Մենք չվախեցանք. Եհովան մեզ հետ էր
Պատմում է Այիպտիա Պետրիդուն
1972 թ.–ին ամբողջ Կիպրոսից Եհովայի վկաները հավաքվեցին Նիկոսիայում՝ լսելու Նաթան Նորի հատուկ ելույթը։ Նա արդեն երկար ժամանակ էր, ինչ առաջնորդում էր Վկաների գործունեությունը։ Եղբայր Նորը իսկույն ճանաչեց ինձ, և նախքան կհասցնեի ասել անունս, հարցրեց. «Ի՞նչ նորություն կա Եգիպտոսից»։ Նրան հանդիպել էի 20 տարի առաջ իմ ծննդավայրում՝ Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։
ԵՍ ԾՆՎԵԼ եմ 1914 թ. հունվարի 23–ին Ալեքսանդրիայում։ Չորս երեխաներից մեծը ես էի։ Մենք մեծացել ենք ծովից մի քայլի վրա։ Այն ժամանակ Ալեքսանդրիան գեղեցիկ, բազմազգ քաղաք էր՝ հայտնի իր ճարտարապետությամբ ու պատմությամբ։ Քանի որ եվրոպացիները և արաբները ապրում ու շփվում էին իրար հետ, մենք՝ երեխաներս, սովորել էինք խոսել արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, և ինչ խոսք, գիտեինք նաև մեր մայրենի լեզուն՝ հունարենը։
Դպրոցն ավարտելուց հետո սկսեցի աշխատել ֆրանսիական նորաձևության տներից մեկում։ Այնտեղ հաճույքով նրբագեղ զգեստներ էի գծագրում և կարում բարձրաշխարհիկ կանանց համար։ Նաև շատ կրոնասեր էի, սիրում էի Աստվածաշունչ կարդալ, թեև քիչ բան էի հասկանում։
Մոտավորապես այդ ժամանակ էր՝ 1930–ականների կեսերին, երբ հանդիպեցի մի գեղեցկադեմ կիպրոսցի երիտասարդի։ Նրա անունն էր Թեոդոտոս Պետրիդես։ Նա փորձառու ըմբիշ էր, բայց նաև սովորել էր հրուշակեղեն պատրաստել ու աշխատում էր խմորեղենի մի հայտնի արտադրամասում։ Նա սիրահարվեց ինձ՝ փոքրամարմին թխահեր աղջկաս։ Հաճախ նա պատուհանիս տակ հունական սերենադներ էր երգում։ Մենք ամուսնացանք 1940 թ. հունիսի 30–ին։ Երջանիկ օրեր էին... Մայրիկիս հետ ապրում էինք մի շենքում՝ նա վերևի հարկում, մենք՝ ներքևի։ Մեր առաջնեկը՝ Ջոնը, ծնվեց 1941–ին։
Ընդունում ենք աստվածաշնչյան ճշմարտությունը
Մի որոշ ժամանակ Թեոդոտոսի մեջ անընդհատ հարցեր էին առաջանում մեր կրոնի հետ կապված, և նա Աստվածաշնչի մասին հարցեր էր տալիս։ Եհովայի վկաները սկսել էին Աստվածաշունչ ուսումնասիրել նրա հետ, և այդ ամենից ես անտեղյակ էի։ Մի օր երեխայի հետ տանն էի, և մի կին թակեց դուռը։ Նա ինձ մի թերթիկ տվեց, որի վրա Աստվածաշնչի թեմայով ինչ–որ բան էր գրված։ Քաղաքավարությունից դրդված՝ վերցրի ու կարդացի։ Հետո նա ինձ առաջարկեց մի քանի աստվածաշնչային հրատարակություն։ Ես զարմացա. դրանք հենց այն գրքերն էին, որ Թեոդոտոսը բերել էր տուն։
«Ես ունեմ այդ գրքերից,— ասացի։— Խնդրեմ, ներս եկեք»։ Գրեթե միանգամից սկսեցի հարցերի տարափ տեղալ այդ Վկայի՝ էլենի Նիկոլաուի վրա։ Նա համբերությամբ Աստվածաշնչով պատասխանում էր հարցերիս։ Ինձ դա դուր եկավ։ Հանկարծ զգացի, որ հասկանում եմ Աստվածաշնչի պատգամը։ Մեր զրույցը մի պահ ընդհատվեց, և էլենին սենյակում դրված լուսանկարներից մեկում ճանաչեց ամուսնուս։ «Ես ճանաչում եմ այս մարդուն»,— բացականչեց նա։ Թեոդոտոսի գաղտնիքը բացահայտված էր։ Ես հանկարծակիի եկա։ Ուրեմն՝ Թեոն գնում էր քրիստոնեական հանդիպումների առանց ինձ։ Նա նույնիսկ չէր ասել այդ մասին։ Երբ այդ օրը ամուսինս վերադարձավ տուն, ասացի. «Այն տեղը, ուր որ դու գնացիր անցյալ կիրակի, այս շաբաթ միասին կգնանք»։
Առաջին հանդիպմանը, որին ներկա եղա, հավաքվել էին մոտ տասը հոգի։ Նրանք քննարկում էին Աստվածաշնչի «Միքիա» գիրքը։ Ես ականջ դարձած լսում էի։ Այդ օրվանից սկսած՝ ամեն ուրբաթ երեկոյան Գեորգ և Կատերինի Պետրակիները այցելում էին մեզ, ու միասին Աստվածաշունչ էինք ուսումնասիրում։ Հայրս և երկու եղբայրներս դեմ էին դրան, բայց քույրս ոչինչ չէր ասում, թեպետև նա այդպես էլ չդարձավ Վկա։ Մայրս, սակայն, ընդունեց ճշմարտությունը։ 1942 թ.–ին նա, Թեոդոտոսը և ես մկրտվեցինք Ալեքսանդրիայի ծովափում՝ խորհրդանշելով մեր նվիրումը Եհովային։
Փոփոխություն մեր կյանքում
1939 թ.–ին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, և այն շուտով թեժացավ։ 1940–ականների սկզբներին գերմանացի գեներալ էրվին Ռոմելը և նրա տանկային զորքերը գտնվում էին էլ–Ալամեյնի մոտակայքում։ Ալեքսանդրիան լիքն էր բրիտանական զինվորներով։ Մենք չոր պարեն հավաքեցինք։ Թեոդոտոսի գործատերը խնդրեց, որ նա ղեկավարի Պորտ Թաուֆիկում (Սուեզի ծոցի մոտ) բացված հրուշակեղենի նոր արտադրամասի աշխատանքը։ Մենք տեղափոխվեցինք այդ քաղաք։ Երկու հունախոս Վկաներ սկսեցին փնտրել մեզ։ Նրանք չգիտեին մեր հասցեն, ուստի տնետուն քարոզեցին, մինչև որ գտան մեզ։
Պորտ Թաուֆիկում մենք Աստվածաշունչ ուսումնասիրեցինք Ստավրոս և Յուլա Կիպրայոսների և նրանց երեխաների՝ Տոտոսի և Յեորյիայի հետ։ Նրանք դարձան մեր մտերիմ ընկերները։ Ստավրոսին այնքան էր դուր գալիս Աստվածաշունչ ուսումնասիրելը, որ իր տան բոլոր ժամացույցների սլաքները մեկ ժամ հետ էր տալիս, որպեսզի մենք ուշանանք վերջին գնացքից և ստիպված լինենք ավելի երկար մնալու։ Մեր քննարկումները շարունակվում էին մինչև ուշ գիշեր։
Պորտ Թաուֆիկում ապրեցինք մեկուկես տարի, սակայն մայրս հիվանդացավ, և վերադարձանք Ալեքսանդրիա։ Նա մահացավ 1947–ին՝ հավատարիմ մնալով Եհովային։ Մեկ անգամ ևս զգացինք, թե ինչպես է Եհովան քաջալերում մեզ հասուն քրիստոնյա ընկերների միջոցով։ Մեզ մոտ հյուրընկալվում էին այն միսիոներները, ովքեր գնում էին իրենց նշանակման վայրերը։ Նրանք նավով գալիս էին Ալեքսանդրիա, և մինչ նավը կարճ ժամանակով գտնվում էր նավանորոգարանում, նրանք մնում էին մեր տանը։
Ուրախություններ և անհանգստություններ
1952 թ.–ին ծնվեց մեր երկրորդ որդին՝ Ջեյմսը։ Որպես ծնողներ՝ մենք հասկանում էին մեր տղաներին հոգևոր բարերար միջավայրում մեծացնելու կարևորությունը։ Ուստի քայլեր ձեռնարկեցինք, որ մեր տանը Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրություններ անցկացվեն, ինչպես նաև հաճախակի հյուրընկալում էինք լիաժամ ծառայողների։ Այս ամենի շնորհիվ մեր ավագ որդին՝ Ջոնը, սիրեց Աստվածաշնչի ճշմարտությունը և դեռ պատանի հասակից սկսեց ծառայել որպես ռահվիրա։ Միևնույն ժամանակ նա սովորում էր երեկոյան դպրոցում, որպեսզի ավարտի ուսումը։
Դրանից կարճ ժամանակ անց Թեոդոտոսի մոտ հայտնաբերեցին սրտի լուրջ խնդիր։ Նրան խորհուրդ տվեցին թողնել աշխատանքը։ Մեր որդի Ջեյմսը ընդամենը չորս տարեկան էր։ Ի՞նչ պետք է անեինք։ Բայց մի՞թե Եհովան չի խոստացել. «Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ» (Ես. 41։10)։ Պատկերացրեք մեր զարմանքը և ուրախությունը, երբ 1956 թ.–ին մեզ հրավիրեցին ծառայելու Իսմայիլիայում (Սուեզի ջրանցքի մոտ)։ Հետագա տարիները Եգիպտոսում անհանգիստ էին, և մեր քրիստոնյա եղբայրները քաջալերանքի կարիք ունեին։
1960 թ.–ին մենք ստիպված եղանք հեռանալու Եգիպտոսից. յուրաքանչյուրիս ձեռքին ընդամենը մեկ ճամպրուկ կար։ Տեղափոխվեցինք Կիպրոս կղզի՝ ամուսնուս հայրենիք։ Այդ ժամանակ Թեոդոտոսը արդեն շատ թույլ էր և չէր կարող աշխատել։ Սակայն մի բարի քրիստոնյա եղբայր և նրա կինը առաջարկեցին մեզ ապրել իրենց մոտ։ Ցավոք, երկու տարի անց ամուսինս մահացավ, ու ես մնացի մենակ՝ պատանի Ջեյմսի հետ։ Ջոնը, որ նույնպես եկել էր Կիպրոս, ամուսնացել էր և ուներ իր ընտանիքը, որի մասին պետք է հոգ տաներ։
Դժվարությունների ժամանակ մենակ չենք
Այնուհետև Ստավրոս և Դորա Կաիրիսները առաջարկեցին մեզ ապրել իրենց տանը։ Ես ծնկի եկած շնորհակալություն հայտնեցի Եհովային, որ դարձյալ հոգ է տանում մեր մասին (Սաղ. 145։16)։ Երբ այդ ամուսինները որոշեցին վաճառել իրենց տունը և կառուցել նորը, որի առաջին հարկում լինելու էր Թագավորության սրահ, նրանք չմոռացան մեր մասին։ Բարություն դրսևորելով՝ Ստավրոսը և Դորան տանը կից փոքրիկ երկսենյականոց բնակարան կառուցեցին Ջեյմսի և ինձ համար։
Ջեյմսն ամուսնացավ և իր կնոջ հետ սկսեց ծառայել որպես ռահվիրա, մինչև որ ծնվեց նրանց չորս երեխաներից առաջինը։ 1974 թ.–ին՝ եղբայր Նորի հիշարժան այցից երկու տարի անց, Կիպրոսում տեղի ունեցավ քաղաքական հեղաշրջումa։ Շատերը, այդ թվում նաև Վկաները, լքեցին իրենց տները և ստիպված էին ամեն ինչ նորից սկսել։ Ջոնը նրանց թվում էր։ Նա իր կնոջ և երեք երեխաների հետ տեղափոխվեց Կանադա։ Միևնույն ժամանակ, սակայն, մենք ուրախ էինք տեսնելու, որ Կիպրոսում Թագավորության քարոզիչների թիվն ավելանում է։
Երբ թոշակի անցա, կարողացա ավելի լիարժեքորեն մասնակցել ծառայությանը։ Սակայն մի քանի տարի առաջ թեթև կաթված ստացա և գնացի ապրելու որդուս՝ Ջեյմսի ու նրա ընտանիքի հետ։ Ավելի ուշ, երբ առողջությունս սկսեց վատանալ, մի քանի շաբաթով պառկեցի հիվանդանոց, իսկ հետո տեղափոխվեցի ծերանոց։ Այստեղ, չնայած մշտական ցավերիս, վկայություն եմ տալիս բուժանձնակազմին, հիվանդներին և այցելուներին։ Նաև ժամերով Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն եմ կատարում և հոգևոր եղբայրներիս աջակցությամբ կարողանում եմ ներկա լինել մոտակա ժողովի Գրքի ուսումնասիրությանը։
Մխիթարություն՝ կյանքիս մայրամուտին
Ես մխիթարվում եմ, երբ նորություն եմ իմանում նրանց մասին, ում Թեոդոտոսն ու ես առանձնաշնորհում ենք ունեցել օգնելու։ Նրանց երեխաներից ու թոռներից շատերն այսօր լիաժամ ծառայության մեջ են. ոմանք Անգլիայում են, մյուսները՝ Ավստրալիայում, Կանադայում, Հունաստանում և Շվեյցարիայում։ Այսօր տղաս՝ Ջոնը, և նրա կինը իրենց որդու հետ ապրում են Կանադայում։ Նրանց ավագ դուստրը և նրա ամուսինը ռահվիրաներ են։ Նրանց կրտսեր աղջիկը և նրա ամուսինը՝ Լինդա և Ջոշուա Սնեյփները, հրավիրվեցին սովորելու «Գաղաադ» դպրոցի 124–րդ դասարանում։
Մյուս որդիս՝ Ջեյմսը, և նրա կինը ապրում են Գերմանիայում։ Նրանց երկու տղաները ծառայում են Բեթելում՝ մեկը Աթենքում (Հունաստան), իսկ մյուսը՝ Զելտերսում (Գերմանիա)։ Նրանց կրտսեր որդին, դուստրը և իր ամուսինը ռահվիրաներ են Գերմանիայում։
Ի՜նչ հետաքրքիր պատմություններ կպատմենք մորս և իմ սիրելի Թեոդոտոսին, երբ նրանք հարություն առնեն։ Նրանք պարզապես կապշեն՝ տեսնելով, թե ինչ հարուստ ժառանգություն են թողել իրենց ընտանիքինb։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս «Արթնացե՛ք», 1974 թ., հոկտեմբերի 22, էջ 12–15, անգլ.։
b Մինչ այս հոդվածը պատրաստվում էր հրատարակման, քույր Պետրիդուն մահացավ 93 տարեկանում։
[մեջբերում 24–րդ էջի վրա]
Մեկ անգամ ևս զգացինք, թե ինչպես է Եհովան քաջալերում մեզ հասուն քրիստոնյա ընկերների միջոցով
[Քարտեզ 24–րդ էջի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
ԿԻՊՐՈՍ
ՆԻԿՈՍԻԱ
ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎ
ԵԳԻՊՏՈՍ
ԿԱՀԻՐԵ
Էլ–Ալամեյն
Ալեքսանդրիա
Իսմայիլիա
Սուեզ
Պորտ Թաուֆիկ
Սուեզի ջրանցք
[թույլտվությամբ]
Based on NASA/Visible Earth imagery
[նկար 23–րդ էջի վրա]
Թեոդոտոսի հետ, 1938
[նկար 25–րդ էջի վրա]
Որդիս՝ Ջոնը, կնոջ հետ
[նկար 25–րդ էջի վրա]
Որդիս՝ Ջեյմսը, կնոջ հետ