Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 6/15 էջ 4–8
  • Աշխատանք. օրհնությո՞ւն է, թե՞ անեծք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աշխատանք. օրհնությո՞ւն է, թե՞ անեծք
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպիսի՞ն է մեր վերաբերմունքը
  • Երբ աշխատանքը օրհնություն կլինի
  • Հաճույք ստացիր աշխատանքից
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Ուրախություն ստացիր քո աշխատանքից
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Ինչպես ուրախություն ստանալ աշխատանքից
    2015 Դիտարան
  • Ինչպես ունենալ հավասարակշռված տեսակետ աշխատանքի հանդեպ
    2003 Դիտարան
Ավելին
2005 Դիտարան
w05 6/15 էջ 4–8

Աշխատանք. օրհնությո՞ւն է, թե՞ անեծք

«Սորանից լաւ բան չ’կայ մարդիս համար, որ.... իր աշխատանքովը սիրտը զուարճացնէ» (Ժողովող 2։24)։

«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ օրվա վերջում ընդհանրապես ուժ չեմ ունենում»։ Ահա թե մի հարցման ժամանակ ինչպես նկարագրեց իր զգացումները յուրաքանչյուր 3 աշխատողներից 1–ը։ Սա ամենևին էլ զարմանալի չէ, քանզի մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ մարդիկ սթրեսների են ենթարկվում. նրանք ավելի երկար են աշխատում և ավելի շատ աշխատանք են վերցնում տանը կատարելու համար, մինչդեռ վերադասները հազվադեպ են գնահատանքի խոսքեր ասում։

Զանգվածային արտադրության ի հայտ գալուց հետո շատ աշխատողներ այնպիսի զգացում ունեն, թե ընդամենը աննշան մասնիկ են հսկայական սարքի անիվների մեջ։ Գործի նկատմամբ ոգեշնչված, ստեղծագործական մոտեցումը հաճախ ճնշվում է։ Եվ դա, բնականաբար, անդրադառնում է աշխատանքի հանդեպ մարդկանց վերաբերմունքի վրա։ Աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը շատ արագ նվազում է, գործի մեջ հմտանալու ցանկությունը՝ կորում։ Այս ամենի պատճառով աշխատանքը մարդու համար կարող է դառնալ տհաճ, նույնիսկ ատելի։

Ինչպիսի՞ն է մեր վերաբերմունքը

Ինչ խոսք, միշտ չէ, որ ի վիճակի ենք փոխելու մեր հանգամանքները։ Բայց երևի կհամաձայնվեք, որ մենք կարող ենք փոխել մեր վերաբերմունքը։ Եթե զգում եք, որ աշխատանքի հանդեպ շրջապատի բացասական տրամադրվածությունը ինչ–​որ չափով անդրադարձել է ձեզ վրա, լավ կլինի՝ պարզեք Աստծու տեսակետը այս հարցի վերաբերյալ և քննեք համապատասխան սուրբգրային համարները (Ժողովող 5։18, ԱԱ)։ Շատերը նկատել են, որ այդպես վարվելով՝ զգալի ուրախություն և բավականություն են ստանում իրենց աշխատանքից։

Աստված Մեծագույն Աշխատողն է։ Աստված Աշխատող է։ Թեև մենք գուցե երբեք այս տեսանկյունից չենք մտածել Արարչի մասին, սակայն հենց այդպես է ամենասկզբից նա իրեն ներկայացնում Աստվածաշնչում։ «Ծննդոց» գիրքը սկսվում է այն բանի նկարագրությամբ, թե ինչպես է Եհովան ստեղծել երկինքն ու երկիրը (Ծննդոց 1։1)։ Մի պահ խորհենք, թե ինչ դերեր է կատարել Աստված, երբ սկսել է արարել։ Նա դարձել է գծագրող, կազմակերպիչ, ինժեներ, նկարիչ, գործի համար անհրաժեշտ նյութերն ու միջոցներն ընտրող մասնագետ, նախագիծ կազմող, քիմիկոս, կենսաբան, կենդանաբան, ծրագրավորող, լեզվաբան և այլն (Առակաց 8։12, 22–31)։

Ի՞նչ որակի աշխատանք է կատարել Աստված։ Գրությունները հայտնում են, որ այն «լաւ», «շատ լաւ» էր (Ծննդոց 1։4, 31 ԷԹ)։ Արարչի ձեռքի գործերը ‘պատմում են նրա փառքը’։ Մենք նույնպես պետք է ‘օրհնենք’, այսինքն՝ գովաբանենք նրան (Սաղմոս 19։1; 148։1)։

Սակայն Աստծու աշխատանքը չավարտվեց նյութական երկնքի ու երկրի, ինչպես նաև առաջին մարդկանց արարումով։ Եհովայի Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ասել է. «Իմ Հայրը մինչեւ հիմա գործում է, եւ ես էլ գործում եմ» (Յովհաննէս 5։17)։ Այո՛, Եհովան շարունակում է աշխատել՝ աջակցելով ու անհրաժեշտ ամեն բան տալով իր ստեղծագործություններին, ինչպես նաև փրկելով իր հավատարիմ երկրպագուներին (Նէեմիա 9։6; Սաղմոս 36։6; 145։15, 16)։ Նա մարդկանց անգամ դարձնում է ‘իր գործակիցները’, որպեսզի նրանք կատարեն որոշակի հանձնարարություններ (Ա Կորնթացիս 3։9)։

Աշխատանքը կարող է օրհնություն լինել։ Արդյո՞ք Աստվածաշունչն ասում է, թե աշխատանքը անեծք է։ Ծննդոց 3։17–19 խոսքերը գուցե այնպիսի միտք ներշնչեն, թե Աստված Ադամի ու Եվայի վրա աշխատանքի լուծը դրեց իբրև պատիժ նրանց ըմբոստության համար։ Առաջին մարդկանց դատապարտելիս Եհովան Ադամին ասաց. «Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դէպի երկիրը»։ Բայց մի՞թե սա նշանակում է, որ աշխատանքն անիծված է։

Ո՛չ։ Ադամի ու Եվայի անհավատարմության պատճառով Եդեմի պարտեզը այլևս չէր ընդարձակվելու։ Եվ քանի որ հողն ընկավ Աստծու անեծքի տակ, մարդը իր հացը վաստակելու էր քրտինքով ու տանջանքով (Հռովմայեցիս 8։20, 21)։

Աստվածաշունչը չի ասում, թե աշխատանքը անեծք է։ Ընդհակառակը՝ դա օրհնություն է, որը պետք է փայփայել։ Ինչպես արդեն նշվեց վերևում, Աստված ինքը ջանասեր աշխատող է։ Եհովան մարդկանց ստեղծել է իր պատկերով և ունակություն ու իրավունք է շնորհել ղեկավարելու իր երկրային արարածներին (Ծննդոց 1։26, 28; 2։15)։ Այս հանձնարարությունը Աստված տվեց նախքան Ծննդոց 3։19–ում գրված խոսքերն ասելը։ Եթե աշխատանքը անեծք և չարիք լիներ, Եհովան երբեք չէր քաջալերի մարդկանց զբաղվել դրանով։ Օրինակ՝ Նոյն ու նրա ընտանիքը շատ աշխատանք ունեին թե՛ Ջրհեղեղից առաջ, թե՛ դրանից հետո։ Քրիստոսի աշակերտները նույնպես աշխատելու հորդոր ստացան (Ա Թեսաղոնիկեցիս 4։11)։

Այնուամենայնիվ, բոլորս էլ գիտենք, որ մեր օրերում աշխատանքը կարող է ծանր բեռ լինել։ Սթրեսը, վտանգները, ձանձրույթը, հիասթափությունը, մրցակցությունը, խաբեությունը և անարդարությունը գործի հետ կապված ‘փշերից ու տատասկներից’ ընդամենը մի քանիսն են։ Սակայն աշխատանքն ինքնին անեծք չէ։ Ժողովող 3։13–ում գործն ու նրա բերած արդյունքը կոչվում են Աստծու կողմից տրված պարգևներ (տե՛ս «Հաղթահարել աշխատանքի հետ կապված սթրեսը» շրջանակը)։

Ձեր աշխատանքով կարող եք փառք բերել Աստծուն։ Հմտությունն ու որակյալ աշխատանքը միշտ էլ գովասանքի են արժանացել։ Աստվածաշունչը մեծ նշանակություն է տալիս որակով արված աշխատանքին։ Ինքը Աստված իր գործը կատարում է գերազանց կերպով։ Իսկ մեզ նա շնորհել է ձիրք և ընդունակություններ՝ ցանկանալով, որ մեր հմտությունները գործադրենք բարի նպատակներով։ Օրինակ՝ հին Իսրայելում խորանի պատրաստման ժամանակ Եհովան իմաստությամբ, հասկացողությամբ և գիտելիքներով օժտեց Բեսելիելին ու Ոողիաբին, որպեսզի նրանք կարողանային կատարել որոշակի գեղարվեստական աշխատանքներ, ինչպես նաև այլ գործեր (Ելից 31։1–11)։ Սրանից երևում է, որ Աստված հատուկ հետաքրքրություն է ցույց տվել նրանց աշխատանքի, վարպետության, կազմած նախագծերի և այդ գործին առնչվող այլ մանրամասնությունների հանդեպ։

Այս իրողությունը մեծապես անդրադառնում է այն բանի վրա, թե ինչպես ենք վերաբերվում աշխատելու մեր սովորություններին ու ընդունակություններին, և օգնում է դրանք համարել Աստծու կողմից տրված պարգևներ, որոնց չպետք է նայել մատների արանքով։ Ուստի քրիստոնյաներին կոչ է արվում իրենց աշխատանքը կատարել այնպես, ասես Աստված ինքն է ստուգելու այն. «Ամեն ինչ որ էլ անէք, սրտանց արէք, ինչպէս Տիրոջը, եւ ոչ թէ մարդկանց» (Կողոսացիս 3։23)։ Աստծու ծառաներին պատվեր է տրվում իրենց աշխատանքը կատարել բարեխղճորեն և ջանասիրաբար։ Շնորհիվ դրա՝ քրիստոնեական պատգամը ավելի գրավիչ կդառնա նրանց աշխատակիցների, ինչպես նաև ուրիշ մարդկանց համար (տե՛ս «Աշխատավայրում կիրառեք Աստվածաշնչի սկզբունքները» շրջանակը)։

Այս բանը հաշվի առնելով՝ պետք է հարցնենք ինքներս մեզ, թե ինչ որակի աշխատանք ենք կատարում և որքան ջանք ենք թափում այդ ուղղությամբ։ Արդյո՞ք Աստծուն հաճելի է մեր աշխատելու ոճը։ Արդյո՞ք մենք գոհ ենք այն բանից, թե ինչպես ենք կատարում մեզ հանձնարարված գործերը։ Եթե ոչ, ուրեմն բարելավման կարիք ունենք (Առակաց 10։4; 22։29, ՆԱ)։

Աշխատանքը հավասարակշռիր հոգևորի հետ։ Թեպետ ջանադիր աշխատանքը արժանի է գովասանքի, գործից և կյանքից բավականություն ստանալու համար հարկավոր է հաշվի առնել ևս մի կարևոր բան։ Դա հոգևորն է։ Սողոմոն թագավորը, որը ջանասիրաբար աշխատել է և վայելել բոլոր այն բարիքներն ու հաճույքները, որ կարող են լինել կյանքում, այսպիսի եզրակացության եկավ. «Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար» (Ժողովող 12։13)։

Պարզ է, ուրեմն, որ ցանկացած գործ կատարելիս պետք է հաշվի առնենք Աստծու կամքը։ Հարկավոր է մտածել. «Նրա կամքին ներդաշնա՞կ եմ վարվում, թե՞ հակառակ։ Ջանում եմ հաճեցնել Աստծո՞ւն, թե՞ պարզապես ձգտում եմ հաճույք պատճառել ինքս ինձ»։ Եթե չկատարենք Աստծու կամքը, ի վերջո հիասթափություն, միայնություն և դատարկություն կզգանք, ու դա ցավ կպատճառի մեզ։

Սթիվեն Բերգլասը ուժասպառ եղած աշխատողներին առաջարկում է «արժեքավոր մի նպատակ գտնել, որը կգրավի նրանց, և ջանք թափել այն իրականացնելու ուղղությամբ»։ Իսկ ավելի արժեքավոր բան չկա, քան ծառայել Նրան, ով տվել է մեզ հմտություններ և ունակություններ՝ բովանդակալից աշխատանք կատարելու համար։ Անելով այնպիսի աշխատանք, որը հաճելի է մեր Արարչին՝ երբեք անբավարարվածություն չենք զգա։ Հիսուսի համար Եհովայի կողմից հանձնարարված աշխատանքը նույնքան կարևոր, գոհացուցիչ և թարմացնող էր, որքան կերակուրը (Յովհաննէս 4։34; 5։36)։ Ավելին, հիշենք, որ Աստված՝ Մեծագույն Աշխատողը, հրավիրում է մեզ լինել իր ‘գործակիցները’ (Ա Կորնթացիս 3։9)։

Աստծուն երկրպագելով ու հոգևորապես աճելով՝ նախապատրաստված կլինենք վարձահատույց աշխատանք կատարելու և կդառնանք պատասխանատու մարդիկ։ Այսօր աշխատանքի վայրում հաճախակի են տարաձայնությունները, մեզ վրա մշտապես ճնշում է գործադրվում, ինչպես նաև խիստ պահանջներ են ներկայացվում։ Ուստի խորը հավատն ու հոգևոր տրամադրվածությունը կարող են ուժ տալ մեզ, որն անչափ անհրաժեշտ է բարեխիղճ աշխատող կամ ղեկավար լինելու համար։ Մյուս կողմից՝ այս անաստված աշխարհում առաջացող դժվարությունները կարող են օգնել, որ տեսնենք, թե որ ոլորտներում պետք է ամրապնդենք մեր հավատը (Ա Կորնթացիս 16։13, 14)։

Երբ աշխատանքը օրհնություն կլինի

Նրանք, ովքեր այսօր ջանադրաբար ձգտում են ծառայել Աստծուն, կարող են սպասել այն ժամանակվան, երբ նա կվերականգնի Դրախտը, և ամբողջ երկրագնդի վրա մարդիկ կզբաղվեն վարձահատույց աշխատանքով։ Այդ կյանքի մասին Եսայիան՝ Եհովայի մարգարեներից մեկը, կանխագուշակեց. «Տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն եւ նորանց պտուղն ուտեն։ Նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկել, որ ուրիշն ուտէ.... Իրանց ձեռքերի գործը պիտի մաշեցնեն իմ ընտրեալները» (Եսայիա 65։21–23)։

Ինչպիսի՜ օրհնություն կլինի աշխատանքը այդ ժամանակ։ Սովորելով, թե որն է Աստծու կամքը ձեր առնչությամբ, ու վարվելով դրան համապատասխան՝ դուք կլինեք Եհովայի օրհնությանն արժանացած մարդկանց թվում, որոնք ընդմիշտ կվայելեն իրենց «բոլոր աշխատանքը» (Ժողովող 3։13)։

[Ներդիր 8–րդ էջի վրա]

Աստված Մեծագույն Աշխատողն է (Ծննդոց 1։1, 4, 31; Յովհաննէս 5։17)

[Ներդիր 8–րդ էջի վրա]

Աշխատանքը կարող է օրհնություն լինել (Ծննդոց 1։28; 2։15; Ա Թեսաղոնիկեցիս 4։11)

[Ներդիր 8–րդ էջի վրա]

Ձեր աշխատանքով կարող եք փառք բերել Աստծուն (Ելից 31։1–11; Կողոսացիս 3։23)

[Ներդիր 8–րդ էջի վրա]

Աշխատանքը հավասարակշռեք հոգևորի հետ (Ժողովող 12։13; Ա Կորնթացիս 3։9)

[շրջանակ/նկար 6–րդ էջի վրա]

Հաղթահարել աշխատանքի հետ կապված սթրեսը

Առողջապահության ոլորտի մասնագետները աշխատանքի հետ կապված սթրեսը դասում են աշխատավայրում առկա վտանգների շարքը։ Այն կարող է խոցի և դեպրեսիայի առաջացման պատճառ դառնալ ու նույնիսկ դրդել մարդուն ինքնասպանության։ Ճապոնացիները այս երևույթի համար հատուկ բառ ունեն՝ կարոշի, որ նշանակում է «մահ գերծանրաբեռնվածությունից»։

Սթրեսի առաջացմանը կարող են նպաստել աշխատանքի հետ կապված տարբեր գործոններ։ Դրանց թվում են աշխատանքային ժամերի կամ պայմանների, պաշտոնի կամ գործի բնույթի փոփոխությունը, վերադասի հետ ունեցած խնդիրները, թոշակի անցնելը կամ գործից հեռացվելը։ Ոմանք փորձում են խուսափել նման սթրեսներից՝ փոխելով իրենց աշխատանքն ու միջավայրը։ Ոմանք էլ ձգտում են դիմակայել դրանց, բայց հետո տեսնում են, որ դա անդրադառնում է կյանքի մյուս ոլորտների, հիմնականում ընտանիքի վրա։ Որոշ մարդիկ անգամ ծանր հոգեկան ապրումներ են ունենում, ինչը հանգեցնում է դեպրեսիայի և հուսալքության։

Քրիստոնյաները լավ են նախապատրաստված՝ հաղթահարելու աշխատանքին առնչվող սթրեսները։ Աստվածաշնչում տրվում են բազմաթիվ սկզբունքներ, որոնք կարող են օգնել մեզ դժվար պահերին և նպաստել մեր հոգևոր ու էմոցիոնալ բարօրությանը։ Օրինակ՝ Հիսուսն ասել է. «Էգուցվայ համար հոգս մի՛ անէք, որովհետեւ էգուցվայ օրն իր համար հոգս կ’անէ. օրուայ համար բաւական է իր նեղութիւնը»։ Այս խոսքերը հորդորում են զբաղվել այսօրվա և ոչ թե վաղվա խնդիրները լուծելով։ Այդպիսով մենք կխուսափենք մեր խնդիրները չափազանցնելուց և հետևաբար չենք ընկճվի (Մատթէոս 6։25–34)։

Անչափ կարևոր է, որ քրիստոնյան ապավինի ոչ թե իր ուժերին, այլ Աստծու զորությանը։ Երբ թվում է, թե այլևս ի վիճակի չենք դիմանալ, Աստված կարող է մեր սիրտը լցնել խաղաղությամբ և ուրախությամբ ու տալ իմաստություն, ինչի շնորհիվ կհաղթահարենք ցանկացած դժվարություն։ Պողոս առաքյալը գրել է. «Զօրացէք Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը» (Եփեսացիս 6։10; Փիլիպպեցիս 4։7)։

Եվ վերջապես, նույնիսկ սթրեսային իրավիճակներից կարելի է օգուտներ քաղել։ Փորձությունները կարող են մղել մեզ դիմելու Եհովային, փնտրելու և ապավինելու նրան։ Դրանք կարող են մղել նաև, որ շարունակենք մեր մեջ քրիստոնեավայել հատկություններ զարգացնել և մշակել տոկունություն՝ ճնշումներին դիմանալու համար։ Պողոսը խորհուրդ է տալիս. «Նեղութիւնների մէջ էլ պարծենում ենք. գիտենալով որ նեղութիւնը համբերութիւն է գործում, համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս» (Հռովմայեցիս 5։3, 4)։

Ուրեմն՝ սթրեսը նույնիսկ կարող է դառնալ հոգևոր աճը խթանող միջոց և ոչ թե հուսալքության ու տխրության աղբյուր։

[շրջանակ/նկար 7–րդ էջի վրա]

Աշխատավայրում կիրառեք Աստվածաշնչի սկզբունքները

Քրիստոնյայի վարքը ու նրա վերաբերմունքը աշխատանքի հանդեպ կարող են նպաստել այն բանին, որ Աստվածաշնչի պատգամը գրավիչ լինի նրա աշխատակիցների, ինչպես նաև ուրիշ մարդկանց համար։ Տիտոսին հասցեագրած իր նամակում Պողոս առաքյալը խորհուրդ է տալիս այն անհատներին, որոնք աշխատում են որևէ մեկի ենթակայության տակ։ Նա հորդորում է, որ «իրանց [վերադասներին] հնազանդ լինեն, ամեն բաների մէջ հաճոյ լինեն, ոչ թէ հակառակ խօսողներ. բան չ’թագցնեն, այլ կատարեալ բարի հաւատարմութիւն ցոյց տան. որ մեր Փրկիչ Աստուծոյ վարդապետութիւնը զարդարեն ամեն բաների մէջ» (Տիտոս 2։9, 10)։

Ահա թե մի գործարար մարդ ինչ խնդրանք ուղղեց Եհովայի վկաների գլխավոր վարչությանը. «Գրում եմ, որպեսզի ստանամ ձեր թույլտվությունը՝ Եհովայի վկաներին աշխատանքի ընդունելու համար։ Ես ուզում եմ նրանց տեսնել իմ աշխատողների թվում, քանզի գիտեմ, որ Վկաները ազնիվ են, անկեղծ, հուսալի ու երբեք քեզ չեն խաբի։ Միակ մարդիկ, որոնց իսկապես վստահում եմ, Եհովայի վկաներն են։ Խնդրում եմ՝ օգնեք ինձ»։

Ահա մեկ ուրիշ օրինակ. Կայլը, որը քրիստոնյա քույր է, աշխատում է մասնավոր դպրոցի ընդունարանում։ Մի անգամ թյուրիմացության պատճառով աշխատակցուհիներից մեկը աշակերտների ներկայությամբ վիրավորական խոսքեր ասաց նրան։ «Ես պետք է զգույշ լինեի, որ նախատինք չբերեի Եհովայի անվան վրա»,— հիշում է Կայլը։ Հաջորդ հինգ օրերի ընթացքում նա մտածում էր, թե ինչպես կարող է կիրառել Աստվածաշնչի սկզբունքները, որոնցից մեկը արձանագրված է Հռովմայեցիս 12։18–ում. «Եթէ կարելի է՝ որքան ձեզանից է կախուած՝ ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք»։ Նա էլեկտրոնային փոստով նամակ գրեց իր աշխատակցուհուն և ներողություն խնդրեց իրենց միջև առաջացած լարվածության համար։ Կայլը առաջարկեց նրան աշխատանքից հետո մնալ և պարզել խնդիրը։ Զրույցից հետո աշխատակցուհին փափկեց և ասաց, որ Կայլը իմաստուն կերպով է մոտեցել հարցին։ «Պատճառը երևի քո կրոնն է»,— ասաց նա։ Այդ խոսքերից հետո աշխատակցուհին գրկեց Կայլին և բարի գիշեր մաղթեց։ Ի՞նչ եզրակացության եկավ մեր քույրը. «Եթե կիրառենք Աստվածաշնչի սկզբունքները, երբեք չենք սխալվի»։

[նկար 4–րդ և 5–րդ էջերի վրա]

Բազմաթիվ աշխատողներ այնպիսի զգացում ունեն, թե ընդամենը աննշան մասնիկ են հսկայական սարքի անիվների մեջ

[թույլտվությամբ]

Japan Information Center, Consulate General of Japan in NY

[նկար 8–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Globe։ NASA photo

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը