Ինչպե՞ս կարող եք օգնել «անառակ» երեխային
«Ցնծա...., որովհետեւ [նա] կորած էր եւ գտնուեց» (Ղուկաս 15։32)։
1, 2. ա) Ինչպե՞ս են որոշ երիտասարդներ արձագանքել քրիստոնեական ճշմարտությանը։ բ) Նման իրավիճակներում ինչպե՞ս են իրենց զգում ծնողներն ու երեխաները։
«ԵՍ ՀԵՌԱՆՈՒՄ եմ ճշմարտությունից»։ Հարազատ երեխայի բերանից լսելով այս խոսքերը՝ ի՜նչ մեծ ցնցում կարող են ապրել աստվածավախ ծնողները, որոնք ջանք չեն խնայել նրան քրիստոնեական ուղու վրա կանգնեցնելու համար։ Շատ զավակներ էլ պարզապես մի կողմ են ‘տարվում’՝ առանց սեփական մտադրությունների մասին որևէ հայտարարություն անելու (Եբրայեցիս 2։1)։ Նրանցից շատերը հիշեցնում են Հիսուսի պատմած առակի անառակ որդուն, որը թողեց հայրական տունը և իր ստացած ժառանգությունը վատնեց հեռավոր երկրում (Ղուկաս 15։11–16)։
2 Թեև Եհովայի վկաների երեխաների մեծ մասը չունի այս պրոբլեմը, բայց դժվար է մխիթարության խոսքեր գտնել ու սփոփել այն ծնողներին, որոնց երեխաները հեռացել են ճշմարտությունից։ Անհնար է չնկատել այն դժբախտությունը, որ իր վրա բերում է կամակոր տղան կամ աղջիկը։ Նա գուցե սրտի խորքում խղճի խայթ է զգում։ Հիսուսի պատմած առակում անառակ որդին ի վերջո «խելքի եկաւ»՝ հուրախություն իր հոր։ Ինչպե՞ս կարող են ծնողներն ու ժողովի անդամներն օգնել «անառակ» որդիներին և դստրերին ‘խելքի գալու’ (Ղուկաս 15։17)։
Ինչո՞ւ են ոմանք որոշում հեռանալ
3. Ինչո՞ւ են երեխաները որոշում հեռանալ քրիստոնեական ժողովից։
3 Քրիստոնեական ժողովում հարյուր հազարավոր երեխաներ կան, որոնց մեծ ուրախություն է պատճառում Եհովային ծառայելը։ Հապա ինչո՞ւ են մյուսները թողնում ճշմարտությունը։ Հավանաբար, նրանք մտածում են, թե ձեռքից բաց են թողնում այն, ինչը աշխարհն է առաջարկում (Բ Տիմոթէոս 4։10)։ Կամ գուցե կարծում են, որ Եհովայի պաշտպանիչ «փարախը» մարդուն չափազանց նեղ շրջանակների մեջ է դնում։ Անմաքուր խիղճը, հակառակ սեռի հանդեպ մեծ հետաքրքրվածությունը և հասակակիցների կողմից ընդունվելու ցանկությունը նույնպես կարող են պատճառ դառնալ, որ երիտասարդն աստիճանաբար հեռանա Եհովայի հոտից։ Երեխան կարող է դադարել Աստծուն ծառայել նաև այն պատճառով, որ իրեն թվում է, թե իր ծնողներն ու մյուս քրիստոնյաները կեղծավորություն են անում։
4. Ո՞րն է երեխաների՝ ճշմարտությունից շեղվելու հիմնական պատճառը։
4 Երեխայի ըմբոստ տրամադրվածությունն ու պահվածքը սովորաբար վկայում են նրա հոգևոր թուլության մասին, արտացոլում են այն, ինչ որ կա նրա սրտում (Առակաց 15։13; Մատթէոս 12։34)։ Ինչ պատճառով էլ որ երեխան շեղված լինի ճշմարտությունից, խնդրի հիմքում հաճախ ընկած է լինում այն, որ նրա սրտին հասած չի լինում «ճշմարտութեան գիտութիւնը» (Բ Տիմոթէոս 3։7)։ Եհովային պարզապես մակերեսորեն երկրպագելու փոխարեն՝ շատ ավելի կարևոր է, որ երեխաները անձնական սերտ փոխհարաբերություններ զարգացնեն նրա հետ։ Ի՞նչը կօգնի նրանց դա անել։
Մոտեցեք Աստծուն
5. Ի՞նչ կարևոր բան պետք է անի երիտասարդ անձնավորությունը, որպեսզի Աստծո հետ անձնական հարաբերություններ մշակի։
5 «Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կը մերձենայ ձեզ»,— գրեց Հակոբոս աշակերտը (Յակոբոս 4։8)։ Որպեսզի երեխան մոտենա Աստծուն, հարկավոր է օգնել նրան սեր զարգացնելու Աստծո Խոսքի հանդեպ (Սաղմոս 34։8)։ Նրան սկզբնապես «կաթ» է հարկավոր՝ Աստվածաշնչի հիմնական ուսուցումները։ Սակայն, աստիճանաբար զգալով, որ Աստծո Խոսքը հաճելի է իրեն, և սկսելով սիրել «պինդ կերակուրը»՝ խոր հոգևոր գիտելիքները՝ նա շուտով հոգևորապես հասուն անձնավորություն կդառնա (Եբրայեցիս 5։11–14; Սաղմոս 1։2)։ Մի երիտասարդ խոստովանեց, որ ամբողջությամբ կուլ էր գնացել աշխարհին, բայց հետո սկսել էր գնահատել հոգևոր արժեքները։ Ի՞նչն օգնեց նրան այդպիսի շրջադարձ կատարել։ Նրան խորհուրդ էին տվել Աստվածաշունչն ամբողջությամբ կարդալ. նա այդպես էլ արեց՝ Աստվածաշնչի ընթերցանության կանոնավոր գրաֆիկ պահելով։ Այո, Աստծո Խոսքը կանոնավորաբար կարդալը հույժ կարևոր է Եհովայի հետ սերտ հարաբերություններ մշակելու համար։
6, 7. Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին սիրելու Աստծո Խոսքը։
6 Որքա՜ն կարևոր է, որ ծնողներն օգնեն իրենց երեխաներին սիրել Աստծո Խոսքը։ Մի դեռատի աղջիկ, որի ընտանիքում կանոնավորաբար ընտանեկան ուսումնասիրություն էր կատարվում, սկսեց շփվել հասակակից հանցագործների հետ։ Ահա թե ինչ է պատմում նա իրենց ընտանեկան ուսումնասիրության մասին. «Երբ հայրս հարցերն էր տալիս, ես, առանց նրա երեսին նայելու, ուղղակի կարդում էի պատասխանները»։ Պարզապես նյութն անցնելու փոխարեն՝ իմաստուն ծնողները սովորեցնելու արվեստ են կիրառում (Բ Տիմոթէոս 4։2)։ Որպեսզի երեխային հաճելի լինի ուսումնասիրությունը, նա պետք է զգա, որ քննարկվող նյութն անմիջականորեն իրեն է առնչվում։ Ինչո՞ւ անձնական տեսակետի հարցեր չտալ և թույլ չտալ նրան արտահայտվել։ Քաջալերեք երեխաներին, որ կիրառեն ուսումնասիրության ժամանակ քննարկված նյութը։a
7 Բացի դրանից, ձեր աստվածաշնչյան քննարկումները կենդանի դարձրեք։ Երբ որ հարմար է լինում, երեխաների հետ միասին աստվածաշնչյան դեպքերից բեմականացված ներկայացումներ պատրաստեք։ Օգնեք նրանց մտովի պատկերացնել այն վայրն ու նրա առանձնահատկությունները, որտեղ տեղի են ունեցել քննարկվող իրադարձությունները։ Օգտակար կլինի քարտեզներ և աղյուսակներ օգտագործելը։ Այո՛, մի փոքր երևակայություն, և ընտանեկան ուսումնասիրությունը կենդանի ու բազմաբովանդակ կդառնա։ Ծնողները պետք է նաև քննեն, թե ինչպիսին են հենց իրենց փոխհարաբերությունները Եհովայի հետ։ Եթե իրենք մոտենում են Եհովային, ապա կարող են օգնել երեխաներին նույնը անելու (Բ Օրինաց 6։5–7)։
8. Ինչպե՞ս է աղոթքն օգնում մարդուն մոտենալու Աստծուն։
8 Աղոթքը նույնպես օգնում է մարդուն մոտենալու Աստծուն։ Մի դեռատի աղջիկ երկընտրանքի մեջ էր. ընտրել քրիստոնեական կյանքի ուղի՞ն, թե՞ իր համոզմունքները չբաժանող ընկերներին (Յակոբոս 4։4)։ Ինչպե՞ս վարվեց նա։ «Կյանքումս առաջին անգամ սրտանց աղոթեցի Եհովային իմ զգացումների մասին»,— խոստովանեց նա։ Երբ քրիստոնեական ժողովում վստահելի ընկերուհի գտավ, նա եզրակացրեց, որ իր աղոթքին պատասխան է տրվել։ Զգալով, որ Եհովան առաջնորդում է իրեն՝ նա սկսեց անձնական հարաբերություններ զարգացնել Աստծո հետ։ Իրենց անձնական աղոթքների որակը բարելավելով՝ ծնողները կարող են օգնել իրենց երեխաներին։ Ընտանիքով աղոթելիս ծնողները կարող են իրենց սիրտը բացել Աստծո առաջ, որպեսզի երեխաները անձնական կապվածություն զգան ծնողների ու Եհովայի հանդեպ։
Եղեք համբերատար, բայցև՝ հաստատակամ
9, 10. Երկայնամտության ի՞նչ օրինակ է թողել Եհովան՝ կամակոր իսրայելացիների հետ կապված։
9 Երբ երեխան սկսում է աստիճանաբար հեռանալ ճշմարտությունից, գուցե նա ուզում է մեկուսանալ և ընդդիմանում է ծնողների՝ իր հետ հոգևոր թեմայով խոսելու ցանկացած փորձին։ Ի՞նչ կարող են անել ծնողները նման դժվարին իրավիճակում։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ արեց Եհովան հին Իսրայելի առնչությամբ։ Նա 900 տարի շարունակ համբերել էր «խստապարանոց» իսրայելացիներին, որոնք գնում էին իրենց կամակոր ճանապարհներով, և, վերջիվերջո, թողեց նրանց (Ելից 34։9; Բ Մնացորդաց 36։17–21; Հռովմայեցիս 10։21)։ Եհովան «ողորմած էր» նրանց հանդեպ՝ չնայած այն բանին, որ նրանք բազմիցս ‘փորձում էին իրեն’։ «Շատ անգամ դարձնում էր իր բարկութիւնը, եւ չէր վեր կացնում իր բոլոր սրտմտութիւնը» (Սաղմոս 78։38–42)։ Աստված ոչ մի սխալ բան չէր արել նրանց նկատմամբ։ Սիրող ծնողներն ընդօրինակում են Եհովային և համբերություն ցուցաբերում, երբ իրենց երեխան անմիջապես չի արձագանքում նրան օգնելու նպատակով իրենց կատարած ջանքերին։
10 Լինել երկայնամիտ կամ համբերատար չի նշանակում պարզապես դիմանալ երկար ժամանակ. դա նաև նշանակում է շարունակել հուսալ, որ վնասված հարաբերությունները կվերականգնվեն։ Եհովան երկայնամտության օրինակ է թողել։ Նա իր պատգամավորներին կրկին ու կրկին ուղարկում էր իսրայելացիների մոտ։ Եհովան «խնայում էր իր ժողովրդին», չնայած որ նրանք «անարգում էին Աստուծոյ պատգամաւորներին, եւ արհամարհում էին նորա խօսքերը» (Բ Մնացորդաց 36։15, 16)։ Նա իսրայելացիներին կոչ էր անում. «Մէկ ետ դարձէք ամեն մէկդ իր չար ճանապարհիցը» (Երեմիա 25։4, 5)։ Այս ամենով հանդերձ՝ Եհովան փոխզիջման չգնաց իր արդար սկզբունքներում. իսրայելացիներին ասվում էր, որ ‘ետ դառնան’ դեպի Աստված և նրա ճանապարհներով գնան։
11. Ինչպե՞ս կարող են ծնողները երկայնամիտ, բայցև հաստատակամ լինել ճշմարտությունից հեռացած երեխայի հանդեպ։
11 Ծնողները կարող են ընդօրինակել Եհովային՝ չշտապելով իրենց հույսը կտրել ճշմարտությունից հեռացած երեխայից։ Այդ հույսով լցված՝ նրանք կարող են երեխայի հետ շարունակել հաղորդակցությունը բաց պահել կամ այն վերականգնել։ Չշեղվելով արդար սկզբունքներից՝ նրանք կարող են կրկին ու կրկին հորդորել երեխային վերադառնալ դեպի ճշմարտությունը։
Երբ անչափահաս երեխան զրկվում է ընկերակցությունից
12. Ի՞նչ պատասխանատվություն ունեն ծնողներն իրենց անչափահաս երեխայի հանդեպ, որն ապրում է իրենց հետ, բայց զրկվել է ընկերակցությունից։
12 Ի՞նչ անել, եթե ծնողների հետ ապրող անչափահաս երեխան լուրջ մեղք է գործում և չզղջալու պատճառով զրկվում ընկերակցությունից։ Քանի դեռ երեխան ապրում է ծնողների հետ, նրանք շարունակում են պատասխանատվություն կրել՝ կրթելու և դաստիարակելու նրան Աստծո Խոսքին համապատասխան։ Ինչպե՞ս կարող են դա անել (Առակաց 6։20–22; 29։17)։
13. Ինչպե՞ս կարող են ծնողները փորձել սխալ գործած երեխայի սրտին հասնել։
13 Գուցե հնարավոր է, և դա շատ լավ կլիներ, երեխային կրթել ու խրատել՝ Աստվածաշունչը նրա հետ առանձին ուսումնասիրելով։ Ծնողը պետք է փորձի երեխայի ներկա վիճակից այն կողմ նայել և տեսնել, թե ինչ կա նրա սրտում։ Որքանո՞վ է նա հոգևորապես թուլացել (Առակաց 20։5)։ Հնարավո՞ր է արդյոք հասնել նրա սրտի զգայուն լարերին։ Ի՞նչ սուրբգրային համարներ կարելի է օգտագործել այդ նպատակով։ Պողոս առաքյալը հավաստիացնում է մեզ. «Կենդանի է Աստծու խօսքը, ազդու եւ աւելի հատու, քան ամէն մի երկսայրի սուր. եւ կտրում անցնում է մինչեւ ոգու եւ հոգու, յօդերի եւ ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները» (Եբրայեցիս 4։12)։ Այո, ծնողները կարող են ավելին անել, քան պարզապես ասել երեխային, որ չպետք է կրկնել անցյալի սխալը։ Նրանք կարող են փորձել «ապաքինել» երեխային։
14. Նախևառաջ ի՞նչ պետք է անի սխալ գործած երեխան, որպեսզի վերականգնի Եհովայի հետ իր հարաբերությունները, և ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել երեխային այդ քայլն անելու։
