Մարի. անապատի հնագույն թագուհի
«ԵՐԲ» այդ գիշեր գործընկերներիս հետ մեր հաջողությունը նշելուց հետո ննջասենյակ մտա, գլուխս փոքր–ինչ պտտվում էր ոգևորությունից»,— հիշում է ֆրանսիացի հնագետ Անդրե Պարրոն։ 1934 թ. հունվարին Թել–Հարիրիում՝ Եփրատ գետի սիրիական հատվածում գտնվող Աբու Քեմալ փոքրիկ քաղաքի մոտ, Պարրոն ու իր խումբը պեղումների ժամանակ հայտնաբերեցին մի արձանիկ, որի վրա գրված էր. «Լամգի–Մարի՝ Մարիի թագավոր, Էնլիլի քահանայապետ»։ Այդ հայտնագործությունը ցնծություն պատճառեց նրանց։
Վերջապես գտնվեց Մարի քաղաքը։ Ինչո՞վ է սա հետաքրքրական Աստվածաշունչ ուսումնասիրողների համար։
Ինչո՞վ է հետաքրքրական
Թեև Մարիի գոյության մասին հայտնի էր հնագույն արձանագրություններից, երկար ժամանակ այդ քաղաքի ճշգրիտ աշխարհագրական վայրը անհայտ էր։ Ըստ շումերական գրագիրների՝ Մարին եղել է մի թագավորական դինաստիայի նստավայր, և, ամենայն հավանականությամբ, այդ դինաստիան ժամանակին իշխել է ողջ Միջագետքի վրա։ Եփրատ գետի ափերին կառուցված այս քաղաքը գտնվում էր առևտրական ուղիների խաչմերուկում, որոնք Պարսից ծոցը կապում էին Ասորեստանի, Միջագետքի, Անատոլիայի և միջերկրածովյան շրջանների հետ։ Նրա միջով տեղափոխում էին զանազան ապրանքներ՝ փայտ, մետաղ, քար, որոնց կարիքը խիստ զգացվում էր Միջագետքում։ Այդ ապրանքների համար վճարվող հարկերը մեծապես հարստացրին Մարին, ինչի շնորհիվ քաղաքն իր գերակայությունը հաստատեց ողջ տարածաշրջանում։ Սակայն դա վերջ գտավ, երբ Սարգոն Աքքադացին գրավեց Ասորիքը։
Սարգոնի կողմից նվաճվելուց հետո՝ Մարին գրեթե 300 տարի ղեկավարվեց մի շարք ռազմական կառավարիչների կողմից։ Նրանց օրերում քաղաքը որոշ չափով նորից բարգավաճման հասավ։ Սակայն վերջին կառավարիչ Զիմրիլիմի օրոք Մարին անկում ապրեց։ Զիմրիլիմը փորձեց ամրապնդել իր պետությունը մի շարք ռազմական նվաճումների, պայմանագրերի և ամուսնական դաշինքների միջոցով։ Բայց մ.թ.ա. մոտ 1760 թ.–ին Բաբելոնի Համմուրաբի թագավորը գրավեց ու ոչնչացրեց քաղաքը։ Դրանով նա, ինչպես նշում է Պարրոն, վերջ դրեց «հին աշխարհի ամենազարգացած քաղաքակրթություններից մեկին»։
Մարին հիմնահատակ ավերելով՝ Համմուրաբիի զորքերը ակամայից հսկայական ծառայություն մատուցեցին ժամանակակից հնագետներին ու պատմաբաններին։ Քանդելով չթրծված աղյուսից կառուցված պատերը՝ նրանք թաղեցին քաղաքի շենքերից մի քանիսը որոշ տեղերում մինչև 5 մետր հաստությամբ հողաշերտի տակ և այդպիսով պաշտպանեցին ժամանակի կործանարար ազդեցությունից։ Պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են տաճարների ու պալատների ավերակներ, նյութական մշակույթի մեծաթիվ առարկաներ և հազարավոր արձանագրություններ, որոնք լույս են սփռել հին քաղաքակրթության վրա։
Իսկ ինչո՞ւ են Մարիի ավերակները հետաքրքրություն ներկայացնում մեզ համար։ Խորհենք նահապետ Աբրահամի ժամանակների մասին։ Նա ծնվել է մ.թ.ա. 2018 թ.–ին՝ Մեծ ջրհեղեղից 352 տարի անց։ Աբրահամը Նոյի տասներորդ սերունդն էր։ Հնազանդվելով Աստծու հրահանգին՝ նա հեռացավ իր հայրենի Ուր քաղաքից և գնաց Խառան։ Իսկ մ.թ.ա. 1943 թ.–ին արդեն 75–ամյա Աբրահամը թողեց Խառանը և ճանապարհ ընկավ դեպի Քանանի երկիր։ «Աբրահամի տեղափոխությունները Ուրից մինչև Երուսաղեմ [որ գտնվում էր Քանանում] պատմականորեն տեղի են ունեցել Մարիի ժամանակաշրջանում»,— ասում է իտալացի հնագետ Պաոլո Մատիան։ Հետևաբար այս քաղաքի հայտնաբերումը արժեքավոր է նրանով, որ կարող է օգնել մեզ պատկերացում կազմել Աստծու հավատարիմ ծառա Աբրահամի օրերում գոյություն ունեցող աշխարհի մասին (Ծննդոց 11։10–12։4)։a
Ի՞նչ են հայտնում ավերակները
Ինչպես ողջ Միջագետքում, այնպես էլ Մարիում կրոնը ծաղկունք էր ապրում։ Համարվում էր, որ աստվածներին ծառայելը մարդու պարտականությունն է։ Որևէ կարևոր որոշում կայացնելուց առաջ միշտ ցանկանում էին իմանալ աստվածների կամքը։ Հնագետները հայտնաբերել են վեց տաճարների ավերակներ։ Դրանց թվում է Առյուծների տաճարը (ոմանց կարծիքով՝ Դագան, կամ՝ աստվածաշնչային Դագոն աստծու տաճարը), ինչպես նաև պտղաբերության աստվածուհի Իշտարի և արևի աստված Շամաշի սրբարանները։ Յուրաքանչյուր տաճարում սկզբնական շրջանում դրված էր տվյալ աստվածության արձանը, որին զոհաբերություններ էին մատուցում և աղոթքներ ուղղում։ Այդ աստվածների երկրպագուները տաճարի նստարաններին դնում էին իրենց պատկերները, որոնցում նրանք, ժպիտը դեմքին, աղոթք էին անում։ Մարդիկ հավատում էին, թե այդպես երկարացնում են իրենց պաշտամունքը։ Պարրոն նշում է. «Այդ պատկերները, կաթոլիկների երկրպագության մեջ այսօր օգտագործվող մոմերի նման, փոխարինում էին հավատացյալին, սակայն ավելի ընդգծված ձևով»։
Թել–Հարիրիի պեղումների ամենատպավորիչ հայտնագործությունը պալատների մի հսկայական համալիրի ավերակներն էին։ Այդ համալիրը հայտնի է իր վերջին տիրակալի՝ Զիմրիլիմ թագավորի անունով։ Ֆրանսիացի հնագետ Լուի–Հյուգ Վանսանը այդ պալատն անվանում է «հին արևելյան ճարտարապետության գոհար»։ Զբաղեցնելով ավելի քան 2,5 հեկտար տարածություն՝ այն ունի մոտ 300 սենյակներ և բակեր։ Այս պալատը համարվել է հին աշխարհի հրաշալիքներից մեկը։ «Պալատն այնպիսի փառք էր վայելում,— գրում է Ժորժ Ռուն,— որ [Միջերկրական ծովի] ասորական ափին գտնվող Ուգարիթ քաղաքի թագավորը չվարանեց իր որդուն 600 կիլոմետր ճանապարհ ուղարկել դեպի երկրի խորքերը՝ սոսկ այն նպատակով, որ նա տեսնի «Զիմրիլիմի բնակարանը»» («Ancient Iraq»)։
Ընդարձակ բակերից մեկին հասնելու համար այցելուները պետք է անցնեին լավ ամրացված պալատի միջով, որի միակ մուտքի երկու կողմում աշտարակներ էին կանգնած։ Բազմելով բարձր հարթակի վրա դրված գահին՝ Մարիի վերջին թագավոր Զիմրիլիմը լուծում էր ռազմական, առևտրական ու դիվանագիտական խնդիրներ, կայացնում դատավճիռներ և ընդունում այցելուներին ու դեսպաններին։ Պալատում որոշ սենյակներ նախատեսված էին հյուրերի համար։ Վերջիններս կանոնավորաբար վայելում էին թագավորի հյուրասիրությունը ճոխ խնջույքների ժամանակ։ Ուտեստները պատրաստում էին տավարի, ոչխարի, եղնիկի, թռչնի ու ձկան մսից. խորոված, տապակած կամ խաշած միսը մատուցում էին սխտորով համեմված սոուսների, ինչպես նաև տարբեր տեսակի բանջարեղենի ու պանիրների հետ։ Դեսերտի մեջ էին մտնում թարմ, չորացրած կամ շաքարած մրգեր և հետաքրքիր ձևեր ունեցող թխվածքներ։ Հյուրերի ծարավը հագեցնելու համար մատուցվում էր գինի կամ գարեջուր։
Պալատը զուրկ չէր նաև սանհանգույցից։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են բաղնիքներ, որոնք ապահովված էին թրծված կավից պատրաստված տաշտերով և նստելու տեղ չունեցող զուգարաններով։ Այդ սենյակների հատակն ու պատերի ստորին մասը պատված էր ձյութով։ Կեղտաջրերը հեռացվում էին աղյուսե ջրհորդաններով։ Կավե խողովակները, որոնց անջրանցիկությունը ապահովվում էր ձյութի միջոցով, գործում են անգամ այսօր՝ մոտ 3 500 տարի անց։ Երբ թագավորական հարեմի կանանցից երեքը վարակվեցին մահացու հիվանդությամբ, խիստ միջոցներ ձեռնարկվեցին։ Նման դեպքերում հիվանդ կնոջը մեկուսացնում էին ու պահում կարանտինի մեջ։ «Ոչ ոք չպետք է խմեր նրա բաժակից, ուտեր նրա սեղանից, նստեր նրա աթոռին»։
Ի՞նչ կարող ենք իմանալ սեպագիր հնադարանից
Պեղումների ժամանակ Պարրոն ու նրա խումբը հայտնաբերեցին մոտ 20 000 սեպագիր սալիկներ, որոնք գրված էին աքքադերենով։ Դրանք իրենցից ներկայացնում էին նամակներ, ինչպես նաև վարչական ու տնտեսական բնույթի տեքստեր։ Մինչև օրս հրապարակվել է այդ արձանագրությունների մեկ երրորդ մասը միայն, որն այնուամենայնիվ զբաղեցնում է 28 հատոր։ Որքանո՞վ են դրանք արժեքավոր։ «Մարիի հնադարանի հայտնաբերումից առաջ,— ասում է Մարիի հնագիտական հանձնախմբի ղեկավար Ժան–Կլոդ Մարգուրոնը,— մենք գրեթե ոչինչ չգիտեինք մ.թ.ա. երկրորդ հազարամյակի սկզբում Միջագետքի և Ասորիքի պատմության, հասարակական կառույցների, կենցաղի ու մշակույթի մասին։ Շնորհիվ այդ հնադարանի՝ պատմության էջերում հնարավոր եղավ շարադրել ամբողջ գլուխներ»։ Ինչպես նշում է Պարրոն, հնադարանում «հիշատակվող ժողովուրդների ու նրանց կենցաղի մասին տեղեկությունները զարմանալիորեն նման են նահապետների ժամանակաշրջանի վերաբերյալ Հին Կտակարանի արձանագրությանը»։
Մարիում հայտնաբերված սալիկները լույս են սփռում նաև աստվածաշնչային որոշ դրվագների վրա։ Ըստ այդ արձանագրությունների, օրինակ, թշնամու հարեմին տիրանալը «խիստ կարևոր քայլ էր, որ կատարում էին այդ ժամանակներում ապրող թագավորները»։ Ուստի դավաճան Աքիտոփելը որևէ նոր միտք չհայտնեց, երբ Դավիթ թագավորի որդի Աբիսողոմին խորհուրդ տվեց հարաբերություն ունենալ իր հոր հարճերի հետ (Բ Թագաւորաց 16։21, 22)։
1933 թ.–ից ի վեր հնագետները 41 պեղումներ են արել Թել–Հարիրիում։ Սակայն մինչև այժմ ուսումնասիրվել է 110 հեկտար զբաղեցնող Մարի քաղաքի ընդամենը 8 հեկտարը։ Ուստի անապատի այս հնագույն թագուհին, ամենայն հավանականությամբ, դեռ զարմանալի շատ բաներ կհայտնի աշխարհին։
[ծանոթագրություն]
a Ամենայն հավանականությամբ, մ.թ.ա. 607 թ.–ին՝ Երուսաղեմի կործանումից հետո, Բաբելոն տարվող հրեա գերիները անցել են Մարիի ավերակների կողքով։
[Քարտեզ 10–րդ էջի վրա]
(Ամբողջությամբ տեքստը տեսեք պարբերագրում)
(Մեծ ծով)
Միջերկրական ծով
ԱՆԱՏՈԼԻԱ
ՔԱՆԱՆ
Երուսաղեմ
ՄԱՐԻ
Խառան
ՄԻՋԱԳԵՏՔ
Եփրատ
ԱՍՈՐԵՍՏԱՆ
Ուր
Պարսից ծոց
[նկար 11–րդ էջի վրա]
Այս արձանագրության մեջ Մարիի Յահդունլիմ թագավորը պարծենում է իր շինարարական հաջողություններով
[նկար 11–րդ էջի վրա]
Լամգի–Մարիի այս արձանի հայտնաբերումը օգնեց որոշել Մարիի գտնվելու վայրը
[նկար 12–րդ էջի վրա]
Պալատում գտնվող պատվանդան, որի վրա ամենայն հավանականությամբ տեղադրված էր աստվածուհիներից մեկի արձանը
[նկար 12–րդ էջի վրա]
Մարիի Էբիհիլ կառավարիչը աղոթք անելիս
[նկար 12–րդ էջի վրա]
Մարիի ավերակները վկայում են, որ քաղաքի շինությունները կառուցված էին անթուրծ աղյուսից
[նկար 12–րդ էջի վրա]
Պալատի բաղնիքներից մեկը
[նկար 13–րդ էջի վրա]
Մարին գրաված թագավորի՝ Նարամսինի հաղթանակը պատկերող սալաքար
[նկար 13–րդ էջի վրա]
Պալատի ավերակներում հայտնաբերվել է մոտ 20 000 սեպագիր սալիկ
[թույլտվությամբ 10–րդ էջի վրա]
© Mission archéologique française de Tell Hariri - Mari (Syrie)
[թույլտվությամբ 11–րդ էջի վրա]
Document: Musée du Louvre, Paris; statue: © Mission archéologique française de Tell Hariri - Mari (Syrie)
[թույլտվությամբ 12–րդ էջի վրա]
Statue: Musée du Louvre, Paris; podium and bathroom: © Mission archéologique française de Tell Hariri-Mari (Syrie)
[թույլտվությամբ 13–րդ էջի վրա]
Victory stele: Musée du Louvre, Paris; palace ruins: © Mission archéologique française de Tell Hariri - Mari (Syrie)