Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Բարի լուր»
  • Բարի լուր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բարի լուր
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Պատմենք բարի լուրը
    Ուրախությամբ գովերգենք Եհովային
  • ‘Բարիք ավետենք’
    2005 Դիտարան
  • Թագավորության ավետիսը. ի՞նչ է դա
    2001 Դիտարան
  • Բարի լուր, որի կարիքը բոլորն ունեն
    2011 Դիտարան
Աստվածաշնչի ըմբռնում
it «Բարի լուր»

ԲԱՐԻ ԼՈՒՐ

Այս արտահայտությունը վերաբերում է Աստծու թագավորության մասին բարի լուրին, ինչպես նաև փրկության մասին բարի լուրին, փրկություն, որը հնարավոր է ստանալ Հիսուս Քրիստոսին հավատալու շնորհիվ։ Աստվածաշնչում այդ լուրը կոչվում է «Թագավորության մասին բարի լուր» (Մթ 4։23), «Աստծու բարի լուր» (Հռ 1։1), «Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու մասին ավետարան» (Մկ 1։1), «Աստծու անզուգական բարության մասին բարի լուր» (Գրծ 20։24), «խաղաղության բարի լուր» (Եփ 6։15) և «հավիտենական բարի լուր» (Հտն 14։6)։

«Բարի լուր» («ավետարան») արտահայտությունը թարգմանվել է հունարեն էվանգելիոն բառից։ Նա, ով բարի լուր է քարոզում, կոչվում է «ավետարանիչ» (Գրծ 21։8; 2Տմ 4։5, ծնթ.)։

Բովանդակությունը։ Վերոհիշյալ աստվածաշնչյան արտահայտություններից պարզ է դառնում, թե ինչ բովանդակություն ունի բարի լուրը, և թե որքան բազմակողմանի է այն։ Այդ լուրն ընդգրկում է այն բոլոր ճշմարտությունները, որոնց մասին խոսեց Հիսուսը, և որոնց մասին գրեցին աշակերտները։ Ճիշտ է, հնում ապրած մարդիկ ապավինում էին Աստծուն և նրա մասին գիտելիքներ ձեռք բերելով՝ հավատ էին զարգացրել նրա հանդեպ, սակայն Աստծու նպատակներն ու անզուգական բարությունը առաջին անգամ «ակներև դարձան մեր Փրկիչ Քրիստոս Հիսուսի ի հայտ գալու շնորհիվ, որը վերացրեց մահը և բարի լուրի միջոցով հայտնեց մեզ, թե ինչպես ձեռք բերենք կյանք և անքայքայելի մարմին» (2Տմ 1։9, 10)։

Դրանից դարեր առաջ Աստված այդ բարի լուրը հաղորդել էր Աբրահամին՝ այդպիսով ցույց տալով այն միջոցը, որով մարդիկ ստանալու էին բարի լուրը։ Նա ասել էր. «Քո միջոցով բոլոր ազգերը կօրհնվեն» (Գղ 3։8)։ Հետագայում Եսայիա մարգարեի միջոցով Եհովան հայտնեց, որ բարի լուրը քարոզվելու էր։ Հիսուս Քրիստոսը կարդաց այդ մարգարեությունը Նազարեթի ժողովարանում և հետո ասաց. «Գրքի այս հատվածը, որ դուք հենց նոր լսեցիք, այսօր կատարվեց» (Ղկ 4։16-21)։ Եսայիայի մարգարեությունում ասվում է, թե ինչ նպատակ և ազդեցություն էր ունենալու բարի լուրը, որը քարոզվելու էր մասնավորապես Մեսիայի գալուց հետո (Ես 61։1-3)։

Տարածումը։ Երբ Հիսուսը ծնվեց, հրեշտակը հովիվներին ասաց. «Մի՛ վախեցեք։ Ես եկել եմ, որ ձեզ բարի լուր հայտնեմ, որը մեծ ուրախություն կբերի բոլոր մարդկանց» (Ղկ 2։10)։ Հովհաննես Մկրտիչը ճանապարհ պատրաստեց Հիսուսի համար, որ նա քարոզի բարի լուրը։ Հովհաննեսը հրեաներին հորդորեց. «Զղջացե՛ք, քանի որ մոտեցել է երկնքի թագավորությունը» (Մթ 3։1, 2)։ Հովհաննեսի քարոզչության մասին Հիսուսն ասաց. «Այն ժամանակվանից, ինչ Հովհաննես Մկրտիչը սկսեց իր գործունեությունը, մարդիկ ձգտում են մտնել երկնքի թագավորություն, և ովքեր ջանք չեն խնայում, կհասնեն այդ նպատակին» (Մթ 11։12)։

Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը բարի լուրը քարոզում էր միայն հրեաներին ու պրոզելիտներին։ Նա ասաց. «Իսրայելի տան կորած ոչխարներից բացի՝ ես ուրիշ ոչ ոքի մոտ չեմ ուղարկվել» (Մթ 15։24)։ Իսկ երբ 12 առաքյալներին ուղարկեց քարոզելու, նրանց այս հրահանգները տվեց. «Չգնաք այլազգիների մոտ և չմտնեք սամարացիների որևէ քաղաք, այլ նորից ու նորից գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ» (Մթ 10։5, 6)։ Մի անգամ Հիսուսը քարոզեց մի սամարացի կնոջ (սամարացիները ծագումնաբանական կապ ունեին իսրայելացիների հետ), սակայն դա պատահական եղավ. նա չէր գնացել սամարացիների քաղաք՝ քարոզելու նպատակով։ Բայց քանի որ այդ կինը և ուրիշ սամարացիներ շատ լավ արձագանքեցին բարի լուրին, նա երկու օր մնաց նրանց մոտ (Հվ 4։7-42)։

Իր մահից ու հարությունից հետո Հիսուսն աշակերտներին պատվիրեց. «Գնացեք և բոլոր ազգերի մարդկանց օգնեք աշակերտներ դառնալ՝ նրանց մկրտելով Հոր, Որդու, սուրբ ոգու անունով և սովորեցնելով պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի» (Մթ 28։19, 20)։ Նա նաև ասաց, որ նրանք քարոզելու էին «ողջ աշխարհում» (Գրծ 1։8)։ Սակայն դրանից հետո մոտ երեքուկես տարի աշակերտները սուրբ ոգու առաջնորդությամբ բարի լուրը քարոզում էին միայն հրեաներին ու սամարացիներին։ Այնուհետև Աստված Պետրոսին ուղարկեց, որ բարի լուրը հայտնի հռոմեական բանակի հարյուրապետ Կոռնելիոսի տան անդամներին (Գրծ, գլ. 10, 11; 15։7)։ Այդուհետ բարի լուրը քարոզվում էր հսկայական մասշտաբներով։

Կարևորությունը։ Պողոս առաքյալը մեծ համոզվածությամբ էր խոսում փրկվելու հնարավորության մասին, որը Աստված տվել էր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նա գաղատացիներին գրեց, որ եթե որևէ մեկը քարոզի մի այնպիսի բան, որը կտարբերվի իրենց սովորածից, այսինքն՝ այլ ուսմունք, «թող անիծյալ լինի»։ Հետո նշելով, թե որն է իր հայտնած բարի լուրի աղբյուրը՝ Պողոսն ասաց. «Ես այն որևէ մարդուց չեմ ստացել և որևէ մարդուց չեմ սովորել. այն ինձ հայտնությամբ է տրվել Հիսուս Քրիստոսից» (Գղ 1։8, 11, 12)։ Այս զորեղ խոսքերը անհրաժեշտ էին, քանի որ արդեն այդ ժամանակ կային մարդիկ, ովքեր փորձում էին խարխլել ճշմարիտ հավատը՝ քարոզելով «ուրիշ բարի լուր» (2Կթ 11։4; Գղ 1։6, 7)։ Պողոսը զգուշացրեց, որ հավատուրացություն էր սկսվելու, և ասաց, որ «այդ անօրենը արդեն ծածուկ գործում է»։ Նա քրիստոնյաներին հորդորեց, որ հիշեն բարի լուրի նպատակը, անսասան մնան և պինդ բռնեն այն ավանդույթները, որոնք ձևավորվել էին սուրբ ոգու առաջնորդությամբ, և որոնք առաքյալները ուսուցանել էին նրանց (2Թղ 2։3, 7, 14, 15, ծնթ.; ԱՎԱՆԴՈՒՅԹ)։

Հիսուսն ասաց, որ բարի լուրին հավատարմորեն կառչած մնալը և այն շարունակ ազդարարելը շատ ավելի կարևոր է, քան սեփական կյանքը փրկելը։ Պողոսը նույնպես գիտակցում էր, որ բարի լուրը հավատարմորեն հռչակելը անչափ կարևոր է (Մկ 8։35; 1Կթ 9։16; 2Տմ 1։8)։ Այդ լուրը քարոզելու համար մարդը կարող է զրկվել այն ամենից, ինչ թանկ է իր սրտին, նույնիսկ հալածվել, բայց դրա փոխարեն նա այժմ կստանա հարյուրապատիկը՝ «տներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, զավակներ ու արտեր.... իսկ ապագայում՝ հավիտենական կյանք» (Մկ 10։29, 30)։

Բարի լուրը փորձաքար է. մարդիկ դատվելու են դրա հանդեպ վերաբերմունքի հիման վրա։ Նրանք, ովքեր ընդունում ու հնազանդվում են այդ լուրին, կփրկվեն, իսկ ովքեր մերժում են այն ու չեն հնազանդվում, կկործանվեն (1Պտ 4։5, 6, 17; 2Թղ 1։6-8)։ Հատկապես այդ պատճառով մարդը պետք է մաքուր շարժառիթներով քարոզի բարի լուրը, քարոզի սրտանց՝ իրեն լսողների հանդեպ սիրուց մղված։ Առաքյալները այնքան թանկ էին գնահատում բարի լուրը, որը կարող է կյանքեր փրկել, և այնքան բոցավառված էին Աստծու ոգով ու սիրով, որ ոչ միայն հայտնում էին այդ լուրը, այլև պատրաստ էին իրենց «անձը տալու» նրանց համար, ովքեր դրական էին արձագանքում իրենց քարոզչությանը (1Թղ 2։8)։ Աստված, հոգ տանելով բարի լուրը հռչակողների մասին, նրանց իրավունք էր տվել նյութական օգնություն ընդունելու այն մարդկանցից, ում քարոզում էին (1Կթ 9։11-14)։ Սակայն Պողոսն ու իր ընկերակիցները շատ թանկ էին համարում բարի լուրը հռչակելու պատիվը, ուստի չէին օգտվում իրենց այդ իրավունքից և ամեն բան անում էին, որ նույնիսկ այնպիսի տպավորություն չթողնեն, թե ծառայում են նյութական շահ ստանալու ակնկալիքով։ Պողոս առաքյալը այդ մասին խոսում է 1 Կորնթացիներ 9։15-18-ում և 1 Թեսաղոնիկեցիներ 2։6, 9-ում։

Թշնամիները։ Բարի լուրի հանդեպ հաճախ ուժգին հակառակություն է եղել։ Պողոս առաքյալը նշել է, թե ով է կանգնած դրա հետևում. «Եթե մեր հռչակած բարի լուրը ծածկված է քողով, ծածկված է դեպի կործանում գնացողների համար՝ անհավատների, որոնց միտքը այս աշխարհի աստվածը կուրացրել է, որպեսզի Քրիստոսի մասին փառավոր բարի լուրի լույսը չտեսնեն, Քրիստոսի, ով Աստծու պատկերն է» (2Կթ 4։3, 4)։ Բարի լուրի առաջին թշնամիները հրեա կրոնական առաջնորդներն էին։ Սակայն նրանց թշնամանքը օգուտ բերեց հեթանոսներին, կամ՝ այլազգիներին, քանի որ վերջիններիս հնարավորություն տրվեց, «ընդունելով բարի լուրը և միավորվելով Քրիստոս Հիսուսի հետ.... ստանալու Աստծու խոստացածը» (Հռ 11։25, 28; Եփ 3։5, 6)։

Բարի լուրի թշնամիները քրիստոնյաներին բազում չարչարանքների էին ենթարկում։ Առաքյալները ստիպված էին ծանր պայքար մղել կառավարիչների առաջ, «բարի լուրը պաշտպանել և այն քարոզելու իրավունքը օրենքով հաստատել», որպեսզի կարողանան այդ լուրը հնարավորինս ազատորեն տարածել (Փպ 1։7, 16; հմմտ. Մկ 13։9-13; Գրծ 4։18-20; 5։27-29)։

Հիսուսի երկրային ծառայությունը և նրա վերադարձը։ Հիսուսի մկրտությունից մոտ վեց ամիս առաջ Հովհաննես Մկրտիչը քարոզում էր՝ ասելով. «Զղջացե՛ք, քանի որ մոտեցել է երկնքի թագավորությունը»։ Իսկ երբ Հիսուսը եկավ մկրտվելու, Հովհաննեսն ասաց, որ նա է «Աստծու Գառը, որը վերացնում է աշխարհի մեղքը» (Մթ 3։1, 2; Հվ 1։29)։ Այդպես Հովհաննեսը մարդկանց ուշադրությունը հրավիրեց երկար սպասված Մեսիական Թագավորի վրա (Գրծ 19։4)։

Երբ Հիսուսը երկրի վրա էր, իր աշակերտների հետ քարոզում էր, որ «մոտեցել է երկնքի թագավորությունը» (Մթ 4։17; 10։7)։ Հիսուսը, ով օծվելով դարձել էր Քրիստոս և նշանակվել Թագավոր, փարիսեցիներին՝ իր թշնամիներին, ասաց. «Աստծու թագավորությունը ձեր մեջ է» (Ղկ 17։20, 21)։ Նրա երկրային ծառայության ժամանակ Թագավորությունը բարի լուրի գլխավոր թեման էր։ Աստծու Խոսքում ոչ մի տեղ չի ասվում, որ նրա մահից հետո աշակերտները հռչակում էին, որ Թագավորությունը «մոտեցել է»։ Նրանց հայտնած բարի լուրն այն մասին էր, որ Հիսուսն իր կյանքը որպես փրկագին է տվել մարդկության փրկության համար, համբարձվել է երկինք ու նստել է Աստծու աջ կողմը։ Աշակերտները նաև քարոզում էին, որ Հիսուսը հետագայում վերադառնալու է և հաստատելու է իր Թագավորությունը (Եբ 10։12, 13; 2Տմ 4։1; Հտն 11։15; 12։10; 22։20; հմմտ. Ղկ 19։12, 15)։

Մի անգամ Հիսուսի աշակերտները հարցրին նրան. «Ո՞րն է լինելու քո ներկայության և այս աշխարհի վախճանի ժամանակների նշանը»։ Ի պատասխան՝ Հիսուսը թվարկեց մի քանի բան, որ տեղի էին ունենալու այդ ժամանակ։ Նա նաև ասաց. «Թագավորության մասին այս բարի լուրը կքարոզվի ամբողջ աշխարհում, որ բոլոր ազգերը լսեն, և այդ ժամանակ կգա վերջը» (Մթ 24։3, 14; Մկ 13։10; հմմտ. Կղ 1։23)։ Մ.թ. մոտ 96-ին Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ մի «հրեշտակ, որը թռչում էր երկնքում և հավիտենական բարի լուր էր ազդարարում երկրի բնակիչներին՝ ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի պատկանող մարդկանց։ Նա բարձրաձայն ասում էր. «Վախեցե՛ք Աստծուց և փա՛ռք տվեք նրան, որովհետև եկել է դատաստան անելու նրա սահմանած ժամը»» (Հտն 14։6, 7)։ Աստծու ներշնչմամբ ասված այս խոսքերը ցույց են տալիս, որ «վերջին օրերում» Թագավորության մասին բարի լուրը հռչակվելու էր աննախադեպ մասշտաբներով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը