Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 9/15 էջ 10–13
  • ‘Նրանք կանչեցին Ատյանը’

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • ‘Նրանք կանչեցին Ատյանը’
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես առաջ եկավ Ատյանը
  • Իրավասությունների հավասարակշռումը
  • Դատարանի անդամները
  • Իրավասություններ և իշխանություն
  • Հիսուսի և նրա աշակերտների դատապարտությունը
  • Աստծու դատաստանը
  • «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • ‘Մենք չենք կարող չխոսել Հիսուսի մասին’
    2006 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2005 Դիտարան
  • Ղազարոսը հարություն է առնում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
2006 Դիտարան
w06 9/15 էջ 10–13

‘Նրանք կանչեցին Ատյանը’

ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԸ և հրեաների իշխանները չգիտեին, թե ինչպես վարվեն։ Ի՞նչ միջոցներ նրանք կարող էին ձեռնարկել, որպեսզի Հիսուս Քրիստոսի վերաբերյալ ոգևորիչ լուրերը չտարածվեին։ Նրանց հաջողվել էր Հիսուսին մահապատժի ենթարկել, սակայն այժմ Հիսուսի աշակերտները Երուսաղեմը լցնում էին նրա հարության մասին լուրերով։ Ինչպե՞ս կարելի էր նրանց լռեցնել։ Դա որոշելու համար քահանայապետը և նրա օգնականները «կանչեցին ատեանը»՝ հրեա ժողովրդի բարձրագույն դատարանը (Գործք 5։21)։

Առաջին դարում Իսրայելում բարձրագույն իշխանությունը պատկանում էր հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսին։ Սակայն ինչպե՞ս էր համագործակցում ատյանը Պիղատոսի հետ։ Որո՞նք էին նրանց իրավասության սահմանները։ Ովքե՞ր էին մտնում ատյանի կազմի մեջ։ Եվ ինչպե՞ս էր այն գործում։

Ինչպես առաջ եկավ Ատյանը

«Ատյան» կամ «սինեդրիոն» բառը թարգմանվել է հունարեն մի բառից, որը նշանակում է «միասին նստել»։ Այդ բառը օգտագործվում էր հավաքույթների կամ հանդիպումների համար։ Ըստ հրեական ավանդության՝ այդ բառը վերաբերում էր կրոնական–դատական մարմնին՝ դատարանին։

Թալմուդը գրողները (Թալմուդի գրությունն ավարտվել է մ.թ. 70 թ.–ին Երուսաղեմի կործանմանը հաջորդող դարերի ընթացքում) նկարագրել են Սինեդրիոնը որպես հին կառույց։ Նրանք մտածում էին, թե ատյանի կազմում միշտ եղել են հրեական Օրենքի գիտակներ, որոնք հանդիպում էին այդ օրենքի որոշ կետերը քննարկելու համար, և որ այն հաստատվել էր սկսած Մովսեսի ժամանակներից, երբ նա 70 ծերեր ընտրեց, որպեսզի իրեն օգնեն առաջնորդել Իսրայելին (Թուոց 11։16, 17)։ Պատմաբանները համաձայն չեն այս տեսակետին։ Նրանք ասում են, որ միայն երբ պարսիկները սկսեցին տիրել Իսրայելի վրա, այդ ժամանակ ստեղծվեց առաջին դարի Սինեդրիոնի նման մի կառույց։ Պատմաբանները նաև ասում են, որ Թալմուդի գիտակների նկարագրածը ավելի համապատասխանում է երկրորդ և երրորդ դարերի ռաբունական ժողովների և ոչ թե սինեդրիոնի նկարագրությանը։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե երբ է առաջ եկել Սինեդրիոնը։

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ երբ մ.թ.ա. 537 թ.–ին հրեաները վերադարձան Բաբելոնի գերությունից, նրանք արդեն իսկ կառավարման համակարգ ունեին։ Նեեմիան և Եզրասը հիշատակում են իշխանների, ծերերի, ազնվականների և ոստիկանների մասին, որոնք էլ, ըստ ամենայնի, սկիզբ դրեցին ապագա Սինեդրիոնին (Եզրաս 10։8; Նէեմիա 5։7)։

Եբրայերեն Գրությունների ավարտից մինչև Մատթեոսի Ավետարանի գրի առնվելը հրեաների համար անախորժ ժամանակահատված էր։ Մ.թ.ա. 332 թ.–ին Ալեքսանդր Մակեդոնացին գրավեց Հրեաստանը։ Նրա մահից հետո Հրեաստանն ընկավ հունական թագավորություններից երկուսի տիրապետության տակ. նախ՝ Պտղոմեյանների, այնուհետև Սելևկյանների։ Սելևկյանների իշխանությունը սկսվեց մ.թ.ա. 198 թ.–ին։ Այդ ժամանակ կատարված արձանագրություններում գտնում ենք առաջին հիշատակությունը հրեաների սենատի մասին։ Այս կառույցը թերևս սահմանափակ իշխանություն ուներ, սակայն այն հրեաների վրա ինքնակառավարման տպավորություն էր թողնում։

Մ.թ.ա. 167 թ.–ին Սելևկյանների դինաստիայից Անտիոքոս IV (Եպիփանես) թագավորը փորձեց հունական մշակույթը պարտադրել հրեաներին։ Նա պղծեց Երուսաղեմի տաճարը՝ զոհասեղանի վրա Զևսին խոզ զոհաբերելով։ Այս արարքը ապստամբության պատճառ եղավ, որի ընթացքում Մակաբայեցիները դուրս եկան Սելևկյանների իշխանության տակից և հաստատեցին Հասմոնյանների դինաստիան։a Միևնույն ժամանակ դպիրներն ու փարիսեցիները՝ այն ամբոխների առաջնորդները, որոնք թիկունք էին կանգնել ապստամբությանը, քահանայական դասի կորցրած իշխանության հաշվին պետական կառավարման մարմիններում դիրք ձեռք բերեցին։

Հունարեն Գրություններից երևում է, որ Սինեդրիոնը աստիճանաբար սկսել էր կազմավորվել։ Այն դառնալու էր ազգային վարչական խորհուրդ և բարձրագույն դատական մարմին, որը պետք է մեկնաբաներ հրեական օրենքը։

Իրավասությունների հավասարակշռումը

Առաջին դարում արդեն Հռոմը իշխում էր Հրեաստանի վրա։ Այնուամենայնիվ, հրեաները որոշ չափով ազատություն էին վայելում։ Հռոմը այսպիսի քաղաքականություն էր վարում. այն իր հպատակներին բավականաչափ ազատություն էր շնորհում։ Ուստի հռոմեացի պաշտոնյաները չէին ծանրաբեռնում իրենց՝ տեղի դատարանների պարտականությունները կատարելով, և խուսափում էին այն խնդիրներից, որոնք կարող էին առաջանալ մշակութային տարբերությունների պատճառով։ Թույլ տալով, որ գավառներում բնակվողները հետևեն իրենց սովորույթներին և հիմնականում իրենք իրենց կառավարեն՝ հռոմեական իշխանությունը նպատակ ուներ խաղաղ հարաբերություններ պահպանել նրանց հետ և արժանանալ հպատակների նվիրվածությանը։ Բացի քահանայապետ նշանակելուց, նրան պաշտոնանկ անելուց (քահանայապետը հանդիսանում էր նաև Սինեդրիոնի նախագահողը) և հարկերը հավաքելուց՝ հռոմեացիները միջամտում էին հրեաների գործերին միայն այն ժամանակ, երբ իրենց սեփական գերիշխանությունն ու շահերն էին պահանջում դա։ Ինչպես երևում է Հիսուսի դատաքննությունից, Հռոմը օգտագործեց իր լիազորությունները՝ նրան մահապատժի ենթարկելու համար (Յովհաննէս 18։31)։

Այսպիսով, հրեաների ներքին գործերը հիմնականում ղեկավարում էր Սինեդրիոնը։ Այն ուներ սպասավորներ, որոնք լիազորություն ունեին կատարելու ձերբակալություններ (Յովհաննէս 7։32)։ Ավելի ցածր ատյանները քննում էին փոքր հանցագործությունները և քաղաքացիական գործերը՝ առանց հռոմեացիների միջամտության։ Երբ ավելի ցածր ատյանները չէին կարողանում որոշում կայացնել, գործը հանձնվում էր Սինեդրիոնին, որի որոշումները վերջնական էին։

Նման իրավասություն ունենալու համար Սինեդրիոնը պետք է խաղաղություն ունենար հռոմեական կառավարության հետ և աջակցեր հռոմեական իշխանությանը։ Սակայն երբ հռոմեացիները ինչ–որ մեկին կասկածում էին պետական հանցագործության մեջ, նրանք միջամտում էին և գործում այնպես, ինչպես հարմար էին գտնում։ Այդպիսի մի դեպք էր Պողոս առաքյալի ձերբակալությունը (Գործք 21։31–40)։

Դատարանի անդամները

Սինեդրիոնը 71 անդամ ուներ՝ քահանայապետը և ազգից ընտրված 70 նշանավոր տղամարդիկ։ Հռոմեական ժամանակներում այն կազմված էր քահանայական դասի պատկանող ազնվականներից (հիմնականում՝ սադուկեցիներից), արիստոկրատներից և փարիսեցիների կուսակցությանը պատկանող գիտակ դպիրներից։ Քահանայական ազնվականությունը, որին աջակցում էին ականավոր աշխարհիկ մարդիկ, մեծ իշխանություն ուներ ատյանում։b Ի տարբերություն սադուկեցիների, որոնք պահպանողական էին՝ փարիսեցիները ազատախոհ էին, ծագումով մեծամասամբ հասարակ մարդիկ էին ու մեծ ազդեցություն ունեին ժողովրդի վրա։ Ըստ պատմաբան Հովսեպոսի՝ սադուկեցիները թեև դժկամորեն, սակայն հնազանդվում էին փարիսեցիների պահանջներին։ Սինեդրիոնի առջև պաշտպանվելիս՝ Պողոսը օգտվեց այն հանգամանքից, որ նրանց միջև թշնամություն և հավատալիքների տարբերություններ կային (Գործք 23։6–9)։

Այն, որ Սինեդրիոնը մեծ մասամբ բաղկացած էր ազնվականներից, թույլ էր տալիս, որ նրա անդամները իրենց պաշտոնները ցմահ զբաղեցնեին, իսկ ազատ տեղերում նշանակվեին նրանք, ում կընտրեին Սինեդրիոնի անդամները։ Ըստ Միշնայի՝ նոր անդամները պետք է լինեին «քահանաներ, ղևտացիներ և այն իսրայելացիները, որոնց դուստրերին թույլ էր տրվել ամուսնանալ քահանաների հետ», այսինքն՝ ցանկացած դասի պատկանող հրեաներ, ովքեր կարող էին տոհմաբանական արձանագրություններով փաստել իրենց մաքուր ծագումը։ Քանի որ բարձրագույն դատարանը վերահսկում էր ամբողջ երկրի իրավական համակարգը, ապա տրամաբանական է մտածել, որ ցածր ատյաններում լավ հեղինակություն ձեռք բերած տղամարդիկ կարող էին ընտրվել որպես Սինեդրիոնի անդամներ։

Իրավասություններ և իշխանություն

Հրեաները մեծապես հարգում էին Սինեդրիոնը, և ցածր ատյանների դատավորները պարտավոր էին ընդունել նրա որոշումները՝ հակառակ դեպքում կարող էին մահապատժի ենթարկվել։ Ատյանը հատկապես հետաքրքրված էր քահանաների որակներով, ինչպես նաև Երուսաղեմի, նրա տաճարի և տաճարում երկրպագության հետ կապված հարցերով։ Սինեդրիոնի քաղաքացիական իրավասությունները տարածվում էին միայն Հրեաստանի վրա։ Սակայն քանի որ Օրենքը մեկնաբանելու հարցում Սինեդրիոնը համարվում էր բարձրագույն մարմին, նրա ազդեցությունը տարածվում էր նաև ամբողջ աշխարհի հրեական համայնքների վրա։ Օրինակ՝ քահանայապետը և նրա խորհուրդը հրահանգ տվեցին Դամասկոսի ժողովարանների առաջնորդներին համագործակցել իրենց հետ Քրիստոսի հետևորդներին ձերբակալելու հարցում (Գործք 9։1, 2; 22։4, 5; 26։12)։ Այն հրեաները, ովքեր տոների ժամանակ այցելում էին Երուսաղեմ, տուն վերադառնալով՝ հավանաբար հայտնում էին մյուսներին Սինեդրիոնի կայացրած որոշումների մասին։

Համաձայն Միշնայի՝ Սինեդրիոնը բացառիկ իրավասություններ ուներ ազգային կարևորություն ունեցող հարցեր լուծելիս, իր որոշումները մերժող դատավորների հետ գործ ունենալիս և կեղծ մարգարեներին դատելիս։ Այդ պատճառով Հիսուսին ու Ստեփանոսին դատարանի առջև ներկայացրին որպես հայհոյողների, Պետրոսին և Հովհաննեսին՝ որպես ազգը պառակտողների, իսկ Պողոսին մեղադրեցին տաճարը պղծելու հարցում (Մարկոս 14։64; Գործք 4։15–17; 6։11; 23։1; 24։6)։

Հիսուսի և նրա աշակերտների դատապարտությունը

Բացի շաբաթ և սուրբ օրերից, Սինեդրիոնը գործում էր ամեն օր՝ սկսած առավոտյան ողջակեզի պահից մինչև երեկոյան զոհի ժամանակը։ Դատերը տեղի էին ունենում միայն ցերեկվա ժամերին։ Քանի որ մահապատժի դատավճիռները հայտարարվում էին դատավարության հաջորդ օրը, ապա դատերը չպետք է տեղի ունենային շաբաթ օրվա կամ որևէ տոնի նախօրեին։ Վկաներին խիստ զգուշացում էր տրվում անմեղ արյուն թափելու լրջության վերաբերյալ։ Ուստի այն, որ Հիսուսի դատը տեղի ունեցավ Կայիափայի տանը երեկոյան և տոնի նախօրեին, անօրինական էր։ Իսկ ամենավատն այն էր, որ դատավորներն իրենք էին գտել կեղծ վկաներ և համոզել Պիղատոսին, որ նա Հիսուսին դատապարտի մահվան (Մատթէոս 26։57–59; Յովհաննէս 11։47–53; 19։31)։

Թալմուդում ասվում է, որ մահապատժի դատապարտող դատավորները ջանում էին փրկել մեղադրյալին երկար տևող դատաքննությունների ընթացքում։ Սակայն Ստեփանոսին, ինչպեսև Հիսուսին, չնշանակվեց այդպիսի դատավարություն։ Սինեդրիոնի առջև Ստեփանոսի պաշտպանությունը հանգեցրեց նրան, որ նա քարկոծվեց ամբոխի կողմից։ Եթե չլիներ հռոմեական կառավարության միջամտությունը, Պողոս առաքյալը հավանաբար նույնպես կսպանվեր նմանատիպ հանգամանքներում։ Փաստն այն է, որ Սինեդրիոնի դատավորները դավադրություն էին կազմակերպել սպանելու նրան (Գործք 6։12; 7։58; 23։6–15)։

Ատյանի անդամներից առնվազն մի քանիսը սկզբունքային մարդիկ էին։ Հրեա երիտասարդ կառավարիչը, որը խոսեց Հիսուսի հետ, հնարավոր է Սինեդրիոնի անդամներից էր։ Թեև այդ մարդու հարստությունը խոչընդոտ եղավ նրա համար, սակայն նա ակներևաբար լավ հատկություններ ուներ, քանի որ Հիսուսը հրավիրեց նրան դառնալու իր հետևորդը (Մատթէոս 19։16–22; Ղուկաս 18։18, 22)։

Այն բանի վախը, թե ինչ կմտածեին իր մասին մյուս դատավորները, մղեց, որ Նիկոդեմոսը՝ «հրեաների [մի] իշխան» այցելեր Հիսուսին մթության քողի տակ։ Սակայն Նիկոդեմոսը պաշտպանեց Հիսուսին Սինեդրիոնի առջև՝ հարցնելով. «Մի՞թէ մեր օրէնքը մի մարդի դատում է, եթէ առաջ չ’լսէ նորանից եւ չ’գիտենայ, թէ ինչ է գործում»։ Հետագայում Նիկոդեմոսը «զմուռս բերաւ հալուէի հետ խառնած», որպեսզի Հիսուսի մարմինը պատրաստեր թաղման (Յովհաննէս 3։1, 2; 7։51, 52; 19։39)։

Սինեդրիոնի մեկ այլ անդամ՝ Արիմաթեացի Հովսեփը, խիզախորեն խնդրեց Պիղատոսին, որ իրեն տա Հիսուսի մարմինը, և դրեց այն իր սեփական նոր գերեզմանի մեջ։ Հովսեփը «սպասում էր Աստծու թագավորությանը», սակայն հրեաների հանդեպ վախը չէր թողնում նրան ցույց տալ, որ նա Հիսուսի հետևորդներից մեկն էր։ Այնուամենայնիվ, ի պատիվ Հովսեփի՝ պետք է ասել, որ նա մասնակից չեղավ Հիսուսին սպանելու վերաբերյալ Սինեդրիոնի կազմակերպած դավադրությանը (Մարկոս 15։43–46; Մատթէոս 27։57–60; Ղուկաս 23։50–53; Յովհաննէս 19։38)։

Սինեդրիոնի անդամ Գամաղիելը իմաստնորեն խորհուրդ տվեց իր ընկերակից դատավորներին, որ նրանք հանգիստ թողնեն Հիսուսի աշակերտներին։ Նա ասաց. «Մի գուցէ Աստուծոյ դէմ կռիւ անող էլ գտնուիք» (Գործք 5։34–39)։ Ի՞նչը խանգարեց բարձրագույն դատարանին տեսնել, որ Հիսուսն ու իր աշակերտները գործում էին Աստծու աջակցությամբ։ Հիսուսի հրաշքները ընդունելու փոխարեն՝ Սինեդրիոնը մտածում էր «Ի՞նչ անենք, որ այդ մարդը շատ նշաններ է անում։ Եթէ դորան այդպէս թողենք, ամենքը կ’հաւատան դորան, եւ Հռովմայեցիք կ’գան վեր կ’առնեն մեր երկիրն էլ եւ ազգն էլ» (Յովհաննէս 11։47, 48)։ Իշխանության փափագը թույլ չտվեց, որպեսզի հրեական բարձրագույն դատարանը արդարադատություն դրսևորի։ Նաև, փոխանակ ուրախանալու, որ Հիսուսի աշակերտները բուժում էին մարդկանց՝ կրոնական առաջնորդները «նախանձով լցուեցան» (Գործք 5։17)։ Որպես դատավորներ՝ նրանք պետք է լինեին աստվածավախ և արդար մարդիկ, սակայն նրանց մեծ մասը ապականված էր և անազնիվ (Ելից 18։21; Բ Օրինաց 16։18–20)։

Աստծու դատաստանը

Քանի որ Իսրայելը չհնազանդվեց Աստծու Օրենքին և մերժեց Մեսիային, Եհովան ի վերջո մերժեց այդ ազգը՝ որպես ընտրյալ ժողովրդի։ Մ.թ. 70 թ.–ին հռոմեացիները կործանեցին Երուսաղեմը և այնտեղ գտնվող տաճարը ու վերջ դրեցին հրեական իրերի ամբողջ համակարգին, ինչպես նաև Սինեդրիոնին։

Եհովայի նշանակած դատավորը՝ Հիսուս Քրիստոսը, կորոշի, թե արդյոք առաջին դարի Սինեդրիոնի անդամներից ոմանք արժանի են հարության, և թե նրանցից ովքեր են մեղք գործել սուրբ ոգու դեմ (Մարկոս 3։29; Յովհաննէս 5։22)։ Մենք կարող ենք վստահ լինել, որ այդպիսի որոշումներ կայացնելիս Հիսուսը կգործի կատարյալ արդարությամբ (Եսայիա 11։3–5)։

[ծանոթագրություններ]

a Հասմոնյանների և Մակաբայեցիների մասին մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Դիտարանի» 1998 թ. նոյեմբերի 15–ի համարը (էջ 21–24, ռուս.), և 2001 թ. հունիսի 15–ի համարը (էջ 27–30)։

b Երբ Աստվածաշունչը խոսում է «քահանայապետներ[ի]» մասին, այն նկատի ունի ներկա և նախկին քահանայապետներին ու նրանց ընտանիքի այն անդամներին, որոնք համապատասխանում էին ապագայում քահանայական բարձր պաշտոն գրավելու պահանջներին (Մատթէոս 21։23)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը