Կնիք, որը պատկանում է Հուքաղին
ՔԱՂԴԵԱՑԻՆԵՐԻ կառավարիչ Նաբուգոդոնոսորը մ.թ.ա. յոթերորդ դարում նվաճեց Երուսաղեմը, այն կրակի մատնեց և քանդեց պարիսպները։ Նա բռնեց Հուդայի թագավոր Սեդեկիային ու կուրացրեց նրան։ Ավելին, «Բաբիլոնի թագաւորը Յուդայի բոլոր ազնուականներին էլ մորթեց» (Երեմիա 39։1–8)։
Հուդայի ազնվականներից կամ իշխաններից մեկը, որը հավանաբար սպանվեց բաբելոնացիների ձեռքով, Սեղեմիայի որդի Հուքաղն էր։ Վերջերս նրա մասին նոր տեղեկություններ հայտնաբերվեցին։ Սակայն մինչ դրանց անդրադառնալը տեսնենք, թե Սուրբ Գրություններում ինչ է ասվում Հուքաղի, ինչպես նաև նրա օրերում տեղի ունեցած իրադարձությունների մասին։
‘Նրանք քեզ չեն հաղթի’
Եհովան պատվիրեց Երեմիա մարգարեին հռչակել իր դատաստանական պատգամը Հուդայի ու Երուսաղեմի դեմ։ Աստված հայտնեց, որ Հուդայի թագավորները, իշխանները, քահանաներն ու ժողովուրդը ‘պատերազմելու են’ Երեմիայի դեմ։ «Բայց քեզ չեն յաղթիլ, որովհետեւ ես քեզ հետ եմ»,— ասաց Եհովան (Երեմիա 1։17–19)։
Բաբելոնացիների կողմից Հուդայի մայրաքաղաք Երուսաղեմի պաշարման ժամանակ Սեդեկիա թագավորը երկու անգամ պատգամաբերներ ուղարկեց Երեմիայի մոտ՝ իմանալու, թե Նաբուգոդոնոսորը ետ քաշվելո՞ւ է քաղաքից։ Նա նաև խնդրեց, որ մարգարեն աղոթի այդ մասին։ Թագավորի պատգամաբերներից մեկը Հուքաղն էր։ Երեմիան նրանց ասաց այն, ինչ Աստված էր նրան հայտնել. բաբելոնացիները՝ կամ քաղդեացիները, կործանելու են քաղաքը։ Երուսաղեմում «մնացողը պիտի մեռնի սրով եւ սովով եւ ժանտախտով»։ Սակայն նրանք, ովքեր կհանձնվեն քաղդեացիներին, կփրկվեն։ Երեմիայի այս խոսքերը որքա՜ն զայրացրին Հուդայի իշխաններին (Երեմիա 21։1–10; 37։3–10; 38։1–3)։
Հուքաղը մեկն էր այն իշխաններից, ով Սեդեկիային ասաց. «Խնդրում ենք՝ թող այս մարդը [Երեմիան] մեռցնուի, որովհետեւ .... թուլացնում է պատերազմի մարդկանց ձեռքերը»։ Չարակամ Հուքաղը նրանց մեջ էր, որոնք Երեմիային տղմոտ գուբը գցեցին, որտեղից հետագայում մարգարեն ազատվեց (Երեմիա 37։15; 38։4–6)։ Եհովային հնազանդվելու շնորհիվ Երեմիան փրկվեց Երուսաղեմի կործանումից, սակայն Հուքաղը, ըստ երևույթին, մահացավ, երբ փլուզվեց այն համակարգը, որին նա ապավինում էր։
Հետաքրքիր տեղեկություն
Բավականին վերջերս՝ 2005 թ.–ին, Երուսաղեմում Հուքաղի մասին նոր տեղեկություն «արձանագրվեց»։ Հնագետները Դավիթ թագավորի պալատը գտնելու հույսով պեղումներ էին կատարում։ Այդ վայրում նրանք հայտնաբերեցին մի ընդարձակ քարե շինություն, որը, իրենց կարծիքով, քանդվել էր Երեմիայի օրերում՝ բաբելոնացիների կողմից Երուսաղեմի կործանման ժամանակ։
Հայտնի չէ, թե արդյոք հայտնաբերված շինությունը Դավթի պալատն է։ Սակայն հնագետները կարողացել են պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում հայտնաբերված առարկաներից մեկը։ Դա կնիքի մեկ սանտիմետրանոց կավե դրոշմվածք է, որը պատկերված է 14–րդ էջի վրա։ Այդ կնիքով կնքվել է մի փաստաթուղթ, որը վաղուց քայքայվել է։ Դրոշմվածքի վրա գրված է հետևյալը. «Պատկանում է Շովիի որդի Շելեմյահուի որդի Եհուխալին»։ Այս դրոշմվածքը հավանաբար արվել է Երեմիայի հակառակորդ Եհուխալի, կամ՝ Հուքաղի՝ Սեղեմիայի որդու կողմից։
Հնագետ Էլաթ Մազարը, որը վերծանեց այդ դրոշմվածքը, գրեց, որ Հուքաղը Սափանի որդի Գամարիայից հետո «թագավորի երկրորդ մերձավոր անձնավորությունն էր», ում անունը նշված է Դավթի քաղաքում հայտնաբերված դրոշմվածքի վրա։a
Աստծու Խոսքի հանդեպ հավատը կախված չէ հնագույն իրերի հայտնագործությունից։ Աստվածաշնչի հանդեպ հավատի ամուր հիմքը ներշնչյալ մարգարեությունների կատարումն է։ Պատմական փաստերն ապացուցում են, որ Երեմիան ճշգրտորեն էր կանխագուշակել Երուսաղեմի կործանումը։ Երեմիա մարգարեի հակառակորդների անփառունակ վախճանը պետք է ամրացնի մեր վստահությունն այն բանում, որ եթե մենք Երեմիայի պես հավատարիմ մնանք, մեր թշնամիները ‘չեն հաղթի մեզ, որովհետև Եհովան մեզ հետ է’։
[ծանոթագրություն]
a Սափանի ու Գամարիայի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Գիտե՞ք, թե ովքեր են Սափանն ու նրա ընտանիքը» հոդվածը «Դիտարանի» 2002 թ. դեկտեմբերի 15–ի համարում (էջ 19–22)։
[նկար 15-րդ էջի վրա]
Երեմիան տեղի չտվեց ճնշմանն ու չմեղմացրեց Աստծու պատգամը
[նկարի շնորհակալագիր 14-րդ էջի վրա]
Gabi Laron/Institute of Archaeology/ Hebrew University ©Eilat Mazar