Կենսագրություն
Ուրախությամբ ծառայում եմ՝ չնայած հիվանդությանս
ՊԱՏՄՈՒՄ Է ՎԱՐՆԱՎԱՍ ՍՊԵՑԻՈՏԻՍԸ
1990 թ.–ին վաթսունութ տարեկան հասակում ես դարձա ամբողջովին անդամալույծ։ Սակայն արդեն 15 տարի է, ինչ ուրախությամբ ծառայում եմ որպես ռահվիրա Կիպրոսում։ Ի՞նչն է ինձ ուժ տվել, որ Եհովայի ծառայության մեջ ակտիվ մնամ՝ չնայած հիվանդությանս։
ԵՍ ԾՆՎԵԼ եմ 1922 թ. հոկտեմբերի 11–ին։ Մեր ընտանիքում ինը երեխա կար՝ չորս տղա և հինգ աղջիկ։ Մենք ապրում էինք Կիպրոսի Քսիլոպագու գյուղում։ Թեև ծնողներս բավական ունևոր էին, սակայն այդպիսի մեծ ընտանիքին հոգ տանելու համար նրանք ջանասիրաբար աշխատում էին դաշտերում։
Հայրս՝ Անտոնիսը, բանիմաց և հետաքրքրասեր մարդ էր։ Իմ ծնվելուց կարճ ժամանակ անց հայրս այցելեց մեր գյուղի դպրոցի ուսուցչին և այնտեղ նկատեց մի թերթիկ, որը վերնագրված էր՝ «Ազգերի քարոզիչներ»։ Այն հրատարակվել էր Աստվածաշունչ ուսումնասիրողների կողմից (այն ժամանակ այդպես էին կոչվում Եհովայի վկաները)։ Նա սկսեց կարդալ թերթիկը, և այն շատ հետաքրքրեց նրան։ Հայրս և նրա ընկերներից մեկը՝ Անդրեաս Քրիստուն, կղզում առաջիններից էին, որոնք սկսեցին ընկերակցել Եհովայի վկաների հետ։
Մեծ աճ՝ չնայած հակառակությանը
Ժամանակի ընթացքում նրանք ավելի շատ աստվածաշնչյան հրատարակություններ ստացան Եհովայի վկաներից։ Շուտով հայրս և Անդրեասը ցանկացան պատմել իրենց սովորած աստվածաշնչյան ճշմարտությունների մասին համագյուղացիներին։ Նրանց քարոզչական գործունեության պատճառով մեծ հակառակություն բարձրացավ հունական ուղղափառ եկեղեցու հոգևորականների և այն անձանց կողմից, ովքեր կարծում էին, որ Եհովայի վկաները վատ ազդեցություն են թողնում հասարակության վրա։
Տեղացիներից շատերը հարգում էին Աստվածաշնչի այս երկու ուսուցիչներին։ Հայրս հայտնի էր իր բարությամբ և առատաձեռնությամբ։ Նա հաճախ օգնում էր աղքատ ընտանիքներին։ Երբեմն նա ուշ գիշերով գաղտնաբար դուրս էր գալիս տանից և ցորեն կամ հաց դնում կարիքավոր ընտանիքների դռան առջև։ Նման անշահախնդիր քրիստոնեական վարք դրսևորելու շնորհիվ Աստծու այս երկու ծառաների քարոզած պատգամը ավելի գրավիչ էր դառնում մարդկանց համար (Մատթէոս 5։16)։
Արդյունքը եղավ այն, որ բազմաթիվ մարդիկ արձագանքեցին Աստվածաշնչի պատգամին։ Երբ ճշմարտության հանդեպ նրանց գնահատանքը աճեց, նրանք զգացին տներում հավաքվելու և Աստվածաշունչը խմբակային ձևով ուսումնասիրելու կարիքը։ Մոտավորապես 1934 թ.–ին Նիկոս Մաթիակիսը՝ մի լիաժամ ծառայող, Հունաստանից եկավ Կիպրոս և Քսիլոպագու գյուղում հանդիպեց այդ խմբի հետ։ Համբերատարություն և վճռականություն դրսևորելով՝ եղբայր Մաթիակիսը օգնեց կազմավորել մի խումբ և ավելի լավ հասկանալ Սուրբ Գրությունները։ Այս խումբը հետագայում դարձավ Կիպրոսում Եհովայի վկաների առաջին ժողովը։
Երբ քարոզչական գործը առաջ ընթացավ և ավելի շատ մարդիկ ընդունեցին աստվածաշնչյան ճշմարտությունը, եղբայրները զգացին, որ հանդիպումների համար անհրաժեշտ է մշտական վայր ունենալ։ Ավագ եղբայրս՝ Ջորջը, և նրա կինը՝ Էլենին, առաջարկեցին օգտագործել իրենց ցախատունը։ Նրանց տանը կից այդ շինությունը վերանորոգվեց և վերածվեց հանդիպումների անցկացման մի հարմարավետ վայրի։ Այդպիսով եղբայրները ունեցան իրենց առաջին Թագավորության սրահը։ Որքա՜ն երախտապարտ էին նրանք։ Եվ ինչպիսի՜ խթան էր դա հետագա աճի համար։
Յուրացնում եմ ճշմարտությունը
1938 թ.–ին՝ 16 տարեկան հասակում, որոշեցի դառնալ ատաղձագործ։ Ուստի հայրս ինձ ուղարկեց Նիկոսիա (Կիպրոսի մայրաքաղաք)։ Հեռատեսություն դրսևորելով՝ նա այնպես արեց, որ ես ապրեմ Նիկոս Մաթիակիսի տանը։ Այս հավատարիմ եղբորը այդ կղզում դեռ շատերն են հիշում նրա նախանձախնդրության և հյուրընկալության համար։ Նրա ոգևորվածությունը, հաստատակամությունը և քաջությունը այնպիսի հատկություններ էին, որ անհրաժեշտ էին այդ ժամանակ Կիպրոսում ապրող ցանկացած քրիստոնյայի համար։
Եղբայր Մաթիակիսը անչափ օգնել է ինձ Աստվածաշնչի հիմնավոր գիտելիքներ ձեռք բերելու և հոգևորապես առաջադիմելու հարցում։ Նրա հետ ապրելիս ներկա էի լինում ժողովի բոլոր հանդիպումներին, որոնք անցկացվում էին նրա տանը։ Այդ ժամանակ առաջին անգամ զգացի, որ Եհովայի հանդեպ իմ սերը աճում է։ Ես վճռեցի փոխհարաբերություններ հաստատել Աստծու հետ։ Մի քանի ամիս անց հարցրեցի եղբայր Մաթիակիսին, թե արդյոք կարող եմ ծառայության մեջ միանալ իրեն։ Դա տեղի ունեցավ 1939 թվականին։
Ծնողներիս այցելելու համար շուտով տուն վերադարձա։ Այն, որ որոշ ժամանակ հորս հետ անցկացրեցի, էլ ավելի համոզեց ինձ, որ գտել եմ ճշմարտությունը և կյանքի իմաստը։ 1939 թ. սեպտեմբերին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Իմ հասակակիցներից շատերը հոժարակամորեն մասնակցեցին պատերազմին, սակայն հետևելով Աստվածաշնչի առաջնորդությանը՝ ես որոշեցի չեզոքություն պահպանել (Եսայիա 2։4; Յովհաննէս 15։19)։ Հենց այդ տարի նվիրվեցի Եհովային և 1940 թ. մկրտվեցի։ Առաջին անգամ զգացի, որ ձերբազատված եմ մարդավախությունից։
1948 թ.–ին ամուսնացա Էֆպրեպիայի հետ։ Մենք չորս երեխա ունեցանք։ Շուտով հասկացանք, որ շատ ջանքեր պետք է թափենք՝ դաստիարակելու մեր երեխաներին «խրատով եւ Տիրոջ ուսմունքովը» (Եփեսացիս 6։4)։ Մենք աղոթում էինք և ջանքեր գործադրում՝ մեր երեխաների մեջ սերմանելու խոր սեր Եհովայի նկատմամբ ու հարգանք նրա օրենքների և սկզբունքների հանդեպ։
Առողջական խնդիրները դժվարություն են ստեղծում
1964 թ.–ին՝ 42 տարեկան հասակում, աջ ձեռքս և ոտքս անզգայացան։ Աստիճանաբար անզգայացավ նաև ձախ կողմս։ Ինձ մոտ հայտնաբերեցին մկանների ատրոֆիա, որը անբուժելի հիվանդություն է, և որի հետևանքով մարդը աստիճանաբար ամբողջովին անդամալույծ է դառնում։ Այդ նորությունը ինձ ցնցեց։ Ամեն ինչ շատ արագ և անսպասելի տեղի ունեցավ։ Ինձ ճնշում էին բարկության և զայրույթի զգացումները։ Ես մտածում էի. «Ինչո՞ւ այդ ամենը հենց ինձ պետք է պատահեր։ Ինչո՞ւ նման բանի արժանացա»։ Սակայն ժամանակի ընթացքում ես կարողացա հաղթահարել ախտորոշման հետ կապված սկզբնական ցնցումը։ Այնուհետև ինձ համակեցին անհանգստության և անորոշության զգացումները։ Մտքումս անընդհատ պտտվում էին հետևյալ հարցերը. արդյո՞ք ամբողջովին անդամալույծ կդառնամ և կախման մեջ կլինեմ ուրիշներից, ինչպե՞ս եմ տոկալու, կկարողանա՞մ հոգ տանել ընտանիքիս՝ կնոջս և մեր չորս երեխաներին։ Այդ մտքերն ինձ տանջում էին։
Իմ կյանքի այդ ծանր պահերին ավելի քան երբևէ զգացի աղոթքով Եհովային դիմելու և ամենայն անկեղծությամբ նրան իմ բոլոր մտահոգությունների և անհանգստությունների մասին պատմելու անհրաժեշտությունը։ Գիշեր ու ցերեկ աղոթում էի արցունքներն աչքերիս։ Շուտով մխիթարություն գտա։ Իմ պարագայում փաստվեց Փիլիպպեցիս 4։6, 7–ում գտնվող մխիթարական խոսքերի ճշմարտացիությունը. «Ոչինչ հոգս մի անէք. այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը»։
Համակերպվում եմ հիվանդությանս
Իմ վիճակը գնալով էլ ավելի վատացավ։ Ես հասկացա, որ պետք է արագորեն համակերպվեմ իմ նոր հանգամանքներին։ Քանի որ այլևս չէի կարող աշխատել որպես ատաղձագործ, որոշեցի գտնել ավելի հանգիստ աշխատանք, որը ի վիճակի կլինեի անել, և որով հոգ կտանեի ընտանիքիս։ Սկզբում պաղպաղակ էի վաճառում ավտոսայլակով։ Այդպես աշխատեցի մոտ վեց տարի, մինչև որ հիվանդությունս ինձ գամեց հաշմանդամի սայլակին։ Ուստի աշխատանքս փոխեցի և սկսեցի ավելի թեթև գործեր կատարել։
1990 թ.–ից առողջությունս այն աստիճանի վատացավ, որ այլևս ի վիճակի չէի կատարելու որևէ աշխատանք։ Այժմ ամբողջովին կախում ունեմ ուրիշներից, նույնիսկ առօրյա գործեր կատարելու համար։ Օրինակ՝ օգնության կարիք ունեմ, որպեսզի պառկեմ անկողնուս մեջ, լվացվեմ և հագնվեմ։ Քրիստոնեական հանդիպումներին գնալու համար ինձ պետք է հաշմանդամի սայլակով տանեն մինչև ավտոմեքենա և տեղափոխեն նրա մեջ։ Թագավորության սրահ հասնելուց հետո ինձ պետք է ավտոմեքենայից փոխադրեն հաշմանդամի սայլակի մեջ և հետո ներս տանեն։ Հանդիպման ընթացքում կողքս էլեկտրական ջեռակ է դրված ոտքերս տաք պահելու համար։
Չնայած անդամալույծ եմ, սակայն գրեթե միշտ ներկա եմ լինում ժողովի բոլոր հանդիպումներին։ Ես հասկանում եմ, որ այստեղ է Եհովան կրթում մեզ, և որ իմ հոգևոր եղբայրների ու քույրերի հետ միասին լինելը ապաստան է և աջակցության ու քաջալերության իսկական աղբյուր (Եբրայեցիս 10։24, 25)։ Հոգևորապես հասուն հավատակիցների կանոնավոր այցերը օգնում են ինձ։ Ես իսկապես զգում եմ այն, ինչ Դավիթն է ասել. «Իմ բաժակը խիստ լիքն է» (Սաղմոս 23։5)։
Այս բոլոր տարիներին իմ սիրելի կինը հրաշալի օգնական է եղել ինձ համար։ Նաև երեխաներս են մեծապես աջակցել ինձ։ Արդեն մի քանի տարի է, ինչ նրանք օգնում են ինձ առօրյայում։ Այն, ինչ նրանք կատարում են, հեշտ չէ։ Տարիների ընթացքում ավելի ու ավելի դժվար է դառնում հոգ տանել իմ մասին։ Նրանք իսկապես օրինակելի են այն հարցում, որ համբերությամբ հոգ են տանում իմ մասին, ու ես աղոթում եմ, որ Եհովան շարունակի օրհնել նրանց։
Իր ծառաներին զորացնելու՝ Եհովայի հրաշալի պարգևներից մեկ ուրիշն էլ աղոթքն է (Սաղմոս 65։2)։ Ի պատասխան իմ սրտաբուխ աղոթքների՝ Եհովան ինձ զորություն է տվել, որ այսքան ժամանակ հավատս ամուր պահեմ։ Հատկապես երբ վհատվում եմ, աղոթքն ինձ թեթևացում է բերում և օգնում է, որ պահպանեմ ուրախությունս։ Եհովայի հետ մշտապես հաղորդակցվելը թարմացնում է ինձ և ամրացնում վճռականությունս իրեն ծառայելու հարցում։ Ես ամբողջովին համոզված եմ, որ Եհովան լսում է իր ծառաների աղոթքները, և տալիս մտքի խաղաղություն, որի կարիքը նրանք ունեն (Սաղմոս 51։17; Ա Պետրոս 5։7)։
Ամեն անգամ, երբ հիշում եմ, որ Աստված վերջիվերջո բուժելու է բոլորին և հավիտենական կյանք է տալու դրախտում իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի Թագավորության ներքո, ուժ եմ վերագտնում։ Ուրախության արցունքները հաճախ հոսում են աչքերիցս, երբ մտածում եմ այդ հրաշալի հույսի մասին (Սաղմոս 37։11, 29; Ղուկաս 23։43; Յայտնութիւն 21։3, 4)։
Ծառայում եմ լիաժամ
Մոտավորապես 1991 թ.–ին իրավիճակիս մասին մտածելուց հետո հասկացա, որ ինքս իմ հանդեպ խղճահարությամբ չլցվելու լավագույն կերպը Թագավորության բարի լուրը ուրիշներին պատմելու գործում զբաղված լինելն է։ Հենց այդ տարվանից սկսեցի ծառայել լիաժամ։
Քանի որ հաշմանդամ եմ, մեծ մասամբ վկայություն եմ տալիս նամակներ գրելու միջոցով։ Դա հեշտ չէ, և ինձանից մեծ ջանքեր են պահանջվում։ Դժվարանում եմ գրիչը ամուր պահել, քանի որ ձեռքս թուլացել է ատրոֆիայի պատճառով։ Սակայն հաստատակամության, ինչպես նաև աղոթքների շնորհիվ արդեն ավելի քան 15 տարի է, ինչ նամակներով վկայություն եմ տալիս։ Նաև հեռախոսով եմ քարոզում մարդկանց։ Երբեք առիթը բաց չեմ թողնում նոր աշխարհի հույսի և դրախտ–երկրի մասին պատմելու բարեկամներիս, ընկերներիս և հարևաններիս, որոնք այցելում են ինձ։
Արդյունքում բազմաթիվ քաջալերական դեպքեր են տեղի ունեցել ինձ հետ։ Ես շատ ուրախ եմ, որ թոռներիցս մեկը, որի հետ 12 տարի առաջ Աստվածաշունչ եմ ուսումնասիրել, հոգևորապես առաջադիմել է և Աստվածաշնչի ճշմարտության հանդեպ երախտագիտություն ցույց տվել։ Առաջնորդվելով Աստվածաշնչով կրթված իր խղճով՝ նա հավատարմություն և հաստատակամություն է դրսևորել քրիստոնեական չեզոքություն պահպանելու հարցում։
Ինձ հատկապես հաճելի է, երբ մարդիկ, որոնց ես նամակներ եմ գրում, կապ են հաստատում ինձ հետ՝ Աստվածաշնչի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար։ Երբեմն ոմանք աստվածաշնչյան գրականություն են խնդրում։ Օրինակ՝ մի կին զանգահարեց ինձ և շնորհակալություն հայտնեց այն քաջալերական նամակի համար, որ ուղարկել էի իր ամուսնուն։ Նրան շատ էին հետաքրքրել նամակում գրված մտքերը։ Արդյունքում մեր տանը աստվածաշնչյան թեմաներով բազմաթիվ զրույցներ եմ ունեցել այդ կնոջ և իր ամուսնու հետ։
Դրական տրամադրվածություն
Տարիների ընթացքում ես տեսել եմ, թե աշխարհի այս մասում որքան է աճել Թագավորության քարոզիչների թիվը։ Այն փոքր Թագավորության սրահը, որը գտնվում էր իմ եղբայր Ջորջի տան մոտ, ընդարձակվել է և մի քանի անգամ վերանորոգվել։ Դա երկրպագության մի գեղեցիկ վայր է, որտեղից օգտվում են Եհովայի վկաների երկու ժողովներ։
1943 թ.–ին՝ 52 տարեկան հասակում, հայրս մահացավ։ Սակայն ի՜նչ հոգևոր ժառանգություն է նա թողել։ Նրա երեխաներից ութը ընդունել են ճշմարտությունը և մինչև հիմա ծառայում են Եհովային։ Քսիլոպագու գյուղում, որտեղ ծնվել է հայրս, և մոտակա գյուղերում ներկայումս երեք ժողով կա, որոնցում ծառայում են Թագավորության 230 քարոզիչներ։
Այսպիսի դրական արդյունքները ուրախության աղբյուր են ինձ համար։ Այժմ 83 տարեկան հասակում ես սաղմոսերգուի պես վստահությամբ կարող եմ ասել. «Առիւծի կորիւնները կարօտում են եւ սոված են. բայց Տիրոջը խնդրողները ոչ մի բարիքի պակասութիւն չ’ունին» (Սաղմոս 34։10)։ Ես անհամբերությամբ սպասում եմ այն ժամանակին, երբ կիրականանա Եսայիա 35։6–ում արձանագրված մարգարեությունը. «Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս»։ Չնայած հիվանդությանս՝ ես վճռել եմ շարունակաբար ուրախությամբ ծառայել Եհովային մինչև վերջ։
[քարտեզ 17-րդ էջի վրա]
ԹՈՒՐՔԻԱ
ԿԻՊՐՈՍ
ՍԻՐԻԱ
Նիկոսիա
Քսիլոպագու
ԼԻԲԱՆԱՆ
Միջերկրական ծով
[նկար 17-րդ էջի վրա]
Քսիլոպագուի առաջին Թագավորության սրահը, որը մինչև հիմա օգտագործվում է
[նկարներ 18-րդ էջի վրա]
Էֆպրեպիայի հետ 1946 թ.–ին և այսօր
[նկար 20-րդ էջի վրա]
Ես ուրախություն եմ ստանում՝ վկայություն տալով հեռախոսով և նամակներ գրելով