Այսօրվա աշխարհում հաջող ամուսնությունը հնարավոր է
«Հագէք սէրը, որ կատարելութեան [«միասնության կատարյալ», ՆԱ] կապն է» (ԿՈՂՈՍԱՑԻՍ 3։14)։
1, 2. ա) Ի՞նչ քաջալերական բան ենք տեսնում քրիստոնեական ժողովում։ բ) Ի՞նչ է հաջող ամուսնությունը։
ՄԵՐ սիրտը չի՞ լցվում ջերմությամբ, երբ քրիստոնեական ժողովում տեսնում ենք բազմաթիվ ամուսնական զույգերի, որոնք միմյանց հավատարիմ են մնացել 10, 20, 30 և նույնիսկ ավելի շատ տարիներ։ Նրանք ‘հարել’ են իրենց կողակիցներին թե՛ ուրախության և թե՛ տխրության ժամանակ (Ծննդոց 2։24)։
2 Ամուսնացած անհատների մեծամասնությունը կընդունի, որ իրենց ամուսնական կյանքը առանց դժվարությունների չի եղել։ Մի մասնագետ գրել է. «Երջանիկ ամուսնությունները զերծ չեն անհանգստություններից։ Լինում են ինչպես ուրախ, այնպես էլ տխուր պահեր.... Բայց այդ մարդիկ ինչ–որ ձևով պահպանել են իրենց ամուսնությունը՝ չնայած ժամանակակից կյանքի [ճնշումներին]»։ Հաջողակ ամուսինները, հատկապես եթե երեխաներ են մեծացրել, սովորել են հաղթահարել այն անխուսափելի փոթորիկներն ու ճգնաժամերը, որոնք հետևանք են կյանքի ճնշումների։ Կյանքը նրանց սովորեցրել է, որ իսկական սերը ‘չի վերջանում’ (Ա Կորնթացիս 13։8)։
3. Ի՞նչ է հայտնում վիճակագրությունը ամուսնության ու ամուսնալուծության վերաբերյալ, և այս կապակցությամբ ի՞նչ հարցեր են առաջ գալիս։
3 Հակառակ վերը նշվածի՝ միլիոնավոր ամուսնություններ նավաբեկության են ենթարկվում։ Մի հաղորդագրության մեջ նշվում է. «Ակնկալվում է, որ ներկայումս ԱՄՆ–ում բոլոր կայացած ամուսնությունների կեսը կավարտվի ամուսնալուծությամբ։ Իսկ այդ [ամուսնալուծությունների] կեսը տեղի կունենա ամուսնության առաջին 7,8 տարիների ընթացքում։ .... Վերստին ամուսնացած 75 տոկոս մարդկանց 60 տոկոսը դարձյալ կամուսնալուծվի»։ Փոփոխություններ են նկատվել նույնիսկ այն երկրներում, որտեղ ամուսնալուծությունների թիվը մի ժամանակ համեմատաբար փոքր է եղել։ Օրինակ՝ Ճապոնիայում վերջին տարիներին ամուսնալուծությունների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Ի՞նչ ճնշումներ կան, որոնք առաջ են բերում նման իրավիճակ, և որոնց երբեմն բախվում են նույնիսկ քրիստոնյաները։ Ի՞նչ է հարկավոր անել ամուսնության մեջ հաջողության հասնելու համար՝ չնայած այն բանին, որ Սատանան ջանում է այդ կառույցը խարխլել։
Ծուղակներ, որոնցից հարկավոր է խուսափել
4. Ի՞նչ գործոններ կան, որոնք կարող են խարխլել ամուսնական միությունը։
4 Աստծու Խոսքն օգնում մեզ հասկանալ, թե ինչ գործոններ կան, որոնք կարող են խարխլել ամուսնական միությունը։ Ուշադրություն դարձրու, օրինակ, Պողոս առաքյալի խոսքերին, թե ինչ կացություն էր տիրելու աշխարհում վերջին օրերում. «Յետի օրերումը չար ժամանակներ կ’գան։ Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ [«անհավատարիմ», ՆԱ], անգութ [«բնական կապվածություն չունեցող», ՆԱ], անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր։ Որ աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են. նորանցից էլ ետ քաշուիր» (Բ Տիմոթէոս 3։1–5)։
5. Ինչո՞ւ է «ինքնասէր» լինելը վտանգում ամուսնությունը, և ի՞նչ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը այս առնչությամբ։
5 Եթե վերլուծենք Պողոսի խոսքերը, ապա կտեսնենք, որ նրա թվարկած բաներից շատերը կարող են ամուսնական հարաբերությունների քայքայման պատճառ լինել։ Օրինակ՝ «ինքնասէր» անհատները միայն իրենց են սիրում, և ուրիշների շահերը նրանց չեն հետաքրքրում։ «Ինքնասէր» ամուսիններն ու կանայք սիրում են միայն իրենց և համառորեն իրենցն են պնդում ու ձգտում են հասնել իրենց ուզածին։ Նրանք անթեք են ու անզիջում։ Արդյո՞ք նման տրամադրվածությունը նպաստում է երջանիկ ամուսնական կյանք ունենալուն։ Երբե՛ք։ Պողոս առաքյալը իմաստուն խորհուրդ տվեց քրիստոնյաներին, այդ թվում ամուսնացածներին՝ ասելով. «Ոչ մի բան չ’լինի գրգռումով [«հակառակութեան ոգով», ԷԹ], եւ ոչ էլ սնապարծութիւնով. այլ խոնարհութիւնով թող մէկը միւսին իր անձիցն աւելի լաւ համարէ։ Մինակ ձեր անձերի բաներին մտիկ չ’տաք, այլ ամեն մէկն իր ընկերի բաներին էլ» (Փիլիպպեցիս 2։3, 4)։
6. Ինչպե՞ս կարող է փողասիրությունը խարխլել ամուսնական հարաբերությունները։
6 Փողասիրությունը կարող է սեպ խրել ամուսնու և կնոջ միջև։ Պողոսը զգուշացրեց. «Նորանք որ կամենում են հարստանալ փորձութեան եւ որոգայթի եւ շատ անմիտ վնասակար ցանկութիւնների մէջ են ընկնում. որ ընկղմում են մարդկանց սատակումի եւ կորուստի մէջ։ Որովհետեւ արծաթսիրութիւնը ամեն չարիքների արմատն է. որին մի քանիսը անձնատուր լինելով հաւատքիցը մոլորուեցան, եւ իրանց անձերը շատ ցաւերով խոցեցին» (Ա Տիմոթէոս 6։9, 10)։ Ցավոք, մեր օրերում Պողոսի նախազգուշացումը իրականություն է դարձել բազմաթիվ ամուսնությունների մեջ։ Հարստության ձգտումներով տարված՝ շատ կողակիցներ անտեսում են իրենց կողակցի կարիքները, այդ թվում այնպիսի հիմնական կարիք, ինչպիսին է էմոցիոնալ աջակցության ու մշտական ջերմ, մտերիմ փոխհարաբերությունների կարիքը։
7. Որոշ դեպքերում ինչպիսի՞ վարքն է առաջնորդել ամուսնական անհավատարմության։
7 Պողոսը նաև ասաց, որ այս վերջին օրերում ոմանք կլինեն ‘անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող, անհաշտ’։ Ամուսնական երդումը հանդիսավոր խոստում է, որը պետք է առաջնորդի անբաժանելի կապի և ոչ թե անհավատարմության (Մաղաքիա 2։14–16)։ Ոմանք, սակայն, սկսել են սիրային հետաքրքրություն ցույց տալ ուրիշ անհատների հանդեպ, որոնք իրենց կողակիցը չեն։ Երեսունն անց մի կին, որի ամուսինը լքել էր իրեն, պատմում է, որ ամուսինը նույնիսկ նրանից հեռանալուց առաջ չափազանց մտերմաբար և քնքշորեն էր վերաբերվում ուրիշ կանանց։ Ամուսինը թերանում էր հասկանալ, թե ինչպիսի վարքն է անպատշաճ ամուսնացած տղամարդու համար։ Այդ կինը մեծ ցավ էր զգում՝ տեսնելով այդ ամենը, և նրբանկատորեն փորձում էր զգուշացնել նրան իր բռնած վտանգավոր ճանապարհից։ Այնուամենայնիվ, ամուսինը շնություն գործեց։ Չնայած սիրալիր նախազգուշացումներին՝ սխալ ճանապարհ բռնած ամուսինը չցանկացավ ուղղվել։ Նա գլխիվայր ընկավ թակարդը (Առակաց 6։27–29)։
8. Ի՞նչը կարող է առաջնորդել շնության։
8 Այո՛, Աստվածաշունչը միանգամայն հստակորեն է զգուշացնում շնության դեմ։ «Կնոջ հետ շնութիւն ընողին խելքը պակաս է։ Այս բանը ընողը իր հոգին կը կորսնցնէ» (Առակաց 6։32, ԱԱ)։ Սովորաբար անհատը շնություն չի գործում ինքնաբերաբար, պահի ազդեցության տակ։ Ինչպես շեշտում է Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Հակոբոսը, այնպիսի մեղք, ինչպիսին շնությունն է, սովորաբար կատարվում է այն բանից հետո, երբ անհատի մեջ շնություն գործելու միտք է ծնվում, և նա շարունակում է զարգացնել այդ միտքը (Յակոբոս 1։14, 15)։ Մեղավոր կողակիցը աստիճանաբար դադարում է հավատարիմ լինելուց իր կողակցին, որին երդվել էր ամբողջ կյանքում հավատարիմ մնալ։ Հիսուսն ասաց. «Լսել էք որ ասուեցաւ առաջիններին, թէ Շնութիւն մի՛ անիր։ Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ» (Մատթէոս 5։27, 28)։
9. Ի՞նչ իմաստուն խորհուրդ է տրվում Առակաց 5։18–20-ում։
9 Հետևաբար, ամուսինները իմաստություն և հավատարմություն դրսևորած կլինեն, եթե հետևեն «Առակաց» գրքում նշված խորհրդին. «Թող քո աղբիւրը օրհնեալ լինի, եւ ուրախացիր քո երիտասարդութեան կնոջ հետ. նա քեզ սիրելի եղնիկի եւ շնորհալի այծեամի պէս լինի, նորա ստինքները թող քեզ կշտացնեն ամեն ժամանակ, նորա սիրովը միշտ զմայլիս։ Եւ ինչո՞ւ համար, որդեակս, օտարի սիրովն զմայլիս, եւ օտար կնկայ ծոցը գրկես» (Առակաց 5։18–20)։
Խուսափիր հապշտապ ամուսնությունից
10. Ինչո՞ւ է իմաստուն ժամանակ տրամադրել ճանաչելու հավանական կողակցին։
10 Եթե զույգը հապշտապ ամուսնանա, ապա ամուսնական կյանքում կարող են խնդիրներ առաջանալ։ Պատճառը կարող է լինել այն, որ նրանք չափազանց երիտասարդ են ու անփորձ։ Կամ գուցե նրանք ժամանակ չեն տրամադրել միմյանց ավելի լավ ճանաչելու. ինչ են սիրում, ինչ չեն սիրում, ինչ նպատակներ ունեն կյանքում, ինչպիսի ընտանիքից են։ Անհատը իմաստություն է դրսևորում, եթե համբերում է և ժամանակ է տրամադրում ճանաչելու իր հավանական կողակցին։ Խորհենք Իսահակի որդու՝ Հակոբի օրինակի շուրջ։ Նա պետք է յոթ տարի աշխատեր իր ապագա աներոջ համար, նախքան Ռաքելի հետ ամուսնանալու թույլտվություն կստանար։ Հակոբը պատրաստ էր դա անելու, քանի որ նրա զգացմունքները հիմնված էին իսկական սիրո և ոչ թե պարզապես ֆիզիկական գրավչության վրա (Ծննդոց 29։20–30)։
11. ա) Ի՞նչ է միավորում ամուսնությունը։ բ) Ինչո՞ւ է կարևոր ամուսնության մեջ իմաստուն ձևով օգտագործել լեզուն։
11 Ամուսնությունը ավելին է, քան պարզապես ռոմանտիկ փոխհարաբերությունը։ Ամուսնությունը միացնում է երկու անձանց, որոնք տարբեր ընտանիքներից են սերում, ունեն բնավորության տարբեր գծեր, խառնվածք և հաճախ բոլորովին տարբեր կրթություն։ Երբեմն ամուսնությամբ միանում են երկու մշակույթներ, նույնիսկ երկու լեզուներ։ Անգամ եթե ոչ մի տարբերություն էլ չկա, ամուսնությունը միացնում է երկու անհատների, որոնք կարող են ամեն տեսակ հարցերի վերաբերյալ տարբեր տեսակետներ ունենալ։ Տարբեր տեսակետները միշտ էլ առկա են ամուսնության մեջ։ Կախված դրանք արտահայտելու ձևից՝ մեր խոսքերը կարող են միշտ լինել քննադատական ու գանգատավոր կամ քաջալերական ու կերտիչ։ Այո՛, մեր խոսքերով կարող ենք կա՛մ ցավ պատճառել մեր կողակցին, կա՛մ ամոքել։ Չվերահըսկված խոսքը կարող է մեծ լարվածություն մտցնել ամուսնական հարաբերությունների մեջ (Առակաց 12։18, ԱԱ; 15։1, 2; 16։24; 21։9; 31։26)։
