Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 2/15 էջ 4–7
  • «Գտանք Մեսիային»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Գտանք Մեսիային»
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Փաստեր, որոնք ապացուցում էին Հիսուսի Մեսիա լինելը
  • Բաղադրյալ պատկեր
  • Ծննդաբանությունը և Մեսիայի ինքնությունը
  • Մարգարեությունների պատահական կատարո՞ւմ Հիսուսի վրա
  • Մեսիայի գալուստը
  • Մեսիա՝ փրկության միջոց
    2009 Դիտարան
  • Նրանք սպասում էին Մեսիային
    2011 Դիտարան
  • Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 3
    2012 Արթնացե՛ք
  • Հիսուս Քրիստոս՝ Աստծո գիտության բանալի
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
Ավելին
2006 Դիտարան
w06 2/15 էջ 4–7

«Գտանք Մեսիային»

«ԳՏԱՆՔ Մեսիային»։ «Գտանք այն մարդուն, ում մասին գրել են թե՛ Մովսեսն իր Օրենքի գրքում և թե՛ մարգարեները» (ԱՆԹ)։ Այս ցնցող խոսքերը ասացին առաջին դարում ապրող երկու աստվածասեր հրեաներ։ Վերջապե՛ս։ Մեսիան, որին այդքան սպասում էին, եկավ։ Կասկած չկար, որ նա Մեսիան էր (Յովհաննէս 1։35–45)։

Եթե պատկերացնեք, թե այդ ժամանակ պատմական և կրոնական ինչ ֆոնի վրա էին զարգանում դեպքերը, ապա կզգաք, որ նրանք մեծ հիմքեր ունեին այդ եզրակացությանը գալու։ Մինչ այդ, այսպես կոչված, ազատարարներ էին մեծ աղմուկով ի հայտ եկել և ժողովրդին խոստացել, որ կազատագրեն Հռոմի լծից։ Ժողովուրդը հավատացել էր նրանց, բայց նրանք չէին կատարել տված խոստումը (Գործք 5։34–37)։

Սակայն այդ երկու հրեաները՝ Անդրեասն ու Փիլիպպոսը, նույնիսկ մի փոքր չկասկածեցին, որ գտել են իսկական Մեսիային։ Հաջորդ մի քանի տարիներին նրանց համոզվածությունն ավելի մեծացավ, քանի որ իրենք անձամբ ականատես եղան այդ մարդու կատարած այն զորավոր գործերին, որոնք, համաձայն մարգարեության, անելու էր Մեսիան։

Ինչո՞ւ այդ երկուսը և շատ ուրիշներ հավատ ընծայեցին նրան՝ համոզված լինելով, որ վերջինս պարզապես հերթական խաբեբան չէ։ Ի՞նչ ապացույցներ կան, որ նա իսկապես Մեսիան էր և ոչ թե ինքնակոչ մեկը։

Ինչպես պատմությունն է փաստում, Անդրեասն ու Փիլիպպոսը հասկացան, որ Նազովրեցի Հիսուսը՝ նախկին ատաղձագործը, խոստացված ու երկար սպասված Մեսիան է (Յովհաննէս 1։45)։ Այդ ժամանակներում ապրող Ղուկաս անունով մի խորաքնին պատմաբան գրում է, որ Մեսիան եկավ «Տիբերիոս կայսեր տէրութեան տասնեւհինգերորդ տարում» (Ղուկաս 3։1–3)։ Տիբերիոսի իշխանության տասնհինգերորդ տարին սկսվեց մ.թ. 28–ի սեպտեմբեր ամսին և վերջացավ մ.թ. 29–ի սեպտեմբերին։ Ղուկասը նաև նշում է, որ այդ ժամանակ հրեաները ‘սպասում’ էին Մեսիայի գալստյանը (Ղուկաս 3։15)։ Ինչո՞ւ էին նրան սպասում հենց այդ ժամանակ։ Եկեք տեսնենք։

Փաստեր, որոնք ապացուցում էին Հիսուսի Մեսիա լինելը

Մեսիայի դերը շատ կարևոր է։ Ուստի դուք երախտագետ կլինեք ու տրամաբանական կհամարեք, որ Արարիչը՝ Եհովան, կոնկրետ ապացույցներ տար բոլոր ուշադիր և հավատարիմ անձանց, որպեսզի նրանք հասկանային, թե ով է խոստացված Մեսիան։ Ինչո՞ւ։ Քանի որ այդպիսով ուշադիր անհատները շատերի պես չէին խաբվի ինքնակոչ մեսիաներից։

Երբ դեսպանը ներկայանում է տվյալ երկրի կառավարությանը, ապա ակնկալվում է, որ նա հաստատի իր նշանակումը համապատասխան փաստաթղթերով։ Նմանապես, Եհովան հոգ է տարել, որ բավական վաղօրոք գրի առնվեն այն պահանջները, որոնք Մեսիան պետք է բավարարեր։ Այդպիսով՝ երբ Մեսիան եկավ, նա կարծես եկավ համապատասխան փաստաթղթերով, որոնք հաստատելու էին նրա ինքնությունը։

Այն պահանջները, որ Մեսիան պետք է բավարարեր, տրված են աստվածաշնչային շատ մարգարեություններում, որոնք գրվել էին դարեր առաջ։ Այդ մարգարեությունները ամենայն մանրամասնությամբ նշում էին, թե ինչպես է Մեսիան գալու, ինչ ծառայություն է կատարելու, ինչպես է տանջվելու և ինչ մահով է մահանալու։ Ձեզ համար թերևս հետաքրքրական լինի իմանալ, որ այդ արժանահավատ մարգարեությունները նաև կանխագուշակել են նրա հարությունը, համբարձվելը, Աստծու աջ կողմում նստելը և այն օրհնությունները, որոնք կբերի նրա ապագա Թագավորությունը։ Կարելի է ասել, որ Մեսիայի վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեությունները նման են մատնահետքի, որը կարող է պատկանել միայն մեկ անհատի։

Ինչ խոսք, մ.թ. 29–ին, երբ Հիսուսը ասպարեզ իջավ, Մեսիայի վերաբերյալ ոչ բոլոր մարգարեությունները կատարվեցին։ Օրինակ՝ նա դեռ պետք է մահանար և հարություն առներ։ Բայցևայնպես, Անդրեասն ու Փիլիպպոսը և շատ ուրիշներ, տեսնելով, թե ինչ է Հիսուսը սովորեցնում և ինչ գործեր է անում, հավատ ընծայեցին նրան։ Նրանք ունեին բազմաթիվ ապացույցներ, որ նա իսկապես Մեսիան է։ Եթե դուք ապրեիք այն ժամանակ և հնարավորություն ունենայիք անձամբ ուսումնասիրելու փաստերը, ապա շատ հնարավոր է դուք էլ համոզվեիք, որ Հիսուսը Մեսիան է։

Բաղադրյալ պատկեր

Ի՞նչը կօգներ ձեզ նման համոզվածության գալու։ Դարերի ընթացքում Աստված մարգարեների միջոցով տվել է այն հատուկ պահանջները, որոնք Մեսիան պետք է բավարարեր, և որոնք անսխալ կերպով նրան էին մատնանշելու։ Մարգարեները նշում էին այդ մանրամասնությունները, և ժամանակի ընթացքում Մեսիայի «պատկերը» աստիճանաբար ավելի հստակ էր գծագրվում։ Հենրի Հալլեյը գրում է. «Պատկերացնենք տարբեր երկրներից եկած և միմյանց երբեք չտեսած, իրար հետ ոչ մի ձևով չհաղորդակցված մարդկանց, որոնք մտնում են մի սենյակ, և ամեն մեկն իր ձեռքում ունի փորագրված մարմարի կտոր։ Եթե այդ կտորները մեկտեղ բերվեն, ապա մի կատարյալ քանդակ կստացվի. ինչպե՞ս կարելի է դա բացատրել այլ կերպ, եթե ոչ այնպես, որ մի անձնավորություն ինքն է այդ քանդակը արել, իսկ հետո այդ մարդկանցից յուրաքանչյուրին ուղարկել մի կտոր»։ Այնուհետև նա հարցնում է. «Ինչպե՞ս կարող է Հիսուսի կյանքի և գործունեության այս ապշեցուցիչ բաղադրյալ պատկերը, որը կազմվել է դարերի ընթացքում տարբեր գրողների կողմից Հիսուսի գալուց հարյուրամյակներ առաջ, բացատրվել այլ կերպ, եթե ոչ այնպես, որ մի գերմարդկային միտք ղեկավարել է գրությունը»։ Հալլեյը եզրակացնում է, որ դա «հրաշքների հրաշքն» էր։

Այդ «հրաշքը» սկիզբ է առնում Աստվածաշնչի առաջին գրքում՝ «Ծննդոց»–ում։ Այս գիրքը գրողը Մեսիայի դերի վերաբերյալ Աստվածաշնչի առաջին մարգարեությանը ավելացրեց այն մանրամասնությունը, որ Մեսիան գալու է Աբրահամի ժառանգական գծով (Ծննդոց 3։15; 22։15–18)։ Նա մեկ ուրիշ մանրամասնություն էլ հայտնեց. Մեսիան պատկանելու է Հուդայի ցեղին (Ծննդոց 49։10)։ Աստված Մովսեսի միջոցով իսրայելացիներին ասաց, որ Մեսիան լինելու է ավելի մեծ պատգամախոս և ազատարար, քան Մովսեսը (Բ Օրինաց 18։18)։

Դավիթ թագավորի ժամանակներում մարգարեացվեց, որ Մեսիան Դավթի գահի ժառանգորդ է լինելու և նրա թագավորությունը «հաստատ պիտի մնայ մինչեւ յաւիտեան» (Բ Թագաւորաց 7։13–16)։ «Միքիա» գիրքը բացահայտեց, որ Մեսիան ծնվելու է Դավթի քաղաքում՝ Բեթլեհեմում (Միքիա 5։2)։ Եսայիան մարգարեացավ, որ նա ծնվելու է կույսից (Եսայիա 7։14)։ Մաղաքիա մարգարեն կանխագուշակեց, որ նրա գալուստը ազդարարվելու է Եղիայի նման մի անձնավորության կողմից (Մաղաքիա 4։5, 6)։

Մեսիային վերաբերող հաջորդ մանրամասնությունը գտնում ենք «Դանիէլ» գրքում։ Մատնացույց անելով Մեսիայի ասպարեզ իջնելու ճշգրիտ տարին՝ մարգարեությունն ասում է. «Իմացիր ու հասկացիր, որ Երուսաղէմը դարձեալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչեւ Մեսիա իշխանը եօթը եօթնեակ եւ վաթսունեւերկու եօթնեակ կայ, որ դարձեալ պիտի շինուի հրապարակը եւ պարիսպը, այն էլ նեղ ժամանակներում» (Դանիէլ 9։25)։

Պարսից թագավոր Արտաշեսը իր կառավարման 20–րդ տարում «հրաման» արձակեց վերականգնել և վերակառուցել Երուսաղեմը։ Նա սկսեց թագավորել մ.թ.ա. 474–ից, ուստի նրա 20–րդ տարին կլինի մ.թ.ա. 455 թվականը (Նէեմիա 2։1–8)։ Այսպիսով՝ 69 (7 գումարած 62) մարգարեական շաբաթներ են ընկած Երուսաղեմը վերականգնելու և վերակառուցելու մասին հրամանի և Մեսիայի հայտնվելու միջև։ Վաթսունինը բառացի շաբաթները, սակայն, կազմում են ընդամենը 483 օր՝ երկու տարուց էլ քիչ։ Բայց քանի որ կա «ամեն մէկ տարուայ տեղ մէկ մէկ հատ օր» մարգարեական կանոնը, ապա պարզ է դառնում, որ Մեսիան հայտնվելու էր 483 տարի անց՝ մ.թ. 29–ին (Եզեկիէլ 4։6)։a

Զանազան մեսիաներ են ի հայտ եկել տարբեր ժամանակներում, բայց միայն Հիսուս Նազովրեցին է հայտնվել ասպարեզում մ.թ. 29–ին (Ղուկաս 3։1, 2)։ Հենց այդ տարի Հիսուսը եկավ Հովհաննես Մկրտչի մոտ և մկրտվեց ջրում։ Այդ ժամանակ Հիսուսը օծվեց սուրբ ոգով որպես Մեսիա։ Հետագայում Հովհաննեսը, որ Եղիայի նման էր, Հիսուսին ներկայացրեց Անդրեասին և մեկ ուրիշ աշակերտի՝ անվանելով նրան «Աստուծոյ Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը» (Յովհաննէս 1։29; Ղուկաս 1։13–17; 3։21–23)։

Ծննդաբանությունը և Մեսիայի ինքնությունը

Ներշնչյալ մարգարեությունները Մեսիայի ծագումը կապում են կոնկրետ հրեա ընտանիքների հետ։ Ուստի շատ տրամաբանական է, որ ամենագետ Արարիչն այնպես աներ, որ Մեսիան գար այն ժամանակ, երբ հնարավոր կլիներ ծննդաբանական արձանագրություններով ստուգել նրա ծագումը։

«Մըքքլինթոքի և Սթրոնգի հանրագիտարանը» նշում է. «Գրեթե համոզված կարելի է ասել, որ հրեական ցեղերի և ընտանիքների մասին արձանագրությունները ոչնչացել են Երուսաղեմի [մ.թ. 70–ի] կործանման ժամանակ, և ոչ թե ավելի շուտ»։ Հստակ ապացույցներ կան, որ Մատթեոսն ու Ղուկասը իրենց Ավետարանները գրել են մ.թ. 70–ից առաջ։ Ուստի, նրանք կարող էին օգտվել այդ արձանագրություններից, երբ կազմում էին Հիսուսի ծննդաբանությունը (Մատթէոս 1։1–16; Ղուկաս 3։23–38)։ Քանի որ այդ հարցը շատ կարևոր էր, նրանց ժամանակակիցներից շատերը անշուշտ կցանկանային անձամբ ստուգել Հիսուսի ծագումը։

Մարգարեությունների պատահական կատարո՞ւմ Հիսուսի վրա

Բայցևայնպես, հնարավո՞ր է, որ Հիսուսի վրա մեսիական մարգարեությունների կատարումը պատահականություն լինի։ Հարցազրույցի ժամանակ մի մասնագետ ասաց. «Դա անհնար է։ Այնքան շատ ապացույցներ կան, որ դա պարզապես բացառվում է։ Ինչ–​որ մեկը հաշվարկներ է կատարել և պարզել, որ ընդամենը ութ մարգարեության իրականացման հավանականությունը հավասար է մեկը՝ հարյուր միլիոն միլիարդի [1։1017]»։ Սա լուսաբանելու համար նա հետևյալ օրինակը բերեց. «Եթե դուք այդ թվով արծաթե դոլարներ [մետաղադրամներ] ունենայիք, ապա դրանցով կկարողանայիք [690 000 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող] Տեխաս նահանգը ծածկել 60 սանտիմետր հաստության շերտով։ Եթե դուք այդ արծաթե դոլարներից մեկի վրա նշան անեիք և աչքերը կապած մի մարդու ասեիք, որ քայլեր ամբողջ նահանգով մեկ և կռանար ու վերցներ մեկ մետաղադրամ, ապա ի՞նչ հավանականություն կլիներ, որ նա կվերցներ հենց նշան ունեցող դրամը»։ Հետո այդ մասնագետն ասաց, որ դա «հենց այն հավանականությունն է, որ պատմության մեջ ինչ–​որ մեկը կարողանար կատարել [մեսիական] մարգարեություններից ընդամենը ութը»։

Բայց Հիսուսը իր երեքուկես տարվա ծառայության ընթացքում միայն ութ աստվածաշնչային մարգարեություն չէ, որ իրագործեց։ Նկատի ունենալով այդքան անհամար ապացույցները՝ այդ մասնագետը եզրակացնում է. «Ամբողջ պատմության մեջ Հիսուսը, և միայն ու միայն Հիսուսը, իրագործեց այդ մարգարեությունները»։

Մեսիայի գալուստը

Հստակ է, Մեսիան եկավ մ.թ. 29–ին Հիսուս Նազովրեցի անունով։ Նա եկավ որպես մի խոնարհ, չարչարվելու պատրաստ Փրկիչ։ Նա չեկավ որպես ամենահաղթ Թագավոր, որը կոտրելու էր հռոմեացիների ծանր լուծը, ինչպես որ թերևս հրեաների մեծամասնությունը և նույնիսկ նրա հետևորդներն էին ակնկալում (Եսայիա, գլուխ 53; Զաքարիա 9։9; Գործք 1։6–8)։ Բայցևայնպես, ապագայում նա գալու էր զորությամբ և մեծ իշխանությամբ (Դանիէլ 2։44; 7։13, 14)։

Աստվածաշնչյան մարգարեությունները ուշադիր քննելով՝ ամբողջ աշխարհում մտածող մարդիկ համոզվել են, որ Մեսիան եկել է առաջին դարում, և որ նա դարձյալ պիտի գա։ Փաստերը հաստատում են, որ նրա վերադարձը՝ նրա «ներկայության» (ՆԱ) սկիզբը, տեղի ունեցավ 1914 թ.–ին (Մատթէոս 24։3–14)։b Այդ տարի Հիսուսը մարդկանց աչքին անտեսանելի կերպով երկնքում թագադրվեց որպես Աստծու Թագավորության Թագավոր։ Նա շուտով երկիրը կմաքրի Եդեմում բարձրացված ապստամբության հետևանքներից։ Հետո Հիսուսը կիշխի հազար տարի, և այդ ընթացքում օրհնություններ կստանան բոլոր նրանք, ովքեր հավատ են ընծայում նրան որպես խոստացված Սերնդի՝ Մեսիայի, որը «վեր է առնում աշխարհքի մեղքը» (Յովհաննէս 1։29; Յայտնութիւն 21։3, 4)։

Եհովայի վկաները ուրախ կլինեն ձեզ հետ քննարկել Մեսիայի վերաբերյալ մարգարեությունները և Աստվածաշնչից ցույց տալ, թե Մեսիայի իշխանությունն ինչ կարող է նշանակել ձեզ և ձեր հարազատների համար։

[ծանոթագրություններ]

a Դանիէլ 9։25–ի վերաբերյալ լրացուցիչ մանրամասնությունների համար տե՛ս «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանը, հատոր 2, էջ 899–904, անգլ.։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

b Մանրամասնությունների համար տե՛ս «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքի 10–րդ և 11–րդ գլուխները։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[գծապատկեր/նկարներ 6-րդ էջի վրա]

մ.թ.ա. 455, “«Երուսաղեմը դարձեալ շինելու..... հրամանը»

մ.թ. 29, Մեսիան եկավ

483 տարի (69 մարգարեական շաբաթ)​—(Դանիէլ 9։25)

1914 թ., Մեսիան երկնքում գահակալվեց

Մեսիան շուտով վերջ կդնի ամբարշտությանը և երկիրը դրախտի կվերածի

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը