Հրեշտակներ. ովքե՞ր են նրանք
ՀԶՈՐ տիրակալը չէր հավատում իր աչքերին. կրակի մեջ նետված երեք դատապարտյալներ փրկվեցին մահվան ճիրաններից։ Ո՞վ ազատեց նրանց։ Դիմելով փրկվածներին՝ թագավորն ինքը պատասխանեց այդ հարցին. «Օրհնեալ է [ձեր] Աստուածը, որ ուղարկեց իր հրեշտակին եւ ազատեց իր ծառաներին» (Դանիէլ 3։28)։ Բաբելոնի այդ կառավարիչը, որ ապրել է երկու հազարամյակ առաջ, ականատես եղավ այն բանին, թե ինչպես հրեշտակը փրկեց մարդկանց։ Անցյալում հրեշտակներին հավատացել են միլիոնավոր անհատներ։ Այսօր շատերը ոչ միայն հավատում են հրեշտակների գոյությանը, այլև կարծում են, որ նրանք որոշակի դեր են խաղում իրենց կյանքում։ Ովքե՞ր են հրեշտակները, և ի՞նչ ծագում ունեն նրանք։
Համաձայն Աստվածաշնչի՝ հրեշտակները ոգեղեն էակներ են, ինչպես որ Աստված է Ոգի (Սաղմոս 104։4; Յովհաննէս 4։24, ՆԱ)։ Նրանց թիվը անչափ մեծ է և հասնում է միլիոնների (Յայտնութիւն 5։11)։ Բոլոր հրեշտակները ‘հզոր են զորությամբ’ (Սաղմոս 103։20)։ Թեև նրանք նման են մարդկանց այն առումով, որ օժտված են կամքի ազատությամբ, սակայն այլ կերպ են ծնունդ առել։ Աստված նրանց ստեղծել է մարդկանց և նույնիսկ Երկիր մոլորակի արարումից շատ առաջ։ Գրություններում ասվում է, որ երբ Արարիչը դնում էր «երկրի հիմունքը», ‘առավոտյան աստղերը [հրեշտակները] միասին ցնծում էին, և Աստծու բոլոր որդիները գովաբանում էին’ նրան (Յոբ 38։4, 7)։ Քանի որ Աստված է արարել հրեշտակներին, նրանք կոչվում են Աստծու որդիներ։
Ի՞նչ նպատակով է Արարիչը ստեղծել հրեշտակներին։ Ի՞նչ դեր են նրանք ունեցել (եթե ունեցել են) մարդկության պատմության ընթացքում։ Այսօր ի՞նչ են անում մեզ համար։ Եթե հրեշտակները օժտված են ազատ կամքով, արդյոք նրանցից ոմանք չե՞ն հետևել Բանսարկու Սատանային՝ թշնամանալով Աստծու հետ։ Այս հարցերի ճշմարիտ պատասխանները կարելի է գտնել Աստվածաշնչում։