Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 4/15 էջ 12–15
  • Պողոսի հետքերով դեպի Բերիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պողոսի հետքերով դեպի Բերիա
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Վաղ պատմությունը
  • Ծաղկում է Հռոմի իշխանության ներքո
  • Բարի լուրը հասնում է Բերիա
  • Նա «Սուրբ Գրքի օգնությամբ տրամաբանում էր նրանց հետ»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Պողոս և Տիմոթեոս
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Պայքար՝ բարի լուրը Թեսաղոնիկեում տարածելու համար
    2012 Դիտարան
  • Տիմոթեոսը՝ Պողոսի նոր օգնական
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
2007 Դիտարան
w07 4/15 էջ 12–15

Պողոսի հետքերով դեպի Բերիա

Երկու միսիոներների գործունեությունը շատ արդյունավետ էր, և բազմաթիվ մարդիկ դարձան հավատացյալներ։ Հետո ամբոխը սկսեց հալածել նրանց։ Նորաստեղծ ժողովի և երկու միսիոներների անվտանգությունը ապահովելու համար որոշվեց, որ վերջիններս կեսգիշերին պետք է անհապաղ հեռանան։ Այսպիսով՝ Պողոսն ու Շիղան մ.թ. 50–ին մեկնեցին Մակեդոնիայի Թեսաղոնիկե քաղաք–նավահանգստից։ Նրանք գնացին իրենց քարոզչական ծառայության հաջորդ վայրը՝ Բերիա։

ԻՆՉՊԵՍ անցյալում, այնպես էլ այսօր այցելուները հեռվից կարող են տեսնել Բերիա (Վերիա) քաղաքը, որը գտնվում է Վեռնոն լեռների՝ բուսականությամբ հարուստ արևելյան ստորոտում։ Այն ընկած է Թեսաղոնիկեից մոտ 65 կիլոմետր հարավ–արևմուտք և Էգեյան ծովից հեռու է մոտավորապես 40 կիլոմետր։ Օլիմպոս լեռը՝ հին հունական դիցարանի գլխավոր աստվածների առասպելական բնակատեղին, գտնվում է քաղաքից հարավ։

Բերիան Աստվածաշունչ ուսումնասիրողների համար հետաքրքրություն է ներկայացնում, որովհետև Պողոս առաքյալը այդ վայրում քարոզել է և շատերին դարձրել դեպի քրիստոնեություն (Գործեր 17:10–15)։ Եկեք գնանք նրա հետքերով և խորամուխ լինենք քաղաքի անցյալի մեջ։

Վաղ պատմությունը

Ոչ ոք ճշգրտորեն չի կարող ասել, թե երբ է հիմնադրվել Բերիան։ Նրա առաջին բնակիչները, հավանաբար, եղել են փռյուգիական ցեղերը, որոնք մ.թ.ա. յոթերորդ դարում դուրս են քշվել մակեդոնացիների կողմից։ Երեք դար անց Մակեդոնիան Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների շնորհիվ սկսեց հարստանալ։ Կառուցվեցին տպավորիչ շինություններ և պարիսպներ, օրինակ՝ Զևսի, Արտեմիսի, Ապոլոնի, Աթենասի և հունական այլ աստվածությունների սրբարաններ։

Մի պատմական գրքում նշվում է, որ Բերիան դարեր շարունակ «կարևոր դեր է խաղացել ինչպես այդ տարածաշրջանի, այնպես էլ Հունաստանի հյուսիսային մնացած հատվածի համար»։ Քաղաքն առանձնապես կարևոր նշանակություն ստացավ վերջին մակեդոնական դինաստիայի՝ Անտիգոնյանների (մ.թ.ա. 306–168 թթ.) օրոք, որոնց իշխանությանը վերջ դրվեց Հռոմի կողմից։

Երբ հռոմեացիները մ.թ.ա. 197–ին պարտության մատնեցին Փիլիպոս V թագավորին, «քաղաքական հավասարակշռությունը խախտվեց, և Հռոմը դարձավ գերիշխող ուժ Միջերկրական ծովի արևելյան մասերում», նշվում է «Բրիտանական հանրագիտարանում» (անգլ.)։ Մ.թ.ա. 168–ին Բերիայից մի քանի կիլոմետր հարավ՝ Պյուդնայում, մի հռոմեացի զորավար վճռական հաղթանակ տարավ Մակեդոնիայի վերջին կառավարչի՝ Պերսևսի նկատմամբ։ Ինչպեսև կանխագուշակվել էր Աստվածաշնչում, հունական աշխարհակալ ուժին փոխարինելու եկավ Հռոմը (Դանիէլ 7:6, 7, 23)։ Այդ ճակատամարտից հետո Բերիան մակեդոնական առաջին քաղաքներից էր, որը հանձնվեց հռոմեացիներին։

Մ.թ.ա. առաջին դարում Մակեդոնիան դարձավ պատերազմական վայր Պոմպեոսի և Հուլիոս Կեսարի միջև տեղի ունեցող ընդհարումների ժամանակ։ Պոմպեոսը նույնիսկ իր նստավայրը և բանակը տեղակայեց Բերիայի մոտակայքում։

Ծաղկում է Հռոմի իշխանության ներքո

«Պաքս ռոմանա»–ի, այսինքն՝ հռոմեական խաղաղության ժամանակներում Բերիա այցելած մարդիկ կարող էին տեսնել սալարկված փողոցներ, որոնց երկու կողմերում շարված էին սյուներ։ Քաղաքում կային հանրային բաղնիքներ, թատրոններ, գրադարաններ և մրցասպարեզներ գլադիատորական մարտերի համար։ Խմելու ջուրը հոսում էր խողովակների միջով։ Բերիայում կար նաև ստորգետնյա կոյուղի։ Քաղաքը հայտնի առևտրական կենտրոն էր. այստեղ էին գալիս վաճառականներ, դերասաններ, մարզիկներ, ինչպես նաև հանդիսատեսներ, որոնք ներկա էին լինում մարզական և այլ միջոցառումների։ Օտարականների համար կային երկրպագության վայրեր, որտեղ նրանք կարող էին մասնակցել իրենց կրոնի ծիսակատարություններին։ Այո՛, կարելի է ասել, որ այս քաղաքում էին հավաքվել Հռոմեական կայսրությունում գոյություն ունեցող բոլոր պաշտամունքները։

Բերիացիները աստվածներ պաշտելու հետ մեկտեղ երկրպագում էին նաև Հռոմի մահացած և այնուհետև աստվածացված կայսրերին։ Դա միանգամայն նորմալ բան էր բերիացիների համար, քանի որ կայսրի երկրպագությունը սկսվել էր դեռևս Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից, որին պատվում էին որպես աստծու։ Հունական մի աղբյուրում ասվում է. «Արևելյան կայսրության հելլենները [հույները] սովոր էին աստվածացնել թագավորին նրա կենդանության օրոք, ուստի նրանք մեծ ուրախությամբ պաշտում էին նաև Հռոմի կայսրերին.... Նրանց մետաղադրամների վրա կայսրը պատկերված էր որպես աստված, որը կրում էր լուսափայլ թագ։ Նրանք աղոթքներով դիմում էին նրան և օրհներգում, ինչպես որ կաղոթեին մի աստծու»։ Կայսրերի պատվին կառուցվում էին զոհասեղաններ և տաճարներ, մատուցվում էին զոհեր։ Նույնիսկ կայսրերն էին գալիս մասնակցելու այդ պաշտամունքային տոնախմբություններին, որոնց ժամանակ մարզիկները, դերասանները և գրողները մրցում էին իրար հետ։

Ինչո՞ւ էր Բերիան հեթանոսական պաշտամունքի կենտրոն։ Որովհետև այս քաղաքը Մակեդոնիայի Կինոնի նստավայրն էր։ Կինոնը մակեդոնական քաղաքներից եկած պատվիրակների ժողովն էր։ Նրանք պարբերաբար հավաքվում էին այստեղ, որպեսզի հռոմեական իշխանությունների հսկողության ներքո քննարկեին քաղաքին և պրովինցիային վերաբերող զանազան հարցեր։ Այդ ժողովի հիմնական նպատակներից մեկը կայսրերի երկրպագության կազմակերպումն ու անցկացումն էր։

Ահա այսպիսին էր քաղաքը, երբ Պողոսն ու Շիղան փախան Թեսաղոնիկեից և եկան այստեղ։ Այդ ժամանակ Բերիան արդեն երկու հարյուրամյակ էր, ինչ գտնվում էր հռոմեական իշխանության տակ։

Բարի լուրը հասնում է Բերիա

Բերիայում Պողոսն իր քարոզչությունը սկսեց ժողովարանից։ Ինչպե՞ս ընդունեցին նրան։ Աստվածաշունչը հայտնում է, որ տեղացի հրեաներն «ավելի ազնվամիտ էին, քան նրանք, որ Թեսաղոնիկեում էին, որովհետև մեծ հոժարամտությամբ ընդունեցին խոսքը և ամեն օր ուշադիր քննում էին Գրությունները, թե արդյոք այդ բաներն այդպես էին» (Գործեր 17:10, 11)։ Լինելով «ազնվամիտ»՝ նրանք համառորեն կառչած չէին մնում իրենց ավանդույթներից։ Չնայած իրենց լսածը նոր բան էր, բերիացիները կասկածամիտ և անհանդուրժողական չէին։ Նրանք ուշադրությամբ և առանց նախապաշարումների էին լսում Պողոսին։

Ինչպե՞ս էին այդ հրեաները համոզվում, որ Պողոսը ճիշտ բան է ուսուցանում։ Նրանք ստուգում էին իրենց լսածը՝ օգտվելով ամենավստահելի աղբյուրից. մանրակրկիտ և փութաջանորեն հետազոտում էին Գրությունները։ Աստվածաշնչագետ Մեթյու Հենրին գրում է. «Քանի որ Պողոսը տրամաբանում էր գրությունների հիման վրա, իր ասածները հիմնավորելու համար նրանց ուշադրությունը հրավիրում էր Հին Կտակարանի վրա, նրանք վերցնում էին իրենց Աստվածաշնչերը, գտնում այն տեղերը, որոնց հղում էր կատարում Պողոսը, կարդում էին համատեքստը, հասկանում, թե որն է հիմնական միտքը, համեմատում դրանք այլ համարների հետ, քննում, թե արդյոք Պողոսի բացատրություններն ու փաստարկները ճշմարիտ ու համոզիչ են, և համապատասխան եզրակացություններ էին անում»։

Բերիացիները մակերեսորեն չէին նայում Գրություններն ուսումնասիրելու հարցին։ Նրանք ջանադրաբար քննում էին Գրությունները ամեն օր և ոչ թե միայն շաբաթ օրերին։

Ի՞նչ եղավ արդյունքը։ Բերիացի շատ հրեաներ ընդունեցին բարի լուրը և դարձան հավատացյալներ։ Բացի այդ, ճշմարտությունն ընդունեցին շատ հույներ, այդ թվում, հավանաբար, նաև հրեա պրոզելիտներ։ Ինչ խոսք, դա աննկատ չմնաց Թեսաղոնիկեի հրեաների աչքից։ Երբ նրանք լսեցին, որ բերիացիներն ընդունում են բարի լուրը, շտապեցին Բերիա՝ «ամբոխներին գրգռելու և խռովեցնելու համար» (Գործեր 17:4, 12, 13)։

Պողոսը ստիպված էր հեռանալ Բերիայից, սակայն նա շարունակեց քարոզել այլ վայրերում։ Այս անգամ նա նավով գնաց Աթենք (Գործեր 17:14, 15)։ Նա ուրախ էր, որ իր քարոզչության շնորհիվ քրիստոնեությունը արմատներ էր գցել Բերիայում։ Այսօր էլ այս քաղաքում ճշմարիտ քրիստոնեությունը պտուղներ է բերում։

Այո՛, մինչև օրս Բերիայում (Վերիա) կան մարդիկ, ովքեր ուշադրությամբ քննում են Գրությունները, որպեսզի «հավաստիանան ամեն ինչում» և «ամուր բռնեն» այն ամենից, ինչ հիմնավոր է ու ճշմարիտ (1 Թեսաղոնիկեցիներ 5:21)։ Քաղաքում կա Եհովայի վկաների երկու բարգավաճող ժողով, որոնց անդամները Աստվածաշնչի պատգամը Պողոսի պես քարոզում են ուրիշներին։ Նրանք փնտրում են ազնվասիրտ մարդկանց և Գրությունների հիման վրա նրանց հետ տրամաբանում։ Իսկապես, Աստվածաշունչը կարո՛ղ է օգնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ճանաչել Եհովային՝ ճշմարիտ Աստծուն (Եբրայեցիներ 4:12)։

[Քարտեզ 13–րդ էջի վրա]

(Ամբողջական տեսքտի համար տե՛ս հրատարակությունը)

Պողոսի անցած ուղու մի մասը երկրորդ միսիոներական շրջագայության ժամանակ

ՄՅՈՒՍԻԱ

Տրովադա

Նեապոլիս

Փիլիպպե

ՄԱԿԵԴՈՆԻԱ

Ամփիպոլիս

Թեսաղոնիկե

Բերիա

ՀՈՒՆԱՍՏԱՆ

Աթենք

Կորնթոս

ԱՔԱՅԻԱ

ԱՍԻԱ

Եփեսոս

ՀՌՈԴՈՍ

[նկար 13–րդ էջի վրա]

Արծաթե մետաղադրամ, որի վրա Ալեքսանդր Մակեդոնացին պատկերված է որպես հունական աստվածություն

[թույլտվությամբ]

Coin: Pictorial Archive (Near Eastern History) Est.

[նկար 14–րդ էջի վրա]

Մուտք դեպի հրեական թաղամաս Բերիայում (Վերիա)

[նկար 15–րդ էջի վրա]

Հին ժողովարան ժամանակակից Բերիայում (Վերիա)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը