Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 9/1 էջ 17–21
  • Երբ հարազատդ թողնում է Եհովային

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբ հարազատդ թողնում է Եհովային
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ է այդքան դժվար
  • Ինչ կարող ես անել
  • Երբ հարազատդ թողնում է Եհովային
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ծնողնե՛ր, օգնեք ձեր երեխաներին սիրել Աստծուն
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Կառուցեք հոգևորապես ամուր ընտանիք
    2001 Դիտարան
  • Ինչպե՞ս կարող եք օգնել «անառակ» երեխային
    2001 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 9/1 էջ 17–21

Երբ հարազատդ թողնում է Եհովային

ՄԱՐԿՆ ու Լուիզը Եհովայի վկաներ են։a Այս քրիստոնյա ծնողները իրենց երեխաներին սիրով ու հոգատարությամբ սովորեցրել են Աստվածաշունչը, ինչպես և պատվիրվում է Սուրբ Գրություններում (Առակաց 22։6; Բ Տիմոթէոս 3։15)։ Ցավոք, երբ երեխաները դարձան չափահաս, նրանցից ոչ բոլորը շարունակեցին ծառայել Եհովային։ «Սիրտս կտոր–​կտոր է լինում այն երեխաներիս համար, ովքեր շեղվել են ճշմարտությունից,— ասում է Լուիզը։— Ինչպե՜ս կարող եմ ձևացնել, թե ամեն ինչ լավ է, եթե ամեն օր տանջվում եմ։ Երբ մյուսները պատմում են իրենց որդիների մասին, կոկորդս սեղմվում է, ու հազիվ եմ զսպում արցունքներս»։

Երբ անհատը որոշում է թողնել Եհովային ու դադարում ապրել Աստվածաշնչի սկզբունքներով, Աստծուն հավատարմորեն ծառայող նրա հարազատները սովորաբար մեծ ցավ են զգում։ «Ես շատ եմ սիրում քրոջս,— ասում է Այրինը։— Որքա՜ն կուզեի, որ նա վերադառնար դեպի Եհովան»։ Իսկ Մարիայի եղբայրը երես թեքեց Եհովայից ու սկսեց անբարո կյանքով ապրել։ Մարիան ասում է. «Ինձ համար դժվար է դիմանալ այդ ցավին այն պատճառով, որ նա մյուս բոլոր առումներով հրաշալի եղբայր է եղել։ Ես նրա բացակայությունը հատկապես զգում եմ ընտանեկան մեծ հավաքույթների ժամանակ»։

Ինչո՞ւ է այդքան դժվար

Ինչո՞ւ են քրիստոնյա հարազատները մեծ ցավ զգում, երբ երեխան կամ ընտանիքի մեկ ուրիշ անդամը հեռանում է Եհովայից։ Քանի որ նրանք գիտեն. Աստվածաշունչը դրախտ–​երկրում հավիտենական կյանք է խոստանում այն անհատներին, ովքեր հավատարիմ են մնում Եհովային (Սաղմոս 37։29; Բ Պետրոս 3։13; Յայտնութիւն 21։3–5)։ Նրանք շատ են ուզում այդ օրհնությունները վայելել իրենց ամուսինների, երեխաների, ծնողների և թոռների հետ։ Սակայն որքա՜ն է նրանց ընկճում այն միտքը, որ Եհովայից հեռացած իրենց հարազատները կարող են զրկվել այդ հեռանկարից։ Քրիստոնյաները գիտեն, որ Եհովայի օրենքներով ու սկզբունքներով ապրելը օգուտ է բերում արդեն իսկ մեր օրերում։ Ուստի նրանց սիրտը ճմլվում է, երբ տեսնում են, որ իրենց հարազատները ‘ցանում’ են բաներ, որոնց պտուղը միայն ու միայն դառնությունն է (Եսայիա 48։17, 18; Գաղատացիս 6։7, 8)։

Ոմանք, ովքեր երբեք նման կորուստ չեն ունեցել, գուցե դժվարանան պատկերացնել, թե ինչ խոր ցավ է դա պատճառում։ Այդ ցավն իրեն զգալ է տալիս կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում։ «Ինձ համար ավելի ու ավելի դժվար է դառնում Թագավորության սրահում տեսնել, թե ինչպես են ծնողները խինդ ու ծիծաղով շփվում իրենց զավակների հետ,— ասում է Լուիզը։— Ամեն անգամ, երբ մի ուրախ իրադարձություն է լինում, ինձ պատում է դատարկության զգացումը, քանի որ հարազատս կողքիս չէ»։ Մի քրիստոնյա երեց, հիշելով այն չորս տարիները, երբ իր կնոջ աղջիկը զրկված էր ընկերակցությունից, ասում է. «Նույնիսկ ուրախ պահերին էինք ցավ զգում։ Երբ ես նվեր էի տալիս կնոջս կամ նրա հետ միասին մի հաճելի վայր էի գնում՝ հանգստանալու, նա չէր դիմանում ու սկսում էր լաց լինել, քանի որ նրա աղջիկը այդ պահերին մեր կողքին չէր»։

Արդյո՞ք այս և նման հանգամանքներում գտնվող մյուս քրիստոնյաները տեղի ունեցածը չափից դուրս ցավագին են ընդունում։ Անպայման չէ։ Իրականում նրանք որոշ չափով արտացոլում են Եհովայի հատկությունները, քանի որ մարդը ստեղծված է նրա պատկերով (Ծննդոց 1։26, 27)։ Ի՞նչ է սա նշանակում։ Ի՞նչ էր զգում Եհովան, երբ իր Իսրայել ժողովուրդը ըմբոստանում էր իր դեմ։ Սաղմոս 78։38–41 համարները ցույց են տալիս, որ նա ցավ ու վիշտ էր զգում։ Բայցևայնպես Եհովան համբերատարությամբ նախազգուշացնում էր նրանց ու խրատում, իսկ երբ զղջում էին, ներում էր։ Ակնհայտ է, որ Եհովան ջերմ կապվածություն է զգում իր ստեղծած էակներից՝ ‘իր ձեռքի գործերից’ յուրաքանչյուրի հանդեպ, ուստի նա հեշտությամբ չի հրաժարվում նրանցից (Յոբ 14։15; Յովնան 4։10, 11)։ Նա մարդկանց օժտել է նման կապվածություն զգալու ունակությամբ, և այդ զգացումը հատկապես ուժեղ է ընտանիքի անդամների միջև։ Ուստի զարմանալի չէ, որ քրիստոնյա անհատները խոր վիշտ են ապրում, երբ իրենց հարազատը թողնում է Եհովային։

Հարազատի կորուստը՝ հոգևոր իմաստով, Եհովայի երկրպագուների ամենադժվար փորձություններից է (Գործք 14։21)։ Հիսուսն ասաց, որ իր պատգամն ընդունող որոշ անհատների ընտանիքում բաժանություն էր լինելու (Մատթէոս 10։34–38)։ Աստվածաշնչի պատգամն ինքնին չի բաժանում ընտանիքի անդամներին։ Ընտանիքի անհավատ կամ անհավատարիմ անդամն է բաժանություն առաջ բերում՝ մերժելով, հրաժարվելով կամ նույնիսկ հակառակվելով քրիստոնեական ճանապարհին։ Կարող ենք շնորհակալ լինել Եհովային, որ նա իր հավատարիմ երկրպագուներին մեն–​մենակ չի թողնում փորձությունների դիմաց։ Գուցե դու ներկայումս խոր վիշտ ես ապրում, որ քո հարազատը թողել է Եհովային։ Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կարող են օգնել քեզ տոկալ և որոշ չափով ուրախություն ու գոհունակություն գտնել։

Ինչ կարող ես անել

«Ձեր անձերը ....շինեցէք .... ձեր անձերը Աստուծոյ սէրի մէջ պահէք» (Յուդա 20, 21)։ Հնարավոր է՝ քո հանգամանքներն այժմ այնպիսին են, որ դու ոչինչ չես կարող անել Եհովային թողած հարազատիդ օգնելու համար։ Սակայն դու կարող ես ու պետք է ‘շինես’՝ ամրացնես քեզ ու ընտանիքիդ այն անդամներին, որոնք պահում են իրենց հավատարմությունը Եհովայի հանդեպ։ Վերոնիկան, որի երեք որդիներից երկուսը թողել են ճշմարտությունը, ասում է. «Ես ու ամուսինս սիրալիր հորդոր ստացանք, որ եթե հոգևորապես ամուր մնանք, կկարողանանք ողջունել մեր տղաներին, երբ նրանք ‘խելքի գան’։ Որտե՞ղ կլիներ ‘անառակ որդին’, եթե նրա հայրը ի վիճակի չլիներ նրան դիմավորելու»։

Որպեսզի հոգևորապես ամուր լինես, կլանված եղիր հոգևոր գործունեությամբ։ Դա ներառում է Աստվածաշնչի խոր ուսումնասիրության գրաֆիկ ունենալը և քրիստոնեական հանդիպումներին հաճախելը։ Աջակցիր ժողովի անդամներին այնքան, որքան թույլ են տալիս քո հանգամանքները։ Ճիշտ է, սկզբում թերևս դժվար լինի։ Վերոնիկան հիշում է. «Իմ առաջին զգացումն էր՝ վիրավոր կենդանու պես մեկուսանալ։ Բայց ամուսինս ասաց, որ պետք է շարունակենք պահել մեր լավ հոգևոր սովորությունները։ Նա ամեն ինչ արեց, որ մենք ներկա լինենք ժողովի հանդիպումներին։ Իսկ երբ մոտեցան համաժողովի օրերը, ինձ մեծ քաջություն էր պետք, որպեսզի գնայի ու մարդկանց տեսնեի։ Ինչևէ, համաժողովի ծրագիրը մեզ օգնեց ավելի մոտենալ Եհովային, իսկ Աստծուն հավատարիմ մեր որդու հավատը էլ ավելի ամրացավ»։

Մարիային, որի մասին նշվեց վերևում, հատկապես օգնում է այն, որ նա շարունակում է ակտիվորեն մասնակցել քարոզչական ծառայությանը և այժմ Աստվածաշնչի չորս ուսումնասիրություն է անցկացնում։ Իսկ Լորան ասում է. «Չնայած որ ամեն օր լալիս եմ, ես շնորհակալ եմ Եհովայից, որ, ճիշտ է, չեմ կարողացել որոշ ծնողների նման հաջողությամբ դաստիարակել երեխաներիս, բայց ունեմ Աստվածաշնչի կատարյալ պատգամը, որի միջոցով այս վերջին օրերում կարող եմ օգնել շատ ընտանիքների»։ Քենն ու Էլինորը, որոնց չափահաս երեխաները թողել են ժողովը, իրենց գործերն այնպես կարգավորեցին, որ կարողանան տեղափոխվել այնտեղ, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք կա։ Նոր վայրում նրանք լիաժամ ծառայություն սկսեցին։ Այս ամենը նրանց օգնեց իրատես լինել ու թույլ չտալ, որ վիշտը խեղդի իրենց։

Հույսդ մի՛ կորցրու։ Սերը «ամեն բանի համար յոյս ունի» (Ա Կորնթացիս 13։7)։ Քենն ասում է. «Երբ մեր երեխաները թողեցին ճշմարտությունը, ինձ թվաց՝ նրանք մահացան։ Սակայն երբ մահացավ քույրս, տեսակետս փոխվեց։ Ես անչափ ուրախ եմ, որ երեխաներս չեն մահացել բառի ուղիղ իմաստով, և Եհովան նրանց համար բաց է պահում ետդարձի ճանապարհը»։ Եվ իրոք, փաստերը վկայում են, որ ճշմարտությունը թողած շատ անհատներ ի վերջո վերադառնում են դեպի Եհովան (Ղուկաս 15։11–24)։

Խուսափի՛ր ինքդ քեզ մեղադրելուց։ Հատկապես ծնողները կարող են հակված լինել ետ նայելու և ափսոսալու, որ որոշ հարցերում այս կամ այն ձևով չեն վարվել։ Սակայն Եզեկիէլ 18։20–ը ցույց է տալիս, որ Եհովան սխալը գործողին է պատասխանատու համարում և ոչ թե նրա ծնողներին։ Հետաքրքիր է, որ թեև «Առակաց» գրքում բազմիցս շեշտվում է ծնողների՝ երեխաներին ճիշտ ձևով մեծացնելու պարտականությունը, սակայն գրքում առնվազն չորս անգամ երեխաներին խորհուրդ է տրվում լսել ու հնազանդվել իրենց ծնողներին։ Այո՛, երեխաները պարտավոր են ընդունել իրենց անկատար ծնողների տված աստվածաշնչյան դաստիարակությունը։ Դու, հավանաբար, ժամանակին արել ես այն, ինչ կարողացել ես։ Սակայն եթե զգում ես, որ սխալ քայլեր ես կատարել, միևնույն է, չի կարելի միանշանակ ասել, որ քո երեխան ճշմարտությունը թողել է քո սխալների պատճառով։ Ամեն դեպքում, չարժե անդադար ափսոսանք արտահայտել՝ ասելով. «Եթե միայն այսպես անեի կամ այնպես անեի...»։ Սովորիր քո սխալներից, վճռիր չկրկնել դրանք և աղոթքով Եհովայից ներում խնդրիր (Սաղմոս 103։8–14; Եսայիա 55։7)։ Նայիր առաջ և ոչ թե հետ։

Մարդկանց հետ համբերատա՛ր եղիր։ Թերևս ոմանք չիմանան ինչպես քաջալերել ու մխիթարել քեզ, հատկապես այն պատճառով, որ նման ապրումներ երբևէ չեն ունեցել։ Բացի այդ, մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն, թե ինչ է նշանակում քաջալերել ու մխիթարել։ Ուստի եթե որևէ մեկի խոսքերը վշտացնեն քեզ, կիրառիր Պողոս առաքյալի խորհուրդը, որ արձանագրված է Կողոսացիս 3։13–ում. «Իրար համբերելով եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ»։

Հարգի՛ր խրատելու վերաբերյալ Եհովայի սահմանած կարգը։ Եթե քո հարազատը խրատ է ստացել ժողովի կողմից, հիշի՛ր, որ այն գալիս է Եհովայից և ծառայում է բոլորի, այդ թվում նաև սխալը գործած անհատի օգտին (Եբրայեցիս 12։11)։ Ուստի խուսափիր քննադատել այդ հարցում ներգրավված երեցներին կամ նրանց կայացրած որոշումները։ Հիշի՛ր, որ լավագույն արդյունքների կարելի է հասնել այն դեպքում, երբ ամեն ինչ արվի Եհովայի սահմանած կարգով, մինչդեռ հակառակվելը կարող է ավելի շատ ցավ պատճառել։

Եգիպտոսի գերությունից իսրայելացիների ազատագրվելուց հետո Մովսեսը ծառայում էր որպես դատավոր (Ելից 18։13–16)։ Քանի որ մեկի օգտին կայացրած որոշումը հավանաբար ցույց էր տալիս, որ մյուսը իրավացի չէ, ապա դժվար չէ պատկերացնել, որ ոմանք դժգոհ էին Մովսեսի որոշումներից։ Նրա որոշումներում սխալներ որոնելը առանձին դեպքերում թերևս ոմանց դրդեց ըմբոստանալ նրա առաջնորդության դեմ։ Սակայն Եհովան Մովսեսի միջոցով էր առաջնորդում իր ժողովրդին, ուստի նա պատժեց ոչ թե Մովսեսին, այլ ապստամբ իսրայելացիներին և նրանց այն հարազատներին, ովքեր աջակցեցին նրանց (Թուոց 16։31–35)։ Այս օրինակից սովորում ենք, որ հարկավոր է հարգել աստվածապետական իշխանություն ունեցողների ընդունած որոշումները և թիկունք կանգնել դրանց։

Ահա Դելորեսի օրինակը։ Նա հիշում է, թե որքան դժվար էր հավասարակշռված տեսակետ պահպանել, երբ իր դուստրը ժողովի կողմից խրատ ստացավ։ Դելորեսն ասում է. «Ինձ օգնեց այն, որ նորից ու նորից կարդում էի այն հոդվածները, որոնցում խոսվում էր Եհովայի հաստատած կանոնների ու օրենքների իմաստության մասին։ Ես մի հատուկ բլոկնոտ էի պահում, որտեղ գրում էի ելույթներից և հոդվածներից քաղված մտքեր, որոնք կօգնեին ինձ դիմակայել ու շարունակել ծառայությունս»։ Բայց կա ևս մեկ միջոց, որը կարող է օգնել քեզ։

Արտահայտի՛ր զգացումներդ։ Թերևս օգտակար համարես սիրտդ բացել մեկ կամ երկու կարեկից ընկերների առջև, որոնք ունեն քո վստահությունը։ Ընտրիր նրանց, ովքեր քեզ կօգնեն դրական տրամադրվածություն պահպանել։ Ինչ խոսք, ամենաարդյունավետ օգնությունը աղոթքով Եհովայի առջև ‘սիրտդ բացելն’ է (Սաղմոս 62։7, 8 ԱԱ)։b Ինչո՞ւ։ Քանի որ նա լիովին հասկանում է քո զգացումները։ Օրինակ՝ գուցե մտածես, որ արդարացի չէ այդպիսի ցավ կրելը. չէ՞ որ Եհովային դու ինքդ չես թողել։ Զգացումներդ հայտնիր նրան ու խնդրիր, որ օգնի քեզ չափազանց ցավագին չտանել հոգևոր կորուստը (Սաղմոս 37։5)։

Ժամանակի ընթացքում թերևս ավելի լավ կարողանաս տիրապետել զգացմունքներիդ։ Իսկ մինչ այդ, շարունակիր ջանք թափել քո երկնային Հորը հաճեցնելու համար ու երբեք մի մտածիր, որ այդպիսի ջանքերն անիմաստ են (Գաղատացիս 6։9)։ Հիշի՛ր. եթե թողնենք Եհովային, միևնույն է, խնդիրներից չենք ազատվի։ Իսկ եթե հավատարիմ մնանք, ապա նա կօգնի, որ դիմակայենք դժվարություններին։ Վստահ եղիր, որ Եհովան հասկանում է քո ապրումները, և ճիշտ ժամանակին կտա անհրաժեշտ զորությունը (Բ Կորնթացիս 4։7; Փիլիպպեցիս 4։13; Եբրայեցիս 4։16)։

[ծանոթագրություններ]

a Որոշ անուններ փոխված են։

b Ընկերակցությունից զրկված հարազատի մասին աղոթելու վերաբերյալ տե՛ս «Դիտարանի» 2001 թ. դեկտեմբերի 1–ի համարը (էջ 30, 31)։

[շրջանակ 19-րդ էջի վրա]

Ինչ կարող ես անել

◆ «Ձեր անձերը ....շինեցէք .... ձեր անձերը Աստուծոյ սէրի մէջ պահէք» (Յուդա 20, 21)։

◆ Հույսդ մի՛ կորցրու (Ա Կորնթացիս 13։7)։

◆ Խուսափի՛ր ինքդ քեզ մեղադրելուց (Եզեկիէլ 18։20)։

◆ Մարդկանց հետ համբերատա՛ր եղիր (Կողոսացիս 3։13)։

◆ Հարգի՛ր խրատելու վերաբերյալ Եհովայի սահմանած կարգը (Եբրայեցիս 12։11)։

◆ Արտահայտի՛ր զգացումներդ (Սաղմոս 62։7, 8 ԱԱ)։

[շրջանակ/նկար 21-րդ էջի վրա]

Դու թողե՞լ ես Եհովային

Եթե այո, ապա անկախ այն բանից, թե որն է պատճառը, քո փոխհարաբերությունները Եհովայի հետ ու հավիտյան ապրելու քո հեռանկարը վտանգի տակ են։ Գուցե մտադիր ես վերադառնալ դեպի Եհովան։ Իսկ դու ցանկանում ես, որ ա՞յժմ դա անես, թե՞ հետաձգում ես, մինչև որ «ժամանակը» գա։ Հիշի՛ր, Արմագեդոնի գորշ ամպերը արագորեն մոտենում են։ Նաև հաշվի առ, որ իրերի այս համակարգում կյանքը կարճ է ու անորոշ։ Չգիտենք, թե արդյոք վաղը կենդանի կլինենք (Սաղմոս 102։3; Յակոբոս 4։13, 14)։ Մի մարդ, երբ իմացավ, որ մահացու հիվանդություն ունի, ասաց. «Այս հիվանդությունն ինձ զարկեց այն ժամանակ, երբ Եհովային լիաժամ էի ծառայում։ Իմ խիղճը մաքուր է։ Որքա՜ն եմ մխիթարվում, որ հիմա՛ եմ հիվանդացել»։ Պատկերացրու, սակայն, թե նա ինչ զգացումներ կունենար, եթե հիվանդանար այն ժամանակ, երբ իր սրտում ասելիս լիներ. «Մի օր կվերադառնամ դեպի Եհովան»։ Եթե դու թողել ես Եհովային, հիմա վերադառնալու ամենալավ ժամանակն է։

[նկարներ 18-րդ էջի վրա]

Հոգևոր գործունեությամբ կլանված լինելը կօգնի քեզ ճիշտ տեսակետ պահպանել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը