, որ Ղովտը փորձում էր ցնցել այդ մարդկանց կամ շփոթ գցել նրանց մեջ։ Նա հավանաբար համոզված էր, որ լինելով համասեռամոլներ՝ սոդոմացիները չէին ցանկանա սեռական կապի մեջ մտնել իր դուստրերի հետ (Յուդա 7)։ Բացի այդ, երիտասարդ աղջիկները նշանված էին իրենց համաքաղաքացիների հետ, և ամբոխի մեջ կարող էին լինել իր ապագա փեսաների հարազատները, բարեկամները կամ գործընկերները (Ծննդոց 19։14)։ Հավանաբար Ղովտը հույս ուներ, որ հավաքվածների մեջ գտնվող այդ ծանոթները հանդես կգային ի պաշտպանություն իր դուստրերի, և պառակտված ամբոխն այլևս այդ աստիճանի վտանգավոր չէր լինի։b
17 Ինչպիսին էլ որ եղած լինեն Ղովտի շարժառիթները, մենք կարող ենք վստահություն ունենալ հետևյալում. քանի որ Եհովան միշտ ճիշտ է վարվում, ապա նա պետք է հիմնավոր պատճառ ունենար Ղովտին «արդար» համարելու։ Ավելին, երբ հաշվի ենք առնում այդ խելագար սոդոմացիների վարքը, այլևս կասկածներ չեն մնում այն հարցում, որ Եհովան լիովին արդարացի վարվեց՝ իր դատավճիռն իրագործելով այդ չար քաղաքի բնակիչների նկատմամբ (Ծննդոց 19։23–25)։
Եհովան ինչո՞ւ մահով պատժեց Ոզային
18. ա) Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Դավիթը փորձեց Երուսաղեմ տեղափոխել ուխտի տապանակը։ բ) Ի՞նչ հարց է ծագում այս պատմությունից։
18 Ոմանց շփոթության մեջ է գցում նաև այն դեպքը, երբ Դավիթն ուխտի տապանակը Երուսաղեմ տանելու փորձ կատարեց։ Տապանակը դրեցին մի սայլի վրա, որը վարում էին Ոզան ու նրա եղբայրը։ Աստվածաշունչը պատմում է. «Երբոր եկան Նաքոնի կալը, Ոզան ձեռքը մեկնեց Աստուծոյ տապանակին եւ բռնեց նորան. որովհետեւ եզները ծռել էին նորան։ Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ոզայի դէմ, եւ Աստուած զարկեց նորան այնտեղ այս յանցանքի համար. եւ նա մեռաւ նոյն տեղը Աստուծոյ տապանակի մօտ»։ Սակայն տապանակը տեղափոխելու երկրորդ փորձը, որ արվեց մի քանի ամիս անց, հաջողությամբ պսակվեց, քանի որ տեղափոխությունը կատարվեց Աստծու պատվիրած ձևով՝ Կահաթյան ղևտացիների ուսերի վրա (Բ Թագաւորաց 6։6, 7; Թուոց 4։15; 7։9; Ա Մնացորդաց 15։1–14)։ Ոմանք գուցե հարցնեն. «Ինչո՞ւ Եհովան այդքան խիստ վարվեց։ Ոզան ընդամենը փորձում էր պահել տապանակը»։ Սխալ եզրակացություններ անելու փոխարեն՝ տեղին կլինի ուշադրություն դարձնել մի քանի մանրամասների վրա, որոնք կօգնեն մեզ հասկանալու Եհովայի գործելակերպը։
19. Ինչո՞ւ հնարավոր չէ, որ Եհովան անարդարացի վարվի։
19 Պետք է հիշենք հետևյալը. անհնար է, որ Եհովան անարդար վարվի (Յոբ 34։10)։ Դա սիրո դրսևորում չի լինի նրա կողմից, այնինչ Աստվածաշունչը ուսումնասիրելով՝ տեղեկանում ենք, որ «Աստուած սէր է» (Ա Յովհաննէս 4։8)։ Բացի այդ, Գրությունները հայտնում են, որ «արդարութիւն եւ իրաւունք են [Աստծու] աթոռի հաստատութիւնը» (Սաղմոս 89։14)։ Ինչպե՞ս ուրեմն Եհովան կարող է անարդարացի վարվել։ Այդպես գործելով՝ նա հիմքից կխարխլի իր գերիշխանությունը։
20. Ինչո՞ւ Ոզան պետք է որ տեղյակ լիներ տապանակին վերաբերող օրենքներին։
20 Հիշենք. Ոզան պետք է որ լավ իմանար Աստծու Օրենքը։ Տապանակը խորհրդանշում էր Եհովայի ներկայությունը, և Օրենքում նշվում էր, որ Աստծու կողմից չնշանակված ոչ մի մարդ չպետք է դիպչեր արկղին։ Այնտեղ նաև պարզ նախազգուշացվում էր, որ այդ օրենքը խախտող անհատը մահով կպատժվի (Թուոց 4։18–20; 7։89)։ Հետևաբար մարդիկ չպետք է թեթևամտորեն վերաբերվեին սուրբ արկղի տեղափոխությանը։ Ոզան, որ ամենայն հավանականությամբ ղևտացի էր (թեև քահանա չէր), գիտեր Օրենքը։ Բացի այդ, տարիներ շարունակ տապանակը պահվել էր նրա հոր տանը (Ա Թագաւորաց 6։20–7։1)։ Արկղը այնտեղ էր մնացել մոտ 70 տարի, մինչև որ Դավիթը որոշել էր տեղափոխել այն։ Ուստի մանուկ հասակից Ոզան հավանաբար գիտեր տապանակի հետ կապված օրենքները։
21. Ոզայի հետ տեղի ունեցածի առնչությամբ ինչո՞ւ է կարևոր հիշել, որ Եհովան տեսնում է մարդու սրտի շարժառիթները։
21 Ինչպես արդեն նշել ենք, Եհովան կարող է կարդալ սրտերը։ Քանի որ նրա խոսքում Ոզայի արարքը ‘հանցանք’ է անվանվում, ըստ երևույթին, Աստված տեսել էր, որ նրան այդ քայլին է մղել ինչ–որ եսասիրական դրդապատճառ։ Սակայն այդ մասին չի խոսվում արձանագրության մեջ։ Գուցե Ոզան հպարտ մարդ էր և հակված էր իր վրա դրված սահմաններն անցնելու (Առակաց 11։2)։ Գուցե իր ընտանիքի շրջանակներում պահված տապանակը հրապարակայնորեն տանելը ուռճացրել էր Ոզայի կարծիքը սեփական անձի մասին (Առակաց 8։13)։ Գուցե նա անհավատություն էր ցուցաբերել՝ չմտածելով, որ Եհովան ի զորու է պահպանել իր ներկայությունը խորհրդանշող սուրբ արկղը։ Բոլոր դեպքերում կարող ենք վստահ լինել, որ Աստված ճիշտ վարվեց։ Ամենայն հավանականությամբ, Եհովան այնպիսի բան տեսավ Ոզայի սրտում, որը մղեց նրան անհապաղ իրականացնելու իր դատավճիռը (Առակաց 21։2)։
Լուրջ հիմքեր՝ վստահության համար
22. Եհովայի իմաստությունը ինչպե՞ս է երևում այն բանից, որ նրա Խոսքում երբեմն չեն ներկայացվում որոշ մանրամասներ։
22 Այն, որ Աստվածաշնչում չեն ներկայացվում բոլոր մանրամասները, խոսում է Եհովայի անզուգական իմաստության մասին։ Դրանով նա մեզ հնարավորություն է տալիս իր հանդեպ վստահություն ցուցաբերելու։ Մեր քննարկած նյութից պարզ չի՞ դառնում արդյոք, որ հիմնավոր պատճառներ ունենք ընդունելու Եհովայի դատավճիռները։ Այո, երբ անկեղծ սրտով և ճիշտ մտայնությամբ ենք ուսումնասիրում Աստծու Խոսքը, տեսնում ենք, որ ավելի քան բավարար փաստեր ունենք միշտ համոզված լինելու Եհովայի քայլերի իրավացիության մեջ։ Ուստի եթե աստվածաշնչյան որևէ դրվագ կարդալիս մեր սրտում առաջանում են այնպիսի հարցեր, որոնց պատասխանն անմիջապես չենք գտնում, եկեք միշտ վստահ լինենք, որ Եհովան ճիշտ է վարվել։
23. Ի՞նչ վստահություն կարող ենք ունենալ Եհովայի այն քայլերի նկատմամբ, որ նա կկատարի ապագայում։
23 Մենք կարող ենք նույն վստահությունն ունենալ նաև Եհովայի այն քայլերի նկատմամբ, որ նա կկատարի ապագայում։ Շնորհիվ դրա՝ համոզված կլինենք, որ երբ մոտալուտ մեծ նեղության ժամանակ Աստված իրականացնի իր դատավճիռը, նա ‘ամբարշտի հետ արդարին չի կորցնի’ (Ծննդոց 18։23)։ Եհովայի սերը արդարության և իրավունքի հանդեպ երբեք թույլ չի տա նրան այդպես վարվել։ Մենք կարող ենք լիովին վստահ լինել նաև այն բանում, որ գալիք նոր աշխարհում նա լավագույն կերպով կբավարարի մեր բոլոր կարիքները (Սաղմոս 145։16)։
[ծանոթագրություններ]
a Աբրահամի մտավախությունը տեղին էր։ Ինչպես նշվում է պապիրուսի վրա արձանագրված մի հին ձեռագրում, փարավոններից մեկի հրամանով՝ իր զինված մարդիկ առևանգել էին մի գեղեցիկ կնոջ և սպանել նրա ամուսնուն։
b Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Դիտարան» պարբերագրի 1979 թ. դեկտեմբերի 1–ի համարը, էջ 31, անգլ.; 1981 թ. մարտի 1–ի համարը, էջ 22, ռուս.։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ պատճառներով պետք է ընդունենք Եհովայի դատավճիռները։
• Ի՞նչը կօգնի սխալ եզրահանգումներ չանել Ղովտի մասին, որը առաջարկեց զայրացած ամբոխի առջև հանել իր դուստրերին։
• Ի՞նչը կօգնի հասկանալ, թե Եհովան ինչու մահով պատժեց Ոզային։
• Ի՞նչ վստահություն կարող ենք ունենալ Եհովայի այն քայլերի հանդեպ, որ նա կձեռնարկի ապագայում։