Հիսուսի ազդեցությունը ողջ աշխարհի վրա
«ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ներկայացված բոլոր այն խոսքերը, որ հրապարակայնորեն թե առանձին ասել է Հիսուսը, նա կարող էր արտահայտել երկու ժամում,— գրում է Աստվածաշնչի թարգմանիչ Էդգար Գուդսփիդը։— Սակայն, սակավաթիվ լինելով հանդերձ, դրանք այնքան ոգևորիչ են, այնքան քաջալերական և այնքան սրտառուչ, որ առանց վարանելու կարելի է ասել. «Ոչ ոք այդքան մեծ ազդեցություն չի թողել աշխարհի վրա»»։
Մ.թ. 33 թ.–ին, երբ Հիսուս Քրիստոսը ավարտին հասցրեց իր երկրային ծառայությունը, նա մոտ 120 հետևորդ ուներ՝ թե՛ կին, թե՛ տղամարդ (Գործք 1։15)։ Մինչդեռ այսօր իրենց քրիստոնյա են անվանում ավելի քան երկու միլիարդ մարդիկ։ Հարյուր միլիոնավոր ուրիշ անհատներ էլ Հիսուսին ընդունում են որպես մարգարե։ Իրոք որ, նրա ուսուցումները զարմանալի ազդեցություն են գործել մարդկության վրա։
Այն, որ Հիսուսը խորը հետք է թողել համաշխարհային պատմության մեջ, ընդունում են նաև ոչ քրիստոնյա առաջնորդները։ Օրինակ՝ հրեա ռաբբի Հայման Էնելոուն գրեց. «Կրոնի պատմության մեջ Հիսուսը դարձել է ամենահայտնի, ամենից շատ ուսումնասիրված և ամենաազդեցիկ կերպարը»։ Էնելոուն նաև ասաց. «Անհնար է նկարագրել, թե որքան մեծ նշանակություն ունեցավ Հիսուսը մարդկության համար։ Այն սերը, որ նա ներշնչում էր, այն մխիթարությունը, որ տալիս էր, այն բարին, որին մղում էր, և այն հույսն ու ուրախությունը, որ վառում էր մարդկանց սրտում՝ այս ամենը անհամեմատելի է պատմության մեջ եղած որևէ բանի հետ։ Մարդկային ցեղից սերված և ոչ մի նշանավոր բարեգործ նույնիսկ մոտավոր չափով ձեռք չի բերել այն աշխարհածավալ հեղինակությունն ու ազդեցությունը, որ ունեցել է Հիսուսը։ Նա դարձել է ամենահետաքրքիր անձնավորությունը պատմության մեջ»։ Իսկ հնդուական առաջնորդ Մոհանդաս Գանդին ասաց. «Ես չեմ ճանաչում որևէ մեկին, որն ավելի շատ բան է արել մարդկության համար, քան Հիսուսը։ Իրականում, քրիստոնեության մեջ ոչ մի վատ բան չկա։ Խնդիրը ձեր՝ քրիստոնյաներիդ մեջ է։ Դուք նույնիսկ չեք էլ սկսել ապրել ձեր ուսմունքների համաձայն»։
Քրիստոնեական աշխարհը շատ վաղուց է թերանում ապրել Հիսուսի ուսուցումներին ներդաշնակ։ Ինչպես նշում է քրիստոնեության պատմության մասնագետ Սիսիլ Կադուն, «Եկեղեցու ներսում աստիճանաբար և հետևողականորեն զարգացող բարոյական անկումը.... քրիստոնյա առաջնորդների ուշադրությանը [արժանացավ] արդեն.... մ.թ. 140 թ.–ին»։ Նա ասում է. «Բարոյական հարցերում սկզբնական խստապահանջության մեղմացումը ինքնաբերաբար հանգեցրեց այս աշխարհի չափանիշներին հարմարվելուն»։
Այս գործընթացն ավելի մեծ թափ առավ չորրորդ դարում, երբ Հռոմի կայսր Կոստանդինն ընդունեց քրիստոնեությունը։ «Պատմաբանների աչքից չեն վրիպել, իսկ որոշ դեպքերում նաև ափսոսանքով են ընդունվել այն մեծ փոխզիջումները, որոնց գնաց Եկեղեցին՝ Կոստանդինի հետ դաշնակցելու արդյունքում»,— գրում է Կադուն։ Այդ ժամանակներից ի վեր այսպես կոչված քրիստոնյաները դարեր շարունակ բազում խայտառակ գործեր են արել, որոնցով անարգանք են բերել Քրիստոսի անվան վրա։
Ուստի մտահոգություն են պատճառում հետևյալ հարցերը. «Իրականում ի՞նչ է սովորեցրել Հիսուսը։ Ի՞նչ ազդեցություն պետք է թողնեն նրա ուսուցումները մեզ վրա»։
[նկար 3–րդ էջի վրա]
«Ես չեմ ճանաչում որևէ մեկին, որն ավելի շատ բան է արել մարդկության համար, քան Հիսուսը» (Մոհանդաս Գանդի)
[նկար 3–րդ էջի վրա]
«Ոչ ոք այդքան մեծ ազդեցություն չի թողել աշխարհի վրա» (Էդգար Գուդսփիդ)
[թույլտվությամբ]
Culver Pictures