«Մահը կլանվեց»
ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ, թե մի թերթ եք ընթերցում, որի վերնագիրը նման է այս հոդվածի վերնագրին և ոչ թե նախորդ հոդվածում հիշատակվածին։ Եթե հիշում եք, այնտեղ խոսվում էր փոքրիկ աղջկա ինքնասպանության մասին։ Ինչ խոսք, ոչ մի պարբերագիր երբեք այդպիսի բան չի կարող հայտարարել։ Սակայն վերոհիշյալ խոսքերը իրականում կան. դրանք գրված են մի գրքում, որը հազարավոր տարիների պատմություն ունի։ Այդ գիրքը Աստվածաշունչն է։
Սուրբ Գրություններում պարզ բացատրվում է, թե ինչ է մահը։ Ավելին, Աստվածաշունչը հայտնում է ոչ միայն այն մասին, թե ինչու ենք մահանում, այլև թե ինչ վիճակում են գտնվում մահացածները։ Այն նաև ցույց է տալիս, որ մեր մահացած հարազատների համար իրական հույս գոյություն ունի։ Աստվածաշունչը խոսում է մի նշանակալից ժամանակի մասին, երբ հնարավոր կլինի հայտարարել. «Մահը կլանվեց» (Ա Կորնթացիս 15։54, ԱՆԹ)։
Գրությունները մահը ներկայացնում են մեզ համար հասկանալի լեզվով և ոչ թե առեղծվածային տերմիններով։ Օրինակ՝ Աստծու Խոսքում մահը համեմատվում է ‘ննջելու’ հետ, իսկ մահացածը՝ ‘ննջեցյալի’ (Սաղմոս 13։3; Ա Թեսաղոնիկեցիս 4։12; Յովհաննէս 11։11–14)։ Մահը նաև ‘թշնամի’ է կոչվում (Ա Կորնթացիս 15։26)։ Իսկ որ ավելի կարևոր է, Աստվածաշունչն օգնում է մեզ հասկանալ, թե ինչու է մահը նման ննջելուն, ինչու են բոլոր մարդիկ մահանում, և թե ինչպես այդ թշնամին վերջնականապես կջախջախվի։
Ինչո՞ւ ենք մահանում
Աստվածաշնչի առաջին գրքում պատմվում է, թե ինչպես Աստված ստեղծեց առաջին մարդուն՝ Ադամին, և բնակեցրեց նրան դրախտային մի վայրում (Ծննդոց 2։7, 15)։ Ի սկզբանե Ադամը ստացավ մի շարք հանձնարարություններ։ Բայց նրա վրա մեկ արգելք դրվեց։ Եդեմի պարտեզում աճող ծառերից մեկի վերաբերյալ Աստված ասաց. «Բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս»a (Ծննդոց 2։17)։ Ուրեմն Ադամը չէր կարող եզրակացնել, թե մահն անխուսափելի է։ Մահը լինելու էր Աստծու օրենքը ոտնահարելու անմիջական հետևանքը։
Դժբախտաբար, Ադամն ու իր կինը՝ Եվան, չհնազանդվեցին Աստծու օրենքին։ Նրանք արհամարհեցին իրենց Արարչի կամքը և քաղեցին դրա դառը պտուղները։ «Հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս»,— Աստված ասաց Ադամին ու Եվային՝ ցույց տալով, թե ինչպիսի հետևանքներ է բերելու նրանց մեղքը (Ծննդոց 3։19)։ Առաջին մարդիկ մեծ «արատ» ձեռք բերեցին՝ դարձան անկատար։ Նրանց անկատարությունը, կամ՝ մեղքը, առաջնորդելու էր մահվան։
Այդ արատը՝ մեղքը, փոխանցվեց Ադամի ու Եվայի զավակներին, այսինքն՝ ողջ մարդկությանը։ Ինչ որ առումով այն նման էր ժառանգական հիվանդության։ Ադամը ոչ միայն կորցրեց մահվան խայթոցից զերծ ապրելու իր հնարավորությունը, այլև անկատարություն փոխանցեց իր սերունդներին։ Մարդկությունը դարձավ մեղքի գերին։ Աստվածաշունչը ասում է. «Սորա համար՝ ինչպէս մէկ մարդի ձեռովը մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը. եւ այսպէս մահն ամեն մարդկանց վերայ տարածուեցաւ, ըստ որում ամենքը մեղանչեցին» (Հռովմայեցիս 5։12)։
«Մեղքը մտաւ աշխարհքը»
Այս ժառանգական արատը՝ մեղքը, մանրադիտակով հնարավոր չէ տեսնել։ «Մեղքը» բարոյական և հոգևոր արատ է, որը փոխանցվել է մեր նախածնողներից, և մենք ֆիզիկապես կրում ենք դրա հետևանքները։ Սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված ելք է նախապատրաստել մեզ համար։ Պողոս առաքյալը բացատրում է. «Մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռովմայեցիս 6։23)։ Բացի այդ, կորնթացիներին ուղղված իր առաջին նամակում Պողոսը մի միտք ասաց, որը մեծ նշանակություն ուներ իր համար. «Քանզի ինչպէս Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են» (Ա Կորնթացիս 15։22)։
Այստեղից երևում է, որ Հիսուս Քրիստոսը մեծ դեր է խաղում մեղքն ու մահը վերացնելու գործում։ Ինչպես ինքն էր ասել, նա երկիր էր եկել «շատերի փոխանակ իր անձը փրկանք տա[լու]» (Մատթէոս 20։28)։ Այս իրավիճակը կարելի է համեմատել առևանգման հետ, որի դեպքում պատանդին ազատ են արձակում միայն որոշակի փրկագին վճարելու դիմաց։ Մեր պարագայում փրկագինը, որը կարող է ազատել մեզ մեղքից ու մահից, Հիսուսի կատարյալ մարդկային կյանքն էb (Գործք 10։39–43)։
Փրկագինը վճարելու համար Աստված երկիր ուղարկեց Հիսուսին, որպեսզի վերջինս զոհաբերի իր կյանքը։ «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը.... յաւիտենական կեանքն ունենայ» (Յովհաննէս 3։16)։ Ընդհուպ մինչև իր զոհաբերական մահը Քրիստոսը վկայում էր ճշմարտությունը (Յովհաննէս 18։37)։ Իր ծառայության ընթացքում նա հայտնեց ճշմարտությունը մահվան մասին՝ հմտորեն օգտվելով որոշ իրավիճակներից։
«Աղջիկը.... քնած է»
Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը անձամբ էր զգացել, թե ինչ ցավ է պատճառում մահը։ Նա տեսել էր այն վիշտը, որ մարդ ապրում է հարազատներին կորցնելիս։ Բացի այդ, Հիսուսը գիտեր, որ վաղաժամ մահանալու էր (Մատթէոս 17։21, 22)։ Նրա մահապատժից հավանաբար մի քանի ամիս առաջ մահացավ իր մտերիմ ընկեր Ղազարոսը։ Այս դեպքի նկարագրությունից կարելի է տեսնել, թե Հիսուսն ինչ տեսակետ ուներ մահվան վերաբերյալ։
Ղազարոսի մահվան լուրը ստանալուց հետո Հիսուսն ասաց. «Մեր Ղազարոս բարեկամը քնեց. բայց կ’գնամ, որ զարթնեցնեմ նորան»։ Աշակերտները մտածեցին, որ եթե Ղազարոսը պարզապես հանգստանում է, ուրեմն կկազդուրվի։ Այդ իսկ պատճառով Հիսուսը պարզ ասաց. «Ղազարոսը մեռաւ» (Յովհաննէս 11։11–14)։ Այստեղից երևում է, որ Հիսուսը մահը նմանեցնում էր ննջելուն։ Թեև մեզ համար գուցե դժվար լինի ըմբռնել մահը, սակայն մենք հասկանում ենք, թե ինչ է նշանակում ննջել։ Երբ գիշերվա ընթացքում խորը քուն ենք մտնում, տեղյակ չենք լինում, թե ինչպես է անցնում ժամանակը, և թե ինչ է տեղի ունենում մեր շուրջը, քանի որ ժամանակավորապես գտնվում ենք անգիտակից վիճակում։ Հենց այսպես էլ Աստվածաշունչը նկարագրում է մահացածների վիճակը։ Ժողովող 9։5–ում ասվում է. «Մեռելները մի բան չ’գիտեն»։
Հիսուսը մահը համեմատում էր ննջելու հետ նաև այն պատճառով, որ Աստծու զորության շնորհիվ մարդիկ կարող են արթնանալ մահվան քնից։ Մի առիթով նա այցելեց մի վշտահար ընտանիքի, որտեղ մի աղջնակ էր մահացել։ Հիսուսն ասաց. «Աղջիկը մեռած չէ, այլ քնած է»։ Ապա նա մոտեցավ մահացած աղջնակին, բռնեց նրա ձեռքը, և երեխան «վերկացաւ»։ Այլ կերպ ասած՝ նա արթնացավ մեռած վիճակից (Մատթէոս 9։24, 25)։
Նույն ձևով Հիսուսը վերկացրեց իր ընկերոջը՝ Ղազարոսին։ Սակայն նախքան այդ հրաշքը կատարելը՝ նա մխիթարեց Ղազարոսի քրոջը՝ Մարթային. «Քո եղբայրը յարութիւն կ’առնէ»։ Մարթան համոզվածությամբ պատասխանեց. «Գիտեմ որ յարութիւն կ’առնէ յարութիւնումը՝ յետին օրը» (Յովհաննէս 11։23, 24)։ Նա ակներևաբար հույս ուներ, որ կգա ժամանակ, երբ Աստծու բոլոր ծառաները հարություն կառնեն։
Իսկ ի՞նչ է նշանակում հարություն առնել։ Հունարեն «հարություն» բառը՝ անա՛ստասիս, բառացի նշանակում է «վեր կենալ»։ Այն փոխանցում է մահացած վիճակից վեր կենալու միտք։ Ոմանց սա կարող է անհավանական թվալ։ Այդ իսկ պատճառով, երբ Հիսուսն ասաց, որ մահացածները լսելու են իր ձայնը, նա ավելացրեց. «Սորա վերայ մի զարմանաք» (Յովհաննէս 5։28)։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսն ինքը մի քանի անգամ հարություն է տվել մարդկանց, ինչը վստահություն է ներշնչում աստվածաշնչյան այն խոստման հանդեպ, որ Աստծու հիշողության մեջ եղողները կարթնանան իրենց երկարատև «քնից»։ Յայտնութիւն 20։13–ում տրվում է հետևյալ մարգարեությունը. «Ծովն իր մէջի մեռելները տուաւ, եւ մահը եւ դժոխքը [մարդկության ընդհանուր գերեզմանը] իրանց մէջի մեռելները տուին»։
Արդյո՞ք այս մահացածները հարություն կառնեն ծերանալու և կրկին մեռնելու հեռանկարով, ինչպես որ տեղի ունեցավ Ղազարոսի պարագայում։ Աստված այդպիսի նպատակ չունի։ Սուրբ Գրությունները հավաստիացնում են, որ կգա ժամանակ, երբ «մահն այլեւս չի լինիլ»։ Սա նշանակում է, որ ոչ ոք երբեք չի՛ ծերանա և չի՛ մահանա (Յայտնութիւն 21։4)։
Մահը թշնամի է։ Մարդկությունը բազում այլ թշնամիներ էլ ունի, ինչպես օրինակ՝ հիվանդությունն ու ծերությունը, որոնք նույնպես մեծ տառապանք են բերում։ Աստված խոստանում է ոչնչացնել բոլոր այդ ախոյաններին և ամենավերջում իր դատաստանն իրականացնել մարդկանց մեծագույն թշնամու նկատմամբ։ «Յետին [վերջին] թշնամին՝ որ կ’խափանուի՝ մահն է» (Ա Կորնթացիս 15։26)։
Երբ այս խոստումն իրականանա, մարդիկ կվայելեն հավիտենական կյանքը, որը չի մռայլվի մեղքի ու մահվան պատճառով։ Միևնույն ժամանակ, կարող ենք մխիթարվել այն բանի գիտակցումից, որ մեր մահացած հարազատները հանգիստ վիճակում են, և եթե նրանք գտնվում են Աստծու հիշողության մեջ, սահմանված ժամանակին հարություն կառնեն։
Մահվան ըմբռնումը իմաստ է տալիս կյանքին
Պարզ հասկանալով, թե ինչ է մահը, և թե ինչ հույս գոյություն ունի մահացածների համար՝ մենք ուժ ենք գտնում փոխելու մեր վերաբերմունքը կյանքի հանդեպ։ Նախորդ հոդվածում հիշատակված Իենը 20 տարեկանում իմացավ, թե ինչպես է Աստվածաշունչը բացատրում մահը։ Նա ասում է. «Սրտիս խորքում միշտ աղոտ մի հույս եմ ունեցել, թե հայրս գտնվում է ինչ–որ տեղում։ Ուստի երբ լսեցի, որ նա ընդամենը քնած է մահվան նինջով, սկզբում վշտացա»։ Սակայն երբ Իենը կարդաց մահացածներին հարություն տալու վերաբերյալ Աստծու խոստման մասին, մեծ ուրախություն ապրեց, քանզի հասկացավ, որ կկարողանա նորից տեսնել իր հորը։ «Կյանքում առաջին անգամ հանգստություն զգացի»,— հիշում է նա։ Ճիշտ հասկանալով, թե ինչ է մահը՝ նա մտքի և հոգու խաղաղություն գտավ։
Քլիվն ու Բրենդան կորցրել էին իրենց 21–ամյա որդուն՝ Սթիվենին, նախորդ հոդվածում նկարագրված դժբախտ պատահարի ժամանակ։ Թեև նրանք գիտեին, թե ինչ է ասում Աստվածաշունչը մահվան մասին, այնուամենայնիվ մեծ ցավ էին ապրում՝ հանկարծակի կորցնելով իրենց որդուն։ Չէ՞ որ մահը թշնամի է, և նրա խայթոցը ցավ է պատճառում։ Սակայն մահացածների վիճակի մասին սուրբգրային գիտելիքները աստիճանաբար մեղմեցին նրանց վիշտը։ Բրենդան ասում է. «Շնորհիվ այն բանի, որ հասկանում էինք, թե ինչ է մահը՝ ուժ գտանք վերականգնելու փշուր–փշուր եղած մեր կյանքը և շարունակեցինք ապրել։ Ինչ խոսք, նույնիսկ մի օր չի անցնում, որ չմտածենք այն ժամանակվա մասին, երբ Սթիվենը կարթնանա իր խորը քնից»։
«Մահ, ո՞ւր է քո խայթոցը»
Պարզ է ուրեմն, որ հասկանալով, թե ինչ վիճակում են գտնվում մահացածները՝ մենք կկարողանանք հավասարակշռված տեսակետ ունենալ մահվան վերաբերյալ։ Պարտադիր չէ, որ մահը առեղծված լինի։ Մենք կարող ենք վայելել կյանքը՝ առանց սարսափելու մեզ սպառնացող այդ թշնամուց։ Երբ գիտակցում ենք, որ անպայման չէ, որ մահը հավիտյան վերջ դնի մեր կյանքին, այլևս ցանկություն չենք ունենում ապրել հաճույքի համար՝ մտածելով, թե «կյանքը կարճ է»։ Նաև երբ իմանում ենք, որ Աստծու հիշողության մեջ գտնվող մեր մահացած հարազատները քնած են մահվան նինջով և սպասում են հարության, ներքին խաղաղություն ենք ձեռք բերում և նորից լցվում ենք կյանքը շարունակելու փափագով։
Այո՛, մենք կարող ենք վստահությամբ նայել ապագային, երբ Եհովա Աստված՝ մեր կյանքի Աղբյուրը, հավիտյան «կթաղի» մահը։ Ինչպիսի՜ օրհնություն կլինի, երբ հիմք ունենանք ասելու. «Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. գերեզման, ո՞ւր է քո յաղթութիւնը» (Ա Կորնթացիս 15։55)։
[ծանոթագրություններ]
a Աստվածաշնչում սա առաջին հիշատակումն է մահվան մասին։
b Փրկագինը կատարյալ մարդու կյանք էր, քանի որ Ադամը հենց դա էր կորցրել։ Մեղքը ապականել էր բոլոր մարդկանց, այնպես որ ոչ մի անկատար մարդ չէր կարող վճարել փրկագինը։ Ուստի Աստված այդ նպատակով երկնքից ուղարկեց իր Որդուն (Սաղմոս 49։7–9)։ Այս մասին ավելի շատ տեղեկություններ ձեռք բերելու համար տե՛ս Եհովայի վկաների կողմից հրատարակված «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը, գլուխ 7։
[նկար 5–րդ էջի վրա]
Ադամի ու Եվայի անհնազանդությունը առաջնորդեց մահվան
[նկար 6–րդ էջի վրա]
Հիսուսը բռնեց աղջկա ձեռքը, և նա վեր կացավ
[նկար 7–րդ էջի վրա]
Շատերը սպասում են այն ժամանակվան, երբ նրանց մահացած հարազատները կարթնանան մահվան նինջից, ինչպես որ Ղազարոսը