Արժե՛ լինել ազնիվ
ԱՆԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ գոյություն է ունեցել Եդեմի պարտեզի ժամանակներից։ Սակայն շատ մշակույթներում և հասարակություններում դեռևս գնահատվում է ազնվությունը, իսկ սուտն ու խաբեությունը համարվում են ոչ ցանկալի ու դատապարտելի։ Վստահելի անձնավորություն համարվելը այնպիսի բան է, որով պետք է հպարտանալ։ Այնուհանդերձ, անազնվությունը գնալով ավելի ու ավելի շատ է նկատվում որպես անհրաժեշտություն ժամանակակից հասարակության մեջ գոյատևելու համար։ Իսկ ի՞նչ ես դու մտածում այդ մասին։ Արժե՞ լինել ազնիվ։ Ինչպե՞ս ես դու որոշում, թե որն է ազնիվ վարքագիծը, և որը՝ ոչ։
Աստծուն հաճեցնելու համար մենք պետք է լինենք ազնիվ մեր խոսքում և կյանքում։ Պողոս առաքյալը հորդորեց քրիստոնյաներին. «Խօսեցէք ճշմարտութիւնն ամեն մարդ իր ընկերի հետ» (Եփեսացիս 4։25)։ Նա նաև գրեց. «Կամեն[ում ենք] ամեն բանի մէջ բարւոք [«ազնիվ», ՆԱ] վարուիլ» (Եբրայեցիս 13։18)։ Չպետք է ազնիվ լինել միայն մարդկանցից գովասանք ստանալու համար։ Մենք ազնիվ վարք ենք դրսևորում, քանի որ հարգում ենք մեր Արարչին և ուզում ենք հաճեցնել նրան։
Մի թաքցրու քո ինքնությունը
Շատ երկրներում մարդիկ սխալ տեղեկություններ են տալիս իրենց մասին՝ առավելություններ ստանալու համար։ Նրանք կեղծ փաստաթղթեր, դիպլոմներ և անձը հաստատող վկայականներ են ձեռք բերում, որպեսզի անօրինական կերպով որևէ երկիր մուտք գործեն կամ ստանան այնպիսի աշխատանք ու դիրք, որի համար անհրաժեշտ որակավորումներ չունեն։ Որոշ ծնողներ կեղծում են իրենց երեխաների ծննդյան վկայականները՝ նրանց ուսումը երկարացնելու նպատակով։
Սակայն Աստծուն հաճեցնելու համար, մենք չենք կարող խարդախ լինել։ Աստվածաշունչը ասում է, որ Եհովան «ճշմարիտ Աստուած» է, և որ նա ակնկալում է իր հետ մտերիմ փոխհարաբերություններ ունեցողներից ազնիվ լինել (Սաղմոս 31։5)։ Եթե ուզում ենք մտերիմ փոխհարաբերություններ ունենալ Եհովայի հետ, մենք չպետք է նմանվենք «խարդախ մարդոց», որոնք թաքցնում են իրենց ինքնությունը (Սաղմոս 26։4, ԱԱ)։
Մարդիկ հաճախ թաքցնում են ճշմարտությունը, երբ գիտակցում են, որ կհանդիմանվեն սխալ գործելու համար։ Նույնիսկ քրիստոնեական ժողովում անհատը գուցե ուզենա այդպես վարվել։ Օրինակ՝ ժողովներից մեկում մի երիտասարդ հայտնեց երեցներին իր գործած որոշ մեղքերի մասին։ Սակայն նա չընդունեց, որ գողություն է կատարել, թեև ապացույցներ կային։ Ի վերջո այդ ամենը բացահայտվեց, և նրան զրկեցին ընկերակցությունից։ Արդյոք ավելի խելամիտ չէ՞ր լինի, որ նա ազնիվ լիներ և օգնություն ստանար՝ վերականգնելու իր թանկագին փոխհարաբերությունները Եհովայի հետ։ Չէ՞ որ Աստվածաշունչն ասում է. «Մի անարգիր Տիրոջ խրատը. եւ ոչ էլ վհատուիր, նորանից յանդիմանուած ժամանակդ։ Որովհետեւ Տէրը իրան սիրածին խրատում է» (Եբրայեցիս 12։5, 6)։
Գուցե եղբայրներից մեկը, որը ձգտում է պատասխանատվություններ ստանալ ժողովում, փորձի թաքցնել անձնական խնդիրները կամ իր անցյալը։ Կամ երբ անհատը հատուկ ծառայության դիմում է լրացնում, գուցե լիարժեք չպատասխանի առողջությանը և բարոյականությանը վերաբերող հարցերին՝ մտածելով, որ այդ մասին ճշմարտությունը կզրկի իրեն այդպիսի ծառայությունից։ Նա թերևս մտածի. «Ես իրականում սուտ չեմ խոսում», բայց մի՞թե այդպես նա անկեղծ ու ազնիվ է վարվում ուրիշների հետ։ Ուշադրություն դարձրու, թե ինչ է ասվում այդ մասին Առակաց 3։32–ում. «Խոտորնակ մարդը զզուելի է Տիրոջը, բայց Նորա մտերմութիւնը ուղիղների հետն է»։
Ազնիվ լինել նշանակում է առաջին հերթին լինել ազնիվ ինքներս մեզ հետ։ Հաճախ մենք հավատում ենք այն բաներին, ինչին ուզում ենք հավատալ, և ոչ թե այն բաներին, որոնք ճիշտ կամ հավաստի են։ Շատ հեշտ է մեր մեղքը գցել ուրիշների վրա։ Օրինակ՝ Սավուղ թագավորը փորձեց արդարացնել իր անհնազանդությունը՝ մեղքը գցելով ուրիշների վրա։ Հետևանքը եղավ այն, որ Եհովան մերժեց նրան՝ որպես թագավորի (Ա Թագաւորաց 15։20–23)։ Ի տարբերություն նրա՝ Դավիթ թագավորը Եհովային աղոթեց. «Ես մեղքս յայտնեցի քեզ եւ անօրէնութիւնս չ’ծածկեցի. ասեցի թէ՝ Անօրէնութիւնս խոստովանիմ Տիրոջը. եւ դու թողեցիր իմ մեղքի անօրէնութիւնը» (Սաղմոս 32։5)։
Ազնվությունն օրհնություններ է բերում
Ազնվությունը կամ անազնվությունը ազդում է այն բանի վրա, թե ինչ կարծիք են կազմում քո մասին ուրիշները։ Եթե մարդիկ իմանան, որ դու թեկուզ մեկ անգամ խաբել ես իրենց, նրանք կկորցնեն իրենց վստահությունը քո հանդեպ։ Իսկ վստահությունը հեշտությամբ վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե ճշմարտախոս ես և ազնիվ, դու ձեռք կբերես անարատ մարդու համբավ, որն արժանի է վստահության։ Եհովայի վկաները այդպիսի համբավ ունեն։ Եկեք քննարկենք որոշ օրինակներ։
Երբ մի ընկերության տնօրեն հասկացավ, որ իր աշխատողներից շատերը խարդախությամբ էին զբաղվում, խնդրեց, որ ոստիկանությունը միջամտի։ Երբ նա իմացավ, որ ձերբակալվածների թվում էր նաև Եհովայի վկա մի աշխատող, գնաց ոստիկանատուն, որպեսզի խնդրի անհապաղ ազատ արձակել Վկային։ Ինչո՞ւ։ Քանի որ տնօրենը գիտեր, որ այդ անհատն ազնիվ աշխատող էր և անմեղ էր։ Վկան շարունակեց աշխատել այդ ընկերությունում, իսկ մյուսները հեռացվեցին աշխատանքից։ Նրա հավատակիցներն ուրախացան՝ իմանալով, որ այդ եղբոր վարքը փառք է բերել Եհովայի անվանը։
Լավ վարքն աննկատ չի մնում։ Օրինակ՝ Աֆրիկայի մի վայրում ցամաքուրդի վրա գցված կամուրջը հարկավոր էր վերանորոգել, քանի որ դրա հաստ գերաններից մի քանիսը գողացվել էին։ Տեղի բնակիչները որոշեցին գումար հավաքել անհրաժեշտ գերանները գնելու համար, սակայն ո՞ւմ կարելի էր վստահել գումարը տնօրինելու պատասխանատվությունը։ Բոլորը համաձայն էին, որ այդ անձնավորությունը պետք է Եհովայի վկա լիներ։
Երբ Աֆրիկայի երկրներից մեկում քաղաքական և ազգամիջյան բախումներ սկսվեցին, միջազգային մի կազմակերպությունում որպես հաշվապահ աշխատող մի Վկայի տեղափոխեցին այլ երկրի մասնաճյուղ, քանի որ նրա կյանքը վտանգի տակ էր։ Կազմակերպությունը հոգ տարավ, որ նա շատ ամիսներ իրենց հաշվին աշխատի ու ապրի մեկ ուրիշ երկրում, մինչև որ իրավիճակը հանդարտվի։ Ինչո՞ւ։ Քանի որ Վկան նախկինում մերժել էր մասնակցել կազմակերպությանը կողոպտելու նպատակով կազմակերպված խաբեությանը։ Տնօրինությունը գիտեր, որ նա ազնիվ մարդու համբավ ունի։ Արդյոք նրանք պատրաստ կլինեի՞ն օգնել այս աշխատողին, եթե նա կասկածելի անձնավորություն լիներ։
Առակաց 20։7–ն ասում է. «Ով որ իր ուղղութիւնովը գնում է՝ արդար է»։ Ազնիվ մարդը անարատ մարդ է։ Նա երբեք չի խաբում։ Մի՞թե դու չես ուզում, որ ուրիշները քեզ հետ այդպես վարվեն։ Ազնվությունը ճշմարիտ երկրպագության կարևոր հատկանիշներից է։ Դրանով մենք արտահայտում ենք մեր սերը Աստծու և մերձավորի հանդեպ։ Լինելով ազնիվ՝ մենք ցույց ենք տալիս, որ ցանկանում ենք հետևել վարքագծի վերաբերյալ Հիսուսի ասած սկզբունքին. «Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց» (Մատթէոս 7։12; 22։36–39)։
Ազնիվ լինելը ոչ միշտ է հաճելի արդյունքներ բերում, սակայն մաքուր խիղճը շատ ավելի արժեքավոր է, քան ցանկացած բան։ Ի վերջո ազնիվ և արդար լինելը առատ օրհնություններ է բերում։ Ճշմարտությունն այն է, որ Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ ունենալը շատ թանկ է։ Մի՞թե արժե վնասել այն՝ դիմելով անազնիվ քայլերի՝ մեր հեղինակությունը փրկելու կամ ապօրինի ճանապարհով որոշակի առավելությունների հասնելու համար։ Ինչ դժվարության էլ որ բախվենք, կարող ենք վստահ լինել սաղմոսերգուի խոսքերի ճշմարտացիության մեջ. «Երանի այն մարդին որ նա իր յոյսը Տէրն է շինում, եւ ամբարտաւաններին ու ստութեան հետեւողներին չէ դառնում» (Սաղմոս 40։4)։
[նկարներ 18-րդ էջի վրա]
Ճշմարիտ քրիստոնյաները չեն գնում և չեն օգտագործում կեղծ փաստաթղթեր