Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 2/1 էջ 4–7
  • Ինչո՞ւ պետք է լինել ճշմարտախոս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ պետք է լինել ճշմարտախոս
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ճիշտը և սուտը. մշտական մրցակցություն
  • Ինչո՞ւ են մարդիկ հակված սուտ խոսելու
  • Հավատարիմ լինել ճշմարտության Աստծուն
  • Ի՞նչ է սուտը
  • Ճշմարտությունը կմնա հավիտյան
  • Ճշմարտությունը խոսենք
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովա՝ ճշմարտության Աստված
    2003 Դիտարան
  • Ճշմարտախոսություն. միայն ուրիշների՞ց ենք ակնկալում
    2007 Դիտարան
  • Ճշմարտությունը արժեզրկվե՞լ է
    Այլ նյութեր
Ավելին
2007 Դիտարան
w07 2/1 էջ 4–7

Ինչո՞ւ պետք է լինել ճշմարտախոս

ՄԱՆՖՐԵԴԸ 18 տարեկան էր, երբ նրան ուղարկեցին լրացուցիչ ուսուցում ստանալու։a Ընկերությունը, որտեղ նա աշխատում էր, հոգ էր տարել, որ նա և մի քանի ուրիշ երիտասարդներ շաբաթական երկու օր հաճախեին պրոֆեսիոնալ–տեխնիկական քոլեջ։ Մի օր դասերը սովորականից ավելի շուտ ավարտվեցին։ Ընկերության կանոնների համաձայն՝ սովորողները պետք է վերադառնային իրենց աշխատավայրը, որպեսզի օրվա մնացած մասն աշխատեին։ Սակայն դա անելու փոխարեն՝ բոլորը գնացին զվարճանալու՝ բացի Մանֆրեդից, որը վերադարձավ իր աշխատատեղը։ Դեպքի բերումով ընկերության ղեկավարներից մեկը, որը պատասխանատու էր սովորողների համար, անցնում էր այդտեղով։ Տեսնելով Մանֆրեդին՝ նա հարցրեց. «Ինչո՞ւ դու այսօր դասարանում չես։ Որտե՞ղ են մյուսները»։ Ի՞նչ պատասխան պիտի տար Մանֆրեդը։

Մանֆրեդի հետ պատահածը եզակի դեպք չէ։ Ինչպե՞ս վարվեր նա. ճի՞շտ խոսեր, թե՞ ստեր ու այդպիսով պաշտպաներ իր համադասարանցիներին։ Ճիշտ պատասխան տալը կնշանակեր դժվարությունների մեջ գցել մյուսներին և արժանանալ նրանց հակակրանքին։ Արժե՞ արդյոք նման իրավիճակներում ստել։ Իսկ ի՞նչ կանեիք դուք։ Մանֆրեդի հետ պատահածի մասին կխոսենք ավելի ուշ, իսկ մինչ այդ եկեք քննենք, թե ինչ պետք է անենք, երբ որոշում կայացնելու առաջ ենք կանգնում՝ ասե՞լ ճիշտը, թե՝ ոչ։

Ճիշտը և սուտը. մշտական մրցակցություն

Մարդկության պատմության սկզբում ամեն ինչ ճշմարտության վրա էր հիմնված։ Չկար ո՛չ փաստերի խեղաթյուրում, ո՛չ էլ խարդախություն։ Եհովան՝ Արարիչը, «ճշմարիտ Աստուած» է։ Նրա խոսքը ճշմարտություն է. նա չի կարող ստել, և նա դատապարտում է ստախոսությունն ու ստախոսներին (Սաղմոս 31:5; Յովհաննէս 17:17; Տիտոս 1:2)։

Այդ դեպքում ինչպե՞ս առաջ եկավ սուտը։ Հիսուս Քրիստոսը այդ հարցին հիմնավոր պատասխան տվեց, երբ իրեն սպանել ցանկացող կրոնական հակառակորդներին ասաց. «Դուք ձեր սատանայ հօրիցն էք, եւ կամենում էք ձեր հօր ցանկութիւններն անել. նա սկզբիցը մարդասպան էր, եւ ճշմարտութեան մէջ չ’կեցաւ, որովհետեւ ճշմարտութիւն չ’կայ նորանում. երբոր սուտն է խօսում, իրաններիցն է խօսում, որովհետեւ ստախօս է եւ ստութեան հայրը» (Յովհաննէս 8:44)։ Հիսուսն անշուշտ նկատի ուներ Եդեմի պարտեզում տեղի ունեցածը, երբ Սատանան խաբեց առաջին մարդկային զույգին՝ դրդելով նրանց չհնազանդվել Աստծուն։ Որպես հետևանք՝ նրանք մեղքի ու մահվան գերության մեջ ընկան (Ծննդոց 3:1–5; Հռովմայեցիս 5:12)։

Հիսուսի խոսքերը հստակորեն բնորոշում են Սատանային որպես «ստութեան հ[որ]»՝ ստության ծնունդ տվողի։ Սատանան եղել և մնում է ստության գլխավոր կողմնակիցը և շարունակում է մոլորեցնել «բովանդակ աշխարհքը»։ Նա է մեծապես պատասխանատու այն բանի համար, որ ամենուրեք տարածված սուտն այսօր այդքան շատ վնասներ է հասցնում մարդկությանը (Յայտնութիւն 12:9)։

Ճշտի և ստի միջև եղած մշտական մրցակցությունը, որ սկիզբ է առել Բանսարկու Սատանայից, մոլեգնում է մինչև այսօր։ Այն անդրադառնում է մարդկային հասարակության բոլոր խավերի վրա և ազդեցություն է բանեցնում յուրաքանչյուր անհատի վրա։ Մարդու ապրելակերպը ցույց է տալիս՝ նա ստի՞ կողմն է, թե՞ ճշմարտության։ Նրանք, ովքեր Աստծու կողմն են, իրենց ապրելակերպը համապատասխանեցնում են Աստծու ճշմարիտ Խոսքին՝ Աստվածաշնչին։ Նա, ով չի ընթանում ճշմարտության ճանապարհով, գիտակցում է արդյոք դա, թե՝ ոչ, ընկնում է Սատանայի ձեռքը, քանի որ «ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (Ա Յովհաննէս 5:19, ՆԱ; Մատթէոս 7:13, 14)։

Ինչո՞ւ են մարդիկ հակված սուտ խոսելու

Այն փաստը, որ «ամբողջ աշխարհը» գտնվում է Սատանայի իշխանության տակ, ցույց է տալիս, թե ինչու են այդքան շատ մարդիկ սուտ խոսում։ Սակայն, թերևս հարցնենք, թե ինչու Սատանան՝ «ստութեան հայրը», այդպես վարվեց։ Սատանան գիտեր, որ Եհովան իր բոլոր ստեղծագործությունների, այդ թվում նաև առաջին մարդկային զույգի լիիրավ Գերիշխանն է։ Այդուհանդերձ, Սատանան ցանկացավ տիրանալ այդ բարձրագույն և բացառիկ դիրքին, մի բանի, ինչի իրավունքը նա չուներ։ Ագահությունից և եսասիրական մղումներից դրդված՝ նա ծրագրեց զավթել Եհովայի դիրքը։ Այդ նպատակին հասնելու համար Սատանան գործի դրեց ստությունն ու խորամանկությունը (Ա Տիմոթէոս 3:6)։

Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Համաձայն չե՞ք, որ ագահությունն ու եսասիրական ձգտումները մեր օրերում ևս այն հիմնական հատկություններն են, որոնք դրդում են մարդկանց ստախոսության։ Ագահ բիզնեսմենները, կաշառակեր քաղաքական գործիչներն ու կեղծ կրոնականները ամբողջությամբ թաթախված են խաբեության, խարդախության և կեղծիքի մեջ։ Ինչո՞ւ։ Արդյոք պատճառն այն չէ՞, որ մարդիկ հաճախ ագահությունից ու փառասիրությունից դրդված ձգտում են հարստություն կուտակել, հեղինակություն ունենալ կամ դիրք ձեռք բերել, որի իրավունքը նրանք չունեն։ Վաղեմի Իսրայելի իմաստուն թագավոր Սողոմոնը հետևյալ նախազգուշացումը տվեց. «Հարստանալու շտապողը անպատիժ չի մնալ» (Առակաց 28:20)։ Իսկ Պողոս առաքյալը գրեց. «Արծաթսիրութիւնը ամեն չարիքների արմատն է» (Ա Տիմոթէոս 6:10)։ Անկասկած, նույնը կարելի է ասել հեղինակություն և դիրք ունենալու չափազանց մեծ ցանկության մասին։

Սուտ խոսելու մեկ այլ պատճառը վախն է՝ վախ այն բանից, թե ինչ հետևանքներ կունենա ճիշտ խոսելը կամ թե ճիշտը ասելու դեպքում ինչ կմտածեն ուրիշները։ Անշուշտ բնական է, որ մարդիկ ցանկանում են սիրված և ընդունված լինել ուրիշների կողմից։ Սակայն այդ ցանկությունը կարող է դրդել նրանց աղավաղել ճշմարտությունը, թեկուզ չնչին չափով, որպեսզի թաքցնեն թերացումները, չհայտնեն անցանկալի մանրամասները կամ պարզապես լավ տպավորություն թողնեն։ Ուստի տեղին են Սողոմոնի հետևյալ խոսքերը. «Մարդի վախը որոգայթի մէջ կ’գցէ, բայց Տիրոջն ապաւինողը կ’ապաստանուի» (Առակաց 29:25)։

Հավատարիմ լինել ճշմարտության Աստծուն

Ի՞նչ պատասխանեց Մանֆրեդը, երբ ընկերության ղեկավարը նրանից բացատրություն պահանջեց։ Մանֆրեդն ասաց ճիշտը։ Նա պատասխանեց. «Այսօր ուսուցիչը մեզ ավելի շուտ բաց թողեց, ուստի ես եկա աշխատանքի։ Ինչ վերաբերում է մյուսներին, ես չեմ կարող նրանց փոխարեն պատասխանել։ Դուք կարող եք անձամբ նրանց հարցնել»։

Մանֆրեդը կարող էր խորամանկ, մոլորության մեջ գցող պատասխան տալ և այդպիսով արժանանալ մյուս սովորողների հաճությանը։ Սակայն նա լուրջ պատճառներ ուներ ճշմարտությունն ասելու։ Մանֆրեդը Եհովայի վկա է։ Իր ազնվության շնորհիվ նա իր խիղճը մաքուր պահեց։ Բացի դրանից, նա նաև շահեց իր գործատիրոջ վստահությունը։ Սովորելու ընթացքում Մանֆրեդը նշանակվեց աշխատելու ոսկերչական բաժնում, որտեղ ուսանողներին սովորաբար թույլ չէր տրվում աշխատել։ Մոտ 15 տարի հետո, երբ Մանֆրեդը այդ ընկերությունում պատասխանատու դիրք էր զբաղեցնում, հենց նույն ղեկավարը զանգահարեց նրան շնորհավորելու և հիշեցնելու նրան այդ դեպքի մասին։

Քանի որ Եհովան ճշմարտության Աստված է, նրանք, ովքեր ցանկանում են նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալ, պետք է «դէն գցե[ն] ստութիւնը» և «խօսե[ն] ճշմարտութիւն[ը]»։ Աստծու ծառաները պարտավոր են սիրել ճշմարտությունը։ Մի իմաստուն մարդ գրել է. «Ճշմարտութեան վկան սուտ չի խօսիլ»։ Սակայն ի՞նչ է սուտը (Եփեսացիս 4:25; Առակաց 14:5)։

Ի՞նչ է սուտը

Ամեն սուտ անստուգություն է, բայց ամեն անստուգություն չէ, որ սուտ է։ Ինչո՞ւ։ Մի բառարանում ստությունը սահմանվում է որպես «ոչ ճիշտ պնդում, որն արվում է խաբելու մտադրությամբ»։ Այո, սուտն ասվում է ինչ–որ մեկին խաբելու միտումով։ Այնուամենայնիվ, ոչ դիտավորյալ կերպով սուտ խոսելը, ինչպես օրինակ՝ սխալմամբ ոչ ճիշտ փաստեր կամ թվեր ներկայացնելը նույնը չէ, ինչ սուտ խոսելը։

Բացի այդ, մենք պետք է հաշվի առնենք, թե արդյո՞ք այն անհատը, որը ցանկանում է ինչ–որ տեղեկություն իմանալ մեզանից, իրավունք ունի ամբողջական պատասխան ստանալու։ Օրինակ՝ ենթադրենք, որ Մանֆրեդին նույն հարցերն է տալիս մեկ ուրիշ ընկերության ղեկավար։ Արդյոք նա պարտավո՞ր է նրան ամեն բան ասելու։ Իրականում ոչ։ Քանի որ այդ ղեկավարը իրավասու չէ նման տեղեկություն իմանալու, ուստի Մանֆրեդը պարտավոր չէ նրան հայտնելու այն։ Սակայն, նույնիսկ այդ դեպքում նրա կողմից սուտ խոսելը սխալ կլիներ։

Ի՞նչ օրինակ թողեց Հիսուս Քրիստոսը այս հարցում։ Մի առիթով նա խոսում էր մի քանի մարդկանց հետ, ովքեր ցանկանում էին իմանալ, թե նա ուր էր պատրաստվում գնալ։ Նրանք խորհուրդ տվեցին Հիսուսին՝ ասելով. «Այստեղից դուրս եկ եւ գնա Հրէաստան»։ Ի՞նչ պատասխանեց Հիսուսը։ «Դուք գնացէք այն տօնին [Երուսաղեմ], ես դեռ չեմ գնում այն տօնին, որովհետեւ իմ ժամանակը դեռ լրացած չէ»։ Կարճ ժամանակ անց Հիսուսն, այնուամենայնիվ, գնաց Երուսաղեմ՝ տոնին մասնակցելու։ Այդ դեպքում ինչո՞ւ նա այդպիսի պատասխան տվեց։ Նրանք իրավասու չէին իմանալու նրա գտնվելու վայրի վերաբերյալ բոլոր մանրամասները։ Հետևաբար, Հիսուսը ոչ թե սուտ խոսեց, այլ պարզապես նրանց ոչ լրիվ պատասխան տվեց, որպեսզի նվազագույնի հասցնի այն հնարավոր վնասը, որ նրանք կարող էին պատճառել իրեն կամ իր հետևորդներին։ Դա սուտ չէր, քանի որ Պետրոս առաքյալը Քրիստոսի մասին գրեց, որ նա «մեղք չ’գործեց, եւ նենգութիւն չ’գտնուեցաւ նորա բերանումը» (Յովհաննէս 7:1–13; Ա Պետրոս 2:22)։

Իսկ ի՞նչ կարելի է ասել հենց իր՝ Պետրոսի մասին։ Չէ՞ որ Հիսուսին ձերբակալելու գիշերը Պետրոսը երեք անգամ սուտ խոսեց և ուրացավ նրան։ Ճիշտ է, Պետրոսը տրվեց մարդավախությանը և սուտ խոսեց։ Բայց նա իսկույն «դառնապէս լացաւ» ու զղջաց, և նրա մեղքը ներվեց։ Դեռ ավելին, նա իր սխալից դասեր քաղեց։ Որոշ ժամանակ անց նա հրապարակավ քարոզում էր Հիսուսի մասին, իսկ երբ Երուսաղեմի հրեա առաջնորդները սպառնացին նրան՝ հրամայելով, որ չքարոզի, նա վճռականորեն հրաժարվեց դադարեցնել քարոզելը։ Անշուշտ, Պետրոսի ժամանակավոր թուլությունն ու արագ զղջումը պետք է որ քաջալերեն բոլոր նրանց, ովքեր թուլության պահերին կարող են հեշտությամբ մեղանչել խոսքով կամ գործով (Մատթէոս 26:69–75; Գործք 4:18–20; 5:27–32; Յակոբոս 3:2)։

Ճշմարտությունը կմնա հավիտյան

«Ճշմարտախօս շրթունքը յաւիտեան կ’մնայ. բայց վայրկեանական է ստախօս շրթունքը»,— ասվում է Առակաց 12:19–ում։ Այո, ճշմարտախոսությունը չի դադարի գոյություն ունենալուց։ Մարդկային հարաբերությունները ավելի կայուն և հաճելի կլինեն, եթե մարդիկ ճիշտը խոսեն և գործեն դրա համաձայն։ Իրոք որ, ճշմարտախոսությունն անմիջական օգուտներ է բերում։ Դրանք են՝ մաքուր խիղճը, բարի անունը և ամուր փոխհարաբերությունները ամուսնության մեջ, ընտանիքում, ընկերների և նույնիսկ աշխատակիցների միջև։

Իսկ սուտը, ընդհակառակը, վերջնականապես կանհետանա։ Ստեր ասող շրթունքները կարող են միայն ժամանակավորապես խաբել, սակայն սուտը չի կարող երկար գոյատևել։ Բացի դա, Եհովան՝ ճշմարտության Աստվածը, ժամանակ է սահմանել, երբ այլևս չի հանդուրժի սուտը և նրանց, ովքեր ստեր են տարածում։ Աստվածաշունչը խոստանում է, որ Եհովան կվերացնի այն ազդեցությունը, որ բանեցնում է Բանսարկու Սատանան՝ ստության հայրը, որը մոլորեցնում է ողջ աշխարհը։ Եհովան շուտով վերջ կդնի ստին և կոչնչացնի ստախոսներին (Յայտնութիւն 21:8)։

Ի՜նչ թեթևացում կլինի, երբ «ճշմարտախօս շրթունք[ները]» մնան հավիտյան։

[ծանոթագրություն]

a Անունը փոխված է։

[մեջբերում 5–րդ էջի վրա]

Ագահությունն ու եսասիրական ձգտումները այն հատկություններն են, որոնք դրդում են մարդկանց ստախոսության

[մեջբերում 6–րդ էջի վրա]

Ամեն սուտ անստուգություն է, բայց ամեն անստուգություն չէ, որ սուտ է

[նկար 6–րդ էջի վրա]

Ի՞նչ ենք սովորում այն բանից, որ Պետրոսն ուրացավ Քրիստոսին

[նկար 7–րդ էջի վրա]

Ճիշտը խոսելու արդյունքում մարդկային փոխհարաբերությունները կայուն և հաճելի կլինեն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը