Վեսել Հանսֆորտ «Ռեֆորմատոր նախքան Ռեֆորմացիան»
Լյութեր, Թինդալ, Կալվին. այս անունները քաջ ծանոթ են բոլոր նրանց, ովքեր խորությամբ ուսումնասիրել են Ռեֆորմացիան, որը սկսվեց 1517 թ.–ին։ Սակայն քչերին է հայտնի Վեսել Հանսֆորտ անունը։ Այդ մարդուն անվանել են «ռեֆորմատոր նախքան Ռեֆորմացիան»։ Կցանկանայի՞ք ավելին իմանալ նրա մասին։
ՎԵՍԵԼԸ ծնվել է 1419 թ.–ին Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում։ 15–րդ դարում քչերը հնարավորություն ունեին դպրոց հաճախելու, բայց Վեսելն ուներ այդ առանձնաշնորհումը։ Թեև նա լավ էր սովորում, սակայն ծնողների ծայրահեղ աղքատության պատճառով ստիպված եղավ ինը տարեկանում թողնել դպրոցը։ Բարեբախտաբար, երբ մի հարուստ այրի լսեց տղայի ունակությունների մասին, դարձավ նրա հոգաբարձուն և վճարեց ուսման վարձը։ Այդպիսով՝ Վեսելը հնարավորություն ստացավ շարունակելու ուսումը։ Ժամանակի ընթացքում նրան շնորհվեց հումանիտար գիտությունների մագիստրոսի կոչում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Վեսելը արժանացավ նաև աստվածաբանության դոկտորի տիտղոսի։
Հանսֆորտը գիտելիքների մեծ ծարավ ուներ։ Բայց այն օրերին քիչ գրադարաններ կային։ Թեև շարժական տառերով տպագրությունն արդեն գոյություն ուներ, բայց գրքերի մեծ մասը դեռևս ձեռագիր էր և բավական թանկ։ Վեսելը պատկանում էր գիտնականների այն խմբին, ովքեր գրադարանից գրադարան ու մենաստանից մենաստան էին գնում հազվագյուտ ձեռագրերն ու մոռացված գրքերը ուսումնասիրելու համար։ Այնուհետև նրանք միմյանց պատմում էին իրենց հայտնագործությունների մասին։ Հանսֆորտը գիտելիքների մեծ պաշար կուտակեց. նրա նոթատետրը լի էր դասական աշխատություններից քաղված հատվածներով ու զանազան մեջբերումներով։ Նա այնքան շատ բան գիտեր, որ մյուս աստվածաբանները, որոնք դրանց մասին երբևէ չէին լսել, հաճախ կասկածամտորեն էին վերաբերվում նրան։ Վեսելին կոչում էին «մագիստեր կոնտրադիկտիոնիս», այսինքն՝ հակասությունների մագիստրոս։
«Ինչո՞ւ ինձ չես առաջնորդում դեպի Քրիստոսը»
Ռեֆորմացիայից շուրջ 50 տարի առաջ Վեսելը հանդիպեց Թոմաս ա Կեմպիսին (ծնվել է մոտ 1379–ին, մահացել՝ 1471–ին), որին սովորաբար համարում են «De Imitatione Christi» հանրահռչակ աշխատության հեղինակը («Քրիստոսի ընդօրինակում»)։ Թոմաս ա Կեմպիսը «Հասարակ կյանք» եղբայրության անդամ էր՝ շարժում, որն ընդգծում էր բարեպաշտ կյանք վարելու անհրաժեշտությունը։ Վեսելի կենսագիրներից մեկը նշում է, որ Թոմաս ա Կեմպիսը մի քանի անգամ խրախուսել է Վեսելին օգնություն հայցել սուրբ Մարիամից։ Վեսելի պատասխանը հետևյալն է եղել. «Ինչո՞ւ ինձ չես առաջնորդում դեպի Քրիստոսը, որը բոլոր բեռնավորվածներին սիրով հրավիրում է գալ իր մոտ»։
Ասում են, Հանսֆորտը դեմ էր քահանաների ձեռնադրմանը։ Երբ նրան հարցրեցին, թե ինչու է առարկում գլխի գագաթը բոլորակաձև ածիլելուն (որով անհատը ճանաչվում էր որպես կաթոլիկ հոգևորական), նա պատասխանեց, որ քանի դեռ իր խելքը գլխին է, չի վախենում կախաղանից։ Ըստ երևույթին, նա ի նկատի ուներ ձեռնադրված քահանաներին դատական կարգով հետապնդելու արգելքը, և, ամենայն հավանականությամբ, շատ քահանաներ գլխի մազերը սափրելու շնորհիվ խուսափել էին կախաղանից։ Վեսելը նաև չէր ընդունում որոշ կրոնական սովորություններ և արարողություններ։ Օրինակ՝ նա քննադատության ենթարկվեց իր օրերի «Dialogus Miraculorum» հանրահայտ գրքում նշված հրաշքներին չհավատալու համար։ Ի պատասխան՝ Հանսֆորտն ասաց. «Հրաշքների մասին ավելի լավ կլինի կարդալ Սուրբ Գրություններում»։
«Մենք գիտենք միայն այնքան, որքան հարցնում ենք»
Վեսել Հանսֆորտն ուսումնասիրեց հին եբրայերենն ու հունարենը և լայն գիտելիքներ ձեռք բերեց վաղ եկեղեցու հայրերի աշխատություններից։ Նա մեծ սեր ուներ Աստվածաշնչի բնագիր լեզուների հանդեպ, ինչը բավական ուշագրավ է, որովհետև Վեսելն ապրել է Էրազմից և Ռոյխլինից առաջ։a Նախքան Ռեֆորմացիան շատ քչերն էին տիրապետում հին հունարենին։ Գերմանիայում միայն փոքրաթիվ գիտնականներ էին ծանոթ հունարեն լեզվին, և ոչ մի միջոց չկար այդ լեզուն սովորելու համար։ Այն բանից հետո, երբ 1453 թ.–ին Կոստանդնուպոլիսը գրավվեց, Վեսելը, ըստ ամենայնի, շփումներ ունեցավ հույն վանականների հետ, որոնք փախել էին Արևմուտք, և նրանցից որոշ գիտելիքներ ձեռք բերեց հունարենից։ Ինչ վերաբերում է եբրայերենի նրա գիտելիքներին, նա դրանք ստացավ հավատափոխ հրեաներից, որովհետև այն օրերին եբրայերենով խոսում էին հիմնականում հրեաները։
Վեսելը շատ էր սիրում Աստվածաշունչը։ Նա այն համարում էր Աստծուց ներշնչված և հավատում էր, որ Աստվածաշնչի բոլոր գրքերը լիակատար ներդաշնակության մեջ են միմյանց հետ։ Հանսֆորտը համոզված էր, որ սուրբգրային համարները համաձայնության մեջ են համատեքստի հետ, և չպետք է աղավաղել դրանց իմաստը։ Ցանկացած ոչ ճիշտ բացատրություն պետք է համարել հերետիկոսություն։ Նրա սիրելի համարներից մեկը Մատթէոս 7։7–ն էր, որտեղ գրված է. «Որոնեցէք եւ կ’գտնէք»։ Ելնելով այս համարից՝ Վեսելը լիովին համոզված էր, որ հարցեր տալն օգտակար է. նա ասում էր. «Մենք գիտենք միայն այնքան, որքան հարցնում ենք»։
Ուշագրավ խնդրանք
1473 թ.–ին Վեսելը գնաց Հռոմ։ Այնտեղ նա տեսակցեց Սիքստոս IV պապին՝ այն վեց պապերից առաջինին, որոնց չափազանց անբարո վարքը վերջիվերջո հանգեցրեց Ռեֆորմացիայի առաջացմանը։ Պատմաբան Բարբարա Թաքմանը նշում է, որ Սիքստոս IV–ից սկսվեց մի ժամանակաշրջան, որին բնորոշ էր «անպատկառ, անթաքույց և անզիջում կերպով անձնական շահեր հետապնդելը և ուժի դիրքից քաղաքականություն վարելը»։ Նա հանրությանը ցնցեց իր բացահայտ նեպոտիզմով։ Մի պատմաբան գրում է, որ Սիքստոսը երևի թե ցանկանում էր եկեղեցու բոլոր կարևոր պաշտոններում նշանակել իր ընտանիքի անդամներին։ Շատ քչերն էին համարձակվում քննադատել նրան դիրքի չարաշահման համար։
Վեսել Հանսֆորտը այդ քչերից մեկն էր։ Մի օր Սիքստոսը նրան ասաց. «Որդյա՛կս, խնդրիր ինչ որ ուզում ես, և Մենք կտանք քեզ»։ Վեսելն իսկույն պատասխանեց. «Սո՛ւրբ հայր.... քանի որ դու երկրի վրա զբաղեցնում ես քահանայապետի և հովվի պաշտոնը, խնդրում եմ.... կատարես քո վեհ պարտականությունն այնպես, որ երբ ոչխարների Մեծ Հովիվը գա, կարողանա քեզ ասել. «Ապրե՛ս, բարի և հավատարիմ ծառա։ Մտիր քո Տիրոջ ուրախության մեջ»»։ Սիքստոսն ասաց, որ դա իր անձնական գործն է, և որ Վեսելը թող ի՛ր համար ինչ–որ բան խնդրի։ Վերջինս պատասխանեց. «Այդ դեպքում տո՛ւր ինձ Հունարեն և Եբրայերեն Աստվածաշնչեր Վատիկանի գրադարանից»։ Պապը բավարարեց նրա խնդրանքը, բայցև նշեց, որ Վեսելը հիմարություն արեց՝ չխնդրելով եպիսկոպոսի պաշտոն։
«Սուտ և սխալ»
Սիքստոսը ցանկանում էր կառուցել այժմյան հռչակավոր Սիքստինյան կապելլան, բայց բավականաչափ դրամ չուներ։ Այդ պատճառով նա սկսեց ինդուլգենցիաներ վաճառել։ Դրանք մեծ ժողովրդականություն էին վայելում։ «Քրիստոսի փոխանորդները. պապության մութ կողմերը» գրքում նշվում է. «Այրի կանայք ու տղամարդիկ, զավակ կորցրած ծնողները՝ բոլորն էլ ոչինչ չէին խնայում իրենց հարազատներին Քավարանից հանելու համար» («Vicars of Christ—The Dark Side of the Papacy»)։ Հասարակ ժողովուրդը լիովին համոզված էր, որ պապը կարող է երաշխավորել մահացած հարազատների երկինք գնալը։
Վեսելը, սակայն, վստահ էր, որ կաթոլիկ եկեղեցին և հենց պապը մեղքեր ներելու լիազորություն չունեն։ Նա ինդուլգենցիաների վաճառքը բացեիբաց անվանեց «սուտ և սխալ»։ Բացի այդ, նա համոզված էր, որ պարտադիր չէ քահանայի մոտ խոստովանության գնալ՝ մեղքերի ներում ստանալու համար։
Վեսելը նաև կասկածի տակ դրեց պապի անսխալականությունը։ Ելնելով նրանից, որ պապերը նույնպես սխալներ են գործում՝ նա ասում էր, որ հավատի հիմքերը թույլ կլինեն, եթե ժողովրդից ակնկալվի միշտ հավատ ընծայել պապերին։ Վեսելը գրեց. «Եթե պրելատները մի կողմ են դնում Աստծու հրամանները և պարտադրում իրենց սեփականը.... ապա նրանց ասածն ու արածը ոչ մի արժեք չունեն»։
Ճանապարհ է հարթում Ռեֆորմացիայի համար
Վեսելը մահացավ 1489 թ.–ին։ Նա քննադատեց եկեղեցուն որոշ սխալների համար, բայցևայնպես մնաց որպես կաթոլիկ։ Եկեղեցին նրան չմեղադրեց հերետիկոսության մեջ։ Նրա մահից հետո, սակայն, մոլեռանդ կաթոլիկ վանականները փորձեցին ոչնչացնել նրա աշխատությունները, քանի որ դրանք մաքուր չէին համարվում։ Լյութերի ժամանակներում արդեն Վեսելի անունը գրեթե մոռացվել էր, նրա աշխատություններից ոչ մեկը չէր տպագրվել, և շատ քիչ ձեռագրեր էին պահպանվել։ Վեսելի աշխատություններն առաջին անգամ լույս տեսան 1520–1522 թթ.–ին։ Դրանք ներառում էին նաև Լյութերի կողմից գրված մի նամակ, որում նա անձամբ խորհուրդ էր տալիս կարդալ Վեսելի աշխատությունները։
Թեև Վեսել Հանսֆորտը ռեֆորմատոր չէր, ինչպես Լյութերը, սակայն նա բացեիբաց դատապարտեց եկեղեցու որոշ սխալներ, որոնք ի վերջո ծնեցին Ռեֆորմացիայի շարժումը։ Նա, ինչպես գրված է «Մըքքլինթոքի և Սթրոնգի հանրագիտարանում» (անգլ.), «գերմանացիներից ամենակարևոր անձնավորությունն էր, որը ճանապարհ է հարթել Ռեֆորմացիայի համար»։
Հանձին Վեսելի՝ Լյութերը տեսնում էր դաշնակցի։ Գրող Կ. Ավգուստինը գրում է. «Լյութերն իր դարաշրջանն ու կյանքը համեմատում է Եղիայի դարաշրջանի ու կյանքի հետ։ Ինչպես որ մարգարեն էր մտածում, թե միայն ինքն է պատերազմում Աստծու պատերազմները, այնպես էլ Լյութերն էր կարծում, թե ինքը մենակ է եկեղեցու դեմ պայքարում։ Սակայն կարդալով Վեսելի աշխատությունները՝ նա հասկացավ, որ Տերը «մնացորդ է թողել Իսրայելում»։ Լյութերը նույնիսկ հայտարարում է. «Եթե ես նրա աշխատություններն ավելի շուտ կարդացած լինեի, թշնամիներս գուցե մտածեին, թե ես ամեն բան սովորել եմ Վեսելից, այնքա՜ն նման է նրա մտածելակերպը իմ մտածելակերպին»։b
«Կ’գտնէք»
Ռեֆորմացիան պատահականություն չէր։ Բարեփոխումներ անելու գաղափարները վաղուց էին պտտվում հասարակության մեջ։ Վեսելը գիտակցում էր, որ պապերի բարոյական անկումն ի վերջո մարդկանց մեջ բարեփոխումներ կատարելու ցանկություն է առաջացնելու։ Մի անգամ նա իր սաներից մեկին ասաց. «Ուսումնատե՛նչ տղա։ Դու կտեսնես այն օրը, երբ.... կռվարար աստվածաբանների ուսմունքները կմերժվեն բոլոր ճշմարիտ քրիստոնյա գիտնականների կողմից»։
Թեև Վեսել Հանսֆորտը տեսնում էր իր օրերում տիրող կրոնական ապականվածությունը, նա ի զորու չէր լիովին բացահայտելու Աստվածաշնչի ճշմարտության լույսը։ Այդուհանդերձ, Վեսելը համարում էր, որ Աստվածաշունչն այն գիրքն է, որը պետք է կարդալ և ուսումնասիրել։ Համաձայն «Քրիստոնեության պատմություն» գրքի՝ նա «համոզված էր, որ Աստվածաշունչը, ներշնչված լինելով Սուրբ Ոգուց, միակ հեղինակությունն է հավատի հարցերում» («A History of Christianity»)։ Մեր օրերում ճշմարիտ քրիստոնյաները հավատում են, որ Աստվածաշունչը Աստծու ներշնչված Խոսքն է (Բ Տիմոթէոս 3:16)։ Սուրբգրային ճշմարտություններն այլևս պարուրված չեն մշուշով. դրանք կարելի՛ է գտնել։ Այսօր, առավել քան երբևէ, ակնհայտորեն տեսնում ենք հետևյալ խոսքերի ճշմարտացիությունը. «Որոնեցէք եւ կ’գտնէք» (Մատթէոս 7:7; Առակաց 2:1–6)։
[ծանոթագրություններ]
a Այս մարդիկ մեծ ներդրում են ունեցել Աստվածաշնչի բնագիր լեզուների ուսումնասիրության մեջ։ 1506 թ.–ին Ռոյխլինը հրատարակեց իր կողմից մշակված եբրայերենի քերականության ձեռնարկը, որի շնորհիվ Եբրայերեն Գրությունները սկսեցին ավելի խորությամբ ուսումնասիրվել։ Իսկ Էրազմը 1516 թ.–ին հրատարակեց Քրիստոնեական Հունարեն Գրությունների հունարեն քննախոսական տեքստը։
b «Wessel Gansfort (1419–1489) and Northern Humanism», էջ 9, 15։
[շրջանակ/նկար 14–րդ էջի վրա]
ՎԵՍԵԼԸ ԵՎ ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ
Վեսելի աշխատություններում Աստծու անունը հիմնականում ներկայացված է «Յոհավա» ձևով։ Սակայն առնվազն երկու անգամ հանդիպում է նաև «Եհովա» ձևը։ Քննարկելով Վեսելի հայացքները՝ հեղինակ Հ. Օբերմանը նշում է, որ ըստ Վեսելի՝ եթե Թովմա Աքվինացին և մյուսները տիրապետեին եբրայերենին, ապա «նրանք բացահայտած կլինեին, որ Աստծու անունը, որը հայտնվեց Մովսեսին, նշանակում է ոչ թե «ես նա եմ, ով որ եմ», այլ «ես կլինեմ նա, ով կլինեմ»։c «Նոր աշխարհ թարգմանությունը» (անգլ.) ճշգրիտ ձևով է փոխանցում այդ համարը. «Ես կդառնամ այն, ինչ կդառնամ» (Ելից 3:13, 14)։
[ծանոթագրություն]
c «Wessel Gansfort (1419-1489) and Northern Humanism», էջ 105։
[թույլտվությամբ]
Manuscript: Universiteitsbibliotheek, Utrecht
[նկարներ 15–րդ էջի վրա]
Վեսելը քննադատեց ինդուլգենցիաների վաճառքը, որին Սիքստոս IV պապը հավանություն էր տալիս