Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 1/15 էջ 14–16
  • Սամուելը նպաստում է ճշմարիտ երկրպագությանը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սամուելը նպաստում է ճշմարիտ երկրպագությանը
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Կյանքի վաղ տարիները
  • Սամուելը ծառայում է որպես մարգարե
  • Իսրայելը թագավոր է ուզում
  • Իսրայելի առաջին երկու թագավորները
  • Սամուելի թողած ժառանգությունը
  • Հիասթափությունները չդառնացրին նրա սիրտը
    2011 Դիտարան
  • Հիասթափությունները չդառնացրին նրա սիրտը
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա մեծացավ «Եհովայի մոտ»
    2010 Դիտարան
  • Նա մեծացավ «Եհովայի մոտ»
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
2007 Դիտարան
w07 1/15 էջ 14–16

Սամուելը նպաստում է ճշմարիտ երկրպագությանը

ՄԱՐԳԱՐԵՆ հանդիմանում է իր հավատակիցներին, որոնք թագավոր են պահանջում իրենից, և հորդորում է նրանց հնազանդվել Աստծուն։ Իր հեղինակությունը հաստատելու նպատակով նա Եհովայից նշան է խնդրում։ Իսրայելում տարվա այդ ժամանակ՝ ցորենի հնձի օրերին, անձրևներ գրեթե չէին լինում։ Բայց Աստված ուղարկում է որոտ և անձրև։ Ժողովուրդը լցվում է մեծ վախով Եհովայի և նրա ներկայացուցչի՝ Սամուելի հանդեպ (Ա Թագաւորաց 12։11–19)։

Սամուել մարգարեն նաև գրող էր։ Նրա՝ իրադարձություններով լեցուն արձանագրություններն ընդգրկում են մոտավորապես 330 տարվա պատմություն և ներառում են Իսրայելի դատավորների սխրագործությունները։ Օրինակ՝ նա գրել է Սամսոն դատավորի կյանքի պատմությունը։ Վերջինս եղել է երբևէ ապրած ամենաուժեղ մարդը։ Այդ իրապատումը հիմք է հանդիսացել զանազան գրական ստեղծագործությունների, օպերաների, բեմականացումների և էկրանավորումների համար (Դատաւորաց, 13–16 գլուխներ)։ Սամուելը գրել է նաև Հռութի և նրա սկեսրոջ՝ Նոեմիի մասին, որոնք այրիացել ու աղքատացել էին։ Այս իրական պատմությունը, որը երջանիկ ավարտ է ունեցել, նույնպես բավական հետաքրքիր է (Հռութ, 1–4 գլուխներ)։

Ի՞նչ կարող ենք սովորել Սամուելի գրած պատմություններից և նրա կյանքից։ Ինչպե՞ս նա նպաստեց ճշմարիտ երկրպագությանը։

Կյանքի վաղ տարիները

Սամուելի հայրը՝ Եղկանան, Եհովայի երկրպագու էր և սիրող ամուսին։ Եղկանայի կինը՝ Աննան, հոգևորապես ամուր անձնավորություն էր։ Նա ամուլ էր և մի անգամ Սելովում՝ Եհովայի տանը, ջերմեռանդորեն աղոթեց՝ խոստանալով. «Ով Զօրաց Տէր, եթէ քո աղախինի նեղութեանը նայես եւ ինձ յիշես, եւ քո աղախինին չ’մոռանալով՝ քո աղախինին արու զաւակ տաս, ես նորան Տիրոջը կ’նուիրեմ իր կեանքի բոլոր օրերումը. եւ նորա գլխին ածելի չի բարձրանալ» (Ա Թագաւորաց 1։1–11)։ Սա նշանակում էր, որ երեխան նվիրվելու էր Եհովային՝ նրան ծառայելու համար։

Աննան աղոթում էր լռելյայն։ Աստվածաշնչում ասվում է, որ ‘միայն նրա շրթունքներն էին շարժվում’։ Հեղի քահանայապետը սխալմամբ մտածեց, թե նա հարբած է, ուստի հանդիմանեց նրան։ Բայց երբ Աննան հարգանքով բացատրեց իր մտահոգությունը, Հեղին ասաց. «Գնա խաղաղութեամբ, եւ Իսրայէլի Աստուածը տայ քո խնդրուածքը, ինչ որ նորանից խնդրեցիր»։ Եհովան լսեց Աննայի խնդրանքը։ Կարդում ենք. «Եղաւ որ տարին դառնալիս Աննան յղացաւ եւ մի տղայ ծնեց, եւ նորա անունը Սամուէլ կոչեց՝ ասելով, թէ Տէրիցը խնդրեցի նորան» (Ա Թագաւորաց 1։12–20)։

Սամուելը մեծացավ «խրատով եւ Տիրոջ ուսմունքովը» (Եփեսացիս 6։4)։ Հենց որ նա կաթից կտրվեց, Աննան նրան բերեց Աստծու տուն՝ Սելով, և ներկայացրեց Հեղի քահանայապետին։ Նրա հոգածության ներքո տղան «Տիրոջը ծառայութիւն էր անում»։ Աննան իր մեծ ուրախությունն արտահայտեց այն շնորհակալական աղոթքում, որը գրի է առել հենց ինքը՝ Սամուելը (Ա Թագաւորաց 2։1–11)։

Եթե դու ծնող ես, հորդորո՞ւմ ես քո երեխային, որ Եհովային ծառայելը դարձնի իր կյանքի ուղին։ Քո զավակը իր ուժն ու եռանդը լավագույնս օգտագործած կլինի, եթե դրանք ուղղի դեպի ճշմարիտ երկրպագությունը։

Սամուելը հեշտությամբ հարմարվեց իր նոր կյանքին՝ ծառայելով Աստծու տանը։ Նա ‘մեծանում էր Եհովայի առաջ’ ու «հաճելի էր թէ Տիրոջը եւ թէ մարդկանցը»։ Սամուելը աստվածահաճո հատկանիշներ էր ցուցաբերում, ուստի մարդիկ սիրում էին նրան (Ա Թագաւորաց 2։21, 26)։

Նույնը չէր կարելի ասել Հեղիի ‘չար զավակների’՝ Ոփնիի ու Փենեհեսի մասին, որոնք «Տիրոջը չէին ճանաչում»՝ չէին ընդունում Եհովային։ Նրանք սեռական անբարոյություն էին գործում և սրբարան բերված զոհաբերությունների լավագույն մասերը վերցնում էին իրենց։ Աստված արդեն ուղարկել էր մի մարգարեի, որպեսզի վերջինս Հեղիին հայտներ նրան սպասող պատժի՝ այդ թվում նրա որդիների մահվան մասին (Ա Թագաւորաց 2։12, 15–17, 22–25, 27, 30–34)։ Եհովան Սամուելի միջոցով ևս մեկ դատաստանական լուր էր հայտնելու Հեղիին։

Սամուելը ծառայում է որպես մարգարե

Աստված Սամուելին ասաց. «[Հեղիին] իմացրել եմ, որ նորա տունը պիտի դատեմ յաւիտեան որ գիտէր այն անօրէնութիւնը, որ նորա որդիքը իրանց վերայ անէծք են բերում, եւ նա չ’յանդիմանեց նորանց»։ Այդ մասին հայտնելը հեշտ չէր, բայց Հեղին պնդեց, որ Սամուելը ոչ մի խոսք չթաքցնի իրենից։ Ուստի Սամուելը պատմեց այն ամենը, ինչ Եհովան ասել էր։ Դրա համար քաջություն էր պահանջվում (Ա Թագաւորաց 3։10–18)։

Երբ Սամուելը չափահաս դարձավ, ամբողջ Իսրայելն իմացավ, որ նա Աստծու մարգարե է (Ա Թագաւորաց 3։19, 20)։ Դատաստանը, որի մասին Սամուելը կանխագուշակել էր, սկսվեց, երբ իսրայելացիները ջախջախիչ պարտություն կրեցին փղշտացիներից։ Ոփնին և Փենեհեսը սպանվեցին մարտի դաշտում, և փղշտացիները զավթեցին Եհովայի ուխտի տապանակը։ Իր որդիների կորստյան և տապանակի զավթման մասին լսելով՝ Հեղին նստած տեղից մեջքի վրա ընկավ, կոտրեց պարանոցը և մահացավ (Ա Թագաւորաց 4։1–18)։

Այս դեպքերից քսան տարի անց Սամուելը իսրայելացիներին կոչ արեց թողնել կեղծ երկրպագությունը։ Նրանք դրականորեն արձագանքեցին և ոչնչացրեցին կուռքերը, ծոմ պահեցին ու խոստովանեցին իրենց մեղքերը։ Սամուելը աղոթեց և ողջակեզ մատուցեց ժողովրդի համար։ Արդյո՞ւնքը։ Երբ փղշտացիները սկսեցին գրոհը, Աստված նրանց շփոթության մեջ գցեց, և իսրայելացիները, հակահարված տալով, ջախջախեցին թշնամուն։ Եհովան օրհնեց ժողովրդին, և իսրայելացիների պայմանները նշանակալիորեն բարելավվեցին։ Նրանք փղշտացիներից ետ վերցրեցին գրավված տարածքները (Ա Թագաւորաց 7։3–14)։

Սամուելն իսկապես ամեն ինչ անում էր հանուն ճշմարիտ երկրպագության։ Օրինակ՝ նա հոգ տարավ, որ ռազմական ավարից որոշ բաժին հատկացվի խորանին։ Նաև օժանդակեց Պասեքի տոնակատարության և ղևտացի դռնապանների ծառայության կազմակերպմանը (Ա Մնացորդաց 9։22; 26։27, 28; Բ Մնացորդաց 35։18)։ Ամեն տարի Սամուելը իր հայրենի քաղաքից՝ Ռամայից, գնում էր մյուս քաղաքները՝ դատավորություն անելու։ Նա ձեռք բերեց ազնիվ և անաչառ մարդու հեղինակություն։ Քանի որ ժողովուրդը հարգում էր Սամուելին, նա կարո՛ղ էր հոգևորապես օգնել նրանց (Ա Թագաւորաց 7։15–17; 9։6–14; 12։2–5)։ Նրա ազնվությունն ու հոգևոր հասունությունը, անկասկած, մղեցին շատերին հետևել նրա օրինակին։ Իսկ քո մեջ այդպիսի մղում առաջանո՞ւմ է։

Իսրայելը թագավոր է ուզում

Սամուելը ծերացավ և իր որդիներին՝ Հովելին ու Աբիային, նշանակեց որպես դատավորներ։ Նրանք «չ’գնացին նորա ճանապարհների մէջ, այլ շահասիրութեան ետեւից ընկան եւ կաշառք էին առնում, եւ իրաւունքը ծռում էին»։ Նրանց վարքը դրդեց Իսրայելի ծերերին թագավոր պահանջելու (Ա Թագաւորաց 8։1–5)։ Այս բանը Սամուելի աչքին չար երևաց։ Երբ նա այդ մասին աղոթեց, Եհովան պատասխանեց. «Նորանք ոչ թէ քեզ են մերժում, այլ ինձ են մերժում, որ նորանց վերայ չ’թագաւորեմ» (Ա Թագաւորաց 8։6, 7)։ Աստված Սամուելին պատվիրեց բավարարել ժողովրդի ցանկությունը և զգուշացնել, որ թագավորի իշխանության տակ նրանք կկորցնեն որոշ ազատություններ։ Բայց ժողովուրդը շարունակեց պնդել, և Եհովան Սամուելին հանձնարարեց Սավուղին օծել որպես թագավոր (Ա Թագաւորաց 8։6–22; 9։15–17; 10։1)։

Սամուելը թիկունք կանգնեց այս նոր կարգին՝ չնայած իր վատ կանխազգացմանը։ Այն բանից հետո, երբ իսրայելացիները հաղթանակ տարան ամմոնացիների նկատմամբ, նա ժողովրդին հավաքեց Գաղգաղայում՝ հաստատելու Սավուղի թագավորական իշխանությունը (Ա Թագաւորաց 10։17–24; 11։11–15)։ Մարգարեն հիշեցրեց Իսրայելի պատմությունը և թագավորին ու ժողովրդին հորդորեց հնազանդվել Եհովային։ Աստված պատասխանեց Սամուելի աղոթքին՝ որոտ և անձրև առաջ բերելով, ինչը անսովոր բան էր տարվա այդ ժամանակ։ Այդ երևույթը մղեց ժողովրդին ընդունելու, որ իրենք սխալ են վարվել՝ մերժելով Եհովային։ Երբ նրանք Սամուելին խնդրեցին աղոթել իրենց համար, նա պատասխանեց. «Քաւ լիցի, որ Տիրոջ դէմ մեղք գործեմ, ձեզ համար աղօթք անելուց դադարելով, այլ ես ձեզ կ’սովորեցնեմ բարի եւ ուղիղ ճանապարհը»։ Աստծու և նրա ժողովրդի հանդեպ նվիրվածության ինչպիսի՜ դրսևորում (Ա Թագաւորաց 12։6–24)։ Իսկ դու դրսևորո՞ւմ ես աստվածապետական կարգին թիկունք կանգնելու և քո հավատակիցների համար աղոթելու այդպիսի պատրաստակամություն։

Իսրայելի առաջին երկու թագավորները

Սավուղը համեստ մարդ էր և վայելում էր Աստծու հավանությունը (Ա Թագաւորաց 9։21; 11։6)։ Ժամանակի ընթացքում, սակայն, նա դադարեց Եհովայի առաջնորդությանը հետևելուց։ Օրինակ՝ Սամուելը հանդիմանեց Սավուղին այն բանի համար, որ նա չվարվեց իրեն պատվիրվածի պես՝ չսպասեց մարգարեին և անհամբերություն դրսևորելով՝ զոհ մատուցեց (Ա Թագաւորաց 13։10–14)։ Իսկ երբ անհնազանդ գտնվելով Աստծու պատվերին՝ խնայեց ամաղեկացի Ագագ թագավորի կյանքը, Սամուելը նրան ասաց. «Տէրն այսօր քո վերայից Իսրայէլի թագաւորութիւնը պատառեց եւ տուաւ նորան քեզանից լաւ ընկերիդ»։ Սամուելն ինքը սպանեց Ագագին։ Այնուհետև գնաց Ռամա և սուգ արեց Սավուղի համար (Ա Թագաւորաց 15։1–35)։

Եհովան ի վերջո Սամուելին ասաց. «Մինչեւ ե՞րբ պիտի Սաւուղի համար սուգ անես. որովհետեւ ես նորան մերժեցի որ Իսրայէլի վերայ չ’թագաւորէ»։ Աստված մարգարեին ուղարկեց Բեթլեհեմ՝ Հեսսեի որդիներից մեկին օծելու որպես թագավոր։ «Յեսսէն Սամուէլի առաջովը իր եօթը որդիներին անցկացրեց», բայց Եհովան իր հավանությունը տվեց ամենակրտսերին՝ Դավթին։ Այդ օրը Սամուելը մի կարևոր բան սովորեց. «Այն չէ բանը որ տեսնում է մարդը [«Աստուած մարդուն նման չի նայիր», ԱԱ]. որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում» (Ա Թագաւորաց 16։1–13)։

Ինչ խոսք, Սավուղի անհնազանդությունը մեծ ցավ էր պատճառել Սամուելին, բայց մարգարեն, ըստ ամենայնի, ավելի մեծ ցավ զգաց, երբ Սավուղը սկսեց մահաշունչ ատելություն տածել ԴՇավթի հանդեպ։ Չնայած այդ փորձություններին՝ Սամուելը ծեր հասակում էլ շարունակեց ծառայել Եհովային, ինչքան որ թույլ էին տալիս իր հնարավորությունները (Ա Թագաւորաց 19։18–20)։

Սամուելի թողած ժառանգությունը

Երբ Սամուելը մահացավ, ամբողջ Իսրայելը ողբաց խոնարհ ու խիզախ մարգարեի կորուստը, մի անձնավորության, որը մեծ դեր խաղաց շատերի կյանքում (Ա Թագաւորաց 25։1)։ Նա անկատար մարդ էր և երբեմն սխալ էր դատում։ Այդուհանդերձ, Սամուելը բացարձակապես նվիրված էր Աստծուն և անխոնջ կերպով օգնում էր ուրիշներին նույնպիսի նվիրվածություն դրսևորել Եհովայի հանդեպ։

Ճիշտ է, Սամուելի հետ կապված դեպքերը տեղի են ունեցել շատ վաղուց։ Բայց նրա կյանքի պատմությունից մենք կարող ենք արժեքավոր դասեր քաղել։ Սամուելի համար ամենակարևորը Եհովային երկրպագելը և ճշմարիտ երկրպագությանը թիկունք կանգնելն էր։ Իսկ քեզ համար դա՞ է ամենակարևորը։

[շրջանակ 16–րդ էջի վրա]

ԽՈՐՀԻՐ ՍԱՄՈՒԵԼԻ ԿՅԱՆՔԻ ՇՈՒՐՋ

• Ինչպես որ Սամուելի ծնողներն էին նրան ուսուցանում Աստծու խոսքը, այնպես էլ դու դաստիարակիր քո երեխային «խրատով եւ Տիրոջ ուսմունքովը» (Եփեսացիս 6։4)։

• Հորդորիր երեխայիդ, որ Սամուելի պես՝ Եհովային ծառայելը դարձնի իր կյանքի ուղին։

• Մարդիկ սիրում էին Սամուելին նրա ցուցաբերած աստվածահաճո հատկանիշների համար։ Նա լավ օրինակ է մեզ համար։

• Սամուելն ամեն բան անում էր հանուն ճշմարիտ երկրպագության։ Նույնն էլ մենք պետք է անենք։

[նկար 15–րդ էջի վրա]

Սամուելը նպաստում էր ճշմարիտ երկրպագությանը և պատրաստակամորեն հոգևոր օգնություն ցույց տալիս

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը