«Մեծ գնով գնուեցաք»
«Մեծ գնով գնուեցաք. ուստի փառաւորեցէք Աստուծուն» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ 6։20)։
1, 2. ա) Մովսիսական օրենքով ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ցույց տրվեր իսրայելացի ծառաներին։ բ) Ի՞նչ ընտրություն կարող էր անել այն ծառան, որը սիրում էր իր տիրոջը։
«ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԸ լայնորեն տարածված ու ընդունված էր հին աշխարհում»,— նշվում է մի աստվածաշնչային բառարանում։ Այնտեղ նաև ասվում է. «Եգիպտոսի, Հունաստանի և Հռոմի տնտեսությունը հիմնված էր ստրկական աշխատանքի վրա։ Առաջին դարում Իտալիայում երեք հոգուց մեկը, իսկ մյուս երկրներում հինգ հոգուց մեկը ստրուկ էր» («Holman Illustrated Bible Dictionary»)։
2 Չնայած որ հին Իսրայելում նույնպես ստրկություն՝ կամ ծառայություն, գոյություն ուներ, Մովսիսական օրենքով երաշխավորվում էր հրեա ծառաների պաշտպանությունը։ Օրինակ՝ համաձայն Օրենքի՝ իսրայելացին կարող էր ծառա լինել վեց տարուց ոչ ավելի։ Յոթերորդ տարում նրան պետք է թույլ տային, որ «ազատ դուրս գա[ր] ձրի»։ Սակայն ծառաների հանդեպ վերաբերմունքի մասին պահանջներն այնքա՛ն ազնիվ ու մարդկային էին, որ Մովսիսական օրենքում այսպիսի կարգ էր սահմանված. «Եթէ ծառան յայտնի ասելու լինի, թէ Ես սիրել եմ իմ տիրոջը, իմ կնոջը եւ իմ որդիներին, չեմ ուզում ազատ դուրս գնալ. այն ժամանակ նորա տէրը տանէ նորան դատաւորների մօտ եւ նորան մօտեցնէ դռանը կամ դրանդեացը. եւ նորա տէրը նորա ականջը հերիւնով ծակէ, եւ նա յաւիտեան ծառայ լինի նորան» (Ելից 21։2–6; Ղեւտացոց 25։42, 43; Բ Օրինաց 15։12–18)։
3. ա) Ինչպիսի՞ ծառայություն էին ընդունել առաջին դարի քրիստոնյաները։ բ) Ի՞նչն է մղում մեզ ծառայելու Աստծուն։
3 Այն, որ իսրայելացիները Օրենքով սահմանված կարգով կարող էին կամավորապես ծառա դառնալ, նախաշողն էր այն ծառայության, որի ներքո գտնվում են քրիստոնյաները։ Օրինակ՝ Պողոսը, Հակոբոսը, Պետրոսը և Հուդան, որ մասնակցել են Աստվածաշնչի գրությանը, իրենց մասին խոսեցին որպես Աստծու և Քրիստոսի ծառաների (Տիտոս 1։1; Յակոբոս 1։1; Բ Պետրոս 1։1; Յուդա 1)։ Պողոսը թեսաղոնիկեցի քրիստոնյաներին հիշեցրեց, որ նրանք «դարձ[ել էին] կուռքերիցը դէպի Աստուած, որ ծառայէ[ին] կենդանի եւ ճշմարիտ Աստուծուն» (Ա Թեսաղոնիկեցիս 1։9)։ Ի՞նչն էր մղել այդ քրիստոնյաներին կամավորապես դառնալու Աստծու ծառաներ։ Իսկ ի՞նչն էր մղում իսրայելացի ծառային հրաժարվել իր ազատությունից։ Արդյոք իր տիրոջ հանդեպ սերը չէ՞ր։ Որպես ծառա՝ քրիստոնյան իր ծառայությունը կատարում է Աստծու հանդեպ սիրուց մղված։ Երբ սկսում ենք ճանաչել և սիրել ճշմարիտ ու կենդանի Աստծուն, մենք մղվում ենք ծառայելու նրան ‘մեր բոլոր սրտով և մեր բոլոր հոգով’ (Բ Օրինաց 10։12, 13)։ Իսկ ի՞նչ է նշանակում դառնալ Աստծու և Քրիստոսի ծառա։ Ինչպե՞ս է դա անդրադառնում մեր ամենօրյա կյանքի վրա։
«Ամեն բան Աստուծոյ փառքի համար արէք»
4. Ինչպե՞ս ենք դառնում Աստծու և Հիսուսի ծառաները։
4 «Ստրուկ» բառը սահմանվում է որպես «մի մարդ, որը մեկ ուրիշի կամ ուրիշների օրինական սեփականությունն է և գտնվում է նրա կամ նրանց լիակատար ենթակայության տակ»։ Մենք Եհովայի օրինական սեփականությունն ենք դառնում՝ մեր կյանքը նրան նվիրելով ու մկրտվելով։ «[Դուք] ձերինը [«ձեր անձին տէրը», ԱԱ] չէք։ Որովհետեւ մեծ գնով գնուեցաք» (Ա Կորնթացիս 6։19, 20)։ Այդ գինն, անշուշտ, Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունն է, քանի որ այդ զոհաբերության շնորհիվ է Աստված ընդունում մեզ որպես իր ծառաներ՝ անկախ այն բանից՝ օծյալ քրիստոնյա ենք, թե նրանց ուղեկիցները՝ երկրային կյանքի հույսով (Եփեսացիս 1։7; 2։13; Յայտնութիւն 5։9)։ Այսպիսով՝ մկրտության պահից մենք Տիրոջը՝ Եհովային ենք պատկանում (Հռովմայեցիս 14։8)։ Քանի որ գնվել ենք Հիսուս Քրիստոսի թանկարժեք արյամբ, մենք դառնում ենք նաև նրա՛ ծառաները և պարտավորվում ենք պահել նրա պատվիրանները (Ա Պետրոս 1։18, 19)։
5. Լինելով Եհովայի ծառաներ՝ ի՞նչ առաջնահերթ պարտականություն ունենք և ինչպե՞ս կարող ենք կատարել այն։
5 Ծառան պետք է հնազանդվի իր տիրոջը։ Մեր մատուցած ծառայությունը կամավոր է և արվում է Տիրոջ հանդեպ սիրուց մղված։ «Սա է Աստուծոյ սէրը,— գրված է Ա Յովհաննէս 5։3–ում,— որ նորա պատուիրանքները պահենք. եւ նորա պատուիրանքները ծանր չեն» (Ա Յովհաննէս 5։3)։ Հետևաբար, հնազանդություն ցուցաբերելով՝ մենք փաստում ենք մեր սերը, ինչպես նաև մեր ենթակայությունը։ Դա արտացոլվում է մեր արած ամեն բանում։ «Թէ ուտէք թէ խմէք, թէ ինչ գործ էլ որ անէք,— ասաց Պողոսը,— ամեն բան Աստուծոյ փառքի համար արէք» (Ա Կորնթացիս 10։31)։ Ամենօրյա կյանքում նույնիսկ ամենափոքր բաներում մենք ցանկանում ենք ցույց տալ, որ Եհովային ենք ծառայում (Հռովմայեցիս 12։11)։
6. Աստծու ծառա լինելը ինչպե՞ս է անդրադառնում մեր կայացրած որոշումների վրա։ Բացատրե՛ք օրինակով։
6 Օրինակ՝ որոշումներ կայացնելիս մենք ցանկանում ենք ուշադիր լինել, որ չանտեսենք մեր երկնային Տիրոջ՝ Եհովայի կամքը (Մաղաքիա 1։6)։ Երբ որ դժվար որոշումներ կայացնելու առջև ենք կանգնած, ապա դա կարող է փորձել մեր հնազանդությունը Աստծուն։ Կլսե՞նք նման դեպքերում նրա խորհուրդը, թե՞ կհետևենք «խորամանկ» և «ապականուած» սրտի թելադրանքին (Երեմիա 17։9)։ Մելիսա անունով մի քրիստոնյա քույր դեռ նոր էր մկրտվել, երբ մի երիտասարդ սկսեց հետաքրքրություն ցույց տալ նրա հանդեպ։ Նա, թվում էր, պարկեշտ անձնավորություն էր և արդեն Աստվածաշունչ էր ուսումնասիրում Եհովայի վկաների հետ։ Այդուամենայնիվ, երեցներից մեկը զրուցեց Մելիսայի հետ այն մասին, թե ինչու է իմաստուն հետևել Եհովայի՝ ‘միայն Տերով’ ամուսնանալու խորհրդին (Ա Կորնթացիս 7։39; Բ Կորնթացիս 6։14)։ «Ինձ համար հեշտ չէր այդ խորհրդին հետևելը,— խոստովանում է Մելիսան։— Բայց ես վճռեցի, որ, եթե ինձ նվիրել եմ Եհովային՝ նրա կամքը կատարելու համար, պետք է հնազանդվեմ նրա տված հստակ պատվերներին»։ Խորհըրդածելով տեղի ունեցածի շուրջ՝ նա ասում է. «Անչափ ուրախ եմ, որ հետևեցի ինձ տրված խորհրդին։ Այդ երիտասարդը շուտով դադարեցրեց ուսումնասիրությունը։ Եթե ես շարունակեի զարգացնել հարաբերություններս նրա հետ, այժմ անհավատի հետ ամուսնացած կլինեի»։
7, 8. ա) Ինչո՞ւ չպետք է չափից շատ մտահոգվենք մարդկանց հաճեցնելու հարցով։ բ) Բացատրե՛ք, թե ինչպես կարելի է հաղթահարել մարդավախությունը։
7 Մենք Աստծու ծառաներն ենք, ուստի չպետք է դառնանք մարդկանց ծառաները (Ա Կորնթացիս 7։23)։ Ճիշտ է, մեզանից ոչ մեկը չի ցանկանում արհամարհված լինել, սակայն մենք երբեք չպետք է մոռանանք, որ քրիստոնյաների սկզբունքները տարբերվում են աշխարհի սկզբունքներից։ Պողոսը այսպիսի հարց տվեց. «Ուզում եմ մարդկա՞նց հաճոյ լինել»։ Նա եզրակացրեց. «Եթէ տակաւին մարդկանց հաճոյ լինէի, Քրիստոսի ծառայ չէի» (Գաղատացիս 1։10)։ Մենք ուղղակի չենք կարող տեղի տալ հասակակիցների ճնշմանը և դառնալ մարդկանց հաճեցնողներ։ Այդ դեպքում ի՞նչ կարող ենք անել, եթե մեզ վրա ճնշում է բանեցվում վարվելու այնպես, ինչպես մյուսները։
8 Քննենք Իսպանիայում ապրող մի երիտասարդ քրոջ՝ Ելենայի օրինակը։ Նրա դասարանցիներից մի քանիսը արյան դոնորներ էին։ Նրանք գիտեին, որ Ելենան, լինելով Եհովայի վկա, հրաժարվում է դոնոր լինելուց կամ արյուն ընդունելուց։ Երբ առիթ եղավ իր տեսակետի մասին ամբողջ դասարանին պատմելու, Ելենան ցանկություն հայտնեց ելույթ ունենալ։ «Անկեղծ ասած, ես անչափ անհանգստանում էի,— պատմում է Ելենան։— Բայց ես լավ պատրաստվեցի, և զարմանալի արդյունքներ եղան։ Իմ համադասարանցիներից շատերը սկսեցին հարգանքով վերաբերվել ինձ, իսկ ուսուցիչն ասաց, որ հիացած է այն գործով, որ անում եմ ես։ Իսկ ամենակարևորը, ես բավականություն զգացի, որ պաշտպանեցի Եհովայի անունը և կարողացա հստակորեն բացատրել իմ դիրքորոշման սուրբգրային պատճառները» (Ծննդոց 9։3, 4; Գործք 15։28, 29)։ Այո՛, լինելով Աստծու և Քրիստոսի ծառաներ՝ մենք տարբերվում ենք մյուսներից։ Շատ դեպքերում, սակայն, մարդիկ մեզ հարգանքով կվերաբերվեն, եթե պատրաստված լինենք մեր հավատալիքները հարգալից ձևով պաշտպանելու (Ա Պետրոս 3։15, ՆԱ)։
9. Ի՞նչ ենք սովորում այն հրեշտակի օրինակից, որը երևաց Հովհաննես առաքյալին։
9 Եթե հիշենք, որ մենք Աստծու ծառաներ ենք, ապա դա նաև կօգնի մեզ խոնարհ լինել։ Մի անգամ Հովհաննես առաքյալը, երբ տեսավ երկնային Երուսաղեմի անչափ տպավորիչ տեսիլքը, այնքան տպավորվեց իր տեսածից, որ ընկավ հրեշտակի՝ Աստծու պատգամավորի ոտքերի առաջ, որպեսզի նրան երկրպագի։ «Զգուշացիր,— ասաց նրան հրեշտակը։— Մի անիր. որովհետեւ ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայր մարգարէների եւ այս գրքի մարգարէութեան խօսքերը պահողների. Աստուծուն երկրպագիր» (Յայտնութիւն 22։8, 9)։ Ի՜նչ հրաշալի օրինակ է հրեշտակը թողել Աստծու բոլոր ծառաների համար։ Քրիստոնյաներից ոմանք գուցե հատուկ պատասխանատվություններ ունենան ժողովում։ Բայց հիշենք, թե ինչ ասաց Հիսուսը. «Ձեզանից ով որ կամենայ առաջին լինել, թող ձեզ ծառայ լինի» (Մատթէոս 20։26, 27)։ Լինելով Հիսուսի հետևորդները՝ մենք բոլորս էլ ծառաներ ենք։
«Այն ենք արել, ինչ որ պարտական էինք անելու»
10. Գրություններից օրինակներ բեր, որոնք ցույց են տալիս, որ Աստծու հավատարիմ ծառաների համար միշտ չէ, որ հեշտ է եղել նրա կամքը կատարելը։
10 Անկատար մարդկանց համար միշտ չէ, որ հեշտ է Աստծու կամքը կատարելը։ Մովսես մարգարեն դժվարանում էր հնազանդվել Եհովային, երբ վերջինս պատվիրեց նրան գնալ և Իսրայելի որդիներին Եգիպտոսի լծից ազատել (Ելից 3։10, 11; 4։1, 10)։ Հովնանը, երբ հանձնարարություն ստացավ Աստծու դատաստանական լուրը հայտնել Նինվեի բնակիչներին, «վեր կացաւ, որ Տիրոջ երեսիցը Թարսիս փախչէ» (Յովնան 1։2, 3)։ Բարուքը՝ Երեմիա մարգարեի գրագիրը, գանգատվեց, թե ‘հոգնել’ (ԱԱ) է (Երեմիա 45։2, 3)։ Ի՞նչ պետք է անենք, եթե մեր ցանկությունը կամ նախասիրությունը ներդաշնակ չէ Աստծու կամքին։ Այս հարցի պատասխանը գտնում ենք Հիսուսի պատմած մի առակի մեջ։
11, 12. ա) Հակիրճ պատմիր Հիսուսի առակը, որ արձանագրված է Ղուկաս 17։7–10-ում։ բ) Ի՞նչ ենք սովորում Հիսուսի առակից։
11 Հիսուսը պատմեց մի ծառայի մասին, որն ամբողջ օրը դաշտում արածեցրել էր իր տիրոջ հոտը։ Երբ ծառան՝ 12–ժամյա ծանր աշխատանքից հոգնած, վերադարձավ տուն, նրա տերը չհրավիրեց նրան նստել և համեղ ընթրիքը վայելել։ Ընդհակառակը՝ տերը ծառային ասաց. «Պատրաստիր ինչ որ իրիկունս պիտի ուտեմ, եւ գօտիդ կապիր ինձ ծառայիր, մինչեւ որ ուտեմ եւ խմեմ, եւ յետոյ դու էլ կ’ուտես եւ կ’խմես»։ Ծառան կարող էր իր անձնական կարիքները հոգալ միայն իր տիրոջը ծառայելուց հետո։ Հիսուսն իր առակի պատմությունը ավարտեց՝ ասելով. «Այնպէս էլ դուք, երբոր բոլոր ձեզ հրամայուած բաներն անէք, ասեցէք, թէ Մենք անպիտան ծառաներ ենք. որովհետեւ այն ենք արել, ինչ որ պարտական էինք անելու» (Ղուկաս 17։7–10)։
12 Հիսուսն այս առակը չպատմեց, որպեսզի ցույց տա, թե Եհովան չի գնահատում իր ծառաների մատուցած ծառայությունը։ Աստվածաշունչը հստակ ասում է. «Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք, որ ծառայում էիք սուրբերին եւ ծառայում էք» (Եբրայեցիս 6։10)։ Հիսուսի առակի նշանակությունն այն է, որ ծառան չի կարող հաճեցնել իրեն կամ կենտրոնանալ իր կյանքն ավելի հաճելի ու հարմարավետ դարձնելու վրա։ Նվիրվելով Աստծուն և որոշելով դառնալ նրա ծառաները՝ մենք համաձայնել ենք նրա կամքը կատարելը մեր կամքից առաջ դասել։ Այո՛, մենք պետք է Աստծու կամքը բարձր դասենք մեր կամքից։
13, 14. ա) Ո՞ր դեպքերում գուցե հարկ լինի ճնշել մեր սեփական հակումները։ բ) Ինչո՞ւ պետք է ձգտենք առաջին հերթին Աստծու կամքը կատարել։
13 Աստծու Խոսքն ու «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]» թողարկած հրատարակությունները կանոնավորաբար ուսումնասիրելու համար գուցե մեծ ջանքեր պահանջվի մեզանից (Մատթէոս 24։45)։ Այդպես կարող է լինել հատկապես այն դեպքում, եթե կարդալը միշտ մեզ համար դժվար է եղել կամ եթե հրատարակության մեջ «Աստուծոյ խորունկ բաներն» (ԱԱ) են քննարկվում (Ա Կորնթացիս 2։10)։ Արդյոք չպե՞տք է ժամանակ հատկացնենք անձնական ուսումնասիրության համար։ Գուցե հարկ լինի, որ ինքներս մեզ սովորեցնենք նստել ու առանց շտապելու քննել նյութը։ Բայց եթե այդպես չանենք, ինչպե՞ս կարող ենք «ախորժակ» զարգացնել ‘հաստատ կերակրի’ հանդեպ, որը հասուն մարդկանց համար է (Եբրայեցիս 5։14)։
14 Իսկ ինչպե՞ս ենք վարվում, երբ երկար աշխատանքային օրվա վերջում հոգնած վերադառնում ենք տուն, իսկ այդ երեկո ժողովի հանդիպում կա։ Գուցե հարկ լինի, որ ինքներս մեզ ստիպենք գնալ այդ հանդիպմանը։ Իսկ եթե անծանոթ մարդկանց քարոզելը մեր բնությանը դե՞մ է։ Ինքը Պողոսը չհերքեց, որ կարող են լինել պահեր, երբ մենք բարի լուրը կհռչակենք «ակամա»՝ հակառակ մեր կամքին (Ա Կորնթացիս 9։17)։ Սակայն մենք դա անում ենք, քանի որ Եհովան՝ մեր երկնային Տերը, որին սիրում ենք, ինքն է ասում մեզ, որ անենք։ Իսկ արդյոք ամեն անգամ մեզ բավարարված կամ թարմացած չե՞նք զգում այն բանից հետո, երբ ճիգ ենք թափել ուսումնասիրելու, հանդիպումներին հաճախելու և քարոզելու համար (Սաղմոս 1։1, 2; 122։1; 145։10–13)։
Մի՛ նայեք այն բաներին, որ թողել եք ‘ետևում’
15. Ինչպե՞ս Հիսուսը Աստծուն ենթարկվելու օրինակ թողեց։
15 Հիսուս Քրիստոսը գերազանց ձևով ցույց տվեց, որ ենթարկվում է իր երկնային Հորը։ «Ես իջայ երկնքիցը, որ ոչ թէ իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը»,— ասաց նա իր աշակերտներին (Յովհաննէս 6։38)։ Անչափ տրտմած լինելով՝ նա Գեթսեմանի պարտեզում աղոթեց. «Իմ Հայր, եթէ կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի. սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու» (Մատթէոս 26։39)։
16, 17. ա) Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը այն բաների նկատմամբ, որոնք թողել ենք ‘ետևում’։ բ) Բացատրե՛ք, թե ինչպես Պողոսը իրատեսական վերաբերմունք ցուցաբերեց՝ աշխարհի առաջարկած հեռանկարները «աղբ» համարելով։
16 Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ մենք հավատարիմ մնանք մեր կայացրած որոշմանը, այն է՝ լինել Աստծու ծառա։ Նա ասաց. «Ոչ ով որ ձեռքը մաճի վերայ է դնում եւ ետեւին մտիկ անում, յարմար չէ Աստուծոյ արքայութեան համար» (Ղուկաս 9։62)։ ‘Ետևում’ թողած բաներով ապրելը, անկասկած, ճիշտ չէ, եթե մենք Աստծուն ենք ծառայում։ Ընդհակառակը, մենք պետք է շատ թանկ գնահատենք այն ամենը, ինչ ստացել ենք՝ որպես Աստծու ծառաներ։ Պողոսը փիլիպպեցիներին գրեց. «Հէնց ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար, որի պատճառով ամեն բանից զրկուեցայ, եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ» (Փիլիպպեցիս 3։8)։
17 Խորհրդածենք այն բոլոր բաների շուրջ, որոնք Պողոսը «աղբ», այսինքն՝ մերժելու արժանի էր համարում, որպեսզի ստանար այն հոգևոր պարգևները, որ գալիս են Աստծու ծառա լինելու արդյունքում։ Նա ‘ետևում’ թողեց ոչ միայն աշխարհի առաջարկած հաճույքները, այլև հուդայականության ապագա առաջնորդը դառնալու հնարավորությունը։ Եթե Պողոսը չթողներ հուդայականությունը, ապա կարող էր այնպիսի դիրքի հասնել, ինչպիսին որ ունեցավ Սիմեոնը՝ Պողոսի ուսուցիչ Գամաղիելի որդին (Գործք 22։3; Գաղատացիս 1։14)։ Սիմեոնը դարձավ փարիսեցի առաջնորդներից մեկը և կարևոր դեր խաղաց մ.թ. 66–70 թթ. Հռոմի դեմ հրեական ապստամբության մեջ, չնայած որոշ հարցերում մտավախություններ ուներ։ Նա մահացավ այդ հակամարտության ժամանակ կա՛մ հրեական ծայրահեղականների ձեռքով, կա՛մ հռոմեական բանակի։
18. Բերեք մի օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչպես են հոգևոր նվաճումները պարգևատրություն բերում։
18 Եհովայի վկաներից շատերը հետևել են Պողոսի օրինակին։ «Դպրոցն ավարտելուց մի քանի տարի հետո ես պատասխանատու քարտուղարի աշխատանք գտա Լոնդոնի հանրահայտ փաստաբաններից մեկի մոտ,— պատմում է Ջինը։— Ես սիրում էի աշխատանքս և մեծ գումարներ էի վաստակում, բայց սրտիս խորքում գիտեի, որ ավելի շատ բան կարող եմ անել Եհովայի ծառայության մեջ։ Ի վերջո, ես աշխատանքից ազատվելու դիմում գրեցի և ռահվիրայություն սկսեցի։ Անչափ ուրախ եմ, որ այդ քայլին դիմեցի մոտ 20 տարի առաջ։ Լիաժամ ծառայությունս ավելի շատ է հարստացրել իմ կյանքը, քան ցանկացած քարտուղարական աշխատանք կարող էր անել։ Ոչ մի բան ավելի մեծ բավականություն չի պարգևում, որքան այն, որ տեսնում ես, թե ինչպես է Եհովայի Խոսքը փոխում մարդու կյանքը։ Եվ այդ փոփոխության մեջ մասնակցություն ունենալը հրաշալի բան է։ Այն, ինչ տալիս ենք Եհովային, ոչինչ է այն ամենի կողքին, որ Եհովան է տալիս մեզ»։
19. Ի՞նչ անելու վճռականություն պետք է ունենանք և ինչո՞ւ։
19 Մեր հանգամանքները գուցե փոխվեն ժամանակի ընթացքում։ Սակայն մեր նվիրումը Աստծուն անփոփոխ է մնում։ Մենք շարունակում ենք Եհովայի ծառաները մնալ, և նա թույլ է տալիս, որ մե՛նք որոշենք, թե ինչպես կօգտագործենք մեր ժամանակը, ուժը, ունակություններն ու մեր մյուս հնարավորությունները։ Ուստի այդ հարցում կայացրած որոշումներում կարող է արտացոլվել Աստծու հանդեպ մեր սերը։ Դրանք նաև ցույց են տալիս, թե որքանով ենք պատրաստակամ անձնապես զոհողություններ անելու (Մատթէոս 6։33)։ Անկախ նրանից, թե ինչպիսի հանգամանքներում կգտնվենք՝ չպե՞տք է արդյոք վճռականորեն Եհովային տանք մեր լավագույնը։ Պողոսը գրեց. «Եթէ յոժարութիւն կայ, ունեցածի չափովն է ընդունելի եւ ոչ թէ չ’ունեցածի չափովը» (Բ Կորնթացիս 8։12)։
Դուք «ձեր պտուղն ունիք»
20, 21. ա) Ի՞նչ պտուղ են բերում Աստծու ծառաները։ բ) Ինչպե՞ս է Եհովան վարձատրում նրանց, ովքեր իրենց լավագույնն են տալիս նրան։
20 Աստծու ծառա լինելը ծանր բան չէ։ Ընդհակառակը՝ այն մեզ ազատություն է տալիս ծառայության մի ձևից, որը կործանարար է և խլում է մեր ուրախությունը։ «Հիմա որ մեղքիցն ազատուած եւ Աստուծոյ ծառայ եղած էք,— գրեց Պողոսը,— ձեր պտուղն ունիք սրբանալու համար, եւ նորա վերջը յաւիտենական կեանքն է» (Հռովմայեցիս 6։22)։ Աստծու ծառաներ լինելը ‘պտուղ է բերում սրբանալու համար’ այն իմաստով, որ մենք մեծ օգուտներ ենք ստանում՝ սուրբ, այսինքն՝ բարոյապես մաքուր վարք դրսևորելով։ Դեռ ավելին, ապագայում այն մեզ կառաջնորդի հավիտենական կյանքի։
21 Եհովան առատաձեռն է իր ծառաների հանդեպ։ Երբ մենք մեր ձեռքից եկած ամեն բան անում ենք նրան ծառայելու համար, ապա նա մեր առջև բաց է անում «երկնքի պատուհանները» և օրհնություններ թափում մեզ վրա, «մինչեւ որ.... տեղ չ’լինի» (Մաղաքիա 3։10)։ Որքա՜ն հաճելի կլինի ծառայել Եհովային որպես նրա ծառաներ ողջ հավիտենականության մեջ։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ ենք մենք Աստծու ծառաներ դառնում։
• Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ ենթարկվում ենք Աստծու կամքին։
• Ինչո՞ւ պետք է պատրաստ լինենք Եհովայի կամքը մեր կամքից բարձր դասելու։
• Ինչո՞ւ չպետք է ետ նայենք ‘ետևում’ թողած բաներին։
[նկար 16–րդ էջի վրա]
Այն, որ իսրայելացիները Օրենքով սահմանված կարգով կարող էին կամավորապես ծառա դառնալ, նախաշողն էր այն ծառայության, որի ներքո գտնվում են քրիստոնյաները
[նկար 17–րդ էջի վրա]
Մենք դառնում ենք Աստծու ծառա, երբ մկրտվում ենք
[Նկար 17–րդ էջի վրա]
Քրիստոնյաները Աստծու կամքը կատարելը առաջին տեղում են դնում
[նկար 18–րդ էջի վրա]
Մովսեսը դժվարանում էր ընդունել իր նշանակումը