Կենսագրություն
Ես ստացա ‘իմ սրտի ուզածները’
ՊԱՏՄՈՒՄ Է ԴՈՄԻՆԻԿ ՄՈՐԳՈՒՆ
Վերջապես 1998 թ. դեկտեմբերին ես Աֆրիկայում էի։ Մանկությանս երազանքը իրականություն էր դարձել։ Միշտ հուզմունքով էի լցվում, երբ մտածում էի Աֆրիկայի ընդարձակ տարածությունների և զարմանահրաշ կենդանական աշխարհի մասին։ Իսկ հիմա այնտեղ էի։ Միևնույն ժամանակ մեկ ուրիշ երազանք էր իրականություն դարձել։ Որպես լիաժամ քարոզիչ՝ ես ծառայում էի օտար երկրում։ Շատերին թվում էր, թե դա անհնար է։ Իմ տեսողությունը խիստ վնասված էր։ Ես քայլում էի Աֆրիկայի գյուղերի ավազոտ փողոցներով ինձ ուղեկցող շան հետ, որը վարժեցված էր եվրոպական քաղաքների համար։ Թույլ տվեք պատմել, թե ինչպես Աֆրիկայում ծառայելը իրականություն դարձավ ինձ համար, և թե ինչպես Եհովան ինձ տվեց ‘իմ սրտի ուզածները’ (Սաղմոս 37։4)։
ԵՍ ԾՆՎԵԼ եմ 1966 թ. հունիսի 9–ին Ֆրանսիայի հարավում։ Տան յոթ երեխաներից (երկու տղա և հինգ աղջիկ) կրտսերը ես էի։ Ծնողներս սիրով հոգ էին տանում մեր մասին։ Սակայն դեռ մանուկ հասակից մի արատ ունեի։ Տատիկիս, մորս և քույրերիցս մեկի նման ես տառապում էի ժառանգական հիվանդությամբ, որն ի վերջո հանգեցնում է բացարձակ կուրության։
Դեռահաս տարիքից ես բախվում էի ռասիզմի, նախապաշարմունքների և կեղծիքի հետ, որոնք ինձ մղում էին ըմբոստանալ հասարակության դեմ։ Հենց այդ դժվար ժամանակներում մենք տեղափոխվեցինք Էրո շրջանը։ Այնտեղ մի զարմանալի բան տեղի ունեցավ։
Մի կիրակի օր՝ առավոտյան, երկու Եհովայի վկաներ եկան մեր տուն։ Մայրս ճանաչում էր նրանց, ուստի ներս հրավիրեց։ Վկաներից մեկը հիշեցրեց մորս, որ նա խոստացել էր մի օր Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Մայրս հիշեց և հարցրեց. «Իսկ ե՞րբ սկսենք»։ Նրանք պայմանավորվեցին հանդիպել ամեն կիրակի՝ առավոտյան, և այդպես մայրս սկսեց սովորել ‘ավետարանի ճշմարտությունը’ (Գաղատացիս 2։14)։
Ձեռք եմ բերում հասկացողություն
Մայրս ոչ մի ջանք չէր խնայում հասկանալու և հիշելու այն, ինչ սովորում էր։ Քանի որ նա կույր էր, պետք է մտապահեր ամեն բան։ Վկաները շատ համբերատար էին նրա հետ։ Ինչ վերաբերում է ինձ, ապա հենց Վկաները գալիս էին, ես թաքնվում էի իմ սենյակում և այնտեղից դուրս էի գալիս միայն այն ժամանակ, երբ նրանք գնում էին։ Սակայն մի օր Յուջին անունով մի Վկա հանդիպեց ինձ և հետս զրուցեց։ Նա ասաց, որ Աստծու Թագավորությունը կվերացնի աշխարհում գոյություն ունեցող կեղծիքը, ատելությունը և նախապաշարմունքները։ «Միայն Աստված կարող է լուծել այդ խնդիրները»,— ավելացրեց նա և ապա հարցրեց, թե կցանկանայի արդյոք ավելին իմանալ։ Հաջորդ օրը ես սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։
Այն, ինչ սովորում էի, ինձ համար նորություն էր։ Ես հասկացա, որ Աստված հիմնավոր պատճառներով է թույլ տվել, որ երկրի վրա ժամանակավորապես գոյություն ունենա չարություն (Ծննդոց 3։15; Յովհաննէս 3։16; Հռովմայեցիս 9։17)։ Հետագայում նաև իմացա, որ Եհովան մեզ չի թողել առանց հույսի։ Նա խոստացել է մեզ հավիտենական կյանք դրախտային երկրի վրա (Սաղմոս 37։29; 96։11, 12; Եսայիա 35։1, 2; 45։18)։ Դրախտում ես կրկին ձեռք կբերեի տեսողությունս, որն աստիճանաբար կորցնում էի (Եսայիա 35։5)։
Սկսում եմ ծառայել լիաժամ
1985 թ. դեկտեմբերի 12–ին ես ջրի մկրտությամբ խորհրդանշեցի իմ նվիրումը Եհովային ու միացա քրոջս՝ Մարի–Կլերին, որն արդեն մկրտված էր։ Հետևելով մորս օրինակին՝ շուտով մկրտվեց նաև եղբայրս՝ Ժան–Պիերը։
Այն ժողովում, որտեղ ես ծառայում էի, կային մի քանի ընդհանուր ռահվիրաներ՝ լիաժամ քարոզիչներ։ Ինձ մեծապես քաջալերում էր ծառայության մեջ ունեցած նրանց ուրախությունն ու եռանդը։ Նույնիսկ Մարի–Կլերը, որը տեսողության հետ կապված խնդիրներ ուներ և ոտքերից մեկին օրթոպեդիական սարք էր կրում, լիաժամ ծառայություն սկսեց։ Նրա օրինակը մինչև օրս էլ շարունակում է հոգևորապես քաջալերել ինձ։ Ժողովում և ընտանիքում ռահվիրաներով շրջապատված լինելը իմ մեջ լիաժամ ծառայություն սկսելու ցանկություն առաջացրեց։ Ուստի 1990 թ. նոյեմբերին Բեզիեում ես սկսեցի ծառայել որպես ռահվիրա (Սաղմոս 94։17–19)։
Պայքարում եմ հուսահատության դեմ
Ծառայության մեջ ես օգնություն էի ստանում հոգատար ռահվիրաներից։ Սակայն նույնիսկ այդ պարագայում ժամանակ առ ժամանակ վհատվում էի իմ սահմանափակ կարողությունների պատճառով, քանի որ ուզում էի ավելին անել։ Նույնիսկ վհատության այդ պահերին Եհովան շարունակում էր օգնել ինձ։ ««Դիտարանի» հրատարակությունների ցանկում» ես այն ռահվիրաների կենսագրություններն էի փնտրում, որոնք, ինչպես և ես, վատ տեսողություն են ունեցել։ Ես ապշել էի՝ իմանալով, թե որքան շատ են այդպիսի օրինակները։ Այդ գործնական և քաջալերական կենսագրությունները սովորեցնում էին ինձ գնահատել այն ամենը, ինչ ես ի վիճակի էի անելու և համակերպվել իմ սահմանափակ կարողությունների հետ։
Կարիքներս հոգալու համար ես այլ Վկաների հետ միասին մաքրություն էի անում խանութներում։ Մի օր նկատեցի, որ գործընկերներս ինձանից հետո նորից մաքրում են նույն տեղերը։ Հասկացա, որ բավականին շատ աղբ էի թողել։ Ես մոտեցա մեր խմբում աշխատող մի ռահվիրա քրոջ՝ Վալերիային, որը մաքրության պատասխանատուն էր, և խնդրեցի, որ նա անկեղծ լինի ինձ հետ և ասի, թե արդյոք ուրիշների համար դժվարություններ եմ ստեղծում։ Նա սիրալիր կերպով թույլ տվեց, որ ինքս որոշեմ, թե երբ կդադարեմ աշխատել։ 1994 թ. մարտին ես թողեցի այդ աշխատանքը։
Կրկին ինձ համակեց անարժեքության զգացումը։ Ես ջերմագին աղոթեցի Եհովային և գիտեմ, որ նա լսել է իմ աղաչանքները։ Աստվածաշունչ և քրիստոնեական հրատարակություններ ուսումնասիրելը կրկին մեծապես օգնեցին ինձ։ Եվ չնայած տեսողությունս հետզհետե թուլանում էր, սակայն Եհովային ծառայելու իմ ցանկությունը է՛լ ավելի էր մեծանում։ Ի՞նչ կարող էի անել։
Սկզբում սպասում եմ, այնուհետև արագ որոշում կայացնում
Հատուկ դասընթացներ անցնելու համար ես դիմեցի Նիմում գտնվող Վերականգնողական բուժման կենտրոն, որը նախատեսված է կույրերի և թույլ տեսողություն ունեցողների համար։ Ի վերջո ինձ երեք ամսով ընդունեցին։ Այնտեղ անցկացրած ժամանակս ինձ մեծ օգուտներ բերեց։ Ես հասկացա, թե ինչպիսին էր իմ խնդիրը և սովորեցի հարմարվել դրան։ Շփվելով այնպիսի մարդկանց հետ, որոնք տառապում են տարբեր հիվանդություններից՝ ես հասկացա, թե որքան թանկ է իմ քրիստոնեական հույսը։ Վերջապես ես նպատակ ունեի և կարող էի ինչ–որ արժեքավոր բան անել։ Բացի այդ, ես սովորեցի ֆրանսերեն Բրայլի գրատիպը։
Երբ տուն վերադարձա, ընտանիքիս անդամները նկատեցին, թե որքան արդյունավետ են եղել դասընթացները։ Միակ բանը, որ իրոք չէի սիրում, սպիտակ ձեռնափայտն էր, որ պետք է օգտագործեի։ Ժամանակ էր անհրաժեշտ, մինչև հարմարվեի «ձեռնափայտ» օգտագործելուն։ Մտածում էի, որ լավ կլիներ մեկ ուրիշ «օգնական» ունենալ, գուցե մի ուղեկցող շուն։
Ես խնդրանք ներկայացրեցի մի գործակալության՝ շուն ունենալու համար, բայց ինձ ասացին, որ պետք է երկար սպասեմ։ Գործակալությունը պետք է նաև հարցազրույց անցկացներ ինձ հետ։ Ուղեկցող շուն ամեն մեկին չի տրվում։ Մի օր մի կին, որը կույրերին օգնող ընկերության տնօրեն էր, ինձ ասաց, որ տեղի թենիսի ակումբը ուղեկցող շուն է ցանկանում նվիրել մեր տարածքում ապրող կույր կամ թույլ տեսողություն ունեցող ցանկացած մարդու։ Այդ կինն ասաց, որ իմանալով դա՝ առաջին հերթին մտածել է իմ մասին։ Ցանկանո՞ւմ էի արդյոք։ Ես տեսա Եհովայի առաջնորդությունը և ընդունեցի այդ առաջարկը։ Այնուամենայնիվ, շուն ունենալու համար որոշ ժամանակ պետք է սպասեի։
Շարունակում եմ մտածել Աֆրիկայի մասին
Մինչ սպասում էի, սկսեցի մտածել մեկ ուրիշ ուղղությամբ։ Ինչպես սկզբում նշեցի, մանկությունից ինձ շատ է հետաքրքրել Աֆրիկան։ Չնայած տեսողությունս վատանում էր, հետաքրքրությունս ավելի ու ավելի էր մեծանում, քանի որ լսել էի, որ Աֆրիկայում շատերն են հետաքրքրություն ցուցաբերում Աստվածաշնչի և Եհովային ծառայելու հանդեպ։ Հետաքրքիր է, որ որոշ ժամանակ առաջ ասել էի Վալերիային, թե կուզեի Աֆրիկա մեկնել, ուստի հարցրեցի նրան, թե արդյոք չի ցանկանա ինձ ընկերակցել։ Նա համաձայնվեց, և մենք նամակ գրեցինք Աֆրիկայի մի քանի ֆրանսախոս մասնաճյուղերի։
Պատասխանը եկավ Տոգոյից։ Հուզված՝ ես Վալերիային խնդրեցի կարդալ նամակը։ Այն այնքան քաջալերական էր, որ Վալերիան ասաց. «Ուրեմն ինչո՞ւ չգնանք»։ Մասնաճյուղի եղբայրների հետ զրուցելուց հետո ես կապ հաստատեցի Սանդրայի հետ, որը Լոմեում՝ Տոգոյի մայրաքաղաքում, ծառայում էր որպես ռահվիրա։ Ես ու Վալերիան որոշեցինք մեկնել 1998 թ. դեկտեմբերի 1–ին։
Ի՜նչ մեծ տարբերություն և միևնույն ժամանակ ինչպիսի՜ հաճույք։ Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Լոմեում, և մենք դուրս եկանք օդանավից, զգացինք աֆրիկյան շոգը, որն ասես վերմակի պես ընկավ մեզ վրա։ Մեզ դիմավորեց Սանդրան։ Նախկինում մենք երբեք չէինք հանդիպել իրար, բայց այնպիսի զգացում ունեինք, կարծես թե հին ընկերներ ենք։ Մեր ժամանումից կարճ ժամանակ առաջ Սանդրան և իր ծառայակից Քրիստինը նշանակվել էին ծառայելու Տաբլիգբոյում (փոքր քաղաք Տոգոյում)՝ որպես հատուկ ռահվիրաներ։ Այժմ մենք առանձնաշնորհում ունեինք նոր նշանակման մեջ ընկերակցելու նրանց։ Մոտավորապես երկու ամիս այնտեղ մնալուց հետո ես մեկնեցի տուն՝ համոզված լինելով, որ նորից կվերադառնամ։
Ուրախ եմ, որ վերադառնում եմ
Ֆրանսիայում անմիջապես սկսեցի պատրաստություններ տեսնել Տոգո վերադառնալու համար։ Ընտանիքիս աջակցությամբ ես կարողացա միջոցներ ձեռնարկել, որպեսզի վեց ամիս մնայի այնտեղ։ Ուստի 1999 թ. սեպտեմբերին կրկին ուղևորվեցի Տոգո, սակայն այս անգամ՝ մենակ։ Պատկերացրեք, թե ինչ զգացումներ ունեին ընտանիքիս անդամները՝ տեսնելով, որ չնայած իմ տկարությանը, մենակ ուղևորվում եմ այնտեղ։ Սակայն անհանգստանալու ոչ մի պատճառ չկար։ Ես վստահեցրի ծնողներիս, որ ընկերներս, որոնք ինձ համար արդեն ընտանիքի անդամների նման էին դարձել, կդիմավորեն ինձ Լոմեում։
Որքա՜ն հաճելի էր վերադառնալ այնտեղ, որտեղ շատ–շատերը հետաքրքրություն էին ցուցաբերում Աստվածաշնչի հանդեպ։ Այնտեղ անսովոր բան չէր տեսնել մարդկանց փողոցում Աստվածաշունչ կարդալիս։ Տաբլիգբոյում մարդիկ կանչում են քեզ պարզապես աստվածաշնչյան թեմաներով զրուցելու համար։ Ի՜նչ առանձնաշնորհում էր ապրել համեստ տան մեջ երկու հատուկ ռահվիրաների հետ միասին։ Ես ծանոթացա մեկ ուրիշ մշակույթի հետ, տեսա, թե տարբեր հարցերի վերաբերյալ ինչ տեսակետներ ունեն նրանք։ Առաջին և գլխավոր բանը, որ նկատեցի, այն էր, որ Աֆրիկայում ապրող քրիստոնյա եղբայրներն ու քույրերը Թագավորության շահերը իրենց կյանքում առաջին տեղում են դնում։ Օրինակ՝ դեպի Թագավորության սրահ բազմաթիվ կիլոմետրեր քայլելը ետ չի պահում նրանց ժողովի հանդիպումներին հաճախելուց։ Նաև շատ բան սովորեցի նրանց ջերմ վերաբերմունքից և հյուրասիրությունից։
Մի օր, երբ ծառայությունից տուն էինք գալիս, Սանդրային ասացի, որ վախենում եմ վերադառնալ Ֆրանսիա։ Տեսողությունս ավելի էր վատացել։ Ես մտածում էի Բեզիեի մարդաշատ և աղմկոտ փողոցների, շենքերի աստիճանների և շատ այլ բաների մասին, որոնք դժվարացնում են կյանքը նրա համար, ով վատ տեսողություն ունի։ Մինչդեռ Տաբլիգբոյի փողոցները թեև սալարկված չէին, սակայն հանգիստ էին։ Դրանք մարդաշատ չէին և մեծ երթևեկություն չկար։ Տաբլիգբոյում ապրելուց հետո ինչպե՞ս էի հարմարվելու Ֆրանսիայում ապրելուն։
Երկու օր անց մայրս զանգահարեց և տեղեկացրեց, որ ուղեկցող շների դպրոցում ինձ են սպասում։ Լաբրադոր տեսակի Օսեանի անունով ուղեկցող շունը պատրաստ էր դառնալ իմ «տեսողությունը»։ Եվս մեկ անգամ իմ կարիքների մասին հոգ տարվեց, և մտահոգություններս փարատվեցին։ Տաբլիգբոյի վեցամսյա ուրախ ծառայությունից հետո ես վերադարձա Ֆրանսիա՝ հանդիպելու Օսեանիին։
Պարապմունքներից մի քանի ամիս անց Օսեանիին վստահեցին ինձ։ Սկզբում այնքան էլ հեշտ չէր։ Մենք պետք է սովորեինք հասկանալ իրար։ Սակայն աստիճանաբար ես զգացի, թե որքան ունեի Օսեանիի կարիքը։ Իրականում այժմ նա իմ մի մասն է։ Ինչպե՞ս էին Բեզիեում մարդիկ արձագանքում, երբ տեսնում էին, որ շան հետ էի գնում իրենց տուն։ Ինձ ընդունում էին հարգանքով և բարությամբ։ Օսեանին մեր շրջապատում «հերոս» էր դարձել։ Քանի որ շատ մարդիկ իրենց անհարմար են զգում հաշմանդամ անհատի ներկայությամբ, ուստի շուն ունենալը հնարավորություն էր տալիս ինձ ազատ խոսել իմ տկարության մասին։ Մարդիկ հանգիստ էին զգում իրենց և լսում էին ինձ։ Օսեանիի օգնությամբ շատ հետաքրքիր զրույցներ էին սկսվում։
Օսեանիի հետ Աֆրիկայում
Ես չէի մոռացել Աֆրիկայի մասին և պատրաստվում էի իմ երրորդ ճանապարհորդությանը։ Այս անգամ ինձ հետ էր նաև Օսեանին։ Ինձ ուղեկցում էր նաև մի երիտասարդ զույգ՝ Անտոնին և Օրորոն, ինչպես նաև իմ ընկերուհի Կարոլինան՝ բոլորն էլ ռահվիրաներ։ 2000 թ. սեպտեմբերի 10–ին մենք ժամանեցինք Լոմե։
Սկզբում շատերը վախենում էին Օսեանիից։ Լոմեում քչերն էին այդպիսի մեծ շուն տեսել, քանի որ Տոգոյում շները մեծ մասամբ փոքր են։ Տեսնելով նրա վզակապը՝ ոմանք մտածում էին, թե նա մի սարսափելի կենդանի է, որից պետք է զգուշանալ։ Օսեանին իր հերթին պաշտպանողական դիրք էր ընդունում՝ պատրաստ պաշտպանելու ինձ ցանկացած բանից, որը նրան թվում էր վտանգավոր։ Սակայն շուտով Օսեանին նոր միջավայրում իրեն զգում էր այնպես, ինչպես տանը։ Երբ նա վզակապ է կրում, կարծես աշխատանքի մեջ լինի՝ կարգապահ, պատասխանատու, կանգնած իմ կողքին։ Իսկ երբ ազատ է արձակված, դառնում է չարաճճի, երբեմն էլ անհնազանդ։ Մենք միասին ուրախ ժամանակ ենք անցկացնում։
Բոլորս էլ հրավիրված էինք ապրելու Տաբլիգբոյում Սանդրայի և Քրիստինի հետ։ Որպեսզի տեղի եղբայրներն ու քույրերը հարմարվեին Օսեանիին, մենք հրավիրում էինք նրանց մեր տուն և բացատրում, թե ինչում է կայանում ուղեկցող շան դերը, թե ինչու այդպիսի շան կարիք ունեմ, և թե ինչպես նրանք պետք է վարվեն, երբ նրա կողքին են։ Երեցները համաձայնվեցին, որ Օսեանին ինձ հետ միասին գա Թագավորության սրահ։ Քանի որ սա Տոգոյում անսովոր բան էր, այդ առումով ժողովի հանդիպմանը հայտարարություն արվեց։ Իսկ ծառայության Օսեանին ինձ հետ գալիս էր այն ժամանակ, երբ ես վերայցելություններ էի կատարում և Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ անցկացնում։ Այդպիսի իրավիճակներում նրա ներկայությունը ավելի հեշտությամբ էին հասկանում։
Այդ տարածքում քարոզելը ինձ հաճույք է պատճառում։ Ինձ միշտ տպավորել է նրբանկատ մարդկանց վերաբերմունքը, որ դրսևորվել է բարի գործերով, ինչպես օրինակ՝ երբ ինձ համար աթոռ են բերել։ 2001 թ. հոկտեմբերին Տոգո կատարած իմ չորրորդ ճանապարհորդության ժամանակ մայրս եկավ ինձ հետ։ Երեք ամիս անց նա վերադարձավ Ֆրանսիա՝ ուրախ և համոզված, որ ես լավ եմ։
Ես խորապես երախտապարտ եմ Եհովային, որ կարողացել եմ ծառայել Տոգոյում։ Վստահ եմ, որ Եհովան կշարունակի ինձ տալ ‘իմ սրտի ուզածները’, քանի որ իրեն ծառայելու համար օգտագործում եմ այն ամենը, ինչ ունեմ։a
[ծանոթագրություն]
a Քույր Մորգուն վերադարձավ Ֆրանսիա և կարողացավ կատարել իր հինգերորդ ճանապարհորդությունը Տոգո, որտեղ մնաց 2003 թ. հոկտեմբերի 6–ից մինչև 2004 թ. փետրվարի 6–ը։ Ցավոք, առողջական դժվարությունների պատճառով դա իրերի այս համակարգում թերևս նրա վերջին ուղևորությունն էր դեպի Տոգո։ Այնուհանդերձ, նրա մեծագույն ցանկությունը Եհովային ծառայելն է։
[նկարներ 10–րդ էջի վրա]
Միշտ հուզմունքով էի լցվում, երբ մտածում էի Աֆրիկայի ընդարձակ տարածությունների և զարմանահրաշ կենդանական աշխարհի մասին
[նկար 10–րդ էջի վրա]
Վերայցելություններ կատարելիս Օսեանին ինձ հետ էր գալիս
[նկար 11–րդ էջի վրա]
Երեցները համաձայնվեցին, որ Օսեանին ինձ հետ գա ժողովի հանդիպումներին