12, 13. Ի՞նչ իրատեսական մոտեցում լավ կլինի ունենալ ամուսնության հանդեպ։
12 Հետևաբար, իմաստության դրսևորում է հավանական կողակցին լավ ճանաչելուն ժամանակ տրամադրելը։ Մի փորձառու քրիստոնյա քույր ասաց. «Երբ որևէ մեկին դիտում ես որպես հավանական կողակցի, որոշիր տասը հատկություններ, որոնք կուզեիր տեսնել նրա մեջ։ Եթե նկատում ես միայն յոթը, հարցրու ինքդ քեզ. «Պատրա՞ստ եմ անտեսել այն երեքը, որ չկան։ Կարո՞ղ եմ ամեն անգամ հանդուրժել դրանց բացակայությունը»։ Եթե կասկածներ ունես, կանգ առ և նորից մտածիր»։ Իհարկե, պետք է իրատես լինես։ Եթե ցանկանում ես ամուսնանալ, իմացիր, որ երբեք կատարյալ կողակից չես գտնի։ Բայց, միևնույն ժամանակ, այն անհատը, ում հետ կամուսնանաս, նույնպես կատարյալ կողակից գտած չի լինի (Ղուկաս 6։41)։
13 Ամուսնությունը զոհողություններ է պահանջում։ Պողոսն այս միտքն ընդգծեց՝ ասելով. «Կամենում եմ որ դուք առանց հոգսի լինիք. չ’ամուսնացողը Տիրոջ բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի Տիրոջը։ Բայց ամուսնացածը աշխարհի բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի կնկանը։ Եւ իրարից տարբեր են կինը եւ կոյսը. չ’ամուսնացած կոյսը Տիրոջ բաների համար է հոգս անում՝ որ սուրբ լինի մարմնով եւ հոգով, իսկ ամուսնացած կինը աշխարհքի բաների համար է հոգս անում, թէ ինչպէս հաճոյ լինի մարդին» (Ա Կորնթացիս 7։32–34)։
Ինչո՞ւ են որոշ ամուսնություններ ձախողվում
14, 15. Ի՞նչը կարող է թուլացնել ամուսնական կապը։
14 Մի քրիստոնյա կին վերջերս զգաց ամուսնալուծության դառնությունները, երբ նրա ամուսինը 12 տարվա համատեղ կյանքից հետո լքեց իրեն ու կապեր հաստատեց ուրիշ կնոջ հետ։ Արդյոք նա նկատե՞լ էր վտանգավոր նշաններ ամուսնու վարքի մեջ նախքան ամուսնալուծվելը։ Այդ կինը պատմում է. «Նա հասել էր այն աստիճանի, որ այլևս չէր աղոթում։ Նա անհեթեթ պատճառներ էր բերում, որպեսզի չգնար քրիստոնեական հանդիպումներին ու չմասնակցեր քարոզչությանը։ Ինձ ժամանակ չէր հատկացնում՝ ասելով, որ կա՛մ չափազանց զբաղված է, կա՛մ էլ խիստ հոգնած է։ Նա չէր զրուցում ինձ հետ։ Մեր միջև հոգևոր խզում, սառնություն կար։ Որքա՜ն ցավալի էր այդ ամենը։ Նա այլևս այն մարդը չէր, որի հետ ամուսնացել էի»։
15 Ուրիշ կողակիցներ ասում են, որ նմանատիպ նշաններ են նկատել, այդ թվում այն, որ անհատը անտեսել է Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը, աղոթքը և քրիստոնեական հանդիպումներին հաճախելը։ Այլ խոսքով՝ շատ անհատներ, որոնք ի վերջո թողել են իրենց կողակիցներին, թույլ էին տվել, որ Եհովայի հետ իրենց փոխհարաբերությունները թուլանային։ Հետևանքը եղել էր այն, որ նրանց հոգևոր տեսողությունը աղոտացել էր։ Եհովան այլևս կենդանի Աստված չէր նրանց համար։ Խոստացված նոր աշխարհը դադարել էր իրականություն լինելուց։ Որոշ դեպքերում անհատը արդեն հոգևորապես թուլացած է եղել նախքան օտար մարդու հետ սիրային կապեր հաստատելը (Եբրայեցիս 10։38, 39; 11։6; Բ Պետրոս 3։13, 14)։
16. Ի՞նչն է ամրացնում ամուսնական կապը։
16 Հակառակ պատկերն ենք տեսնում մի շատ երջանիկ զույգի պարագայում։ Նրանք ամուսնական կյանքում իրենց հաջողությունը վերագրում են իրենց միջև եղած ամուր հոգևոր կապերին։ Այդ ամուսինները աղոթում են միասին և ուսումնասիրում են միասին։ Ամուսինն ասում է. «Մենք Աստվածաշունչը միասին ենք կարդում։ Միասին գնում ենք ծառայության։ Եվ ընդհանրապես, մենք հաճույքով ենք միասին ինչ–որ գործեր անում»։ Միանգամայն պարզ է, թե ինչ կարելի է սովորել այստեղից. Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ պահպանելը մեծապես նպաստում է ամուսնության ամրությանը։
Եղիր իրատես և հաղորդակցվիր
17. ա) Ի՞նչ երկու բաներ են նպաստում հաջող ամուսնական հարաբերություններին։ բ) Ինչպե՞ս է Պողոսը նկարագրում քրիստոնեական սերը։
17 Երկու բաներ էլ կան, որոնք կարող են նպաստել հաջող ամուսնական հարաբերություններին՝ քրիստոնեական սերն ու հաղորդակցությունը։ Երբ երկու անհատներ սիրահարված են միմյանց, նրանք հակված են անտեսելու միմյանց թերությունները։ Նրանք գուցե ամուսնանան չափազանցված ակնկալիքներով, որոնք, հավանաբար, հիմնված են այն ամենի վրա, ինչ կարդացել են սիրավեպերում կամ տեսել են ֆիլմերում։ Բայց, ի վերջո, նրանք բախվելու են իրականությանը։ Եվ այդ ժամանակ աննշան թերացումները կամ թեթևակիորեն ջղագրգռող սովորությունները գուցե դառնան մեծ խնդիրներ։ Եթե նման բան տեղի ունենա, քրիստոնյաները պետք է դրսևորեն ոգու պտուղը, որի մեջ մտնում է նաև սերը (Գաղատացիս 5։22, 23)։ Սերն իսկապես շատ զորավոր է, ոչ թե ռոմանտիկ սերը, այլ քրիստոնեական սերը։ Պողոսը նկարագրել է այդ սերը՝ ասելով. «Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է.... իր[ենը] չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում [«չի հաշվում վիրավորանքները», ՆԱ].... Ամեն բանի դիմանում է. ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է» (Ա Կորնթացիս 13։4–7)։ Միանգամայն հստակ է, որ իսկական սերը հաշվի է առնում, որ դիմացինը անթերի չէ։ Այն, իրականում, կատարելություն չի ակնկալում (Առակաց 10։12)։
18. Ինչպե՞ս կարող է հաղորդակցությունը ամրացնել ամուսնական փոխհարաբերությունները։
18 Հաղորդակցությունը նույնպես կարևոր է ամուսինների համար։ Անկախ այն բանից, թե քանի տարի է, որ ամուսնացած են՝ նրանք պետք է միշտ զրուցեն իրար հետ ու իսկապես լսեն միմյանց։ Մի ամուսին ասում է. «Մենք ազատորեն արտահայտում ենք մեր զգացումները, բայց ընկերական տոնով»։ Ժամանակի ընթացքում փորձ ձեռք բերելով՝ ամուսինն ու կինը սովորում են լսել ոչ միայն այն, ինչ ասվում է, այլև այն, ինչ չի ասվում։ Այլ խոսքով ասած՝ տարիների հետ երջանիկ ամուսնական զույգը սովորում է նկատել չասված մտքերը կամ չարտահայտված զգացումները։ Որոշ կանայք ասում են, որ իրենց ամուսիններն իրականում չեն լսում իրենց, երբ իրենք խոսում են նրանց հետ։ Իսկ որոշ ամուսիններ գանգատվում են, որ իրենց կանայք ցանկանում են հաղորդակցվել կարծես թե ամենաանհարմար պահին։ Հաղորդակցությունը ներառում է կարեկցանք ու հասկացողություն։ Լավ հաղորդակցությունը օգտակար է թե՛ ամուսնու և թե՛ կնոջ համար (Յակոբոս 1։19)։
19. ա) Ինչո՞ւ ներողություն խնդրելը գուցե դժվար լինի։ բ) Ի՞նչը կմղի մեզ ներողություն խնդրել։
19 Հաղորդակցությունը երբեմն ներառում է միմյանցից ներողություն խնդրելը։ Դա միշտ չէ, որ հեշտ է։ Խոնարհություն է պահանջվում սեփական սխալները ընդունելու համար։ Սակայն դա կարող է մեծապես նպաստել ամուր ամուսնական հարաբերություններին։ Անկեղծորեն ներողություն խնդրելով՝ ամուսինները կարող են կանխել ապագա վիճաբանությունները և հիմքեր ստեղծել իսկապես ներում ստանալու և խնդիրը լուծելու համար։ Պողոսը գրեց. «Իրար համբերելով եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ [«Եհովան», ՆԱ] ձեզ ներեց, այնպէս էլ դուք. եւ այս ամենի վերայ հագէք սէրը, որ կատարելութեան [«միասնության կատարյալ», ՆԱ] կապն է» (Կողոսացիս 3։13, 14)։
20. Ինչպե՞ս պետք է քրիստոնյան վերաբերվի իր կողակցին, երբ նրանք մենակ են, ինչպես նաև ուրիշների ներկայությամբ։
20 Ամուսնության մեջ կարևոր է նաև փոխադարձ աջակցությունը։ Քրիստոնյա ամուսինն ու կինը պետք է կարողանան միմյանց վստահել ու ապավինել։ Նրանք չպետք է նսեմացնեն իրար, նաև չպետք է անեն այնպիսի բաներ, որոնք կարող են թուլացնել կողակցի վստահությունը սեփական ուժերի հանդեպ։ Մենք քնքշորեն գովում ենք մեր կողակցին. մենք նրան կոպտորեն չենք քննադատում (Առակաց 31։28բ)։ Անշուշտ, մենք չեն ստորացնում մեր կողակցին՝ հիմար ու անմիտ կատակներ անելով նրա մասին (Կողոսացիս 4։6)։ Ամուսինները ավելի են մղվում իրար աջակցելու, եթե ամեն ժամանակ միմյանց արտահայտում են իրենց ջերմ զգացմունքները։ Հպումը կամ քնքշորեն ասված բառը կարող է նշանակել՝ «ես առաջվա պես սիրում եմ քեզ. ես ուրախ եմ, որ դու իմ կողքին ես»։ Այսպիսով՝ մենք քննեցինք մի քանի գործոններ, որոնք կարող են բարելավել ամուսինների փոխհարաբերությունները և նպաստել ամուսնության հաջողությանը այսօրվա աշխարհում։ Ուրիշ գործոններ էլ կան, և հաջորդ հոդվածում կքննարկենք դրանց հետ կապված սուրբգրային սկզբունքներ, որոնք կօգնեն ամուսնությունը հաջող դարձնել։a
[ծանոթագրություն]
a Ավելի մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Կարո՞ղ եք բացատրել
• Ի՞նչ գործոններ կան, որոնք կարող են խարխլել ամուսնական կապը։
• Ինչո՞ւ իմաստուն չէ հապշտապ ամուսնանալը։
• Ամուսինների հոգևոր վիճակը ինչպե՞ս է ազդում նրանց ամուսնության վրա։
• Ո՞ր գործոններն են նպաստում ամուսնական կապի ամրացմանը։
[նկար 12–րդ էջի վրա]
Ամուսնությունը ավելին է, քան պարզապես ռոմանտիկ փոխհարաբերությունը
[նկարներ 14–րդ էջի վրա]
Շնորհիվ Եհովայի հետ ամուր փոխհարաբերությունների կողակիցները կարող են իրենց ամուսնությունը հաջող դարձնել