Ծնողնե՛ր, պաշտպանեք ձեր թանկարժեք ժառանգությունը
«Իմաստությունը պաշտպանություն է» (ՆԱ)։ «[Այն] կ’ապրեցնէ իր տիրոջը» (ԺՈՂՈՎՈՂ 7։12)։
1. Ինչո՞ւ պետք է ծնողներն իրենց երեխաներին նվեր համարեն։
ԾՆՈՂՆԵՐԸ լույս աշխարհ են բերում մի նոր անձնավորության, որն իր արտաքինով ու բնավորության գծերով նման է նրանց։ Աստվածաշունչն այս փոքրիկներին կոչում է «Տիրոջ [այսինքն՝ Եհովայի] ժառանգութիւն» (Սաղմոս 127։3)։ Լինելով մեր Կենսատուն՝ Եհովան ծնողներին վստահում է մի բան, որն իրականում իրեն է պատկանում (Սաղմոս 36։9)։ Ծնողնե՛ր, ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը Աստծու տված այս թանկարժեք նվերի նկատմամբ։
2. Ինչպիսի՞ արձագանք տվեց Մանուեն, երբ իմացավ, որ հայր է դառնալու։
2 Ինչ խոսք, այդ նվերը պետք է ընդունել խոնարհությամբ ու գնահատանքով։ Ավելի քան 3 000 տարի առաջ Մանուե անունով մի իսրայելացի հենց այդպես արձագանքեց, երբ հրեշտակը հայտնեց նրա կնոջը, թե նա երեխա է ունենալու։ Այդ ուրախալի լուրը լսելով՝ Մանուեն աղոթեց. «Աղաչում եմ, ով Տեր իմ, այն Աստուծոյ մարդը որին դու ուղարկեցիր՝ թող դարձեալ մեզ մօտ գայ եւ մեզ սովորեցնէ, թե այն ծնուելու տղային ի՞նչ անենք» (Դատաւորաց 13։8)։ Ծնողնե՛ր, ի՞նչ կարող եք սովորել Մանուեի օրինակից։
Ինչու ենք այսօր Աստծու օգնության կարիքը զգում
3. Ինչո՞ւ հատկապես այսօր Աստծու օգնության կարիքը կա երեխաներին դաստիարակելու հարցում։
3 Այսօր ավելի, քան երբևէ, ծնողները երեխաների դաստիարակության հարցում Եհովայի օգնության կարիքն ունեն։ Ինչո՞ւ։ Բանսարկու Սատանան և նրա դևերը վայր են գցվել երկնքից երկիր։ «Վա՜յ երկրին,— զգուշացնում է Աստվածաշունչը,— [քանի] որ Բանսարկուն վայր իջաւ ձեզ մօտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Յայտնութիւն 12։7–9, 12)։ Աստվածաշունչը բացատրում է, որ Սատանան «գոռոզ [«մռնչող», ԱԱ] առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ» (Ա Պետրոս 5։8)։ Սովորաբար առյուծները որսում են ամենաթույլ, ամենաանպաշտպան, հաճախ մատղաշ կենդանիներին։ Հետևաբար քրիստոնյա ծնողները իմաստություն են դրսևորում՝ երեխաներին պաշտպանելու համար Եհովայի առաջնորդությունը փնտրելով։ Որքա՞ն ջանք եք ներդնում դա անելու համար։
4. ա) Ի՞նչ կանեն ծնողները՝ իմանալով, որ մոտակայքում առյուծ է թափառում։ բ) Ինչի՞ կարիք ունեն երեխաները, որ պաշտպանված լինեն։
4 Եթե իմանայիք, որ մոտակայքում առյուծ է թափառում, անշուշտ, առաջին բանը, որ կանեիք, ձեր երեխաներին պաշտպանելն է։ Սատանան գիշատիչ է։ Նա ուզում է պղծել Աստծու ծառաներին, որպեսզի նրանք չարժանանան Աստծու հավանությանը (Յոբ 2։1–7; Ա Յովհաննէս 5։19)։ Երեխաներին հեշտ է ծուղակը գցել։ Սատանայի որոգայթներից խուսափելու համար երեխաները պետք է ճանաչեն ու հնազանդվեն Եհովային։ Աստվածաշնչյան գիտելիքներ ձեռք բերելը շատ կարևոր է։ «Սա է յաւիտենական կեանքը,— ասաց Հիսուսը,— որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։ Ավելին, երեխաները կարիք ունեն իմաստության, այսինքն՝ սովորածը հասկանալու և կիրառելու կարողության։ Քանի որ «իմաստութիւնը կ’ապրեցնէ իր տիրոջը», դո՛ւք, ծնողնե՛ր, պետք է ճշմարտությունը արմատավորեք ձեր երեխաների սրտում (Ժողովող 7։12)։ Ինչպե՞ս կարող եք դա անել։
5. ա) Ինչպե՞ս կարելի է իմաստություն սովորեցնել երեխային։ բ) Ինչպե՞ս է «Առակաց» գրքում նկարագրվում իմաստության արժեքը։
5 Դուք կարող եք և պե՛տք է ձեր երեխաների համար կարդաք Աստծու Խոսքը։ Սակայն որպեսզի օգնեք նրանց սիրել և հնազանդվել Եհովային, ավելին է պահանջվում. պահանջվում է հասկացողություն նրանց կողմից։ Պարզաբանենք. գուցե երեխային ասում ենք, որ նա, առանց աջ ու ձախ նայելու, չանցնի փողոցը։ Սակայն որոշ երեխաներ չեն լսում։ Ինչո՞ւ։ Հաճախ պատճառը գուցե այն է լինում, որ երեխային բավականաչափ չենք բացատրել, թե ինչպիսի հետևանքներ են լինում, երբ ավտոմեքենան հարվածում է մարդուն, կամ գուցե այնպես չենք բացատրել, որ երեխայի մեջ դա տպավորվի, ու նա խուսափի այն ‘հիմարությունից’, որն ավտովթարի պատճառ կդառնա։ Իմաստություն սովորեցնելը ինչպես ժամանակ, այնպես էլ համբերություն է պահանջում։ Բայց որքա՜ն արժեքավոր է իմաստությունը։ «Նորա ճանապարհները հաճելի ճանապարհներ են,— ասում է Աստվածաշունչը,— եւ նորա բոլոր շաւիղները խաղաղութիւն են։ Նա կենաց ծառ է նորանց համար որ բռնել են նորան, եւ նա իրան պինդ բռնողին երջանիկ կ’անէ» (Առակաց 3։13–18; 22։15)։
Ուսուցում, որը իմաստուն է դարձնում
6. ա) Ինչո՞ւ են երեխաները հաճախ ոչ իմաստուն քայլեր անում։ բ) Ի՞նչ պայքար է մղվում։
6 Հաճախ երեխաները սխալ քայլ են անում ոչ թե այն պատճառով, որ իրենց չեն սովորեցրել, թե որն է ճիշտը, այլ այն պատճառով, որ նրանց ստացած ուսուցումը չի հասել իրենց սրտին՝ իրենց ներքին անձնավորությանը։ Սատանան պայքարում է երեխաների սրտերի համար։ Նա ամեն ինչ անում է, որպեսզի է նրանց ենթարկի իր իշխանության տակ գտնվող աշխարհի չար ազդեցություններին։ Նա նաև փորձում է օգտվել այն հանգամանքից, որ երեխաները սխալը անելու մեղավոր հակում են ժառանգել (Ծննդոց 8։21; Սաղմոս 51։5)։ Ծնողները պետք է գիտակցեն, որ իրենց երեխաների սրտի համար իրական պայքար է մղվում։
7. Ինչո՞ւ բավական չէ երեխային միայն ասել, թե ինչն է ճիշտ կամ սխալ։
7 Ծնողները սովորաբար ասում են երեխային, թե ինչն է ճիշտ կամ սխալ՝ կարծելով, որ նրան որոշակի բարոյական սկզբունք են սովորեցնում։ Նրանք գուցե ասեն երեխային, թե սխալ է, երբ անհատը ստում է, գողանում է կամ սեռական հարաբերություններ է ունենում մի մարդու հետ, որի հետ ամուսնացած չէ։ Սակայն երեխան պետք է հնազանդվելու ավելի զորեղ մղում ունենա, քան պարզապես այն, որ իր ծնողն է ասում, որ նա այդպես անի։ Այդ զորեղ մղումը Եհովայի օրենքներն են։ Երեխան պետք է իմանա, որ Աստծու պատվիրանները պահելը իմաստություն է (Առակաց 6։16–19; Եբրայեցիս 13։4)։
8. Ինչպիսի՞ ուսուցումը կարող է օգնել երեխային իմաստությամբ գործելու։
8 Տիեզերքի բարդ կառուցվածքը, կենդանական աշխարհի բազմազանությունը, եղանակների փոփոխությունը՝ այս բոլորը կարող են օգնել երեխային ըմբռնել բացարձակ իմաստություն ունեցող Արարչի գոյությունը (Հռովմայեցիս 1։20; Եբրայեցիս 3։4)։ Պետք է սովորեցնել երեխային, որ Աստված սիրում է նրան և իր սիրելի Որդու զոհագործության միջոցով հնարավորություն է ստեղծել, որ նա հավիտենական կյանք ունենա։ Նաև պետք է սովորեցնել, որ նա կարող է ուրախացնել Աստծուն՝ կատարելով նրա պատվիրած բաները։ Այդ ժամանակ, հավանաբար, երեխան կցանկանա ծառայել Եհովային՝ չնայած նրան խանգարելու նպատակով Սատանայի գործադրած ջանքերին (Առակաց 22։6; 27։11; Յովհաննէս 3։16)։
9. ա) Ի՞նչ է պահանջվում փրկարար ուսուցում տալու համար։ բ) Ի՞նչ է պատվիրված հայրերին անել, և ի՞նչ է դա ներառում։
9 Ժամանակ, ուշադրություն և պլանավորում է պահանջվում երեխային այնպիսի ուսուցում տալու համար, որը կպաշտպանի ու կմղի նրան ճիշտն անելու։ Այդպիսի ուսուցում տալու համար նաև պահանջվում է, որ ծնողն ընդունի Աստծու առաջնորդությունը։ Աստվածաշունչը ասում է. «Հայրեր, ....մեծացրէք [ձեր երեխաներին] խրատով եւ Տիրոջ [Եհովայի] ուսմունքովը» (Եփեսացիս 6։4)։ Ի՞նչ է դա նշանակում։ «Ուսմունք» թարգմանված հունարեն բառը «միտք դնելու» գաղափարն է փոխանցում։ Ուստի, հայրերին հորդոր է տրվում, որ իրենց երեխաների մեջ Եհովայի միտքը դնեն։ Ինչպիսի՜ պաշտպանություն կլինի դա փոքրիկների համար։ Եթե երեխաների մտքում դրոշմված լինեն Աստծու մտքերը, այսինքն՝ նրանք ունենան Աստծու մտածելակերպը, ապա պաշտպանված կլինեն սխալը գործելուց։
Ցանկություն, որի հիմքում սերն է ընկած
10. Երեխային ինչպես հարկն է դաստիարակելու համար ի՞նչ կարևոր բան պետք է իմանաս։
10 Սակայն, որպեսզի կարողանաս ինչպես հարկն է դաստիարակել երեխայիդ, ինչը, անշուշտ, սրտիդ ցանկությունն է, քո ջանքերի հիմքում սերը պետք է ընկած լինի։ Կարևոր պայման է լավ հաղորդակցությունը։ Փորձիր իմանալ, թե ինչ է տեղի ունենում երեխայի կյանքում, և թե ինչպես է նա իրերին նայում։ Հանգիստ իրավիճակում նրբանկատորեն խրախուսիր երեխային արտահայտվել։ Երբեմն գուցե քեզ ապշեցնի այն, թե ինչ է նա ասում։ Զգույշ եղիր, որ չափազանց զգացմունքայնորեն չարձագանքես։ Փոխարենը՝ կարեկցանքով լսիր երեխային։
