Կենսագրություն
Ուրախ եմ Աստվածաշնչի կրթական գործին մասնակցելու համար
ՊԱՏՄՈՒՄ Է ԱՆՆԱ ՄԱԹԻԱԿԻՍԸ
Լաստանավը կրակների մեջ էր։ Եթե 171 մետր երկարությամբ այդ հսկա նավը խորտակվեր, նրա հետ միասին իմ վախճանը կգտնեի ջրերի խորքում։ Ես խելահեղորեն պայքարում էի կատաղի ալիքների դեմ։ Ջրի երեսին մնալու միակ միջոցը մեկ ուրիշ կնոջ փրկարար բաճկոնից ամուր բռնելն էր։ Ես աղոթում էի Աստծուն՝ ուժ և քաջություն խնդրելով նրանից։ Դա միակ բանն էր, որ կարող էի անել։
ՀԱԶԱՐ ԻՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՅՈԹԱՆԱՍՈՒՆՄԵԿ թվականն էր։ Ես վերադառնում էի Իտալիա՝ իմ միսիոներական նշանակման երրորդ վայրը։ Նավաբեկության ժամանակ կորցրի գրեթե ամեն ինչ։ Սակայն չկորցրի ամենակարևոր բաները՝ կյանքս, սիրառատ քրիստոնեական եղբայրությունը ու Եհովային ծառայելու առանձնաշնորհումը։ Այդ ծառայությունը կատարել էի երեք մայրցամաքներում, իսկ նավաբեկությունը իրադարձություններով հարուստ իմ կյանքում տեղի ունեցած միջադեպերից ընդամենը մեկն էր։
Ես ծնվել եմ 1922 թ.–ին։ Մեր ընտանիքը ապրում էր Երուսաղեմից մոտ 16 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Ռամալլահ քաղաքում։ Ծնողներս Կրետեից էին, բայց հայրս մեծացել էր Նազարեթում։ Ես մեր ընտանիքի ամենակրտսեր զավակն էի և ունեի երեք եղբայր ու մեկ քույր։ Միջնեկ եղբայրս խեղդվեց Հորդանան գետում դպրոցի կազմակերպած էքսկուրսիայի ժամանակ, և նրա մահը խորապես ցնցեց մեզ։ Այս դժբախտությունից հետո մայրս չցանկացավ մնալ Ռամալլահում, ու մենք տեղափոխվեցինք Աթենք (Հունաստան)։ Այդ ժամանակ ես երեք տարեկան էի։
Ճշմարտությունը հասնում է մեր ընտանիքին
Կարճ ժամանակ անց ավագ եղբայրս՝ Նիկոսը, որն արդեն 22 տարեկան էր, ծանոթացավ Աստվածաշունչ ուսումնասիրողների հետ, ինչպես այն օրերում հայտնի էին Եհովայի վկաները։ Աստվածաշնչյան գիտությունը մեծ ուրախություն պարգևեց նրան ու մղեց խանդավառությամբ մասնակցել քրիստոնեական ծառայությանը։ Սա խիստ զայրացրեց հորս, և նա Նիկոսին դուրս հանեց տնից։ Բայց երբ հայրս գնում էր Պաղեստին, ես, մայրս ու քույրս Նիկոսի հետ այցելում էինք քրիստոնեական հանդիպումները։ Մինչև օրս հիշում եմ, թե ինչ հիացմունքով էր մայրս արտահայտվում հանդիպումների ընթացքում իր լսած մտքերի մասին։ Սակայն որոշ ժամանակ անց նա հիվանդացավ քաղցկեղով ու 42 տարեկան հասակում մահացավ։ Այդ դժվար օրերին քույրս՝ Արիադնան, սիրով ստանձնեց մեր ընտանիքին խնամելու պարտականությունը։ Չնայած որ նա շատ երիտասարդ էր, երկար տարիներ մոր պես հոգ տարավ իմ մասին։
Երբ հայրս Աթենքում էր լինում, ինձ միշտ տանում էր ուղղափառ եկեղեցի։ Նրա մահից հետո ես շարունակեցի գնալ այնտեղ, սակայն ոչ այդքան հաճախ։ Քանի որ եկեղեցում աստվածապաշտության ոչ մի նշան չէի տեսնում, վերջիվերջո դադարեցի այնտեղ գնալուց։
Հորս մահից հետո կարողացա հուսալի աշխատանք գտնել ֆինանսների նախարարությունում։ Մինչդեռ եղբայրս իր կյանքը նվիրել էր Թագավորությունը քարոզելու գործին։ Տարիներ շարունակ նա ծառայեց Հունաստանում, իսկ 1934 թ.–ին տեղափոխվեց Կիպրոս։ Այդ ժամանակ կղզում ոչ մի մկրտված քարոզիչ չկար։ Այդպիսով նա պատիվ ունեցավ այնտեղ առաջ տանելու քարոզչական գործը։ Այն բանից հետո, երբ Նիկոսը ամուսնացավ, նրա կինը՝ Գալաթիան, նույնպես լիաժամ ծառայություն սկսեց, որը կատարեց երկար տարիներ։a Եղբայրս հաճախ էր աստվածաշնչյան գրքեր ու պարբերագրեր ուղարկում մեզ, բայց մենք անգամ չէինք բացում դրանք։ Նա ապրեց Կիպրոսում մինչև իր մահը։
Յուրացնում եմ աստվածաշնչյան ճշմարտությունը
1940 թ.–ին Նիկոսի ընկեր Ջորջ Դուրասը՝ Աթենքում ծառայող մի եռանդուն Վկա, այցելեց մեզ և հրավիրեց մասնակցելու իր տանն անցկացվող աստվածաշնչյան ուսումնասիրություններին։ Մենք ուրախությամբ ընդունեցինք այդ հրավերը և շուտով սկսեցինք մեր սովորածների մասին պատմել ուրիշներին։ Սերտելով Աստվածաշնչի գիտությունը՝ ես ու քույրս որոշեցինք նվիրել մեր կյանքը Եհովային։ Արիադնան մկրտվեց 1942 թ.–ին, իսկ ես՝ 1943 թ.–ին։
Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց, Նիկոսը մեզ առաջարկեց տեղափոխվել Կիպրոս, և 1945 թ.–ին մենք գնացինք Նիկոսիա։ Ի տարբերություն Հունաստանի՝ Կիպրոսում քարոզչական գործն անարգել էր ընթանում։ Մենք ոչ միայն տնետուն էինք ծառայում, այլև փողոցում։
Երկու տարի հետո Արիադնան ստիպված եղավ վերադառնալ Հունաստան։ Այնտեղ նա հանդիպեց իր ապագա ամուսնուն, որը նույնպես Եհովայի երկրպագու էր, ուստիև մնաց Աթենքում։ Որոշ ժամանակ անց փեսաս ու քույրս ինձ քաջալերեցին վերադառնալ Հունաստան և լիաժամ ծառայություն սկսել մայրաքաղաքում։ Քանի որ միշտ էլ նպատակ էի ունեցել ռահվիրա ծառայելու, մեկնեցի Աթենք, որտեղ քարոզիչների կարիքն ավելի մեծ էր։
Իմ առջև նոր դռներ են բացվում
Ռահվիրայական ծառայությունս սկսեցի 1947 թ. նոյեմբերի 1–ին։ Ամեն ամիս ես 150 ժամ նվիրում էի քարոզչական գործին։ Մեր ժողովին հսկայական տարածք էր հատկացված, ուստի պետք է շատ քայլեի։ Այնուամենայնիվ, ես բազմաթիվ օրհնություններ էի վայելում։ Ոստիկանությունը ձերբակալում էր Վկաներին, եթե հայտնաբերում էր, որ նրանք մասնակցում են քարոզչական ծառայությանը կամ քրիստոնեական հանդիպումներին։ Ուստի շատ չանցած՝ ինձ ձերբակալեցին։
Ինձ ամբաստանեցին դավանափոխության մեջ, որ լուրջ հանցանք էր համարվում այն ժամանակ։ Ես դատապարտվեցի երկու ամիս ազատազրկման Ավերոֆի կանանց գաղութում (Աթենք)։ Այնտեղ արդեն մեկ ուրիշ քույր կար։ Երկուսով հաճելի և քաջալերական ընկերակցություն էինք վայելում, չնայած որ գտնվում էինք փականքների տակ։ Ազատ արձակվելուց հետո ես ուրախությամբ շարունակեցի ռահվիրայական ծառայությունս։ Այն անհատներից շատերը, որոնց հետ Աստվածաշունչ եմ ուսումնասիրել, մինչև օրս էլ հավատարմորեն ծառայում են Եհովային, ինչը ինձ շատ է ուրախացնում։
1949 թ.–ին հրավեր ստացա սովորելու ԱՄՆ–ում անցկացվող «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 16–րդ դասարանում. այդ դպրոցում լիաժամ քարոզիչներին պատրաստում են միսիոներական ծառայության։ Մենք բոլորս ցնծության մեջ էինք։ Ես ծրագրեցի դասընթացների սկսվելուց առաջ ներկա լինել 1950 թ. ամռանը Նյու Յորք քաղաքում անցկացվելիք միջազգային համաժողովին։
Միացյալ Նահանգներում պատիվ ունեցա մի քանի ամիս ծառայել Եհովայի վկաների գլխավոր վարչությունում (Նյու Յորք)՝ որպես սպասուհի։ Բեթելի միջավայրը մաքուր էր ու հաճելի, մթնոլորտը՝ քաջալերական, բոլորը ժպտում էին։ Ես միշտ սիրով եմ հիշում այն վեց ամիսները, որ անցկացրել եմ այնտեղ։ Այնուհետև հասավ «Գաղաադում» սովորելու ժամանակը։ Ինտենսիվ ուսուցմամբ հագեցած հինգ ամիսները աննկատ անցան։ Դասերի ընթացքում մենք հասկացանք, թե որքան հարուստ և գեղեցիկ է աստվածաշնչյան գիտությունը, և դա բազմապատկեց մեր ուրախությունն ու խորացրեց ուրիշներին այդ կենսատու գիտելիքները փոխանցելու ցանկությունը։
Իմ առաջին միսիոներական նշանակումը
«Գաղաադ» դպրոցում միսիոներական նշանակումները ստանալուց առաջ մեզ թույլ տվեցին ընտրել մեր ապագա համագործակիցներին։ Իմ համագործակիցը դարձավ Ռութ Հեմիգը (այժմ Բոշարդ)՝ մի հոյակապ քույր։ Ես ու Ռութը շատ ուրախացանք, երբ իմացանք, որ նշանակվել ենք ծառայելու Ստամբուլում՝ Ասիայի ու Եվրոպայի խաչմերուկում։ Մենք գիտեինք, որ քարոզչական գործն այնտեղ դեռ օրինականացված չէր, սակայն կասկած անգամ չունեինք, որ Եհովան կաջակցի մեզ։
Ստամբուլը գեղեցիկ, բազմազգ քաղաք էր՝ արևելյան աշխույժ շուկաներով, հետաքրքիր թանգարաններով և հոյակապ ծովային տեսարաններով։ Այնտեղ կարելի էր համտեսել աշխարհի լավագույն խոհանոցների ճաշատեսակները և վայելել հարևանների հաճելի ընկերակցությունը։ Իսկ որ ամենակարևորն է, մենք գտանք անկեղծ մարդկանց, որոնք ցանկանում էին սովորել Աստծու մասին։ Ստամբուլի Վկաների փոքրիկ խումբը հիմնականում բաղկացած էր հայերից, հույներից ու հրեաներից։ Սակայն քաղաքում կային նաև շատ ուրիշ ազգություններ, և օգտակար էր որոշ արտահայտություններ իմանալ տարբեր լեզուներով, այդ թվում թուրքերենով։ Մենք մեծ բավականություն էինք ստանում՝ քարոզելով տարբեր ազգերի մարդկանց, որոնք ծարավ էին ճշմարտությանը։ Նրանցից շատերը մինչև այժմ էլ հավատարմորեն ծառայում են Եհովային։
Ցավոք, Ռութի վիզան չերկարացրին, ու նա ստիպված եղավ հեռանալ երկրից։ Նա շարունակեց իր լիաժամ ծառայությունը Շվեյցարիայում։ Նույնիսկ այսքան տարիներ անց ես կարոտով եմ հիշում մեր հաճելի ընկերակցությունը։
Տեղափոխվում եմ ուրիշ կիսագունդ
1963 թ.–ին Թուրքիայի իշխանությունները հրաժարվեցին ինձ նոր վիզա տալ, և ես նույնպես ստիպված եղա հեռանալ երկրից։ Ինձ համար շատ դժվար էր բաժանվել քրիստոնյա հավատակիցներիս, որոնք իմ աչքերի առաջ աճում էին հոգևորապես՝ հաղթահարելով շատ դժվարություններ։ Ինձ ոգևորելու համար հարազատներս հոգ տարան, որ կարողանամ ներկա գտնվել Նյու Յորքում անցկացվելիք համաժողովին, և առատաձեռնորեն վճարեցին ճանապարհածախսս։ Ես դեռ չէի ստացել իմ հաջորդ նշանակումը։
Համաժողովից հետո նշանակվեցի ծառայելու Լիմայում (Պերու)։ Ապագա համագործակցիս՝ մի երիտասարդ քրոջ հետ Նյու Յորքից անմիջապես մեկնեցի իմ նշանակման վայրը։ Ես սովորեցի իսպաներեն։ Լիմայում ապրում էի միսիոներական տանը, որը գտնվում էր Եհովայի վկաների մասնաճյուղից ոչ հեռու։ Այդ երկրում քարոզելը մեծ բավականություն էր պատճառում ինձ։ Բացի այդ, ուրախ էի ծանոթանալ տեղի եղբայրների ու քույրերի հետ։
Նոր նշանակում, նոր լեզու
Ժամանակի ընթացքում ծերությունն իր կործանարար ազդեցությունը թողեց Հունաստանում ապրող հարազատներիս վրա։ Նրանց առողջությունը գնալով վատանում էր։ Իմ հարազատները երբեք չէին խրախուսում թողնել լիաժամ ծառայությունս ու վերադառնալ «նորմալ» կյանքի՝ նրանց աջակցելու համար։ Սակայն շատ խորհրդածելուց և աղոթելուց հետո եկա այն եզրակացության, որ լավ կլինի, եթե ծառայեմ Հունաստանից ոչ այնքան հեռու գտնվող որևէ վայրում։ Պատասխանատու եղբայրներն ընդառաջեցին ինձ ու նշանակեցին Իտալիա։ Հարազատներս առաջարկեցին վճարել իմ ճանապարհածախսը։ Իտալիայում քարոզիչների մեծ կարիք կար։
Եվ կրկին ես պետք է նոր լեզու սովորեի, այս անգամ՝ իտալերեն։ Սկզբում ինձ ուղարկեցին Ֆոջա քաղաքը, իսկ հետագայում՝ Նեապոլ, որտեղ մեծ էր ավետարանիչների կարիքը։ Ես ծառայում էի Պոսիլիպոյում, որը Նեապոլի ամենագեղեցիկ մասերից է։ Դա մեծ տարածք էր, ու ես Թագավորության միակ քարոզիչն էի այնտեղ։ Քարոզչական գործից խորը բավականություն էի ստանում։ Եհովայի օգնությամբ բազմաթիվ ուսումնասիրություններ սկսեցի։ Ժամանակի ընթացքում այդ վայրում մի մեծ ժողով կազմավորվեց։
Առաջին ուսումնասիրություններիցս մեկը մի մայր էր իր չորս երեխաների հետ։ Նա և իր երկու աղջիկները մինչև օրս Եհովայի վկաներ են։ Նաև ուսումնասիրություն եմ անցկացրել երիտասարդ ամուսինների հետ, որոնք մի դստրիկ ունեին։ Ընտանիքի երեք անդամներն էլ հոգևորապես աճեցին և խորհրդանշեցին իրենց նվիրումը ջրի մկրտությամբ։ Այժմ նրանց աղջիկն ամուսնացած է Եհովայի մի հավատարիմ ծառայի հետ, և նրանք երկուսով եռանդորեն ծառայում են Աստծուն։ Մի բազմանդամ ընտանիքի հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս տպավորվել էի Աստծու Խոսքի զորությամբ։ Երբ մի քանի աստվածաշնչյան համարներ կարդացինք այն մասին, որ Աստված չի ընդունում սրբապատկերների գործածությունը, մայրը, չսպասելով անգամ, որ ուսումնասիրությունն ավարտվի, նույն վայրկյանին ոչնչացրեց իրենց տանը եղած բոլոր սրբապատկերները։
Ծովում՝ վտանգի մեջ
Ես միշտ նավով էի գնում Հունաստան և նավով էլ վերադառնում էի այնտեղից։ Սովորաբար այդ ուղևորությունները շատ հաճելի էին։ Սակայն 1971 թ. ամռանը կատարած ճանապարհորդությունս ընդհանրապես նման չէր նախորդներին։ Ես Իտալիա էի վերադառնում «Հելեանա» լաստանավով։ Օգոստոսի 28–ին՝ վաղ առավոտյան, նավի խոհանոցում հրդեհ բռնկվեց։ Կրակը սկսեց տարածվել, և ուղևորները խուճապի մատնվեցին։ Կանայք ուշաթափ էին լինում, երեխաները լացում էին, իսկ տղամարդիկ սպառնալից խոսքեր էին ասում։ Մարդիկ վազում էին դեպի փրկարար նավակները, որ գտնվում էին տախտակամածի երկու կողմերում։ Փրկարար բաճկոնները քիչ էին, իսկ նավակները ծով իջեցնելու մեխանիզմը լավ չէր աշխատում։ Կրակն ավելի էր բորբոքվում։ Թեպետ ես փրկարար բաճկոն չունեի, այդ իրավիճակում ամենախելամիտ բանը, որ կարող էի անել, ծովը ցատկելն էր։
Ջրում հայտնվելով՝ կողքիս տեսա մի կնոջ, որը փրկարար բաճկոն էր հագել։ Երևում էր, որ նա լողալ չգիտի, ուստի բռնեցի նրա թևից, որպեսզի խորտակվող նավից հեռու տանեմ։ Ալեկոծությունն ուժեղանում էր։ Ես ուժասպառ էի լինում՝ ջրի մակերեսին մնալու համար պայքար մղելով։ Իրավիճակն անհուսալի էր թվում, սակայն ես շարունակում էի աղերսել Եհովային, որ ինձ քաջություն տա։ Դա ինձ զորացրեց։ Ես հիշեցի այն նավաբեկության մասին, որին ենթարկվել էր Պողոս առաքյալը (Գործք, 27–րդ գլուխ)։
Կնոջ ձեռքը բռնած՝ չորս ժամ կռիվ էի տալիս ալիքների հետ։ Երբ ուժ էի գտնում, լողում էի և ամբողջ ժամանակ աղաչում էի Եհովային օգնել ինձ։ Ի վերջո, նկատեցի, որ մի փոքրիկ նավակ է մոտենում։ Ինձ փրկեցին, սակայն ուղեկիցս արդեն մահացել էր։ Երբ հասանք Բարի (քաղաք Իտալիայում), ինձ տարան հիվանդանոց, որտեղ առաջին օգնություն ցույց տվեցին։ Մի քանի օր պետք է մնայի հիվանդանոցում։ Այդ ընթացքում ինձ այցելեցին բազմաթիվ Վկաներ, որոնք սիրով հոգ տարան իմ բոլոր կարիքների մասին։ Նրանց քրիստոնեական սերը խորապես տպավորեց հիվանդանոցում գտնվողներին։b
Ուժերս ամբողջովին վերականգնելուց հետո նշանակվեցի Հռոմ։ Ինձ հանձնարարեցին քարոզել քաղաքի կենտրոնում գտնվող գործարար տարածքում, ինչը Եհովայի օգնությամբ արեցի հինգ տարի։ Ընդհանուր առմամբ, Իտալիայում ծառայեցի 20 տարի։ Ես սիրեցի իտալացիներին։
Վերադառնում եմ Աթենք
Ժամանակի ընթացքում Արիադնայի ու նրա ամուսնու առողջությունը է՛լ ավելի վատացավ։ Ես մտածեցի, որ եթե նրանց բնակավայրին ավելի մոտ ապրեմ, կկարողանամ որոշ չափով փոխհատուցել այն ամենը, ինչ նրանք սիրով արել էին ինձ համար։ Պետք է ասեմ, որ Իտալիան ցավով լքեցի։ Պատասխանատու եղբայրների թույլտվությամբ 1985 թ. ամռանից ես ռահվիրայություն արեցի Աթենքում, որտեղ 1947 թ.–ին սկսել էի լիաժամ ծառայությունս։
Ես քարոզում էի իմ ժողովին հատկացված տարածքում։ Մասնաճյուղի եղբայրներից թույլտվություն խնդրեցի նաև քաղաքի կենտրոնում գտնվող գործարար տարածքում քարոզելու համար։ Այս ծառայությունը կատարեցի երեք տարի մի ռահվիրա քրոջ օգնությամբ։ Մենք կարողացանք հիմնովին վկայություն տալ այն մարդկանց, ովքեր հազվադեպ են լինում տանը։
Թեպետ Եհովային ծառայելու ցանկությունս ամրանում է, բայց ուժերս լքում են ինձ։ Քրոջս ամուսինն արդեն մահացել է։ Արիադնան, որը մոր պես հոգ է տարել իմ մասին, կորցրել է տեսողությունը։ Առողջությունս երբեք չի դավաճանել ինձ այն տարիների ընթացքում, երբ կատարում էի լիաժամ ծառայությունս։ Վերջերս, սակայն, ընկա մարմարե աստիճաններից և կոտրեցի աջ ձեռքս։ Ապա նորից ընկա ու կոտրեցի կոնքոսկրս։ Ինձ վիրահատեցին, որից հետո երկար ժամանակ գամված մնացի անկողնուն։ Այժմ չեմ կարողանում ազատորեն տեղաշարժվել։ Ես քայլում եմ ձեռնափայտով և առանց որևիցե մեկի ուղեկցության՝ դուրս չեմ գալիս տանից։ Այնուամենայնիվ, ուժերիս ներածին չափով անում եմ ամեն բան՝ հույս ունենալով, որ առողջությունս կլավանա։ Աստվածաշնչի կրթական գործում մասնակցություն ունենալը, նույնիսկ սահմանափակ չափով, շարունակում է ուրախության աղբյուր լինել ինձ համար։
Երբ հիշում եմ լիաժամ ծառայության մեջ անցկացրած երջանիկ տարիներս, երախտագիտության զգացումով եմ լցվում Եհովայի հանդեպ։ Նա և իր երկրային կազմակերպությունը հուսալի առաջնորդություն ու անգնահատելի աջակցություն ցույց տվեցին ինձ՝ օգնելով, որ կարողանամ բոլոր ուժերս ներդնել ծառայության մեջ, ինչը արել եմ ամբողջ կյանքում։ Իմ փափագն է, որ Եհովան ուժ տա ինձ շարունակելու ծառայությունս։ Անչափ ուրախ եմ, որ իմ համեստ մասնակցությունն եմ ունեցել նրա առաջնորդությամբ կատարվող Աստվածաշնչի համաշխարհային կրթական գործում (Մաղաքիա 3։10)։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս 1995 թ. «Եհովայի վկաների տարեգիրքը», էջ 73–89, անգլ.։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Մանրամասների համար տե՛ս «Արթնացե՛ք», 8 փետրվարի 1972 թ., էջ 12–17, անգլ.։
[նկար 9–րդ էջի վրա]
Արիադնայի ու նրա ամուսնու՝ Միխալիսի հետ նախքան «Գաղաադ» դպրոց մեկնելս
[նկար 10–րդ էջի վրա]
Ես և Ռութ Հեմիգը Ստամբուլում (Թուրքիա)
[նկար 11–րդ էջի վրա]
Իտալիայում 1970–ականների սկզբին
[նկար 12–րդ էջի վրա]
Ես ու Արիադնան այսօր