Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp17 № 2 էջ 10–12
  • Ազատագրում ստրկությունից. հնում և այսօր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ազատագրում ստրկությունից. հնում և այսօր
  • 2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՊԱՏԵՐԱԶՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՂԿՄԱՆԸ
  • ԱԶԱՏԱԳՐՈՒՄ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ
  • ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԿՎԵՐԱՆԱ
  • «Մեծ գնով գնուեցաք»
    2005 Դիտարան
  • «Եհովային ծառայեք»
    2013 Դիտարան
2017 Դիտարան (հանրային թողարկում)
wp17 № 2 էջ 10–12
Աֆրիկա և Ամերիկա աշխարհամասերի միջև տեղի ունեցող ստրուկների առևտուր

Աֆրիկա և Ամերիկա աշխարհամասերի միջև տեղի ունեցող ստրուկների առևտուրը շահութաբեր գործ էր

Ազատագրում ստրկությունից. հնում և այսօր

Բլեսինգինa խոստացել էին, որ երբ հասնի Եվրոպա, վարսավիրի աշխատանք կունենա։ Բայց նրա հույսերը չիրականացան։ Տասը օր շարունակ նրան ծեծում էին և սպառնում, որ նրա ընտանիքին վնաս կհասցնեն, եթե նա չանի իրենց ասածը։ Ի վերջո Բլեսինգին ստիպեցին մարմնավաճառությամբ զբաղվել։

Հին Եգիպտոսում գերեվարված ստրուկների քանդակ

Հին Եգիպտոսում գերեվարված ստրուկների քանդակ

Բլեսինգը պետք է մի գիշերում 200-ից 300 եվրո գումար աշխատեր, որպեսզի կարողանար մարել 40 000 եվրոյիb պարտքը, որ նրա վրա դրել էր իր տիրուհին։ Բլեսինգը պատմում է. «Հաճախ էի մտածում փախչելու մասին, բայց վախենում էի, որ նրանք կվնասեին ընտանիքիս։ Ես ծուղակն էի ընկել»։ Բլեսինգի նման՝ աշխարհում մոտ չորս միլիոն մարդ միջազգային սեքս-արդյունաբերության զոհն է դարձել։

Գրեթե 4 000 տարի առաջ Հովսեփ անունով մի երիտասարդ ստրկության վաճառվեց իր հարազատ եղբայրների կողմից։ Հետո նրան գնեց մի եգիպտացի պաշտոնյա։ Ի տարբերություն Բլեսինգի՝ Հովսեփի տերը սկզբնական շրջանում վատ չէր վերաբերվում նրան։ Բայց երբ նա մերժեց իր տիրոջ կնոջ անբարո առաջարկները, վերջինս նրան անարդարացիորեն մեղադրեց բռնաբարության մեջ։ Հովսեփին բանտ նետեցին և «դրեցին երկաթե կապանքների մեջ» (Ծննդոց 39։1–20; Սաղմոս 105։17, 18)։

Հովսեփն ապրել է հին ժամանակներում, իսկ Բլեսինգն ապրում է 21-րդ դարում։ Բայց երկուսն էլ դարձան հնուց եկող հրեշավոր մի երևույթի՝ մարդկանց առևտրի զոհը, առևտուր, որով զբաղվողները մարդկանց վերաբերվում են որպես ապրանքի և նյութական շահից այն կողմ ոչինչ չեն տեսնում։

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՂԿՄԱՆԸ

Պատերազմը միշտ էլ ստրուկներ ձեռք բերելու ամենահեշտ միջոցն է եղել։ Օրինակ՝ տեղեկությունների համաձայն՝ Եգիպտոսի փարավոն Թութմոս III-ը Քանանի դեմ իր արշավանքներից մեկի ժամանակ 90 000 գերի էր վերցրել։ Եգիպտացիները նրանց ստրկացրել էին և ստիպում էին աշխատել հանքերում, տաճարներ կառուցել և ջրանցքներ փորել։

Հռոմեական կայսրությունը նույնպես մեծ թվով ստրուկներ էր ձեռք բերել պատերազմների արդյունքում։ Եվ երբեմն հենց ստրուկների պահանջարկն էր պատերազմների պատճառ դառնում։ Ըստ հաշվարկների՝ առաջին դարում ստրուկները կազմում էին Հռոմ քաղաքի բնակչության գրեթե կեսը։ Հռոմում և Եգիպտոսում ստրուկներից շատերին դաժանորեն շահագործում էին։ Հռոմի հանքերում աշխատող ստրուկների կյանքի միջին տևողությունը ընդամենը 30 տարի էր։

Ժամանակ անցավ, բայց ստրկության երևույթը չվերացավ։ 16–19-րդ դարերում Աֆրիկա և Ամերիկա աշխարհամասերի միջև տեղի ունեցող ստրուկների առևտուրը ամենաշահութաբեր գործերից էր։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի հաշվետվության մեջ նշվում է, որ այդ ընթացքում առևանգվել ու վաճառվել են 25–30 միլիոն տղամարդիկ, կանայք ու երեխաներ։ Տեղեկությունների համաձայն՝ հարյուր հազարավորներ մահացել են նավի մեջ Ատլանտյան օվկիանոսով անցնելիս։ Այդ ստրկացված մարդկանցից մեկը՝ Օլաուդա Էքվիանոն, որը ողջ էր մնացել, պատմում էր այդ սարսափելի ճանապարհորդության մասին. «Կանանց ճիչերն ու մահացող մարդկանց հառաչանքները առանց այն էլ ահարկու այդ տեսարանը դարձրել էին իսկական մղձավանջ»։

Ցավոք, մեր օրերում էլ այդ ողբերգական երևույթը չի վերացել։ Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ մոտ 21 միլիոն տղամարդիկ, կանայք ու երեխաներ պահվում են ստրկության մեջ և հարկադիր աշխատանքներ են կատարում շատ չնչին գումարի դիմաց կամ էլ առանց վարձատրության։ Նրանք աշխատում են հանքերում, տեքստիլ ձեռնարկություններում, աղյուսի գործարաններում և հասարակաց տներում, կամ էլ աշխատում են որպես տան սպասավորներ։ Թեև մարդկանց նման շահագործումը անօրինական է, բայց ակնհայտ է, որ ստրկության այս տեսակը գնալով մեծ տարածում է գտնում։

Երեխաները ստրկական աշխատանք են անում աղյուսի գործարանում

Միլիոնավոր մարդիկ այսօր էլ ստրկական աշխատանք են անում

ԱԶԱՏԱԳՐՈՒՄ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Դաժան վերաբերմունքից ազատվելու համար շատ ստրուկներ սկսեցին պայքարել հանուն ազատության։ Մ. թ. ա. առաջին դարում Սպարտակ անունով մի գլադիատոր մոտ 100 000 ստրուկների հետ Հռոմի դեմ ապստամբություն բարձրացրեց, որը, սակայն, ձախողվեց։ Իսկ 18-րդ դարում Կարիբյան ավազանում գտնվող Էսպանյոլա կղզու ստրուկները ըմբոստացան իրենց տերերի դեմ։ Շաքարի ճակնդեղի պլանտացիաներում ստրուկների հանդեպ անմարդկային վերաբերմունքը սկիզբ դրեց 13-ամյա քաղաքացիական պատերազմի, որն ի վերջո ավարտվեց 1804 թ.-ին Հայիթիի անկախ պետության հռչակումով։

Բայց պատմության մեջ ստրկությունից ազատվելու ամենաուշագրավ դեպքը եղել է իսրայելացիների ազատագրումը եգիպտական լծից։ Մոտ երեք միլիոն մարդ՝ մի ամբողջ ժողովուրդ, ազատագրվեց Եգիպտոսի ստրկությունից։ Նրանք իսկապես ազատագրման կարիք ունեին։ Աստվածաշնչում ասվում է, որ նրանց, «իբրև ստրուկների, բռնությամբ ստիպում էին աշխատել» և «ամեն տեսակ ծանր ստրկական աշխատանքներ» անել (Ելք 1։11–14)։ Մի անգամ փարավոններից մեկը նույնիսկ հրամայել էր սպանել բոլոր նորածիններին, որպեսզի կարողանա վերահսկել իսրայելացիների թվի աճը (Ելք 1։8–22)։

Եգիպտական լծից իսրայելացիների ազատագրումը առանձնահատուկ էր այն առումով, որ Աստված ինքը միջամտեց։ Նա Մովսեսին ասաց. «Ես լավ գիտեմ նրանց կրած չարչարանքները։ Ես իջնելու եմ, որ ազատեմ նրանց» (Ելք 3։7, 8)։ Մինչ օրս հրեաները ամեն տարի տոնում են Պասեքը, որը հիշեցնում է նրանց այդ նշանակալից իրադարձության մասին (Ելք 12։14)։

ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԿՎԵՐԱՆԱ

Աստվածաշնչում ասվում է. «Մեր Աստված Եհովայի մոտ անարդարություն.... չկա»։ Այնտեղ նաև գրված է, որ Աստված չի փոխվում (2 Տարեգրություն 19։7; Մաղաքիա 3։6)։ Նա Հիսուսին ուղարկեց, որ վերջինս «գերիներին ազատություն.... քարոզի [և] կոտրվածներին ազատ արձակի» (Ղուկաս 4։18)։ Իսկ այս խոսքերը նշանակո՞ւմ էին, որ ստրուկները բառացիորեն ազատվելու էին ստրկությունից։ Ըստ երևույթին, ո՛չ։ Հիսուսը երկիր էր ուղարկվել, որպեսզի մարդկանց ազատեր մեղքի ու մահվան ստրկությունից։ Նա ասաց. «Ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։32)։ Հիսուսի սովորեցրած ճշմարտությունը այսօր նույնպես ազատում է մարդկանց տարբեր առումներով (տես «Ազատագրում մեկ այլ ստրկությունից» շրջանակը)։

Աստված նաև Հովսեփին ու Բլեսինգին օգնեց ազատվելու ստրկությունից։ Այն մասին, թե ինչպես Աստված օգնեց Հովսեփին, կարող եք կարդալ Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի 39-ից 41-րդ գլուխներում։ Շատ հետաքրքիր է նաև Բլեսինգի՝ ազատություն ձեռք բերելու պատմությունը։

Եվրոպական մի երկրից արտաքսվելուց հետո, Բլեսինգը գնաց Իսպանիա։ Այնտեղ նա հանդիպեց Եհովայի վկաներին և նրանց օգնությամբ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա վճռել էր փոխել իր կյանքը, ուստի մշտական աշխատանք գտավ և համոզեց իր տիրուհուն նվազեցնել իր ամսական պարտքը։ Մի օր Բլեսինգը հեռախոսազանգ ստացավ իր տիրուհուց։ Վերջինս ասաց, որ չեղյալ է համարում Բլեսինգի պարտքը և ներողություն խնդրեց նրանից։ Ի՞նչ էր եղել։ Նա նույնպես սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Բլեսինգն ասում է. «Ճշմարտությունն ազատում է զարմանալի կերպերով»։

Եհովա Աստված ցավ էր զգում՝ տեսնելով իսրայելացի ստրուկների տառապանքը Եգիպտոսում։ Ինչ խոսք, նա այսօր էլ մեծ ցավ է ապրում՝ նմանատիպ անարդարություններ տեսնելով։ Ստրկության բոլոր ձևերին վերջ դնելու համար հարկավոր է հսկայական փոփոխություններ անել մարդկային հասարակության մեջ, և Աստված խոստանում է, որ կանի դա։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նրա խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, և նրանցում արդարություն է բնակվելու» (2 Պետրոս 3։13)։

a Անունը փոխված է։

b Այդ տարիներին եվրոն գրեթե համարժեք էր ԱՄՆ դոլարին։

Ազատագրում մեկ այլ ստրկությունից

Ալոնսոն և նրա կինը

Ալոնսոն մեկ այլ տեսակի ստրկության մեջ էր։ Դեռևս պատանեկան տարիքում նա սկսեց կոկաին և հերոին օգտագործել՝ դառնալով այդ թմրանյութերի գերին։ Ալոնսոն խոստովանում է. «Թմրանյութ գնելու գումար վաստակելու համար դարձա հանցագործ ու սկսեցի զբաղվել թմրանյութերի առք ու վաճառքով։ Ես բուժում ստացա չորս տարբեր նարկոլոգիական կենտրոններում, բայց այդպես էլ չկարողացա ազատվել իմ կախվածությունից։ Ի վերջո մի օր ինձ ձերբակալեցին, և ես չորս տարի անցկացրեցի բանտում»։

30 տարի թմրանյութերի ստրկության մեջ գտնվելուց հետո Ալոնսոն սկսեց Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Աստվածաշնչից ստացած տեղեկությունները հասան նրա սրտին, և նա վճռեց հաղթահարել իր սովորությունը։ Նա ասում է. «Ինձ համար դա դժվար էր, քանի որ տարիներ շարունակ կախվածության մեջ եմ եղել։ Բայց Եհովա Աստված օգնեց ինձ, որ հաղթեմ այդ պայքարում» (Սաղմոս 55։22)։

Ալոնսոն շարունակում է. «Կինս շատ ուրախ է, որ ես այդքան մեծ փոփոխություններ եմ արել։ Ես անչափ շնորհակալ եմ Եհովային, որ օգնել է ինձ թողնել այդ ինքնակործանման ուղին։ Առանց նրա ես չէի կարողանա ազատվել այդ ստրկությունից և ամենայն հավանականությամբ արդեն մահացած կլինեի»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը