«Իմ օգնութիւնը Տէրիցն է»
Հազարավոր մարդիկ ընդունում են Եհովայի երկրպագությունը
ՄԵՐ օրերին վերաբերող Աստվածաշնչյան մարգարեությունները կանխագուշակել են, որ մարդիկ բոլոր ազգերից կընթանան դեպի Եհովայի վսեմ երկրպագությունը։ Օրինակ՝ Անգե մարգարեի միջոցով Եհովա Աստված հայտարարեց. «Կ’շարժեմ բոլոր ազգերը, եւ կ’գան բոլոր ազգերի ցանկալիքը, եւ կ’լցնեմ այս տունը փառքով» (Անգէ 2։7)։ Բացի այդ, Եսայիան և Միքիան նույնպես մարգարեացան, որ մեր ժամանակներում, այսինքն՝ ‘վերջին օրերում’, ազգերն ու ժողովուրդները կերկրպագեն Եհովային (Եսայիա 2։2–4; Միքիա 4։1–4)։
Արդյոք այս մարգարեությունները կատարվո՞ւմ են մեր օրերում։ Եկեք քննենք փաստերը։ Այս տասը տարիների ընթացքում ավելի քան 230 երկրներում ավելի քան 3 110 000 մարդիկ նվիրել են իրենց կյանքը Եհովային։ Անշուշտ, Եհովայի վկաներից յուրաքանչյուր տասը քարոզչից վեցը, մասնակցելով աշխարհածավալ քարոզչությանը, մկրտվել է վերջին տասնամյակում։ 2004 թ.–ին յուրաքանչյուր երկու րոպեում Աստծու մեկ նորադարձ ծառա է ավելացել քրիստոնեական ժողովներում։a
Այսօր, ինչպես և առաջին դարում, մի ‘մեծ բազմություն հավատացյալներ են դարձել և եկել դեպի Տերը’։ Թեև թվային այս աճը ինքնին չի ապացուցում Աստծու օրհնությունը, սակայն փաստ է, որ «Տիրոջ ձեռքը» իր ժողովրդի հետ է (Գործք 11։21)։ Իսկ ի՞նչն է առաջնորդում միլիոնավոր մարդկանց դեպի Եհովայի երկրպագությունը։ Ինչպե՞ս է այս աճը անհատապես ազդում քեզ վրա։
Անկեղծ սրտով մարդիկ ուշադրություն են դարձնում
Հիսուսը դիպուկ խոսքերով ասաց. «Ոչ ով կարող չէ ինձ մօտ գալ, եթէ Հայրն՝ որ ինձ ուղարկեց՝ չ’քաշէ նորան» (Յովհաննէս 6։44)։ Վերջ ի վերջո, Եհովան ինքն է պատասխանատու այն բանի համար, որ իր մոտ կանչի նրանց, ովքեր «կարգուած էին դէպի յաւիտենական կեանքը» (Գործք 13։48)։ Աստծու ոգին կարող է մղել մարդկանց զգալու իրենց հոգևոր կարիքները (Մատթէոս 5։3)։ Անհանգիստ խիղճը, հույսի ապարդյուն փնտրտուքները կամ ուշադրությունը կլանող ճգնաժամը կարող են շատերին մղել փնտրելու Աստծուն և այդպիսով սովորելու մարդկության նկատմամբ նրա նպատակների մասին (Մարկոս 7։26–30; Ղուկաս 19։2–10)։
Բազմաթիվ անհատներ ձգվում են դեպի Եհովայի երկրպագությունը, քանի որ քրիստոնեական ժողովում անցկացվող աստվածաշնչյան կրթական ծրագիրը օգնում է նրանց գտնելու իրենց հուզող հարցերի պատասխանները։
«Եթե իրականում Աստված գոյություն ունի, ապա ինչո՞ւ են մարդիկ տառապում անարդարությունից»։ Հենց այս հարցն էր, որ անհանգստացնում էր Դավիդեին, որն Իտալիայում զբաղվում էր թմրադեղերի առք ու վաճառքով։ Թեև նրան առանձնահատուկ կերպով չէին հետաքրքրում կրոնական հարցերը, սակայն նա տալիս էր դրանք՝ զուտ վիճաբանություն հարուցելու համար։ «Չեմ կարող ասել, թե իրականում ինձ տրվում էին տրամաբանական և համոզիչ պատասխաններ,— ասում է նա,— սակայն այն վկան, որն ինձ հետ զրուցում էր, շատ համբերատար էր և միշտ իր խոսքերը հիմնավորում էր աստվածաշնչյան համարներով։ Այդ զրույցը խորը հետք թողեց ինձ վրա»։ Այսօր Դավիդեն փոխել է իր կյանքի ընթացքը և ծառայում է Եհովային։
Շատերն էլ եկել են Եհովայի երկրային կազմակերպություն կյանքի իմաստն ու նպատակները փնտրելու հետևանքով։ Զգացական խնդիրների բուժման նպատակով Զագրեբում (Խորվաթիա) ապրող մի հոգեբույժ այցելեց իր հայտնի գործընկերներից մեկին։ Ի զարմանս իրեն, բժիշկը նրան տվեց Զագրեբում գտնվող Եհովայի վկաների մասնաճյուղի հեռախոսահամարը և իրեն ծանոթ մի վկայի անունը։ «Ահա,— ասաց նա,— կարծում եմ, այս մարդիկ կարող են օգնել քեզ։ Եթե ես քեզ ուղարկեմ եկեղեցի, դու միայն անշունչ արձանիկներ կտեսնես. այնտեղ ոչ ոք չի խոսում և ամեն ինչ հոգևոր խավարի մեջ է։ Չեմ կարծում, որ եկեղեցին կկարողանա օգնել քեզ։ Ես ուրիշ հիվանդների էլ եմ ուղարկել Եհովայի վկաների մոտ և կարծում եմ քեզ համար նույնպես դա օգտակար կլինի»։ Վկաները սիրով այցելեցին նրան և շուտով Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց։ Մի քանի ամսից այդ հոգեբույժը ուրախությամբ հայտնեց, որ Աստծու մասին գիտելիքները իր հիվանդի կյանքին մեծ իմաստ փոխանցեցին (Ժողովող 12։13)։
Երբ հարվածում է անձնական ճգնաժամը, շատերը նկատել են, որ միայն Աստվածաշունչն է ի զորու իրական մխիթարություն տալ։ Հունաստանում յոթնամյա մի տղա վայր ընկավ իրենց դպրոցի տանիքից և մահացավ։ Մի քանի ամիս անց երկու Վկաներ հանդիպեցին նրա մորը և փորձեցին մխիթարել նրան՝ քննարկելով իր հետ հարության հույսը (Յովհաննէս 5։28, 29)։ Այդ պահին կնոջ աչքերից արցունքներ թափվեցին։ Քույրերը հարցրեցին նրան. «Եթե ցանկանաք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին, ե՞րբ կարող ենք այցելել ձեզ»։ «Հենց հիմա»,— պատասխանեց նա։ Կինը նրանց տուն հրավիրեց, և նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց։ Այսօր նրա ողջ ընտանիքը ծառայում է Եհովային։
Դու բերո՞ւմ ես քո մասնակցությունը
Այսպիսի օրինակները յուրահատուկ կերպով ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունենում աշխարհում այսօր։ Եհովան հավաքում և կրթում է ճշմարիտ, բազմազգ երկրպագուների մի մեծ բազմության։ Այս միջազգային խումբը երջանիկ հեռանկար ունի վերապրելու այս չար համակարգի վախճանը և բնակվելու արդար նոր աշխարհում (Բ Պետրոս 3։13)։
Եհովայի օրհնությունների արդյունքում այս աննախատիպ «բերքահավաքը» աննախընթաց արագությամբ առաջ է ընթանում դեպի իր հաջող ավարտը (Եսայիա 55։10, 11; Մատթէոս 24։3, 14)։ Իսկ դու նախանձախնդրորեն մասնակցո՞ւմ ես Թագավորության քարոզչության այդ գործին։ Եթե այո, ապա կարող ես վստահ լինել աստվածային աջակցության մեջ և կարող ես արձագանքել սաղմոսերգուի հետևյալ խոսքերին. «Իմ օգնութիւնը Եհովայից է» (Սաղմոս 121։2, ՆԱ)։
[ծանոթագրություն]
a Տ՛ես «Եհովայի վկաների 2005 թ. օրացույցը», սեպտեմբեր- հոկտեմբեր (անգլ., ռուս.)։
[մեջբերում 9–րդ էջի վրա]
«Ոչ ով կարող չէ ինձ մօտ գալ, եթէ Հայրն՝ որ ինձ ուղարկեց՝ չ’քաշէ նորան»։ (ՅՈՎՀԱՆՆԷՍ 6։44)
[շրջանակ 8–րդ էջի վրա]
Ո՞Վ Է ԿԱՆԳՆԱԾ ԱՅՍ ՄԵԾ ԱՃԻ ԵՏԵՎՈՒՄ
«Եթէ Տէրը չ’շինէ տունը՝ զուր են աշխատում նորա շինողները» (Սաղմոս 127։1)։
«Աստուած մեծացրեց։ Ուրեմն ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տուողը. բայց աճեցնող Աստուածը» (Ա Կորնթացիս 3։6, 7)։