Գնացեք այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսը գնաց
«Ով որ ասում է թէ [Աստծու մեջ] եմ բնակվում, պէտք է, ինչպէս որ [Հիսուսը] գնաց, ինքն էլ այնպէս գնայ» (Ա ՅՈՎՀԱՆՆԷՍ 2։6)։
1, 2. Ի՞նչ է նշանակում ‘մտիկ տալ’ Հիսուսին։
«ՀԱՄԲԵՐՈՒԹԵԱՄԲ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը,— գրեց Պողոս առաքյալը.— մտիկ տանք հաւատքի զօրագլուխին եւ կատարողին՝ Յիսուսին» (Եբրայեցիս 12։1, 2)։ Հավատարմության ճանապարհով գնալու համար մենք պետք է «մտիկ տանք» Հիսուս Քրիստոսին։
2 Հունարեն Քրիստոնեական Գրությունների բնագրում ‘մտիկ տալ’ թարգմանված բառը նշանակում է «ուշադրությունը ուղղել մի բանի վրա՝ առանց շեղվելու», «հայացքը հեռացնել մի բանից մեկ ուրիշ բան դիտելու համար», «ուշադրությունը կենտրոնացնել»։ Մի աշխատության մեջ նշվում է. «Հենց որ հույն վազորդը ստադիոնում մի ակնթարթ իր ուշադրությունը շեղում է վազքի պրոցեսից ու այն նպատակից, դեպի որը սլանում է, և նայում հանդիսատեսներին, նրա արագությունը նվազում է։ Նույնը տեղի է ունենում քրիստոնյաների հետ»։ Շեղումները կարող են խոչընդոտել մեր հոգևոր աճին։ Մենք պետք է «մտիկ տանք» Հիսուս Քրիստոսին։ Իսկ ի՞նչ ենք ակնկալում ‘զորագլխից’։ «Զորագլուխ» թարգմանված հունարեն բառը նշանակում է «գլխավոր առաջնորդ, մեկը, ով առաջնորդություն է վերցնում և դրանով իսկ օրինակ տալիս»։ Հիսուսին ‘մտիկ տալու’ համար հարկավոր է հետևել նրա օրինակին։
3, 4. ա) Հիսուս Քրիստոսի պես գնալու համար ի՞նչ է մեզանից պահանջվում։ բ) Ո՞ր հարցերն ենք քննելու։
3 «Ով որ ասում է թէ [Աստծու մեջ] եմ բնակվում, պէտք է, ինչպէս որ [Հիսուսը] գնաց, ինքն էլ այնպէս գնայ»,— ասում է Աստվածաշունչը (Ա Յովհաննէս 2։6)։ Մենք պետք է ‘Աստծու մեջ բնակվենք’, այսինքն՝ նրա հետ միաբան լինենք՝ պահելով Հիսուսի տված պատվիրանները, ինչպես որ նա էր պահում իր Հոր պատվիրանները (Յովհաննէս 15։10)։
4 Հետևաբար, որպեսզի գնանք այնպես, ինչպես որ Հիսուսը գնաց, մենք պետք է շատ ուշադիր նայենք Գլխավոր Առաջնորդին և սերտորեն գնանք նրա հետքերով։ Այս առումով քննարկման արժանի կարևոր հարցեր են առաջանում։ Ինչպե՞ս է Քրիստոսն այսօր մեզ առաջնորդում։ Եթե գնանք նրա հետքերով, ինչպե՞ս դա կանդրադառնա մեզ վրա։ Ի՞նչ օգուտներ է բերում Հիսուս Քրիստոսի թողած օրինակին սերտորեն հետևելը։
Ինչպես է Քրիստոսն առաջնորդում իր հետևորդներին
5. Նախքան երկինք համբարձվելը ի՞նչ խոստացավ Հիսուսն իր հետևորդներին։
5 Նախքան երկինք համբարձվելը հարություն առած Հիսուս Քրիստոսը հայտնվեց իր աշակերտներին և նրանց կարևոր հանձնարարություն տվեց։ Նա ասաց. «Գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք»։ Այդ ժամանակ Գլխավոր Առաջնորդը նաև խոստացավ նրանց հետ լինել, մինչ նրանք կկատարեն իրենց առաջադրանքը։ Հիսուսն ասաց. «Ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը» (Մատթէոս 28։19, 20)։ ‘Աշխարհի վերջի’՝ իրերի այս դրության վախճանի ժամանակներում Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է իր հետևորդների հետ։
