Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 12/1 էջ 8–12
  • Աստծո հետ ընթանալու առաջին քայլերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստծո հետ ընթանալու առաջին քայլերը
  • 1998 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ճշգրիտ գիտությունը կենսական կարևորություն ունի
  • Երկու կարևոր քայլ՝ նվիրում և մկրտություն
  • Քայլենք Հիսուսի հետքերով
  • Վստա՛հ եղիր Աստծո աջակցության մեջ
  • Կքայլե՞ս Աստծու հետ
    2005 Դիտարան
  • Նպատակ դրեք ծառայել Աստծուն հավիտյան
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • ‘Գնացեք և աշակերտներ պատրաստեցեք՝ նրանց մկրտելով’
    2006 Դիտարան
  • Մկրտությունը և քո փոխհարաբերությունը Աստծու հետ
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
1998 Դիտարան
w98 12/1 էջ 8–12

Աստծո հետ ընթանալու առաջին քայլերը

«Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կը մերձենայ ձեզ» (Յակոբոս 4։8)։

1, 2. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մեզ համար մեծ առանձնաշնորհում է Եհովային ծառայելը։

ՄԻ ՔԱՆԻ տարի շարունակ նա տառապեց բանտախցում։ Այնուհետև կանգնեց երկրի իշխանի առաջ։ Դեպքերը հապճեպ ընթացան. շատ շուտով նա սկսեց ծառայել այն օրերի հզոր, աշխարհակալ միապետի մոտ։ Նախկին բանտարկյալը մեծ պատասխանատվություն կրելու փառքին արժանացավ։ Հովսեփ էր նրա անունը։ Մի ժամանակ շղթայակապ արված այս մարդն այժմ քայլում էր թագավորի հետ (Ծննդոց 41։14, 39—43; Սաղմոս 105։17, 18)։

2 Այսօր մարդկությունը հնարավորություն ունի Եգիպտոսի փարավոնից ավելի հզոր անձնավորության ծառայելու։ Տիեզերքի Գերիշխանը հրավիրում է բոլորիս իրեն ծառայելու։ Դա, ինչ խոսք, ակնածանք ներշնչող առանձնաշնորհում է մեզ համար՝ ծառայել Եհովային և ամենակարող Տեր Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել։ Գրություններում նա ներկայացված է փառահեղ զորությամբ, ճոխությամբ, պայծառությամբ. գեղեցիկ և հաճելի զուգորդումներ կան նրա մասին (Եզեկիէլ 1։26—28; Յայտնութիւն 4։1—3)։ Նրա բոլոր գործերում ակնհայտ է սերը (Ա Յովհաննէս 4։8)։ Նա երբեք չի ստում (Թուոց 23։19)։ Եհովան երբեք հուսախաբ չի անում իրեն հավատարիմ մնացողներին (Սաղմոս 18։25)։ Մեր կյանքը համաձայնեցնելով նրա արդար պահանջների հետ՝ կարող ենք այն ուրախ և իմաստալից դարձնել՝ առջևում ունենալով հավիտենական կյանքի հույսը (Յովհաննէս 17։3)։ Մարդկային ղեկավարներից ոչ մեկը չի կարող այս օրհնությունների և առանձնաշնորհումների հետ գոնե փոքր–ինչ համեմատվող որևէ բան առաջարկել։

3. Ի՞նչ իմաստով Նոյը ‘քայլեց Աստծո հետ’։

3 Շատ դարեր առաջ նահապետ Նոյը որոշում էր կայացրել Աստծո կամքի և նպատակի համաձայն ապրել։ «Նոյը մի արդար եւ կատարեալ մարդ էր իր դարումը. Նոյը Աստուծոյ հետ վարուեցաւ [«քալեց», Արևմտահայերեն Աստվածաշունչ]» (Ծննդոց 6։9)։ Իհարկե, Նոյը բառացի չքայլեց Եհովայի հետ, քանի որ մարդկանցից «ոչ ոք երբեք չի տեսել» Աստծուն (Յովհաննէս 1։18)։ Նոյն Աստծո հետ քայլեց այն իմաստով, որ կատարեց Աստծո բոլոր ասածները։ Իր կյանքը նվիրելով Եհովայի կամքը կատարելուն՝ Նոյը ջերմ, մտերիմ փոխհարաբերություններ էր վայելում Ամենակարող Աստծո հետ։ Նոյի նման միլիոնավոր մարդիկ այսօր ‘քայլում են Աստծո հետ’՝ նրա տված խորհրդի և հրահանգների համաձայն ապրելով։ Որտեղի՞ց է սկսվում այդ ընթացքը։

Ճշգրիտ գիտությունը կենսական կարևորություն ունի

4. Ինչպե՞ս է Եհովան ուսուցանում իր ժողովրդին։

4 Եհովայի հետ քայլելու համար առաջին հերթին պետք է ճանաչել նրան։ Եսայիա մարգարեն կանխագուշակել է. «Կ’լինի օրերի վերջին, որ հաստատ կ’լինի Տիրոջ տան սարը՝ սարերի գլխին, եւ կ’բարձրանայ բլուրներիցը. եւ յորդելով նորա մօտ կ’գնան բոլոր ազգերը։ Եւ շատ ժողովուրդներ կ’գնան եւ կ’ասեն. Եկէք վեր գնանք Եհովայի սարը, Յակոբի Աստուծոյ տունը. եւ նա կ’սովորեցնէ մեզ իր ճանապարհներիցը, եւ մենք կ’գնանք նորա շավիղներումը. որովհետեւ Սիօնիցը դուրս է գալու օրէնքը, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմիցը» (Եսայիա 2։2, 3)։ Այո՛, կարող ենք վստահ լինել, որ Եհովան կուսուցանի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են քայլել իր ճանապարհներով։ Եհովան մեզ ապահովել է իր Խոսքով՝ Աստվածաշնչով, և օգնում է մեզ հասկանալ այն։ Նա այդ անում է «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» միջոցով (Մատթէոս 24։45—47)։ Եհովան գործածում է ‘հավատարիմ ծառային’՝ Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակությունների, քրիստոնեական հանդիպումների և Աստվածաշնչի տնային անվճար ուսուցման միջոցով հոգևոր հրահանգներ մատակարարելու նպատակով։ Իր Խոսքը հասկանալու համար Աստված իր ժողովրդին օգնում է նաև սուրբ հոգու միջոցով (Ա Կորնթացիս 2։10—16)։

5. Ինչո՞ւ է Աստվածաշնչի ճշմարտությունն այդքան թանկ։

5 Աստվածաշնչի ճշմարտության համար մենք թեպետև չենք վճարում, այնուհանդերձ այն շատ թանկ արժե։ Ուսումնասիրելով Աստծո Խոսքը՝ տեղեկանում ենք, թե ով է Աստված, ծանոթանում ենք նրա անվան, անձնավորության, նրա նպատակների հետ և իմանում այն մասին, թե ինչպես է նա վերաբերվում մարդկությանը։ Մենք նաև կյանքի վերաբերյալ ծագող հիմնական հարցերի պատասխանն ենք ստանում, այն է՝ ինչո՞ւ ենք ապրում, ինչո՞ւ է Աստված հանդուրժում տառապանքը, ի՞նչ է մեզ սպասվում ապագայում, ինչո՞ւ ենք ծերանում ու մահանում և կա՞ արդյոք կյանք մահից հետո։ Այս հարցերի պատասխանները մեզ համար ազատագրիչ երանգ են կրում։ Բացի դրանից սովորում ենք, թե ինչումն է կայանում Աստծո նպատակը և ինչպես ապրենք, որ հաճելի լինենք Աստծուն։ Իմանում ենք նաև, որ Աստծո պահանջները լիովին ողջամիտ են և իսկապես օգուտ են բերում, եթե ճշգրտությամբ ապրում ենք դրանց հետ ներդաշնակ։ Առանց աստվածային ուսուցման՝ երբեք չէինք կարողանա հասկանալ այս ամենը։

6. Աստվածաշնչի ճշգրիտ գիտությունը ինչպիսի՞ ընթացքին է օգնում հետևել։

6 Աստվածաշնչի ճշմարտությունն իրենից հզոր ուժ է ներկայացնում և մղում է մեզ մեր կյանքում փոփոխություններ կատարելու (Եբրայեցիս 4։12)։ Նախքան Գրություններում ճշմարտության հետ ծանոթանալը, մենք ‘ընթանում էինք ըստ այս աշխարհի սովորության’ (Եփեսացիս 2։2)։ Սակայն Աստծո Խոսքի ճշգրիտ գիտությունը մեզ բոլորովին այլ ընթացքով է առաջնորդում, որպեսզի կարողանանք ‘ապրել Տիրոջն արժանի և ամեն ինչում նրան հաճելի ձևով’ (Կողոսացիս 1։10)։ Մեծ ուրախություն է Եհովայի՝ ողջ Տիեզերքի ամենահզոր Անհատի հետ ընթանալու առաջին քայլերն անելը (Ղուկաս 11։28)։

Երկու կարևոր քայլ՝ նվիրում և մկրտություն

7. Մարդկանց առաջնորդության վերաբերյալ ո՞ր ճշմարտությունն է ակնհայտ դառնում Աստծո Խոսքն ուսումնասիրելու ընթացքում։

7 Աճելով Աստվածաշնչի գիտության մեջ՝ սկսում ենք Աստծո Խոսքի լույսի ներքո քննել մեր կյանքերը և ընդհանուր առմամբ մարդկային ջանքերը։ Այդ ժամանակ ակնհայտ է դառնում մի կարևոր ճշմարտություն, որի մասին դարեր առաջ խոսել էր Երեմիա մարգարեն. «Գիտեմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10։23)։ Ինչ խոսք, բոլորս էլ Աստծո առաջնորդության կարիքն ունենք։

8. ա) Ի՞նչն է մղում մարդկանց նվիրվել Եհովային։ բ) Ի՞նչ է իրենից ներկայացնում քրիստոնեական նվիրումը։

8 Ըմբռնելով այս կարևոր իրողության նշանակությունը՝ Եհովայի առաջնորդությանն ենք ձգտում։ Իսկ Աստծո նկատմամբ սերը իրեն նվիրվելու շարժիչ ուժն է։ Նվիրվել Աստծուն նշանակում է դիմել նրան աղոթքով և հանդիսավոր խոստում տալ՝ ապրել նրան ծառայելով և հավատարմորեն իր շավիղներով ընթանալով։ Այս քայլով հետևում ենք Հիսուսի օրինակին, երբ նա վճռականորեն իրեն ներկայացրեց Եհովային նրա կամքը կատարելու համար (Եբրայեցիս 10։7)։

9. Ինչո՞ւ են մարդիկ իրենց կյանքը նվիրում Եհովային։

9 Եհովա Աստված երբեք ոչ ոքի չի ստիպում նվիրվել իրեն (համեմատեք Բ Կորնթացիս 9։7)։ Բացի այդ, Աստված չի ցանկանում, որ մեր նվիրումը հիմնված լինի ժամանակավոր և բուռն էմոցիաների վրա։ Մկրտվելուց առաջ անհատը պետք է արդեն աշակերտ լինի, իսկ դրա համար գիտելիքներ և լուրջ ջանքեր են հարկավոր (Մատթէոս 28։19, 20)։ Պողոսը թախանձեց արդեն մկրտված քրիստոնյաներին ներկայացնել իրենց «մարմինները որպէս զոհ կենդանի, սուրբ, աստուածահաճոյ»՝ ասելով, թե «ա՛յդ է [նրանց] բանական պաշտամունքը» (Հռովմայեցիս 12։1)։ Եվ նման բանականությամբ էլ մենք ենք նվիրվում Եհովա Աստծուն։ Այն բանից հետո, երբ հասկանում ենք, թե նվիրումն իրենից ինչ է ներկայացնում և սկսում ենք խորհել այդ հարցի շուրջը, մեր կյանքն արդեն սիրով և պատրաստակամորեն կարող ենք նվիրել Աստծուն (Սաղմոս 110։3)։

10. Ի՞նչ կապ ունի նվիրումը մկրտության հետ։

10 Երբ աղոթքով անձամբ դիմում ենք Եհովային և հայտնում իր ճանապարհներով քայլելու մեր որոշման մասին, կատարում ենք հաջորդ քայլը։ Մեր նվիրումը հայտնի ենք դարձնում մարդկանց ջրում մկրտվելով։ Սա մեր կողմից հանրային հայտարարություն է՝ Աստծո կամքը կատարելու երդում։ Իր երկրային ծառայությունը սկսելիս՝ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի մոտ և մեզ թողեց մկրտության օրինակը (Մատթէոս 3։13—17)։ Ավելի ուշ նա պատվիրեց իր հետևորդներին աշակերտներ պատրաստել և նրանց մկրտել։ Ուստի, նվիրումն ու մկրտությունը կարևոր քայլեր են այն անհատների համար, ովքեր ցանկանում են Եհովայի հետ ընթանալ։

11, 12. ա) Ի՞նչ առումով կարելի է մկրտությունը համեմատել ամուսնության հետ։ բ) Ի՞նչ զուգահեռ կարելի է անցկացնել Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերության և ամուսինների միջև գոյություն ունեցող փոխհարաբերության միջև։

11 Հիսուս Քրիստոսի նվիրված, մկրտված աշակերտը դառնալու ընթացքը կարելի է նմանեցնել ամուսնության հետ։ Շատ երկրներում հարսանիքին որոշակի քայլեր են նախորդում։ Տղամարդն ու կինը հանդիպում են, հասցնում են ճանաչել և սիրել իրար։ Հաջորդ քայլը նշանդրեքն է։ Հարսանիքի արարողությամբ զույգը ի լուր բոլորին ցույց է տալիս, որ որպես ամուսիններ միասին ապրելու անձնական որոշում է կայացրել։ Ամուսնությունն է հանրայնորեն ներկայացնում այդ առանձնահատուկ փոխհարաբերության սկիզբը. այդ օրվանից սկսվում է ամուսնական կյանքը։ Եթե զուգահեռ անցկացնենք մկրտության հետ, ապա հենց մկրտությունն է ցույց տալիս, որ Եհովային նվիրված անհատը սկսում է նրա հետ քայլելու իր ընթացքը։

12 Ահա մեկ օրինակ ևս։ Հարսանիքից հետո ամուսինների միջև սերը պետք է խորանա և հասունանա։ Իրար հետ ավելի մտերմանալու համար ամուսինները պետք է անշահախնդրորեն ջանան պահպանել և ամրացնել իրենց փոխհարաբերությունները։ Ճիշտ է, մենք ամուսնական կապի մեջ չենք Աստծո հետ, սակայն ամբողջ հոգով պետք է ձգտենք պահպանել նրա հետ մեր սերտ փոխհարաբերությունները։ Եհովան տեսնում է և իրոք գնահատում իր կամքը կատարելու մեր ջանքերը և, դրան ի պատասխան, մոտենում է մեզ։ «Մօտեցէ՛ք Աստծուն,— գրեց Հակոբոս աշակերտը,— եւ նա կը մերձենայ ձեզ» (Յակոբոս 4։8)։

Քայլենք Հիսուսի հետքերով

13. Ո՞ւմ օրինակին պետք է հետևենք՝ Եհովայի հետ քայլելիս։

13 Որպեսզի քայլենք Եհովայի հետ, պետք է հետևենք Հիսուս Քրիստոսի թողած օրինակին։ Պողոս առաքյալը գրեց. «Այդ բանի համար իսկ կոչուեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռաւ եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք» (Ա Պետրոս 2։21)։ Հիսուսը կատարյալ մարդ էր, իսկ մենք՝ մարդիկս, չենք կարող անթերի կերպով հետևել նրա օրինակին, քանի որ անկատար ենք։ Այնուամենայնիվ, Եհովան մեզանից ակնկալում է, որ մեր ուժերից եկածն անենք։ Այժմ եկեք քննարկենք Հիսուսի կյանքի և ծառայության վերաբերյալ հինգ առանձնահատկություններ, որոնք պետք է ընդօրինակեն նվիրված քրիստոնյաները։

14. Ի՞նչ է իր մեջ ընդգրկում Աստծո Խոսքն իմանալը։

14 Հիսուսը տիրապետում էր Աստծո Խոսքի ճշգրիտ ու հիմնավոր գիտությանը։ Իր ծառայության ժամանակ Հիսուսը հաճախ էր մեջբերում Եբրայերեն գրություններից (Ղուկաս 4։4, 8)։ Անշուշտ, Գրություններից մեջբերումներ էին անում նաև այն օրերի կրոնական չար առաջնորդները (Մատթէոս 22։23, 24)։ Սակայն տարբերությունը կայանում էր նրանում, որ Հիսուսը հասկանում էր Գրությունների նշանակությունը և դրանք կիրառում կյանքում։ Նա Օրենքը պարզապես անգիր չէր արել, այլ ըմբռնում էր նրա ոգին։ Հետևելով Քրիստոսի օրինակին՝ մենք ևս պետք է ձգտենք հասկանալ Աստծո Խոսքը, ըմբռնենք նրա իմաստը՝ ոգին։ Դրա շնորհիվ ‘ճշմարտության խոսքն ուղիղ ներկայացնող’, Աստծո հավանությանն արժանացած ‘մշակները’ կդառնանք (Բ Տիմոթէոս 2։15)։

15. Աստծո մասին խոսելու ի՞նչ օրինակ թողեց Հիսուսը։

15 Հիսուս Քրիստոսը մարդկանց հետ իր երկնային Հոր մասին էր խոսում։ Նա Աստծո Խոսքի մասին ունեցած գիտելիքներն իր մեջ չէր պահում։ Նույնիսկ Հիսուսի թշնամիներն էին իրեն «Ուսուցիչ» կոչում, որովհետև ուր էլ որ նա գնում էր, մարդկանց հետ շարունակ Եհովայի և նրա նպատակների մասին էր խոսում (Մատթէոս 12։38)։ Հիսուսը հրապարակավ քարոզում էր տաճարի տարածքում, ժողովարաններում, քաղաքներում և գյուղերում (Մարկոս 1։39; Ղուկաս 8։1; Յովհաննէս 18։20)։ Նա ուսուցանում էր բարությամբ և կարեկցանքով՝ սիրով վերաբերվելով նրանց, ում օգնում էր (Մատթէոս 4։23)։ Հիսուսի օրինակին հետևողները նույնպես Եհովա Աստծո և նրա հրաշալի նպատակների մասին մարդկանց սովորեցնելու բազում ուղիներ են գտնում։

16. Ինչպիսի՞ փոխհարաբերությունների մեջ էր գտնվում Հիսուսը Եհովայի երկրպագուների հետ։

16 Հիսուսը միասնական էր Եհովայի երկրպագուների հետ։ Մի առիթով, երբ Հիսուսը քարոզում էր ամբոխին, նրա մոտ եկան մայրն ու իրեն հավատ չընծայող եղբայրները։ Աստվածաշնչում կարդում ենք. «Մէկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են եւ ուզում են քեզ հետ խօսել» »։ Այդ խոսքերն ասողին նա պատասխանեց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»։ Եւ իր ձեռքը երկարելով դէպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը եւ իմ եղբայրները. որովհետեւ, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր» (Մատթէոս 12։47—50)։ Դրան հաջորդած դեպքերը ցույց են տալիս, որ Հիսուսն այդ խոսքերով չուրացավ իր ընտանիքը (Յովհաննէս 19։25—27)։ Այս արձանագրությունը խոսում է այն մասին, թե Հիսուսն ինչպիսի սեր էր տածում իր հավատակիցների նկատմամբ։ Այսօր ևս Աստծո հետ քայլողները ձգտում են ընկերակցել Եհովայի մյուս ծառաների հետ և սրտանց սիրում են նրանց (Ա Պետրոս 4։8)։

17. Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում իր երկնային Հոր կամքը կատարելուն, և ի՞նչ է դա նշանակում մեզ համար։

17 Իր երկնային Հոր կամքը կատարելով՝ Հիսուսն իր սերը ցույց տվեց նրա հանդեպ։ Հիսուսն ամեն բանում հնազանդ էր Եհովային։ Նա ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա՛, ով ինձ ուղարկել է, եւ կատարեմ նրա գործը» (Յովհաննէս 4։34)։ Մեկ այլ առիթով ասաց. «Միշտ անում եմ, ինչ որ նրան [Աստծուն] է հաճելի» (Յովհաննէս 8։29)։ Հիսուսն այնքան խորն էր սիրում իր երկնային Հորը, որ «խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահուան՝ խաչի վրայ» (Փիլիպպեցիս 2։7բ, 8)։ Իսկ Եհովան իր հերթին օրհնեց Հիսուսին՝ տալով նրան մեծ իշխանություն և փառք, դարձնելով երկրորդն իրենից հետո (Փիլիպպեցիս 2։9—11)։ Հիսուսի նման մենք էլ ենք ցույց տալիս մեր սերը դեպի Եհովան՝ պահելով նրա պատվիրանները և կատարելով նրա կամքը (Ա Յովհաննէս 5։3)։

18. Հիսուսն աղոթելու ի՞նչ օրինակ թողեց։

18 Հիսուսը միշտ աղոթում էր։ Նա մկրտվելիս աղոթեց (Ղուկաս 3։21)։ Նախքան իր տասներկու առաքյալներին ընտրելը նա մի ամբողջ գիշեր աղոթելով անցկացրեց (Ղուկաս 6։12, 13)։ Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց, թե ինչպես կարելի է աղոթել (Ղուկաս 11։1—4)։ Մահվանը նախորդող գիշերը իր աշակերտների հետ միասին նա աղոթեց նրանց համար (Յովհաննէս 17։1—26)։ Աղոթքը Հիսուսի կյանքի կարևոր մասն էր, և նույն դերը պիտի խաղա նաև մեր կյանքում, քանի որ մենք նրա հետևորդներն ենք։ Ինչպիսի մե՜ծ պատիվ է մեզ համար աղոթքի միջոցով խոսել Տիեզերքի Գերիշխանի հետ։ Բացի այդ, Եհովան պատասխանում է աղոթքներին։ Այդ առումով Հովհաննեսը գրել է. «Ա՛յս է այն վստահութիւնը, որն ունենք մենք նրա հանդէպ. այն, որ ի՛նչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կը լսի. եւ քանի որ գիտենք, թէ նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաեւ, որ կը ստանանք այն խնդրանքները, որ հայցեցինք նրանից» (Ա Յովհաննէս 5։14, 15)։

19. ա) Որո՞նք են Հիսուսի դրսևորած հատկությունները, որոնք կարող ենք ընդօրինակել։ բ) Ի՞նչ օգուտներ ենք քաղում Հիսուսի երկրային կյանքը և ծառայությունն ուսումնասիրելուց։

19 Երկրի վրա Հիսուս Քրիստոսի անցկացրած կյանքը և ծառայությունը ուշադիր քննելուց շատ բան կարող ենք սովորել։ Կարող ենք խորհել նրա դրսևորած հատկությունների շուրջ՝ սիրո, կարեկցանքի, բարության, ուժի, հավասարակշռվածության, խոհեմության, խոնարհության, քաջության և անձնվիրության։ Որքան ավելին ենք իմանում Հիսուսի մասին, այնքան ավելի է աճում նրա հետևորդները լինելու մեր ցանկությունը։ Հիսուսի մասին գիտելիքները մեզ նաև ավելի են մոտեցնում Եհովային։ Չէ՞ որ Հիսուսը իր երկնային Հոր ճիշտ արտացոլումն էր։ Նա այնքան մտերիմ էր Եհովայի հետ, որ կարող էր ասել. «Ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը» (Յովհաննէս 14։9)։

Վստա՛հ եղիր Աստծո աջակցության մեջ

20. Ինչպե՞ս կարելի է Եհովայի հետ քայլելիս վստահություն ձեռք բերել։

20 Երեխայի առաջին քայլերը երերուն են։ Իսկ հետագայում նա ինչպե՞ս է սովորում վստահ քայլել։ Իհարկե, միայն շնորհիվ այն բանի, որ համառորեն շարունակում է կրկին ու կրկին փորձեր անել։ Ինչ վերաբերվում է Եհովայի հետ քայլողներին, ապա նրանք ջանում են կայուն քայլերով ընթանալ։ Սա ևս ժամանակ ու հաստատակամություն է պահանջում։ Պողոսն ընդգծեց Աստծո հետ քայլելիս հաստատակամություն ցուցաբերելու կարևորությունը, երբ գրեց. «Ուրեմն, եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ եւ յորդորում Քրիստոս Յիսուսով, որ ինչպէս սովորեցիք մեզնից, այնպէս ընթանաք եւ հաճելի լինէք Աստծուն. եւ այդպէս էլ ընթանում էք, որպէսզի աւելի ու աւելի առաջ գնաք նոյն բանի մէջ։» (Ա Թեսաղոնիկեցիս 4։1)։

21. Ի՞նչ օրհնություններ կարող ենք վայելել Եհովայի հետ քայլելով։

21 Եթե մենք ամբողջ հոգով նվիրված ենք Աստծուն, նա կօգնի մեզ շարունակել իր հետ ընթանալը (Եսայիա 40։29—31)։ Այս աշխարհի առաջարկած բաներից ոչ մեկը հնարավոր չէ համեմատել այն օրհնությունների հետ, որոնք Աստված շնորհում է իր շավիղներով ընթացողներին։ ‘Նա է մեզ սովորեցնում օգտակար եղողը, մեզ առաջնորդում է մեր գնալու ճանապարհով։ Եվ եթե ուշադրություն դարձնենք նրա պատվերներին, այն ժամանակ գետի պես պիտի լինի մեր խաղաղությունը և արդարությունը՝ ծովի ալիքների պես’ (Եսայիա 48։17, 18)։ Ընդունելով Աստծո հետ քայլելու հրավերը և ապա հավատարմորեն նրա հետ ընթանալով՝ հավիտյան կարող ենք Եհովայի հետ խաղաղություն վայելել։

Ինչպե՞ս կպատասխանեիք

◻ Ինչո՞ւ է մեզ համար մեծ պատիվ ճշմարիտ Աստծո հետ քայլելը։

◻ Ինչո՞ւ կարելի է ասել, որ Աստվածաշնչի ուսուցումը, նվիրումը և մկրտությունը կարեվոր քայլեր են Եհովայի հետ ընթանալու համար։

◻ Ինչպե՞ս կարելի է Հիսուսի հետքերով գնալ։

◻ Ինչո՞ւ ենք վստահ, որ իր հետ քայլելիս՝ Եհովան կաջակցի մեզ։

[նկարներ 11–րդ էջի վրա]

Աստվածաշնչի ուսուցումը, նվիրումը և մկրտությունը Աստծո հետ ընթանալու համար անհրաժեշտ քայլեր են։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը