Ինչը կօգնի կողակիցներին հաղորդակցվել միմյանց հետ
«ԵՍ ՉՊԵՏՔ Է դա ասեի», «ես պարզ չարտահայտվեցի»։ Երբևէ այսպիսի զգացումներ ունեցե՞լ ես կողակցիդ հետ հաղորդակցվելուց հետո։ Հաղորդակցությունը հմտություն է, որը հարկավոր է զարգացնել։ Որոշ մարդիկ ավելի հեշտությամբ են հաղորդակցվում, քան մյուսները։ Այնուամենայնիվ, եթե դու նույնպես դժվարանում ես հաղորդակցվել, կարող ես սովորել արտահայտել մտքերդ հաճելի ձևով և հաղորդակցվել արդյունավետորեն։
Երբեմն մշակույթը ազդեցություն է թողնում այն բանի վրա, թե անհատի մոտ ինչ մտածելակերպ է ձևավորվում կողակցի հետ հաղորդակցվելու առնչությամբ։ Օրինակ՝ տղամարդկանց գուցե ասվում է. «Տղամարդը չպետք է շատ խոսի»։ Զրուցասեր տղամարդկանց սովորաբար համարում են թեթևամիտ ու կեղծավոր։ Ճիշտ է, Աստվածաշունչն ասում է. «Թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար» (Յակոբոս 1։19)։ Սակայն այդ խորհուրդը վերաբերում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց և ցույց է տալիս, որ հաղորդակցությունն ավելին է ներառում, քան պարզապես խոսելը։ Երկու անհատներ շատ երկար կարող են խոսել, բայց ի՞նչ օգուտ, եթե չեն լսում իրար։ Իհարկե, չենք կարող ասել, որ դա իսկական հաղորդակցություն է։ Լավ հաղորդակցության մեջ, ինչպես ցույց է տալիս վերոհիշյալ սուրբգրային համարը, մեծ դեր ունի լսելը։
Հաղորդակցություն՝ առանց խոսքերի
Որոշ երկրներում կանանցից ակնկալվում է, որ իրենց զգացմունքներն ու մտքերը չարտահայտեն, իսկ ամուսիններից՝ որ հեռու մնան ընտանեկան գործերից։ Այդպիսի իրավիճակում ամուսինն ու կինը չեն կարող իմանալ, թե ինչ է տվյալ պարագայում անհրաժեշտ իրենց կողակցին։ Որոշ կանայք ժամանակի ընթացքում սովորում են կողմնորոշվել, թե ինչ է հարկավոր իրենց ամուսնուն և արագորեն համապատասխան քայլեր են ձեռնարկում։ Նման դեպքերում ամուսինն ու կինը հաղորդակցվում են առանց խոսքերի։ Սովորաբար այդպիսի հաղորդակցությունը միակողմանի է։ Ու թեև կինը սովորում է հասկանալ, թե ինչ է իր ամուսինը մտածում կամ զգում, բայց ամուսնուց չի ակնկալվում զարգացնել նույն ունակությունը և հասկանալ իր կնոջ զգացմունքները։
Իհարկե, որոշ մշակույթներում տղամարդիկ նկատում են կանանց էմոցիոնալ կարիքները և ձգտում են բավարարել դրանք։ Այնուամենայնիվ, նույնիսկ այսպիսի մշակույթներում շատ զույգեր օգուտներ կքաղեն ավելի լավ հաղորդակցվելուց։
Հաղորդակցությունը կարևոր է
Անկեղծ հաղորդակցությունը կարող է կանխել տարաձայնություններն ու անհասկացողությունները։ Հին Իսրայելի պատմությունից մեզ հայտնի է, որ Ռուբենի ցեղը, Գադի ցեղը և Մանասեի կես ցեղը, որոնք բնակվում էին Հորդանան գետի արևելյան կողմում, «շինեցին՝ մի մեծ սեղան երեւութով»։ Մյուս ցեղերը չհասկացան, թե ինչու նրանք այդպես վարվեցին։ Մտածելով, որ Հորդանանի մյուս կողմում բնակվող իրենց եղբայրները հավատուրացության քայլ են կատարել՝ արևմտյան կողմում բնակվող ցեղերը պատրաստվեցին պատերազմել այդ «ապստամբների» դեմ։ Սակայն նախքան պատերազմելը նրանք պատվիրակություն ուղարկեցին արևելյան ցեղերի մոտ՝ քննելու այդ հարցը։ Ինչպիսի՜ իմաստուն քայլ։ Պարզվեց, որ զոհասեղանը պատրաստված չէր անօրինական ողջակեզներ կամ զոհեր մատուցելու համար։ Արևելյան կողմում բնակվող ցեղերը վախեցել էին, որ ապագայում մյուս ցեղերը կասեին իրենց. «Դուք բաժին չ’ունէք Տէրիցը»։ Զոհասեղանը կլիներ այն բանի վկայությունը, որ նրանք նույնպես Եհովայի երկրպագուներն էին (Յեսու 22։10–29)։ Նրանք անվանեցին զոհասեղանը «Վկայություն» հավանաբար այն պատճառով, որ դա վկայում էր, որ իրենց համար Եհովան էր ճշմարիտ Աստված (Յեսու 22։34)։
Բացատրությունը բավական համոզիչ էր, որպեսզի մյուս ցեղերը փոխեին արևելյան ցեղերի դեմ պատերազմելու իրենց մտադրությունը։ Այո՛, բաց ու անկեղծ հաղորդակցությունը կանխեց զինված ընդհարումը։ Հետագայում երբ Իսրայել ազգը ապստամբեց Եհովա Աստծու՝ իրենց այլաբանական ամուսնու դեմ, Աստված ասաց, որ ողորմածաբար ‘կխոսի նրանց սրտի հետ’ (Ովսէէ 2։14)։ Որքա՜ն լավ օրինակ է սա ամուսինների համար։ Այո՛, ձգտիր հասնել կողակցիդ սրտին, որպեսզի նա կարողանա հասկանալ քո զգացմունքները։ Դա կարևոր է հատկապես այն ժամանակ, երբ խնդիրը էմոցիոնալ բնույթ է կրում։ «Ոմանց կարծիքով՝ խոսքերն արժեք չունեն,— ասում է Փեթի Միհալիքը՝ Միացյալ Նահանգներից մի լրագրող,— սակայն խոսքերը կարող են անգին լինել։ Ու թեև ոմանց համար դժվար է արտահայտել իրենց զգացմունքները, սակայն դա ավելի մեծ օգուտներ կարող է բերել, քան բանկում խնայված գումարը»։
Զարգացրեք հաղորդակցվելու հմտություն
Ոմանք գուցե ասեն. «Մեր ամուսնությունը հենց սկզբից էլ անհաջող է եղել»։ Մյուսները միգուցե եզրակացնեն, որ իրենց ամուսնությունը անհնար է փրկել։ Նրանք թերևս մտածեն, որ հնարավոր չէ բարելավել հաղորդակցվելու հմտությունը հարսանիքից հետո։ Սակայն պատկերացրեք այն մարդկանց դրությունը, որոնց մշակույթում ընդունված է, որ իրենց համար հարազատները կողակից գտնեն։ Չնայած դրան՝ այսպիսի մշակույթներում ապրող շատ զույգեր ի վերջո սովորում են լավ հաղորդակցվել։
Արևելքում ապրող մի տղամարդ և կին ամուսնացել էին հարազատների ընտրությամբ։ Միջնորդը պետք է երկար ճանապարհ անցներ, որպեսզի տղամարդու համար հարսնացու գտներ։ Այս ամուսնական զույգը, որն ապրել է մոտ 4 000 տարի առաջ, բացառիկ հմտություն է դրսևորել հաղորդակցվելու հարցում։ Տղամարդը, որի անունը Իսահակ էր, միջնորդին ու իր հարսնացուին հանդիպեց դաշտում։ Միջնորդը «պատմեց Իսահակին բոլոր բաները որ արել էր»։ Այս ամուսնության վերաբերյալ աստվածաշնչյան արձանագրության մեջ ասվում է. «Եւ Իսահակը նորան [Ռեբեկային] իր մօր Սարրայի վրանը տարաւ [այս քայլը խորհդանշում էր պաշտոնական ամուսնություն], առաւ Ռեբեկային, եւ նա նորա կին եղաւ. եւ նա սիրեց նորան» (Ծննդոց 24։62–67)։
Ուշադրություն դարձրեք, որ Իսահակը սկզբում լսեց միջնորդի պատմածները և հետո ամուսնացավ Ռեբեկայի հետ։ Միջնորդը վստահության արժանի ծառա էր և նվիրված էր Եհովա Աստծուն, որին երկրպագում էր Իսահակը։ Նա այդ մարդուն վստահելու հիմքեր ուներ։ Ուստի Իսահակը «սիրեց» Ռեբեկային։
Արդյո՞ք Իսահակն ու Ռեբեկան զարգացրեցին հաղորդակցվելու հմտություն։ Այն բանից հետո, երբ նրանց որդին՝ Եսավը, ամուսնացավ երկու քետացի աղջիկների հետ, ընտանիքում լուրջ խնդիր առաջացավ։ Ռեբեկան «ասեց Իսահակին. Կեանքիցս զզուել եմ Քետի աղջիկների պատճառովը. եթէ Յակոբն էլ է [նրանց կրտսեր որդին] այս երկրի աղջիկների պէս Քետի աղջիկներից կին առնելու, էլ ինչո՞ւ է ինձ կեանքը պէտք» (Ծննդոց 26։34; 27։46)։ Հստակ է, որ նա իր մտահոգությունների մասին կոնկրետ խոսեց իր ամուսնու հետ։
Իսահակը ասաց Հակոբին՝ Եսավի երկվորյակ եղբորը, որ նա չամուսնանա քանանացի աղջիկների հետ (Ծննդոց 28։1, 2)։ Ռեբեկան մինչ այդ հայտնել էր իր տեսակետը։ Այս ամուսնական զույգը հաջող կերպով զրույց ունեցավ մի շատ նուրբ ընտանեկան հարցի շուրջ՝ այդպիսով մեզ համար լավ օրինակ թողնելով։ Իսկ ինչպե՞ս վարվել, եթե ամուսինները չեն կարողանում համաձայնության գալ։ Ի՞նչ կարելի է անել։
Երբ տարաձայնություն է առաջանում
Եթե դու և կողակիցդ լուրջ տարաձայնություն ունեք, լուռ մի մնա։ Եթե լուռ մնաս, ցույց կտաս, որ երջանիկ չես, և ցանկանում ես, որ կողակիցդ էլ երջանիկ չլինի։ Սակայն հնարավոր է կողակիցդ նույնիսկ լիովին չի հասկանում, թե ինչ զգացմունքներ ու ցանկություններ ունես դու։
Դուք պետք է ձեր սիրտը բացեք միմյանց առջև։ Եթե դա նուրբ հարց է, գուցե դժվար լինի հանգստություն պահպանել։ Իսահակի ծնողները՝ Աբրահամն ու Սառան, մի անգամ բախվեցին մի դժվար խնդրի։ Քանի որ Սառան ամուլ էր, նա հետևեց այն օրերում ընդունված սովորույթին և իր աղախնուն՝ Հագարին, որպես հարճ տվեց իր ամուսնուն, որպեսզի նա սերունդ ունենար։ Հագարը Աբրահամի համար ծնեց մի որդի՝ Իսմայելին։ Սակայն հետագայում Սառան հղիացավ և նույնպես որդի ունեցավ՝ Իսահակին։ Երբ Իսահակը դեռ կաթից չէր կտրվել, Սառան նկատեց, որ Իսմայելը չարաչար ծաղրում է իր որդուն։ Ուստի դրանում վտանգ տեսնելով իր որդու համար՝ Սառան ասաց Աբրահամին, որ նա տնից դուրս հանի աղախնուն և նրա որդուն։ Այո՛, Սառան հաղորդակցվեց Աբրահամի հետ և պարզ հայտնեց իր զգացմունքների մասին։ Սակայն այն, ինչ նա խնդրեց իր ամուսնուց, մեծ տհաճություն պատճառեց վերջինիս։
Ինչպե՞ս հարթվեց այդ տարաձայնությունը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Աստուած ասեց Աբրահամին. Թող աչքիդ դժուար չերեւայ քո տղայի եւ աղախնի համար. ամեն ինչ որ Սարրան քեզ ասել է, նորա խօսքը լսիր, որովհետեւ Իսահակով է քեզ համար սերունդ կոչուելու»։ Աբրահամը հնազանդվեց Եհովայի տված առաջնորդությանը և համապատասխան քայլեր ձեռնարկեց (Ծննդոց 16։1–4; 21։1–14)։
Դուք գուցե ասեք. «Իհարկե, եթե Աստված մեզ հետ էլ խոսեր երկնքից, մենք հեշտությամբ համաձայնության կգայինք»։ Ահա ամուսնական խնդիրները լուծելու մեկ այլ ճանապարհ, այն է՝ ամուսնական զույգերը կարող են լսել Աստծուն։ Ինչպե՞ս։ Միասին կարդալով Աստծու Խոսքն ու ընդունելով այնտեղ տրվող առաջնորդությունը (Ա Թեսաղոնիկեցիս 2։13)։
Մի հասուն քրիստոնյա կին ասում է. «Շատ անգամ, երբ երիտասարդ կանայք ինձանից խորհուրդ են հարցնում, ես նրանց հարց եմ տալիս, թե արդյոք նա և իր ամուսինը միասին կարդում են Աստվածաշունչը։ Շատերը, ովքեր խնդիրներ ունեն իրենց ամուսնության մեջ, չեն ունեցել Աստվածաշունչը միասին կարդալու սովորություն» (Տիտոս 2։3–5)։ Բոլորս էլ կարող ենք օգուտներ քաղել այս կնոջ խոսքերից։ Կանոնավորաբար կարդացեք Աստծու Խոսքը ձեր կողակցի հետ։ Այդպիսով դուք ‘լսում’ եք Աստծու Խոսքը և իմանում, թե օրեցօր ինչպիսի վարք դրսևորեք (Եսայիա 30։21)։ Սակայն զգույշ եղեք, որ Աստվածաշունչը չօգտագործեք որպես գավազան ձեր կողակցին հարվածելու համար՝ շարունակաբար մատնացույց անելով սուրբգրային այն համարները, որոնք, ըստ ձեզ, նա չի կիրառում։ Ընդհակառակը՝ փորձեք տեսնել, թե ինչպես երկուսդ էլ կարող եք կիրառել ձեր կարդացածը։
Եթե ձգտում եք լուծել մի դժվար խնդիր, կարող եք օգտվել ««Դիտարանի» հրատարակությունների ցանկից»՝a փնտրտուքներ կատարելով կոնկրետ ձեր խնդրի վերաբերյալ։ Հնարավոր է՝ հոգ եք տանում ձեր տարեց ծնողներին, և այդ պատճառով խնդիրներ են առաջանում ձեր ընտանիքում։ Փոխանակ վիճելու, թե ինչ պետք է աներ կամ ինչ չպետք է աներ ձեր կողակիցը՝ կարող եք նստել ու միասին քննել, թե ինչ ինֆորմացիա կա «Ցանկում»։ Նախ նայեք «Ծնողներ» վերնագիրը։ Գուցե ցանկանաք ստուգել ենթավերնագրերի տակ գտնվող հղումները, օրինակ՝ «հոգ տանել տարեց ծնողներին»։ Միասին կարդացեք Եհովայի վկաների հրատարակություններում գտնվող այդ հոդվածները։ Դուք կզարմանաք՝ տեսնելով, թե որքան մեծ օգուտներ կարող եք քաղել դուք և ձեր կողակիցը Աստվածաշնչի վրա հիմնված այդ տեղեկություններից, որոնք օգտակար են եղել բազմաթիվ անկեղծ քրիստոնյաների համար։
Հղումներին ծանոթանալն ու տրված նյութը միասին ընթերցելը կօգնեն ձեզ օբյեկտիվ տեսակետ ունենալ այդ խնդրի վերաբերյալ։ Սուրբգրային մեջբերումներն ու համարները կօգնեն ձեզ հասկանալ Աստծու տեսակետը այդ հարցի շուրջ։ Բացեք տրված սուրբգրային համարները և միասին կարդացեք։ Այդպիսով դուք կլսեք, թե ինչ է ասում Աստված ձեր խնդրի առնչությամբ։
Պահեք բաց հաղորդակցություն
Երբևէ փորձե՞լ եք բացել մի դուռ, որը երկար ժամանակ փակ է եղել։ Ժանգոտած ծխնիները ճռռալով մի կերպ բացվում են։ Իսկ եթե դուռը կանոնավորաբար բացվել է և նրա ծխնիներին յուղ քսվել, ապա այն հեշտությամբ կբացվի։ Նույնը ճշմարիտ է հաղորդակցության դեպքում։ Եթե հաղորդակցվելը սովորություն դարձնեք և «հաղորդակցության դռան» վրա քրիստոնեական սեր «քսեք», ավելի հեշտությամբ կկարողանաք հայտնել ձեր մտքերը նույնիսկ լուրջ տարաձայնություններ ունենալու դեպքում։
Ինչ–որ ձևով պետք է սկսել հաղորդակցվել։ Թեև հաղորդակցվելու համար սկզբում կարող են շատ ջանքեր պահանջվել, սակայն շարունակեք զարգացնել այդ հմտությունը։ Արդյունքում դուք լավ փոխհարաբերություններ կունենաք ձեր կողակցի հետ և միշտ իրար կհասկանաք։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից (ռուս.)։
[նկար 7-րդ էջի վրա]
Տարաձայնության բախվելիս փնտրո՞ւմ եք Աստծու առաջնորդությունը