14 Սխալ գործած երեխան կարիք ունի վերականգնելու իր հարաբերությունները Եհովայի հետ։ Առաջին քայլը, որ նա պետք է անի, ‘ապաշխարելը և դարձի գալն’ է (Գործք 3։19; Եսայիա 55։6, 7)։ Ծնողները պետք է «անոխակալ» լինեն և «հանդարտութեամբ» խրատեն իրենց հետ ապրող ու բացասականորեն տրամադրված երեխային, որպեսզի օգնեն նրան զղջալ արածի համար (Բ Տիմոթէոս 2։24–26)։ Նրանք պետք է երեխային ‘հանդիմանեն’ այս բառի աստվածաշնչյան իմաստով։ «Հանդիմանել» թարգմանված հունարեն բառը նաև կարող է թարգմանվել «համոզիչ փաստեր ներկայացնել» (Յայտնութիւն 3։19; Յովհաննէս 16։8, ՆԱ)։ Հետևաբար, հանդիմանելն իր մեջ ներառում է երեխային համոզիչ փաստերով ցույց տալ, որ նրա բռնած ընթացքը սխալ է։ Իհարկե, դա հեշտ չէ։ Ծնողները պետք է ջանան դիպչել երեխայի սրտին՝ օգտագործելով Գրություններին համապատասխան ամեն մի միջոց՝ նրան համոզելու համար։ Նրանք պետք է փորձեն օգնել նրան հասկանալու, որ հարկավոր է ‘ատել չարը և սիրել բարին’ (Ամովս 5։15)։ Արդյունքում՝ երեխան գուցե ‘զգաստանա՝ ազատվելով Սատանայի որոգայթներից’։
15. Ի՞նչ դեր է խաղում աղոթքը սխալ գործած երեխայի և Եհովայի միջև փոխհարաբերությունների վերականգնման մեջ։
15 Եհովայի հետ փոխհարաբերությունները վերականգնելու համար խիստ կարևոր է աղոթելը։ Իհարկե, ոչ ոք չպետք է ‘խնդրի’ ժամանակին քրիստոնեական ժողովի հետ համագործակցած անձնավորության համար, որն ակնհայտորեն, սովորության համաձայն մեղք է գործում ու չի զղջում (Ա Յովհաննէս 5։16, [17, ԱԹ]; Երեմիա 7։16–20; Եբրայեցիս 10։26, 27)։ Սակայն ծնողները կարող են Եհովայից իմաստություն խնդրել, թե ինչպես վարվել տվյալ իրավիճակում (Յակոբոս 1։5)։ Եթե երևում է, որ ընկերակցությունից զրկված երեխան զղջում է, բայց ‘համարձակություն [չունի] Աստծո առաջ’, ծնողները կարող են աղոթել, որ Եհովան տեսնի, թե կա արդյոք ներելու հիմք, և խնդրել, որ նրա կամքը կատարվի (Ա Յովհաննէս 3։21)։ Նրանց աղոթքները լսելը դեռահասին կօգնի տեսնել, որ Եհովան ողորմած Աստված էb (Ելից 34։6, 7; Յակոբոս 5։16)։
16. Ինչպե՞ս կարող ենք օգնել ընկերակցությունից զրկված դեռահասի ընտանիքի անդամներին։
16 Եթե մկրտված երեխան զրկվում է ընկերակցությունից, ժողովի անդամներից սպասվում է «չ’խառնուիլ» նրա հետ (Ա Կորնթացիս 5։11; Բ Յովհաննէս 10, 11)։ Նման վերաբերմունքն ի վերջո կարող է օգնել նրան ‘խելքի գալու’ և վերադառնալու Աստծո պաշտպանիչ «փարախը» (Ղուկաս 15։17)։ Անկախ նրանից՝ նա ետ կգա, թե ոչ՝ ժողովի անդամները կարող են քաջալերել ընկերակցությունից զրկվածի ընտանիքին։ Մենք կարող ենք հնարավորություններ փնտրել՝ լինելու «կարեկից» և «ազնուագութ» նրանց հանդեպ (Ա Պետրոս 3։8, 9)։
Ինչպես կարող են օգնել մյուսները
17. Ի՞նչ պետք է հիշեն ժողովի անդամները, երբ ցանկանում են օգնել հոգևորապես թույլ երեխային։
17 Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ երեխան չի զրկվել քրիստոնեական ժողովի ընկերակցությունից, բայց թուլացել է հոգևորապես։ «Եթէ մի որեւէ անդամ ցաւ է զգում,— գրում է Պողոս առաքյալը,— նրա հետ ցաւ են զգում բոլոր անդամները» (Ա Կորնթացիս 12։26)։ Բոլորը կարող են ակտիվորեն հետաքրքրվել նման վիճակում գտնվող երեխայով։ Իհարկե, հարկավոր է որոշակի զգուշություն ցուցաբերել, քանի որ հոգևորապես հիվանդ պատանին կամ աղջիկը կարող են վատ ազդեցություն թողնել իրենց հասակակիցների վրա (Գաղատացիս 5։7–9)։ Ժողովներից մեկում չափահաս երիտասարդները, որոնք, բարի նպատակներ հետապնդելով, ուզում էին օգնել հոգևորապես թուլացած մի քանի պատանիների, հրավիրեցին նրանց իրենց հավաքույթներին՝ միասին հանրաճանաչ մեղեդիներ նվագելու։ Թեև վերջիններս ուրախությամբ ընդունեցին հրավերը և հաճելի ժամանակ անցկացրեցին այդ հավաքույթներին, այնուամենայնիվ, միմյանց վրա վատ ազդեցություն թողեցին, ինչն էլ վերջիվերջո հանգեցրեց նրան, որ քրիստոնեական ժողովի հետ իրենց կապերը խզեցին (Ա Կորնթացիս 15։33, ԱԹ; Յուդա 22, Արևմտ. Աստ., 23)։ Հոգևորապես հիվանդ երեխային ոչ թե հոգևոր ուղղվածություն չունեցող ընկերական հավաքույթները կարող են օգնել, այլ այն ընկերակցությունները, որոնք օգնում են նրան սեր զարգացնելու հոգևորի հանդեպ։c
18. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսի պատմած առակի անառակ որդու հորը։
18 Պատկերացրեք, թե ինչ կարող է զգալ ժողովից հեռացած դեռահասը, երբ վերադառնում է Թագավորության սրահ կամ գալիս է համաժողով։ Չպե՞տք է արդյոք ընդունենք նրան այնպես, ինչպես Հիսուսի պատմած առակի անառակ որդու հայրը (Ղուկաս 15։18–20, 25–32)։ Մի դեռահաս, որը թողել էր քրիստոնեական ժողովը, իսկ ավելի ուշ եկել էր նահանգային համաժողով, ասաց. «Կարծում էի, թե այնպիսի մարդու, ինչպիսին ես եմ, ոչ մեկը չի մոտենա, բայց եղբայրներն ու քույրերը մոտեցան և ողջունեցին ինձ։ Ես անչափ զգացված էի»։ Նա կրկին սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը, իսկ ավելի ուշ մկրտվեց։
Մի վհատվեք
19, 20. Ինչո՞ւ պետք է լավատեսական տրամադրվածություն ունենանք՝ «անառակ» երեխայի հետ կապված։
19 Ծնողների և մյուսների համար հնարավոր է, որ հեշտ չլինի «անառակ» երեխային օգնել ‘խելքի գալու’։ Նրանց նաև համբերություն է պետք դրա համար։ Սակայն մի վհատվեք։ «Տէրը չի ուշացնի իր խոստումը, ինչպէս կարծում են ոմանք, թէ ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդէպ. քանզի չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն» (Բ Պետրոս 3։9)։ Գրությունները վստահեցնում են մեզ, որ Եհովան ցանկանում է, որ մարդիկ զղջան ու ապրեն։ Նա ինքն է առաջին քայլը արել, որ նրանք հաշտվեն իր հետ (Բ Կորնթացիս 5։18, 19)։ Նրա համբերատարությունը հնարավորություն է տվել միլիոնավոր մարդկանց ‘խելքի գալու’ (Եսայիա 2։2, 3)։
20 Ուրեմն՝ չպե՞տք է արդյոք ծնողները ամեն մի հնարավոր սուրբգրային մեթոդ օգտագործեն՝ օգնելու ճշմարտությունից շեղված իրենց անչափահաս երեխային ‘խելքի գալու’։ Ընդօրինակելով Եհովային՝ եղեք երկայնամիտ, մինչ, կոնկրետ քայլեր անելով, օգնում եք ձեր երեխային վերադառնալ դեպի Եհովան։ Աղոթքով օգնություն խնդրելով՝ ամուր կառչեք աստվածաշնչյան սկզբունքներից ու փորձեք արտացոլել Եհովայի այն հատկությունները, ինչպիսիք են՝ սերը, արդարությունը և իմաստությունը։ Ինչպես որ ճշմարտությունից հեռացած բազմաթիվ դեռահասներ են արձագանքել Եհովայի՝ ետ դառնալու սիրառատ հրավերին, այնպես էլ շատ հնարավոր է, որ ձեր որդին կամ դուստրը վերադառնան Եհովայի պաշտպանիչ հոտը (Ղուկաս 15։6, 7)։
[ծանոթագրություններ]
a Լրացուցիչ խորհուրդների մասին, թե ինչպես արդյունավետորեն ուսուցանել երեխաներին, կարելի է կարդալ 1999 թ. հուլիսի 1–ի «Դիտարանի» համարում, էջ 23–27։
b Ընկերակցությունից զրկված անչափահասի համար չպետք է հրապարակայնորեն աղոթել ժողովի հանդիպումների ժամանակ, քանի որ մյուսները գուցե տեղյակ չեն այդ անձնավորության իրավիճակի մասին (տեսեք 1979 թ. հոկտեմբերի 15–ի «Դիտարանը», էջ 31, անգլ.)։
c Կոնկրետ խորհուրդներ կարելի է գտնել 1972 թ. հունիսի 22–ի (էջ 13–16, անգլ.) և 1996 թ. սեպտեմբերի 22–ի (էջ 21–23, ռուս.) «Արթնացե՛ք»–ում։
Հիշո՞ւմ եք
• Հիմնականում ինչո՞ւ են երեխաները թողնում ժողովը։
• Ինչպե՞ս կարելի է օգնել երեխաներին անձնական հարաբերություններ զարգացնելու Եհովայի հետ։
• Ինչո՞ւ է ծնողներին անհրաժեշտ երկայնամիտ, բայցև հաստատակամ լինել ճշմարտությունից հեռացած երեխային օգնելիս։
• Ինչպե՞ս կարող են ժողովի անդամներն օգնել ճշմարտությունից հեռացած երեխային վերադառնալ դեպի Եհովան։
[նկար 15–րդ էջի վրա]
Աստծո Խոսքը կարդալը հույժ կարևոր է Եհովայի հետ սերտ հարաբերություններ ունենալու համար
[նկար 15–րդ էջի վրա]
Ծնողների անկեղծ աղոթքը կարող է օգնել երեխաներին անձնական կապվածություն զգալ իրենց ու Եհովայի հանդեպ
[նկար 17–րդ էջի վրա]
Ուրախությամբ ընդունեցեք «անառակ» երեխային, երբ նա ‘խելքի է գալիս’
[նկար 18–րդ էջի վրա]
Կոնկրետ քայլեր ձեռնարկեք՝ օգնելու երեխային վերադառնալ դեպի Եհովան