‘Բարիք ավետենք’
«Ի՜նչ գեղեցիկ են սարերի վերայ աւետարանչի ոտքերը, որ.... բարիք [է] աւետում» (ԵՍԱՅԻԱ 52։7)։
1, 2. ա) Ի՞նչ ահավոր դեպքեր են տեղի ունենում ամեն օր։ բ) Ինչպե՞ս են շատերն արձագանքում այն բանին, որ անընդհատ վատ լուրեր են լսում։
ԱՅՍՕՐ աշխարհի ցանկացած մասում մարդիկ ասես ընկած լինեն վատ լուրերի տարափի տակ։ Ռադիոյով նրանք սարսափազդու լուրեր են լսում մարդկությանը սպառնացող մահացու հիվանդությունների մասին։ Հեռուստացույցով տեսնում են օգնություն աղերսող սովահար երեխաների սրտաճմլիկ պատկերներ։ Իսկ թերթերում կարդում են ռումբերի պայթյուններից ավերված շենքերի և դրա հետևանքով զոհված բազմաթիվ անմեղ մարդկանց մասին։
2 Այո՛, ամեն օր ահավոր բաներ են տեղի ունենում։ Այս աշխարհի կերպարանքը, անշուշտ, փոխվում է, սակայն՝ դեպի վատը (Ա Կորնթացիս 7։31, ՆԱ)։ Ինչպես նշվում է Արևմտյան Եվրոպայում լույս տեսնող մի պարբերագրում, երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ աշխարհը «ուր որ է կմոխրանա»։ Ուստի զարմանալի չէ, որ վհատված ու մտահոգված մարդկանց թիվն աճում է։ Հեռուստատեսային նորությունների մասին մի հարցման ժամանակ, որն անցկացվել էր ԱՄՆ–ում, մի մարդ ասաց. «Նորությունները դիտելիս խիստ մտահոգվում եմ։ Անընդհատ վատ լուրեր են հաղորդվում։ Դա ինձ շատ է ընկճում»։ Նա, անկասկած, արտահայտեց միլիոնավորների զգացումները։
Լուր, որի կարիքը բոլորն էլ ունեն
3. ա) Ի՞նչ բարի լուր է հայտնում Աստվածաշունչը։ բ) Ինչո՞ւ ես անձամբ դու գնահատում Թագավորության բարի լուրը։
3 Հնարավո՞ր է արդյոք լավ լուր լսել այս մռայլ աշխարհում։ Այո՛։ Մխիթարական է իմանալ, որ Աստվածաշունչը բարի լուր է հայտնում։ Եվ այդ լուրն այն մասին է, որ Աստծու Թագավորությունը վերջ կդնի հիվանդություններին, սովին, հանցագործություններին, պատերազմներին և բոլոր տեսակի կեղեքումներին (Սաղմոս 46։9; 72։12)։ Մի՞թե սա չէ այն լուրը, որի կարիքը բոլորն էլ ունեն։ Այս կարծիքին են Եհովայի վկաները։ Այդ իսկ պատճառով Վկաները ամենուրեք ճանաչված են նրանով, որ շարունակ ջանք են թափում Աստծու Թագավորության բարի լուրը հայտնելու բոլոր ազգերի մարդկանց (Մատթէոս 24։14)։
4. Մեր ծառայության ո՞ր առանձնահատկությունները կքննարկենք այս հոդվածում, և ո՞րը՝ հաջորդում։
4 Իսկ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի շարունակենք նպատակային մասնակցություն ունենալ այս բարի լուրը քարոզելու գործում, նույնիսկ եթե ծառայում ենք այնպիսի վայրերում, որտեղ մարդիկ մեծամասամբ չեն արձագանքում մեր պատգամին (Ղուկաս 8։15)։ Օգտակար կլինի համառոտակի քննարկել քարոզչական ծառայությանն առնչվող երեք կարևոր առանձնահատկություն։ Կարող ենք քննել՝ 1) մեր մղումները, այսինքն՝ ինչու ենք քարոզում, 2) մեր պատգամը, այսինքն՝ ինչ ենք քարոզում, և 3) մեր մեթոդները, այսինքն՝ ինչպես ենք քարոզում։ Եթե մեր մղումները միշտ մաքուր լինեն, պատգամը՝ հստակ, իսկ մեթոդները՝ արդյունավետ, բազմաթիվ մարդկանց հնարավորություն կտանք լսելու բարի լուրերից լավագույնը՝ Աստծու Թագավորության բարի լուրը։a
Ինչո՞ւ ենք քարոզում բարի լուրը
5. ա) Գլխավորապես ի՞նչն է մղում մեզ մասնակցելու ծառայությանը։ բ) Ինչո՞ւ կարելի է ասել, որ քարոզելու մասին աստվածաշնչյան պատգամին հնազանդվելով՝ ցույց ենք տալիս մեր սերը Աստծու հանդեպ։
5 Եկեք քննարկենք առաջին առանձնահատկությունը՝ մեր մղումները։ Ինչո՞ւ ենք քարոզում բարի լուրը։ Այն նույն պատճառով, որ ուներ Հիսուսը։ Ահա թե ինչ է ասել նա. «Ես սիրում եմ Հօրը» (Յովհաննէս 14։31; Սաղմոս 40։8)։ Գլխավորապես Աստծու հանդեպ սերն է մղիչ ուժ հանդիսանում մեզ համար (Մատթէոս 22։37, 38)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ ծառայությունը և Աստծու հանդեպ սերը փոխկապակցված են՝ ասելով. «Սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք» (Ա Յովհաննէս 5։3; Յովհաննէս 14։21)։ Արդյո՞ք Աստծու պատվիրանների մեջ մտնում է նաև աշակերտներ պատրաստելու պատվերը (Մատթէոս 28։19)։ Այո՛։ Ճիշտ է, այդ պատվերը տվել է Հիսուսը, բայց վերջին հաշվով այն գալիս է Եհովայից։ Ինչո՞ւ։ Հիսուսը բացատրում է. «[Ես] իմ անձիցը ոչինչ չեմ անում. այլ ինչպէս իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խօսում» (Յովհաննէս 8։28; Մատթէոս 17։5)։ Հետևաբար, կատարելով քարոզելու պատգամը, մենք ցույց ենք տալիս Եհովային, որ սիրում ենք նրան։
6. Աստծու հանդեպ սերը քարոզելու ի՞նչ պատճառներ է տալիս մեզ։
6 Եհովայի հանդեպ սիրուց մղված՝ մենք ցանկանում ենք քարոզել նաև այն պատճառով, որ հերքենք նրա մասին Սատանայի տարածած ստերը (Բ Կորնթացիս 4։4)։ Բանսարկուն հարցականի տակ դրեց Աստծու իշխանության արդարացի լինելը (Ծննդոց 3։1–5)։ Ուստի մենք՝ Եհովայի վկաներս, փափագում ենք մեր մասնակցությունը բերել Սատանային քողազերծելու և ողջ մարդկության առջև Աստծու անունը սրբացնելու գործում (Եսայիա 43։10–12)։ Ավելին, Եհովայի հատկություններին ու ճանապարհներին տեղյակ լինելն է մղում մեզ մասնակցելու ծառայությանը։ Մենք նրան մտերիմ ենք համարում և մեծ ցանկություն ունենք պատմելու ուրիշներին մեր Աստծու մասին։ Եհովայի բարությունն ու նրա արդար ճանապարհները այնպիսի ուրախություն են պատճառում մեզ, որ պարզապես չենք կարող չխոսել նրա մասին (Սաղմոս 145։7–12)։ Մենք փափագում ենք գովաբանել Աստծուն ու պատմել նրա «առաքինութիւնները» բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են լսելու (Ա Պետրոս 2։9; Եսայիա 43։21)։
7. Աստծու հանդեպ սիրուց բացի, ի՞նչ կարևոր պատճառով ենք մասնակցում ծառայությանը։
7 Գոյություն ունի ևս մի կարևոր պատճառ, որը մղում է մեզ շարունակաբար մասնակցել ծառայությանը։ Մենք սրտանց ցանկանում ենք մխիթարել այն անհատներին, ովքեր վհատված են վատ լուրերի անդադար տարափի ներքո և այս կամ այն պատճառով տառապում են։ Այս հարցում մենք ձգտում ենք ընդօրինակել Հիսուսին։ Տեսնենք, թե ինչ է պատմվում Մարկոսի Ավետարանի 6–րդ գլխում։
8. Ըստ Մարկոս 6–րդ գլխի՝ ի՞նչ էր զգում Հիսուսը մարդկանց հանդեպ։
8 Առաքյալները վերադառնում են ծառայությունից և պատմում Հիսուսին այն ամենը, ինչ արել են ու սովորեցրել։ Հիսուսը նկատում է, որ աշակերտները հոգնած են, և առաջարկում է ‘մի քիչ հանգիստ առնել’։ Նրանք նավ են նստում ու մեկնում մի խաղաղ վայր։ Մարդիկ սկսում են ափով վազել նրանց ետևից և շուտով հասնում են նրանց։ Ի՞նչ է անում Հիսուսը։ Աստվածաշնչում ասվում է. «[Նա] շատ ամբոխ տեսաւ, եւ նորանց վերայ գթաց. որովհետեւ հովիւ չ’ունեցող ոչխարների պէս էին, եւ սկսեց նորանց շատ բաներ սովորեցնել» (Մարկոս 6։31–34)։ Գութը մղում է Հիսուսին, որ նա շարունակի պատմել բարի լուրը՝ չնայած իր հոգնածությանը։ Ակընհայտ է, որ նրա սիրտը ցավում է այդ մարդկանց համար։ Հիսուսը կարեկցում է նրանց։
9. Մարկոս 6–րդ գլխում արձանագրված պատմությունից ի՞նչ ենք սովորում ծառայության մեջ ճիշտ մղումներ ունենալու մասին։
9 Ի՞նչ ենք սովորում այս պատմությունից։ Լինելով քրիստոնյաներ՝ մեր պարտքն ենք համարում քարոզել բարի լուրը և կատարել աշակերտներ պատրաստելու գործը։ Մենք հասկանում ենք, որ պարտավոր ենք հայտնել բարի լուրը, քանզի Աստված կամենում է, որ «ամեն մարդիկ փրկուին» (Ա Տիմոթէոս 2։4)։ Սակայն մենք ծառայում ենք ոչ միայն պարտքի զգացումից մղված, այլև կարեկցանքից։ Եթե Հիսուսի պես կարեկցենք մարդկանց, ապա մեր սիրտը կմղի մեզ անել ամեն բան՝ բարի լուրը նրանց պատմելու համար (Մատթէոս 22։39)։ Ծառայության հանդեպ ճիշտ մղումներ ունենալով՝ բարի լուրը անդադար կքարոզենք։
Մեր պատգամը՝ Թագավորության բարի լուրը
10, 11. ա) Եսայիան ինչպե՞ս է նկարագրում մեր պատգամը։ բ) Ինչպե՞ս է Հիսուսը ‘բարիք ավետել’, և ինչպե՞ս են Աստծու ժամանակակից ծառաները հետևում նրա օրինակին։
10 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր ծառայության երկրորդ առանձնահատկության՝ մեր պատգամի մասին։ Ի՞նչ ենք քարոզում։ Ահա թե որքան հիանալի կերպով է դա նկարագրում Եսայիա մարգարեն. «Ի՜նչ գեղեցիկ են սարերի վերայ աւետարանչի ոտքերը, որ խաղաղութիւն է քարոզում, բարիք աւետում, փրկութիւն քարոզում, որ ասում է Սիօնին՝ քո Աստուածը թագաւոր է» (Եսայիա 52։7)։
11 Այս համարի գլխավոր միտքը՝ «քո Աստուածը թագաւոր է», հիշեցնում է մեզ, թե ինչ պատգամ պետք է քարոզենք։ Մենք պետք է քարոզենք Աստծու Թագավորության բարի լուրը (Մարկոս 13։10)։ Ուշադրություն դարձնենք նաև, որ այս համարը ցույց է տալիս մեր պատգամի դրական բնույթը։ Եսայիան օգտագործում է այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «փրկություն», «խաղաղություն», «բարիք» և «ավետել»։ Այս մարգարեությունը հրաշալի կերպով կատարեց Հիսուս Քրիստոսը Եսայիայի օրերից հարյուրամյակներ անց՝ մ.թ. առաջին դարում։ Նա լավ օրինակ թողեց ‘բարիքն ավետելու’՝ Աստծու գալիք Թագավորությունը եռանդուն կերպով քարոզելու գործում (Ղուկաս 4։44)։ Մեր օրերում, հատկապես 1919 թ.–ից սկսած, Եհովայի վկաները հետևում են Հիսուսի օրինակին՝ եռանդորեն հռչակելով բարի լուրը Աստծու արդեն հաստատված Թագավորության և գալիք օրհնությունների մասին։
12. Ի՞նչ ազդեցություն է թողնում Թագավորության բարի լուրը նրանց վրա, ովքեր ընդունում են այն։
12 Ի՞նչ ազդեցություն է թողնում Թագավորության լուրը նրանց վրա, ովքեր ընդունում են այն։ Ինչպես Հիսուսի օրերում, այնպես էլ այսօր բարի լուրը հույս և մխիթարություն է բերում (Հռովմայեցիս 12։12; 15։4)։ Այն հույս է տալիս անկեղծ մարդկանց, քանզի նրանք մեծ հիմքեր են տեսնում հավատալու, որ առաջիկայում լավ ժամանակներ են սպասվում (Մատթէոս 6։9, 10; Բ Պետրոս 3։13)։ Այս հույսը մեծապես օգնում է աստվածավախ անհատներին դրական տրամադրվածություն պահպանել։ Ինչպես ասում է սաղմոսերգուն, նրանք չեն վախենա նույնիսկ վատ լուրից (Սաղմոս 112։1, 7 ԱԱ)։
Պատգամ, որը բժշկելու էր «կոտրած սիրտ ունեցողներին»
13. Ինչպե՞ս է Եսայիա մարգարեն նկարագրում այն օգուտները, որ արդեն հիմա ստանում են բարի լուրն ընդունող մարդիկ։
13 Մեր քարոզած բարի լուրը արդեն հիմա թեթևացում և օգուտներ է բերում նրանց, ովքեր լսում են այն։ Ինչպիսի՞ օգուտներ։ Դրանցից մի քանիսի մասին կանխագուշակեց Եսայիան. «Տէր Եհովայի հոգին ինձ վերայ է, ըստ որում Տէրը օծել է ինձ. նա ուղարկել է ինձ աղքատներին աւետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատութիւն հրատարակելու եւ կապեալներին՝ արձակում. Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին, եւ վրէժխնդրութեան օրը՝ մեր Աստուծոյ համար. բոլոր սգաւորներին մխիթարելու համար» (Եսայիա 61։1, 2; Ղուկաս 4։16–21)։
14. ա) ‘Կոտրված սիրտ ունեցողներին բժշկել’ արտահայտությունը ի՞նչ է ցույց տալիս Թագավորության պատգամի առնչությամբ։ բ) Ինչպե՞ս ենք մենք արտացոլում Եհովայի հոգատարությունը կոտրված սիրտ ունեցողների հանդեպ։
14 Այդ մարգարեության համաձայն՝ Հիսուսը, քարոզելով բարի լուրը, բժշկելու էր «կոտրած սիրտ ունեցողներին»։ Ինչպիսի՜ արտահայտիչ լեզու է օգտագործում Եսայիան։ Համաձայն աստվածաշնչյան մի բառարանի՝ «բժշկել» թարգմանված եբրայերեն բառը «սովորաբար օգտագործվում է վիրակապ փաթաթելու, այսինքն՝ վիրավորին բուժելու իմաստով»։ Հոգատար բուժքույրը վիրակապում է մարդու մարմնի վնասված մասը կամ փաթաթան է դնում դրա վրա՝ օգնություն ցույց տալու նպատակով։ Նմանապես, Թագավորության լուրը տարածելիս հոգատար քարոզիչները օգնություն են ցույց տալիս այդ պատգամն ընդունող բոլոր մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով տառապանքներ են կրում։ Կարիքի մեջ գտնվողներին աջակցելով՝ նրանք արտացոլում են Եհովայի հոգատարությունը (Եզեկիէլ 34։15, 16)։ Իսկ Աստծու մասին սաղմոսերգուն ասել է. «Նա բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նորանց խոցերը» (Սաղմոս 147։3)։
Ինչպես է Թագավորության պատգամը փոխում մարդկանց կյանքը
15, 16. Կյանքից վերցված ի՞նչ օրինակներ են ցույց տալիս, որ Թագավորության պատգամը օգնում և զորացնում է կարիքի մեջ գտնվողներին։
15 Այն, թե ինչպես է Թագավորության պատգամը օգնում և զորացնում կոտրված սիրտ ունեցողներին, երևում է կյանքից վերցված բազմաթիվ օրինակներից։ Ահա դրանցից մեկը։ Օրեանան՝ Հարավային Ամերիկայում ապրող մի ծեր կին, կորցրել էր ապրելու ցանկությունը։ Եհովայի վկաներից մեկը սկսեց այցելել նրան ու նրա համար կարդալ Աստվածաշունչը, ինչպես նաև «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը։b Սկզբում դեպրեսիայի մեջ գտնվող այդ կինը քրոջը լսում էր անկողնում պառկած՝ աչքերը փակ, երբեմն հառաչելով։ Սակայն շուտով նա ջանքեր գործադրեց, որպեսզի ընթերցանության ընթացքում կարողանա անկողնում նստել։ Որոշ ժամանակ անց Օրեանան արդեն նստում էր աթոռի վրա՝ հյուրասենյակում, և սպասում Աստվածաշնչի իր ուսուցչուհուն։ Ապա նա սկսեց հաճախել Թագավորության սրահում անցկացվող քրիստոնեական հանդիպումներին։ Քաջալերվելով այն ամենից, ինչ սովորում էր այդ հավաքույթների ժամանակ՝ Օրեանան սկսեց աստվածաշնչյան գրականություն առաջարկել իր տան մոտով անցնող բոլոր մարդկանց։ 93 տարեկան հասակում նա մկրտվեց ու դարձավ Եհովայի վկա։ Թագավորության պատգամը նրա մեջ ապրելու ցանկություն արթնացրեց (Առակաց 15։30; 16։24)։
16 Աստծու Թագավորության բարի լուրը մեծապես օգնում է նույնիսկ այն անհատներին, ովքեր գիտեն, որ հիվանդության պատճառով իրենց կյանքը կարճ ժամանակ անց կընդհատվի։ Քննարկենք մի դեպք, որը տեղի է ունեցել Արևմտյան Եվրոպայում։ Մարիան տառապում էր մահացու հիվանդությամբ և բոլորովին կորցրել էր իր հույսը։ Երբ Եհովայի վկաներն այցելեցին այդ կնոջը, նա խորը դեպրեսիայի մեջ էր։ Բայց երբ Մարիան իմացավ Աստծու նպատակների մասին, նրա կյանքը կրկին իմաստալից դարձավ։ Նա մկրտվեց և սկսեց ակտիվորեն ծառայել։ Իր կյանքի վերջին երկու տարիների ընթացքում նրա աչքերից հույս և ուրախություն էր ճառագում։ Մարիան մահացավ հարություն առնելու մեծ հույսով (Հռովմայեցիս 8։38, 39)։
17. ա) Ինչպե՞ս է Թագավորության պատգամը փոխում նրանց կյանքը, ովքեր ընդունում են այն։ բ) Ինչպե՞ս ես անձամբ դու զգացել, որ Եհովան «կանգնեցնում է ամեն կռացածներին»։
17 Այսպիսի օրինակները փաստում են, որ Թագավորության պատգամը կարող է փոխել նրանց կյանքը, ովքեր ծարավ են աստվածաշնչյան ճշմարտություններին։ Հարազատի մահը սգացող անհատները նոր ուժ են ստանում՝ իմանալով հարության հույսի մասին (Ա Թեսաղոնիկեցիս 4։12)։ Չքավորության մեջ ապրող մարդիկ, որոնք դառը քրտինքով են կերակուր հայթայթում իրենց ընտանիքների համար, ինքնահարգանքով են լցվում և հույս են ձեռք բերում, երբ տեղեկանում են, որ Եհովան երբեք չի թողնի նրանց, ովքեր նվիրված են իրեն (Սաղմոս 37։28)։ Դեպրեսիայով տառապող բազում անհատներ Եհովայի օգնությամբ աստիճանաբար ուժ են գտնում պայքարելու այդ հիվանդության դեմ, իսկ ոմանք նույնիսկ հաղթահարում են այն (Սաղմոս 40։1, 2)։ Իսկապես, իր Խոսքից բխող զորությամբ Եհովան արդեն այսօր «կանգնեցնում է ամեն կռացածներին» (Սաղմոս 145։14)։ Տեսնելով, թե ինչպես է Թագավորության բարի լուրը մխիթարում կոտրված սիրտ ունեցողներին թե՛ մեր տարածքում, թե՛ քրիստոնեական ժողովում՝ կրկին ու կրկին համոզվում ենք, որ սա ներկայումս հրապարակվող ամենալավ լուրն է (Սաղմոս 51։17)։
Նրանց համար է ‘դեպի Աստված իմ աղոթքը’
18. Բարի լուրի հանդեպ հրեաների արձագանքը ինչպե՞ս էր ազդում Պողոսի վրա և ինչո՞ւ։
18 Թեև մենք ամենալավ լուրն ենք հռչակում, շատերը մերժում են այն։ Ինչպե՞ս կարող է սա անդրադառնալ մեզ վրա։ Ինչպես որ անդրադարձավ Պողոս առաքյալի վրա։ Նա հաճախ քարոզում էր հրեաներին, սակայն վերջիններս մեծամասամբ մերժում էին փրկության պատգամը։ Դա խորապես ազդում էր Պողոսի վրա։ Առաքյալը գրում է. «[Սա] մեծ տրտմութիւն է ինձ եւ անպակաս ցաւ իմ սրտին» (Հռովմայեցիս 9։2)։ Պողոսը կարեկցում էր այն հրեաներին, ում քարոզում էր։ Նա տխրում էր, երբ այդ մարդիկ հրաժարվում էին բարի լուրից։
19. ա) Ինչո՞ւ է հասկանալի, որ ժամանակ առ ժամանակ մենք տխրում ենք։ բ) Ի՞նչը օգնեց Պողոսին շարունակել քարոզչական գործը։
19 Մենք նույնպես կարեկցանքից մղված ենք քարոզում բարի լուրը։ Ուստի հասկանալի է, թե ինչու ենք տխրում, երբ շատերը մերժում են Թագավորության պատգամը։ Այդպիսի արձագանքը ցույց է տալիս, որ անկեղծորեն մտահոգված ենք այն մարդկանց հոգևոր բարօրությամբ, ում քարոզում ենք։ Սակայն լավ կլինի, որ հիշենք Պողոս առաքյալի օրինակը։ Ի՞նչը նրան օգնեց շարունակելու քարոզչական գործը։ Թեև Պողոսը տրտմում ու ցավ էր ապրում այն բանի համար, որ հրեաները մերժում էին բարի լուրը, սակայն նա իր հույսը չէր կտրում բոլոր հրեաներից՝ մտածելով, թե անիմաստ է օգնել նրանց։ Նա հույս ուներ, որ հրեաների մեջ կգտնվեին ոմանք, ովքեր կընդունեին Քրիստոսին։ Արտահայտելով իր զգացմունքները նման անհատների հանդեպ՝ Պողոսը գրեց. «Իմ սրտի փափաքը եւ դէպի Աստուած աղօթքը [նրանց] փրկութեան մասին է» (Հռովմայեցիս 10։1)։
20, 21. ա) Ծառայության մեջ ինչպե՞ս կարող ենք հետևել Պողոսի օրինակին։ բ) Մեր ծառայության ո՞ր առանձնահատկությունը կքննարկվի հաջորդ հոդվածում։
20 Ուշադրություն դարձնենք, թե ինչ երկու բան ընդգծեց Պողոսը։ Նա սրտանց ցանկանում էր, որ գեթ մի քանի անհատներ փրկություն գտնեին, և այդ մասին աղերսում էր Աստծուն։ Այսօր մենք հետևում ենք Պողոսի օրինակին։ Մենք սրտանց ցանկանում ենք փնտրել այն մարդկանց, ովքեր ճիշտ են տրամադրված բարի լուրի հանդեպ։ Ուստի շարունակում ենք աղոթել Եհովային, որպեսզի կարողանանք գտնել այդ անհատներին և օգնել նրանց քայլելու փրկության ճանապարհով (Առակաց 11։30; Եզեկիէլ 33։11; Յովհաննէս 6։44)։
21 Սակայն որպեսզի Թագավորության պատգամը հասցնենք հնարավորին չափ շատ մարդկանց, պետք է ուշադրություն դարձնենք ոչ միայն այն բանին, թե ինչու և ինչ ենք քարոզում, այլև թե ինչպես ենք քարոզում։ Այս թեման կքննարկվի հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Այս հոդվածում կքննարկվեն առաջին երկու առանձնահատկությունները։ Իսկ երրորդը կքննարկվի երկրորդ հոդվածում։
b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Ի՞նչ սովորեցիք
• Ի՞նչ պատճառներով ենք մասնակցում ծառայությանը։
• Հիմնականում ի՞նչ լուր ենք քարոզում։
• Ի՞նչ օգուտներ են ստանում նրանք, ովքեր ընդունում են Թագավորության պատգամը։
• Ի՞նչը կօգնի մեզ շարունակել մեր ծառայությունը։
[նկարներ 18–րդ էջի վրա]
Թագավորության պատգամը ուժ է տալիս կոտրված սիրտ ունեցող անհատներին
[նկարներ 20–րդ էջի վրա]
Աղոթքը օգնում է մեզ տոկալ ծառայության մեջ