6, 7. Ինչպե՞ս է Հիսուսն առաջնորդում մեզ սուրբ ոգու միջոցով։
6 Հիսուսն ասաց. «Մխիթարիչը [«օգնականը», ՆԱ]՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կ’ուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կ’սովորեցնէ ձեզ, եւ կ’յիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի» (Յովհաննէս 14։26)։ Սուրբ ոգին, որ ուղարկվում է Հիսուսի անունով, առաջնորդում և զորացնում է մեզ այսօր։ Այն հոգևորապես լուսավորում է և օգնում հասկանալ «Աստուծոյ խորունկ բաներն» (Ա Կորնթացիս 2։10, ԱԱ)։ Բացի այդ, սուրբ ոգու օգնությամբ կարող ենք մեր մեջ զարգացնել աստվածահաճո հատկություններ՝ սուրբ ոգու պտուղը, այն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ինքնատիրապետում (Գաղատացիս 5։22, 23)։
7 Երբ Գրություններն ուսումնասիրում ենք և մեր սովորածը ջանում ենք կիրառել, Եհովայի ոգին մեզ օգնում է աճել իմաստության, հասկացողության, գիտելիքների, խոհեմության, ինչպես նաև ‘հանճարի’, այսինքն՝ խորաթափանցության մեջ (Առակաց 2։1–11)։ Սուրբ ոգին նաև օգնում է դիմանալ գայթակղություններին և փորձություններին (Ա Կորնթացիս 10։13; Բ Կորնթացիս 4։7; Փիլիպպեցիս 4։13)։ Քրիստոնյաներին կոչ է արվում ‘իրենց անձերը սրբել հոգու և մարմնի ամեն պղծությունից’՝ «սրբութիւնը կատարելագործե[լով]» (ԱԱ) (Բ Կորնթացիս 7։1)։ Մի՞թե առանց սուրբ ոգու օգնության կարող ենք համապատասխանել Աստծու՝ սուրբ, կամ՝ մաքուր մնալու պահանջին։ Այո, Հիսուսը մեզ առաջնորդում է սուրբ ոգու միջոցով, և Եհովա Աստված իր Որդուն լիազորել է օգտագործել այդ ոգին (Մատթէոս 28։18)։
8, 9. Ինչպե՞ս է Քրիստոսը «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով առաջնորդում ժողովին։
8 Քննենք մեկ ուրիշ միջոց, որով Քրիստոսն այսօր առաջնորդում է քրիստոնեական ժողովին։ Խոսելով իր ներկայության և իրերի դրության վախճանի մասին՝ նա ասաց. «Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որի տէրը նորան իր ծառաների վերայ դրաւ, որ նորանց կերակուրը տայ ժամանակին։ Երանի այն ծառային, որ նորա տէրը, երբոր գայ, նորան այնպէս անելիս գտնէ։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նորան իր ամեն ունեցածների վերայ կ’դնէ» (Մատթէոս 24։3, 45–47)։
9 «Տէրը» Հիսուս Քրիստոսն է։ «Ծառան» օծյալ քրիստոնյաների խումբն է երկրի վրա։ Այդ ծառա դասակարգին վստահվել է Հիսուսի՝ երկրի հետ կապված շահերն առաջ տանելու և ժամանակին հոգևոր կերակուր մատակարարելու պատասխանատվությունը։ «Հավատարիմ և իմաստուն ծառա» դասակարգի անդամներից բաղկացած մի փոքր խումբ կազմում է Կառավարիչ մարմինը, որը ծառայում է որպես ծառա դասակարգի ներկայացուցիչ։ Նրանք առաջնորդում են Թագավորության քարոզչության համաշխարհային գործը և հոգևոր սննդի ճիշտ ժամանակին մատակարարումը։ Այսպիսով՝ Քրիստոսը ժողովին առաջնորդում է ոգով օծված «հավատարիմ և իմաստուն ծառայի» ու նրա Կառավարիչ մարմնի միջոցով։
10. Երեցների հանդեպ ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ունենանք և ինչո՞ւ։
10 Քրիստոսն առաջնորդում է նաև ‘մարդկանց տեսքով պարգևների’՝ քրիստոնյա երեցների, կամ՝ վերակացուների միջոցով։ Նրանք տրված են «սուրբերի կատարելութեանը համար, պաշտօնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինութեան համար» (Եփեսացիս 4։8 ՆԱ, 11, 12)։ Եբրայեցիս 13։7–ում երեցների վերաբերյալ գրված է. «Յիշեցէք ձեր առաջնորդներին որ Աստուծոյ բանը խօսեցին ձեզ. նայեցէք նորանց վարմունքի վախճանին եւ նման եղէք նորանց հաւատքին»։ Երեցները առաջնորդություն են վերցնում ժողովում։ Քանի որ նրանք հետևում են Հիսուս Քրիստոսին, նրանց հավատը արժանի է ընդօրինակման (Ա Կորնթացիս 11։1)։ Մենք կարող ենք մեր երախտագիտությունը ցույց տալ երեցների համար՝ ‘մարդկանց տեսքով այս պարգևներին’ հնազանդվելով և ականջ դնելով (Եբրայեցիս 13։17)։
11. Ի՞նչ միջոցներով է այսօր Քրիստոսն առաջնորդում իր հետևորդներին, և ի՞նչ է նշանակում նրա պես գնալ։
11 Այո, Հիսուս Քրիստոսն այսօր իր հետևորդներին առաջնորդում է սուրբ ոգու, «հավատարիմ և իմաստուն ծառայի» ու ժողովի երեցների միջոցով։ Քրիստոսի պես գնալու համար պետք է հասկանանք, թե ինչպես է նա առաջնորդում, և ընդունենք այդ առաջնորդությունը։ Նաև հարկավոր է ընդօրինակել նրա գնալու ձևը։ «Դուք հէնց այդ բանի մէջ կանչուեցաք,— գրեց Պետրոս առաքյալը,— որ Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք» (Ա Պետրոս 2։21)։ Ինչպե՞ս Հիսուսի կատարյալ օրինակին հետևելը կանդրադառնա մեզ վրա։
Եղիր խոհեմ իշխանություն բանեցնելիս
12. Քրիստոսի թողած օրինակի ո՞ր երեսակն է մասնավորապես հետաքրքրում ժողովի երեցներին։
12 Թեև Հիսուսն իր Հորից ստացել էր շատ մեծ իշխանություն, որի չափ ոչ ոք չուներ, նա խոհեմությամբ էր բանեցնում այն։ Ժողովի բոլոր անդամները, մասնավորապես վերակացուները, պետք է իրենց «խոհեմությունը» (ՆԱ) հայտնի դարձնեն բոլոր մարդկանց (Փիլիպպեցիս 4։5; Ա Տիմոթէոս 3։2, 3 ՆԱ)։ Քանի որ երեցները որոշակի իշխանություն ունեն ժողովում, շատ կարևոր է, որ նրանք այդ իշխանությունը բանեցնելիս գնան Քրիստոսի հետքերով։
13, 14. Երեցներն ինչպե՞ս կարող են ընդօրինակել Քրիստոսին, երբ մարդկանց խրախուսում են ծառայել Աստծուն։
13 Հիսուսը հաշվի էր առնում իր աշակերտների հնարավորությունները։ Նա նրանցից չէր պահանջում ավելին, քան նրանք կարող էին անել (Յովհաննէս 16։12)։ Առանց նրանց վրա ճնշում գործադրելու՝ Հիսուսն իր հետևորդներին խրախուսում էր ‘ջանք անել’ Աստծու կամքը կատարելու մեջ (Ղուկաս 13։24)։ Նա այդ խրախուսանքը տալիս էր՝ առաջնորդություն վերցնելով և իր խոսքը նրանց սրտերին հասցնելով։ Նմանապես, քրիստոնյա երեցներն այսօր ամոթի և մեղավորության զգացումի միջոցով չեն ստիպում մարդկանց, որ ծառայեն Աստծուն։ Դրա փոխարեն՝ երեցները նրանց քաջալերում են ծառայել Եհովային նրա ու Հիսուսի, ինչպես նաև մերձավորի հանդեպ սիրուց մղված (Մատթէոս 22։37–39)։
14 Հիսուսը չէր չարաշահում իրեն վստահված իշխանությունը՝ վերահսկելով մարդկանց կյանքը։ Նա անմատչելի չափանիշներ կամ բազմաթիվ կանոններ չէր դնում։ Նրա մեթոդը հետևյալն էր. մղել գործերի՝ դիմելով մարդկանց սրտերին Մովսիսական օրենքի հիմքում ընկած սկզբունքների միջոցով (Մատթէոս 5։27, 28)։ Ընդօրինակելով Հիսուս Քրիստոսին՝ երեցները խուսափում են կամայական կանոններ դնելուց կամ սեփական տեսակետը պնդելուց։ Օրինակ՝ հագուստի և հարդարանքի կամ ժամանցի ու զվարճության հարցում նրանք փորձում են հասնել մարդու սրտին սուրբգրային սկզբունքների միջոցով, որոնք արտահայտված են մասնավորապես Միքիա 6։8, Ա Կորնթացիս 10։31–33, Ա Տիմոթէոս 2։9, 10 համարներում։
Եղիր կարեկից և ներող
15. Ինչպե՞ս Հիսուսն արձագանքեց իր աշակերտների թերացումներին։
15 Այն, թե ինչպես էր Քրիստոսը վարվում, երբ նրա աշակերտները սխալներ էին գործում, մեզ համար օրինակ է հանդիսանում։ Քննարկենք երկու դեպք, որ տեղի ունեցավ Հիսուսի վերջին գիշերը։ Գալով Գեթսեմանի պարտեզ՝ Հիսուսը «Պետրոսին եւ Յակոբոսին եւ Յովհաննէսին իր հետ առաւ» և նրանց ասաց՝ «արթուն կացէք»։ Հետո «մի քիչ առաջ գնաց, գետնի վերայ ընկաւ, եւ աղօթք էր անում»։ Վերադառնալով՝ նա ‘նրանց քնած գտավ’։ Ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը։ Նա ասաց. «Հոգին յօժար է, բայց մարմինը տկար» (Մարկոս 14։32–38)։ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին խստորեն հանդիմանելու փոխարեն՝ Հիսուսը կարեկցա՛նք արտահայտեց։ Հենց այդ նույն գիշերը Պետրոսը երեք անգամ ուրացավ Հիսուսին (Մարկոս 14։66–72)։ Ինչպե՞ս Հիսուսը վարվեց Պետրոսի հետ դրանից հետո։ Աստվածաշնչում գրված է. «Տէրը յարութիւն է առել, եւ երեւացել է Սիմօնին [Պետրոսին]» (Ղուկաս 24։34)։ Իսկ մեկ ուրիշ համարում ասվում է. «[Նա] երեւեցաւ Կեփասին, յետոյ այն տասնեւերկուսին» (Ա Կորնթացիս 15։5)։ Նեղանալու փոխարեն՝ Հիսուսը ներեց զղջամիտ առաքյալին և քաջալերեց նրան։ Ավելի ուշ Հիսուսը Պետրոսին մեծ պատասխանատվություններ տվեց (Գործք 2։14; 8։14–17; 10։44, 45)։
16. Ինչպե՞ս կարող ենք գնալ Հիսուսի պես, երբ հավատակիցները հիասթափություն են պատճառում մեզ կամ սխալ արարք են թույլ տալիս մեր հանդեպ։
16 Երբ մեր հավատակիցները մարդկային անկատարության պատճառով հիասթափեցնում են մեզ կամ սխալ արարք են թույլ տալիս մեր հանդեպ, Հիսուսի պես չպե՞տք է լինենք կարեկից և ներող։ Պետրոսն իր հավատակիցներին կոչ արեց. «Ամենդ համամիտ, կարեկից, եղբայրասէր, բարեսիրտ, քաղցրաբարոյ եղէք։ Չարի փոխարէն չար չ’հատուցանէք, կամ բամբասանքի փոխարէն բամբասանք. այլ ընդ հակառակն օրհնեցէք» (Ա Պետրոս 3։8, 9)։ Իսկ ի՞նչ, եթե անհատը մեզ հետ չի վարվում Հիսուսի պես՝ չցանկանալով լինել կարեկից և ներող։ Անգամ այդպիսի դեպքում պարտավոր ենք ջանալ ընդօրինակել Հիսուսին և արձագանքել այնպես, ինչպես որ նա կարձագանքեր (Ա Յովհաննէս 3։16)։
