Երկրպագություն, որ օգտակար է ձեզ համար
«ԻՆՁ համար բարի է որ մօտենամ Աստուծուն»,— երգեց սաղմոսերգու Ասափը։ Մի պահ նա կարծեց, թե իր համար լավ կլինի ընդօրինակել նրանց, ովքեր, հաշվի չառնելով Աստծուն, ապրում են իրենց քմահաճույքներով։ Բայց հետո Ասափը խորհեց Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենալու օգուտների մասին և հասկացավ, որ իր համար «բարի»՝ օգտակար է մոտենալ Աստծուն (Սաղմոս 73։2, 3, 12, 28)։ Իսկ կարո՞ղ է ճշմարիտ երկրպագությունը օգտակար լինել ձեզ համար, և եթե այո, ապա ինչպե՞ս։
Ճշմարիտ Աստծուն երկրպագելը կարող է օգնել ձեզ եսակենտրոն կյանքի փոխարեն ավելի վեհ կյանքով ապրելու։ Ովքեր միայն սեփական շահով են հետաքրքրված, երբեք չեն կարող երջանիկ լինել, քանի որ ‘սիրո Աստվածը’ մարդուն չի ստեղծել այնպես, որ նա, զուտ եսասիրական կյանք վարելով, երջանիկ լինի (Բ Կորնթացիս 13։11)։ Հիսուսը մարդու էության վերաբերյալ մի հիմնարար ճշմարտություն ասաց. «Աւելի երանելի է տալը քան թէ առնելը» (Գործք 20։35)։ Ահա թե ինչու ենք հաճույքով մեր ընկերների կամ ընտանիքի անդամների համար բարի գործեր անում։ Բայց ամենամեծ ուրախությունը ստանում ենք, երբ Աստծու համար ենք որևէ բան անում։ Բոլորից առավել նա է արժանի մեր սիրուն։ Տարբեր ծագում ունեցող միլիոնավոր մարդիկ համոզվել են, որ Աստծուն երկրպագելը և նրա կամքը կատարելը խոր բավարարվածություն է պատճառում (Ա Յովհաննէս 5։3)։
Կյանքին իմաստ է հաղորդում
Ճշմարիտ երկրպագությունը օգտակար է ձեզ համար, քանի որ ձեր կյանքին իմաստ է հաղորդում։ Նկատե՞լ եք, թե մարդիկ որքան հաճախ են երջանկությունը կապում այն զգացումի հետ, որ անհատն ունենում է, երբ ինչ–որ արժեքավոր նպատակի է հասնում։ Մեծամասամբ մարդիկ իրենց առջև նպատակներ են դնում, որոնք կարող են կապված լինել ընտանիքի, ընկերների, աշխատանքի կամ էլ հաճույքների հետ։ Սակայն կյանքում եղած անորոշությունների պատճառով նրանք հաճախ չեն կարողանում իրագործել այդ նպատակները, և հետևաբար երջանիկ չեն զգում (Ժողովող 9։11)։ Այնինչ ճշմարիտ երկրպագությունն օգնում է ձեզ կյանքում ավելի վեհ նպատակ ունենալ, այնպիսին, որը ձեզ բավականություն է պատճառում անգամ դժվարությունների ժամանակ։
Ճշմարիտ երկրպագություն՝ նշանակում է ճանաչել Եհովային և հավատարմորեն ծառայել նրան։ Նրանք, ովքեր այդպես են անում, Աստծու հետ անչափ մտերմանում են (Ժողովող 12։13; Յովհաննէս 4։23; Յակոբոս 4։8)։ Գուցե դժվարանաք պատկերացնել, որ հնարավոր է Աստծուն այնքան լավ ճանաչել, որ նա դառնա ձեր ընկերը։ Բայց խորհրդածելով այն մասին, թե ինչպես է Աստված վարվել մարդկանց հետ և ինչեր է ստեղծել՝ դուք իսկապես կարող եք ճանաչել նրա անձնավորությունը (Հռովմայեցիս 1։20)։ Բացի այդ, կարդալով Աստծու խոսքը՝ կարող եք հասկանալ, թե որն է մեր գոյության իմաստը, ինչու է Աստված թույլատրում տառապանքը, և ինչպես նա կվերացնի դա։ Իսկ ամենատպավորիչը ձեզ համար գուցե լինի այն, որ դուք կարող եք կարևոր դեր ունենալ Աստծու նպատակի մեջ (Եսայիա 43։10; Ա Կորնթացիս 3։9)։ Այդպիսի գիտելիքները կարող են ապրելու նոր մղում առաջացնել ձեր մեջ։
Դարձնում է ավելի լավ անձնավորություն
Ճշմարիտ երկրպագությունն օգտակար է ձեզ համար, քանի որ օգնում է դառնալ ավելի լավ անձնավորություն։ Դուք ձեր մեջ սկսում եք մշակել այնպիսի հատկություններ, որոնց շնորհիվ կարող եք ավելի լավ փոխհարաբերություններ ունենալ մարդկանց հետ։ Աստծուց և նրա Որդուց սովորում եք, որ պետք է լինել ազնիվ, բարեհամբույր և վստահելի (Եփեսացիս 4։20–5։5)։ Երբ Աստծուն այնքան լավ ճանաչեք, որ ձեր մեջ սեր առաջանա նրա հանդեպ, դուք կցանկանաք ընդօրինակել նրան։ Աստվածաշնչում ասվում է. «Նմանող եղէք Աստուծուն ինչպէս սիրելի որդիներ։ Եւ սէրով գնացէք» (Եփեսացիս 5։1, 2)։
Մի՞թե հաճելի չէ շրջապատված լինել այնպիսի մարդկանցով, ովքեր ընդօրինակում են Աստծու սերը։ Բարեբախտաբար, անհատը չի կարող երկրպագել ճշմարիտ Աստծուն մեկուսի։ Ճշմարիտ երկրպագության շնորհիվ դուք մտերմանում եք այն անհատների հետ, ովքեր սիրում են ճիշտն ու բարին։ Իհարկե, գուցե ձեզ անհանգստացնի կրոնական կազմակերպության մեջ մտնելու գաղափարը։ Սակայն ինչպես տեսանք նախորդ հոդվածում, կրոնների մեծամասնության հետ կապված խնդիրը ոչ թե այն է, որ նրանք կազմակերպություն են, այլ այն, որ նրանք չեն կազմակերպված ճիշտ ձևով և ճիշտ նպատակների համար։ Շատ կրոնական կազմակերպություններ ոչ քրիստոնեական նպատակներ են հետապնդում։ Սակայն Աստծու ժողովուրդը կազմակերպվել է վեհ նպատակի համար հենց Եհովայի կողմից։ Սուրբ Գրություններն ասում են. «Աստուած խռովութեան [կամ՝ անկարգության] Աստուած չէ, այլ խաղաղութեան» (Ա Կորնթացիս 14։33)։ Ինչպես միլիոնավոր այլ անհատներ, դուք նույնպես կարող եք համոզվել, որ շփվելը քրիստոնյաների այնպիսի խմբի հետ, որտեղ կա կարգ ու կանոն, դրական ազդեցություն է ունենում ձեր հայացքների վրա։
Ապագայի հույս է տալիս
Սուրբ Գրությունները ցույց են տալիս, որ Աստված ճշմարիտ երկրպագուներին կազմակերպում է այնպես, որ նրանք կարողանան վերապրել իրերի համակարգի վախճանից և ժառանգել մի նոր երկիր, որում «արդարութիւն է բնակվում» (Բ Պետրոս 3։13; Յայտնութիւն 7։9–17)։ Այսպիսով՝ այն երկրպագությունը, որ օգտակար է, ձեզ տալիս է հույս, մի բան, որը շատ կարևոր է երջանիկ լինելու համար։ Ոմանց ակնկալիքները հիմնված են քաղաքական իրավիճակի կայունության, բիզնեսի պայծառ հեռանկարների, լավ առողջության կամ էլ բարձր կենսաթոշակի վրա։ Բայց այս բաներից հազիվ թե որևէ մեկը երջանիկ ապագայի իրական հույս պարունակի։ Մենք, ինչպես գրեց Պողոս առաքյալը, «յոյս ենք դրել կենդանի Աստուծոյ վերայ» (Ա Տիմոթէոս 4։10)։
Եթե մանրակրկիտ որոնումներ կատարեք, կարո՛ղ եք գտնել ճշմարիտ երկրպագուներին։ Այսօրվա պառակտված աշխարհի ֆոնի վրա Եհովայի վկաների սերն ու միասնությունը վառ կերպով ընդգծվում են։ Այդ մարդիկ ունեն ամենատարբեր ազգային և սոցիալական ծագում, սակայն նրանց միավորում է սերը, սեր ինչպես միմյանց, այնպես էլ Եհովայի հանդեպ (Յովհաննէս 13։35)։ Եհովայի վկաները առաջարկում են ձեզ, որ ինքներդ հայտնաբերեք այն, ինչ իրենք են զգացել։ Ասափը գրեց. «Ինձ համար բարի է որ մօտենամ Աստուծուն» (Սաղմոս 73։28)։
[նկար 7-րդ էջի վրա]
Դուք կարող եք դառնալ Աստծու ընկերը