Պայքար՝ բարի լուրը Թեսաղոնիկեում տարածելու համար
Թեսաղոնիկեն (այսօր՝ Սալոնիկ, կամ՝ Թեսալոնիկե) բարգավաճ նավահանգստային քաղաք էր Հունաստանի հյուսիս-արևելքում։ Այս քաղաքը առաջին դարի քրիստոնյաների և հատկապես Պողոսի (որը «առաքյալ էր ազգերի համար») գործունեության մեջ ակնառու դեր է խաղացել (ԳՈՐԾԵՐ 9։15; ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 11։13)։
ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ 50թ.-ին Պողոսն իր ուղեկից Շիղայի հետ եկավ Թեսաղոնիկե։ Սա առաքյալի երկրորդ միսիոներական ճանապարհորդությունն էր. առաջին անգամ Քրիստոսի մասին բարի լուրը մտավ այն տարածք, որը ներկայումս կոչվում է Եվրոպա։
Նրանք Մակեդոնիայի գլխավոր քաղաք Փիլիպպեում ծեծի էին ենթարկվել, բանտարկվել ու երբ հասան Թեսաղոնիկե, այդ մասին հիշողությունները նրանց մեջ, անկասկած, դեռ թարմ էին։ Հետագայում թեսաղոնիկեցիներին գրած նամակում Պողոսն ասաց, որ ինքը նրանց քաղաքում «Աստծու բարի լուրը հայտնեց մեծ պայքարով» (1 Թեսաղոնիկեցիներ 2։1, 2)։ Ի՞նչ էր տեղի ունեցել այդ ժամանակ։ Ինչպե՞ս անցավ առաքյալի ծառայությունը Թեսաղոնիկեում։ Նախքան այս հարցերին անդրադառնալը մի փոքր ծանոթանանք քաղաքին։
Փոթորկալից անցյալ
Հետաքրքիր է, որ հենց «Թեսաղոնիկե» անունը նշանակում է «պայքար» ու «կռիվ» (բառը ծագում է երկու հունարեն բառերից, որոնք նշանակում են «թեսալացիներ» և «հաղթանակ»)։ Ըստ մասնագետների՝ մ.թ.ա. 352-ին Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ը՝ Ալեքսանդր Մակեդոնացու հայրը, հաղթեց մի ցեղի, որն ապրում էր Հունաստանի կենտրոնական մասում՝ Թեսալիայում։ Ասում են, որ այդ հաղթանակի կապակցությամբ նա իր աղջիկներից մեկին տվեց Թեսալոնիկի անունը։ Վերջինս հետագայում ամուսնացավ Կասանդրոսի հետ, որը հաջորդել էր իր եղբայր Ալեքսանդրին։ Հավանաբար մ.թ.ա. 315-ին Կասանդրոսը Խալկիդիկի թերակղզու արևմտյան մասում մի քաղաք կառուցեց և այն անվանեց իր կնոջ անունով։ Այս քաղաքը իր պատմության ողջ ընթացքում հաճախ է փոթորկալից ժամանակներ ապրել։
Թեսաղոնիկեն հարուստ քաղաք էր։ Էգեյան ծովի լավագույն բնական հանգրվաններից մեկն այստեղ էր։ Հռոմեական ժամանակներում կառուցված հայտնի Վիա Էգնատիա ճանապարհը անցնում էր Թեսաղոնիկեով։ Ծովային և ցամաքային ճանապարհների խաչմերուկում գտնվելու շնորհիվ քաղաքը Հռոմեական կայսրության առևտրական դարպասներից մեկն էր։ Իր բարգավաճությամբ այն դարեր շարունակ գրավել է գոթերին, սլավոններին, ֆրանկներին, վենետիկցիներին և թուրքերին։ Նրանցից մի քանիսը քաղաքը նվաճել են բռնի ուժով և արյունահեղությամբ։ Իսկ հիմա անդրադառնանք Պողոսի այցելությանը, երբ բարի լուրը տարածելու համար պայքարը սկսվեց։
Պողոսը եկավ Թեսաղոնիկե
Նոր քաղաք մտնելիս Պողոսը սովորաբար ջանում էր բարի լուրը նախ հրեաներին հայտնել, որովհետև նրանք ծանոթ էին Սուրբ Գրքին, ինչը հնարավորություն էր տալիս առաքյալին զրուցելու նրանց հետ և օգնելու նրանց հասկանալու բարի լուրը։ Մի մասնագետի կարծիքով՝ Պողոսի այս սովորությունը վկայում էր այն մասին, որ նա անհանգստացած էր իր հայրենակիցների համար կամ էլ մտածում էր, որ ոչ հրեաներին քարոզելու համար նախ պետք է քարոզել հրեաներին և աստվածավախ ուրիշ մարդկանց (Գործեր 17։2–4)։
Ուստի գալով Թեսաղոնիկե՝ առաքյալը մտավ ժողովարան, որտեղ «Սուրբ Գրքի օգնությամբ տրամաբանում էր [հրեաների] հետ. նա բացատրում էր և վկայակոչումներ անելով՝ ապացուցում, որ անհրաժեշտ էր, որ Քրիստոսը չարչարվեր և հարություն առներ, և ասում էր. «Սա՛ է Քրիստոսը՝ այս Հիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ» (Գործեր 17։2, 3, 10)։
Պողոսը խոսում էր Մեսիայի դերի և ինքնության մասին, իսկ սա վիճահարույց հարց էր. տառապող Մեսիայի գաղափարը հակասում էր հրեաների՝ հաղթող Մեսիայի վերաբերյալ ունեցած պատկերացումներին։ Հրեաներին համոզելու համար Պողոսը «տրամաբանում էր», «բացատրում էր» և «վկայակոչումներ էր անում» Սուրբ Գրքից, բաներ, որոնք բնորոշ են լավ ուսուցչինa։ Ինչպե՞ս մարդիկ արձագանքեցին՝ լսելով այդքան մանրամասն տեղեկություններ։
Դժվար, բայց արդյունավետ ծառայություն
Որոշ հրեաներ և բազմաթիվ հույն պրոզելիտներ, ինչպես նաև «շատ ազդեցիկ կանայք» ընդունեցին Պողոսի ասածները։ «Ազդեցիկ» բառի գործածությունը Գործեր 17։4-ում տեղին է, որովհետև Մակեդոնիայում կանայք բարձր սոցիալական դիրք ունեին։ Նրանք կարող էին պետական պաշտոններ զբաղեցնել, սեփականություն ունենալ, որոշ քաղաքացիական իրավունքների տիրապետել և գործարարությամբ զբաղվել։ Նրանց պատվին նույնիսկ հուշարձաններ էին կանգնեցնում։ Ինչպես որ փիլիպպեցի գործարար կին Լիդիան ընդունեց բարի լուրը, այնպես էլ բարձր խավի պատկանող թեսաղոնիկեցի շատ կանայք, ովքեր ազնվազարմ ընտանիքներից էին կամ նշանավոր քաղաքացիների կանայք էին, դրականորեն արձագանքեցին լուրին (Գործեր 16։14, 15)։
Մինչդեռ հրեաները նախանձով լցվեցին։ Նրանք իրենց կողմը գրավեցին «հրապարակում լինող դատարկապորտներից մի քանի չար մարդկանց և մի խառնամբոխ կազմելով՝ քաղաքը իրարանցման մեջ գցեցին» (Գործեր 17։5)։ Ի՞նչ մարդիկ էին սրանք։ Ըստ մի աստվածաշնչագետի՝ նրանք «սանձարձակ և անպիտան» մարդիկ էին։ Նա ասում է. «Չի կարելի ասել, թե նրանց հետաքրքրում էր այդ հարցը։ Նրանց, ինչպես որ ցանկացած այլ ամբոխի, հեշտությամբ կարելի էր գրգռել և դրդել ամեն տեսակ բռնության»։
Այդ չար մարդիկ, «հարձակվելով Հասոնի [Պողոսի հյուրընկալի] տան վրա, ուզում էին նրանց ամբոխի առաջ բերել»։ Պողոսին չգտնելով՝ «Հասոնին ու մի քանի եղբայրների քարշ տվեցին քաղաքի իշխանների մոտ ու բղավեցին. «Այս մարդիկ, որ տակնուվրա արեցին աշխարհը, այստեղ էլ են հասել»» (Գործեր 17։5, 6)։
Լինելով Մակեդոնիայի մայրաքաղաքը՝ Թեսաղոնիկեն որոշակի ինքնավարություն ուներ։ Քաղաքի կառավարման մի մասը իրականացնում էր քաղաքացիների խորհուրդը, որը լուծում էր հանրությանը վերաբերող տեղական հարցեր։ «Քաղաքի իշխանները», կամ՝ «պոլիտարքները»b, բարձրաստիճան պաշտոնյաներ էին, որոնց պարտականությունն էր կարգուկանոն պահպանելը և այնպիսի իրավիճակներ հարթելը, որոնք կարող էին դրդել Հռոմին միջամտելու քաղաքի գործերին և զրկելու նրան արտոնություններից։ Այդ պատճառով էլ քաղաքի իշխանները պետք է որ անհանգստանային՝ լսելով, որ հասարակական անդորրը խախտվել է։
Հետո այդ մարդիկ ներկայացրին ամենալուրջ մեղադրանքը. «Սրանք բոլորը կայսրի հրահանգներին հակառակ են վարվում՝ ասելով, թե ուրիշ թագավոր կա՝ Հիսուսը» (Գործեր 17։7)։ Սա, ըստ մի աշխատության, նշանակում էր «ապստամբություն և խռովություն»՝ ընդդեմ կայսրերի, որոնք «չէին հանդուրժի, որ նվաճված որևէ պրովինցիայում [այլ] թագավորի անուն հիշատակվի առանց իրենց թույլտվության»։ Բացի այդ, այն հանգամանքը, որ Հիսուսը, որի մասին Պողոսը խոսում էր որպես թագավորի, մահապատժի էր ենթարկվել հռոմեական իշխանությունների կողմից իբրև թե խռովություն հրահրելու համար, ավելի ճշմարտանման էր դարձնում այդ մեղադրանքը (Ղուկաս 23։2)։
Քաղաքի ղեկավարները անհանգստացան։ Սակայն, քանի որ հիմնավոր փաստեր չունեին և մեղադրվողներին չէին կարողանում գտնել, «Հասոնից ու մյուսներից բավականաչափ գրավ ստանալով՝ բաց թողեցին» (Գործեր 17։8, 9)։ Այս գրավի միջոցով Հասոնն ու մյուս քրիստոնյաները երաշխավորեցին, որ Պողոսը կհեռանա քաղաքից, այլևս չի վերադառնա և անհանգստություն չի պատճառի։ Հնարավոր է՝ Պողոսը սա նկատի ուներ, երբ գրեց, որ «Սատանան խոչընդոտ եղավ [իր] ճանապարհին»՝ խանգարելով իրեն վերադառնալ քաղաք (1 Թեսաղոնիկեցիներ 2։18)։
Հաշվի առնելով լարված իրավիճակը՝ եղբայրները Պողոսին ու Շիղային գիշերով ուղարկեցին Բերիա։ Այստեղ նույնպես նրանց ծառայությունն արդյունավետ անցավ։ Բայց դա այն աստիճան զայրացրեց Թեսաղոնիկեում ապրող հրեա հակառակորդներին, որ նրանք չվարանեցին անցնել 80 կիլոմետր ճանապարհ մինչև Բերիա, որպեսզի գրգռեն ամբոխին և մարդկանց Պողոսի ու Շիղայի դեմ հանեն։ Պողոսը նորից ճանապարհ ընկավ. այս անգամ՝ դեպի Աթենք։ Բայց բարի լուրի տարածման համար պայքարը Թեսաղոնիկեում չավարտվեց (Գործեր 17։10–14)։
Նորաստեղծ ժողովը պայքարում է
Չնայած հակառակությանը՝ Թեսաղոնիկեում քրիստոնեական ժողով կազմավորվեց։ Բայց հակառակությունը միակ դժվարությունը չէր, որին տեղի քրիստոնյաները բախվում էին։ Նրանք ապրում էին հեթանոս և անբարո միջավայրում։ Բնականաբար, Պողոսն անհանգստանում էր իր հավատակիցների հոգևոր առողջության մասին (1 Թեսաղոնիկեցիներ 2։17; 3։1, 2, 5)։
Թեսաղոնիկեցի քրիստոնյաները գիտեին, որ քաղաքի հասարակական և կրոնական գործերին չմասնակցելը հարուցելու է իրենց նախկին ընկերների վրդովմունքն ու զայրույթը (Հովհաննես 17։14)։ Բացի սրանից, Թեսաղոնիկեն լի էր հունական այնպիսի աստվածությունների սրբավայրերով, ինչպիսիք են Զևսը, Արտեմիսը և Ապոլոնը։ Այստեղ պաշտում էին նաև եգիպտական մի քանի աստվածների։ Երկրպագում էին նաև կայսրին, և բոլոր քաղաքացիները պարտավոր էին մասնակցել ծեսերին։ Հրաժարվելը դիտվում էր որպես ըմբոստություն Հռոմի դեմ։
Կռապաշտությունը ծայրահեղ անբարո ապրելակերպ էր խրախուսում։ Կաբիրոսը՝ Թեսաղոնիկեի հովանավոր աստվածությունը, Դիոնիսոսը, Աֆրոդիտեն, և եգիպտական Իսիսը ինչ-որ ընդհանուր բան ունեին. նրանց բոլորի երկրպագությունը ուղեկցվում էր սեռական սանձարձակ ծիսակատարություններով և խրախճանքներով։ Հարճ պահելը և մարմնավաճառությունը համատարած բնույթ էր կրում։ Պոռնկությունը մեղք չէր համարվում։ Հասարակությունը գտնվում էր հռոմեական մշակույթի ազդեցության տակ. ըստ մի աղբյուրի՝ «քաղաքի բնակիչները իրենց ամեն մի ցանկություն կարող էին բավարարել՝ օգտվելով բազմաթիվ տղամարդկանց ու կանանց կողմից մատուցվող ծառայություններից։ Բժիշկներն էլ խորհուրդ էին տալիս չզսպել նման ցանկությունները»։ Հասկանալի է, թե ինչու էր Պողոսը հորդորում քրիստոնյաներին «հեռու մնալ պոռնկությունից», «անհագ սեռական կրքից» և «անմաքուր կյանքից» (1 Թեսաղոնիկեցիներ 4։3–8)։
Պայքարը պսակվեց հաղթանակով
Թեսաղոնիկեցի քրիստոնյաները պետք է վճռական պայքար մղեին իրենց հավատի համար։ Նրանք չնահանջեցին հակառակության ու դժվարությունների առջև, չտրվեցին հեթանոս ու անբարո մարդկանց ազդեցությանը։ Դրա համար էլ Պողոսը գովեց նրանց «հավատի գործի, սիրառատ աշխատանքի և տոկունության», ինչպես նաև ամենուրեք բարի լուրի տարածմանը նպաստելու համար (1 Թեսաղոնիկեցիներ 1։3, 8)։
303թ.-ին Հռոմեական կայսրությունում դաժան հալածանք սկսվեց քրիստոնեություն դավանողների դեմ։ Գլխավոր հալածիչը Գալերիոս կայսրն էր։ Նա ապրում էր Թեսաղոնիկեում և բազմաթիվ շքեղ շինություններ կառուցեց այնտեղ։ Մի քանիսի ավերակները մինչև օրս մնում են և գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը։
Այսօր Սալոնիկի Եհովայի վկաները քարոզում են իրենց մերձավորներին և հաճախ դա անում են հենց այն կառույցների մոտ, որոնք կառուցել է քրիստոնեության այդ դաժան թշնամին։ Չնայած 20-րդ դարում եղել են ժամանակներ, երբ տեղի Վկաները քարոզել են խիստ հակառակության պայմաններում, այժմ այս քաղաքում կա Եհովայի վկաների մոտ 60 ժողով։ Նրանց ջանասիրությունն ու եռանդը վառ կերպով վկայում են, որ բարի լուրի տարածման համար դարեր առաջ սկսված պայքարն այսօր շարունակվում է և հաջողությամբ է պսակվում։
[ծանոթագրություններ]
a Հավանաբար, Պողոսը օգտվել է այն խոսքերից, որոնք այսօր հայտնի են որպես Սաղմոս 22։7, 69։21, Եսայիա 50։6, 53։2–7 և Դանիել 9։26 համարներ։
b Այս բառը չի հանդիպում հունական գրականության մեջ։ Սակայն Թեսաղոնիկեի շրջակայքում գտնվել են արձանագրություններ, որտեղ այդ բառը հանդիպում է։ Դրանցից մի քանիսը թվագրվում են մ.թ.ա. առաջին դարով, ինչով և հաստատվում է «Գործեր» գրքի ճշմարտացիությունը։
[քարտեզ 18-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Վիա Էգնատիա
ՄԱԿԵԴՈՆԻԱ
Թեսաղոնիկե
Ամփիպոլիս
Փիլիպպե
Բերիա
ԹԵՍԱԼԻԱ
Էգեյան ծով
ԱԹԵՆՔ
[նկարներ 20-րդ և 21–րդ էջերի վրա]
ՎԵՐԵՎՈՒՄ. ՍԱԼՈՆԻԿՆ ԱՅՍՕՐ
ՆԵՐՔԵՎՈՒՄ. ԿԱՄԱՐԱՇԱՐ ԵՎ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԲԱՂՆԻՔ ԱԳՈՐԱՅՈՒՄ
[նկարներ 21-րդ էջի վրա]
ՌՈՏՈՆԴԱՆ՝ ԳԱԼԵՐԻՈՍԻ ԿԱՄԱՐԻ ՄՈՏ։ ԳԱԼԵՐԻՈՍ ԿԱՅՍՐԻ ՑԱՅՏԱՔԱՆԴԱԿԸ։ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԳԱԼԵՐԻՈՍԻ ԿԱՄԱՐԻ ՄՈՏ
[նկար 18-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Head medallion: © Bibliothèque nationale de France; stone inscription։ Thessalonica Archaeological Museum, copyright Hellenic Ministry of Culture and Tourism
[նկար 20-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Two bottom left images: 16th Ephorate of Prehistoric and Classical Antiquities, copyright Hellenic Ministry of Culture and Tourism
[նկար 21-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Middle image: Thessalonica Archaeological Museum, copyright Hellenic Ministry of Culture and Tourism