Թագավորության շահերը դիր առաջին տեղում
17. Ի՞նչն է փաստում, որ Հիսուսը Աստծու կամքը կատարելուն առաջին տեղ էր հատկացնում իր կյանքում։
17 Մեկ այլ ձևով ևս մենք պետք է Հիսուս Քրիստոսի պես գնանք։ Աստծու Թագավորության մասին բարի լուրը հռչակելը Հիսուսի կյանքում գլխավոր տեղ էր զբաղեցնում։ Սամարական Սյուքար քաղաքի մոտ մի սամարացի կնոջ քարոզելուց հետո Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Իմ կերակուրը նա է, որ ինձ ուղարկողի կամքն անեմ, եւ նորա գործը կատարեմ» (Յովհաննէս 4։34)։ Իր Հոր կամքը կատարելը զորացնում էր Հիսուսին. այն կերակրի պես սնում էր նրան, կշտացնում և թարմացնում։ Մի՞թե մեր կյանքը պակաս իմաստալից և գոհացուցիչ կդարձնենք, եթե ընդօրինակենք Հիսուսին և կենտրոնանանք Աստծու կամքը կատարելու վրա։
18. Ի՞նչ օրհնություններ են լինում, երբ ծնողները երեխաներին քաջալերում են լիաժամ ծառայություն սկսել։
18 Երբ ծնողները քաջալերում են իրենց երեխաներին սկսել լիաժամ ծառայություն, նրանք, ինչպես և նրանց զավակները, շատ օրհնություններ են ստանում։ Երկվորյակ տղաների մի հայր արդեն նրանց վաղ մանկությունից երեխաներին քաջալերում էր նպատակ դնել ծառայելու որպես ռահվիրա։ Դպրոցն ավարտելուց հետո տղաներն իրոք դարձան ռահվիրաներ։ Խորհելով իր ստացած ուրախությունների շուրջ՝ հայրը գրում է. «Մեր տղաները չհիասթափեցրին մեզ։ Երախտագիտությամբ լի սրտով՝ կարող ենք ասել. «Որդիները Եհովայի ժառանգությունն են»» (Սաղմոս 127։3)։ Իսկ ի՞նչ օգուտ են ստանում երեխաները՝ լիաժամ ծառայություն սկսելով։ Հինգ երեխաների մի մայր ասում է. «Ռահվիրայությունն օգնել է իմ բոլոր երեխաներին ավելի մտերմանալ Եհովայի հետ, բարելավել է անձնական ուսումնասիրության հետ կապված նրանց սովորությունները, սովորեցրել է ավելի իմաստուն կերպով օգտագործել ժամանակը, ինչպես նաև հոգևորը կյանքում առաջին տեղում դնել։ Չնայած որ բոլորն էլ ստիպված էին բազմաթիվ փոփոխություններ անել, ոչ ոք չի ափսոսում, որ ընտրել է այդ ճանապարհը»։
19. Իմաստուն կլինի, որ ապագայի ի՞նչ պլաններ կազմեն պատանիները։
19 Պատանինե՛ր, ապագայի ի՞նչ պլաններ ունեք։ Ձգտում եք աչքի՞ ընկնել ինչ–որ մասնագիտական ասպարեզում, թե՞ դուք նպատակ եք դրել լիաժամ ծառայություն սկսել։ «Արդ նայեցէք թէ ինչպէս զգուշութեամբ վարուիք. ոչ թէ ինչպէս անխելքներ, այլ ինչպէս իմաստուններ,— հորդորեց Պողոսը.— գնեցէք ժամանակը. որ օրերը չար են»։ Նա ավելացրեց. «Նորա համար մի լինիք անմիտ, այլ իմացէք թէ ինչ է Տիրոջ կամքը» (Եփեսացիս 5։15–17)։
Եղիր նվիրված
20, 21. Ինչպե՞ս Հիսուսը փաստեց, որ նվիրված է, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան այդ հարցում։
20 Հիսուսի պես գնալու համար հարկավոր է ընդօրինակել նրա նվիրվածությունը։ Նրա նվիրված լինելու հետ կապված Աստվածաշունչն ասում է. «Աստուծոյ կերպարանքումը լինելով, [նա] յափշտակութիւն չ’համարեց Աստուծուն հաւասար լինել [«նրա մտքով չանցավ հափշտակություն կատարել՝ Աստծուն հավասար լինել», ՆԱ]։ Այլ իր անձն ունայնացրեց, եւ ծառայի կերպարանք առնելով՝ մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պէս գտնուելով. իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ»։ Հիսուսը նվիրված մնաց Եհովայի գերիշխանությանը՝ ենթարկվելով Աստծու՝ իր հետ կապված կամքին։ Նա հնազանդ եղավ մինչև տանջանքի ցցի վրա մահանալու աստիճան։ Մենք պետք է այսպիսի մտածելակերպ ունենանք և նվիրվածություն դրսևորելով՝ հնազանդորեն կատարենք Աստծու կամքը (Փիլիպպեցիս 2։5–8)։
21 Հիսուսը նաև նվիրվածություն դրսևորեց իր հավատարիմ առաքյալների հանդեպ։ Չնայած նրանց թերացումներին՝ նա «մինչեւ վերջը սիրեց նորանց» (Յովհաննէս 13։1)։ Նման կերպով՝ մենք չպետք է թույլ տանք, որ մեր եղբայրների անկատարությունները պատճառ լինեն, որ քննադատական դիրք բռնենք նրանց հանդեպ։
Սերտորեն հետևիր Հիսուսի թողած օրինակին
22, 23. Ի՞նչ օգուտներ է բերում Հիսուսի թողած օրինակին սերտորեն հետևելը։
22 Իհարկե, լինելով անկատար մարդիկ՝ մենք չենք կարող ճշգրտորեն գնալ մեր կատարյալ Օրինակի հետքերով։ Այնուամենայնիվ, կարող ենք ձգտել հնարավորին չափ ճշգրտորեն հետևել նրա քայլերին։ Դրա համար հարկավոր է հասկանալ, թե ինչպես է Քրիստոսը առաջնորդում, ընդունել այդ առաջնորդությունը և հետևել նրա թողած օրինակին։
23 Քրիստոսին ընդօրինակելը բազմաթիվ օրհնություններ է բերում։ Քանի որ կենտրոնանում ենք Աստծու և ոչ թե մեր կամքը կատարելու վրա, մեր կյանքն ավելի իմաստալից և գոհացուցիչ է դառնում (Յովհաննէս 5։30; 6։38)։ Մենք մաքուր խիղճ ենք ունենում, օրինակելի ենք դառնում այն հարցում, թե ինչպես է հարկավոր ‘գնալ’։ Հիսուսը ‘ամեն վաստակածներին և բեռնավորվածներին’ հրավիրեց իր մոտ գալ և թարմություն գտնել իրենց անձերի համար (Մատթէոս 11։28–30)։ Հետևելով Հիսուսի օրինակին՝ մենք նույնպես կարող ենք մեր ընկերակցությամբ թարմացնել մարդկանց։ Ուրեմն եկեք շարունակենք գնալ այնպես, ինչպես որ Հիսուսը գնաց։
Հիշո՞ւմ եք
• Ինչպե՞ս է Քրիստոսն իր հետևորդներին առաջնորդում այսօր։
• Ինչպե՞ս կարող են երեցները հետևել Քրիստոսի առաջնորդությանը իրենց աստվածատուր իշխանությունը բանեցնելիս։
• Ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուսի օրինակին, երբ առնչվում ենք ուրիշների թերացումներին։
• Ինչպե՞ս կարող են պատանիները Թագավորության շահերն առաջին տեղում դնել։
[նկար 23–րդ էջի վրա]
Քրիստոնյա երեցները մեզ օգնում են հետևել Քրիստոսի առաջնորդությանը
[նկարներ 24–րդ և 25–րդ էջերի վրա]
Պատանինե՛ր, ի՞նչ պլաններ եք կազմում, որպեսզի ապրեք գոհացուցիչ քրիստոնեական կյանքով