Պատմում են Թագավորության քարոզիչները
Նրա հոգևոր կարիքները բավարարում ստացան
Կիպրոս կղզին գտնվում է Միջերկրական ծովի արևելյան մասում։ Բիբլիական ժամանակներում Կիպրոսը հայտնի էր պղնձի ու որակյալ անտառանյութի իր պաշարներով։ Պողոսն ու Բառնաբասը իրենց առաջին միսիոներական ուղևորության ժամանակ քարոզեցին այնտեղ Թագավորության բարի լուրը (Գործք 13։4–12)։ Այսօր էլ այդ լուրն իր բարերար ազդեցությունն է գործում կիպրացիներից շատերի կյանքում։ Լուկասը՝ քառասունն անց մի անձնավորություն, դրանցից մեկն է։ Նա պատմում է. «Անասնապահական տնտեսություն վարող մեր ընտանիքում ծնված յոթ զավակներից մեկն էի։ Դեռ վաղ մանկությունից ընթերցանությունը եղել է իմ տարերքը։ Քրիստոնեական հունարեն գրությունների փոքր տրամաչափի մի օրինակ դարձել էր իմ ամենասիրելի գիրքը։ Տաս տարեկան հասակում մի քանի ընկերներով միացանք ու սկսեցինք խմբովին զբաղվել Աստվածաշնչի ուսումնասիրությամբ։ Իհարկե դա երկար չտևեց, քանզի որոշ մեծահասակներ գյուղում սկսեցին մեզ անվանել հերետիկոսներ։
Հետագայում, երբ գնացի Միացյալ Նահանգներ՝ սովորելու, այնտեղ ծանոթացա բազմաթիվ հավատալիքների տեր մարդկանց հետ, և դարձյալ սրտումս առկայծեց հոգևորի հանդեպ իմ փափագը։ Օրեր շարունակ համալսարանի գրադարանում զբաղվում էի տարբեր կրոնների ուսումնասիրությամբ։ Ես հաճախեցի նաև զանազան եկեղեցիներ, սակայն ոչ մի կերպ ինձ չհաջողվեց հոգևոր բավարարվածության հասնել՝ չնայած իմ եռանդուն ջանքերին։
Ուսումս ավարտելուց հետո վերադարձա Կիպրոս։ Սկսեցի աշխատել որպես բժշկական լաբորատորիայի վարիչ։ Աշխատավայրում ինձ այցելության էր գալիս տարիքով մի մարդ՝ Անդոնիս անունով, որը Եհովայի վկա էր։ Այդ այցելությունները չվրիպեցին Հունական ուղղափառ եկեղեցու ուշադրությունից։
Շուտով ինձ մոտ եկավ մի կրոնական՝ ետ կանգնեցնելու Եհովայի վկաների հետ շփումից։ Ես հնազանդվեցի ու դադարեցրի զրույցներս Անդոնիսի հետ, քանզի դեռ վաղ մանկությունից ինձ սովորեցրել էին, որ Հունական ուղղափառ եկեղեցին է դավանում ճշմարիտ կրոնը։ Դրանից հետո Աստվածաշնչին առնչվող հարցերը քննարկում էի այդ կրոնականի հետ։ Այցելում էի նաև Կիպրոսում գտնվող բազմաթիվ վանքեր։ Անգամ եղա Հունաստանի հյուսիսում՝ տեսնելու Աթոս լեռը, որն ուղղափառների կողմից համարվում է ամենասուրբ լեռ... Այնինչ Աստվածաշնչին առնչվող իմ հարցերը այդպես էլ մնում էին անպատասխան։
Ես աղոթքով դիմեցի Աստծուն՝ խնդրելով ինձ օգնել՝ գտնելու ճշմարտությունը։ Կարճ ժամանակ անց աշխատավայրում ինձ դարձյալ այցի եկավ Անդոնիսը, և ես հասկացա, որ դա հենց աղոթքիս պատասխանն էր։ Դադարեցրի հանդիպումներս կրոնականի հետ ու սկսեցի Անդոնիսի օգնությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Աստիճանաբար առաջադիմում էի հոգևորապես, իսկ 1997թ.–ի հոկտեմբեր ամսին ջրի մկրտությամբ նշանավորեցի նվիրումս՝ Եհովային։
Կինս ու երկու ավագ աղջիկներս (մեկը 14 տարեկան էր, մյուսը՝ 10) միառժամանակ բացասաբար էին վերաբերվում։ Սակայն հետագայում, տեսնելով իմ լավ վարքը, կինս ցանկություն հայտնեց ներկա գտնվել Թագավորության սրահում անցկացվող մեր ժողովին։ Նրա վրա խոր տպավորություն գործեց ներկաների սիրալիրությունն ու անձամբ իր հանդեպ դրսևորած ուշադրությունը։ Սակայն նա հատկապես տպավորվել էր Աստվածաշունչը գործածելու նրանց հմտությամբ։ Դրանից հետո կինս, ինչպես նաև ավագ աղջիկներս, սկսեցին ուսումնասիրել Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ։ Պատկերացրեք իմ բերկրանքը, երբ նրանք երեքն էլ մկրտվեցին 1999 թվականի նահանգային համաժողովում, որը կրում էր «Աստծո մարգարեական խոսքը» անվանումը։
Այո՛, ճշմարտության իմ որոնումներն իզուր չանցան։ Ներկայումս իմ ողջ ընտանիքը (կինս ու չորս երեխաներս) միավորված է Եհովայի անարատ երկրպագությամբ»։