11. Ինչպե՞ս կարող է ծնողը Աստծու միտքը դնել երեխայի մեջ։
11 Ճիշտ է, դու հավանաբար քո երեխայի համար կարդացել ես Աստվածաշնչից, որ Աստծու օրենքը արգելում է սեռական անբարոյականությունը, և հավանաբար, ոչ մեկ անգամ ես արել դա (Ա Կորնթացիս 6։18; Եփեսացիս 5։5)։ Գուցե դա երեխային օգնել է հասկանալ, թե ինչն է հաճելի Եհովային, և ինչը՝ ոչ։ Այնուամենայնիվ, Եհովայի միտքը երեխայի մեջ դնելու համար ավելին է պահանջվում։ Երեխաները օգնության կարիք ունեն Եհովայի օրենքների արժեքը հասկանալու համար։ Նրանք պետք է համոզված լինեն, որ Աստծու օրենքները ճիշտ են ու օգտակար, և որ դրանց հնազանդվելը ճիշտ և սիրալիր վարք կլինի։ Միայն այն դեպքում կարելի է ասել, որ դու Աստծու միտքը դնում ես երեխայիդ մեջ, եթե նրա հետ տրամաբանում ես Գրությունների հիման վրա, և նա ընդունում է Աստծու տեսակետը։
12. Ինչպե՞ս կարող է ծնողը օգնել իր երեխային սեռական հարաբերությունների վերաբերյալ ճիշտ տեսակետ ունենալ։
12 Սեքսի մասին խոսելիս կարող ես հարցնել երեխային. «Քո կարծիքով՝ եթե անհատը հնազանդվում է ամուսնությունից առաջ սեռական հարաբերություններ չունենալու մասին Եհովայի օրենքին, զրկվո՞ւմ է երջանկությունից»։ Խրախուսիր երեխային բացատրել, թե ինչու է այդպես պատասխանում։ Ապա քննելով երեխաներ ունենալու հրաշալի կարողությունը, որ Աստված տվել է մարդկանց՝ կարող ես հարցնել. «Ի՞նչ ես կարծում, սիրալիր Աստված կստեղծե՞ր օրենքներ, որպեսզի զրկեր մեզ ուրախ կյանքից։ Թե՞ նա օրենքները ստեղծել է, որպեսզի մենք երջանիկ և պաշտպանված լինենք» (Սաղմոս 119։1, 2; Եսայիա 48։17)։ Փորձիր իմանալ երեխայի տեսակետը այդ հարցի վերաբերյալ։ Ապա օրինակներ բեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է սեռական անբարոյությունը հոգեկան ցավեր և դժվարություններ բերել (Բ Թագաւորաց 13։1–33)։ Տրամաբանելով երեխայի հետ, այնպես որ նա հասկանա և ընդունի Աստծու տեսակետը՝ դու հաջողությամբ Աստծու միտքը նրա մեջ կդնես։ Սակայն մի բան էլ կա, որ կարող ես անել։
13. Ի՞նչը հասկանալը հատկապես կմղի երեխային հնազանդվելու Եհովային։
13 Ծնողը իմաստուն կվարվի ոչ միայն սովորեցնելով երեխային Եհովային չհնազանդվելու հետևանքների մասին, այլ նաև բացատրելով, թե անձամբ Եհովան ինչ է զգում, երբ տեսնում է, թե ինչ կյանք է վարում նա։ Աստվածաշնչից ցույց տուր երեխային, որ մենք Եհովային ցավ կպատճառենք, եթե թերանանք կատարել նրա կամքը (Սաղմոս 78։41)։ Կարող ես հարցնել. «Ինչո՞ւ դու չես ուզում ցավ պատճառել Եհովային»։ Ապա կարող ես բացատրել. «Աստծու թշնամին՝ Սատանան, պնդում է, թե մենք Եհովային ծառայում ենք շահադիտական նպատակներով և ոչ թե սիրուց մղված»։ Հետո բացատրիր, որ Հոբը, անարատություն պահելով, ուրախացրեց Եհովայի սիրտը և այդպիսով պատասխան տվեց Սատանայի սուտ մեղադրանքին (Յոբ 1։9–11; 27։5)։ Քո երեխան կարիք ունի հասկանալու, որ իր վարքով կա՛մ կուրախացնի Եհովային, կա՛մ կտխրեցնի (Առակաց 27։11)։ Այս դասը և ուրիշ կարևոր դասեր երեխայիդ կարող ես սովորեցնել «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքի օգնությամբ։a
Գոհացուցիչ արդյունքներ
14, 15. ա) «Մեծ Ուսուցիչ» գրքի ո՞ր գլուխներն են երեխաներին մղել որոշակի քայլերի։ բ) Ի՞նչ լավ արդյունքներ ես քաղել՝ գիրքը գործածելով (տե՛ս նաև 18, 19–րդ էջերում տրված շրջանակը)։
14 Հորվաթիայում ապրող մի պապ, որը «Մեծ Ուսուցիչ» գիրքը կարդում է իր յոթնամյա թոռնիկի համար, պատմում է, թե ինչ է ասել տղան. «Մայրիկն ասաց, որ այսինչ բանն անեմ, բայց ես չէի ուզում անել։ Հետո հիշեցի «Հնազանդությունը կպաշտպանի քեզ» գլուխը, ետ դարձա ու ասացի նրան, որ կլսեմ նրան»։ «Ինչո՞ւ պետք չէ սուտ խոսել» գլխի մասին Ֆլորիդայում (ԱՄՆ) ապրող մի ամուսնական զույգ հետևյալն է ասում. «Այն պարունակում է հարցեր, որոնք տրամադրում են երեխաներին բաց անել իրենց սիրտը և ընդունել իրենց սխալները, որոնք այլ պարագաներում չէին ընդունի»։
15 «Մեծ Ուսուցիչ» գիրքը պարունակում է 230–ից ավելի նկարներ, և նկարներից կամ նկարների խմբից յուրաքանչյուրի համար մակագրություն է տրված։ «Հաճախ որդիս աչքերը չի կտրում նկարից և չի ուզում անցնել հաջորդ էջին,— նկատում է մի երախտագետ մայր։— Նկարները ոչ միայն գրավիչ են, այլև ուսուցողական։ Դրանք մղում են երեխաներին հարցեր տալու։ Նկարներից մեկի առնչությամբ, որում պատկերված է մութ սենյակում հեռուստացույց դիտող մի երեխա, որդիս այնպիսի ձայնով հարցրեց, թե՝ «մայրի՛կ, ի՞նչ է անում այս տղան», որ երևաց, որ նա գիտի, որ ինչ–որ սխալ բան է արվում»։ Այդ նկարի համար հետևյալ մակագրությունն է տրված. «Ո՞վ կարող է միշտ տեսնել, թե մենք ինչով ենք զբաղված»։
Կարևոր կրթություն մեր օրերի համար
16. Ի՞նչ է կարևոր սովորեցնել երեխաներին այսօր և ինչո՞ւ։
16 Երեխաները կարիք ունեն իմանալու իրենց սեռական օրգանների ճիշտ և սխալ գործածության մասին։ Ճիշտ է, այս մասին խոսելը միշտ չէ, որ հեշտ է։ Մի լրագրի թղթակցուհի նշում է, որ ինքը մեծացել է այնպիսի ժամանակներում, երբ սեռական օրգանները մատնանշող բառեր օգտագործելը անքաղաքավարություն էր համարվում։ Իր երեխաներին կրթելու վերաբերյալ նա գրեց. «Ես մտադիր եմ հաղթահարել անհարմարության զգացումը»։ Փաստն այն է, որ եթե անհարմար զգալու պատճառով ծնողները խուսափում են սեքսին վերաբերող թեմաներ քննարկելուց, նրանք դրանով երեխային չեն պաշտպանում։ Մանկապիղծները օգտվում են երեխայի չիմացությունից։ «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը ողջամիտ և հարգալից ձևով շոշափում է այդ թեման։ Սեքսի մասին երեխաներին տեղեկացնելը նրանց չի զրկում մաքրությունից, մինչդեռ նրանց անտեղյակ պահելը կարող է պատճառ լինել, որ նրանք զրկվեն մաքրությունից։
17. Ինչպե՞ս է «Մեծ Ուսուցիչ» գիրքը օգնում ծնողներին սովորեցնել իրենց երեխաներին սեքսի մասին։
17 «Մեծ Ուսուցիչ» գրքի 10–րդ գլխում, որտեղ քննարկվում է չար հրեշտակների մասին, որոնք իջան երկիր և երեխաներ ունեցան, երեխային հետևյալ հարցն է տրվում. «Ի՞նչ գիտես դու սեռական հարաբերության մասին»։ Գիրքը այս հարցին պատասխանում է պարզ ու հարգալից ձևով։ Իսկ 32–րդ գլուխը բացատրում է, թե ինչպես կարող են երեխաները պաշտպանվել մանկապիղծներից։ Շատ նամակներ են ստացվել, որոնցում շեշտվում է նման ուսուցման կարևորությունը։ Մի նամակագիր նշում է. «Անցած շաբաթ իմ որդի Ջեյվանը գնացել էր իր մանկաբույժի մոտ։ Բժշկուհին նրան հարցրել էր, թե արդյոք մենք նրա հետ քննարկե՞լ ենք սեռական օրգանների ճիշտ գործածության մասին։ Բժշկուհին անչափ տպավորվել էր, որ մենք այդ հարցը քննարկել էինք մեր նոր գրքի օգնությամբ»։
18. Ինչպե՞ս է «Մեծ Ուսուցիչ» գրքում քննարկվում ազգային խորհրդանիշներին պատիվ տալու հարցը։
18 Մեկ ուրիշ գլխում ներկայացվում է աստվածաշնչային մի պատմություն եբրայեցի երեք երիտասարդների՝ Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի մասին, որոնք հրաժարվեցին խոնարհվել Բաբելոնյան պետությունը ներկայացնող արձանի առջև (Դանիէլ 3։1–30)։ Ոմանք գուցե ոչ մի կապ չտեսնեն պատկերներ պաշտելու և դրոշին պատիվ տալու միջև, ինչպես ցույց է տրվում «Մեծ Ուսուցիչ» գրքում։ Սակայն տեսեք, թե ինչ է ասել Էդվարդ Գաֆնի անունով մի գրող մի լրագրի տված հարցազրույցի ժամանակ։ Նա նշում է, որ երբ իր դուստրն ասաց, որ դպրոց գնալու առաջին օրը մի «նոր աղոթք է դպրոցում» սովորել, նա խնդրեց աղջկան ասել այդ աղոթքը։ «Նա իր ձեռքը դրեց կրծքին,— պատմում է Գաֆնին,— և հպարտությամբ ասաց. «Երդվո՛ւմ եմ հավատարիմ մնալ հայրենիքիս....»»։ Հայրը շարունակում է. «Հանկարծ ես մի բան հասկացա։ Եհովայի վկաները ճիշտ էին։ Մեր դպրոցներում ուսման առաջին իսկ տարիներից պետության պաշտամունքի ինչ–որ տարր է ուսուցանվում. դա լիակատար, անվերապահ նվիրվածությունն է» («U.S. Catholic»)։
Արժե՛ ամեն ջանք թափել
19. Ի՞նչ վարձատրություն է բերում երեխաներին ուսուցանելը։
19 Իսկապես, երեխայիդ ուսուցանելու համար արժե՛ ամեն ջանք թափել։ Քանզասում (ԱՄՆ) ապրող մի մոր աչքերն արցունքով լցվեցին, երբ նա իր որդուց նամակ ստացավ։ Որդին գրում էր. «Ես երջանիկ եմ իմ ստացած դաստիարակության համար, որի շնորհիվ կարող եմ էմոցիոնալ առումով համեմատաբար կայուն և հավասարակշռված լինել։ Դու և հայրիկը իսկապես գովեստի եք արժանի» (Առակաց 31։28)։ Այո՛, «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը կարող է շատ ու շատ ծնողների օգնել սովորեցնելու երեխաներին, և այդպիսով ծնողները կկարողանան պաշտպանել այս թանկարժեք ժառանգությունը։
20. Ի՞նչ պետք է միշտ հիշեն ծնողները, և ի՞նչ ազդեցություն պետք է դա թողնի նրանց վրա։
20 Մեր երեխաներն արժանի՛ են այն ժամանակին, ուշադրությանը ու ջանքերին, որ կարող ենք տալ նրանց։ Երեխաների մանկությունը կարճ է տևում։ Օգտվեք ամեն մի հնարավորությունից, որ նրանց հետ լինեք ու օգնեք նրանց։ Դուք երբեք չեք զղջա ձեր գործադրած ջանքերի համար։ Ձեր երեխաները կսիրեն ձեզ։ Միշտ հիշեք, որ երեխաները Աստծուց ձեզ տրված նվեր են։ Ի՜նչ թանկարժեք ժառանգություն են նրանք (Սաղմոս 127։3–5)։ Ուրեմն վերաբերվեք նրանց որպես նվերի, այնպես, կարծես թե պատասխանատու եք Աստծուն, թե ինչպես կդաստիարակեք նրանց, քանի որ փաստն այն է, որ իսկապե՛ս պատասխանատու եք։
[ծանոթագրություններ]
a Հրատարակվել է Եհովային վկաների կողմից։ Տե՛ս 40–րդ գլուխը, «Ինչպե՞ս կարող ենք Աստծուն ուրախացնել»։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչո՞ւ ծնողները հատկապես այսօր պետք է պաշտպանեն իրենց երեխաներին։
• Ինչպիսի՞ ուսուցումն է իմաստուն դարձնում անհատին։
• Ի՞նչ կարևոր հարցեր պետք է քննարկեք երեխաների հետ այսօր։
• Ինչպե՞ս է «Մեծ Ուսուցիչ» գիրքը օգնել ծնողներին իրենց երեխաներին ուսուցանելու հարցում։
[շրջանակ 18–րդ էջի վրա]
Գիրք բոլորի համար
«Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը նախատեսված է օգնելու ծնողներին կամ մեծերին, որ երեխաների հետ ընթերցեն ու քննարկեն Հիսուս Քրիստոսի ուսուցումները։ Նույնիսկ չափահաս մարդիկ, ովքեր կարդացել են այդ գիրքը, անկեղծ երախտագիտություն են հայտնել իրենց սովորած բաների համար։
Օրինակ՝ ԱՄՆ–ի Տեխաս նահանգից մի մարդ ասել է. ««Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը տպավորում է իր պարզությամբ և ոգևորում ցանկացած տարիքի մարդու, անգամ ինձ, որ 76 տարեկան եմ։ Ձեզ շնորհակալություն է հայտնում մեկը, որը պատանեկան տարիքից ծառայում է Եհովային»։
Լոնդոնից (Անգլիա) մի ընթերցող գրում է. «Գեղեցիկ նկարազարդումները իսկապես գրավում են ինչպես ծնողներին, այնպես էլ երեխաներին։ Հարցերը լավ են ձևակերպված, գրքի ֆորմատը հրաշալի է։ Իսկ որքա՜ն հաճելի է տեսնել, թե ինչ նուրբ հարցեր են քննարկվում գրքում, օրինակ՝ 32–րդ գլխում, որ կոչվում է «Աստված ինչպե՞ս պաշտպանեց Հիսուսին»։ Նա եզրակացնում է. «Թեև այս գիրքը հիմնականում նախատեսված է Եհովայի վկաների երեխաների համար, պատկերացնում եմ, թե որքան ուրախ կլինեն ուսուցիչները և ուրիշ մարդիկ ունենալ այս գրքից։ Հուսով եմ, որ այն միշտ կօգտագործեմ»։
Մասաչուսեթսից (ԱՄՆ) մի կին մեկնաբանություններ էր տվել բազմաթիվ «բովանդակալից նկարների վերաբերյալ»։ Նա գրել է. «Ես նկատեցի, որ թեև գիրքը նախատեսված է երեխաների համար, բայց այնտեղ քննարկվում են այնպիսի թեմաներ, որոնք կարող են օգնել նաև չափահաս մարդկանց՝ խորհելու Եհովայի հետ ունեցած իրենց փոխհարաբերությունների շուրջ»։
«Օ՜, ինչ հրաշալի գիրք է,— նշում է մի կին Մեն նահանգից (ԱՄՆ)։— Այն ոչ միայն փոքրերի, այլ նաև մեզ համար է՝ Աստծու երեխաների։ Այն հասել է սրտիս գաղտնի լարերին, խորապես հուզել ինձ ու խաղաղություն պարգևել։ Ինձ այնքա՜ն մոտ եմ զգում Եհովային՝ իմ Հորը։ Նա ամոքել է տարիների ընթացքում ստացած բոլոր վերքերս ու պարզորոշ հայտնել իր նպատակի մասին»։ Նա եզրակացնում է. «Ես բոլորին ասում եմ՝ կարդացեք այդ գիրքը»։
Կիոտոյից (Ճապոնիա) մի կին տեղեկացնում է, որ երբ այդ գիրքը կարդում էր իր թոռնիկների համար, նրանք այսպիսի հարցեր էին տալիս. «Այս տղան ի՞նչ է անում։ Ինչո՞ւ են այս աղջկան հանդիմանում։ Այս մայրիկն ի՞նչ է անում։ Իսկ այս առյո՞ւծը....»։ Գիրքը սովորեցնում է մեզ հետաքրքրող բաներ, ուստի ես այն ավելի շատ եմ սիրում, քան գրադարանի ցանկացած գիրք»։
Քալգարիում (Կանադա) ապրող մի մարդ պատմում է, որ գիրքը ստանալուն պես սկսել է այն կարդալ իր վեցամյա դստեր և իննամյա որդու համար։ «Գիրքը անմիջապես հրաշալի արձագանք գտավ,— ասում է նա։— Երեխաներս ուշադիր լսում էին և սրտաբուխ պատասխաններ տալիս։ Նրանք մասնակցում էին ուսումնասիրությանը, և դա նրանց հնարավորություն էր տալիս արտահայտելու իրենց զգացումները։ Գիրքն ուսումնասիրելիս նրանք շատ են ոգևորվում, և աղջիկս ասում է, որ կցանկանար ամեն երեկո ուսումնասիրել այն»։
Մի հայր իր որդու հետ ընդամենը մեկ դաս ուսումնասիրելուց հետո ասում է. «Ես ու որդիս ժամերով զրուցում էինք Եհովայի ու նրա նպատակների մասին։ Տղաս այնքա՜ն հարցեր ուներ գրքից։ Աչքերս արցունքներով լցվեցին, երբ նա բարի գիշեր մաղթեց ինձ ու հարցրեց. «Հայրի՛կ, կարո՞ղ ենք վաղը նորից կարդալ։ Ես այնքա՜ն շատ հարցեր ունեմ և ուզում եմ ամեն ինչ իմանալ Եհովայի մասին»»։
[նկար 15–րդ էջի վրա]
Ծնողնե՛ր, ի՞նչ կարող եք սովորել Մանուեի օրինակից
[նկար 16–րդ էջի վրա]
Երեխանե՛ր, ի՞նչ կարող եք սովորել երեք եբրայեցիների օրինակից
[նկարներ 17–րդ էջի վրա]
Ի՞նչ սուտ ասաց Անանիան Պետրոսին
«Մեծ Ուսուցիչ» գրքում եղած նկարներն ու դրանց համար տրված մակագրությունները ուսուցանելու զորեղ գործիքներ են
Ո՞վ է տեսնում ամեն բան, որ մենք անում ենք