‘Գնացեք և աշակերտներ պատրաստեցեք՝ նրանց մկրտելով’
«Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք [«աշակերտ դարձրէ՛ք», ԷԹ], նորանց մկրտելով.... նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն» (ՄԱՏԹԷՈՍ 28։19, 20)։
1. Ի՞նչ որոշում կայացրեց Իսրայել ազգը Սինա լեռան ստորոտում։
ՄՈՏ 3 500 տարի առաջ մի ամբողջ ազգ երդում տվեց Աստծուն։ Սինա լեռան ստորոտում իսրայելացիները հրապարակավ հայտարարեցին. «Եհովայի բոլոր ասածները կ’անենք»։ Այդ պահից սկսած՝ Իսրայելը դարձավ Աստծուն նվիրված ազգ՝ նրա ‘սեփական ժողովուրդը’ (Ելից 19։5, 8; 24։3)։ Նրանք մեծ ակնկալիքներ ունեին Աստծու պաշտպանությունը ստանալու և սերնդեսերունդ ապրելու ‘կաթ ու մեղր բխող’ երկրում (Ղեւտացոց 20։24)։
2. Աստծու հետ ինչպիսի՞ փոխհարաբերություններ կարող են այսօր մարդիկ ունենալ։
2 Սակայն, ինչպես սաղմոսերգու Ասափը անկեղծորեն գրեց, իսրայելացիները «Աստուծոյ ուխտը չ’պահեցին եւ մերժեցին նորա օրէնքի մէջ գնալը» (Սաղմոս 78։10)։ Նրանք չպահեցին այն երդումը, որ իրենց հայրերը տվել էին Եհովային։ Վերջիվերջո, իսրայելացիները կորցրեցին Աստծու հետ ունեցած իրենց առանձնահատուկ փոխհարաբերությունները (Ժողովող 5։4; Մատթէոս 23։37, 38)։ Ուստի Աստված «այց արաւ, որ հեթանոսներիցը [«բոլոր ազգերից», ԱՆԹ] ժողովուրդ առնէ իր անունի համար» (Գործք 15։14)։ Այս վերջին օրերում նա հավաքում է «մի շատ ժողովուրդ որ ոչ ով [չի] կարող համարել, ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից», որոնք ուրախությամբ բացականչում են. «Փրկությունը գալիս է մեր Աստծուց, որ բազմում է գահի վրա, գալիս է նաև Գառից» (Յայտնութիւն 7։9, 10 ԱՆԹ)։
3. Ի՞նչ քայլեր պետք է անհատը կատարի Աստծու հետ անձնական փոխհարաբերություններ վայելելու համար։
3 Որպեսզի անհատը լինի նրանց թվում, ովքեր թանկագին փոխհարաբերություններ են վայելում Աստծու հետ, նա պետք է նվիրվի Եհովային և հրապարակավ խորհրդանշի իր նվիրումը ջրի մկրտությամբ։ Վարվելով այդպես՝ նա կհնազանդվի այն պատվերին, որ Հիսուսը տվեց իր աշակերտներին. «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք [«աշակերտ դարձրէ՛ք», ԷԹ], նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն» (Մատթէոս 28։19, 20)։ Իսրայելացիները լսեցին ‘ուխտի գրքի’ ընթերցումը (Ելից 24։3, 7, 8)։ Այդպիսով նրանք հասկացան Եհովայի հանդեպ իրենց ունեցած պարտականությունները։ Նմանապես այսօր։ Նախքան մկրտվելը խիստ անհրաժեշտ է ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել Աստծու կամքի վերաբերյալ, որը գրված է նրա Խոսքում՝ Աստվածաշնչում։
4. Ի՞նչ պետք է անհատն անի մկրտության չափանիշներին համապատասխանելու համար (տե՛ս նաև վերևի շրջանակը)։
4 Անշուշտ, Հիսուսի ցանկությունն էր, որ իր աշակերտների հավատը ամուր հիմք ունենար, նախքան նրանք կմկրտվեին։ Նա իր հետևորդներին հրահանգ տվեց ոչ միայն գնալ և աշակերտներ պատրաստել, այլև վերջիններիս սովորեցնել ‘պահել այն ամենը, ինչ որ ինքը պատվիրեց’ (Մատթէոս 7։24, 25; Եփեսացիս 3։17–19)։ Ահա թե ինչու նրանք, ովքեր համապատասխանում են մկրտության չափանիշներին, սովորաբար ուսումնասիրում են Աստվածաշունչը ամիսներ և նույնիսկ մեկ կամ երկու տարի։ Այդպիսով մկրտության որոշումը չի լինում պահի ազդեցության տակ կամ անբավարար գիտելիքների վրա հիմնված։ Մկրտության ժամանակ թեկնածուները «այո» են պատասխանում երկու շատ կարևոր հարցի։ Քանի որ Հիսուսը շեշտեց, որ մեր «այո»–ն պետք է «այո» լինի, և «ոչ»–ը՝ «ոչ», ապա բոլորիս համար օգտակար կլինի մանրամասնորեն քննել մկրտության այս երկու հարցերի իմաստը (Մատթէոս 5։37)։
Զղջում և նվիրում
5. Որո՞նք են այն երկու կարևոր քայլերը, որ նշվում են մկրտության առաջին հարցում։
5 Մկրտության առաջին հարցում նշված է այն մասին, թե արդյոք թեկնածուն զղջացել է իր նախկին ապրելակերպի համար և նվիրել է իր կյանքը Եհովային՝ նրա կամքը կատարելու համար։ Այս հարցում ամփոփված են երկու կարևոր քայլեր, որոնք հարկավոր է կատարել նախքան մկրտվելը. դրանք են՝ զղջում և նվիրում։
6, 7. ա) Ինչո՞ւ պետք է անհատը զղջա նախքան մկրտվելը։ բ) Ի՞նչ փոփոխություններ պետք է անհատն անի զղջալուց հետո։
6 Ինչո՞ւ պետք է անհատը զղջա նախքան մկրտվելը։ Պողոս առաքյալը բացատրում է. «Մենք ամենս էլ մի ժամանակ ման էինք գալիս մեր մարմնի ցանկութիւններումը» (Եփեսացիս 2։3)։ Նախքան Աստծու կամքի վերաբերյալ ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելը մենք ապրում էինք աշխարհի սկզբունքներով՝ նրա արժեքների և չափանիշների համաձայն։ Մեր կյանքը այս համակարգի աստծու՝ Սատանայի իշխանության տակ էր (Բ Կորնթացիս 4։4)։ Բայց տեղեկանալով Աստծու կամքին՝ մենք վճռում ենք ապրել «այլ եւս ոչ թէ մարդկանց ցանկութիւնների պէս, այլ Աստուծոյ կամքի պէս» (Ա Պետրոս 4։2)։
7 Կյանքի այս նոր ընթացքը կարող է բազմաթիվ օրհնություններ բերել։ Անհատի համար ամենամեծ օրհնությունը կլինի այն, որ Եհովայի հետ թանկագին փոխհարաբերություններ հաստատի. Դավիթը դա համեմատեց Աստծու ‘խորանը’ և ‘սուրբ սարը’ մտնելու հրավերի հետ։ Ի՜նչ մեծ պատիվ (Սաղմոս 15։1)։ Տրամաբանական է, որ Եհովան բոլորին անխտիր չի հրավիրի, այլ միայն նրանց, ովքեր ‘ուղիղ են գնում, արդարություն են գործում և իրենց սրտում ճշմարտություն են խոսում’ (Սաղմոս 15։2)։ Ճիշտ է, նախքան ճշմարտությունն իմանալը մեր հանգամանքները տարբեր են եղել, բայց այս պահանջներին համապատասխանելու համար հարկ կլինի որոշակի փոփոխություններ կատարել թե՛ վարքում և թե՛ ներքին անձնավորության մեջ (Ա Կորնթացիս 6։9–11; Կողոսացիս 3։5–10)։ Նման փոփոխություններ կատարելուն մեզ մղում է խոր զղջումը. մենք զղջում ենք մեր նախկին ապրելակերպի համար և լցվում ենք մեծ վճռականությամբ՝ հաճեցնելու Եհովային։ Այն արմատական փոփոխության է առաջնորդում. մենք հրաժարվում ենք եսասեր ու աշխարհիկ ապրելակերպից և սկսում ենք Աստծուն հաճելի կյանք վարել (Գործք 3։19)։
8. Ինչպե՞ս ենք նվիրվում Եհովային, և ի՞նչ կապ ունի նվիրումը մկրտության հետ։
8 Մկրտության առաջին հարցի երկրորդ մասում նշվում է այն մասին, թե արդյոք թեկնածուն իր անձը նվիրել է Եհովային՝ նրա կամքը կատարելու համար։ Նվիրումը շատ կարևոր քայլ է, որը պետք է նախորդի մկրտությանը։ Մենք նվիրվում ենք Աստծուն աղոթքով՝ նրան հայտնելով, որ ցանկանում ենք մեր կյանքը տալ իրեն Հիսուսի միջոցով (Հռովմայեցիս 14։7, 8; Բ Կորնթացիս 5։15)։ Դրանից հետո Եհովան դառնում է մեր Տերը, և մենք Հիսուսի պես ‘կամենում’ ենք սրտանց կատարել Աստծու կամքը (Սաղմոս 40։8; Եփեսացիս 6։6)։ Եհովային տրված այդ լուրջ և պատասխանատու խոստումը կյանքում միայն մեկ անգամ է արվում։ Նվիրումը խիստ անձնական բան է և կատարվում է առանձին, այնինչ մկրտության օրը մենք հրապարակավ ցույց ենք տալիս, որ նվիրվել ենք մեր երկնային Հորը (Հռովմայեցիս 10։10)։
9, 10. ա) Ի՞նչ է պահանջվում մեզանից Աստծու կամքը կատարելու համար։ բ) Նացիստները ի՞նչ էին հասկանում Եհովայի վկաների նվիրման առնչությամբ։
9 Ի՞նչ է պահանջվում մեզանից Հիսուսի օրինակին հետևելու համար՝ կապված Եհովայի կամքը կատարելու հետ։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչն [«տանջանքի ցիցն», ՆԱ] առնէ, եւ [«շարունակաբար», ՆԱ] իմ ետեւից գայ» (Մատթէոս 16։24)։ Այստեղ նա նշեց երեք բան, որ պետք է անենք։ Նախ՝ մենք ‘ուրանում’ ենք մեր անձը։ Այլ կերպ ասած՝ «ո՛չ» ենք ասում մեր եսասիրական, անկատար հակումներին և «այո՛»՝ Աստծու խորհուրդներին և առաջնորդությանը։ Երկրորդ՝ մենք ‘վերցնում ենք մեր տանջանքի ցիցը’։ Հիսուսի օրերում տանջանքի ցիցը անարգանքի և տառապանքի խորհրդանիշ էր։ Որպես քրիստոնյաներ՝ մենք ընդունում ենք այն փաստը, որ հանուն բարի լուրի՝ ժամանակ առ ժամանակ տառապանքներ կկրենք (Բ Տիմոթէոս 1։8)։ Աշխարհը գուցե ծաղրի կամ նախատի մեզ, բայց մենք Քրիստոսի պես ‘արհամարհում ենք ամոթը’ և ուրախ ենք այն բանի գիտակցումից, որ հաճեցնում ենք Աստծուն (Եբրայեցիս 12։2)։ Երրորդ՝ մենք «շարունակաբար» հետևում ենք Հիսուսին (Սաղմոս 73։26; 119։44; 145։2)։
10 Հետաքրքիր է, որ նույնիսկ որոշ հակառակորդներ հասկանում են, թե ինչ է նշանակում, որ Եհովայի վկան անվերապահորեն նվիրվել է Աստծուն։ Օրինակ՝ Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարում (նացիստական Գերմանիա) այն Վկաները, որոնք չէին ցանկանում հրաժարվել իրենց հավատից, ստորագրություն էին դնում հետևյալ խոսքերի տակ. «Ես շարունակում եմ լինել Աստվածաշնչի նվիրյալ ուսումնասիրող և երբեք չեմ դրժի Եհովային տված երդումս»։ Անշուշտ, այս խոսքերը վառ կերպով արտահայտում են Աստծու բոլոր նվիրված և հավատարիմ ծառաների դիրքորոշումը (Գործք 5։32)։
Ճանաչվում ես որպես Եհովայի վկա
11. Ի՞նչ առանձնաշնորհում է ստանում մկրտվողը։
11 Թեկնածուին ուղղված երկրորդ հարցում նշվում է, թե արդյոք նա հասկանում է, որ իր մկրտությամբ ճանաչվում է որպես Եհովայի վկա։ Ընկղմումով մկրտվելուց հետո նա դառնում է նշանակված ծառայող, որը կրում է Եհովայի անունը։ Սա և՛ մեծ պատիվ է, և՛ լուրջ պատասխանատվություն։ Բացի այդ, մկրտված անձնավորությունը ստանում է հավիտենական փրկության հնարավորություն, եթե մնում է Եհովային հավատարիմ (Մատթէոս 24։13)։
12. Եհովայի անունը կրելու պատիվը ի՞նչ պարտավորություն է բերում։
12 Անխոս, ամենակարող Աստծու՝ Եհովայի անունը կրելը բացառիկ պատիվ է։ Միքիա մարգարեն ասաց. «Բոլոր ժողովուրդները՝ իւրաքանչիւրն իր Աստուծոյ անունովն է գնում, իսկ մենք մեր Տէր [«Եհովա», ՆԱ] Աստուծոյ անունովը պիտի գնանք, յաւիտեանս յաւիտենից» (Միքիա 4։5)։ Սակայն այդ պատիվը իր հետ պարտավորություն է բերում։ Մենք պետք է ջանանք ապրել այնպես, որ պատիվ բերենք այն անվանը, որ կրում ենք։ Ինչպես Պողոսը հիշեցրեց հռոմեացի քրիստոնյաներին, եթե անհատը չի վարվում իր քարոզածի համաձայն, ապա Աստծու անունը «հայհոյվում» է, այսինքն՝ անարգվում (Հռովմայեցիս 2։21–24)։
13. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովային նվիրված անհատը պատասխանատվություն ունի վկայություն տալու նրա մասին։
13 Երբ անհատը դառնում է Եհովայի վկա, նա իր վրա է վերցնում իր Աստծու մասին վկայելու պատասխանատվությունը։ Եհովան իսրայելացիներին, որ արդեն նվիրված էին իրեն, հրավիրեց իր վկաները լինել և վկայություն տալ իր հավիտենական Աստվածության մասին (Եսայիա 43։10–12, 21)։ Բայց իսրայելացիները չկատարեցին իրենց պարտականությունը և ի վերջո լիովին զրկվեցին Եհովայի բարեհաճությունից։ Մեր օրերում ճշմարիտ քրիստոնյաները հպարտ են, որ պատիվ ունեն վկայություն տալու Եհովայի մասին։ Մենք անում ենք դա, որովհետև սիրում ենք նրան և փափագում ենք, որ նրա անունը սրբացվի։ Ինչպե՞ս կարող ենք լռել՝ գիտենալով ճշմարտությունը մեր երկնային Հոր և նրա նպատակի մասին։ Մենք տրամադրված ենք Պողոս առաքյալի պես, որն ասաց. «Հարկ է դրուած ինձ վերայ. եւ վայ է ինձ, եթէ աւետարանը չ’քարոզեմ» (Ա Կորնթացիս 9։16)։
14, 15. ա) Ի՞նչ դեր ունի Աստծու կազմակերպությունը մեր հոգևոր աճի մեջ։ բ) Ի՞նչ հնարավորություններ են մեզ ընձեռված հոգևորապես աճելու համար։
14 Երկրորդ հարցը թեկնածուին հիշեցնում է նաև Եհովայի սուրբ ոգով առաջնորդվող կազմակերպության հետ համագործակցելու իր պատասխանատվության մասին։ Հնարավոր չէ ծառայել Աստծուն նրա կազմակերպությունից մեկուսի. մենք ամբողջ ‘եղբայրության’ քաջալերանքի, օգնության և աջակցության կարիքն ունենք (Ա Պետրոս 2։17; Ա Կորնթացիս 12։12, 13)։ Աստծու կազմակերպությունը կենսական դեր ունի մեր հոգևոր աճի մեջ։ Այն առատորեն մեզ ապահովում է սուրբգրային հրատարակություններով, որոնց շնորհիվ ավելացնում ենք մեր ճշգրիտ գիտելիքները, խնդիրների բախվելիս իմաստնորեն ենք գործում և զարգացնում ենք մտերիմ փոխհարաբերություններ Աստծու հետ։ Մոր պես, որն ամեն ինչ անում է, որ իր երեխան կուշտ և առողջ լինի, «հավատարիմ և իմաստուն ծառան» համապատասխան ժամանակին առատ հոգևոր կերակուր է տալիս մեր հոգևոր աճի համար (Մատթէոս 24։45–47; Ա Թեսաղոնիկեցիս 2։7 ԱՆԹ, 8)։
15 Եհովայի ծառաները իրենց շաբաթական հանդիպումներին ստանում են անհրաժեշտ կրթություն և քաջալերանք, որպեսզի կարողանան շարունակել իրենց հավատարիմ ընթացքը (Եբրայեցիս 10։24, 25)։ Աստվածապետական ծառայության դպրոցը սովորեցնում է խոսել հանրության առջև, իսկ Ծառայողական հանդիպումը ուսուցանում է, թե ինչպես բարի լուրը արդյունավետ կերպով ներկայացնել։ Թե՛ մեր հանդիպումների և թե՛ աստվածաշնչային հրատարակությունների ուսումնասիրության միջոցով մենք տեսնում ենք, թե ինչպես է Եհովայի սուրբ ոգին գործում՝ առաջնորդելով Նրա կազմակերպությունը։ Կանոնավորաբար տալով այդպիսի լավ հնարավորություններ՝ Աստված մեզ զգուշացնում է վտանգներից, դարձնում է մեզ արդյունավետ ծառայողներ և օգնում հոգևորապես արթուն մնալ (Սաղմոս 19։7, 8, 11; Ա Թեսաղոնիկեցիս 5։6, 11; Ա Տիմոթէոս 4։13)։
Ինչն է մղում մկրտության որոշում կայացնելու
16. Ի՞նչն է մղում մեզ նվիրվելու Եհովային։
16 Այսպիսով՝ մկրտության երկու հարցերը հիշեցնում են թեկնածուներին ջրի մկրտության կարևորության և նրա բերած պատասխանատվության մասին։ Ուրեմն ի՞նչը պետք է մղի նրանց մկրտվելու որոշում կայացնել։ Մենք մկրտվում ենք ոչ թե այն պատճառով, որ մեկը մեզ ստիպում է դա անել, այլ որ Եհովան ‘քաշում’ է մեզ (Յովհաննէս 6։44)։ Քանի որ «Աստուած սէր է», նա տիեզերքը ղեկավարում է՝ սիրուց ելնելով և ոչ թե ուժ գործադրելով (Ա Յովհաննէս 4։8)։ Եհովան մեզ դեպի իրեն է ‘քաշում’ իր լավ հատկություններով և մեր հանդեպ իր վերաբերմունքով։ Նա իր միածին Որդուն տվել է մեզ համար և լավագույն ապագան է առաջարկում (Յովհաննէս 3։16)։ Այդ ամենը մեզ մղում է մեր կյանքը նրան տալ՝ նվիրել (Առակաց 3։9; Բ Կորնթացիս 5։14, 15)։
17. Ինչի՞ն մենք չենք նվիրվել։
17 Մենք չենք նվիրվում ինչ–որ գաղափարի կամ գործի։ Մենք նվիրվում ենք Եհովա Աստծուն։ Այն գործը, որ Աստված տալիս է մեզ՝ իր ծառաներին, կարող է փոխվել, բայց մեր նվիրումը չի փոխվում։ Օրինակ՝ այն հանձնարարությունը, որ Աստված տվեց Աբրահամին, խիստ տարբերվում էր այն հանձնարարությունից, որ նա տվեց Երեմիային (Ծննդոց 13։17, 18; Երեմիա 1։6, 7)։ Սակայն նրանք երկուսն էլ Աստծուց ստացած այդ հատուկ հանձնարարությունները կատարեցին այն պատճառով, որ սիրում էին նրան և ցանկանում էին հավատարմորեն կատարել նրա կամքը։ Այս վերջին օրերում Քրիստոսի բոլոր մկրտված հետևորդները ձգտում են կատարել նրա պատվերը, այն է՝ քարոզել Թագավորության բարի լուրը և աշակերտներ պատրաստել (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Այդ գործը սրտանց կատարելով՝ մենք կփաստենք, որ սիրո՛ւմ ենք մեր երկնային Հորը և իսկապես նվիրված ենք նրան (Ա Յովհաննէս 5։3)։
18, 19. ա) Մկրտվելով՝ ի՞նչ հրապարակային հայտարարություն ենք անում։ բ) Ի՞նչ կքննարկենք հաջորդ հոդվածում։
18 Անկասկած, մկրտությունը բազմաթիվ օրհնությունների դուռ է բացում։ Բայց այդ քայլին չպետք է թեթևամտորեն վերաբերվել (Ղուկաս 14։26–33)։ Մկրտությունը այն պատասխանատվությունն է, որը վեր է ցանկացած այլ պատասխանատվությունից (Ղուկաս 9։62)։ Մկրտվելով՝ մենք իրականում հրապարակավ հայտարարում ենք. «Այս Աստուածն է մեր Աստուածը միշտ եւ յաւիտեան. սա կ’առաջնորդէ մեզ մինչեւ ի մահ» (Սաղմոս 48։14)։
19 Հաջորդ հոդվածում կքննարկենք ուրիշ հարցեր, որ գուցե առաջանան մկրտության հետ կապված։ Կարո՞ղ է լինել այնպիսի հիմնավոր պատճառ, որը անհատին ետ պահի մկրտվելուց։ Տարիքը էակա՞ն գործոն է։ Ինչպե՞ս կարող են բոլորը նպաստել մկրտության միջոցառման վեհությանը։
Կարո՞ղ եք բացատրել
• Ինչո՞ւ պետք է յուրաքանչյուր քրիստոնյա զղջա նախքան մկրտվելը։
• Ի՞նչ է նշանակում նվիրվել Աստծուն։
• Եհովայի անունը կրելու պատիվը ի՞նչ պատասխանատվություններ է բերում։
• Ի՞նչը պետք է մղի մեզ մկրտության որոշում կայացնելու։
[շրջանակ/նկար 22-րդ էջի վրա]
Մկրտության երկու հարցերը
Հիսուս Քրիստոսի զոհաբերության հիման վրա զղջացե՞լ ես արդյոք քո մեղքերի համար և նվիրե՞լ ես քո անձը Եհովային՝ նրա կամքը կատարելու նպատակով։
Հասկանո՞ւմ ես արդյոք, որ քո նվիրումով ու մկրտությամբ դու ճանաչվում ես որպես Եհովայի վկա, ինչպես նաև Աստծու սուրբ ոգով առաջնորդվող կազմակերպության անդամներից մեկը։
[նկար 23-րդ էջի վրա]
Նվիրումը լուրջ խոստում է, որ տրվում է Եհովային աղոթքի միջոցով
[նկար 25-րդ էջի վրա]
Մեր նվիրումը Աստծուն արտահայտվում է մեր քարոզչական գործունեությամբ