Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 9/15 էջ 10–12
  • Ո՞վ էր Պոնտացի Պիղատոսը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ էր Պոնտացի Պիղատոսը
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Դիրք, պարտականություններ և լիազորություններ
  • Հրեական խռովության սկիզբը
  • «Ի՞նչ է ճշմարտութիւնը»
  • Ի՞նչ պատահեց Պիղատոսին
  • Պիղատոսն ու Հերովդեսը Հիսուսին անմեղ են ճանաչում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Պիղատոսի մոտից տանում են Հերովդեսի մոտ և կրկին ետ բերում
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հիսուսին մահվան են դատապարտում և տանում են ցցին գամելու
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Պիղատոսն ասում է՝ «Ահա՛ մարդը»
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
2005 Դիտարան
w05 9/15 էջ 10–12

Ո՞վ էր Պոնտացի Պիղատոսը

«ՀՊԱՐՏ, կասկածամիտ Պիղատոսը պատմական անձնավորություն է, որը հետաքրքրություն է բորբոքում մեր մեջ։ Ոմանց համար նա սուրբ է, մյուսների համար՝ մարդկային թուլությունների մարմնացում, առաջադեմ քաղաքական գործիչ, որը պատրաստ եղավ մարդ զոհաբերելու քաղաքական կայունությունը պահպանելու համար» (Էնն Ռո, «Pontius Pilate»)։

Անկախ այն բանից՝ համաձայն ես վերոհիշյալ տեսակետների հետ, թե՝ ոչ, փաստն այն է, որ Պոնտացի Պիղատոսը մեծ հռչակ ձեռք բերեց Հիսուս Քրիստոսի հանդեպ իր դրսևորած վերաբերմունքի հետևանքով։ Ո՞վ էր Պիղատոսը։ Ի՞նչ է հայտնի նրա վերաբերյալ։ Նրա դիրքի մասին տեղեկություններ ձեռք բերելով՝ կկարողանանք ավելի լավ հասկանալ երկրի վրա տեղի ունեցած ամենանշանակալից դեպքերը։

Դիրք, պարտականություններ և լիազորություններ

Մ.թ. 26 թ.–ին Հռոմի Տիբերիոս կայսրը Պիղատոսին նշանակեց Հրեաստանի պրովինցիայի կառավարիչ։ Այդպիսի կառավարիչները, համեմատած Սենատի արիստոկրատ անդամների հետ, ավելի ցածր խավի մարդիկ էին։ Ամենայն հավանականությամբ, սկզբում Պիղատոսը անցել է բանակի շարքերը որպես զինվորական տրիբուն՝ կրտսեր հրամանատար, տարբեր կոչումներ ստացել ծառայության ընթացքում և ապա նշանակվել կառավարիչ, երբ դեռ չէր բոլորել 30 տարին։

Պիղատոսի զինվորական համազգեստն էր կաշվե տունիկան և մետաղյա լանջապանակը։ Հանրության առջև նա սովորաբար դուրս էր գալիս սպիտակ տոգայով, որն ուներ ծիրանագույն եզրագծեր։ Նրա մազերը կարճ էին, իսկ երեսը՝ լավ սափրված։ Թեպետ շատերն այն կարծիքին են, որ նա իսպանական ծագում ուներ, սակայն անունը հուշում է, որ նա պատկանում էր պոնտի ցեղին (սամնիտ ազնվականներ հարավային Իտալիայում)։

Պիղատոսի պես դիրք ունեցող կառավարիչները սովորաբար ուղարկվում էին ոչ քաղաքակիրթ երկրներ։ Հռոմեացիները Հրեաստանը հենց այսպիսի վայր էին համարում։ Կարգուկանոնը վերահսկելու հետ մեկտեղ Պիղատոսը հետևում էր անուղղակի հարկերի և գլխահարկի հավաքմանը։ Դատական գործերը քննվում էին հրեական դատարաններում, սակայն մահապատժի դատավճիռը կայացնում էր կառավարիչը, որը համարվում էր բարձրագույն դատական իշխանություն։

Պիղատոսն ու նրա կինը ապրում էին Կեսարիա նավահանգստային քաղաքում մի քանի գրագիրների, ուղեկիցների և բանբերների հետ միասին։ Պիղատոսը ղեկավարում էր հինգ դիվիզիա, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած էր 500–​1000 մարդկանցից, ինչպես նաև մի հեծելազոր, որը թերևս կազմված էր 500 հոգուց։ Նրա զինվորները սովորաբար ցցի էին հանում օրինազանցներին։ Խաղաղ իրավիճակում դատավճիռն իրականացնելուց առաջ գործը համառոտ լսում էին, իսկ խռովությունների ժամանակ բոլոր ապստամբներին անմիջապես մահապատժի էին ենթարկում։ Օրինակ՝ Սպարտակի ապստամբությունը ճնշելու համար հռոմեացիները ցցի հանեցին 6 000 ստրուկների։ Եթե Հրեաստանում անկարգություններ էին սպասվում, կառավարիչը կարող էր դիմել Ասորիքի կայսերական լեգատին, որն իր տրամադրության տակ լեգեոններ ուներ։ Սակայն Պիղատոսի կառավարման շրջանում Ասորիքում լեգատ չկար, և Պիղատոսը պետք է արագորեն վերջ դներ խռովություններին։

Կառավարիչները կանոնավորաբար կապ էին պահպանում կայսրի հետ։ Կայսրի կամ Հռոմեական կառավարության համար վտանգ ներկայացնող ցանկացած հարցի մասին հարկավոր էր տեղյակ պահել կայսրին։ Արդյունքում՝ կայսերական հրամաններ էին արձակվում։ Կառավարիչը պետք է կայսրին ներկայացներ դեպքերի վերաբերյալ անձամբ իր արձանագրությունը, նախքան ուրիշները կհասցնեին հայտնել այդ մասին։ Քանի որ Հրեաստանում անընդհատ խռովություններ էին տեղի ունենում, այս հարցերը իրական էին Պիղատոսի համար։

Բացի Ավետարանների արձանագրություններից, Պիղատոսի մասին հիմնականում տեղեկություններ են գրի առել պատմաբաններ Հովսեպոս Փլավիոսը և Փիլոնը։ Հռոմեացի պատմաբան Տակիտոսը նույնպես հայտնում է, որ Պիղատոսը մահապատժի է ենթարկել Քրիստուսին, որից էլ ծագում է «քրիստոնյաներ» անվանումը։

Հրեական խռովության սկիզբը

Հովսեպոսը նշում է, որ պատկերների հանդեպ հրեաների վերաբերմունքը հաշվի առնելով՝ հռոմեացի կառավարիչները նախկինում խուսափել էին Երուսաղեմ բերել կայսրի պատկերով ռազմական խորհրդանիշներ։ Բայց քանի որ Պիղատոսը այդպես չէր վարվել, վրդովված հրեաները շտապել էին Կեսարիա՝ նրան բողոքելու։ Պիղատոսը հինգ օր ոչ մի միջոց չձեռնարկեց։ Վեցերորդ օրը նա հրամայեց իր զինվորներին շրջապատել խռովարարներին և սպառնալ, որ չհեռանալու դեպքում նրանք մահապատժի կենթարկվեն։ Երբ հրեաներն ասացին, որ կնախընտրեն մահանալ, քան իրենց Օրենքը խախտված տեսնել, Պիղատոսը փոքր–​ինչ մեղմացավ և հրամայեց պատկերները վերացնել։

Ընդհանուր առմամբ Պիղատոսը չէր խուսափում գործի դնել իր տրամադրության տակ եղած ուժերը։ Հովսեպոսի արձանագրած մի դեպքից իմանում ենք, որ Պիղատոսը աշխատանքներ էր ձեռնարկել ջրատար համակարգ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի Երուսաղեմը ջուր ունենար, և այդ նախագիծը ֆինանսավորելու համար օգտագործում էր տաճարի գանձարանի նյութական միջոցները։ Նա չէր յուրացնում այդ գումարը, քանզի գիտեր, որ տաճարը կողոպտելը սրբապղծություն էր, և դա պատճառ կլիներ, որ բարկացած հրեաները Տիբերիոսին խնդրեին պաշտոնաթող անել իրեն։ Ուստի երևում է, որ Պիղատոսը համագործակցում էր տաճարում իշխանություն ունեցողների հետ։ Նվիրաբերված նյութական միջոցները, որ կոչվում էին «կորբան», կարելի էր իրավամբ օգտագործել հասարակական աշխատանքների համար՝ ի նպաստ քաղաքի բարեկարգման։ Բայց հազարավոր հրեաներ հավաքվեցին ցույց տալու համար իրենց դժգոհությունը։

Պիղատոսը զինվորներին պատվիրեց չօգտվել սրերից, այլ նախազգուշացումներ տալ և մահակներով ծեծել ապստամբներին։ Ակներևաբար, նա ցանկանում էր զսպել ամբոխին և ոչ թե մասսայական սպանություններ իրականացնել։ Ըստ երևույթին, դա ցանկալի արդյունք ունեցավ, թեև ոմանք իսկապես մահացան։ Նրանք, ովքեր Հիսուսին պատմեցին, որ Պիղատոսը որոշ գալիլեացիների արյունը խառնեց նրանց զոհերի հետ, հավանաբար այդ դեպքը նկատի ունեին (Ղուկաս 13։1)։

«Ի՞նչ է ճշմարտութիւնը»

Պիղատոսին հեղինակազրկում է այն, թե ինչպես նա հարցաքննեց Հիսուսին հրեա քահանայապետների և ծերերի ներկայացրած մեղադրանքների հիման վրա։ Վերջիններիս խոսքերով՝ Հիսուսն իրեն ներկայացնում էր որպես Թագավոր։ Լսելով, որ Հիսուսի նպատակն էր ‘վկայել ճշմարտությունը’՝ Պիղատոսը հասկացավ, որ մեղադրյալը ոչ մի վտանգ չի ներկայացնում Հռոմի համար։ «Ի՞նչ է ճշմարտութիւնը»,— հարցրեց նա՝ ակներևաբար մտածելով, որ ճշմարտությունը չափազանց անորոշ հասկացություն է և արժանի չէ մեծ ուշադրության։ Ապա նա հետևյալ եզրակացությանը հանգեց. «Ես մի հանցանք չեմ գտնում այս մարդումը» (Յովհաննէս 18։37, 38; Ղուկաս 23։4)։

Հիսուսի դատը այսպիսով պետք է վերջանար, սակայն հրեաները պնդեցին, որ նա պառակտում է ազգը։ Նախանձն էր, որ դրդել էր քահանայապետներին Հիսուսին մատնել հռոմեական իշխանությունների ձեռքը, և Պիղատոսը հասկանում էր դա։ Նա նաև գիտեր, որ եթե Հիսուսին ազատ արձակեր, խռովություն կառաջանար, իսկ դա շատ անցանկալի էր։ Մինչ այդ արդեն բավական խռովություններ էին եղել. Բարաբբան և ուրիշներ բանտարկված էին ապստամբության և սպանությունների համար (Մարկոս 15։7, 10; Ղուկաս 23։2)։ Դեռ ավելին, հրեաների հետ ունեցած վիճաբանությունների պատճառով նա այնքան էլ մեծ հեղինակություն չէր վայելում Տիբերիոսի մոտ, որը, ինչպես հայտնի է, դաժանորեն էր վերաբերվում վատ կառավարիչների հետ։ Սակայն եթե Պիղատոսը զիջումների գնար հրեաների հետ կապված հարցերում, ապա դա թուլության նշան կլիներ։ Ուստի՝ նա հայտնվեց անելանելի իրավիճակում։

Լսելով, որ Հիսուսը Գալիլեայից է՝ Պիղատոսը փորձեց գործը հանձնել Հերովդես Անտիպասին, որն այդ մարզի կառավարիչն էր։ Երբ դա արդյունք չտվեց, Պիղատոսը փորձեց համոզել իր պալատի բակում հավաքված մարդկանց, որ նրանք խնդրեն ազատ արձակել Հիսուսին։ Դա հնարավոր էր, քանի որ ընդունված էր Պասեքի առթիվ մեկ բանտարկյալ ազատ արձակել։ Ամբոխը պահանջեց ազատել Բարաբբային (Ղուկաս 23։5–19)։

Պիղատոսը գուցե ցանկանում էր ճիշտ վարվել, սակայն նա նաև ցանկանում էր մնալ իր պաշտոնում և շահել ժողովրդի համակրանքը։ Ի վերջո, նա իր կարիերան ավելի առաջ դասեց, քան խղճի ու արդարության զգացումը։ Նա ջուր խնդրեց և, լվանալով ձեռքերը, հայտնեց, որ Հիսուսի մահվան դատավճռի մեջ ինքը մեղավոր չէ։a Թեև համոզված էր, որ Հիսուսն անմեղ է, սակայն խարազանով ծեծել տվեց նրան և թույլ տվեց, որ զինվորները ծաղրեն, մտրակեն Հիսուսին և թքեն նրա վրա (Մատթէոս 27։24–31)։

Պիղատոսը ևս մեկ անգամ փորձեց ազատ արձակել Հիսուսին, բայց ամբոխը աղաղակեց՝ ասելով, որ եթե նա այդպես վարվի, ուրեմն կայսրի բարեկամը չէ (Յովհաննէս 19։12)։ Լսելով դա՝ Պիղատոսը վախեցավ։ Մի աստվածաշնչագետ Պիղատոսի կայացրած որոշման մասին նշել է. «Լուծումը հեշտ էր. մահապատժի որոշում կայացնել։ Ընդամենը մի աննշան հրեա կորցնելու էր իր կյանքը։ Պարզապես հիմարություն կլիներ թույլ տալ, որ նրա պատճառով խռովություն բարձրանար»։

Ի՞նչ պատահեց Պիղատոսին

Տեղեկություններ կան Պիղատոսի կարիերայի վերջում տեղի ունեցած մեկ ուրիշ խռովության մասին։ Հովսեպոսն ասում է, որ մի խումբ զինված սամարացիներ հավաքվել էին Գարիզին լեռան վրա՝ հուսալով գտնել այն գանձերը, որ իբրև թե Մովսեսն էր պահել այնտեղ։ Պիղատոսը միջամտեց, իսկ նրա զորքերը զգալի թվով մարդկանց սրի քաշեցին։ Սամարացիները բողոք ներկայացրին Պիղատոսի վերադասին՝ Ասորիքի կառավարիչ Լյուցիոս Վիտելիոսին։ Կարծո՞ւմ էր արդյոք Վիտելիոսը, թե Պիղատոսը ծայրահեղությունների մեջ է ընկնում, հայտնի չէ։ Ամեն դեպքում, նա հրամայեց Պիղատոսին գնալ Հռոմ և պատասխան տալ կայսրին իր գործողությունների համար։ Սակայն նախքան Պիղատոսը կհասներ Հռոմ, Տիբերիոսը մահացավ։

Մի աշխատության մեջ նշվում է, որ «այդ պահից... Պիղատոսը պատմության մեջ լեգենդ դարձավ»։ Շատերն են փորձել մանրամասնություններ գտնել նրա մասին։ Կարծիք կա, որ Պիղատոսը քրիստոնյա դարձավ։ Եթովպացի «քրիստոնյաները» նրան «սուրբ» հռչակեցին։ Եվսեբիոսը (երրորդ դարի վերջ–չորրորդ դարի սկիզբ) առաջինն էր բազում այն անհատներից, որոնք ասում էին, թե Պիղատոսը Հուդա Իսկարիովտացու նման ինքնասպան է եղել։ Սակայն թե իրականում ինչ է տեղի ունեցել Պիղատոսի հետ, ոչ ոք չգիտի։

Պիղատոսը համառ, հանդուգն և բռնի անձնավորություն էր։ Սակայն նա մնաց իր պաշտոնում տասը տարի։ Հրեաստանի կառավարիչների մեծ մասն այդքան երկար չի կառավարել։ Հետևաբար կարելի է ասել, որ Հռոմի տեսանկյունից՝ Պիղատոսը փորձառու կառավարիչ էր։ Նրան անվանել են վախկոտ, քանի որ իրեն պաշտպանելու համար նա տանջանքների է ենթարկել ու սպանել Հիսուսին։ Մյուսները պնդում են, որ Պիղատոսի պարտականությունն էր ոչ թե արդարությանը թիկունք կանգնել, այլ խաղաղություն հաստատել և Հռոմեական կայսրության շահերն առաջ տանել։

Մեր օրերը մեծապես տարբերվում են Պիղատոսի ժամանակներից։ Սակայն ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ ոչ մի դատավոր չէր կարող իրավացիորեն դատավճիռ կայացնել անմեղ մարդու հանդեպ։ Եթե Պոնտացի Պիղատոսը առնչություն չունենար Հիսուսի հետ, ապա հնարավոր է, նրա անունը ուղղակի թեթևակիորեն նշվեր պատմության գրքերում։

[ծանոթագրություն]

a Ձեռքեր լվանալը ոչ թե հռոմեական, այլ հրեական սովորություն էր, որով ցույց էին տալիս, որ մասնակից չեն տվյալ սպանությանը (Բ Օրինաց 21։6, 7)։

[նկար 11–րդ էջի վրա]

Հրեաստանի կառավարիչ Պոնտացի Պիղատոսի մասին այս մակագրությունը գտնվել է Կեսարիայում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը