Կենսագրություն
Օգուտներ եմ քաղել՝ սիրելիներիս հավատարմությունը տեսնելով
ՊԱՏՄՈՒՄ Է ԿԵԹԼԻՆ ՔՈՒԿԸ
ԳԼԱԶԳՈՅՈՒՄ (Շոտլանդիա) 1911թ.–ին իր հարազատներին այցելելիս՝ տատիկս՝ Մարի Էլեն Թոմսոնը, ներկա գտնվեց Աստվածաշունչ Ուսումնասիրողների (հետագայում՝ Եհովայի վկաներ) ականավոր անդամներից մեկի՝ Չարլզ Թեյզ Ռասելի ելույթին։ Նա շատ էր տպավորվել իր լսածից։ Վերադառնալով Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ տատիկս կապ հաստատեց տեղի Աստվածաշունչ Ուսումնասիրողների հետ։ 1914 թ. ապրիլին նա մեկն էր այն 16 անհատներից, որոնք մկրտվեցին Աստվածաշունչ Ուսումնասիրողների՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած առաջին համաժողովին։ Տատիկիս դուստրը՝ Էդիթը, որը դարձավ իմ մայրիկը, այդ ժամանակ վեց տարեկան էր։
Եղբայր Ռասելի մահից հետո (1916 թ.) ամբողջ աշխարհի Աստվածաշունչ ուսումնասիրողների միջև տարաձայնություններ ընկան։ Դուրբանում հավատարիմ անհատների թիվը 60–ից դարձավ 12։ Ինգբորգ Միրդալը՝ հորս մայրը, և նրա որդի Հենրին՝ վերջերս մկրտված մի պատանի, դիրք բռնեցին հավատարիմների կողմը։ 1924 թ.–ին Հենրին դարձավ աստվածաշնչյան գրականություն տարածող, ինչպես որ այն ժամանակ կոչվում էին Եհովայի վկաների լիաժամ ծառայողները։ Հաջորդ հինգ տարիների ընթացքում նա ծառայեց Հարավաֆրիկյան Հանրապետության շատ մասերում։ 1930 թ.–ին Հենրին և Էդիթը ամուսնացան, իսկ երեք տարի անց ծնվեցի ես։
Մեծ ընտանիք
Որոշ ժամանակ մենք ապրում էինք Մոզամբիկում, սակայն 1939 թ.–ին տեղափոխվեցինք պապիկ և տատիկ Թոմսոնների տուն, որը գտնվում էր Յոհաննեսբուրգում։ Չնայած պապս ընդհանրապես չէր հետաքրքրվում աստվածաշնչյան ճշմարտությամբ և երբեմն հակառակվում էր տատիկիս՝ այնուամենայնիվ նա շատ հյուրասեր էր։ 1940 թ.–ին ծնվեց քույրս՝ Թելման։ Ես ու նա սովորեցինք հոգ տանել տարեցների մասին։ Մեր համատեղ ընթրիքը շատ անգամ երկարում էր, քանի որ միմյանց պատմում էինք օրվա իրադարձությունները կամ հիշում էինք անցյալը։
Մեր ընտանիքում հաճախ էին լինում Վկաներ, հատկապես լիաժամ ծառայողներ։ Ընթրիքի ժամանակ նրանք նույնպես մասնակցում էին մեր զրույցներին, և նրանց խոսքերը ավելի էին խորացնում մեր գնահատանքը այն հոգևոր ժառանգության հանդեպ, որ ստացել էինք։ Դա նաև ցանկություն էր առաջացնում իմ ու Թելմայի մեջ հետևել նրանց օրինակին և դառնալ ռահվիրաներ։
Մանուկ հասակից մեր մեջ սերմանվել է ընթերցելու ցանկություն։ Մայրս, հայրս և տատիկս մեզ համար կարդում էին մանկական պատմություններ կամ Աստվածաշունչը։ Քրիստոնեական հանդիպումները և ծառայությունը այնքան կարևոր էին մեր կյանքում, որքան որ շնչելը։ Հայրս Յոհաննեսբուրգի ժողովի համայնքի ծառայող էր (այժմ՝ նախագահող վերակացու), ուստի մենք հանդիպումների վայր էինք գալիս բավականին շուտ։ Երբ համաժողով ունեինք, հայրս զբաղվում էր այն կազմակերպելու գործերով, իսկ մայրս օգնում էր պատվիրակներին կացարաններով ապահովելու հարցում։
Առանձնահատուկ համաժողով մեզ համար
1948 թ.–ին Յոհաննեսբուրգում կայացած համաժողովը մեզ համար առանձնահատուկ էր։ Առաջին անգամ այստեղ էին գտնվում Եհովայի վկաների՝ Նյու Յորքում գտնվող գլխավոր վարչության անդամներից մի քանիսը։ Նրանց մնալու ընթացքում հայրս պետք է լիներ Նաթան Նորի և Միլթոն Հենշելի վարորդը։ Այդ համաժողովում ես մկրտվեցի։
Դրանից կարճ ժամանակ անց հայրս զարմացավ, երբ նրա հայրն ասաց իրեն, որ խորապես զղջում է այն բանի համար, որ եղբայր Ռասելի մահից հետո թույլ էր տվել Աստվածաշնչի ուսումնասիրողներից հեռացողներին ազդեցություն գործել իր վրա։ Մի քանի ամիս անց նա մահացավ։ Իսկ Միրդալ տատիկս հավատարիմ մնաց մինչև վերջ՝ ավարտելով իր երկրային կյանքի ընթացքը 1955 թ.–ին։
Իրադարձություններ, որոնք ձևավորեցին իմ կյանքը
Ես սկսեցի ծառայել որպես ռահվիրա 1949 թ. փետրվարի 1–ից։ Շուտով ոգևորությունս ավելի մեծացավ, երբ հայտարարեցին, որ հաջորդ տարի Նյու Յորքում կայանալու է միջազգային համաժողով։ Մենք ուզում էինք գնալ, սակայն բավականաչափ ֆինանսական միջոցներ չունեինք։ 1950 թ. փետրվարին Թոմսոն պապիկս մահացավ, և տատիկս իր ժառանգած փողով հինգիս համար տոմսեր գնեց։
Մեկնումից մի քանի շաբաթ առաջ Եհովայի վկաների գլխավոր վարչությունից (Բրուքլին, Նյու Յորք) մի նամակ ստացա։ Այնտեղ ասվում էր, որ ես հրավիրվում եմ հաճախելու միսիոներական «Գաղաադ» դպրոցի 16–րդ դասարանը։ Ինչպիսի՜ իրադարձություն. չէ՞ որ ես դեռ չէի բոլորել 17 տարիս։ Երբ դասերը սկսվեցին, ես Հարավաֆրիկյան Հանրապետությունից եկած այն տասը ուսանողների թվում էի, որոնք առանձնաշնորհում ունեցան սովորելու այդ դպրոցում։
1951 թ. փետրվարին դպրոցն ավարտելուց հետո մեզանից ութը վերադարձան Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ ծառայելու որպես միսիոներներ։ Հաջորդ մի քանի տարիներին ծառայակիցս և ես քարոզում էինք մեծ մասամբ փոքր քաղաքներում, որտեղ մարդիկ աֆրիկաանս լեզվով էին խոսում։ Սկզբում ես լավ չէի խոսում այդ լեզվով ու հիշում եմ, որ մի օր հեծանվով տուն վերադառնալիս լաց էի լինում՝ մտածելով, որ ծառայության մեջ արդյունավետ չեմ։ Սակայն ժամանակի ընթացքում ես բարելավվեցի այդ հարցում, և Եհովան օրհնեց իմ ջանքերը։
Ամուսնություն և շրջագայական ծառայություն
1955 թ.–ին ծանոթացա Ջոն Քուկի հետ։ Նա նպաստել էր այն բանին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և հետո Ֆրանսիայում, Պորտուգալիայում և Իսպանիայում սկիզբ դրվի քարոզչական գործին։ Ջոնը նշանակվել էր որպես միսիոներ Աֆրիկայում այն տարի, երբ ես հանդիպեցի նրան։ Հետագայում նա գրեց. «Մեկ շաբաթվա ընթացքում ես երեք անգամ անակնկալի եկա... Մի շատ առատաձեռն եղբայր ինձ փոքրիկ ավտոմեքենա նվիրեց, ես նշանակվեցի որպես մարզային ծառայող և երրորդ՝ սիրահարվեցի»։a Մենք ամուսնացանք 1957 թ. դեկտեմբերին։
Մեր մտերմության շրջանում Ջոնը հավաստիացնում էր ինձ, որ կյանքն իր հետ երբեք ձանձրալի չի լինի, և այդպես էլ եղավ։ Մենք այցելում էինք Հարավաֆրիկյան Հանրապետության բոլոր ժողովները, մեծամասամբ սևամորթների շրջանում։ Սակայն ամեն շաբաթ մենք պետք է թույլտվություն ձեռք բերեինք զուտ այդ շրջանները մտնելու համար, ուր մնաց թե գիշերը մնայինք այնտեղ։ Երբեմն քնում էինք սպիտակամորթների թաղամասին մոտ գտնվող որևէ դատարկ խանութի հատակին և աշխատում էինք այնպես անել, որ անցորդները մեզ չնկատեն։ Մենք սովորաբար գիշերում էինք սպիտակամորթ Վկաների տանը, ովքեր ապրում էին շատ կիլոմետրեր հեռու։
Դժվարություններից մեկն էլ համաժողովի պարզ շինություններն էին, որոնք կառուցված էին թփուտներում։ Մենք ցուցադրում էինք Եհովայի վկաների տեսաֆիլմերը, որոնք օգնում էին մարդկանց պատկերացում կազմել համաշխարհային եղբայրության մասին։ Դրա համար մենք վերցնում էինք մեր սեփական գեներատորը, քանի որ այդ վայրերում էլեկտրականություն սովորաբար չկար։ Նաև պետք է հաղթահարեինք բրիտանական պրոտեկտորատներում եղող դժվարությունները, քանի որ այնտեղ մեր գրականությունն արգելված էր։ Բացի այդ, պետք է սովորեինք զուլու լեզուն։ Այնուամենայնիվ, ուրախ էինք, որ կարող էինք ծառայել մեր եղբայրներին։
1961 թ. օգոստոսին Ջոնը դարձավ Հարավաֆրիկյան Հանրապետությունում չորս շաբաթ տևող Թագավորական ծառայության դպրոցի առաջին ուսուցիչը։ Այս դպրոցը ծրագրված էր ժողովի վերակացուներին օգնելու համար։ Նա շատ փորձառու էր ուսուցանելու հարցում և կարողանում էր հասնել ուսանողների սրտին իր պարզ տրամաբանությամբ և պատկերավոր օրինակներով։ Մոտավորապես մեկ տարի ու կես շարունակ մենք ճանապարհորդում էինք մեկ վայրից մյուսը՝ անգլերեն լեզվով դասընթացներն անցկացնելու համար։ Մինչ Ջոնը դասավանդում էր, ես տեղի Վկաների հետ միասին մասնակցում էի ծառայությանը։ Այնուհետև, ի զարմանս մեզ՝ նամակ ստացանք, որտեղ ասվում էր, որ 1964 թ. հուլիսի 1–ից մենք հրավիրվում ենք ծառայելու Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղում, որը գտնվում էր Յոհաննեսբուրգի մոտակայքում։
Սակայն այդ ժամանակ Ջոնի առողջությունը սկսել էր մտահոգել մեզ։ 1948 թ.–ին նա հիվանդացել էր տուբերկուլյոզով և դրանից հետո հաճախ զգում էր, որ ուժերն իրեն չեն բավականացնում։ Նրա մոտ գրիպի նշաններ կային, և ամեն անգամ նա օրերով հիվանդ էր լինում, այնպես որ ո՛չ կարողանում էր մի բան անել, ո՛չ էլ ուզում էր տեսնել որևէ մեկին։ Երբ մասնաճյուղ հրավիրվելուց կարճ ժամանակ առաջ մենք խորհրդակցեցինք բժշկի հետ, նա ախտորոշեց, որ Ջոնը տառապում էր դեպրեսիայով։
Մեր մտքով անգամ չէր անցնում փոխել մեր ապրելակերպը, չնայած որ բժիշկը խորհուրդ տվեց այդպես վարվել։ Մասնաճյուղում Ջոնը նշանակվեց աշխատելու Ծառայողական բաժնում, իսկ ես նշանակվեցի սրբագրիչ։ Ինչպիսի՜ օրհնություն էր մեզ համար ունենալ մեր սեփական սենյակը։ Նախքան ամուսնանալը Ջոնը ծառայել էր պորտուգալական տարածքներում, ուստի 1967 թ.–ին մեզ խնդրեցին օգնել տեղացի միակ պորտուգալական ընտանիքին՝ քարոզելու Յոհաննեսբուրգում և այդ քաղաքի շրջակայքում ապրող պորտուգալական մեծ համայնքին։ Սա նշանակում էր, որ ես ևս մեկ լեզու պետք է սովորեի։
Քանի որ պորտուգալացիները ապրում էին տարբեր վայրերում, մենք շատ էինք ճանապարհորդում. երբեմն 300 կիլոմետր էինք գնում, որպեսզի գտնեինք արժանիներին։ Այդ ժամանակ էր, որ Մոզամբիկում ապրող պորտուգալախոս Վկաները սկսեցին այցելել մեզ համաժողովների ժամանակ, որն իհարկե մեծ օգնություն էր նորերի համար։ Պորտուգալական ժողովում 11 տարի ծառայելու արդյունքում մենք տեսանք, թե ինչպես 30 հոգուց բաղկացած մեր փոքրիկ խումբը աճեց ու դարձավ չորս ժողով։
Փոփոխություններ տանը
Այդ նույն ժամանակ ծնողներիս տանը որոշ փոփոխություններ եղան։ 1960 թ.–ին քույրս՝ Թելման, ամուսնացավ Ջոն Ուրբանի՝ Միացյալ Նահանգներից մի ռահվիրայի հետ։ 1965 թ.–ին նրանք հաճախեցին «Գաղաադ» դպրոցի 40–րդ դասարանը և 25 տարի շարունակ հավատարմորեն ծառայեցին որպես միսիոներներ Բրազիլիայում։ 1990 թ.–ին նրանք վերադարձան Օհայո՝ խնամելու Ջոնի տկար ծնողներին։ Չնայած խնամքի հետ կապված սթրեսներին՝ նրանք մինչև օրս էլ ծառայում են լիաժամ։
Թոմսոն տատիկս ավարտեց իր երկրային կյանքի ընթացքը 1965 թ.–ին՝ 98 տարեկանում, հավատարիմ մնալով Աստծուն մինչև մահ։ Հայրս հենց այդ տարի անցավ թոշակի։ Ուստի երբ ինձ և Ջոնին խնդրեցին ծառայել տեղի պորտուգալական դաշտում, հայրս և մայրս ցանկություն հայտնեցին միանալ մեզ։ Նրանք սյուն դարձան այդ խմբի համար, և մի քանի ամիս անց կազմավորվեց առաջին ժողովը։ Սակայն կարճ ժամանակ հետո մորս մոտ քաղցկեղ հայտնաբերվեց, և 1971 թ.–ին նա մահացավ։ Յոթ տարի անց մահացավ նաև հայրս։
Պայքարում ենք Ջոնի հիվանդության դեմ
1970 –ականներին պարզ դարձավ, որ Ջոնի առողջությունը չէր բարելավվում։ Աստիճանաբար նա թողեց ծառայության իր սիրելի առանձնաշնորհումներից մի քանիսը, այդ թվում նաև մասնաճյուղում «Դիտարանի» ընտանեկան ուսումնասիրությունն ու առավոտյան երկրպագությունն անցկացնելու առանձնաշնորհումները։ Ծառայողական բաժնից նրան տեղափոխեցին աշխատելու փոստային բաժնում, այնուհետև պարտեզում։
Ջոնը անկոտրում ոգի ուներ ու այդ պատճառով դժվարանում էր փոփոխություններ կատարել։ Երբ ես փորձում էի համոզել նրան, որ քիչ ծանրաբեռնի իրեն, նա կատակում էր, թե ես իր ձեռքն ու ոտքը կապում եմ, և այնուհետև սիրով փարվում ինձ։ Ի վերջո մենք եկանք այն եզրակացության, որ ավելի լավ է թողենք պորտուգալական դաշտը և ծառայենք այն ժողովում, որի հանդիպումներն անցկացվում էին մասնաճյուղի Թագավորության սրահում։
Ջոնի առողջությունը վատանում էր, և հատկապես այդ ժամանակ հուզիչ էր տեսնել, թե ինչ մտերիմ փոխհարաբերություններ ուներ նա Եհովայի հետ։ Երբ Ջոնն արթնանում էր կեսգիշերին խորը դեպրեսիայի մեջ, մենք միասին զրուցում էինք, մինչև որ նա հանգստանում էր և զգում, որ կարող է աղոթել Եհովային օգնության համար։ Հետագայում նա սովորեց ինքնուրույն հաղթահարել այդ ծանր պահերը՝ ստիպելով իրեն դանդաղ կրկնել Փիլիպպեցիս 4։6, 7 (ՆԱ) համարները. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք...»։ Այնուհետև նա հանդարտվում էր և սկսում աղոթել։ Հաճախ ես արթուն էի լինում և լուռ նայում, թե ինչպես էին նրա շրթունքները շարժվում, մինչ նա թախանձագին աղոթում էր Եհովային։
Քանի որ մեր մասնաճյուղի շենքերն արդեն չէին բավականացնում, Յոհաննեսբուրգից դուրս նոր և ավելի մեծ մասնաճյուղի շինարարություն սկսվեց։ Ջոնը և ես հաճախ այցելում էինք այդ խաղաղ վայրը, որը հեռու էր քաղաքի աղմուկից և աղտոտվածությունից։ Ջոնի համար մեծ աջակցություն էր այն, որ մեզ թույլ տվեցին տեղափոխվել այդ վայրի ժամանակավոր կացարանները, մինչև որ նոր մասնաճյուղը պատրաստ կլիներ։
Նոր դժվարություններ
Երբ Ջոնի մտածելու և տրամաբանելու կարողությունը ավելի վատացավ, աշխատելը շատ ավելի դժվար դարձավ։ Ես հուզվում էի՝ տեսնելով, թե ինչպես են ուրիշներն օգնում Ջոնին։ Օրինակ՝ երբ եղբայրներից մեկը փնտրտուքներ կատարելու համար հանրային գրադարան էր գնում, նա Ջոնին տանում էր իր հետ։ Այդ օրվա համար Ջոնն իր գրպանները լցնում էր թերթիկներով և պարբերագրերով։ Սա նրան օգնում էր պահպանել գոհունակության և արժանապատվության զգացումը։
Ի վերջո Ալցհեյմերի հիվանդության պատճառով Ջոնը այլևս չէր կարողանում հասկանալ գրավոր լեզուն։ Մենք շատ երախտապարտ էինք, որ կային աստվածաշնչյան գրականության և Թագավորության երգերի ձայներիզներ։ Մենք անընդհատ լսում էինք դրանք։ Ջոնը հաճախ նյարդայնանում էր, երբ ես չէի նստում իր կողքին և իր հետ միասին լսում ձայներիզները, ուստի այդ բազմաթիվ ժամերին ինձ զբաղված պահելու համար ես գործում էի։ Արդյունքում՝ մենք սվիտերների և ծածկոցների պակաս չունեինք։
Ժամանակի ընթացքում Ջոնի իրավիճակն ավելի վատացավ, և դա ավելի մեծ խնամք էր պահանջում ինձանից։ Թեև հաճախ ես այնքան էի հոգնում, որ չէի կարողանում կարդալ կամ ուսումնասիրություն կատարել, սակայն ինձ համար առանձնաշնորհում էր հոգ տանել նրա մասին մինչև վերջ։ Այդ վերջը եկավ 1998 թ.–ին, երբ Ջոնը հանգիստ մահացավ իմ ձեռքերում 85 տարին բոլորելուց կարճ ժամանակ անց՝ միշտ մնալով անսասան և նվիրված։ Որքա՜ն եմ սպասում այն ժամանակվան, երբ նա հարություն կառնի և կլինի առողջ թե՛ ֆիզիկապես և թե՛ մտային առումով։
Քաջալերություն եմ ստանում
Ջոնի մահից հետո ինձ համար հեշտ չէր ապրել մենակ։ Ուստի 1999 թ. մայիսին ես մեկնեցի Միացյալ Նահանգներ՝ այցելելու քրոջս՝ Թելմային, և նրա ամուսնուն։ Որքա՜ն ուրախալի էր և քաջալերական՝ հանդիպել բազմաթիվ նվիրված, սիրելի ընկերների, հատկապես երբ այցելեցինք Եհովայի վկաների՝ Նյու Յորքում գտնվող գլխավոր վարչությունը։ Դա հենց այն հոգևոր քաջալերությունն էր, որի կարիքը ես ունեի։
Իմ սիրելի հարազատների կյանքի մասին խորհելը շատ բաներ է հիշեցնում, որոնք օգտակար են եղել ինձ համար։ Նրանց տված կրթության, օրինակի և օգնության շնորհիվ ես սովորեցի «լայնանալ» այլ ազգերի և ռասաների մարդկանց հանդեպ իմ սիրո մեջ։ Ես սովորեցի լինել համբերատար, տոկուն և հարմարվող։ Բացի այդ, ճաշակեցի Եհովայի՝ աղոթք Լսողի բարությունը։ Ես ունեմ այն նույն զգացմունքները, որոնք ուներ սաղմոսերգուն, երբ գրեց. «Երանի նորան՝ որ դու ընտրում ես եւ ընդունում, որ քո սրահումը բնակուի. թող կշտանանք քո տան՝ սուրբ տաճարի բարիքներովը» (Սաղմոս 65։4)։
[Ծանոթագրություն]
a Տե՛ս «Դիտարանի» 1959 թ. օգոստոսի 1–ի համարը, էջ 468–472 (անգլ.)։
[նկար 8-րդ էջի վրա]
Տատիկս իր դուստրերի հետ
[նկար 9-րդ էջի վրա]
Ծնողներիս հետ իմ մկրտության օրը, 1948 թ.
[նկար 10-րդ էջի վրա]
Ալբերտ Շրյոդերի՝ «Գաղաադ» դպրոցի քարտուղարի, և Հարավաֆրիկյան Հանրապետությունից ինը ուսանողների հետ
[նկար 10-րդ էջի վրա]
Ջոնի հետ 1984 թ.–ին