Աթոսը «սուրբ սա՞ր»
ՈՒՂՂԱՓԱՌ եկեղեցու 220 միլիոն անդամների համար Աթոս լեռը՝ Հունաստանի հյուսիսային մասում գտնվող ժայռոտ հրվանդանը, «ուղղափառ քրիստոնեական աշխարհի ամենասուրբ սարն» է։ Նրանցից շատերի համար «սուրբ սար» ուխտի գնալը զուտ երազանք է։ Ի՞նչ «սուրբ սար» է դա և ինչպե՞ս է այդքան նշանավոր դարձել. արդյո՞ք այդ «սարն» աստվածավախ անհատների հոգևոր առաջնորդության ու ճշմարիտ երկրպագության աղբյուրն է։
«Սուրբ սար» արտահայտությունը կարելի է գտնել Աստվածաշնչում, որտեղ այն զուգորդվում է ճշմարիտ Աստծուն՝ Եհովային սրբությամբ, անարատությամբ և պատշաճ կերպով երկրպագելու հետ։ Հին Երուսաղեմում Սիոն սարը «սուրբ սար» կոչվեց այն բանից հետո, երբ Դավիթ թագավորը ուխտի տապանակն այնտեղ բերեց (Սաղմոս 15։1; 43։3; Բ Թագաւորաց 6։12, 17)։ Սողոմոնի կողմից Մորիա լեռան վրա տաճարը կառուցվելուց հետո «Սիօնի» «սուրբ սար» անվանումը տարածվեց նաև այն տարածքի վրա, որտեղ գտնվում էր տաճարը. ուստի Սիոնը Աստծո «սուրբ սարը» մնաց (Սաղմոս 2։6; Յովէլ 3։17)։ Այն ժամանակվանից սկսած, երբ Աստծո տաճարը գտնվում էր Երուսաղեմում, երբեմն այս քաղաքն էլ էին կոչում Աստծո «սուրբ սար» (Եսայիա 66։20; Դանիէլ 9։16, 20)։
Իսկ մեր օրերում Աթոսը կամ մեկ ուրիշ բարձունք հանդիսանո՞ւմ են արդյոք «սուրբ սար», ուր պետք է հորդեն մարդիկ Աստծուն ընդունելի երկրպագություն մատուցելու համար։
Վանական «Սուրբ սար»
Աթոս լեռը Թեսաղոնիկե (ներկայիս Սալոնիկ) քաղաքի արևելքում գտնվող Քաղկեիդիկյան թերակղզու արևելյան ելուստն է, որը ձգվում է Էգեյան ծովի մեջ։ Տպավորիչ է ծովից վեր խոյացող 2 032 մետր բարձրություն ունեցող լեռան մարմարյա գագաթը։
Երկար ժամանակ Աթոսը սրբավայր է համարվել։ Ըստ հունական դիցաբանության՝ մինչ Օլիմպոս լեռան վրա աստվածների բնակվելը, նրանց բնակավայրը եղել է Աթոսը։ Կոստանդին Մեծի (մ.թ. 4–րդ դար) մահից որոշ ժամանակ անց այն քրիստոնեական եկեղեցիների սրբատեղին է դառնում։ Ինչպես նկարագրվում է մի առասպելում, «կույս» Մարիամը Հովհաննես առաքյալի ուղեկցությամբ ճանապարհորդում է Կիպրոս՝ Ղազարոսին այցելելու նպատակով և հանկարծակի սկսված փոթորկի պատճառով հայտնվում է Աթոս լեռան վրա։ Լեռան գեղեցկությամբ հիացած՝ Մարիամը Հիսուսից խնդրում է Աթոս լեռը։ Այսպիսով, Աթոսը ճանաչվում է մեկ այլ անվանմամբ ևս՝ «Սուրբ կույսի պարտեզ»։ Բյուզանդական ժամանակաշրջանի կեսերին ամբողջ ժայռոտ ելուստը հայտնի դարձավ որպես «Սուրբ սար»։ Լեռը պաշտոնապես այդպես անվանվեց և իր հաստատումը ստացավ 11–րդ դարի կեսերին՝ Կոստանդին IX Մոնոմախոս կայսեր հրամանով։
Լինելով ժայռոտ և կղզիացված՝ Աթոսի տեղանքը տրամադրում է ճգնավորի կյանք վարելուն։ Դարերի ընթացքում այն հրապուրել է ուղղափառ աշխարհի ազգությամբ հույն, սերբ, հռոմեացի, բուլղարացի, ռուս շատ կրոնականների, որոնք կառուցել են բազում մենաստաններ՝ իրենց եկեղեցիներով ու վանատներով։ Այդպիսի կառույցներից մոտավորապես 20–ը պահպանվել են մինչև օրերս։
Աթոս լեռն այսօր
Այսօր Աթոսն ինքնավար մարզ է և ունի իր կանոնադրությունը՝ հաստատված 1926–ին։ Մի ժամանակ Աթոսն անկում էր ապրում, իսկ այժմ քահանաների թիվն այնտեղ գերազանցում է 2 000–ին։
Մենաստաններից յուրաքանչյուրն ունի իր ֆերմաները, աղոթարաններն ու վանատները։ Ճգնավորների բոլորից առանձնացված սրբավայրը գտնվում է Աթոսի ամենաբարձր տեղանքում՝ գլխապտույտ առաջացնող բարձունքում՝ Կարոուլիայում։ Այնտեղ գտնվող վանատներին հասնելու համար հարկավոր է անցնել արահետների լաբիրինթով, բազում քարե աստիճաններով և անցուղիներով։ Այսօր ևս Աթոսում բնակվող քահանաները պահպանում են պատարագի ամենօրյա հին արարողությունները բյուզանդական ժամանակով (որի համաձայն օրը սկսվում է մայրամուտով) և հուլյան օրացույցով (13 օր հետ է գրիգորյան օրացույցից)։
Թեպետ ասում են, որ այս ուխտատեղին, ինչպես վերևում նշվեց, իր «սրբությամբ» պարտական է կին արարածի, սակայն, տեղի քահանաների ու ճգնավորների հայտարարության համաձայն, արդեն մոտ 1 000 տարի է, ինչ ամբողջ թերակղզին փակ է կանանց, իգական սեռի կենդանիների և նույնիսկ ներքինիների կամ անմորուք տղամարդկանց համար։ Վերջերս անմորուք տղամարդկանց և իգական սեռի որոշ կենդանիների հետ կապված փոխզիջումներ արվեցին, սակայն կանայք մինչև օրս Աթոսի ջրափնյա գծից պետք է 500 մ հեռու գտնվեն։
«Սուրբ սար» բոլորի համար
Արդյո՞ք Աթոսը «սուրբ սար» է աստվածավախ քրիստոնյաների համար, ուր պետք է գնան Աստծուն երկրպագելու։ Սամարացի կնոջ հետ զրուցելիս, որը համոզված էր, թե Աստծուն պետք էր երկրպագել Գարիզին լեռան վրա, Հիսուսը բացատրեց, որ ոչ մի բառացի սար այլևս չի կարող Աստծուն երկրպագելու վայր համարվել։ «Կը գայ ժամանակը, երբ ո՛չ այս լերան [Գարիզինի] վրայ եւ ո՛չ էլ Երուսաղէմում կ’երկրպագեն Հօրը»,— ասաց Հիսուսը։ Իսկ ինչո՞ւ. «Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն» (Յովհաննէս 4։21, 24)։
Մեր ժամանակներին մատնացույց անելով՝ Եսայիա մարգարեն նախագուշակեց, որ «Տիրոջ տան [խորհրդանշական] սարը» ‘կհաստատվի սարերի գլխին և կբարձրանա բլուրներից’ և բոլոր ազգերից մարդիկ, փոխաբերական իմաստով, կբարձրանան այդ սարը (Եսայիա 2։2, 3)։
Թե՛ տղամարդիկ, և թե՛ կանայք, որոնք ցանկանում են Աստծու հետ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել, հրավիրվում են «հոգով եւ ճշմարտութեամբ» Եհովային երկրպագելու։ Ողջ աշխարհով մեկ միլիոնավոր անհատներ գտել են դեպի ‘Եհովայի սարը’ տանող ճանապարհը։ Նրանք էլ շատերի նման համամիտ են հույն իրավաբանի հետ, որն Աթոսի մասին արտահայտվեց հետևյալ կերպ. «Ես կասկածում եմ, թե հոգևորը կարող է ներփակված լինել չորս պատերի մեջ կամ էլ ինչ–որ մենաստաններում» (համեմատե՛ք Գործք 17։24, 25ա)։
[շրջանակ 31–րդ էջի վրա]
Երկար ժամանակ թաքնված գանձը
Դարեր առաջ Աթոսի քահանաները կազմեցին մի թանկագին հավաքածու՝ մոտ 15 000 ձեռագրերով։ Ոմանք ենթադրում են, թե հավաքածուն պատկանում է 4–րդ դարին, որի պատճառով այն համարվում է աշխարհի ամենաարժեքավոր հավաքածուներից մեկը։ Հավաքածուի մեջ կան մագաղաթներ, Ավետարանների ամբողջ հատորներ և առանձին թերթեր, սաղմոսներ և օրհներգեր, նաև հին զարդանկարներ, սրբապատկերներ, քանդակներ և մետաղյա իրեր։ Ենթադրվում է, թե Աթոս լեռան վրա պահվում են աշխարհում եղած հունարեն ձեռագրերի մեկ չորրորդ մասը, սակայն դրանցից շատերը դեռևս կարգավորման կարիք են զգում։ 1997 թ.–ին առաջին անգամ քահանաները թույլատրեցին, որ իրենց գանձերից մի քանիսը ցուցադրվեն Սալոնիկում։
[նկար 31–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Telis/Greek National Tourist Organization