«Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած»
«Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով» (Ելից 34։6)։
1. ա) Աստվածաշունչն ի՞նչ մխիթարություն է տալիս նրանց, որոնց սիրելի անձնավորությունները շեղվել են ճշմարիտ ճանապարհից։ բ) Եհովան ինչպե՞ս է վերաբերվում մոլորված անհատներին։
ՄԻ ՔՐԻՍՏՈՆՅԱ հայր պատմում է. «Իմ դուստրն ինձ ասաց, որ այլևս չի ցանկանում պատկանել քրիստոնեական ժողովին. օրեր, շաբաթներ, նույնիսկ ամիսներ շարունակ ես վրդովված էի։ Վիճակս մահից էլ վատ էր»։ Իրոք որ, ցավալի է տեսնելը, որ ձեզ համար սիրելի անձնավորությունը շեղվել է ճշմարիտ պաշտամունքից։ Նման դեպք պատահե՞լ է ձեզ հետ։ Եթե այո՛, ապա կարող եք մխիթարվել՝ իմանալով, որ Եհովան կարեկցում է ձեզ (Ելից 3։7; Եսայիա 63։9)։ Բայց նա ինչպե՞ս է վերաբերվում մոլորվածներին։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան ողորմածորեն հրավիրում է նրանց, որպեսզի վերագտնեն իր բարեհաճությունը։ Նա խնդրում էր Մաղաքիայի օրոք ապրող ըմբոստ հրեաներին. «Ետ դարձէք դէպի ինձ, եւ ես էլ կ’դառնամ դէպի ձեզ» (Մաղաքիա 3։7)։
2. Աստվածաշունչն ինչպե՞ս է ցույց տալիս, որ ողորմածությունն Աստծո անձնավորությունը բնորոշող գծերից մեկն է։
2 Սինայ սարի մոտ Մովսեսն Աստծո ողորմածության ականատեսը դարձավ։ Այնտեղ Եհովան հայտնվեց որպես «Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով» (Ելից 34։6)։ Այս խոսքերից երևում է, որ ողորմածությունը Եհովայի անձնավորությունը բնորոշող գծերից մեկն է։ Նա «ուզում է, որ ամէնքը ապաշխարեն»,— գրեց քրիստոնյա Պողոս առաքյալը (Բ Պետրոս 3։9)։ Բայց Աստծո ողորմածությունն անսահմանափակ չէ։ Այդ կապակցությամբ Մովսեսն ասաց. «Յանցաւորին բնաւ անպարտ չես թողում» (Ելից 34։7; Բ Պետրոս 2։9)։ Այնուամենայնիվ, «Աստուած սէր է», իսկ ողորմածությունը սիրո մեծագույն երեսակներից է (Ա Յովհաննէս 4։8; Յակոբոս 3։17)։ Եհովան «չէ պահում իր բարկութիւնը յաւիտեան», և նա «ողորմութիւն սիրող է» (Միքիա 7։18, 19)։
3. Ի տարբերություն դպիրների և փարիսեցիների՝ ինչպիսի՞ն էր ողորմածության նկատմամբ Հիսուսի ունեցած տեսակետը։
3 Հիսուսն իր երկնային Հոր այս հատկությունն արտացոլեց կատարելապես (Յովհաննէս 5։19)։ Այն, որ Հիսուսը գթառատություն էր ցուցաբերում մեղավորների հանդեպ, չէր նշանակում, թե նա արդարացնում էր նրանց մեղքերը. նա նույն քնքշությամբ էր վարվում նաև հիվանդների հետ։ (համեմատեք Մարկոս 1։40, 41)։ Այո՛, Հիսուսն Աստծո Օրենքի «ամենից կարեւորների» մեջ նշեց նաև ողորմածությունը (Մատթէոս 23։23)։ Ի հակադրություն Հիսուսին՝ դպիրներն ու փարիսեցիները, որոնք աղավաղված ձևով էին հասկանում արդարությունը, բոլորովին մոռացել էին, թե ինչ է ողորմածությունը։ Երբ նրանք Հիսուսին տեսան մեղավորների հետ շփվելիս՝ տրտնջացին. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղաւորներին եւ ուտում նրանց հետ» (Ղուկաս 15։1, 2)։ Իրեն մեղադրողներին Հիսուսը պատասխանեց երեք օրինակով, որոնցից յուրաքանչյուրում ընդգծվում է Աստծո ողորմածությունը։
4. Հիսուսն ի՞նչ երկու օրինակ բերեց, և դրանցից յուրաքանչյուրի էությունն ինչո՞ւմն էր կայանում։
4 Նախ՝ Հիսուսը պատմեց մի մարդու մասին, որը կորած մի ոչխարին գտնելու համար թողնում է մնացած իննսունիննին։ Ի՞նչ ի նկատի ուներ Հիսուսը. «Այսպէս ուրախութիւն կը լինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ»։ Ապա նա պատմեց մի կնոջ մասին, որը փնտրում է իր կորցրած մեկ դրախմը և, գտնելով այն, շատ է ուրախանում։ «Աստծու հրեշտակների առաջ այսպէս ուրախութիւն կը լինի մէկ մեղաւորի համար, որն ապաշխարում է»,— հայտարարեց Հիսուսը։ Իր երրորդ օրինակը նա պատմեց առակով։a Շատերն այս առակը համարում են երբևիցե պատմված պատմություններից ամենահիանալին, որի քննարկումը կօգնի մեզ ընդօրինակել Աստծո ողորմածությունը և գնահատել այն (Ղուկաս 15։3—10)։
Ըմբոստ որդին լքում է հայրական տունը
5, 6. Հիսուսի առակի կրտսեր որդին ինչպե՞ս ապերախտություն ցույց տվեց։
5 «Մի մարդ երկու որդի ունէր. նրանցից կրտսերը հօրն ասաց. հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը։ Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց։ Քիչ օրեր յետոյ, կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում» (Ղուկաս 15։11—13)։b
6 Առակում նկարագրված կրտսեր որդին ծայրահեղ ապերախտ գտնվեց։ Սկզբում նա պահանջեց իրեն հասանելիք ժառանգությունը, իսկ հետո վատնեց այն, որովհետև «անառակ կեանքով» էր ապրում։ Հունարենից թարգմանված «անառակ կյանք» արտահայտությունը նշանակում է «սանձարձակ կյանք»։ Մի գիտնական նշում է, որ այս խոսքը «արտահայտում է ծայր աստիճան անկաշկանդություն»։ Հիմնավոր պատճառներով մի շարք թարգմանություններում Հիսուսի պատմած առակի այս երիտասարդը նկարագրվում է վատնող բառով, որը նշանակում է անխոհեմորեն սպառող ու շռայլ անձնավորություն։
7. Այսօր ովքե՞ր են նմանվում անառակ որդուն, և ինչո՞ւ նման մարդիկ ազատության են ձգտում «հեռու երկրում»։
7 Կա՞ն այսօր անառակ որդուն նմանվող մարդիկ։ Այո՛, կան։ Ցավոք, որոշ անհատներ լքել են մեր երկնային Հոր՝ Եհովայի ապահով «տունը» (Ա Տիմոթէոս 3։15)։ Նման մարդկանցից ոմանք այն կարծիքին են, թե Աստծո տունը չափազանց կաշկանդող է, և Եհովայի զգոն աչքն ավելի շուտ արգելք է իրենց համար, քան պաշտպանություն (համեմատեք Սաղմոս 32։8)։ Նկատի առնենք մի քրիստոնյա կնոջ օրինակը, որը դաստիարակվել էր Աստվածաշնչի սկզբունքների համաձայն, բայց հետագայում սկսեց չարաշահել ալկոհոլն ու թմրադեղեր օգտագործել։ Իր անցած կյանքի մռայլ ընթացքին ետ նայելով՝ նա ասաց. «Ես ուզեցի ապացուցել, որ կարող եմ ինձ համար ավելի լավ կյանք ստեղծել։ Ես ցանկացա անել այն, ինչը ինձ դուր էր գալիս, և չէի կամենում ինձ հակառակը խորհուրդ տվող որևէ մեկին լսել»։ Առակի միջի անառակ որդու նման այս երիտասարդ կինն էլ ազատության էր ձգտում։ Ցավոք, իր կատարած ոչ Սուրբ գրային արարքների պատճառով նա վտարվեց քրիստոնյա ժողովից (Ա Կորնթացիս 5։11—13)։
8. ա) Ի՞նչ օգնություն է առաջարկվում նրանց, ովքեր փորձում են ապրել Աստծո սկզբունքներին հակառակ։ բ) Ինչո՞ւ անհատը պետք է լրջորեն մոտենա պաշտամունքի հարցում իր կատարած ընտրությանը։
8 Ցավալի է, երբ հավատակիցդ Աստծո սկզբունքներին հակառակ ապրելու ցանկություն է դրսևորում (Փիլիպպեցիս 3։18)։ Այս պարագայում երեցներն ու հոգևոր որակումներ ունեցող ուրիշ քրիստոնյաներ փորձում են շտկել մոլորված անհատին (Գաղատացիս 6։1)։ Այնուհանդերձ, ոչ ոք ոչ մեկին չի ստիպում վերցնել քրիստոնյա աշակերտ դառնալու լուծը (Մատթէոս 11։28—30; 16։24)։ Նույնիսկ պատանիները, չափահաս դառնալով, պաշտամունքի հարցում պետք է իրենց սեփական ընտրությունը կատարեն։ Վերջին հաշվով, մեզանից յուրաքանչյուրն ազատ կամքի տեր է, և ինքը պիտի Աստծուն հաշիվ տա իր անձի համար (Հռովմայեցիս 14։12)։ Անկասկած, ‘ինչ որ մենք սերմանում ենք, նույնը և կհնձենք’՝ մի դաս որը շուտով պիտի սովորեր Հիսուսի առակի անառակ որդին (Գաղատացիս 6։7, 8)։
Հուսահատություն օտար երկրում
9, 10. ա) Ինչպե՞ս փոխվեցին անառակ որդու հանգամանքները, և նա ինչպե՞ս արձագանքեց դրանց։ բ) Նկարագրեք, թե ինչպես են այսօր մաքուր պաշտամունքի շարքերը լքած անհատները նման ապրումներ ունենում, ինչ որ անառակ որդին։
9 «Երբոր բոլորը հատցրեց, սաստիկ սով եղաւ այն երկրումը եւ ինքն սկսեց չքաւորել։ Եւ գնաց այն երկրի քաղաքացիների մէկի մօտ մտաւ. եւ նա նորան ուղարկեց իր յանդը որ խոզ արածեցնէ։ Եւ նա ցանկանում էր՝ իր փորն լեցնել այն եղջիւրներովն, որ խոզերն ուտում էին, բայց ոչ ով չէր տալիս նորան» (Ղուկաս 15։14—16, ԱԹ)։
10 Թեև անառակ որդին խիստ կարիքի մեջ էր, բայց տուն վերադառնալու մտադրություն դեռ չուներ։ Նա հանդիպում է այդ քաղաքի բնակիչներից մեկին, և վերջինս խոզեր արածեցնելու գործ է տալիս նրան։ Քանի որ Մովսիսական օրենքով խոզը համարվում էր անմաքուր կենդանի, այդ աշխատանքը, ամենայն հավանականությամբ, անընդունելի էր հրեաների համար (Ղեւտացոց 11։7, 8)։ Եթե անառակ որդին այդ պահին խղճի խայթ զգար, ապա ստիպված պիտի լիներ խեղդել իր մեջ այդ զգացումը։ Եվ հետո նա չէր կարծում, որ գործատիրոջը կհետաքրքրեին չքավոր մի օտարականի զգացումները։ Այսօր էլ մաքուր պաշտամունքի շարքերը լքող մարդկանց ապրումները նույնն են, ինչ որ անառակ որդունը։ Հաճախ պատահում է, որ նման մարդիկ սկսում են զբաղվել այնպիսի բաներով, որոնք նախկինում ապականություն էին համարում։ Տասնյոթ տարեկան մի պատանի հրաժարվեց քրիստոնեության մասին ստացած գիտությունից։ Տարիներ անց նա խոստովանում է. «Անբարո վարքով ու թմրադեղերի օգտագործումով ես ջնջեցի աստվածաշնչային ուսուցումներիս երկար տարիները»։ Կարճ ժամանակ անց զինված կողոպուտ և սպանություն կատարելու մեղադրանքով այդ երիտասարդը հայտնվում է բանտում։ Թեև հետագայում նրա հոգևոր վիճակը վերականգնվեց, բայց որքա՜ն թանկ վճարեց նա ‘մեղքի ժամանակավոր զվարճությունը վայելելու’ համար (համեմատեք Եբրայեցիս 11։24—26)։
11. Անառակ որդու վիճակն ինչո՞ւ բարդացավ, և ինչպե՞ս են այսօր ոմանք համոզվում, որ աշխարհի հրապուրանքը «սնոտի խաբեբայութիւն» է։
11 Անառակ որդու դժվար կացությունը բարդացավ նրանով, որ «ոչ ով չէր տալիս նորան» ոչինչ։ Իսկ ո՞ւր մնացին նրա նոր ընկերները։ Առանց կոպեկի մնալով՝ նա ‘իր ընկերներին էլ էր ատելի’ դարձել (Առակաց 14։20)։ Նմանապես այսօր էլ հավատից շեղված անհատները համոզվում են, որ այս աշխարհի հրապուրանքներն ու տեսակետները նման են «սնոտի խաբեբայութեան» (Կողոսացիս 2։8)։ «Ես վիշտ ու ցավ էի զգում առանց Եհովայի առաջնորդության,— պատմում է Աստծո կազմակերպությունը ժամանակավորապես լքած մի երիտասարդ կին,— ես փորձում էի հարմարվել աշխարհի հետ, բայց դա ինձ չէր հաջողվում, քանի որ իրականում նման չէի մյուսներին։ Ես ինձ կորած երեխայի պես էի զգում, որը հոր առաջնորդության կարիքն ուներ։ Այդ ժամանակ հասկացա, որ Եհովայի կարիքն եմ զգում։ Այլևս չէի ուզում ապրել նրանից անկախ»։ Հիսուսի պատմած առակի միջի անառակ որդին էլ նման եզրակացության հանգեց։
Անառակ որդին խելքի է գալիս
12, 13. Ի՞նչ գործոններ են այսօր շատերին օգնել խելքի գալու։
12 «Ապա խելքի եկաւ եւ ասաց. քա՜նի վարձու աշխատաւորներ կան իմ հօր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ գնամ իմ հօր մօտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրո՛ւ իբրեւ քո աշխատաւորներից մէկը։ Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ» (Ղուկաս 15։17—20)։
13 Այսպիսով՝ անառակ որդին «խելքի եկաւ»։ Մի առ ժամանակ նա տարվել էր հաճույքներ փնտրելով՝ հեռանալով իրական կյանքից, միայն հետո գիտակցել, թե ուր էր հասել։ Այո՛, թեև այդ երիտասարդը սխալ էր գործել, բայց դեռ ամեն բան կորած չէր։ Որոշ լավ հատկանիշներ դեռ մնացել էին նրա մեջ (Առակաց 24։16; համեմատեք Բ Մնացորդաց 19։2, 3)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր այսօր թողնում են Աստծո կազմակերպությունը։ Ճիշտ կլինի՞ եզրակացնել, թե նրանք բոլորն էլ անհույս վիճակում են, և թե նրանց ըմբոստ ընթացքը բոլոր դեպքերում ցույց է տվել, որ իրենք արդեն մեղանչել են Աստծո սուրբ հոգու դեմ (Մատթէոս 12։31, 32)։ Հարկ չկա այդպես կարծելու։ Նման ընթացք հետապնդող քրիստոնյաներից ոմանք տառապել են իրենց քմահաճ վարքի պատճառով, և ժամանակի ընթացքում նրանցից շատերը խելքի են եկել։ «Չի եղել մի օր, որ չհիշեի Եհովային,— պատմում է մի քրիստոնյա քույր՝ մտաբերելով այն ժամանակը, երբ հեռացել էր Աստծո կազմակերպությունից,— ես միշտ աղոթում էի Եհովային, որպեսզի ինչ–որ կերպով մի օր ետ ընդունի ինձ ճշմարտության մեջ (Սաղմոս 119։176)։
14. Անառակ որդին ի՞նչ որոշում կայացրեց և, այն իրագործելով, ինչպե՞ս ցույց տվեց իր հավատարմությունը։
14 Բայց մոլորված անհատներն ինչպե՞ս կարող են շտկել իրենց իրավիճակը։ Հիսուսի առակի անառակ որդին որոշեց ետ վերադառնալ տուն ու հորից ներում խնդրել։ Նա նույնիսկ այսպես ասաց. «Ինձ վերցրո՛ւ իբրեւ քո աշխատաւորներից մէկը»։ Վարձու ծառան օրավարձու բանվոր էր, որին ցանակացած ժամանակ կարող էին հեռացնել աշխատանքից։ Իր դիրքով նա ծառայից էլ ցածր էր և որոշ իմաստով ընտանիքի անդամ էր համարվում։ Այսինքն՝ անառակ որդին մտադրություն չուներ խնդրելու, որպեսզի հայրը վերականգներ իր նախկին որդիական իրավունքը։ Նա պատրաստ էր անտրտունջ համակերպվելու անգամ ամենացածր աշխատանք կատարելու հետ, որպեսզի օրեցօր ապացուցեր հոր նկատմամբ իր վերագտած հավատարմությունը։ Բայց և այնպես, նրան անակնկալ էր սպասվում։
Սրտահույզ ընդունելություն
15-17. ա) Տեսնելով որդուն՝ հայրն ի՞նչ ընդունելություն ցույց տվեց նրան։ բ) Ի՞նչ էին նշանակում հոր կողմից իր որդուն սանդալներ ու թիկնոց հագցնելը, մատանի դնելը։ գ) Խնջույքի կարգադրություն անելով՝ հայրն ի՞նչ էր ուզում ցույց տալ։
15 «Մինչ դեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան եւ գթաց. վեր կացաւ եւ վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով եւ համբուրեց նրան։ Եւ որդին ասաց նրան. հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու։ Հայրը իր ծառաներին ասաց. անմիջապես հանեցէ՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրէ՛ք նրան, մատանին նրա մատը դրէք եւ նրա ոտքերին՝ կօշիկներ. բերէ՛ք պարարտ եզը, մորթեցէ՛ք, ուտենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց. եւ սկսեցին ուրախանալ» (Ղուկաս 15։20—24)։
16 Իր զավակին սիրող ցանկացած ծնողի փափագն է նրան հոգևոր առումով ապաքինված տեսնելը։ Հետևաբար, դժվար չէ պատկերացնել անառակ որդու հոր անհանգիստ վիճակը, որն ամեն օր, աչքը որդու ճամփին, հույս էր փայփայում, թե որդին օրերից մի օր գուցե կվերադառնա։ Եվ ահա նա աչքերը հառում է արահետով եկող իր որդու վրա։ Անշուշտ, արտաքինից նա փոխվել էր։ Բայց և այնպես, «մինչ դեռ հեռու է», հայրը ճանաչում է որդուն և վազում նրան ընդառաջ՝ ուշադրություն չդարձնելով նրա ցնցոտիներին ու ընկճված ոգուն։
17 Մոտենալով որդուն՝ հայրը փարվում է նրան ու քնքշորեն համբուրում։ Ապա ծառաներին հրամայում է իր որդու համար թիկնոց, մատանի և կոշիկներ բերել։ Այդ թիկնոցը պարզապես հասարակ գործվածքից չէր, այլ «լավագոյնն» էր՝ գուցե նուրբ ասեղնագործված և միայն պատվավոր հյուրերի համար նախատեսված։ Քանի որ մատանի կրելն ու սանդալներ հագնելը սովորաբար հատուկ չէր ծառաներին, այդպես վարվելով, հայրը ցույց տվեց, որ իր որդուն ընդունում է որպես ընտանիքի հարգարժան անդամ։ Բայց նա միայն դրանով չսահմանափակվեց, այլ կարգադրեց որդու վերադարձը նշելու կապակցությամբ խնջույք կազմակերպել։ Պարզ էր, որ նա ոչ թե դժգոհությամբ ներեց որդուն կամ էլ ստիպված էր դա անելու, որովհետև որդին վերադարձել էր, այլ ցանկացավ ցույց տալ ներելու իր պատրաստակամությունը, ինչը նրան մեծ ուրախություն էր պատճառում։
18, 19. ա) Անառակ որդու առակն ի՞նչ է սովորեցնում Եհովայի մասին։ բ) Ի նկատի ունենալով Հուդայում և Երուսաղեմում ապրող մարդկանց հանդեպ Եհովայի ունեցած վերաբերմունքը՝ ի՞նչ կարող ենք ասել այն մասին, թե Եհովան ինչպես է սպասում մեղավոր մարդկանց վերադարձին։
18 Այսպիսով՝ անառակ որդու մասին առակը ի՞նչ է մեզ սովորեցնում Աստծո մասին, որին ծառայելու առանձնաշնորհումն ունենք։ Նախ՝ սովորում ենք, որ նա «ողորմած եւ գթած՝ երկայնամիտ եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով» Աստված է (Ելից 34։6)։ Իրոք որ, ողորմածությունը Աստծուն բնորոշող հատկություններից մեկն է։ Այս հատկությունը նա միշտ ցուցաբերում է օգնության կարիք ունեցողների հանդեպ։ Հիսուսի առակից նաև սովորում ենք, որ Եհովան «պատրաստ է ներել» (Սաղմոս 86։5, ՆԱ)։ Նա ուշադրությամբ հետեվում է մեղավոր մարդկանց՝ նրանց սրտի խորքերում թեկուզ մի փոքր փոփոխություն տեսնելու հույսով, որպեսզի, դա հիմք ընդունելով, ողորմածություն ցուցաբերի նրանց հանդեպ (Բ Մնացորդաց 12։12; 16։9)։
19 Օրինակ՝ խորհեք իսրայել ազգի հետ Աստծո վարվելակերպի մասին։ Եհովայից ներշնչված՝ Եսայիա մարգարեն Հուդայի և Երուսաղեմի բնակիչներին նկարագրեց որպես «ոտքի թաթից մինչեւ գլուխը ողջ տեղ» չունեցողների։ Բացի այդ, նա նաև ավելացրեց. «Տէրը սպասելու է, որ ձեզ ողորմէ, եւ դորա համար բարձրանալու է որ ձեզ գթայ» (Եսայիա 1։5, 6; 30։18; 55։7; Եզեկիէլ 33։11)։ Հիսուսի առակի հոր նման Եհովան, փոխաբերական իմաստով, աչքերը հառած ճանապարհին, տենչանքով սպասում է իր տունը լքած ամեն մեկի վերադարձին։ Մի՞թե հենց սա չենք ակնկալում սիրառատ ծնողից (Սաղմոս 103։13)։
20, 21. ա) Եհովայի ողորմածության շնորհիվ շատերն ի՞նչ քայլերի են դիմում։ բ) Ի՞նչ հարցեր կքննարկվեն հաջորդ հոդվածում։
20 Ամեն տարի Եհովայի ողորմածության շնորհիվ շատերն են խելքի գալիս ու մաքուր պաշտամունքին վերադառնում։ Ի՜նչ ուրախություն է պատճառում դա նրանց սիրելիներին։ Հիշենք հոդվածի սկզբում հիշատակված քրիստոնյա հորը։ Բարեբախտաբար, նրա աղջկա հոգևոր վիճակը վերականգնվեց, և հիմա նա ծառայում է որպես լիաժամ քարոզիչ։ «Ես այնքան երջանիկ եմ, որքան որ կարելի է լինել իրերի այս համակարգում,— ասում է նա,— իմ տանջանքը փոխարինվեց երջանկության արցունքների։ Անշուշտ նման ուրախություն է ապրում նաև Եհովան» (Առակաց 27։11)։
21 Բայց անառակ որդու առակն ավելին է բովանդակում իր մեջ։ Հիսուսը շարունակում է իր պատմությունը, որպեսզի ցույց տա Եհովայի ողորմածության ու դպիրների և փարիսեցիների դաժան, մեղադրող կեցվածքի միջև եղած տարբերությունը։ Նա ինչպե՞ս դա ցույց տվեց և ի՞նչ նշանակություն ունի այն մեզ համար. սրանք այն հարցերն են, որոնք կքննարկենք հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Պարտադիր չէ, որ Աստվածաշնչում պատմվող առակներն ու նկարագրվող օրինակներն իրականում տեղի ունեցած լինեն։ Բացի այդ, քանի որ այս պատմությունները բարոյական դասեր տալու նպատակին են ծառայում, կարիք չկա ամեն մանրամասնության մեջ այլաբանական իմաստ փնտրել։
b Այս առակի մարգարեական նշանակությունը բացատրվում է «Երբևիցե ապրած մեծագույն Մարդը» (ռուս.) գրքի 86–րդ գլխում, հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։
Ստուգման հարցեր
□ Ինչո՞վ էր տարբերվում ողորմածության նկատմամբ Հիսուսի վերաբերմունքը փարիսեցիների ունեցած վերաբերմուքից։
□ Ովքե՞ր են այսօր հիշեցնում անառակ որդուն և ինչո՞վ։
□ Ի՞նչը ստիպեց անառակ որդուն խելքի գալ։
□ Հայրն ինչպե՞ս ողորմածություն ցույց տվեց իր զղջացող որդուն։
[շրջանակ 21–րդ էջի վրա]
ՆՐԱՆՔ ԽԵԼՔԻ ԵՆ ԵԿԵԼ
Ի՞նչն է օգնել նախկինում քրիստոնեական ընկերակցությունից զրկված անհատներին «խելքի գալ»։ Հետևյալ մեկնաբանությունները լուսաբանում են այս հարցը։
«Սրտիս խորքում գիտեի, թե որտեղ էր ճշմարտությունը։ Աստվածաշունչն ուսումնասիրելուս և քրիստոնեական ժողովներին հաճախելուս տարիները իզուր չէին անցել։ Ինչքա՞ն կարող էի առանց Եհովայի ապրել։ Չէ՞ որ նա չէր թողել ինձ, այլ ես էի լքել նրան։ Ի վերջո, ես հասկացա, թե որքան սխալ ու համառ եմ եղել, և որ Եհովայի Խոսքը՝ «ինչ որ մարդս սերմանում է, նոյնը եւ կը հնձի», ճշմարիտ է եղել ամեն հարցում» (Ք. Ու.)։
«Երբ իմ փոքրիկ աղջիկը սկսեց խոսել, դա ինձ այնքան հուզեց, որ ես ցանկացա սովորեցնել նրան, թեով է Եհովան և ինչպես կարելի է նրան աղոթել։ Ես չէի կարողանում քնել, իսկ հետո՝ մի օր՝ գիշերվա ուշ ժամին, ուղևորվեցի զբոսայգի ու, այլևս չկարողանալով ինձ զսպել, սկսեցի հեկեկալ։ Ես արտասվում էի և աղոթում Եհովային առաջին անգամ այդքան երկար դադարից հետո։ Ուզածս միայն այն էր, որ նորից Եհովայի հետ լինեմ, և հույս ունեի, որ նա կների ինձ» (Ջ. Հ.)։
«Ամեն անգամ, երբ կրոնի շուրջ խոսակցություն էր գնում, ես այն կարծիքն էի հայտնում, որ ճշմարտությունը սովորեցնող կրոնի ընտրության հարցում կնախընտրեմ Եհովայի վկա դառնալ։ Ապա պատմում էի, որ մի ժամանակ եղել եմ նրանց շարքերում, սակայն, չկարողանալով ապրել այնպես, ինչպես Աստվածաշունչն էր պահանջում, հեռացել եմ կազմակերպությունից։ Սա գիտակցելով՝ հաճախ էի ինձ մեղավոր ու դժբախտ զգում։ Վերջիվերջո, խոստովանեցի. «Ես թշվառ եմ։ Ինձ հարկավոր է ամբողջությամբ վերափոխել կյանքս» (Ք. Ն.)։
«Երեսունհինգ տարի առաջ ես և ամուսինս զրկվեցինք ընկերակցությունից։ Հետագայում՝ 1991–ին, հաճելի անակնկալ ունեցանք. մեզ այցելեցին երկու երեցներ՝ հայտնելու Եհովային կրկին ծառայելու հնարավորության մասին։ Վեց ամիս անց մեզ վերականգնեցին որպես Եհովայի վկաներ, ինչը մեզ անսահման ուրախություն պատճառեց։ Այժմ ամուսինս յոթանասունինը տարեկան է, իսկ ես՝ վաթսուներեք» (Ք. Է.)։